Խալաֆյան Արամայիսի աշխատանքները

ՎՐԻԺԱՌՈՒՆ

Սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ երեկոյան էր: Աղջիկս՝ Արմենուհին, ասաց.

– Հայրիկ, վաղը կտանե՞ս մանկական այգի:

– Մորդ հարցրու:

– Վարդանին էլ կտանեք, վաղը գործ ունեմ,- ասաց կինս:

Կիրակի օրը շուտ ընթրեցինք և շտապ գնացինք կանգառ: Երբ հեռվում երևաց ավտոբուսը, մարդիկ իրար անցան:

– Երեխեք, հանգիստ մնացեք:

Մի կին ընկավ ուղիղ ոտքերիս տակ: Մենք վերջինը բարձրացանք և մնացինք կանգնած: Մի աղջիկ վեր կացավ.

– Հայրիկ, նստեք:

Շնորհակալություն հայտնեցի ու նստեցի: Երեխաները մնացին կանգնած: Ավտոբուսը կանգ առավ փակ շուկայի մոտ: Մենք իջանք, ետ գնացինք ու աջ կողմի փողոցը մտնելով՝ հասանք որսորդական խանութ: Վարդանը խնդրեց.

– Հայրիկ, կարթ կառնե՞ս:

– Ի՞նչ ես անում:

– Ձուկ բռնեմ:

– Որտե՞ղ:

– Լճում:

Ես ծիծաղեցի:

– Լճում ձուկ չկա: Երեխաները ձևի համար են խաղում:

– Ես էլ կխաղամ…

Մտանք խանութ: Աջ կողմում վագրի խրտվիլակն էր. Վարդանը ետ-ետ գնաց:

– Մի՛ վախենա, սատկած է:

Տղան տնտղեց ու հանգստացավ: Մենք կարթ առանք և դուրս եկանք:

Այգում ժխոր էր: Հեռվում երաժշտության ձայներ էին լսվում: Մոտեցանք: Մարդիկ շրջան էին կազմել, իսկ կենտրոնում երկու սիրուն աղջիկ Զիտայի ու Գիտայի նման պարում էին. չէին պարում, ուղղակի կարապների նման սլանում էին: Երբ պարեցին վերջացրին, խմբավարն ասաց.

– Ապրեք, աղջիկներ, ձեր տերն իրավունք ունի հպարտանալու:

Ժողովուրդը ցրվեց: Մենք գնացինք նավակ նստելու, հետո մտանք ծիծաղի սենյակ: Երեխաները շատ ուրախացան:

– Գնանք Քսանվեց կոմիսարների այգի,- ասաց աղջիկս:

Փողոցն անցնելով՝ հասանք այգու մուտքին: Աջ կողմում կուլան ձեռքին տղայի արձանն էր: Ես նայեցի ու մտքով գնացի, նստեցի Կապանի գնացքը, հասա Մինջևան…

Ծարավ էինք, իջանք ջուր խմելու: Թուրք տղաները, մի-մի կուլա ձեռքներին, կանչում էին.

– Սառը ջո՜ւր, սառը ջո՜ւր:

Մոտեցանք նրանցից մեկին.

– Մի բաժակ ջուր տուր:

Տղան ուշադիր նայեց մեզ ու կմկմալով ասաց.

– Փողը տվեք, նոր ուզեք:

– Ի՞նչ արժե,- հարցրի ես:

– Քսան կոպեկ:

– Դրամը տվեցի:

Տղան բաժակը լցրեց ու մեկնեց ինձ: Ուզեցի այնպես հաճույքով խմել, ինչպես Հայաստանի սառը ջրերը, բայց գոլ, անհամ ջուրը թափվեց բերանիցս: Տղան թշնամաբար նայեց ինձ ու բաժակը խլեց: Մենք գնացք նստեցինք և բամբասելով շարունակեցինք ճանապարհը…

– Հինգ րոպե է՝ նայում ես արձանին ու մտածում,- ասաց աղջիկս:

Մենք սանդուղքով իջանք ու գնացինք այգու խորքը: Տղամարդկանց մի խումբ նարդի էր խաղում, մյուս խումբը՝ շախմատ, երրորդը շրջան էր կազմել, իսկ կենտրոնում մի ծերունի թառ էր նվագում ու հեքիաթ պատմում: Տղերքը կանգնած էին ծառի տակ ու ֆուտբոլի շուրջ վիճում էին: Շուտով հասանք ցայտաղբյուրին, ջուր խմեցինք ու առաջ անցանք:

– Հայրիկ, բլիթ առ,- խնդրեց Վարդանը:

Գնացինք բլիթ առնելու: Աջ կողմում տոմսավաճառը թատրոնի տոմս էր վաճառում և դա անում էր մեծ հաճույքով: Մի ծերունի բարձր ձայնով կարդում էր.

– «Օթելլո»: Դերերը կատարում են Խորեն Աբրահամյանը….

Եվ թվարկում էր: Երբ վերջացրեց, հառաչելով ասաց.

– Ո՞ւր ես, Վահրա՛մ, դուրս արի տե՛ս. թատրոնը դարձրել են վաճառատուն:

Մենք վերադարձանք, աչքի պոչով նայեցինք. ոչ մի ազատ նստարան չկար: Երեխեքին ասացի.

– Նայեք, որ ազատվի, տեղյակ պահեք:

Շուտով Վարդանը հրեց ինձ.

– Նայիր, հայրիկ, երկու զույգ վեր կացան:

Մենք փորձեցինք գրավել նստարանը: Մնացին երկու հոգի. մեկը քառասունին մոտ տղամարդ էր, մյուսը՝ մոտ տասներկու տարեկան սիրուն աղջիկ: Ես մոտեցա և թույլտվություն խնդրեցի.

– Կարելի՞ է նստել:

– Համեցեք:

Նստեցինք: Մի պահ լուռ էինք: Մեզնից քիչ հեռու զվարթաձայն հոսում էր առուն ու ծառի գույնզգույն տերևներն ասես շտապով քշում տանում: Ես բարձրաձայն մտածեցի.

– Ո՞ւր են գնում Հայաստանի ջրերը:

Կողքիս նստած տղամարդը պատասխանեց.

– Ադրբեջան:

– Ինչո՞ւ:

– Որովհետև Հայաստանի ռելիեֆը բարձր է, ջուրը հոսում է դեպի Կասպից ծովը… Մի խոսքով՝ Ադրբեջան:

Ես զայրացած ասացի.

– Նշանակում է՝ հողն իրենցն է, ջուրը` մերը: Իսկ մենք ինչե՜ր ունենք. մաքուր օդ, սառը ջրեր, սարեր, կիրճեր, անտառներ, Սևանի մաքուր ջուրը, որտեղ ապրում են չնաշխարհիկ ձկները` իշխանը, սիգը, կողակը, լեռնային գետեր, որոնց մեջ ապրում են կարմրախայտ ձկները, հանքային ջրեր, տուֆ, բազալտ, մարմար, գրանիտ քարեր, պղինձ, ոսկի և ուրիշ հանքեր, որոնց անունները մոռացել եմ…

Այդպես մենք ծանոթացանք: Տղամարդը վեր կացավ ու ձեռքը պարզեց ինձ: Ես ևս փոքր-ինչ շիվարած վեր կացա, և մեր ձեռքերն իրար միացան:

– Աշոտ:

– Արամայիս:

Նորից նստեցինք:

– Սիրուն աղջիկ ունես, կարող ենք խնամի դառնալ:

– Իմը չի:

– Բա ո՞ւմն է:

– Հետո կասեմ:

 Շուտով երեխաները գնացին այգու կինոսրահում ֆիլմ դիտելու: Աշոտը սկսեց պատմել. «Պատերազմ էր: Հիտլերն ուզեց աշխարհին տիրանալ: Մի քանի պետություն գրավեց, հետո հարձակվեց մեր երկրի վրա: Ստալինը հրամայեց. «Ով կարող է զենք վերցնել, թող դուրս գա հայրենիքը պաշտպանելու»: Հայրս ու մեծ եղբայրս պատերազմ գնացին: Հիտլերը գրավեց Բելոռուսիան, Ուկրաինան և հասավ Ստալինգրադ: Մյուս կողմից էլ մերոնք մոտեցան Մոսկվայի արվարձաններին, և Հիտլերը Նապոլեոնի նման սկսեց կամաց-կամաց նահանջել: Պատերազմը շիկացավ: Երեխաները, կանայք ու ծերերը տեղափոխվեցին երկրի խորքերը: Կյանքը դժվարացավ: Մարդիկ մի կտոր հացի համար սեփական մորն էին սպանում: Այդ թեժ օրերին մեր շրջանի ղեկավարությունը որոշեց մեր գյուղի դպրոցում մանկատուն բացել: Գյուղը շրջկենտրոնից յոթ կիլոմետր էր հեռու: Բոլշևիկներից առաջ վաճառական Խաչատուրը գյուղից հեռու դպրոց կառուցեց: Շենքը երեք կողմից ուղղանկյունաձև էր, կենտրոնում բակն էր, իսկ չորրորդ կողմում երեխաների համար հողամաս էր: Խաչատուրն ուզեց երկու կիլոմետրի վրա գտնվող Մթնաձորի աղբյուրից ջուր հասցնել դպրոց, գյուղի հարուստները չթողեցին:

– Դպրոցը դու կառուցեցիր, մենք էլ ջուրը կբերենք:

Այդ ժամանակ բոլշևիկները եկան, և ջուրը մնաց. մինչև հիմա էլ մնում է: Դպրոցը տեղափոխեցին գյուղի մեծահարուստներից մեկի՝ Աթաջանի տուն: Շուտով եկան ռուս երեխաները, և մանկատունը սկսեց գործել: Գյուղը ցնծության մեջ էր. մարդկանց մի մասն աշխատանք ունեցավ ու դրանով ապրեց: Մեր համագյուղացի մի երիտասարդի նշանակեցին մանկատան տնօրեն: Նա մեր ընտանիքի մերձավորներից էր: Մի օր եկավ մեր տուն և փոքր-ինչ քաշվելով՝ մորս առաջարկեց.

– Մայրիկ, արի քեզ նշանակեմ շեֆ խոհարար:

Մայրս ուրախացավ և հաջորդ օրը գնաց աշխատանքի: Մեր ընտանիքն էլ կամաց-կամաց սկսեց ապրել: Հետո ես էլ ընդունվեցի մանկատուն: Այնտեղի շորերն էի հագնում, այնտեղ էի ճաշում, մի խոսքով՝ լավ էի: Մեր բանակը սկսեց առաջ գնալ: Այդ ժամանակ մեծահասակները վերադարձան տուն: Հայրս էլ եկավ: Աստված մի կողմից տալիս է, մյուս կողմից՝ առնում: Ինձանից մեծ եղբայրս հիվանդացավ ու մահացավ: Հայրս որոշեց երեխաների թիվը լրացնել: Երկու երեխա ծնվեցին՝ մի տղա, մի աղջիկ: Վեց երեխա էինք` երեք տղա, երեք աղջիկ: Ավագ եղբայրս զոհվեց: Ծնողներս շատ վշտացան: Պատերազմը վերջացավ մեր հաղթանակով: Մանկատունը ցրեցին. դժբախտություն գյուղի համար: Քանի որ ռուս երեխաները գնացին, մնացին միայն մերոնք, շրջանի ղեկավարությունը մտածեց, որ մանկատունն ավելորդ է, ու փակեց: Պատերազմից հետո գյուղացու օրը սևացավ: Պետական հարկերը չոքեցին գյուղացու վզին: Միսը մթերում էին, բուրդը մթերում էին, ձուն մթերում էին, մի խոսքով՝ գյուղացին ինչ ուներ, պետությունն առնում էր: Այդ ժամանակ մեր ընտանիքն էլ ծանր օրեր ապրեց. մի կողմից հարկերն ու հացի պակասությունը, մյուս կողմից ծնողներիս թերահավատությունը մեր ընտանիքը վնասեցին: 1949թ.-ին մեր հարկը վճարեցինք, մնաց մի այծ: 1950թ.-ի մայիսյան մի առավոտ կատարածուն կանչեց.

– Հարկահավաքը եկել է, ով մսամթերումը չի կատարել, թող բերի:

Հայրս ասաց.

– Մի պարան վերցրու, այծի պոզերից կապիր ու բեր ինձ մոտ:

Ես տխուր կատարեցի, իսկ երեխաներն ուրախացան.

– Ամեն առավոտ չենք տանի այծերին խառնելու:

– Կաթն ուզում եք խմել, այծը չեք ուզո՞ւմ տանել,- հանդիմանեց մայրս:

Երեխաները հասկացան ու տխրեցին:

Հասանք կոլտնտեսության գրասենյակի բակը: Հարկահավաքը` Երեմը, բարձրահասակ, սև բեղերով, մի աչքը կապած մարդ էր: Երբ մոտեցանք կշեռքին, գյուղի կատակախոսի` Գինոսի ոչխարն էին կշռում:

Երեմն ասաց.

– Տասը կիլոգրամ պակաս է:

Այդ միջոցին Գինոսի փոքր աղջիկը դպրոց էր գնում: Հայրը կանչեց.

– Օ՛լենկա, արի՛ այստեղ:

Երեխան միամիտ եկավ: Բարձրացրեց, դրեց կշեռքին:

– Երեմ, սրան էլ վերցրու:

Մարդիկ ծիծաղեցին: Երեխան հասկացավ, որ հայրն իրեն մսի տեղ է կշռում, իջավ ու փախավ: Հաջորդը մենք էինք:

– Երկու կիլոգրամ պակաս է,- ասաց Երեմն ու անցավ հաջորդին:

Մեր հարևան Դավթի ոչխարը դրեցին կշեռքին:

– Հինգ կիլոգրամ ավել է. արի երկու կիլոգրամը տուր Սավադին, փողը կտա, երեք կիլոգրամինն էլ ես կտամ:

Առևտուրը վերջացավ: Երեմն ասաց.

– Սավադ, ինչո՞ւ ես գյուղում մնում. անասուն չունես: Դու բանվոր ես, գնա քաղաք, պետությունը երեխաներիդ հաց կտա, մնում է մի վարձու տուն…

– Կմտածեմ:

Եկանք տուն: Մի շաբաթ էր՝ ծնողներս վիճում էին: Հունիսի վերջին քննություններս հանձնեցի և յոթնամյան ավարտեցի: Մայրս ասաց.

– Խեղճ երեխան ամեն օր ութ կիլոմետր պիտի քայլի:

– Ի՞նչ ես առաջարկում, գնա՞նք քաղաք:

– Հեշտ ես փրթում:

Վեճը վերջացավ:

Օգոստոսի քսանյոթն էր: Հայրս ասաց.

– Գնա հարևանի տուն, ասա՝ հայրիկը խնդրեց, որ վաղը էշը տաս, տեղափոխվում ենք քաղաք:

Հաջորդ օրը տեղաշորն ու աման-չամանը բարձեցինք էշին և ճանապարհվեցինք: Գյուղի ճանապարհով գնացինք. այդպես ավելի հարմար էր: Երբ հասանք դպրոցին, ես մի պահ կանգ առա, աչքերս փակեցի ու հիշեցի մանկությունս: Վեց տարեկանում առաջին դասարանիս գիրքն անգիր էի արել: Դպրոցը մեր տնից երկու հարյուր մետր էր հեռու: Ես հաճախ էի գնում դպրոցի բակում խաղալու: Ուսուցիչները տանում էին ուսուցչանոց և ստիպում արտասանել, հետո խոշորացույց հայելին դնում էին առջևս. ես նայում էի մեծ գլխիս ու վախից փախչում: Մի անգամ սովորականի պես գնացի խաղալու: Աշակերտները վոլեյբոլի դաշտ էին շինում: Սյուները տնկելու ժամանակ դրանցից մեկի տեղը փորելիս հանկարծ բահը սուզվեց: Երեխաներն իսկույն լուրը հասցրին ուսուցիչներին: Ամբողջ դպրոցը շրջապատեց փոսը: Յոթերորդ դասարանցի Ժորան մոտեցավ տնօրենին ու ասաց.

– Թույլ տվեք մտնել:

– Չի կարելի, վտանգավոր է:

Մինչ մյուսներն իրար հետ խոսում էին, Ժորան մտավ: Շուտով դուրս եկավ՝ մի կուլա, մի աման ու մի գդալ ձեռքին: Պատմության ուսուցիչը հարցրեց.

– Պատերի արանքում ի՞նչ տեսար:

– Մի կմախք էր նստած:

– Պատմում են,- ասաց ուսուցիչը,- թե մահանալուց հետո մարդը նստած է լինում չորս պատի արանքում: Հողի մակերևույթից մի անցք են թողնում, նաև երեք օրվա ուտելիք մեռելի համար: Երեք օրից գնում են, ստուգում. եթե ձայն է հանում, ուրեմն կենդանի է, հանում են, եթե լռում է, անցքը փակում են…

Մորս ձայնը սթափեցրեց ինձ: Ես վազելով հասա մերոնց:

Մեր գյուղի հետևի թեք լանջը խոտհարք է. ամեն մեկն իր բաժինն ունի: Մեր գյուղացի Պատվականն իր խոտհարքի կենտրոնում մի ընկուզենի էր տնկել հով անելու համար: Հասանք այդ ընկուզենուն: Պատվականը որսորդ էր, գնդակն անտեղի չէր կրակում: Մի անգամ արջ սպանեց: Տուն բերելիս մտածում էր. «Այսքան միսն ի՞նչ անեմ»:

– Արի հարևաններին կանչենք, քեֆ անենք,- առաջարկեց կինը…

Շուտով հյուրերը տաքացան և դուրս եկան բակ՝ մաքուր օդ շնչելու: Պատվականը նկատեց, որ թեք լանջին՝ թփերի մեջ, մի եղնիկ կա: Բոթելով կողքի մարդուն՝ ասաց.

– Գևորգ ջան, գնա եղնիկը բեր:

– Խփիր, նոր ասա,- մրթմրթաց Գևորգը:

Պատվականը կանչեց.

– Պավլիկ ջան, հրացանը բեր:

Պատվականը նշան բռնեց. հրացանը որոտաց, ու եղնիկը գլորվեց:

– Գևորգ ջան, գնա բեր:

– Երևի փախել է:

Պատվականը վիրավորվեց.

– Ոչ մի կենդանի Պատվականի գնդակից չի կարող փախչել:

Գևորգը ստիպված գնաց: Շուտով հյուրերը մտան տուն: Պատվականը վերցրեց բաժակն ու բամբ ձայնով ասաց.

– Հարգելի՛ հյուրեր, քեֆը շարունակում ենք: Եղնիկը խորովեք…

Ընկուզենուց քիչ վերև Թևանի խնձորենին էր՝ միակ տեսակը ամբողջ շրջանում: Ճանապարհի աջ կողմում՝ ձորի եզրին, Պետրոսի ընկուզենին էր, մի քիչ ցած՝ քաղաք տանող ճանապարհի եզրին, Պետրոսի աղբյուրը: Մենք շարունակեցինք ու հասանք Ղուկասի ընկուզենուն, որին գյուղացիները նրա աղջկա պատվին «Աննայի ընկուզենի» էին ասում: Մի անգամ Աննան բարձրացավ ընկույզ քաղելու: Ճյուղը ջարդվեց, ընկավ: Երկու ամիս անկողնում պառկելուց հետո պարզվեց, որ աղջիկը կաղ է: Ծնողները լացակումած ասացին.

– Ուշ է…

Աննան մնաց տանը, պառավեց ու մեռավ: Գյուղի տղաները ձեռքերի վրա տարան մինչև գերեզմանոց և շուքով թաղեցին:
Ճանապարհի աջ կողմում Աթոյանի ընկուզենին էր: Սպիտակ, առողջ ընկույզներ էին: Բոլորն ուզում էին դրանցից դնել իրենց սեղաններին իբրև զարդ: Գյուղի ծայրին Բեկլարի ընկուզենին էր: Նա շատ ջղային մարդ էր: Մի անգամ որոշեց կնոջը խեղդել: Հարևանները հազիվ ձեռքից առան: Բեկլարը երկու տղա ուներ: Փոքրի գլխի կենտրոնում ծնված օրից մազ չկար, այդ պատճառով գյուղացիներն անվանեցին «Քաչալյան Ընձակ Բեկլարի»: Լանջի վերջում՝ ճանապարհի հենց եզրին, ստախոս Եգորի ընկուզենին էր: Եգորը հարուստ մարդ չէր, բայց երջանիկ էր: Գյուղի մեծահարուստներից Սավադը մեղվի հարյուր փեթակ ուներ, բազմաթիվ անասուններ, հեկտարով վարելահողեր, հսկա ջրաղաց: Վատն այն էր, որ ստախոս Եգորի և Սավադի տղաների անունը նույնն էր՝ Գրիշա:

Մի անգամ Եգորը գնաց Ադրբեջան՝ ցորեն բերելու: Թուրքը բեռը բարձեց էշին և ասաց.

– Եգոր, քրեհի փողը տուր:

– Կգաս մեր գյուղ, ընկույզ կտամ:

Թուրքը փորուփոշման գնաց, բայց հանկարծ ետ նայեց ու ասաց.

– Եգոր, քիրվա, որտե՞ղ է ձեր տունը:

– Գյուղի ծայրին, երկհարկանի տուն է: Կգաս, բակից կկանչես, տղաս դուրս կգա, վերև կբարձրանաս:

Որոշ ժամանակ հետո թուրքը եկավ ուղիղ Սավադի բակը:

– Գրիշա՜, Գրիշա՜:

Սավադի տղան դուրս եկավ:

– Հայրդ տա՞նն է…

Թուրքը բարձրացավ:

– Սա Եգորի քիրվան չի՞:

Սավադը վիրավորվեց.

