ԱՐՋԻ ՍԵՐԸ

ԱՐՋԻ ՍԵՐԸ

Մի ժամանակ ինքնաթիռի տոմս հայթայթելը դժվարացավ: Պատահում էր, որ ժամերով հերթ էինք կանգնում և տոմսի սպասում: Ինձ հարկավոր էր թռչել Դոնեցկ: Վաղ առավոտյան հասա քաղաքային ավիաընկերության շենքին և մնացի զարմացած. բոլոր ուղղություններով արդեն հերթեր էին գոյացել: Ես տեղ զբաղեցրի հիսուն տարեկան մի տղամարդու կողքին: Երևում էր, որ մեր հերթը ուշ կհասնի: Մենք գերադասեցինք մի կողմ քաշվել ու զրուցել: Ծանոթացանք և նստելով սպասասրահի նստարանին՝ սկսեցինք մեր զրույցը: Նա ներկայացավ.

– Սմբատ:

– Շատ ուրախ եմ,- ասացի ես և նույնպես ներկայացա:

Դրսում ուժեղ անձրև սկսվեց: Սմբատը լուսամուտից դուրս նայեց և ասաց.

– Կարճ է տևելու:

– Ինչի՞ց իմացաք,- զարմացած հարցրի ես:

-Այսքան տարի գյուղում ապրել եմ, դա էլ չիմանա՞մ: Մեզ մոտ ամեն ինչ կիմանաս. մեր անտառը հատուկ է, ամեն ինչ կա՝ տարբեր գազաններ, թռչուններ, տարբեր տեսակի պտուղներ, հատապտուղներ և այլն: Դրանցից ամենակարևորը մոշն է, և հենց մոշից էլ վախենում եմ:

– Իսկ ինչո՞ւ եք վախենում:

– Պատճառ կա վախենալու:

Եվ սկսեց պատմել. «Խաղաղ ու հանգիստ է մեր գյուղը, որ փռված է սարից իջնող ձորի ձախ լանջին: Ռելիեֆն անտանելի խորդուբորդ է ու քարքարոտ: Գյուղը բաժանվում է մի քանի փոքր ձորակների, որոնց լանջերին էլ կառուցված են գյուղացիների տները: Դրանք կառուցված են առանց նախագծերի ու խառը. ով որտեղ ցանկացել է կամ կարողացել: Մեծ մասը տնամերձ հողամաս չունի, որոշ մասն էլ, մեծ ծախսեր անելով, պատ է շարել, հող լցրել և մի կերպ մի քանի քառակուսի մետր հող ստեղծել: Տնամերձ հողամասում տնկում են թթենիներ, որոնց պտուղը և՛ ուտում են, և՛ օղի են թորում, իսկ ավելի խելոքները դրանից մուրաբա են եփում կամ դոշաբ. մի խոսքով՝ շատ եկամտաբեր է: Գյուղից ներքև՝ անմիջապես ձորում, մի վարար աղբյուր կա: Բխում է հսկա ժայռի տակից և հոսում դեպի մեծ գետը: Աղբյուրի ջրերը ժամանակ առ ժամանակ վարարում են կամ դանդաղում: Հնում մարդիկ պատճառաբանում էին, թե վիշապ կա ընդերքում. երբ ջուր է խմում, պակասում է, երբ հագենում է, շատանում է: Ավելի երիտասարդները կապում էին ծովի մակընթացության ու տեղատվության հետ: Այնտեղ մինչև հիմա էլ ջուրը հոսում է, իսկ գաղտնիքը մնացել է անհայտ: Աղբյուրը կոչվում է «ներքին»: Գյուղի արևելյան մասում գտնվում է Պետրոսենց աղբյուրը, որը կառուցել է գյուղի մեծահարուստ Պետրոսը: Աղբյուրի վրա կառուցված է բարձր կամարաձև ծածկ, որտեղ ծորակ կա և նավակաձև տաշտ` անասուններին ջուր տալու համար: Մեր տունը գտնվում է գյուղի արևելյան մասում: Մեր բակից հիասքանչ տեսարան է բացվում: Գյուղի դիմաց անտառներ են, որոնք շարունակվում են մինչև սարերը, իսկ բարձունքից այդ ամենը հսկում է Խուստուփ լեռը: Անտառները հարուստ են ամենատարբեր պտուղներով` տանձ, խնձոր, սալոր, զկեռ, հոն, իսկ բացատներում մոշի թփեր են աճում: Մոշից ստանում են գինի, հյութ, մուրաբա, նաև թարմ վիճակում ուտում են: Այդ է պատճառը, որ գյուղացիներն անընդհատ կրում են դույլերով կամ հենց տեղում գործած զամբյուղներով: Մոշի հասնելու ժամանակը հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսն է: Այդ ընթացքում հասնում են նաև տանձը, խնձորը, սալորն ու հոնը:

Մեր ընտանիքում չորս հոգի էինք` հայրս, մայրս, ես և փոքրիկ քույրս: Հայրս աշխատում էր պղնձի հանքում: Նա առավոտը ծեգին գնում էր և վերադառնում, երբ մութն ընկած էր լինում: Մայրս կոլտնտեսությունում էր աշխատում և տան գործերն էր անում: Ես ընդամենը տասը տարեկան էի, օգնում էի մորս, ինչով կարողանում էի, իսկ քույրս` Ծաղիկը, վեց տարեկան գեղեցկուհի էր. նրա գործը խաղն էր:

Մի արևոտ օր, երբ արևը թեքվեց, մայրս ասաց.

– Սմբա՛տ, դույլերը վերցրու, գնա մի քիչ մոշ բեր, ուտենք. հայրդ էլ կուրախանա:

Ես վերցրի դույլերը և ուզում էի ճանապարհվել, նույն րոպեին քույրս եկավ` քրտնած ու թափթփված: Տեսնելով, որ մոշի եմ գնում, սկսեց քրթմնջալ, թե՝ «Ես էլ եմ գալիս»: Տեսա՝ ճար չկա, ասացի, որ շորերը շուտ փոխի և առաջ անցնի: Մի քանի րոպեից մարտական վիճակում էր: Մայրս տագնապով նայեց քրոջս և զգուշացրեց.

– Սմբա՛տ, զգույշ մնա, հազար ու մի փորձանք կա, աչքդ քրոջդ վրա պահիր:

Մենք ճանապարհվեցինք, իսկ մայրս ինքն ասաց, ինքը լսեց: Գյուղից դուրս եկանք և շուտով հասանք անտառ: Սկզբից թփուտներ էին, հետո՝ խիտ անտառ: Ճանապարհի եզրերին լիքը զկեռի ծառեր էին, բայց զկեռը դեռ չէր հասել: Ծաղիկը քաղում էր և խեղդվելով դեն շպրտում:

– Մի՛ քաղիր,- սաստեցի ես,- դեռ հասած չեն:

Մենք առաջացանք: Ճանապարհի ձախ կողմում՝ փոքրիկ բացատի կենտրոնում, մի տանձենի կար. վրան հատուկենտ տանձ կար, բայց լավ հասած չէր, իսկ ավելի հասածները թափվել էին ծառի տակ: Մենք հավաքեցինք և ուտելով առաջացանք: Հասանք մի մեծ բոխի ծառի, որի ճյուղերը կախվել էին ճանապարհի վրա:

– Իսկ ինչո՞ւ այս ծառի վրա տանձ չկա,- հարցրեց Ծաղիկը:

– Սա տանձենի չի, այլ բոխի. սա վառելու համար է:

Այսպես երեխայի նազուտուզով գնում էինք: Ճանապարհի ձախ կողմից բխում էր մի փոքր աղբյուր, որ կտրում-անցնում էր ճանապարհը: Աղբյուրին չհասած՝ նկատեցի եղնիկի փոքրիկ ձագին. նա զգուշությամբ ջուր էր խմում: Ես շշուկով ցույց տվեցի քրոջս, իսկ նա ասաց. «Ի՜նչ սիրուն հորթ է»: Մեզ նկատելով՝ եղնիկն իսկույն խլշեց ականջները և անհետացավ անտառի կողմը: Մենք ջուր խմեցինք, լվացվեցինք և անցանք առաջ: Արդեն հասնում էինք մոշի բացատը, աղվեսը կտրեց-անցավ ճանապարհն ու կանգ առավ: Նա հետաքրքրությամբ նայում էր մեզ: Ես շվացրեցի, և նա անհետացավ` քարշ տալով իր երկար պոչը: «Տեսնես ո՞ւմ շունն է: Ի՜նչ երկար պոչ ունի»,- նկատեց Ծաղիկը: Հասանք բացատ, որտեղ իրար հետևից շարված էին մոշի փարթամ թփերը: Հասած ողկույզները կախված էին և սպասում էին «հաճախորդի»: Թփերից այն կողմ մի տանձենի կար, որի տակ լիքը հասած տանձ էր: Մոշի թփերի արանքում տեղ-տեղ պնդուկի թփեր էին բարձրանում: «Իսկական արջի տեղ է. արջը տանձ ու մոշ է սիրում»,- մտածեցի ես և սկսեցի մոշ քաղել: Աչքի տակով զննում էի թփերը. մի հայացք ձգեցի տանձենու կողմը և վստահ, որ արջ չկա, շարունակեցի քաղել: Մտածում էի՝ դույլերը կլցնեմ, հետո կհանեմ վերնաշապիկս, տակը կկապեմ և տանձ կլցնեմ: Ծաղիկն օգնում էր ինձ: Հանգիստ էի, որ չի հեռանա ինձնից: Մի դույլը լցրեցինք, անցանք երկրորդին, Ծաղիկը սկսեց նվնվալ: Խնդրեցի, որ խաղա, միայն թե ինձ չխանգարի: Հենց այդտեղ էլ պատահեց դժբախտությունը: Ես չնկատեցի, թե Ծաղիկը ոնց անհետացավ: Մեկ էլ նայեցի, արդեն չկար: Սկսեցի տագնապով կանչել. արձագանք չկար: Մոշը թողեցի ու վազեցի փնտրելու: Ճակատագիրը չէր ժպտացել: Քույրս նստած էր տանձենու տակ՝ առաջը լիքը տանձ, իսկ արջը պտտվում էր շուրջը: Մարմնովս սարսուռ անցավ: Մազերս ոզնու փշերի պես կանգնեցին: Ուզում էի գոռալ, բայց ձայնս դուրս չեկավ: Լավ էր, որ դուրս չեկավ, թե չէ արջը քրոջս էլ կքրքրեր, ինձ էլ: Ինձ հավաքեցի, պահ մտա թփերի հետևում և սկսեցի մտածել: Մեր գյուղում այդպիսի դեպքեր շատ էին պատահում: Արջը փախցնում էր աղջիկներին կամ կանանց և տանում անտառ: Օրերով ման էին գալիս, բայց չէին գտնում. կամ էլ գտնում էին կիսախելագար վիճակում: Միակ սփոփանքն այն էր, որ չէր ուտում, ուղղակի սիրում էր նրանց հետ խաղալ: Դա ինձ սրտապնդեց: Իմ թաքստոցից սկսեցի հետևել արջի շարժումներին: Մեկ էլ նա կանգ առավ ու սկսեց նայել քրոջս: Ոտքերս թուլացան: Մտածեցի. «Հիմա կվերցնի ու կմտնի անտառը. դե արի ու ձեռքից առ»: Իսկ քույրս կարծես մանկապարտեզում լիներ. իր համար խաղում էր առանց վախի: Արջը հավաքեց ծառի չոր ճյուղերը և սկսեց ցանկապատել քրոջս շուրջը: Հետո մի քանի ծաղիկ պոկեց և անկանոն կերպով շպրտեց նրա առջև: Ծաղիկը փնջեց ծաղիկները և արջի դիմաց պահելով՝ սկսեց հիանալ դրանցով: Արջը, առջևի թաթերի վրա նստած, անթարթ հետևում էր քրոջս շարժումներին: Մութն ընկնում էր, և իմ մատաղ հոգին սկսում էր վախով պատվել: Քրոջս թողնելն անմտություն էր, չթողնելն էլ անհնար էր. ի՞նչ անեի, գոնե հրացան լիներ, կամ մի մեծահասակ պատահեր: Լրիվ մթնեց: Միայն բացատի լույսն էր մի քիչ պահպանվում: Լուսինը դուրս եկավ և լուսավորեց ողջ աշխարհը: Քույրս քնել էր, արջի աչքերն էլ սկսեցին կամաց-կամաց փակվել: Իմ մտքում մի հույս ծագեց. արջը կքնի, ու ես կփախցնեմ քրոջս: Արջը քնեց: Համոզվելով, որ քնած է, ես զգուշությամբ մոտեցա, վերցրի քրոջս և ետ նայելով անհետացա: Իմ բախտից էր. քույրս ոչ մի ձայն չհանեց: Երբ հասա բացատի ծայրին, կանգ առա և մտածեցի՝ ուղիղ գնա՞մ, թե՞ կարճ ճանապարհով: Իմ հաշվարկով անկյունագծային ճանապարհը ձեռնտու էր: Ես մտա անտառ: Հենց այդտեղ էլ սխալվեցի: Մոտ հինգ հարյուր մետր անցնելուց հետո պետք է դուրս գայի գլխավոր ճանապարհը, բայց ավաղ, դուրս չեկա: Հարյուրավոր արահետներ են մտնում անտառ, որոնք նորից վերջանում են անտառում: Հազվագյուտ ճանապարհ, որ դուրս գա մյուս կողմից: Այսպիսով՝ ինձ հետ կատարվեց վատթարագույնը. ես մոլորվեցի: Երեխան ուսիս՝ մնացի շիվար կանգնած: Հաշվի առնելով, որ ջուրը դեպի ցած է հոսում, իսկ գյուղը գտնվում է ցածում, սկսեցի քայլել ձորակի կողքով, որտեղով մի քիչ ջուր էր հոսում: Ձորի երկու կողմը ցեխ էր, որը դժվարացնում էր քայլելը: Անցա ձորը, փորձեցի բարձրանալ դեպի գլխավոր ճանապարհը, բայց իզուր: Հաճախ ընկնում էի ցեխի մեջ, դրան էլ ավելացավ արթնացած քրոջս լացը: Ես ստիպված վերադարձա ձորի ձախ կողմը և սկսեցի քայլել ձորին զուգահեռ: Քույրս լացում էր և ուտել էր ուզում: Մի կերպ հանգստացրի, թե շուտով կհասնենք տուն, կուտենք: Հայտնի չի, թե ինչքան անցանք, բայց ճանապարհ դուրս գալու ոչ մի նշան չերևաց: Չորս կողմը մութ անտառ էր: Անտանելի հոգնեցի և քրոջս մի կերպ համոզեցի, որ իջնի, ոտքով գա: Ձեռքից բռնած քայլում էի և պատկերացնում մորս դրությունը: Միաժամանակ ականջս ձայնի էր. թե հայրս գործից եկել էր, ուրեմն փնտրում էր մեզ և ուր որ է անպայման կկանչեր: Այս մտքերով քայլում էի ձորն ի վար՝ հաստատ համոզված, որ դուրս կգամ անտառից: Բայց դրությունս ավելի վատացավ: Քույրս նորից քնեց, ստիպված գրկեցի ու սկսեցի դժվարությամբ առաջ գնալ: Լույս չլինելու պատճառով գնում էի ջրի ձայնին զուգընթաց: Հասա մի մեծ կաղնու: Ջուրն իննսուն աստիճանի տակ թեքվում էր դեպի ձախ: Ընկա մտածության մեջ՝ ուղիղ գնա՞մ, թե՞ ջրի հոսքի հետ: Ընտրության համար ժամանակ չեղավ: Ջրի մյուս կողմից ճրագներ երևացին: Լսել էի, որ գիշերը գայլերի աչքերը ճրագների պես լույս են տալիս: Նրանք գալիս էին դեպի մեզ: Իսկույն անցա ծառի ետևը և սկսեցի դողալ: Գայլերը հասան ու շուռ եկան ջրի կողմը: Ես այլևս ելք չունեի: Եթե գնայի ջրի ուղղությամբ, կարող էի գայլերին հանդիպել, ուրիշ ճանապարհ էլ չգիտեի, դրա համար գերադասեցի մնալ տեղում, մինչև լուսանար: Քրոջս դրեցի ծառի տակ, իսկ ես արթուն պահակի պես սկսեցի հսկել նրան: Գիշերվա մի ժամի բուի կռնչոց լսեցի, որ տարածվեց անտառով մեկ և խախտեց լռությունը: Վախից կուչ եկա և կպա քրոջս: Տեսա, որ քունս հաղթում է, նստեցի գետնին, երեխային դրեցի ծնկներիս ու քնեցի: Շատ էի քնել, թե քիչ, միայն Աստված գիտի, մեկ էլ մի ձայն ինձ արթնացրեց: Ինձանից ներքև ծառերի արանքից գռմռոց էր գալիս: Լեզուս կապվեց, չէի կարողանում ձայն հանել: Գայլերն ինչ-որ կենդանու հետ կռիվ էին տալիս: Գայլերի գռմռոցն էր լսվում և այդ կենդանու մռլնգոցը, որ նման էր կովի կամ մոզու ձայնի: Շուտով կենդանու ձայնը կտրվեց, միայն ատամների չխկչխկոց էր լսվում: Դողալով սպասում էի մեր վերջին: Փորձեցի քրոջս բարձրացնել, բայց թևերս չէին ենթարկվում: Գայլերը լռեցին. նշանակում էր՝ մեր հերթն էլ հասավ: Գիշերվա խավարի մեջ խարխափելով մի փայտ գտա ու ձեռքիս պինդ բռնած՝ սպասում էի գայլերին: Քիչ հետո շողշողացին գայլի աչքերը: Ես տեղում քարացա: Նա գալիս էր ուղիղ ինձ վրա: Փայտը բարձրացրի ու անկախ ինձանից՝ խփեցի գլխին: Գայլը կաղկանձեց ու բռնեց փայտի ծայրից: Ես աշխատում էի փայտի ծայրն ազատել նրա բերանից: Այդ պահին քրոջս մոռացել էի: Նա արթնանալով տեսավ մեր կռիվը և այնպես ճչաց, որ գայլը բաց թողեց փայտն ու փախավ: Մենք փրկված էինք:

– Այդ անպետք շունն ո՞ւմն էր,- սարսափն աչքերին՝ հարցրեց Ծաղիկը:

Ես նրան հանգստացրի, և այլևս չքնեցինք: Բախտներս բերեց, որ գայլերը սոված չէին: Իսկ թե ինչ եղավ մյուս գայլը, գաղտնիք մնաց: Սկսեց լուսանալ: Ծառերի արանքից շողացին արևի ճառագայթները: Քույրս սկսեց թնգթնգալ.

– Սոված եմ, համ էլ մրսում եմ:

Առավոտվա սառը օդը նեղում էր: Ես գիտեի, որ արևը ծագում է մեր գյուղի հարավային կողմից: Արևի շողերով որոշեցի գյուղի ուղղությունը, և սկսեցինք քայլել այդ ուղղությամբ: Շուտով անտառից դուրս եկանք: Արդեն պարզ երևում էր գյուղի ճանապարհը: Ես խոր հոգոց հանեցի և ինքս ինձ համար կրկնեցի. «Ուրեմն փրկվեցինք»: Դուրս գալով գլխավոր ճանապարհը՝ նկատեցի, որ գյուղի կողմից մի խումբ մարդիկ են գալիս: Առջևից հայրս էր. մեզ տեսնելով՝ տեղում մեխվեց: Մենք ընդառաջ վազեցինք և փաթաթվեցինք հորս: Նրա աչքերը թացացել էին. երբեք չէի պատկերացնի, որ հայրս կարող է լացել: Ծաղիկը կցկտուր պատմեց մեր գլխով անցածը: Հայրս գրկեց ինձ և համբուրելով ասաց.

– Ապրե՛ս, տղա՛ս, դու իսկական տղամարդ ես:

– Սմբա՛տ, բա մեր մոզին չտեսա՞ր,- հարցրեց Մովսես քեռին:

Ես պատմեցի գիշերվա դեպքը և ասացի.

– Երևի ձեր մոզին փրկեց մեր կյանքը:

Վերադարձի ճանապարհին հայրս պատմեց.

– Աշխատանքից եկա, տեսա՝ մայրդ լաց ու շիվան է անում: Պարզվեց, որ դուք չեք եկել: Մեր հարևան Գաբրիելին խնդրեցի՝ հրացանը վերցնի, և միասին շնչակտուր հասանք բացատ, որտեղ գտանք ձեր ոտնահետքերը: Մենք սկսեցինք բարձր ձայնով կանչել ձեզ, մեկ էլ զգացի՝ ուսիս վրա մի ծանր թաթ է: Գաբրիելն իսկույն նկատեց և կրակեց ուղիղ բերանի մեջ: Արջն ընկավ և ինձ էլ հետը տարավ: Գաբրիելի օգնությամբ հազիվ պոկվեցի արջի ճանկերից ու վեր կացա: Արջը շունչը փչեց: Դա մի քիչ մեզ հուսադրեց: Մտածեցինք՝ ուրեմն երեխաները արջին տեսել են ու փախել. նշանակում է՝ կենդանի են: Երկար փնտրելուց և կանչելուց հետո ոչ մի հետք չգտնելով՝ վերադարձանք տուն՝ այն հույսով, որ լույսը բացվի, նորից գանք փնտրելու:

Հայրս վերջացրեց և խոր հոգոց հանեց: Մենք վերադարձանք տուն: Մայրս դիմավորեց մեզ ու սկսեց արտասվախառն համբուրել: Ծաղիկը նայեց մորս ու հարցրեց.

– Մայրի՛կ, ինչո՞ւ ես լացում, մենք հո չե՞նք մեռել:

Բոլորը ծիծաղեցին: Հայրս անմիջապես ոչխար մորթեց, և սկսվեց ուրախությունը…»:

Սմբատը վերջացրեց պատմությունը և հոգոց հանեց. ինչեր ասես, որ չեն պատահում գյուղում: Մենք վեր կացանք և մոտեցանք տոմսարկղին: Արդեն մեր հերթն էր. տոմսերն առանք ու հրաժեշտ տվեցինք իրար: Սմբատն ասաց.

– Ժամանակ ունենաս, համեցիր: Գյուղում հետաքրքիր բաներ շատ են լինում…