– Ես Սավադն եմ, տունը իմն է:

Թուրքն ուզեց հետ գնալ, Սավադը չթողեց.

– Մնա, կեր-խմիր, հետո կգնաս:

– Եգորը ցերեկը երբեք տանը չի լինում,- միջամտեց տղան:

– Որքա՞ն է պարտք,- հարցրեց հայրը:

– Երեք ոսկի:

– Ես կտամ:

Թուրքը զարմացած լռեց: Ուտելուց հետո Սավադը տվեց երեք ոսկին և ասաց.

– Երբ Եգորին տեսնես, ասա՝ քո պարտքը Սավադը տվեց:

Թուրքը շնորհակալություն հայտնեց ու գնաց:

Անցավ մի տարի: Եգորը գնաց թուրքի գյուղը և հանդիպելով նրան՝ ասաց.

– Ինչո՞ւ չեկար ընկույզ տանելու:

– Ես ժամանակ չունեմ, փողը բերել ե՞ս:

– Արի տար,- կմկմաց Եգորը:

– Երկրորդ անգամ քեզ հետ գործ չեմ բռնի,- ասաց թուրքը:

– Ինչո՞ւ:

– Դու ստախոս ես, ամբողջ գյուղը գիտի:

Եգորը մտածեց. «Թուրքին չխաբեմ», ապա բարձրաձայն ասաց.

– Արի ընկույզ տար:

– Եկել եմ, դու տանը չէիր,- պատասխան տվեց թուրքը:

– Ամբողջ օրը հո տանը չէի մնալու. ես ի՞նչ իմանամ՝ դու գալու ես, որ սպասեմ:

Թուրքը ծիծաղելով պատմեց.

– Եկել եմ, ուրիշի տուն եմ ընկել, կերել-խմել եմ, փողն էլ տվել է:

– Ո՞վ է տվել,- զարմացավ Եգորը:

– Քիրվա Սավադը,- ասաց թուրքը:

– Մեծահարուստ Սավադը՞,- ծիծաղեց Եգորը:

– Այո,- կմկմալով հաստատեց թուրքը:

«Պակաս չէ, թող Եգորի երեք ոսկին էլ տա»,- մտածեց Եգորն ու բարձրաձայն ասաց.

– Երկուսիս տղայի անունն էլ Գրիշա է:

Եվ ծիծաղեցին…

Ծառից մի տղա իջավ ու ծոցերը թափ տվեց.

– Երեխեք, գրպաններդ ճխտեք, քաղաքում չկա:

Մի քիչ գնալուց հետո տղան կանգնեց.

– Երեխեք, երբ մեծանաք, ինձ չմոռանաք:

Մենք շարունակեցինք ճանապարհը: Վերելք էր: Երկու կողմից հոնի ծառեր էին. հոնը թափվել էր ճանապարհի եզրերին: Էշի բեռը մերթ այս ծառին էր կպչում, մերթ այն՝ դժվարացնելով ընթացքը: Հասանք բլուրին. ձախ կողմում անտառ էր, աջ կողմում՝ մոշի թփեր: Մոշի հատիկներն ուղղակի թափված էին ճանապարհի եզրին: Մենք բռերով հավաքում էինք և ուտում: Շուտով հասանք Մթնաձորի աղբյուրին, որը տկողինի թփերի մեջ, հսկա ծառին թիկնած, խշշալով հոսում էր: Դիմացը տափակ քար էր. երևի քարտաշի մուրճը երբեմնի գործել էր քարի վրա: Հսկա ժայռը մամռակալած էր, և ամեն մի ծերպից ջուր էր կաթում: Դիմացի քարը երկկողմանի էր, կենտրոնում՝ ակոս: Աղբյուրի տեղը համարյա մութ էր, այդ պատճառով էլ կոչվում էր Մթնաձորի աղբյուր: Հայրս գրպանից հանեց ծալովի բաժակը. հերթով խմեցինք ու շտապեցինք հասնել էշին: Մենք անցանք ջուրը և գնացինք վերև: Ճանապարհը դարձյալ զառիվեր էր: Շուտով հասանք բլրին, որի թեք լանջին ոչխարի հոտ էր արածում: Հովիվը շտապեց դիմավորել մեզ.

– Ո՞ւր եք գնում:

– Քաղաք,- պատասխանեց հայրս:

Հովիվը հառաչելով ասաց.

– Ավերակ մնա քաղաքը: Մնացեք գյուղում. անասուն շատ կա, կերեք ու ապրեք:

– Հաց էլ կա,- շտապ վրա բերեց հայրս:

Հովիվը լռեց և գրպանից հանեց սրինգը, նվագեց հովվի դայլայլող կանչը: Ոչխարները կամաց-կամաց իջան ու շրջապատեցին նրան:

Հայրս բարձր ձայնով ինքն իրեն ասաց.

– Անլեզու կենդանիները մարդուն հասկանում են, մարդը մարդուն չի հասկանում: Վերջին այծս էլ խլեցին:

Ճանապարհն արդեն զառիվայր էր: Երկու կողմից տկողինի թփեր էին: Երեխաները վազեցին մտան թփերի մեջ. մինչև մենք հասանք, ծոցերը լիքն էին: Սկսեցին ջարդել, ուտել և երբ կշտացան, մեզ էլ մատակարարեցին: Թփերից դուրս եկանք ու մտանք ձորը: Դիմացի ժայռից ջուրը չռռոցով թափվում ու լցվում էր փոսը. ձայնը դեռ հեռվից էր լսվում: Մենք կռացանք, հերթով խմեցինք, հերթը հասավ փոքր քրոջս: Երբ խմեց ու բարձրացավ, ծղրտալով գոչեց.

– Նայե՜ք ժայռի կատարին:

Վարդ էր բուսնել:

– Օգոստոսին ի՞նչ վարդ,- զարմացավ հայրս:

– Աստված է ուղարկել,- պատասխանեց մայրս: – Աշոտ ջան, գնա արմատից հանի, բեր:

Ես բարձրացա, զգույշ հանեցի և իջեցրի: Ընտանիքս ցնծության մեջ էր: Մայրս ուրախացած ասաց.

– Աստված ճանապարհ է տվել մեզ, մեր ընտանիքի թալիսմանն է:

Մենք զգույշ փաթաթեցինք ու տարանք: (Շտապում եմ ասել, որ մեր ընտանիքի բոլոր երեխաները մեծացան, ամուսնացան և առողջ ընտանիքներ կազմեցին):

Ճանապարհը թեք էր, բայց մի քիչ գնալուց հետո հորիզոնական դարձավ: Երևի երբ մարդիկ կառուցել էին, մտածված էին երկու կողմից բարդիներ տնկել, որ չքանդվի. այնուամենայնիվ, ժամանակին թեքվել էր: Եվ երբ հսկա բարդիները գագաթից սկսել էին չորանալ, դարձյալ մեկումեջ շիվ էին տնկել, որ կյանքը շարունակվի: Շուտով երևաց ձորը: Մոշի թփերի արանքում մի տանձենի կար: Հայրս ասաց.

– Աշոտ ջան, գնա տես՝ տակը հասած կաթուկ կա՞:

Ես մտա ու գոչեցի.

– Լի՜քն է, քսակը տո՛ւր:

Շուտով լցրեցի ու բերանը կապեցի: Իջանք ձորը: Ջուրը կամաց էր հոսում. տասը րոպեում հազիվ դույլը կլցվեր: Հեռվից երևաց ձորի պռունկը: Ժամանակին անձրևի հետևանքով հողը փլվել էր ու եռանկյունու ձև ստացել: Ձորն ի վեր տձև այգիներ էին՝ փշե թփերով ցանկապատված, իսկ ետևում երևում էր առուն, որի ջրով ոռոգում էին: Այգիների արանքով գնացինք ու հասանք տներին: Մի ծերունի նեղ ճանապարհին կանգնած էր: Մենք ստիպված կանգ առանք: Նա զայրանալով ասաց.

– Ո՞ւր եք գնում:

– Քաղաք,- պատասխանեց հայրս:

– Քանդվի քաղաքը: Շրջվեք ու գնացեք գյուղ. տուն ունես, հողամաս ունես, մեր անտառներն էլ լիքն են. մոշ, տանձ, խնձոր, զկեռ, հոն, ընկույզ կա, գնացեք ապրեք էլի:

– Հեռո՛ւ ճանապարհից: Ես հետ գնացողը չեմ,- ասաց հայրս:

Ծերունին ստիպված հեռացավ, և մենք շարունակեցինք գնալ: Տները վերջացան: Ճանապարհը զառիվայր էր, երկու կողմից կաղնու ծառեր էին: Երեխաները վազեցին ցած, մենք ստիպված մնացինք էշին օգնելու: Հարյուր մետր ճանապարհը մի կերպ անցանք: Վերջապես հասանք այն տան դարպասին, որը պիտի վարձեինք: Տանտերը՝ Արմենը, դռները բացեց, և բարև տալով մտանք ներս: Տունը միհարկանի էր, սրահով, տանիքը՝ տափակ: Սրահի հյուսիսային կողմը փակ էր, իսկ պատի կենտրոնում բուխարի կար. մայրս ուրախացած հանեց եռոտանին ու դրեց մեջը: Տան երկու կողմը հողամաս էր՝ ամբողջը կանաչ. երևի գարի էին ցանել: Բեռն իջեցրինք և մտանք տուն: Մի սենյակում հասարակ սեղան կար ու չորս աթոռ: Հատակը հողից էր: Մայրս կարպետները փռեց և անկյունում դարսեց տեղաշորը: Հայրս հառաչելով ասաց.

– Ստացեք քաղաքը:

Տան ձախ կողմում ճիպոտներից սարքած մի շինություն կար: Արմենը բանալին տվեց և ժպտալով ասաց.

– Երբ պետք լինի, բացեք:

Մայրս նայեց Խուստուփ սարին ու երեսը խաչակնքեց.

– Եթե Աստված կա, թող պահի:

Արմենի գնալուց հետո մայրս ժպտալով ասաց.

– Տեղերում:

Ամեն մեկը նստեց իր տեղում. որը՝ աթոռին, որը՝ կարպետին: Մայրս ճաշերը բաժանեց, կուշտ կերանք: Մի ժամից պառկեցինք քնելու: Արևածագին հայրս ու մեծ քույրս վեր կացան, նախաճաշեցին ու գնացին աշխատանքի: Երեխաները զինվորների նման վեր կացան ու շարվեցին սեղանի շուրջը: Մայրս կերակուր տվեց, հետո ասաց.

– Աշո՛տ, գնա օջախի համար փայտ բերելու, Հուսի՛կ, տան շուրջը հավաքիր:

Ամեն մարդ գնաց իր գործին, ես էլ գնացի փայտի: Մեր տնից վերև կաղնու ծառեր կային: Կտրեցի և հենց ուզեցի պարանս գցել, հեռվից երեք տղա երևացին. մեկը տասնհինգ տարեկան կլիներ, երկուսը՝ տասներեք: Նստեցի: Տղաները մոտեցան ինձ: Մեծը հոխորտալով ասաց.

– Ինչո՞ւ ես կտրում:

– Բա ի՞նչ անեմ:

– Գնա անտառից չոր փայտ հավաքիր:

– Դուք ո՞վ եք:

– Ես անտառապահի տղան եմ,- ասաց մեծը և ուզեց վերցնել ցակատս:

Ես ինձ չկորցրի. իսկույն պարանս վերցրի ու շպրտեցի: Տղան ընկավ, մյուս երկուսն էլ փախան: Մոտեցա, ցակատս վերցրի, նրան էլ արձակեցի: Տղան փախավ՝ ասելով.

– Կհանդիպենք:

Նստեցի մտածեցի. առաջին օրը վատ անցավ: Մի պահ հիշեցի գյուղը, շրջիկ կինոն, «Անգլուխ ձիավորը», և մտքերս խառնվեցին: Հերթական անգամ շրջիկ կինոն եկավ ու «Անգլուխ ձիավորը»… Ակումբը երկրորդ հարկում էր: Ահա այն լեփ-լեցուն է երեխաներով. որը՝ տոմսով, որը՝ լուսամուտից: Մեխանիկը ստիպված միացրեց: Մի պահ ժխոր արեցին, երբ աղջիկը պարանը շպրտեց, ու նժույգն ընկավ… Հաջորդ օրը գյուղի բոլոր երեխաներն սկսեցին լասսո խաղալ: Ես էլ սկսեցի պարապել. այսօր պետք եկավ…

Պարանս մեկնեցի, ցախերը դասավորեցի, կապեցի, շալակեցի և ճանապարհվեցի տուն: Հասա հարևանի դարպասին: Մի սիրուն, սպիտակամորթ, թխահեր, սև աչքերով աղջիկ դարպասին հենված կանգնել էր: Ես ուզեցի խուսափել, բայց աղջիկը հարցրեց.

– Հարևանի տղան ե՞ս:

– Այո:

– Շատ ժիր ես, ես տեսա,- շարունակեց աղջիկը:- Ես հարգում եմ ժիր տղաներին: Կարինե:

Եվ պարզեց սպիտակ ձեռքը: Ես մի քիչ շփոթվեցի, բայց նույնպես մեկնեցի: Ծանոթացանք:

Գլխիկոր քայլեցի մեր դարպասի կողմը: Կարինեն իմ հետևից անընդհատ նայում էր: Դարպասը բացեցի, ուղիղ գնացի օջախի մոտ, ցախերը դասավորեցի և դժգոհ գնացի լվացարանի կողմը: Մայրս նկատեց.

– Ինչո՞ւ ես նոթերդ կիտել:

– Հարևանի աղջկան տեսա,- ցածրաձայն ասացի ես:

– Սիրուն է՞ր:

– Ի՛նձ ինչ:

Մայրս լռեց:

Սեպտեմբերի մեկն էր: Ես ամաչելով մտա դասարան: Բոլորն այնպես ծիծաղեցին, կարծես կապիկ էր ներս մտել: Մի պահ շիվարեցի, հետո հասկացա, որ տրեխներս էին պատճառը: Ես էլ սկսեցի ծիծաղել: Այդ պահին տղաներից մեկը մոտեցավ ինձ և քրքջալով ասաց.

– Մենք քեզ վրա ենք ծիծաղում, դո՞ւ՝ ում վրա:

– Ես էլ քեզ վրա եմ ծիծաղում:

Նորից քրքջալով ասաց.

– Ախպեր ջան, տրեխներդ կփոխե՞ս կոշիկներիս հետ:

– Ինձ պետք են,- արդեն լուրջ պատասխանեցի ես:

Երկրորդ անգամ էլ քրքջալով ասաց.

– Ախպեր ջան, արի կոշիկներիս հետ փոխենք:

Ես ստիպված ասացի.

– Քո մռութը պետք է շոյել:

Բռունցք արեցի և խփեցի մռութին:

Արյունը հոսեց վերնաշապիկի և անդրավարտիքի վրա: Դասարանը լռեց: Տղան ուզեց պատասխանել, ես դաստակից բռնեցի և շուռ տվեցի մեջքին: Տղան գոռալով գնաց նստեց տեղը: Ամբողջ դասարանը լուռ էր: Ես դժգոհ գնացի ու նստեցի վերջին նստարանի միակ ազատ տեղը: Տղաներից մեկը, որի հետ հետո ընկերացանք, հարցրեց.

– Ո՞ր գյուղից ես:

– Գեղանուշից:

– Վատ ստացվեց: Քաղսովետի նախագահի տղան է:

Այդ միջոցին ուսուցիչը ներս մտավ: Ռազմիկի վիճակը տեսնելով՝ մոռացավ բարևել:

– Արզումանյան, ի՞նչ է պատահել:

– Խփել են:

Ես գլխիկոր վեր կացա ու դժգոհ պատասխանեցի.

– Ես եմ խփել:

– Ինչի՞ համար:

Ավագը վեր կացավ ու ամբողջը պատմեց: Ուսուցիչը հոգոց հանելով ասաց.

– Իմ կարծիքով քո տեղը մեր դպրոցում չի:

– Ո՞ւր գնամ,- նեղվելով հարցրի ես:

– Առաջին դպրոց:

– Ես էլ եմ մտածում՝ եթե ուսուցիչը մտավ, չբարևեց, քաղսովետի նախագահի տղան ում ասես կարող է ծաղրել: Իմ կարծիքով դպրոց չի, ոչխարի հոտ է:

– Դո՛ւրս գնա,- զայրացավ ուսուցիչը:

– Ո՞ւր:

– Գրողի ծոցը:

– Լավ է՝ դու գնաս: Ես եկել եմ սովորելու:

– Գնա՛ տնօրենի մոտ:

Շտապեցի դուրս գնալ, ում մոտ ուզում է լիներ: Քարտուղարուհին զգուշացրեց.

– Տնօրենը զբաղված է:

Ես նստեցի ու սպասեցի: Զանգը տվեց: Ուսուցիչը Ռազմիկին բրդելով մտավ և ուղիղ գնաց տնօրենի մոտ: Քարտուղարուհին զգուշացրեց: Հաշվի չառավ, մտավ ներս: Քարտուղարուհին դժգոհ շպրտեց.

– Քաղսովետի նախագահի կնոջ եղբայրն է: Ի՞նչ անեմ, ամբողջ դպրոցը զզվել է:

Տնօրենը զանգեց: Քարտուղարուհին ներս գնաց, եկավ ու ասաց.

– Ներս մտիր:

Ես կամացուկ մտա և գլխիկոր կանգնեցի:

– Պատմիր:

– Ես ի՞նչ ասեմ, թող Ռազմիկը պատմի: Իմ մեղքն այն է, որ տրեխ եմ հագել:

Տնօրենը ծիծաղեց, ապա հարցրեց.

– Ինչո՞ւ ես խփել Ռազմիկին:

– Թող ինքը պատմի:

– Խփել ես, ասա,- մրթմրթաց Ռազմիկը:

– Ուզում ես կրկնե՞մ,- զայրացա ես:

Ռազմիկը զգուշացավ և սկսեց պատմել: Տնօրենն ասաց.

– Դու ես մեղավոր: Խեղճ տղան նոր է եկել ձեր դասարան, փոխանակ տեղ տաք, կապիկների նման ծիծաղում եք: Գնացեք հաշտվեք:

– Մինչև բանտ չնստի, չեն հաշտվի,- միջամտեց ուսուցիչը:

– Թեկուզ տասը տարի էլ նստեմ, միևնույն է, ես արդար եմ,- դժգոհ ասացի ես:

– Դո՛ւրս գնացեք:

Հաջորդ օրը Ռազմիկը չեկավ, փոխարենը հայրը եկավ.

– Ո՞վ է Աշոտը:

Ես վեր կացա: Քաղխորհրդի նախագահը գոռաց.

– Ի՞նչ իրավունքով ես իմ տղային ծեծել:

– Վախեցող չկա,- համարձակ ասացի ես,- քո տղան վիրավորեց, ես էլ խփեցի: Թող ներողություն խնդրի, կներեմ:

Նախագահը դուրս գնաց ու երևի զանգեց: Շուտով հայտնվեց սև, խիտ բեղերով, երկարաճիտ կոշիկներով՝ ներբաններին երկաթե օղակներ հագցրած (երևի ձիերին խթանելու համար), մի ոստիկան: Նախագահն ինձ մատնացույց արեց՝ ասելով.

– Աբդուլա՛, տա՛ր:

Մի պահ հիշեցի Եղեռնը, Մխիթար սպարապետին, և ուղեղումս ամեն ինչ խառնվեց: Թուրք ոստիկանի առջևով քայլում էի: Ձևացրի, թե դուրս եմ գնում, ու փախա: Հասա հորեղբորս տուն: Կինը հարցրեց.

– Ումի՞ց ես փախչում:

– Ոչ մեկից, ուղղակի ազատ ենք…

Երկու ժամը լրանալուց հետո վերադարձա դպրոց: Պարզվեց, որ պայուսակս տարել են ուսուցչանոց: Տուն գնացի խոժոռված, մայրս հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

Ես ամբողջը պատմեցի: Երեկոյան, երբ զրուցում էր հարևանուհու հետ, պարզվեց, որ ամուսինը նավթաբազայի պետն է և ոստիկանապետի հետ լավ հարաբերությունների մեջ է:

– Մի՛ վախեցեք,- ասաց հարևանուհին:

Հաջորդ օրը հենց դասարան մտա, երեխաները շրջապատեցին ինձ: Ռազմիկը նորից չեկավ: Իմ տրամադրությունն ընկավ: «Շուտով ոստիկան կգա. իմ գործը վատ է»: Ոստիկանը չուշացավ. այս անգամ հայ էր: Ես ուրախացա: Նա մոտեցավ մեզ ու հարցրեց.

– Ո՞վ է Աշոտը:

– Ես:

Ուզեց ձեռքերս կապել, դժգոհեցի.

– Պետք չի:

– Կփախչես:

– Խելոք կմնամ:

Զրուցելով գնացինք: Ոստիկանը հարցրեց.

– Երեկ ինչո՞ւ չեկար:

– Չուզեցի թուրքի առջևով քայլել:

– Մենք էլ ենք ատում:

Հասանք բաժին: Միհարկանի, ցանկապատված տուն էր. երևի ժամանակին ձիանոց էր եղել: Ոստիկանն ինձ տարավ վերջին սենյակը:

– Ընկեր մայոր, Ձեր հրամանը կատարել եմ:

– Ազատ եք:

Ես մնացի ներսում: Մայորը բազմանշանակ նայեց ինձ և առաջարկեց նստել:

– Դե պատմիր, հերոս:

Նորից պատմեցի:

Մայորը հոգոց հանելով ասաց.

– Քաղսովետի նախագահը շատ է վերցնում իր վրա. հրամայել է անմեղ մարդուն բանտարկել:

Ոստիկանապետը սեղմեց կոճակը, ոստիկանը մտավ.

– Տարեք փակեք երրորդ համարում:

– Լսում եմ, ընկեր մայոր:

Պահակը շրխկալով բացեց խցի դուռը, և մտանք ներս: Ներսում երեք հոգի կային: Աթոռի վրա հսկայամարմին մեկն էր: Մյուս երկուսն էլ նստած էին երկար աթոռին: Ոստիկանը նայեց հսկային ու ասաց.

– Լավ նայիր տղային:

Հետո դուրս եկավ, դուռը փակեց: Ծանոթացանք:

– Ժորա,- ներկայացավ հսկայամարմինը:

– Հրանտիկ և Արթուր:

Ես էլ ներկայացա ու տեղավորվեցի:

– Ի՞նչ մեղքի համար ես նստել:

– Տրեխներիս համար,- ասացի ես ու պատմեցի:

Տղաները ծիծաղեցին: Ժորան ասաց.

– Փոխիր, կոշիկներ հագիր:

– Փող չունենք:

Արթուրը միջամտեց.

– Փող ունենամ, քաղսովետի նախագահին ու իր կնոջը կփաթաթեմ, կտանեմ կգցեմ աղբարկղը:

Նորից ծիծաղեցին:

– Փողն ի՞նչ է, ձեռքի կեղտ,- ասաց Ժորան,- արդար ընկեր պիտի ունենաս: Աշոտ ջան, քեզ խորհուրդ կտամ՝ նախ զգույշ մնաս, երկրորդը՝ քեզ զսպես. չգիտե՞ս՝ հարուստները մարդկանց միայն վատություն են անում: Դու ժիր ես, բայց քեզնից ժիրը կա. Աստված չանի՝ բանտ նստես, մոր ծիծ կկտրեն: Երբ զայրանում ես, մինչև հարյուրը հաշվիր, հետո որոշիր՝ ինչ ես անում:

Ճաշը բերեցին, բաժանեցին: Մսով ապուր էր ու ծիրանի հյութ: Ես զարմացած ասացի.

– Մեր տանն այսպիսի ճաշ չեմ ուտում:

Տղաները ծիծաղեցին:

Առավոտյան ոստիկանը եկավ, ու միասին գնացինք մայորի մոտ: Մեր հարևանի ամուսինն այնտեղ էր: Մայորն ասաց.

– Շնորհակալություն հայտնիր այս մարդուն ու տուն գնա:

Ես շտապեցի տուն: Մայրս դիմավորեց ինձ:

– Տղա ջան, ծեծեցի՞ն:

– Ոչ:

Գործը վերջացավ: Հաջորդ առավոտյան մերոնց հետ նախաճաշեցի ու շտապեցի դպրոց: Ռազմիկը եկել էր: Թշնամաբար նայեց ինձ ու նստեց տեղը: Ֆիզիկայի ուսուցիչը մտավ: Ես շտապեցի տեղս գրավել:

– Եկա՞ր, հերոս,- ասաց նա:

Կանգնեցի:

– Նստիր,- ասաց ու անմիջապես էլ հարցրեց.- դասդ սովորե՞լ ես:

Երբ պատասխանեցի՝ այո, դասընկերներս զարմացան: Ուսուցիչը նայեց ինձ ու ասաց.

– Մի՛ շտապիր:

Դասերից հետո շտապեցի տուն: Ճանապարհին հանդիպեցի Կարինեին. գուցե ի՞նձ էր սպասում: Մոտեցա, ուզեցի բարևել, ինձնից առաջ ընկավ.

– Բարև, Աշոտ, ո՞նց ես:

– Շան օրին,- պատասխանեցի ես,- հայրդ չլիներ, կմնայի բանտում:

– Ես խնդրեցի:

– Քեզանից էլ եմ շնորհակալ:

Եվ սկսեցինք առօրյա գործերի մասին զրուցել: Հասանք տուն և բաժանվեցինք:

– Առավոտները սպասիր ինձ,- դարպասին հասնելով՝ ասաց Կարինեն:

– Լսում եմ:

Երկուսս էլ ծիծաղեցինք ու դարպասները փակեցինք:

Հաջորդ օրը միասին գնացինք դպրոց: Ճանապարհին հանդիպեցինք այն նույն տղաներին:

– Բարև ձեզ, ո՞նց ես, սիրուն աղջիկ ես գտել:

– Հիմա մռութդ կտրորեմ, կիմանաս:

Ես հիշեցի Ժորայի խոսքերը և ինձ զսպեցի: Հեռվից երևաց հորեղբորս տղան՝ Համլետը: Տղաներից մեծը դարձյալ ուզեց խփել, ես պաշտպանվեցի: Համլետն արագացրեց քայլերը: Տղան նորից փորձեց չռփել ինձ, նա ձեռքերը բռնեց: Տղաները փախան: Ես ամբողջը պատմեցի:

– Ես կբռնեմ:

Մենք շտապեցինք…

Ամսվա վերջին ես ցնծության մեջ էի. հայրս աշխատավարձ ստացավ և կոշիկներ գնեց: Հաջորդ օրը կոշիկներս հագա և շտապեցի դպրոց: Կարինեն ամեն օրվա պես սպասում էր ինձ: Ես դուրս եկա դարպասից և հանդիպեցի նրան:

– Շնորհավոր լինի:

Մենք ծիծաղեցինք, և նա ինձ ճանապարհեց դպրոց: Երբ դասարան մտա, ոչ մեկն ինձ վրա ուշադրություն չդարձրեց, բացի Արթուրից. երևի խուսափում էին: Ես փրկվեցի: Դասի վերջում Արթուրն ասաց.

– Աշոտ ջան, արի ինձ հետ գնանք:

– Ո՞ւր:

– Մեր մարզիչի մոտ:

– Ինչի՞ համար:

– Դու ժիր տղա ես. պարապում ենք, արի միասին պարապենք:

– Ի՞նչ:

– Բոքս…

Ես երկար մտածեցի և վերջապես համաձայնվեցի: Մարզիչն ուշադիր նայեց ու հարցրեց.

– Կարո՞ղ ես պարապել:

– Այո,- ասացի:

Սկսեցի պարապել: Շուտով անուն հանեցի, միջդպրոցական մրցումների ժամանակ առաջին տեղը գրավեցի, ափսոս, որ վերջինին չմասնակցեցի. քննություններից հետո ստիպված գնացի աշխատանքի: Ինժեները հարցրեց.

– Ամրանագործ կաշխատե՞ս:

– Դա ի՞նչ բան է:

– Երկաթագործ:

– Ես հյուսնի աշակերտ եմ ուզում լինել:

– Մի քիչ աշխատիր, դուրդ չգա, կփոխեմ:

Համաձայնվեցի: Հաջորդ օրը գնացի աշխատանքի: Վարպետը ժպտալով հարցրեց.

– Կարո՞ղ ես աշխատել:

– Կարող եմ,- համարձակ ասացի ես:

– Վերցրու և խփիր,- ասաց նա:

Ինքը վերցրեց կտրիչը և դրեց երկաթի վրա: Ես սկսեցի խփել, բայց շուտով հոգնեցի: Երեք ամիս աշխատեցի: Վարպետը հառաչելով ասաց.

– Քո գործը չի, շատ ես փոքր: Ես ինժեներին կասեմ, գնա հյուսնի աշակերտ:

Աշխատանքս փոխեցի: Նոր գործն ինձ շատ դուր եկավ: Շուտով ինժեներն իմ անունով էր երդվում: Մի օր նա եկավ մեզ մոտ ու ժպտալով հարցրեց.

– Ո՞նց ես:

– Շատ լավ,- պատասխանեցի ես,- շնորհակալ եմ Ձեզանից…

Ես արհեստ սովորեցի: Սկզբում աթոռներ սարքեցի, հետո պահարան և այլն: Մի օր էլ Կարինեին հանդիպեցի:

– Արհեստավոր դարձար,- ասաց,- տեսել եմ, լավ գործեր ես արել: Ինձ համար էլ երկու կախիչ սարքիր, շորերս պահարանում ընկած են: Իմիջիայլոց, երեկոյան կինո կա՝ «Թափառաշրջիկը», կգա՞ս:

– Հաճույքով:

Ժամը տասնութի համար տոմս առանք և սկսեցինք զբոսնել: Հինգ տղա մոտեցան, բարձրահասակը հարցրեց.

– Ներեցեք, տոմս կա՞:

– Կես ժամ առաջ կար:

– Տոմսերը ցույց տվեք:

Մենք միամտաբար ցույց տվեցինք: Զանգը տվեցին: Դռնապանը հազիվ էր հասցնում տոմսերը ստուգել: Մենք մտանք ու տեղավորվեցինք: Ֆիլմը սկսվեց: Այդ պահին նույն տղաները եկան ու ինձ առաջարկեցին.

– Տեղդ փոխիր:

Ես մերժեցի, բայց երկու հոգով զոռով տեղափոխեցին ինձ: Բարձրահասակը նստեց Կարինեի կողքին: Մի խոսքով՝ կինոն հարամ եղավ: Ֆիլմի ավարտվելուց հետո տղաներն ինձ տարան ու հանձնեցին Կարինեին: Իրենք դուրս եկան: Մենք հասանք դռնապանի մոտ.

– Թաղեմ ձեզ… Ոստիկանապետի տղան էր… Ներեցեք:

Մենք դուրս եկանք: Ամբողջ ճանապարհին լուռ էինք: Վերջապես ես խախտեցի լռությունը.

– Ի՞նչ էր ասում տղան:

Կարինեն կմկմալով ասաց.

– «Արի իմ կինը դարձիր»: Ես ուզեցի մերժել, բայց ասաց. «Իմ ցանկությունը քեզ համար օրենք է. տասն ավարտես, իմն ես»:

– Նշանակում է՝ հորթ ես կամ այծ,- հոգոց հանելով ասացի ես:

Կարինեն նեղացավ.

– Արի մռութին հագցրու և ասա՝ իմ սիրածն է:

– Ոստիկանապետի տղան է, դրա համար էլ խոշոր է բրդում,- ասացի ես,- մի անգամ ընկա, բավական է:

– Բա ի՞նչ անենք:

– Քո գործն է. որոշիր՝ ի՞մ կողմն ես, թե՞ այդ տղայի:

Կարինեն իսկույն պատասխանեց.

– Քո կողմը և վերջ:

Երբ հասանք մեր տներին, Կարինեն մոտեցավ, մեղմորեն համբուրեց ու ժպտալով վազեց իրենց դարպասի կողմը. նշանակում է՝ սիրում էր: Ես ուրախ գնացի տուն: Երեկոյան հայրս եկավ, ընթրեց և ժպտալով ասաց.

– Ժողով է:

Նա նստեց սեղանի մոտ, մենք էլ՝ նրա շուրջը:

– Աշոտ ջան, հաշվիր՝ ինչքան է երեք տարվա վարձը:

– Հազար ութսուն ռուբլի:

– Ուրեմն մի սենյակ կառնենք:

– Որտե՞ղ ես տեսել,- հարցրեց մայրս:

– Ճանապարհին:

– Փողը որտեղի՞ց է:

– Ստիպված եմ եղբորիցս վերցնել:

«Որ տեղափոխվենք, Կարինեին չեմ տեսնի»,- մտածեցի ես:

Մի ամիս անց տունն առանք ու տեղափոխվեցինք: Մի սենյակ էր, կողքին էլ մի խոհանոց սարքեցինք և վարձից ազատվեցինք: Այդ տարի գիշերային դպրոց գնացի, իններորդ դասարան: Դասարանը բաղկացած էր տասնհինգ հոգուց: Ամենից փոքրը ես էի: Անտառտնտեսության պետն էր, ֆաբրիկայի մեխանիկը, գլխավոր հաշվապահը, հրշեջ խմբի պետը և մանր հաշվապահներ. միայն ես պաշտոն չունեի: Մականունս կնքեցին «Ճուտո»: Նրանք հաճախ ինձանից էին արտագրում: Մի անգամ ռուսերենի ուսուցիչն ասաց.

– Աշոտից արտագրում եք ու սխալներ եք անում:

– Ես էլ իմանամ, կգրեմ,- կմկմաց մեխանիկը:

Ուսուցիչը ծիծաղելով միջակ նշանակեց: Բոլորն աշխատանքի ընթացքում սովորում էին: Ինձ համար դա հնարավոր չէր. ես ստիպված էի գիշերները սովորել: Շատ դժվար էր: Մեր տան կողքին ձոր էր, վերևում՝ փշե թփեր: Հայրս գործից հետո կամ կիրակի օրերին փորում էր: Ես ստիպված օգնում էի: Մնում էր՝ Կարինեից էլ զրկվեի: Մի կերպ իննս ավարտեցի: Արձակուրդներին երբեմն Կարինեի հետ գնում էի կինո, երբեմն էլ տան համար աթոռ էի սարքում: Ինձ թվում էր՝ ոստիկանապետի տղան ձեռք է քաշել Կարինեից. հետո հասկացա, որ այդպես չէր: Երկու ամիս անցավ: Ես գնացի տասներորդ դասարան: Դեկտեմբերի վերջին կիրակին էր: Կախիչ էի պատրաստում, երբ վերևից լսեցի Կարինեի ձայնը.

– Իջի՛ր:

Շտապեցի: Կարինեն ժպտալով հարցրեց.

– Երեկոյան կգա՞ս կինո:

– Ի՞նչ ֆիլմ է:

– «Վոլգա, Վոլգան»:

– Հաճույքով:

Երեկոյան գնացինք: Երանի չգնայինք: Տոմսերն առանք ու սկսեցինք զբոսնել: Նույն տղաները պատահեցին: Ես գունատվեցի: Նրանք մոտեցան, և բարձրահասակն ասաց.

– Դու ազատ ես:

Մենք փախանք: Տղաները վազեցին ու շրջապատեցին մեզ, և մենք ստիպված կանգնեցինք: Խոսքի ընթացքում իմացա, որ բարձրահասակի անունը Կիմ էր: Ասաց.

– Տղա ջան, խելոք մնա, Կարինեն մեզ պետք է:

– Ինձ էլ է պետք:

Եվ փորձեցի խփել: Կիմը պաշտպանվեց:

– Չալդո՛,- ասաց,- վզակոթին խփի՛ր, թող գնա:

Տղան ուզեց խփել, բայց ես ճարպկորեն խույս տվեցի ու բազուկից բռնեցի: Կիմը շտապեց նկատել.

– Տղան իսկապես ճարպիկ է, թող:

Չալդոն թողեց: Ես ասացի.

– Մեկ-մեկ եկեք, պարտվեք կամ հաղթեք: Ես կմտածեմ:

– Դու էլ խումբ կազմիր,- ժպտալով պատասխանեց Կիմը:

Բոլորը ծիծաղեցին և Կարինեին տարան: «Սպասիր, Կիմ տղա, վրեժս կառնեմ»,- ասում էի ինքս ինձ: Քոռ ու փոշման գնացի կինո: Ամբողջ ընթացքում հազար ու մի բան մտածեցի, Ժորայի ասածը չստացվեց: Ստիպված ֆիլմը նայեցի, իսկ երբ վերջացավ, Կարինեին բերեցին ինձ մոտ:

– Համեցեք,- ասաց Կիմը:

Ես դժգոհ նայեցի նրան ու ասացի.

– Քեզ համար խնամակալ չեմ:

– Ես հարգում եմ քեզ և ուզում եմ հետդ ընկերանալ,- համեստորեն ասաց Կիմը,- իմիջիայլոց, անունդ պարգևիր:

– Անունս քո ինչի՞ն է պետք:

– Այսուհետև Կարինեին քեզ հետ կբերես,- խստորեն ասաց Կիմը,- չես բերի, քեզ կծեծենք:

– Ես ծեծվելուց չեմ վախենում:

– Խնդրում եմ, բեր քեզ հետ:

– Երբեք:

– Դու գիտես, ես խնդրեցի:

Գնացինք: Ճանապարհին լուռ էինք: Կարինեին ասաց.

– Ինչո՞ւ ես կպել այդ գյուղացուն:

– Մենք սիրում ենք իրար:

– Սերը քեզ համար ի՞նչ է:

– Մեզ համար կյանք է:

Կիմը լռեց:

Այդուհետ Կարինեն չեկավ: Գիշեր-ցերեկ մտածում էի՝ ինչ անեմ: Նրանք շատ էին, ես՝ մենակ: Սպանեմ, վատ է. ի՛նչ քար տամ գլխիս: Մի անգամ հանդիպեցի Ժորային և խորհուրդ հարցրի: Նա մտածեց ու հոգոց հանելով ասաց.

– Գործդ վատ է. սպանես, բանտ կնստես, ուժ չունես, որ ծեծես, ես ի՞նչ անեմ:

Գործից հետո հանդիպեցի Կարինեին:

– Ժամանակ ունե՞ս, երեկոյան գնանք կինո,- ժպտալով հարցրեց նա:

Մտածեցի. «Չգնամ, ամոթ է, գնամ, ծեծ կուտեմ»: Վերջապես որոշեցի գնալ: Կարինեն ուրախացավ և պինդ համբուրեց: Երեկոյան, երբ ճանապարհին կանգնած՝ Կարինեին էի սպասում, մի պառավ մոտեցավ ու խնդրեց.

– Տղա ջան, մի րոպեով տար մեր տուն:

 Մտածեցի. «Չգնամ, ամոթ է, գնամ, Կարինեն կանցնի, ի՞նչ անեմ»: Վերջապես որոշեցի չգնալ և նեղվելով ասացի.

– Ներեցեք, մարդու եմ սպասում:

Պառավը լռեց: Շուտով Կարինեն եկավ, և մենք ուրախ տրամադրությամբ գնացինք: Ամեն ինչ հաջող անցավ. ֆիլմը նայեցինք ու բարեհաջող եկանք տուն:

Մի անգամ ակումբի մոտ զբոսնում էի: Խմբով շրջապատեցին ինձ: Կիմն ասաց.

– Ես զգուշացրել էի, որ կծեծեմ:

Եվ սկսեցին ծեծել: Բարեբախտաբար երեսիս չէին խփում:

– Մյուս անգամ Կարինեին կբերես,- ասաց Կիմը, երբ ծեծելը դադարեցրին:

– Չեմ բերի,- համառեցի ես ու փախա:

Դրանից հետո փորձում էի այդ կողմերում չերևալ: Գիշեր-ցերեկ մտածում էի. «Ի՞նչ անեմ… Երբևիցե վրեժս կառնե՞մ…»:

Դասերի ժամանակ հաճախակի քնում էի: Մի անգամ քնել էի, ուսուցիչը մոտեցավ ինձ, զգուշությամբ արթնացրեց ու ասաց.

– Ցերեկները շատ ե՞ս հոգնում:

Իսկույն կանգնեցի և շտապեցի արդարանալ: Ամբողջ դասարանը ծիծաղեց, իսկ մեխանիկը շտապեց փրկել ինձ.

– Երևի սիրահարված է:

– Բարդ գործ է, սեփական փորձից գիտեմ,- ասաց Միշան:

Նորից ծիծաղեցին:

– Միշայի ասածն է,- ասացի ես ու պատմեցի Կարինեի մասին:

– Կիմը խմբով է ման գալիս, քո գործն իսկապես վատ է,- շտապեց նկատել Միշան,- ամբողջ քաղաքը ոստիկանապետի ու նախագահի ձեռքում է:

– Երկուսն էլ ինձ համար եկան:

– Նախագահը քեզ ի՞նչ է արել,- զարմացած հարցրեց Միշան:

– Տղային եմ ծեծել:

– Դասարանում համեստ ես երևում, մեզ էլ կծեծես:

Տղաները նորից ծիծաղեցին:

– Դասը շուկա դարձրիք,- զայրացավ ուսուցիչը:

Տղաները լռեցին, և նա շարունակեց պատմել նոր դասը:

Դասերն ավարտվեցին, փոխադրվեցինք տասներորդ դասարան: Մի օր երեկոյան գնացինք կինո, հետո դուրս եկանք ու զբոսնում էինք: Հանկարծ երևաց խումբը: Մոտեցան ու մեխանիկին ասացին.

– Ներեցեք, կարելի՞ է ձեր ընկերոջը մի բան ասել:

– Խնդրեմ,- ժպտալով ասաց մեխանիկը:

Կիմը մոտեցավ ինձ և շշնջաց.

– Միգուցե խելոքանաս:

– Ես խելոք եմ:

Նա ապտակեց ինձ, ես էլ պատասխանեցի: Խումբը սկսեց ինձ ծեծել, մերոնք էլ խառնվեցին: Մի մեծ կռիվ ստացվեց: Ոստիկանները բաժանեցին մեզ:

– Այսուհետև դու մեռած ես,- ինձ մոտենալով՝ ասաց Կիմը:

Ընկերներս մեզ բաժանեցին, և հեռացանք: Մեխանիկը լուրջ-լուրջ ասաց.

– Մեր գործը վատ է:

– Կտեսնենք:

Գնացինք տուն: Երկու ամիս նրանց չտեսա: Դասերը սկսվեցին: Մի օր, երբ դարձյալ կինո էի գնացել, հանկարծ շրջապատեցին ինձ: Կիմը խնդմնդալով ասաց.

– Ո՞նց ես:

– Շատ լավ:

Նորից սկսեցին ծեծել:

– Կարինեին կբերե՞ս,- դադար տալուց հետո հարցրեց Կիմը:

– Ոչ…

Փախա ու այլևս նրանց չտեսա: Բարով-խերով գնացի տասներորդ դասարան: Մի քանի անգամ հանդիպեցի Կարինեին, խոսեցինք ու հրաժեշտ տվինք: Մի անգամ էլ նա եկավ ինձ մոտ ու ասաց.

– Մորաքույրս մահացել է, ծնողներս գնացել են: Մենակ եմ, կգա՞ս ինձ մոտ:

Ես մտածմունքի մեջ ընկա. ի՞նչ անեմ:

Կարինեն ժպտաց.

– Մի՛ մտահոգվիր, ես արդեն մտածել եմ: Վաղն ընտրությունների օրն է. տանն ասա, որ պետք է մեծերին օգնես ու արի մոտս:

Ժամը քսանչորսին ասացի.

– Մայրիկ, գնում եմ ընտրատեղամաս՝ օգնելու:

– Զգույշ մնա, չմրսես,- ասաց մայրս:

Ես դուրս եկա տնից և ուղղվեցի ընտրատարածքների օկրուգ: Մի քիչ գնացի և շուռ եկա Կարինեենց տան կողմը: Շուտով հասա: Դարպասը բաց էր: Գնացի ուղիղ դեպի դուռը, երեք անգամ թակեցի, Կարինեն բացեց: Գողեգող մտա ներս, և մենք համբուրվեցինք: Կարինեն զգուշությամբ գնաց, դռնակը փակեց: Մենք յոթերորդ երկնքում էինք: Կարինեն սկսեց սեղան պատրաստել. երշիկ, տոլմա, տորթ, ապխտած միս, կանաչի, զեյթուն, ձկան խավիար և մանր-մունր այլ բաներ, նաև սապերավի գինի, կոնյակ, հանքային ջրեր: Ճիշտն ասած՝ կյանքումս այդպիսի սեղան չէի տեսել: Սկսեցինք անուշ անել: Ես զգույշ էի: Կարինեն խմում էր և շուտով սկսեց նեղել ինձ. համբուրում էր, պառկում էր վրաս և այլն: Ես զգուշանում էի: Կարինեն անսպասելի մտավ մյուս սենյակ ու երբ եկավ, ես վախեցած նայեցի նրան. ամբողջովին մերկ էր: Հիշեցի բանտը, մեր երեխաներին ու մտածեցի՝ թքած, մի անգամ եմ ապրում: Կարինեն վերջին շորն էլ հանեց, և միացանք իրար: Երբ վերջացրինք, նա քնեց, իսկ ես՝ ոչ. մտքերի մեջ ընկա: Հանկարծ ծնողները դատի տան և ասեն, թե բռնաբարել եմ: Հիշեցի Ժորայի խորհուրդը. «Տասն անգամ մտածիր, հետո գործիր»: Կարինեն արթնացավ ու կպավ ինձ.

– Ինչո՞ւ չես քնել:

– Մտածում էի:

– Ինչի՞ մասին:

– Քո մասին: Որ բանակ գնամ, ո՞նց պիտի ապրես:

Կարինեն սկսեց լացել.

– Քո մասին մտածիր: Ես կապրեմ:

Եվ համբուրվեցինք: Լույսը բացվեց:

– Մարդ չտեսնի,- անհանգստացավ Կարինեն:

Վերջին անգամ համբուրեցի և դուրս եկա:

– Զգույշ մնա, մարդ չտեսնի,- նորից ասաց Կարինեն:

Դարպասից դուրս գալուն պես հանդիպեցի Արմենին: Սփրթնեցի:

– Որտեղի՞ց ես գալիս:

– Կարինեենց տնից,- ասացի ես և խնդրեցի.- Արմեն ջան, չասես:

– Երեխա չես. զգույշ մնա, բանտ չնստես:

Ես մտահոգ գնացի տուն: Մի ամիս անցավ, Կարինեին չտեսա: Երկրորդ ամսի տասնհինգին տեսա: Նա զարմացավ.

– Գիտեի՝ բանակ ես գնացել, կուշտ լացելով ու անիծելով ասացի՝ չտեսա:

– Երեխա չես,- ասացի ես ու պատմեցի Արմենի մասին:

– Այսօր գնանք կինո, ի՞նչ կլինի:

– Գնանք:

Երեկոյան Կարինեին էի սպասում, երեք տղա մոտեցան:

– Կարինեին ե՞ս սպասում:

– Քո ի՞նչ գործն է:

– Քո մասին եմ մտածում. չես ուզում, չեմ ասի:

Ես սփրթնեցի ու կարկամած ասացի.

– Պատմիր:

– Տղա,- կցկտուր ասաց նա,- Կարինեին տարան:

– Ո՞վ տարավ:

– Կիմը:

– Ո՞ւր տարավ:

– Կինո:

Ես քոռ ու փոշման գնացի ակումբի կողմը: Ոչ մի բան չէի տեսնում: Հանդիպեցի ընկերոջս.

– Ո՞ւր ես գնում:

– Գրողի ծոցը:

– Ի՞նչ է պատահել,- զարմացավ ընկերս:

Ես ամեն ինչ պատմեցի:

– Կիմը քաղաքի տերն է,- ասաց նա:

Ես մտքումս ասացի. «Թող քեֆ անի, մի օր էլ մեր փողոցում քեֆ կլինի»: Հանկարծ հանդիպեցի Կարինեին. Կիմը թևանցուկ էր արել: Քիչ այն կողմ թիկնապահներն էին: Արյունս եռաց: Մոտեցա և ամբողջ ուժով խփեցի Կիմի մռութին: Կարինեն զարմացած նայեց ինձ և ուզեց խանգարել: Կիմը բռնեց:

– Հանգիստ մնա,- ասաց, ապա գոռաց.- տղե՛րք, տղին պատվե՛ք:

Ես իսկույն հասկացա և փորձեցի փախչել: Տղերքը շրջապատեցին ինձ և սկսեցին ծեծել: Հեռվից մի ոստիկան վազեց մեր կողմը: Տղերքը փախան: Ես վախեցած վեր կացա, շորերս թափ տվեցի և ասացի.

– Շնորհակալություն օգնության համար:

Ոստիկանը զարմացած նայեց ինձ.

– Զգույշ մնա, ոստիկանապետի տղան է:

– Ես գիտեմ:

– Քո գործն է,- ասաց նա ու հեռացավ:

Մտածելով քայլեցի մեր տան կողմը: Հիշեցի Ժորային. «Տասն անգամ մտածիր, հետո գործիր»:

Հաջորդ օրը հանդիպեցի Կարինեին:

– Կիմը քեզ բարևում էր,- ասաց, ապա ափսոսանքով շարունակեց.- քիչ է մնում քեզանից հեռանամ:

– Մի՛ շտապիր, մի օր էլ վրեժս կառնեմ,- ասացի ես ու շտապեցի դպրոց:

Կարինեն մնաց շփոթված կանգնած:

Տարին վերջացավ, քննություններս հանձնեցի և միջնակարգն ավարտեցի: Ամառ էր: Դասարանով գնացինք Վահանա վանքը՝ քեֆի: Մի անգամ էլ կինո գնացինք: Հանդիպեցի Կիմին:

– Կարինեից ձեռ քաշիր,- հոգոց հանելով ասաց նա,- դու լավ տղա ես, ես էլ քեզանից եմ լավը, արի ընկերանանք:

– Երբեք չեմ ընկերանա քեզ հետ:

– Կարինեին քեզ չեմ տա,- ասաց Կիմը:

– Կառնես, կզղջաս,- ծիծաղելով ասացի ես:

– Ի՞նչ կանես,- կասկածանքով հարցրեց նա:

– Հետո կիմանաս…

Սեպտեմբերի քսանհինգին զինկոմիսարիատից կանչեցին: Բժիշկները որոշեցին. առողջ էի: Սեպտեմբերի երեսունին գնացինք Երևանի հավաքակայան: Ով բարեկամ ուներ, գնաց տուն, մյուսները մնացին կայանում: Բոլորի հավաքվելուց հետո գնացք նստեցինք և ճանապարհ ընկանք: Մոտավորապես իմացանք, որ գնում ենք Բելոռուսիա: Ամեն կայարանում տղերքը մտնում էին խանութներն, ու ինչ պատահեր, թալանում էին: Երբեմն հրամանատարը ստիպված գնացքը կանգնեցնում էր դաշտի մեջ. տղաներն իջնում էին ու շարվում՝ արտաքնոց գնալու: Մեր գնացքն ապրանքատար էր: Տղաները տախտակներին պառկած էին քնում: Շուտով թույլերը սկսեցին հիվանդանալ, իսկ ուժեղները դեռ փորձում էին դիմանալ: Մի անգամ տղաները որոշեցին կոխ բռնել: Բոլորը հերթով բռնեցին, մնաց ամենից ուժեղը: Ես չուզեցի կպչել, որ կռիվ չլինի: Ուժեղը մի երեք անգամ գնաց-եկավ, ասաց.

– Կապանցի չե՞ս, ուզում ե՞ս ինձ հետ կպչել:

– Չեմ ուզում,- հանգիստ ասացի ես:

– Վախենում ե՞ս:

– Մի՛ վիրավորիր,- ասացի:

Հետո կատաղությունից վերցրի ու շպրտեցի: Ընկավ վառարանի վրա ու վեր կենալով ասաց.

– Չեղավ, արի նորից կպչենք, պատրաստ եմ:

– Կպչենք:

Ես վերցրի ու դիտմամբ նորից խփեցի վառարանին: Տղան վեր կացավ.

– Ես պարտված եմ:

Տղերքը ծափ տվեցին՝ գոչելով.

– Կեցցե՜ կապանցին:

Հաջորդ օրը, երբ հերթական կայարանում կանգ առանք, տղաներից մեկը կանչեց.

– Տղե՛րք, իջանք:

Սկսեցինք փնտրել: Մի լիքը վագոն գտանք ու բացեցինք. պարզվեց՝ ձմերուկ է: Այնքան կրեցինք, որ շուտով վագոնը կես ընկավ: Գնացքը սուլեց, և տղերքը շտապեցին բարձրանալ: Երբ շարժվեց, սկսեցինք ուտել: Գիշերվա կեսին էշելոնը կանգնեցրին ու կեսից անջատեցին: Հետո իմացանք, որ տարել են Բարբուսյակ քաղաքը: Մենք շարունակեցինք գնալ և շուտով հասանք Սլուցկ քաղաքը: Ժամը ինն էր: Բոլորս ամառային հագուստներով էինք. իջանք և սկսեցինք դողալ: Հրամանատարն ասաց.

– Մի անկյունում հավաքվեք, սպասեք մեքենային:

Մի ժամ ցրտից դողացինք, մինչև մեքենան եկավ, բայց երանի չգար: Սրթսրթալով բարձրացանք ու մի ժամից հասնելով զորամաս՝ ուղիղ գնացինք ճաշարան: Ներս մտանք ու մի անկյունում կանգնեցինք: Հրամանատարը եկավ ու գոչեց.

– Դուրս եկեք շարվե՛ք:

– Այսօրվանից ծառայությունը սկսվեց,- ժպիտով ասաց տղաներից մեկը:

Տաք ճաշ կերանք ու գնացինք բաղնիք, տղաներով իրար չանչեցինք: Երեկոյան շորերի վրա գրեցինք ու մեռածի պես քնեցինք:

Կարանտինը մի կերպ վերջացավ: Մի օր հավաքեցին կարմիր անկյունում ու ասացին.

– Այսօրվանից դուք մարտիկ եք:

Բաշխեցին ըստ զորամասերի: Մենք մտանք տանկային դպրոց: Վեց ամիս հետո ավարտեցի և մտա հետախուզական զորամաս: Երկու տարին մի կերպ անցավ: Մի օր տնից նամակ ստացա և վատացա. Կիմը Կարինեին փախցրել էր: Ես գժվեցի: Ամբողջ գիշեր չքնեցի. մտածում էի՝ ոնց վրեժս առնեմ: Վերջապես քունը հաղթեց: Երրորդ տարվա վերջում հինգ հոգուս տարան Մինսկ՝ բժշկի: Զարմացած իրար հարցնում էինք.

– Մեզ ի՞նչ է պատահել:

Վերադառնալուց հետո էլ էի մտահոգ. տեսնես ի՞նչ էր լինելու: Որոշեցի գնալ շտաբ: Մի ծանոթ ունեի, անունը՝ Զազուլյա. մի քիչ մզմզաց, կմկմաց ու ասաց.

– Ձեզ տանում են դեսանտի դպրոց:

Ոմանք ուրախացան, ոմանք տխրեցին: Մտածում էի՝ ինչ անեմ. գնայի, հայրս մենակ էր, չգնայի, վատ կլիներ: Բայց որոշեցի չգնալ: Հինգ օր հետո տղերքը գնացին, մենք մնացինք:

Աշուն էր: Ծառերի տերևները սկսեցին թափվել, ցուրտը սեղմեց, ձյունը ծածկեց, մենք սկսեցինք դողալ, և այդ ժամանակ հրամանը եկավ: Ոմանք լվանում էին, ոմանք՝ արդուկում…: Դեկտեմբերի երկուսին Սլուցկից ճանապարհվեցի տուն, ամսի յոթին հասա:

Մայրս քարի վրա էր. քիչ մնաց ընկներ: Հասա նրան, գրկախառնվեցինք և գնացինք տուն: Երեկոյան ամբողջ ընտանիքը հավաքվեց: Մեծ քույրս ասաց.

– Աշոտ ջան, Կարինեն իր աղջկա հետ ապրում է ակումբի մոտի շենքում: Կիմը մեկ-մեկ այցելում է երեխային:

– Տղա ջան,- խոսեց հայրս,- Կարինեն քեզ համար կին չի դառնա, արի ձեռ քաշիր:

Ես լռեցի: Հաջորդ օրը գնացի Կարինեենց տուն: Նա զարմացավ.

– Աչքս ջուր կտրեց… Արի տես՝ Կարինեն ինչ օրի է:

– Դու ես մեղավոր,- տխուր պատասխանեցի ես ու գունատվեցի:

Երեխային շոկոլադ տվեցի: Կարինեն պատմեց.

– Մի օր որոշեցի կինո գնալ, ծնողներս արգելեցին. «Մի՛ գնա, սպասիր Աշոտին, մնացել է կես տարի»: Ես չլսեցի: Երեկոյան գնացի կինո: Հանկարծ իմ առջև բուսնեց Կիմը և ասաց.

– Շատ եմ սպասել, արի:

– Ո՞ւր:

– Մեր տուն:

Ես սկսեցի գոռալ, բայց բերանս փակեցին ու տարան: Երբ հասանք ինձ անծանոթ մի տուն, Կիմն ասաց.

– Այսօրվանից իմ հարսնացուն ես:

Ես փորձեցի խնդրել, բայց նա չլսեց՝ ասելով.

– Ե՛ս գիտեմ:

Երեկոյան Կիմը զանգեց ծնողներիս.

– Հանգիստ եղեք, Կարինեն Կիմի մոտ է և ողջ-առողջ է:

Մի ամիս անցավ, ինձ տարան բժշկի:

– Հղի է,- ասացին:

Կիմը վճարեց, դուրս եկանք: Մի օր էլ Կիմն ինձ տարավ մեր տուն և ծնողներիս ասաց.

– Կարինեն աղջիկ չէր:

Հայրս գունատվեց:

– Ով մեղավոր է, թող նա էլ տանի,- շարունակեց Կիմն ու դուրս եկավ:

Մայրս գիտեր. պատմեց հորս, և սկսեցին ինձ քարկոծել: Ես ամբողջ օրը լացում էի: Մայիսին երեխան ծնվեց: Ես որոշեցի տուն չգնալ: Երբ Կիմը հիվանդանոց եկավ, ես լացակումած ասացի.

– Չեմ ուզում մեր տուն գնալ:

Կիմը մեզ համար տուն առավ: Այսպես էլ ապրեցինք մինչև քո գալը…

Ես մտածում էի՝ ինչ անեմ: Այդ միջոցին Կիմը մտավ և գունատվեց:

– Դու մեր տանն ի՞նչ ես անում:

Ես հարցին հարցով պատասխանեցի.

– Քո արածը քո դուրը եկա՞վ:

– Քո գործն էլ պատվելի չէր,- ասաց նա:

– Ես եմ մեղավոր,- գլուխը կախեց Կարինեն:

Քիչ անց Կիմը զայրացած դուրս եկավ: Մենք մնացինք երկուսով: Կարինեն ժպտաց.

– Ի՞նչ անեմ, ես եմ մեղավոր…

Մի ամիս անցավ, Կիմը չերևաց:

– Երևի թողեց քեզ,- ասաց Կարինեն:

Երեկոյան մեր տանն ասացի.

– Հայրիկ ջան, թույլ տուր Կարինեին առնեմ:

– Նորից եմ ասում,- հառաչեց հայրս,- Կարինեն քեզ համար կին չի դառնա:

– Երևի Աշոտի բախտն է,- նկատեց մայրս:

Ես լռեցի: Հաջորդ անգամ, երբ Կարինեենց տուն գնացի, զարմանքով տեսա, որ նրա հայրը գուրգուրում է թոռանը: Բարևեցի ու նստեցի: Հայրը հարցրեց.

– Հիշո՞ւմ ես ինձ:

– Լավ եմ հիշում. ինձ բանտից փրկեցիր: Ուզում ես ասել՝ քեզ պարտք եմ:

– Հիշիր՝ ինչ ես արել,- նեղացավ հայրը:

– Ես մեղավոր չեմ, այնուամենայնիվ, պատրաստ եմ մեղքս քավել:

Կարինեի հայրը մի պահ լռեց և հառաչելով ասաց.

– Իմ աղջիկն է մեղավոր, դրա համար հարցնում եմ. կարող է՞ Կարինեին առնես:

– Անպայման, մենք սիրում ենք իրար:

– Դրա համար եմ ասում. միակ աղջիկ է, լիքը տուն է, արի ամուսնացիր ու մեր տանն ապրիր:

Հիշեցի հորս խոսքը՝ «Երբեք աներոջդ տանը չապրես», և մերժեցի: Հայրը լռեց: Մի քիչ հետո ասաց.

– Փող ունե՞ս:

– Ոչ:

– Արի տամ, գնա Երևան, տուն առ, ապրեք:

– Համաձայն եմ,- փոքր-ինչ մտածելուց հետո ասացի ես:

Մի քանի օրից գնացինք Երևան, Քանաքեռից վերև մի տուն առանք ու սկսեցինք ապրել: Մի հարևան ունեինք, անունն Արա էր: Մի անգամ կանչեց.

– Արի նարդի խաղանք:

– Գալիս եմ:

– Ես որ չկանչեմ,- ասաց Արան ժպտալով,- տարին լրանա, դու չես կանչի, հարցնես՝ Արա, ո՞նց ես: Մի՛ փորձիր շատ համեստ ձևանալ:

– Շատ եմ հոգնում:

 Նարդի խաղացինք: Շուտով կինը սուրճ բերեց, հետո սեղան սարքեց` բանան, անանաս, շոկոլադ, խնձոր և այլն:

– Ընթրել եմ,- ասացի ես:

– Կրվես, ախորժակդ կբացվի,- ծիծաղեց Արան:

– Ո՞վ իմանա՝ դու կկրվե՞ս, թե՞ ես,- ասացի ես:

Շարունակեցինք խաղալ: Արան վեց-չորս հաշվով հաղթեց: Երկրորդ անգամ վեց-զրոյով ես հաղթեցի:

– Ամա՛լյա, գինի՛ բեր,- կնոջը կանչեց Արան:

Կինը շամպայն բերեց ու գնաց:

– Աշոտ ջան, մի տարի է անցել, մենք իրար ծանոթ չենք,- շիշը բացելով՝ խոսեց Արան,- ծանոթանանք:

Նա անկեղծանալով պատմեց.

– Ամալյան երկրորդ կինս է: Առաջինից երկու երեխա ունեմ՝ մի աղջիկ, մի տղա: Կինս անբարոյական էր, դրա համար էլ թողեցի: Երևանում երեք տուն եմ փոխել:

– Ինչո՞ւ:

– Հարևանս մատնիչ էր: Ես աշխատում եմ շամպայնի գործարանի պահեստում,- մի քիչ մնաց, հառաչեց ու շարունակեց,- արի իրար հետ լավ լինենք:

– Մատնիչ չեմ,- իսկույն ասացի ես:

– Տեր Աստված, ինձ փրկիր. թող քո ասածը լինի,- կրկին հառաչեց Արան,- ապա շարունակեց.- գործարանում մատնում են, հարևանս մատնում է. կրակն եմ ընկել:

– Ինչքան ապրեմ, չեմ մատնի:

Խմեցինք:

– Ես վերջացրի, հիմա քո հերթն է,- ասաց Արան:

– Ի՞նչ պատմեմ. ինժեներ եմ, ունեմ երկու երեխա, մեծը՝ աղջիկ, փոքրը՝ տղա, վերջ:

– Արի տուն մտնենք,- ժպտալով առաջարկեց Արան:

Նա առաջ ընկավ ու սկսեց ներկայացնել.

– Այս սեղանը Լենինգրադից եմ առել, աթոռները՝ Մոսկվայից, կախիչը Երևանից եմ առել, պատի նկարը՝ Լենինգրադից, մնացած մանրուքներն էլ Երևանից եմ առել:

Էքսկուրսիան վերջացավ, և Արան վախվխելով հարցրեց.

– Հավանում ե՞ս:

– Քո տունը շինվի,- պատասխանեցի ես,- ոնց որ Լենինգրադի Էրմիտաժը լինի:

Ապա ժպտալով ասացի.

– Շատ լավ է, բայց զգույշ մնա:

– Ինչո՞ւ:

– Ո՞վ գիտի:

Իջանք բակ:

– Մի բան ասեմ. արի ամբողջը վաճառիր, ոսկի առ, պահիր,- խորհուրդ տվեցի ես:

– Ինչի՞ համար:

– Նեղ օրվա,- ասացի ու ճանապարհվեցի տուն:

Մի ամիս անց լսեցի, որ Արային բանտարկել են: Կինը լացելով ասաց.

– Այն ժամանակ քեզ լսեի, հիմա ոսկի կլիներ ազատելու համար:

Ապա հառաչելով շարունակեց.

– Տունը բռնագրավեցին, Արային էլ բանտարկեցին. տանը մի ծեղ չկա, որ ծախեմ, ամուսնուս փրկեմ:

– Ես ժամանակին ասացի, չլսեցիք…

Արային տարան տայգա՝ փայտ կտրելու, կինն էլ մի տղամարդ բերեց տուն, միասին ապրեցին:

Արայի գնալուց հետո ես մնացի մենակ…

Մի օր էլ որոշեցի հետևել Կապանի գնացքին՝ վրեժս առնելու նպատակով: Մի երկաթե ձող վերցրի, թերթի մեջ փաթաթեցի և դրեցի ծոցագրպանումս: Երեք ամիս անցավ, Կիմի խումբը չեկավ: Հույսս կտրեցի՝ մտածելով, թե միգուցե իմ բախտից է: Մի որոշ ժամանակ հանդարտվեցի: Մի ամիս էլ անցավ: «Արարատն» ու «Դինամո Մինսկը» պիտի խաղային. ես ուրախացա և ինքս ինձ ասացի. «Վերջապես վրեժս կառնեմ»:

Մի շաբաթ հետո վերցրի զենքս և գնացի Կապանի գնացքը դիմավորելու: Սպասասրահը լիքն էր. որը՝ նստած, որը՝ պառկած, որը՝ կանգնած, նայում էին լուսամուտի կողմը: Հանկարծ գնացքի շչակը ամբողջ ուժով սուլեց: Մարդիկ զինվորի նման միանգամից վեր կացան և դիմեցին դռան կողմը: Մի պահ շիվարեցի. ելնողները կարծես ուզում էին հրմշտելով դուռը մեծացնել: Վերջապես ամբոխը դուրս եկավ, մնացի ես: Մի քիչ հետո ես էլ դուրս եկա: Գնացքը փնչոցով կանգնեց: Ուղևորները դուրս էին գալիս. որը՝ ճամպրուկով, որը՝ ուսապարկով, որը՝ արկղով, և թվում էր՝ ուզում են դուռը ջարդել: Վերջապես իջան: Ես ուշադիր հետևում էի: Վերջին մարդն էլ իջավ, սակայն Կիմի խումբը չերևաց: Ես տխրեցի. «Այսօր էլ չեկան»:

Հանկարծ վերջին վագոնից իջավ խումբը: Ես ինձ երջանիկ զգացի. ասես մի կիլոգրամ ոսկի էի գտել: Տղաներն իրար հրմշտելով գնում էին դեպի կայարանի ձախ կողմը: Ես ուշադիր հետևում էի: Վերջապես կանգ առան: Կիմը դուրս եկավ, գնաց արտաքնոցի ուղղությամբ: Ես երկնքում էի: Զենքս տնտղեցի և անմիջապես իջա Կիմի հետևից՝ մտքումս ասելով. «Վերջապես վրեժս առա»: Կիմը սնկսնկալով իջավ ու գնաց վերջին խուցը, ես էլ՝ հետևից: Կիմը չերևաց: Մի պահ սփրթնեցի, ապա ուշադիր նայելով նրա կողմն ու համոզվելով, որ միամիտ է, զենքս հանեցի ու մոտեցա: Կիմը շորերն իջեցրեց, այդ միջոցին մի քանի անգամ ուժգին խփեցի գլխին: Նա ուշաթափ ընկավ: Ես զգուշությամբ զենքս տեղը դրեցի ու դուրս եկա: Տղաները բանից անտեղյակ զրուցում էին: Ես տաքսի նստեցի ու հեռացա:

Հոկտեմբերի վերջին կիրակին էր: Ժողովուրդը հոսում էր դեպի ֆուտբոլի դաշտ: Հրազդան գետի կամրջին ասեղ գցելու տեղ չկար: Հասա կամրջին և զենքս ծոցագրպանիցս զգուշությամբ ցած սահեցրի: Մի րոպեում մարդիկ կոխկռտեցին, և հետքերս վերացան: Ես ուրախ-ուրախ գնացի ֆուտբոլ նայելու: Երբ վերջացավ, ու տուն գնացի, Կարինեն հարցրեց.

– Ո՞ւմ տեսար:

– Ընկերներիս:

– Ի՞նչ, Կիմի խմբին չտեսա՞ր:

Մտքով Ժորային հիշեցի և ասացի.

– Չտեսա:

– Չի կարող պատահել,- խորամանկորեն ասաց Կարինեն:

– Չեմ տեսել:

Կարինեն լռեց:

Հաջորդ օրը լսեց Կիմի մասին և կպավ ինձ.

– Դո՞ւ ես արել:

– Չեմ էլ տեսել,- զարմացած ձևացա ես:

Մինչև գիշեր վիճեցինք:

– Դո՞ւ ես արել…

– Չես հասկանո՞ւմ, մայրիկ, չի տեսել,- միջամտեց աղջիկը:

Կարինեն չհանգստացավ: Ասում էր.

– Դու ես արել:

Սկսեց ինձ վիրավորել:

– Վրեժս առա,- խոստովանեցի ես:

– Աղքատի՛ մեկը, դո՛ւրս գնա իմ տնից: Վաղը կգնամ, քեզ կմատնեմ…

Անցավ մի ամիս: Երեխաներին վերցրինք ու գնացինք Կապան: Հաջորդ օրը Կիմը մեռավ: Մենք գնացինք հուղարկավորելու: Մի օր անցավ, ես իջա ակումբի մոտ: Մեկն ասում էր՝ լավ եղավ, մյուսը, թե՝ շատ երես առավ: Մի ծերունի էլ ասաց.

– Իմանամ՝ ով է, ճակատը կհամբուրեմ:

Բոլորն ասում էին՝ լավ եղավ: Տասն օր մնացինք ու վերադարձանք Երևան: Հաջորդ օրը ծանուցում ստացա. «Վաղը համեցեք ոստիկանություն»:

Կարինեին ցույց չտվեցի: Ամբողջ օրը մտածեցի, թե ով կարող էր մատնած լինել: Առավոտը շուտ գնացի աշխատանքի. ամեն կողմից վրա տվին.

– Արձակուրդդ անուշ լինի:

– Զահրումար լինի արձակուրդը,- անտրամադիր ասացի ես:

Տնօրենը կանչեց.

– Ի՞նչ է պատահել:

Ծանուցագիրը ցույց տվեցի:

– Մի՛ մտածիր, ամեն ինչ լավ կլինի,- ասաց նա:

Ժամը տասներկուսին մտա բաժին և ծանուցագիրը ցույց տվեցի: Բաժնում նստած էին երեք հոգի. մեկը կապիտան էր, մյուսը՝ լեյտենանտ, երրորդը քաղաքացիական հագուստով էր. երևի դատապաշտպանն էր: Կապիտանն ասաց.

– Նստիր և լսիր: Կիմին ճանաչում ե՞ս:

– Ո՞ր Կիմին:

– Կապանցի:

– Ոստիկանապետի տղա՞ն: Այո:

– Ե՞րբ ես տեսել:

– Երեք տարի առաջ:

– Կապանի գնացքը դիմավորում ե՞ս:

– Մեկ-մեկ:

– Ի՞նչ պատճառով:

– Ընկերներիս տեսնելու և Կապանի հոտն առնելու համար:

– Կապանը շատ ե՞ս սիրում:

– Ոնց որ ջուրն ու հացը:

– Ինչո՞ւ Կապանում չես ապրում:

– Պատճառը Կիմն է:

Եվ ամեն ինչ բացատրեցի:

– Երևի վրե՞ժ ունես:

– Մեծ:

– Ֆուտբոլի օրը գնացել ե՞ս Կապանի գնացքը դիմավորելու:

– Այո:

– Ո՞ւմ ես տեսել:

– Ընկերներիս:

Ու մեկ-մեկ թվարկեցի:

– Կարող ե՞ս ճանաչել:

– Այո:

Այդ պահին բոլորը մտան սենյակ: Ես զարմացա և ուզեցի գրկախառնվել, կապիտանը չթողեց: Սկսեցի հերթով ասել:

– Ճանաչում ե՞ս:

– Այո…

Դրանից հետո սկսեցին հարցաքննել: Բոլորը մի մարդու պես ասացին.

– Համեստ մարդ է, աշխատավոր և ազնիվ:

Կապիտանը նրանց կարգադրեց դուրս գալ և շարունակեց.

– Կնոջդ հետ ո՞նց ես ապրում:

– Առաջ իմ կարծիքով լավ էի, բայց Կիմի մահից հետո սկսեց հետս կռվել: Ասում է. «Ի՞նչ ես ասում, դո՞ւ ես խփել»:

– Ո՞նց ես վերաբերվում Կիմի աղջկան,- հարցրեց կապիտանը:

– Շատ լավ:

– Կարող ե՞ս ապացուցել: Կանչե՛ք:

Այդ միջոցին մտավ Հասմիկը: Մտածեցի. «Ամեն ինչ նախապատրաստել են»:

– Աշոտը քեզ ծեծում է՞,- հարցրին երեխային:

– Հայրիկը՞,- ուղղեց Հասմիկը,- ծեծում է՞,- զարմացած հարցը կրկնեց աղջիկը:- Ոչ:

– Մայրիկը ծեծում է՞,- հարցրեց կապիտանը:

– Շատ:

Կապիտանը մի պահ լռեց, հետո ասաց.

– Երեխային տարեք: Ամեն ինչ քո օգտին է: Վերջին հարցը:

Ես սփրթնեցի:

– Կիմին ո՞նց ես ծեծել:

– Ես չեմ ծեծել:

– Մի քիչ ծեծեք, կասի,- ասաց լեյտենանտը:

– Կուսակցականին արգելվում է ծեծել,- ասացի ես:

– Ո՞ր կուսակցության անդամ ես:

– Կոմունիստական:

Կապիտանն ասաց.

– Քեզ հետ դժվար է:

Լռեցին: Քիչ հետո նրանցից մեկը գնաց, մտավ փաստաբանը և խորամանկորեն սկսեց.

– Ես քո կողմից եմ. լավ մտածիր և ճիշտն ասա՝ ոնց ես Կիմին ծեծել:

– Եթե իմ կողմից ես, նշանակում է՝ ուրիշի մեղքը վերցնեմ ինձ վրա՞,- զարմանքով ասացի ես:

– Հետո կզղջաս, ուշ կլինի,- զգուշացրեց փաստաբանը:

– Մեղք չունեմ, ի՞նչ ասեմ,- զարմացա ես:

Շատ չանցած՝ Կարինեն առանց դուռը ծեծելու ներս մտավ ու ասաց.

– Ի՞նչ ես խղճում: Դատի տուր և վերջ: Ես կապացուցեմ:

– Փաստեր ունե՞ս,- զայրացավ փաստաբանը:

– Ոչ:

– Ո՞նց դատեմ:

Կարինեն դուրս եկավ և դուռը շրխկացրեց: Փաստաբանը հառաչելով ասաց.

– Ի՞նչ ասեմ, քո գործը վատ է:

– Նշանակում է՝ կի՞նս է մատնել,- ապշած հարցրի ես:

– Չես իմացե՞լ:

– Ոչ:

– Կինդ է դիմել:

– Նշանակում է՝ ծոցումս օձ ե՞մ տաքացրել:

– Այո: Աշոտ ջան, դու լավ տղա ես երևում, կնոջիցդ բաժանվիր ու ապրիր: Չմոռանամ ասել. քաղաքից մի՛ հեռացիր, գուցե կանչենք:

Ես շնորհակալություն հայտնեցի և դուրս եկա: Ամբողջ ճանապարհին մտածում էի. «Ի՞նչ անեմ. բաժանվեմ, երեխեքին ո՞վ պահի, չբաժանվեմ, նրա հետ ո՞նց նույն անկողնում քնեմ»: Ինքս ինձ հետ կռիվ անելով՝ հասա տուն: Հասմիկն ուրախ ասաց.

– Հայրիկ, եկա՞ր:

Կարինեն այն կողմից ֆշշացրեց.

– Երանի չգար:

Մայր ու աղջիկ կպան իրար: Վերջապես ասացի.

– Հասմի՛կ ջան, բալի՛կս, մայրիկի հետ չի կարելի կռվել:

Աղջիկը լռեց: Կարինեն շարունակեց.

– Աղջկա մոտ լավամարդ ե՞ս դառնում: Չի ստացվի: Տղայիդ վերցրո՛ւ, գնա՛. տունն էլ է իմը, աղջիկն էլ:

Հասմիկը լացակումած խնդրեց.

– Հայրիկ ջան, ինձ էլ վերցրու քեզ հետ:

– Իրավունք չունեմ,- հառաչեցի ես:

– Մեկ է, տնից կփախչեմ:

 Մտքերի մեջ ընկա. «Վերցնեմ, չի կարելի, թողնեմ, կռիվ կլինի, ի՞նչ անեմ»:

Որոշեցի տանել, ինչ կլինի, կլինի: Երեկոյան երեխաներին վերցրի, գնացի հորեղբորս տղայի տուն: Համլետը զարմացավ.

– Ի՞նչ է պատահել:

Ես ամեն ինչ պատմեցի և հարցրի.

– Երեք օր կպահե՞ս:

– Մի տարին հերիք է՞,- ծիծաղեց Համլետը:

Կերանք, խմեցինք ու քնեցինք: Առավոտյան վեր կացա, գնացի դրամարկղից օրվա համար մի քիչ փող ստացա և սկսեցի տուն որոնել: Ամբողջ օրը փնտրեցի, երեկոյան տուն եկա:

– Գտա՞ր,- հարցրեց Համլետը:

– Ոչ:

– Մի՛ մտածիր, վաղն էլ գնա:

Հաջորդ օրը շուտ արթնացա և գնացի փնտրելու: Երեկոյան երկուսենյականոց գտա: Նայեցինք. ավերակ էր: Ութ հարյուր ռուբլի տվեցի: Կիրակի օրը Համլետի հետ գնացի, մինչև երեկո աշխատեցինք, բան դուրս չեկավ:

– Մի՛ մտածիր, վաղը բրիգադ կբերեմ:

Հաջորդ օրը նորից գնացինք ու երբ ներս մտանք, Հասմիկը հարցրեց.

– Որտե՞ղ ենք քնելու:

– Հանգիստ եղիր, վաղը կառնեմ:

Վերադարձանք տուն: Կիրակի օրը ամեն ինչ գնեցի՝ մահճակալ, տեղաշոր, պահարան, աման-չաման, հագուստ և այլն: Հասմիկը հարցրեց.

– Հայրիկ ջան, այսքան փող որտեղի՞ց գտար:

– Աստված տվեց:

Բարեբախտաբար մանկապարտեզը կողքի շենքում էր:

– Հասմիկ ջան,- ասացի,- քո գործը սովորելն է, Կարոյին էլ մանկապարտեզ կտանեմ:

Այսպես ապրեցինք: Մի ամիս հետո փոքր քույրս եկավ.

– Եղբայր ջան, ի՞նչ օրի ես:

– Շատ լավ եմ, ի՞նչ է եղել,- ասացի զարմացած:

Երկու ամիս էլ անցավ:

– Ե՞րբ ես ամուսնանում,- ամաչելով հարցրեց քույրս:

– Վաղը:

– Լուրջ եմ ասում,- ծիծաղեց նա:

– Կարինեից պրծնեմ, նոր:

Մի օր էլ անցավ, քույրս նորից կպավ ինձ.

– Մեր գյուղում մի համեստ կին կա, արի առ:

– Երեխաներ ունի՞,- հոգոց հանելով հարցրի ես:

– Ոչ:

– Ո՞ւմ կինն էր:

– Ամուսինը մահացել է:

– Սիրուն է՞:

– Ցամաք հացի հետ կարելի է ուտել:

Ես ծիծաղեցի: Երեք օր հետո մտա տնօրենի մոտ և մի փոքր քաշվելով ասացի.

– Ուզում եմ արձակուրդ գնալ:

– Տարին մի արձակուրդ ունի, գնացել ես:

– Իմ հաշվին տուր: Ոզում եմ ամուսնանալ, երեխեքն անտեր են:

Տնօրենը սեղմեց կոճակը, քարտուղարուհին մտավ.

– Աշոտին իր հաշվին տասներկու օր տուր:

Ես շնորհակալություն հայտնեցի և դուրս եկա: Հաջորդ օրը տոմս առա, երեկոյան գնացք նստեցինք: Առավոտ շուտ գնացքը փնչալով հասավ Կապան: Իջանք, տաքսի նստեցինք, տասը րոպե հետո հասանք գյուղ: Մայրս շատ ուրախացավ և իսկույն սեղան սարքեց: Ճաշելուց հետո ասաց.

– Աշոտ ջան, լավ ժամանակ եք եկել. թութը հասել է, բարձրացիր թա՛փ տուր, երեխեքն ուտեն:

Երեկոյան հայրս եկավ: Ընթրիքից հետո ասաց.

– Մեծին չլսես, ոտքդ քարին կառնես: Հազար անգամ ասացի՝ Կարինեից կին չի լինի, չլսեցիր:

Ես գլուխս կախեցի:

– Գնա Համեստին առ,- միջամտեց քույրս:

– Շատ լավ է:

Հաջորդ օրը լուր ուղարկեցին հոր տուն.

– Գալիս ենք աղջկադ ուզելու:

Երեկոյան երեք հոգով գնացինք ուզելու: Հայրը հարցրեց.

– Քանի՞ երեխա ունես:

– Երկու՝ մի աղջիկ, մի տղա:

– Լսել եմ՝ աղջիկն ուրիշ հորից է,- շարունակեց հայրը:

– Երկու երեխա է,- զարմացավ հայրս,- ուզում ես տուր, չես ուզում, մենք գնացինք:

– Համաձայն ե՞ք,- մեջ մտավ մայրս:

Հաջորդ օրը իրերը կապեցին և բերեցին մեր տուն: Ես ասացի.

– Իրերը չեմ ուզում, Համեստն ո՞ւր է:

– Մի վագոն բեռ կա,- կմկմաց եղբայրը:

– Միայն հագնելու շորերը վերցրու և վերջ,- զայրացա ես:

Մի քիչ հետո եղբայրը վերադարձավ.

– Համեստն ասում է՝ գոնե տեղաշորը վերցնեմ:

Համաձայնվեցի: Երեկոյան հայրս ասաց.

– Հարս ջան, լավ լսիր ու ականջիդ օղ արա. երկու երեխա են՝ տարբեր հայրերից, Աստված անի՝ երրորդը քեզնից լինի, պիտի պահես:

Համեստը գլուխը խոնարհեց.

– Պիտի պահենք, հայրիկ:

– Ապրես, հարս ջան:

Ամուսնանալուց հետո մի կուշտ թութ կերանք, անտառի մաքուր օդը շնչեցինք, սառը աղբյուրներից ջուր խմեցինք ու եկանք Երևան: Համեստն իսկույն իրերը քանդեց և մահճակալների վրա տեղավորեց: Ես մտքումս ուրախացա. նշանակում է՝ իսկական մայր է: Մի քիչ հետո հարցրեց.

– Երեխեք, ի՞նչ եփեմ:

– Մայրիկ ջան, անպայման դոլմա եփիր,- ասաց Հասմիկը:

Կերանք ու քնեցինք: Հաջորդ օրը կիրակի էր: Ժամը տասներկուսին դուռը ծեծեցին: Կարոն նետվեց դուռը բացելու: Դռների մեջ երևաց Համլետի ընտանիքը: Համեստն առաջ գնաց և կանգնեց դռնից քիչ հեռու: Ես շտապեցի ծանոթացնել: Մենք նստեցինք, Կարոն սկսեց թռվռալ: Հինգ րոպե հետո դուռն առանց ծեծելու մի խումբ մտավ. հիմնարկի աղջիկներն էին: Համեստը նկատեց.

– Քաղաքի դռները չեն ծեծո՞ւմ:

– Լավ դրեց մեզ,- ծիծաղելով ասաց քարտուղարուհին:

Համեստն իսկույն սեղան պատրաստեց. յուղ ու շոռ, պանիր,տհալ, միս, թթի օղի, լիմոնադ, ջերմուկ և կանաչի: Աղջիկները կատակներ անելով ճաշեցին:

– Տհալն ի՞նչ է,- հարցրեց նրանցից մեկը:

Ես շտապեցի բացատրել.

– Աշնանը մի աչառ են մորթում, ամբողջ միսը տապակում են ու լցնում կարասի մեջ, վրան հալած յուղ են լցնում այնքան, որ միսը ծածկի, և թողնում են ձմեռվա համար:

– Ներեցեք, մի բան պատմեմ,- ուրախ-ուրախ ասաց աղջիկներից մեկը:- Քաղաքացի երկու դոցենտ գնում են գյուղ՝ գյուղացիների հետ պարապելու: Ընթրիքին տանտերը մի դոդ լիքը եփած ձավար է ուտում, վրայից էլ սառը ջուր խմում ու թոնրի վրա քնում: Դոցենտները զարմացած իրար ասում են.

– Խեղճ մարդ, կմեռնի:

Առավոտյան վեր են կենում տեսնում՝ տանտերը ողջ է: Հետո միասին գնում են գոմ. փորձում են սպիտակ եզանը վեր կացնել, սա չի ուզում: Տանտերն ասում է.

– Ժամը տասներկուսին սելավ կլինի:

Դոցենտները զարմացած հարցնում են.

– Ինչի՞ց իմացար:

Տանտերը բեղերը ոլորելով ասում է.

– Ամեն եզ իմաստուն է: Սպիտակ եզը սելավ է, սևը՝ արև, կարմիր եզը ամպոտ օր է և այլն:

– Մի բան էլ հարցնեմ. գիշերը ո՞նց չմեռար:

– Ասեմ: Երեկոյան քնեցի քուրսու վրա: Թոնիրը մեջքս տաքացրեց, ստամոքսս աշխատեց, դրա համար էլ չմեռա:

Դոցենտներն իրար են նայում ու ասում.

– Գյուղացիները մեզանից խելոք են, ի՞նչ պարապենք…

Աղջիկները մի կուշտ ծիծաղեցին ու  քիչ անց դուրս եկան: Հյուրերի գնալուց հետո Համեստն ասաց.

– Հասմիկ ջան, օգնիր՝ ամանները լվանանք, հետո հայրիկին կխնդրենք՝ տանի այգի, մի քիչ մաքուր օդ շնչենք:

Մի ժամ հետո հասանք այգի: Երեխաները սկսեցին խաղալ: Երկուսով նստեցինք ջրի մոտի նստարանին և սկսեցինք զրուցել: Քիչ անց Համեստն ասաց.

– Նայիր այն զույգին, կինը շատ սիրուն է:

– Իմ նախկին կինն է,- նայելով նրանց կողմը՝ ասացի ես:

– Կարինե՞ն,- զարմացավ Համեստը:

– Այո:

– Ինչո՞ւ թողեցիր:

– Ինքը թողեց ինձ: Երկար պատմություն է, հետո կասեմ:

Մի քիչ հետո հասան մեզ: Կարինեն մոտեցավ ինձ.

– Մի րոպեով կարելի՞ է:

Համեստին ասացի՝ ներիր, ու վեր կացա: Կարինեն սկսեց մի ժամ ձավար անել, վերջը ասաց.

– Երկու օր քեզ ժամանակ, մեր գործը վերջացրու, համաձայն ե՞ս:

– Հրամայում ե՞ս:

– Այո:

– Կուզեմ, կանեմ, չեմ ուզի, չեմ անի:

– Իսկույն ամուսնացար,- խեթ-խեթ նայելով՝ ասաց Կարինեն:

– Քեզ պիտի սպասեի՞:

– Թեկուզ:

– Վերջացրու, ես ժամանակ չունեմ:

Հեռվից երևաց Կարոն ու նետվեց մոր կողմը.

– Գիտե՞ս, հայրիկը նոր տուն է առել, կգա՞ս:

Մայրը նրան չգրկեց էլ:

– Գնա՛, հեր էլ ունես, մեր էլ,- ասաց:

Կարոն մնաց կանգնած: Հեռվից երևաց Հասմիկը:

– Արի մոտս:

– Պետք չի:

Կարոն վազեց քրոջ մոտ ու շարունակեց խաղալ:

– Ինչ դաժան մայր է,- ասաց Համեստը:

– Դրա համար էլ Հասմիկը հեռացել է:

Երեկոյան տխուր վերադարձանք տուն: Մի ամսից Կարինեից բաժանվեցի: Շուտով երկրորդ տղան ունեցանք: Կարոն ուրախացավ.

– Իրար հետ կխաղանք:

Համեստը թնկթնկում էր.

– Աշոտ ջան, արի գնանք գյուղ:

– Ես էլ եմ ուզում, բայց մարդիկ ի՞նչ կասեն. քաղաքում չկարողացան ապրել, եկան գյո՞ւղ:

– Մի քիչ կբամբասեն ու կլռեն,- ասաց Համեստը:

Մի տարի էլ անցավ: Հաճախ էինք զբոսայգի գնում: Մի անգամ նստարանին նստած մտածում էի, հանկարծ իմ դիմաց երկու տղամարդ կանգնեցին. գլուխս բարձրացրի, տեսա՝ քաղխորհրդի նախագահի տղա Ռազմիկն է ընկերոջ հետ: Մի պահ շիվարեցի:

– Չես ճանաչո՞ւմ,- ժպտալով հարցրեց Ռազմիկը:

– Երանի չճանաչեի:

– Լավ լսիր,- ասաց Ռազմիկն ընկերոջը, ամբողջը պատմեց և գլուխը կախեց.- Աշոտ ջան, թե կարող ես, ինձ ներիր:

– Ընկերոջդ պատվին ներում եմ,- ասացի ես, և գրկախառնվեցինք:

Տղերքը հեռացան: Նրանց գնալուց հետո Համեստն ասաց.

– Աշոտ ջան, վեր կաց գնանք, ուշ է:

Երբ տուն հասանք, ասացի.

– Համեստ ջան, օղի բեր:

– Ի՞նչ ես անում:

– Այսօր ոխերս հանեցի:

– Երկրորդը չիմացա:

– Երբեք չեմ ասի,- ասացի ես, և խմեցինք:

Մի տարի էլ անցավ: Համեստը կտրուկ որոշեց.

– Գնում ենք գյուղ. գալիս ես, արի, չես գալիս, ես գնում եմ:

– Տունն ի՞նչ անենք:

– Թող մնա, երեխեքը կմեծանան, կգան սովորելու, մեր տանը կմնան:

– Տեղաշո՞րն ինչ անենք:

– Մեկ-մեկ կգամ, շորերը կփռեմ՝ ցեցը չուտի, և վերջ:

Մի շաբաթ հետո գնացինք գյուղ: Մեր ծնողները շատ ուրախացան: Հարևանները մի քիչ բամբասեցին ու լռեցին: Երեք օր կերանք-խմեցինք, չորրորդ օրը գնացինք անտառ:

– Ուխա՜յ, ի՜նչ մաքուր օդ է, ի՜նչ պաղ ջուր է, հարյուր տարի կապրեմ, եթե Աստված ուզենա,- ասաց Համեստը…

Հիշում եմ ընկույզը, տկողինը, վայրի խնձորը, տանձը, մոշը, զկեռը, հաղարջը, որն ասեմ. բոլորն էլ լավն էին…

Երեկոյան վերադարձանք տուն և նստեցինք ընթրելու: Հարևանը կանչեց.

– Աշո՛տ, Աշո՛տ, դո՛ւրս արի, բան եմ ասում:

Ես շտապ դուրս եկա: Արգոն ասաց.

– Նախագահը կանչում է:

– Ի՞նչ է ասում:

– Չգիտեմ:

– Լավ:

Ընթրիքից հետո գնացի: Քարտուղարուհուն հարցրի.

– Նախագահը տեղում է՞:

– Այո:

– Մոտը մարդ կա՞:

– Այո:

Սպասեցի: Մի քիչ հետո Անուշն ասաց.

– Ինչո՞ւ չես մտնում:

– Անհարմար է:

– Քաղաքում է վատ, գյուղում ով պատահի, մտնում է,- ծիծաղեց Անուշը:

Ես ստիպված ներս մտա: Նախագահն ինձ տեսնելուն պես ասաց.

– Բարով ես եկել, ո՞նց ես:

– Լավ եմ:

– Նստիր: Լսել եմ՝ գյուղը շատ ես սիրում, արի մնա մեզ մոտ:

– Ի՞նչ գործ կա:

– Ինժեներ ես, չէ՞: Աշխատավարձդ ինչքա՞ն է:

– Հարյուր ռուբլի:

– Դե, ի՞նչ ասեմ: Հարկավոր է խանութ կառուցել:

Ես մտածեցի ու պատասխանեցի.

– Ինժեների գործ պետք չի, բրիգադիր կաշխատեմ, ամեն ինչ կանեմ:

– Լավ ես ասում: Ինչքա՞ն ես ուզում,- մի պահ մտածեց ու հարցրեց նախագահը:

– Երեք հարյուր ռուբլի:

– Շատ է:

– Ցտեսություն, ես գնամ:

– Սպասիր, համաձայն եմ:

Ես շտապեցի Համեստին ուրախացնել: Դուռը բացեցի, տեսնեմ՝ Կիմի հայրը մեր տանը նստած է: Բարևեցի ու նստեցի: Համեստը սեղան պատրաստեց: Հայրը բաժակը վերցրեց ու հառաչելով ասաց.

– Կիմը մեռավ՝ թողնելով մի աղջիկ, այն էլ ուրիշի մոտ:

– Իմ երեխայի պես պահում եմ,- շտապ պատասխանեցի ես:

Հայրը մի քիչ մնաց ու շարունակեց.

– Տունս՝ լիքը, մի երեխա չկա:

– Ի՞նչ ես ուզում ասել:

– Ուզում եմ Հասմիկին տանել:

– Իրեն հարցրեք,- ասացի ես:

Հասմիկին կանչեցինք:

– Կգա՞ս մեր տուն:

Աղջիկը մի պահ մտածեց ու ասաց.

– Պապիկ ջան, սպասիր մեծանամ, հասկանամ, նոր կպատասխանեմ:

Հարցը փակվեց:

– Հայրիկ ջան, երբ ուզում ես տեսնել, համեցիր,- ասացի ես:

Պապի գնալուց հետո Համեստը հարցրեց.

– Աշոտ ջան, ի՞նչ եղավ:

– Բաժակները լցրու, ասեմ:

– Նախագահն ասաց՝ համեցեք, մեր խանութը կառուցիր:

– Աշխատավարձն ինչքա՞ն է:

– Երեք հարյուր ռուբլի:

– Լավ է, կարելի է խմել:

Լավ խմելուց հետո Համեստը հարցրեց.

– Աշոտ ջան, Հասմիկին ի՞նչ անենք:

– Երբ ավարտի, մի խելոք տղայի կսիրի, լիքը տուն է, թող գնա:

Հասմիկն ուրախությունից սկսեց պարել.

– Հայրիկ ջան, խելոք ես:

Երեք օր հետո խանութի հիմքը սկսեցին փորել: Նախագահը մի գառ մորթեց ու մեզ հյուրասիրեց: Երեկոյան ասաց.

– Աշոտ ջան, մի ժիր տղա գտիր, որ քեզ օգնի:

Երեք ամսում խանութը կառուցեցինք, դուռը փակեցինք և բանալին դրեցինք նախագահի ձեռքը: Ամբողջ գյուղը զարմացավ. սկսեցին ինձ գովել: Ես առիթից օգտվեցի ու նախագահին ասացի.

– Ուզում եմ մի բան էլ խնդրել:

– Ասա, Աշոտ ջան:

– Համեստին խանութպան նշանակիր:

– Աչքիս վրա:

Գործը վերջացավ:

– Թող բանվորները հինգ օր հանգստանան,- ասաց նախագահը,- դու էլ գնա Երևան, համապատասխան փաստաթղթեր բեր, դպրոց ենք կառուցելու:

Ես ուրախացած եկա Երևան…»:

Այդ միջոցին երեխաները դուրս եկան:

– Ուշ է, գնանք տուն,- ասաց Աշոտը:

– Դե, ցտեսություն,- ասացինք և հրաժեշտ տվեցինք իրար…

ՍԻՐՈ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ

Հոկտեմբեր ամիսն էր: Ես արձակուրդ վերցրի և որոշեցի մեկնել Մոսկվա՝ գնումներ կատարելու: Երևանի երկաթուղակայարանի կառամատույցին կանգնած՝ սպասում էի գնացքի ճանապարհվելուն: Մի պատկառելի ծերունի եկավ ու մտավ վագոն:

– Վայելչատես ծերուկ է,- նկատեց ուղեկցորդը:

Շուտով լսվեց գնացքի սուլիչի ձայնը, հետո էլ՝ ուղեկցորդինը.

– Բոլորդ գրավե՛ք ձեր տեղերը:

Ես մտա վագոն և ուղղվեցի դեպի իմ խցիկը: Մեծ եղավ ուրախությունս, երբ այնտեղ տեսա ծերունուն: Բարևեցինք:

– Դուք է՞լ եք Մոսկվա մեկնում,- հարցրեց նա:

– Այո: Եկեք ծանոթանանք:

– Ուրախությամբ. Կարեն,- պարզեց ձեռքն ու ներկայացավ նա:

– Շատ ուրախ եմ,- ասացի ես և տեղավորվեցի:

Շուտով ջերմ զրույց սկսվեց: Պարզվեց, որ ընկերս շատ հաճելի մարդ է: Կարենը պատմեց իր կյանքի պատմությունը, որը որոշ փոփոխություններով ներկայացնում եմ ձեզ.

«Մեր թաղամասը գտնվում էր քաղաքի ծայրամասում: Գետի երկու կողմում դասավորված էին առանձնատները: Բոլորն անխտիր տնամերձ հողամասեր ունեին: Ոռոգման համար ջուրը վերցնում էին գետից: Եվ քանի որ նույն տեղից էին օգտվում, ոռոգում էին հերթով: Երբեք չէի լսել, որ մեկը մյուսի հետ վիճեր, կամ որևէ մեկն անպատկառ բառերով վիրավորեր մյուսին: Հողամասերը փոքր էին: Հիմնականում ծառեր էին տնկված, իսկ ազատ տարածություններում լոբի էին աճեցնում: Ծառերը մեծ մասամբ մրգատու էին՝ թթենի, կեռասենի, տանձենի և խնձորենի: Դրանք այնքան շատ էին, որ հեռվից տները գրեթե չէին երևում, կամ էլ՝ մեկի տանիքը, մյուսի մի պատը, երրորդի լուսամուտը և այլն: Աշխատանքից վերադառնալով՝ մարդիկ մտնում էին իրենց այգիները կամ շարունակում տան կիսատ մնացած մասի կառուցումը, մի հավի բուն շինում կամ էլ մի գողտրիկ անկյուն: Մի խոսքով՝ պարապ չէին մնում: Թաղամասի բնակիչները սիրով էին վերաբերվում միմյանց. իրար օգնում էին, իրարից խորհուրդ հարցնում, իրար հետ տխրում, իրար հետ ուրախանում: Բոլորն իրար հինգ մատի պես գիտեին: Այսպես ապրում էին՝ ամեն մեկն իր հոգսով ու ցավով:

Բայց անսպասելի փոփոխությունը խախտեց թաղամասի անդորրը: Բանն այն է, որ այդտեղ բնակվելու եկավ պահեստապետ Դարչոն իր ընտանիքով՝ ինքը, կինը և աղջիկը: Տեղավորվեցին Սերոժի տանը, որը կնոջ հետ երկու տարով մեկնել էր Կուբա՝ աշխատելու: Տունը գտնվում էր ճանապարհից ցած՝ գետի ափին: Երկհարկանի էր, մեծ պատշգամբով: Ինչպես մյուս բոլոր տները, հողամաս էլ ուներ: Տան միայն տանիքն էր երևում, իսկ հարևանի տնից՝ պատշգամբը: Ինչպես բոլոր պահեստապետները, Դարչոն պահեստից արտասահմանյան ապրանքներ էր բերում և իր ուզած գներով վաճառում հարևաններին, որոնք, հանգամանքներից ելնելով, ո՛չ սակարկում էին, ո՛չ էլ դժգոհում: Պատճառն այն էր, որ աշխատանքով զբաղված մարդիկ էին, ժամանակ չունեին: Հետո էլ՝ մեկին շտապ նվեր էր պետք լինում ծննդյան տարեդարձի առթիվ, մյուսը ջահել աղջիկ ուներ, երրորդը շտապ տեղ էր գնում և այլն: Իսկ Դարչոյի կինը՝ տիկին Հազարավարդը, շտապ օգնություն էր մարդկանց համար: Նա մի ժամվա ընթացքում ցանկացած ապրանք հասցնում էր հաճախորդին: Եվ բոլորը գոհ էին մնում: Այսպես թաղամասի անդորրը խախտվեց: Մեկին հարցնում էիր՝ որտեղից ես գալիս, ասում էր՝ Դարչոյենց տնից, մյուսին հարցնում էիր՝ ուր ես գնում, դարձյալ՝ Դարչոյենց տուն: Շատերը սկսեցին խույս տալ իրարից՝ պատասխանից խուսափելու համար: Այդպես Դարչոն դարձավ ժողովրդի սիրելին: Բայց դա խնդրի մի կողմն էր. մեծ էշը դեռ ախոռում էր: Ասում էին, թե Դարչոյի միակ աղջիկը արտակարգ գեղեցիկ է: Թաղամասի երիտասարդ տղաները հերթ էին կանգնում պահեստապետի տան մոտ՝ աղջկան տեսնելու: Բայց ավաղ, նրանք աղջկան երբեք չէին տեսնում: Լավագույն դեպքում վիճում էին հոր հետ, և գործը վերջանում էր ոստիկանության բաժանմունքում: Դարչոյի աղջիկը սովորում էր քաղաքի թիվ երկու դպրոցի տասներորդ դասարանում: Հայրը «Քսանմեկ» մակնիշի վոլգա ուներ, որից այդ ժամանակներում ունեին քաղխորհրդի նախագահը, շրջկոմի քարտուղարը և ոստիկանապետը: Առավոտյան մեքենայով աղջկան տանում էր դպրոց, դասերից հետո ետ բերում: Այնպես որ, աղջիկը դարձել էր «սև աղվես»: Իմ դասընկեր Սաքոն (մենք երկուսս էլ սովորում էինք թիվ մեկ դպրոցի տասներորդ դասարանում) ապրում էր Դարչոյի տան հարևանությամբ: Միակ մարդն էր, որի համար պահեստապետի աղջիկը տեսանելի էր: Ես հիասթափված էի: Չէի սիրում, որ մի աղջկա համար մի քանի հոգի կռիվ էին տալիս: Նման դեպքերում, ինչպես ժողովուրդն է ասում, շան փայ է դառնում: Այս պատճառով էլ ես չէի պատրաստվում մտնել պայքարի մեջ:

Մի օր Սաքոն խոսք բացեց Դարչոյի աղջկա մասին:

– Կուզե՞ս հանդիպել գեղեցկուհուն,- առաջարկեց նա:

Ես չմերժեցի: Հաջորդ օրը ժամը չորսին նրանց տանն էի: Սաքոն դասերն էր սովորում, իսկ մայրը, կարի մեքենայի դիմաց նստած, շոր էր կարում: Ես ներս մտա, բարևեցի ու նստեցի Սաքոյի կողքին: Մորաքույր Արուսյակն իսկույն գլխի ընկավ:

– Եկել ես Լուսինեին տեսնելո՞ւ,- հարցրեց ու չսպասելով պատասխանիս՝ շարունակեց.- Լուսինեն Սաքոյի հարսնացուն է: Այնպես որ, զգույշ մնա:

Ես ձայն չհանեցի, իսկ Սաքոն մորը կշտամբեց.

– Մայրի՛կ, ի՞նչ ես սեփականացրել:

Բոլորս լռեցինք: Ես ու Սաքոն ամեն անգամվա պես նստեցինք շախմատ խաղալու: Ուշադրությունս դռան կողմն էր: Սաքոյի մոր ասածը խոցել էր սիրտս, բայց չուզեցի նեղացած երևալ: Վերջապես դուռը ծեծեցին: Սաքոն շտապեց դիմավորելու: Երբ դուռը բացեց, կարծես արևի շողեր ներս թափանցեցին, ու դիմացի պատին ինչ-որ լույսեր նշմարվեցին: Լուսինեն էր: Միջահասակ, կոկիկ պարանոցով, բարակիրան, սլացիկ կազմվածքով աղջիկ էր. ոսկեգույն մազերը զարդարում էին թիկունքը, աչքերը մուգ կապույտ էին, և դրանց վրա աղեղնաձև իջնում էին շագանակագույն հոնքերը: Ուղիղ քիթն իջնում էր բարակ շուրթերի վրա և լրացնում դեմքի գեղեցկությունը: Ձախ այտին ու պարանոցին երկու շագանակագույն խալ ուներ: Թևերն ու ոտքերը կիսաբաց էին: Մազերին ադամանդաշող ակներով մի փոքրիկ մազակալ էր ամրացված: Ականջները զարդարում էին մարգարտահատիկներով ոսկե ականջօղերը: Վիզն օղակված էր մարգարտե երեք հուլունաշարով: Հագին ուներ ծիրանագույն շրջազգեստ, որի վրա շողշողում էին ոսկեթել վարդերը: Շրջազգեստի եռանկյունի օձիքը կոճկվում էր նույնպես ադամանդակուռ կրծքազարդով: Մեջքին ուներ ոսկեգույն բարակ գոտի: Այդ բոլորին լրացնում էր ձախ ձեռքի միջնամատի՝ զամբյուղ հիշեցնող ոսկյա մատանին: Հագել էր բամբակյա սպիտակ գուլպաներ և օձի կաշվից բարձրակրունկ կոշիկներ: Նրա նուրբ թաթիկները կարծես մոմից շինված լինեին: Մարդկային երևակայությունը տկար է պատկերացնելու համար նրա լիակատար գեղեցկությունը: Նա փայլում էր իր հմայքով ու ականակիտ զարդերով: Ինձ նկատելով՝ մեղմիկ ժպտաց ու առաջացավ: Սաքոն ներկայացրեց.

– Ծանոթացեք խնդրեմ, իմ դասընկերն է:

Ես մի պահ ինձ կորցրի: Լուսինեն շիվար կանգնած էր: Անմիջապես սթափվեցի, զգաստ կանգնեցի և գլուխս խոնարհելով՝ ասացի անունս: Նա նույնպես փոքր-ինչ խոնարհվեց ու ներկայացավ՝ մետաքսե ձեռքը մեկնելով ինձ: Ես նրա մատներն առա ձեռքիս մեջ ու թեթևակի սեղմելով՝ ասացի, որ շատ ուրախ եմ: Մենք շարունակեցինք շախմատը, իսկ Լուսինեն շրջվեց մորաքույր Արուսյակի կողմը՝ հետևելով նրա շարժումներին: Ես կլանված էի նրա գեղեցկությամբ: Մեկ-մեկ ծիկրակում էի, իսկ նա անպատասխան չէր թողնում: Խաղս պարտվում էի, և Սաքոն դա նկատում էր: Չդիմանալով լռության ահեղ ազդեցությանը՝ ես խզեցի այն և հարցրի.

– Դուք ո՞ր դպրոցում եք սովորում:

Նա անսպասելի հարցից թեթևակի շիկնեց.

– Թիվ երկու դպրոցում:

Նրա դեմքը վարդագույն դարձավ, ինչն ավելի էր գեղեցկացնում նրան: Քիչ անց մորաքույր Արուսյակն ասաց.

– Մեզ մենակ թողեք, հարկավոր է շրջազգեստը փորձել:

Մենք դուրս եկանք և դուռը ծածկեցինք:

Սաքոն ժպտալով հարցրեց.

– Հը՛, դուրդ եկա՞վ:

– Վատը չէր, բայց ի՞նձ ինչ,- պատասխանեցի ես:

Սաքոն լուռ էր:

– Գնամ, ուշ է:

Եվ հրաժեշտ տալով՝ դուրս եկա:

Մի կրակ էր ընկել  հոգիս և այրում էր ինձ: Ես սիրահարվել էի առաջին հայացքից: Իսկ ոմանք ասում են, թե հրաշքներ չեն լինում: Բայց Սաքոյի մոր ասածն ինձ ավելի շատ էր տանջում:

Ժամանակն անցավ շատ արագ: Երկու ամսվա ընթացքում ես ոչ մի անգամ չհանդիպեցի Լուսինեին: Դասերը վերջացան: Մենք պատրաստվում էինք քննություններին: Սաքոն հաղորդեց, որ Լուսինեն իր ընկերուհու հետ ուզում է մեզ հետ պարապել: Իմ ուրախությանը չափ չկար: «Գոնե կտեսնեմ»,- մտածեցի ես և համաձայնեցի: Մեզ հետ պարապելու ցանկություն հայտնեց նաև մեր հարևան թաղամասի Ազատը: Ա՛յ դա ցանկալի չէր: Այսպիսով՝ հինգ հոգի էինք: Մենք որոշեցինք գնալ գետափ, որտեղ կանաչ ու ազատ տարածություն կար: Առավոտները հավաքվում էինք և միասին ճանապարհվում: ճիշտն ասած՝ ես պարապելու կարիք չունեի. հանուն ընկերության էի գնում: Լուսինեն կարդում էր հարցերը, մյուսներս հերթով պատասխանում էինք: Ազատը սկսեց սիրահետել Լուսինեի ընկերուհի Մարգարիտային, որը լավ աղջիկ էր և սիրվելու արժանի: Հենց առաջին օրվանից Ազատը խառնակչի դեր էր կատարում: Ես ինձուինձ բարկանում էի, բայց միշտ գերադասում էի լռել: Անցավ մոտ հինգ օր, և մենք հաշտ ու համերաշխ պարապում էինք: Ոչ մի արտակարգ դեպք տեղի չունեցավ: Լուսինեն իրեն շատ համեստ էր պահում: Մի օր մոտակա այգու տերը մեզ հրավիրեց կեռաս ուտելու: Ծերունի Սահակն առաքինի մարդ էր: Ես տղաներին նախօրոք զգուշացրել էի, որ ծերունուն չանհանգստացնեն: Սահակ քեռին մեզ տարավ, ցույց տվեց ծառն ու ասաց.

– Դուք արժանի երեխաներ եք, բարձրացեք, կերեք:

Սաքոն ու Լուսինեն բարձրացան մի ճյուղին, Ազատն ու Մարգարիտը՝ մյուս ճյուղին, և իրար օգնելով՝ սկսեցին ուտել: Ես ընկա անհարմար դրության մեջ: Մոտենալով Սահակ քեռուն՝ ասացի.

– Դույլ չունե՞ս, տուր քեզ համար կեռաս քաղեմ:

Նա շատ ուրախացավ և դույլը տվեց: Ես վերցրի ու բարձրացա ծառը: Ազատը կծեց.

– Դա էլ քո՞ ընկերն է:

Ես չպատասխանեցի: Դույլը լցրեցի և իջա:

Սահակ քեռին շատ ուրախացավ: Նրանք էլ իջան ծառից: Մենք շնորհակալություն հայտնեցինք և դուրս եկանք: Ազատի խոսքերը խոցել էին ինձ: Հաջորդ օրը ես ընկերներիս հետ չգնացի՝ պատճառաբանելով, թե հիվանդ եմ: Հետ գալիս Սաքոն մտավ մեր տուն և տեսավ, որ կարդում եմ:

– Դու հիվանդ չես, ձևացնում ես: Ես գիտեմ. դու Ազատից ես նեղացել:

– Ձեր մեջ ես ավելորդ եմ, Սաքո: Ի՞նչ կարիք կա, որ ձեզ խանգարեմ:

– Քեզանից բաներ մի՛ հնարիր. չես ուզում մեզ օգնել, այդպես էլ ասա:

Հաջորդ օրը նորից միասին գնացինք: Նրանք բոլորը ռուսերենից խեղճանում էին: Հարցերին մեծ մասամբ ես էի պատասխանում:

Մի օր Ազատն անտեղի վիրավորեց Լուսինեին: Սաքոն միջամտեց, և իրար անպատվեցին: Ես հազիվ հանդարտեցրի և Ազատին զգուշացրի, որ այլևս չկրկնի: Խաղաղությունը շարունակվում էր: Մի օր էլ, երբ սովորականի պես նստած կրկնում էինք, հեռվից օգնության կանչ լսվեց: Երևաց մի պառավ կին և ձեռքով հասկացրեց մոտենալ իրեն: Ես առանց հարցնելու վազեցի պառավի կողմը:

– Օգնեցե՜ք, տղա՛ ջան, թոռս կխեղդվի:

Ես վազեցի պառավի ցույց տված կողմը. վեց տարեկանին մոտ մի աղջիկ կառչել էր ձորի պռնկին աճած մի ծառից և ճչում էր: Ինձ տեսնելով՝ խաղաղվեց և օգնություն աղերսող հայացքով վրաս նայեց: Ես իջա քարափից և երեխայի թևից բռնելով՝ բարձրացրի վերև: Պարզվեց, որ աղջիկն ուզել էր հավաքել քարափի լանջին բուսած ծաղիկները և հավասարակշռությունը կորցնելով՝ ընկել ձորը: Պառավը շնորհակալություն հայտնեց: Իմ փրկարար աշխատանքները տևեցին մոտ կես ժամ: Այդ ընթացքում տղաներից ոչ մեկը չհետաքրքրվեց անգամ, թե ինչ կատարվեց: Հետո ես նկատեցի, որ միայն Լուսինեն է հեռվից հետևում ինձ: Երբ ուզեցի հեռանալ, պառավը մոտեցավ ու ասաց.

– Տղա ջան, ես չգիտեմ՝ ով ես, ում տղան ես, միայն հասկացա, որ բարի մարդ ես: Բայց դու ափսոս ես:

– Իսկ ինչո՞ւ ես ափսոսում, տատի,- զարմանքով հարցրի ես:

– Որովհետև այդպիսի անհավատարիմ ընկերներ ունես:

Ես պառավին հանգստացրի և հաջողություն մաղթելով՝ գնացի: Տեղ հասա անտրամադիր և նստեցի իմ տեղը: Ազատը ծաղրական տոնով հարցրեց.

– Հը՛, պառավին օգնեցի՞ր: Տո բո՛ւթ, որ ամեն պառավի կանչին գնանք, բա մեր դա՞սն ով սովորի:

Լուսինեն զայրացավ.

– Նա երեխային փրկեց, իսկ դուք խրտվիլակի պես տեղներիցդ չշարժվեցիք:

Ազատը հեգնական նայեց Լուսինեին և գոռաց.

– Դե ձայնդ կտրի՛ր, լրբի մեկը:

Այս լկտի արտահայտությունը լսելով՝ ես առանց խոսքի բռունցքով խփեցի Ազատի բերանին. ամբողջ բերանն արյունլվա եղավ: Ազատը վեր թռավ տեղից և ուզեց հարձակվել ինձ վրա, բայց Սաքոն ընկավ արանքը: Ազատին հանգստացրինք և ստիպեցինք, որ Լուսինեից ներողություն խնդրի: Երեկոյան բոլորս անտրամադիր վերադարձանք տուն: Հաջորդ օրը նորից հավաքվեցինք, բայց Ազատը չկար: Իմ մտքով վատ բան անցավ, բայց Սաքոյին չասացի: Մենք սովորականի պես օրն անցկացրինք և վերադառնում էինք տուն: Հենց այստեղ էլ հաստատվեցին իմ կասկածները: Մեր հավաքատեղիից մոտ երկու հարյուր մետր հեռավորության վրա Ազատն իր երկու ընկերների հետ դիմավորեց մեզ: Նա մոտեցավ Լուսինեին և կսմթելով այտը՝ ասաց.

– Հը՛, գերազանցիկնե՛ր, վերջացրի՞ք ձեր սիրային հանդիպումները:

Լուսինեն ետ շպրտեց նրա ձեռքը.

– Ձեռքդ կա՛րճ պահիր:

– Թե չէ ի՞նչ կանես:

Ես համբերությունից դուրս եկա և հարձակվեցի Ազատի վրա: Կատաղությունից չգիտեի ինչ եմ անում. բռունցքներով հարվածում էի, որտեղ պատահի: Ընկերներից մեկը Ազատին պաշտպանելու համար հարձակվեց ինձ վրա և սկսեց հարվածել գլխիս, կրծքիս. երկուսով ծեծում էին ինձ: Երրորդը կպավ Սաքոյի հետ: Տեսնելով, որ դրությունս գնալով վատանում է, Լուսինեն մի քար վերցրեց և ամբողջ ուժով խփեց հակառակորդիս գլխին: Արյունը ցայտեց, և տղան ընկավ: Բոլորը կռիվը թողեցին ու անցան տուժածին օգնություն ցույց տալու: Տղայի գլուխը մի կերպ կապեցինք ու հաշտվեցինք: Նրանցից մեկն ինձ հարցրեց.

– Դու հո Գառնիկի հորեղբոր տղա՞ն չես:

Ես գլխով հաստատեցի:

– Երևում է,- ասաց նա:- Լավ, ինչ եղել է, անցավ գնաց: Գառնիկին չասես:

Մենք վերադարձանք տուն: Դա եղավ մեր վերջին օրը. այլևս չգնացինք: Շուտով սկսվեցին քննությունները: Բոլորս հաջող հանձնեցինք և ստացանք հասունության վկայականները: Մի օր պատահաբար հանդիպեցի Լուսինեին: Նա բարևեց ու հարցրեց.

– Կարեն, դու ո՞ր ինստիտուտն ես տալու:

– Առայժմ ոչ մեկը,- պատասխանեցի ես:- Շուտով բանակ կտանեն:

– Ափսոս, երեք տարիդ կկորցնես:

– Պարտականություն է: Բա ձեզ ո՞վ պիտի պաշտպանի:

– Այո՛, դու լավ կռվող ես, չեմ կասկածում: Ես մանկավարժական կփորձեմ:

– Հաջողություն եմ ցանկանում,- ասացի ես և հրաժեշտ տվեցի:

Մի քանի օրից ստացանք մեր ծանուցագրերը: Սաքոյին ինձանից հինգ օր ուշ էին կանչել: Գնալուս օրը ամբողջ թաղի տղաները ճանապարհում էին ինձ: Նկատեցի, որ հավաքվածներից քիչ այն կողմ կանգնած են Լուսինեն ու Մարգարիտը: Նրանք ձեռքով հրաժեշտ տվեցին ինձ ու մնացին կանգնած: Ես ժպիտով պատասխանեցի և գնացք նստեցի: Երևանից ապրանքատար գնացքով մեկնելու պահից այլևս ոչ մի օր կարգին չքնեցի մինչև տայգա: Գնացքում մի միտք էր տանջում ինձ. «Ինչո՞ւ Լուսինեն ու Մարգարիտը եկան ճանապարհելու, և հատկապես Լուսինեն էր ժպտում»:

Մենք գնացք էինք նստել ամառային հագուստով, բացի դրանից, ուղիղ մեկ ամիս կողերս ջարդել էինք ապրանքատար գնացքի տախտակների վրա: Գնացքը տեղ հասավ առավոտյան ժամը վեցին: Եղանակը սառն էր. բոլորս սկսեցինք դողալ: Մեզ լցրեցին բեռնատար մեքենաների մեջ ու տարան անտառ: Անտառում տեղավորեցին վրանների մեջ: Մի շաբաթ հանգստացանք, այնուհետև զինվորական համազգեստ հագցրին և կացինն ու մեխանիկական սղոցները ձեռքներս տվեցին: Ամբողջ օրն աշխատում էինք. ո՛չ ժամ կար, ո՛չ պատարագ: Ամեն դասակ ուներ իր օրվա առաջադրանքը: Մինչև չկատարեիր, տուն չէիր գնա: Մեզ պահում էին կալանավորի նման. ոչ մի ժամանց չունեինք: Երբեմն պատահում էր՝ դեմ դիմաց արջ էր դուրս գալիս: Ընդհանուր ուժերով կամ հերթապահ զինվորի հրացանով սպանում էինք և զվարճանք կազմակերպում: Երեք ամիս չկարողացանք մի նամակ ուղարկել տուն: Վերջապես փոստատարի հարցը լուծվեց: Հատուկ զրահամեքենայով շաբաթը մի անգամ գնում էինք քաղաք ու փոստը բերում: Վեց ամիս հետո Սաքոյից նամակ ստացա: Պարզվեց, որ ծառայում է Վրաստանում: Տեղը լավ էր, կարող էր մեծ-մեծ խոսել: Ես պատասխանեցի և նկարագրեցի մեր պայմանները: Երբ տարին լրացավ, փոստատարը եկավ ու ստիպեց, որ պարեմ. Մարգարիտն էր նամակ ուղարկել և վերջում գրել էր, որ Լուսինեն էլ է բարևում: Խնդրում էին նաև, որ լուսանկար ուղարկեմ: Նկար էր մնացե՞լ, որ ուղարկեի: Բայց քանի որ Լուսինեի անունը կար, որոշեցի՝ ինչ գնով էլ լինի, նկարվեմ և ուղարկեմ: Շաբաթ օրը հրամանատարին ամեն ինչ բացատրեցի և խնդրեցի կազմակերպել իմ քաղաք գնալը: Կապիտան Իվանովն ինձ հատկացրեց զրահամեքենան և պատվիրեց շուտ վերադառնալ: Ես ու վարորդ Սեմյոնովը նստեցինք մեքենան, և ուր ես, քաղաք: Ամբողջ ծառայության ընթացքում անտառից դուրս չէի եկել: Սեմյոնովը ճանապարհը գիտեր: Վարում էր մեծ արագությամբ և մեկ-մեկ ճանապարհի եզրի ավելորդ ծառերը տապալում: Հանկարծ ճանապարհի վրա մի արջ երևաց. ետևի ոտքերի վրա գալիս էր ուղիղ դեպի մեզ: Սեմյոնովը զրահամեքենայի կողով խփեց արջին ու անցավ: Լսեցինք նրա մռնչոցն ու անհետացանք: Հասանք քաղաքի ծայրամասը: Ավտոտեսուչները մեզ կանգնեցրին և խնդրեցին ավտոմեքենայով գնալ: Մեր մեքենան թողեցինք տեսուչի մոտ և տաքսիով տեղ հասանք: Լուսանկարիչը հայ էր: Նայելով շորերիս՝ ծիծաղեց.

– Տո՛ այդպիսի շորերով նկարը կուղարկե՞ն սիրածին:

Նա հանեց կրտսեր սերժանտի տոնական համազգեստը և ինձ հագցրեց:

– Ա՛յ հիմա ուրիշ է:

Մենք նկարվեցինք և դուրս եկանք:

– Լսիր, հազիվ եկել ենք, մի կտոր հաց չուտե՞նք:

Մտանք մոտակա ռեստորանը և ուտելիք պատվիրեցինք: Դեռ համը չառած՝ մի սպա ներս մտավ ու կտրուկ ասաց.
– Այստեղ զինվորներին չի կարելի:

Մենք ներկայացանք և խնդրեցինք թույլ տալ մի կտոր հաց ուտել: Տեսնելով, որ անտառից ենք, սպան թույլատրեց: Մենք կերանք և արագ վերադարձանք զրահամեքենայի մոտ: Շնորհակալություն հայտնելով տեսուչին՝ ճանապարհ ընկանք: Սեմյոնովը վարում էր առանց մտածելու: Շուտով շարժիչի ձայնը փոխվեց, ու մեքենան կանգ առավ: Ըստ Սեմյոնովի՝ մեքենայի ծնկաձև լիսեռը տաքացել էր ու ծռվել: Մենք մնացինք անտառի մեջ. դա ծանր փորձություն էր: Արդեն մութն ընկնում էր:

– Գազանները մեզ կհոշոտեն,- ասաց Սեմյոնովը:

– Նկարս կմնա հիշատակ,- կատակեցի ես:

– Այդպիսի աղջկա համար արժե մեռնել…

Բայց կատակի ժամանակ չէր: Մենք մտանք մեքենայի մեջ և ռադիոընդունիչը միացնելով՝ կապվեցինք զինմասի հետ:

– Սպասեք շտապ օգնության,- պատասխանեցին մեզ:

Անհամբեր սպասում էինք: Շուտով գայլերը շրջապատեցին մեքենան և սկսեցին ոռնալ ու ատամները չխկչխկացնել: Նույնիսկ մի կարգին դանակ չունեինք: Ճանապարհվելուց առաջ երկու երկաթե ձող էի դրել մեքենայի մեջ՝ պաշտպանության համար, իսկ տնից հետս մի գեղեցիկ ֆիննական դանակ էի բերել, որը միշտ գրպանումս էի պահում: Այս էր մեր զենքը: Մեքենայի մուտքի կափարիչները պինդ փակեցինք: Գայլերը բարձրանում էին մեքենայի վրա, կռվում իրար հետ և մեր հոգու հետ խաղում: Ձայներից որոշում էինք, թե ինչ է կատարվում: Երկու գայլ կպան իրար, և սկսվեց մենամարտը: Մեքենայի լույսերը վառեցինք և ի՜նչ տեսնենք. մի գայլ ընկած էր գետնին, իսկ մյուսները հոշոտում էին՝ իրար ձեռքից խլելով: Լույսերը մարեցինք և սպասեցինք մեր ճակատագրին: Գիշերն անցավ, բայց ոչ ոք չեկավ: Առավոտվա կողմ քունը մեզ հաղթեց, ու երբ արթնացանք, արդեն լուսացել էր: Գայլերը սկսեցին ցրվել: Համոզվելով, որ բոլորը հեռացել են, բացեցինք մեքենայի կափարիչը և ուզեցինք դուրս գալ: Սեմյոնովը ձեռքը մեկնեց, որ դուրս գա, գայլը բռնեց նրա թևն ու սկսեց կրծել: Ես վայրկենական վերցրի երկաթե ձողը և սկսեցի խփել գայլի գանգին: Մի քանի անգամ խփելուց հետո հազիվ բաց թողեց: Սեմյոնովի ձեռքը համարյա ծամել էր: Կափարիչը մի կերպ փակեցինք և փորձեցինք վիրակապել: Լավ էր, որ դեղատուփի մեջ յոդ կար: Ես հանեցի շապիկս և յոդը քսելով՝ թևը կապեցի: Սեմյոնովն ուշագնաց եղավ: Տափաշշի ջրով մի կերպ արթնացրի և սկսեցի սրտապնդել: Ձեռքը ուռչում էր, դրությունը՝ վատանում, իսկ շտապ օգնությունը չկար: Ես կապվեցի զինմասի հետ և զեկուցեցի Սեմյոնովի վիճակի մասին: Ժամը տասներկուսին շտապ օգնությունը եկավ: Գայլն այդքան ժամանակ մնացել էր մեքենայի վրա: Լավ է՝ տղաները ավտոմատ էին վերցրել: Գայլին սպանեցին: Անմիջապես փոխելով վիրակապը՝ Սեմյոնովին տարան քաղաքի հոսպիտալ: Տեխօգնության մեքենայով տեղափոխեցինք մեր մեքենան և հանձնեցինք վերանորոգման: Ես մի նամակ գրեցի Լուսինեին և փոստատարին խնդրեցի լուսանկարիս հետ ուղարկել: Սեմյոնովը մի ամսից առողջացավ և վերադարձավ զինմաս: Ես այլևս նամակ չստացա. իմ կապը միայն ընտանիքիս հետ էր: Դրությունս նախանձելի չէր: Դժբախտ դեպքեր էլ էին պատահում: Ճանապարհից մոլորված զինվորը կամ ընկնում էր արջի բերանը, կամ էլ խորտակվում ճահճում: Մի ավելորդ քայլը դառնում էր ճակատագրական: Տունդարձի մասին էինք երազում: Երկրորդ տարվա վերջում վերջապես Սաքոյից երկրորդ նամակն ստացա: Այն, ինչ կարդացի, ցնցեց ինձ: Սաքոն գրում էր, որ Լուսինեն ամուսնացել է, և ինքը հուսահատ դրության մեջ է: Խե՜ղճ Սաքո. ինչ իմանար, որ մենակ ինքը չի տանջվում: Ստանալով տխուր լուրը՝ ես հիասթափվեցի կյանքից և սկսեցի հավատս կորցնել մարդկանց հանդեպ: Երբեմն գիտակցաբար ուզում էի ընկնել արջի բերանը և ազատվել այդ տանջանքներից: Ընդհանուր առմամբ ես խելոք էի ծառայում և ոչ մի կարգ ու կանոն չէի խախտում: Այս դեպքից հետո սկսեցի աջ ու ձախ խախտումներ անել: Կապիտանը կանչեց և ամոթանք տվեց: Դա ինձ դաս եղավ, և նորից սկսեցի կարգին ծառայել: Երրորդ տարում ինձ նշանակեցին դասակի հրամանատար: Իմ հոգեվիճակը լավացավ, և սկսեցի հույսով ապրել: Վերջապես ծառայությանս ժամանակը լրացավ, և ինձ մի խումբ զինվորների հետ բերեցին կայարան ու վերջին խրատները տալով՝ ճանապարհեցին: Ես ողջ ու առողջ հասա հայրենի տուն. աչքերիս չէի հավատում: Նորից տեսնելով մեր լեռներն ու անտառները՝ կարծես քնից արթնացա և դուրս եկա դարավոր անդունդից: Մայրս դիմավորեց մեր բակում. ուրախությունից քիչ էր մնում ուշագնաց լիներ:

Լուսինեն իր ամուսնու հետ ապրում էր մեր թաղում և միշտ անցնում էր մեր տան մոտով: Դա ինձ համար յուրօրինակ պատիժ էր: Առաջին անգամ տեսա ամուսնու հետ. անցնելիս գլխի շարժումով բարևեց ինձ: Սիրտս տեղից դուրս էր գալիս. կարծես ինձ անտես թելերով կապած տանում էին: Մնացել էի շիվար կանգնած: Հորս երևալը սթափեցրեց ինձ: Սաքոն նույնպես եկավ, և միասին լաց ու շիվան էինք անում: Սաքոն այդպես էլ չիմացավ իմ սիրո մասին: Ասացին, որ Դարչոյին դատել են և տասը տարով ազատազրկել:

Ես ու Սաքոն նույն տարում բուհ ընդունվեցինք: Հինգ տարվա ընթացքում բազում գեղեցիկ ու համեստ աղջիկներ եկան ու անցան, բայց ոչ մեկն ինձ չէր գրավում: Իմ սրտում միայն Լուսինեն էր: Սաքոն ամուսնացավ իրենց կուրսից մի աղջկա հետ: Վարձով էին ապրում: Ամեն արձակուրդի Լուսինեին տեսնում էի: Նրա դուստրն արդեն վազվզում էր: Մի անգամ դեմառդեմ հանդիպեցի ու հարցրի.

– Ո՞նց ես ապրում:

– Ոչինչ,- դժգոհ պատասխանեց նա և շարունակեց ճանապարհը:

Վերջացրի ուսումս և վերադարձա մեր քաղաքը: Շինարարության ինժեներ էի: Ծնողներս արդեն տրտնջում էին.

– Փոքր չես, հարկավոր է ամուսնանալ:

Ես ստիպված ամուսնացա մեր թաղի համեստ աղջիկներից մեկի հետ: Նարինեն շատ սիրուն էր և սիրում էր ինձ, բայց իմ սիրտը չէր կպչում: Ես նրա հետ ապրում էի ի միջի այլոց: Նա խելոք էր, հավատարիմ և հոգատար: Բայց ես միայն հարգանքով էի փոխադարձում: Իմ ետևում միշտ Լուսինեի ստվերն էի զգում և չէի կարողանում նրան մտքիցս հանել: Ծնվեց մեր առաջնեկը՝ տղա. անվանեցինք Արմեն: Կինս կամաց-կամաց զգաց իմ սառնությունը և մի օր էլ բացահայտ արտահայտվեց.

– Կարեն, քեզ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում: Ես քո զգացմունքների վրա չեմ բռնանա: Մենք կարող ենք մարդավարի բաժանվել:

Կնոջս կշտամբանքն ինձ վրա շատ ազդեց: Նա ոչ մի մեղք չուներ, և չէի կարող նրան թողնել: Մի օր, երբ Արմենը քնած էր, իսկ մենք նստած զրուցում էինք, ես առաջարկեցի.

– Նարինե, արի տեղափոխվենք Երևան:

– Իսկ ի՞նչն է քեզ խանգարում,- զարմացած հարցրեց նա,- տուն ունես, աշխատանք ունես, ապրի՛ր էլի: Երևանում անհամբեր քեզ ե՞ն սպասում, ինչ է:

Մեկ ուրիշ կին, Երևանի անունը լսելով, կուրախանար, բայց Նարինեն խոհեմ էր: Նա զգաց, որ մի պատճառ կա:

– Խնդրում եմ, Կարեն, պա՛րզ եղիր ինձ հետ,- ասաց նա:

Ես ստիպված պատմեցի իմ անմար սիրո մասին:

– Այո, ճաշակդ վատը չի,- ասաց Նարինեն,- լսել եմ՝ ամուսինն էլ անպետքի մեկն է: Դե ինչ, ես չեմ կարող քո վզին փաթաթան լինել. արա այն, ինչ խելքդ թելադրում է:

Մենք տեղափոխվեցինք Երևան, բնակարան ստացանք: Շուտով ծնվեց մեր երկրորդ որդին՝ Կամոն: Սակայն Լուսինեի սերն առաջվա պես սատանայի պես կրծում էր հոգիս: Այդպես ապրեցինք, մինչև լրացավ մեծ որդուս քսան տարին: Ես արձակուրդ վերցրի և որդուս հետ մեկնեցի ծննդավայրս: Տասնհինգ օրվա ընթացքում ոչ մի անգամ չկարողացա հանդիպել Լուսինեին: Հուսահատված ուզեցի վերադառնալ, բայց որդիս ցանկացավ մնալ. ես չառարկեցի: Երեկոյան կանգնած էի կայարանի կառամատույցին և սպասում էի գնացքի ճանապարհվելուն: Ինձ սթափեցրեց ուղեկցորդի ձայնը.

– Գնացքը ճանապարհվում է, խնդրում եմ տեղավորվել:

Առանց շտապելու բարձրացա գնացք և ուղղվեցի դեպի իմ խցիկը: Այս անգամ ինձ թևատարած սպասում էր երջանկությունը. խցիկում նստած էր Լուսինեն: Նրա գեղեցկությունը գրեթե չէր խաթարվել. միայն ոսկեթել մազերի մեջ սպիտակ թելեր էին երևում, ինչն ավելի էր գեղեցկացնում նրան: Շունչս պահած՝ մի կերպ արտաբերեցի.

– Բարև, Լուսինե:

– Բարև,- շիկնելով պատասխանեց նա:

Գնացքը շարժվեց: Պարզվեց՝ խցիկում երկուսով ենք. դա ուրախացրեց ինձ: Ինչպես կարգն էր, ես առաջինը սկսեցի հարցուփորձ անել: Լուսինեի ամուսինը մահացել էր, իսկ ինքը գնում էր Երևան՝ ամուսնացած աղջկա տուն: Տարբեր բաների շուրջ զրուցելուց հետո վերջապես որոշեցի անցնել գլխավոր հարցին:

– Լուսինե, դու կարո՞ղ ես այս քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ ինձ լսել:

– Իհարկե կարող եմ,- պատասխանեց նա:- Քեզ հետ խոսելուց միշտ հաճույք եմ ստացել:

Այս խոսքերը սրտապնդեցին ինձ, և սկսեցի.

– Ես դժբախտ եմ: Իմ ամբողջ կյանքն անիմաստ է անցել: Ես ամուսնացել եմ իմ կամքին հակառակ: Սիրել եմ քեզ մեր հանդիպման առաջին իսկ օրից և սիրում եմ առ այսօր: Իմ հոգու կողքին միշտ զգացել եմ քո արդար հոգին և հույսս չեմ կտրել: Գոնե կարո՞ղ եմ հույսս դնել քո բարի վերաբերմունքի վրա:

Լուսինեն գլուխը բարձրացրեց, նայեց ինձ և ասաց.

– Դու դաժան մարդ ես, Կարեն:

Եվ սկսեց հեկեկալ: Հազիվ հանգստացրի նրան և ներողություն խնդրեցի իմ հիմարության համար: Լուսինեն պատմեց.

– Ես նույնպես սիրել եմ քեզ մեր հանդիպման առաջին օրից և ամբողջ կյանքս քո սիրով եմ ապրել: Ես Սաքոյին չեմ սիրել. իմ հույսը միայն դու էիր: Երբ դու ինձ պաշտպանում էիր, ես մտածեցի, որ շուտով առաջարկություն կանես, բայց դու լռում էիր, իսկ ես չէի կարող ինձ թույլ տալ, չնայած մի քանի անգամ քիչ էր մնում արտահայտվեի:

Ես իսկույն արդարացա.

– Մեր հանդիպման օրը Սաքոյի մայրն ասաց. «Լուսինեն Սաքոյի հարսնացուն է»: Դե ես ո՞նց դավաճանեի ընկերոջս:

Լուսինեն շարունակեց.

– Հայրս մի օր եկավ տուն ու մորս ասաց. «Պատրաստվիր հարսանիքի. մի լավ տղա եմ գտել, հարուստ էլ հայր ունի»: Ես անմիջապես գունատվեցի և գնացի իմ սենյակը: Քիչ հետո մայրս եկավ մոտս. սիրտս բացեցի ու ասացի, որ սիրում եմ քեզ, բայց երբ նա իմացավ, որ դու ինձ առաջարկություն չես արել, ասաց. «Կարող է՝ նա էլ քեզ նման մեկ ուրիշին է սիրում: Այդ դեպքում դու տանը կմնաս»: Այսպես ինձ համոզեցին և ամուսնացրին Պողոսի հետ: Գոնե մի կարգին անուն ունենար: Ես մտածում էի՝ գուցե մեր մեջ սեր առաջանա և փորձեմ մոռանալ քեզ, բայց սխալվում էի: Պողոսի սառը վերաբերմունքն ավելի ջերմացրեց իմ սերը: Երբ բանակից եկար, խույս էի տալիս քեզնից. մտածում էի, որ մեղավոր եմ, ինչո՞ւ իմ մեղքը կապեմ այս անմեղ մարդու վզին: Պողոսն ինձ համար անտանելի էր դառնում: Քո ամուսնությունը շատ ծանր տարա: Հիմնավորապես որոշեցի, որ իմ նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, և հաշտվեցի իմ դժբախտ ճակատագրի հետ:

Լուսինեն երկու դուստր ուներ. մեկն ամուսնացած էր, իսկ մյուսի տասնվեց տարին նոր էր բոլորել. ըստ պատմելու՝ Սվետլանան իր կտորն էր: Այդտեղ էլ կազմեցի իմ ծրագիրը և հայտնեցի Լուսինեին: Նա իր երեքսենյականոց բնակարանը փոխանակելու էր երկուսի հետ և դստեր հետ տեղափոխվեր Երևան: Մենք ամուսնացնելու էինք մեր երեխաներին, և այդպիսով իրար հանդիպելու հնարավորություն էր ստեղծվելու:

– Կնոջդ չեմ դավաճանի,- ասաց Լուսինեն,- նա լավ և հավատարիմ կին է:

– Միայն կհանդիպենք, ուրիշ ոչինչ,- խոստացա ես:

Լուսինեն փափկեց, այնուհետև սկսեցինք կազմել մեր ապագայի ծրագրերը: Շուտով նա հոգնեց, և աչքերը սկսեցին փակվել: Գլուխը դրեց ուսիս ու քնեց: Քիչ հետո գլուխն զգուշությամբ իջեցրի ծնկներիս և թողեցի՝ քնի: Նայում էի նրա խաղաղ ու անմեղ դեմքին և մտքով վայելում իմ երջանկությունը: Վերջապես քունն ինձ էլ հաղթեց: Մեջքս հենեցի խցիկի պատին ու քնեցի՝ չհամարձակվելով խախտել Լուսինեի անդորրը: Գիշերվա կեսին երեսիս փաղաքշական համբույրներ զգացի: Ես դիտմամբ աչքերս չբացեցի: Ուզում էի, որ դա անընդհատ շարունակվեր: Լուսինեն զգաց և գրկելով ուժեղ սեղմեց կրծքին: Ինձ էլ դա էր հարկավոր: Աչքերս բացեցի, գրկեցի նրան և զգուշությամբ պառկեցրի անկողնուս վրա:

– Այդ ի՞նչ ես անում,- նեղացավ Լուսինեն:

– Ոչինչ, ուզում եմ, որ մարդավարի քնես:

Նա հանդարտվեց:

– Կարելի՞ է Ձեր կողքին պառկել,- հարցրի ես և առանց պատասխանի սպասելու այդպես էլ արեցի:

Ես գրկեցի նրան և առա իմ քսանհինգ տարվա կարոտը: Այնուհետև ամեն ինչ իր հունով գնաց: Մենք առաջին անգամ վայելեցինք սիրո գերագույն հաճույքը: Հետո խաղաղվելով գրկեցինք իրար ու քնեցինք: Առավոտյան լսեցինք ուղեկցորդի ձայնը.

– Տասնհինգ րոպեից հասնում ենք Երևան, պատրաստվե՛ք իջնելու:

Մենք արագ լվացվեցինք, հագնվեցինք և պատրաստվեցինք: Գնացքը փնչացրեց ու կանգ առավ: Կառամատույցի ժողովուրդը թափվեց գնացքի վրա. ամենքն իրենց հարազատներին էին փնտրում: Մենք վերցրինք մեր ճամպրուկներն ու դուրս եկանք: Ուղեկցորդը նկատեց.

– Լավ էլ քնել էիք, դուռը ծեծեցի, չլսեցիք:

Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան և իջանք: Մարդկանց ժխորի միջով ուղղվեցինք դեպի պահասենյակ: Հանձնեցինք ճամպրուկները և դուրս եկանք զբոսնելու: Ես զգում էի Լուսինեի շունչը և ուզում էի անվերջ շարունակել ճանապարհը: Մենք հասանք հրապարակ: Հիանալով շատրվանների վճիտ ջրերով՝ վայելում էինք առավոտյան թարմ օդը:

– Դու թանգարանում եղե՞լ ես,- հարցրի ես:

– Ես միայն մեր լեռներում ու անտառներում եմ եղել:

Մենք տոմս գնեցինք և բարձրացանք թանգարան: Լուսինեն հափշտակված նայում էր բոլոր նմուշներին և արտահայտում իր հիացմունքը: Հասանք այն մարմարե աղջկա քանդակին, որի գոգնոցը լիքն է ծաղիկներով:

– Ահա և քո արձանը,- նկատեցի ես:

– Ես այդքան չարժեմ,- ծիծաղելով պատասխանեց Լուսինեն:

– Դու դրանում ոչ մի ջանք չունես:

Լուսինեն նեղացավ իմ խոսքից: Ես պատճառաբանեցի.

– Մի՛ նեղացիր, ճշմարտությունը միշտ դառն է լինում: Քո գեղեցկության համար դու պարտական ես ծնողներիդ:

Մենք մտանք թեյարան և մի փոքր պատվեցինք մեր ստամոքսներին: Դրսում արդեն շոգ էր: Առաջարկեցի բարձրանալ Հաղթանակի զբոսայգի: Երբ յոթ ցայտաղբյուրից ջուր էինք խմում, մի երեխա ջուր ցանեց Լուսինեի վրա ու փախավ: Մոտակա կանգառից տաքսի նստեցինք և բարձրացանք այգի: Վարորդն ինձ ճանաչում էր:

– Համա թե լավն է,- նկատեց նա ու վճարից հրաժարվեց:

Այգին մարդաշատ էր ու աղմկոտ: Բոլոր զբոսուղիներով երիտասարդ զույգեր էին քայլում՝ իրար գրկած: Երեխաները դեսուդեն էին վազվզում՝ խանգարելով անցուդարձին: Մենք քայլեցինք դեպի ջրավազան: Ճանապարհին պաղպաղակ վերցրինք և առաջ անցանք: Մի փոքր տղա, կլիներ վեց տարեկան, մոտեցավ ու փող խնդրեց: Նա վատ էր հագնված, շորերն էլ կեղտոտ էին: Ես հինգ ռուբլի տվեցի:

– Տեսնես այս երեխան ծնող չունի՞,- հարցրեց Լուսինեն:

– Ո՞վ գիտի,- պատասխանեցի ես:

Հասանք նստարաններին ու նստեցինք:

– Արի լողանք. համ կմաքրվենք, համ էլ կթարմանանք:

– Ես լողալ չգիտեմ, համ էլ մեծ կին եմ, երեխաները կծիծաղեն վրաս: Դու լողա, ես էլ շորերդ կհսկեմ:

Ես մտա ջուրն ու մի քիչ թարմանալուց հետո դուրս եկա:

– Լավ ես լողում,- նկատեց Լուսինեն:

– Մեր գետերում եմ սովորել:

Մենք վեր կացանք ու թևանցուկ արած գնացինք դեպի այգու խորքը: Նստեցինք միակ նստարանին ու սկսեցինք զրուցել: Հանկարծ ծառերի ետևից երկու փոքր տղաներ դուրս եկան և խաղալիք ատրճանակներն ուղղելով մեզ՝ գոռացին.

– Կյա՛նքդ կամ դրամապանա՛կդ:

Ես հանեցի դրամապանակս և մի երեքանոց դրամ մեկնեցի երեխաներին: Նրանք հրաժարվեցին և ծիծաղելով հեռացան: Մենք նույնպես ծիծաղեցինք: Մոտեցավ մի տղա՝ շոկոլադե սալիկներ ձեռքին:

– Վաճառո՞ւմ եք,- հարցրի ես:

– Այո:

Երկու սալիկ գնեցի, ուտելով դուրս եկանք այգուց: Արդեն ժամը տասնհինգն էր:

– Կարեն, չլինի՞ մտադիր ես ինձ քաղցից սպանել,- կատակեց Լուսինեն:

– Ներողություն անուշադրության համար,- ասացի:

Ահա և հասանք ու մտանք «Կռունկ» ռեստորանը, որտեղ զով էր ու հաճելի: Մատուցողը մոտեցավ մեզ և ներկայացրեց ճաշացանկը:

– Բերեք խնդրեմ տապակած հավ, սալաթ և կանաչեղեն: Չմոռանաք շամպայնն ու հանքային ջուրը:

Երբ ուզում էինք փակել հաշիվը, մատուցողը ժպտալով նայեց մեզ և մի թղթի կտոր մեկնեց՝ ասելով.

– Ձեր հաշիվը փակված է:

Թղթի վրա գրված էր. «Ներեցեք համարձակությանս համար: Ազատ»:

– Այդ մարդը այստեղ էլ փչացրեց մեր տրամադրությունը,- նկատեցի ես:

Մենք դուրս եկանք ռեստորանից: Դրսում՝ ծառի տակ, սպասում էր Ազատը: Դրամները բարկացած շպրտեցի երեսին:

– Վերցրո՛ւ ողորմելի դրամներդ, ես դրա կարիքը չունեմ:

Ազատն աղերսող հայացքով նայեց ինձ և ասաց.

– Մի՛ բարկացիր, Կարեն, ես մաքուր սրտով եմ արել: Այն ժամանակ երիտասարդ էինք և շատ բան չէինք հասկանում:

Ազատի աղերսական բացատրությունն ինձ փափկեցրեց:

– Հիմա՞ ինչը ստիպեց քեզ անտեղի ծախսել փողերդ:

– Ես դժբախտ եմ, Կարեն, զավակ չունեմ: Կինս հիվանդ է, և մենք զրկված ենք զավակ ունենալու հաճույքից: Կյանքս դարձել է աննպատակ: Չգիտեմ ինչ անեմ. մի բարի խորհուրդ տուր ինձ:

– Ես դա կանեմ, միայն խոսք տուր, որ մարդ կմնաս:

– Խոստանում եմ,- երդվեց Ազատը:

– Էջմիածնում մի պառավ կա: Նա քո կնոջը կբուժի, և դուք զավակ կունենաք:

Նա վերցրեց հասցեն և ուրախ հեռացավ:

– Ուշ է,- ասաց Լուսինեն,- տանը մեզ են սպասում:

Մենք վերադարձանք կայարան: Վերցրինք ճամպրուկները և բաժանվեցինք իրարից: Հրաժեշտից առաջ ես հեռախոսահամարս տվեցի և բացատրեցի՝ ինչպես գտնի ինձ:

Անցավ մի ամիս՝ իր տագնապալից օրերով: Լուսինեից ոչ մի լուր չունեցա:

Մի օր էլ, երբ  խիստ զբաղված էի և քարտուղարուհուս պատվիրել էի, որ ոչ ոքի ներս չթողնի, հանկարծ նա մտավ ու զեկուցեց.

– Ընկեր Արզումանյան, մի գեղեցիկ կին համառորեն ուզում է Ձեզ տեսնել. չընդունելը մեղք է:

Ես հիշեցի Լուսինեին և խնդրեցի ներս հրավիրել: Չէի սխալվում. նա էր:

– Քեզ մոտ մտնելը շատ դժվար է. գուցե խանգարեցի՞:

– Ներիր, աշխատանք է:

Երբ դուրս էինք գալիս, քարտուղարուհուս ասացի.

– Այսօր ընդունելություն չկա:

Նա հեգնական նայեց ինձ ու ասաց.

– Այդպիսի գեղեցկուհուն տեսնողը ամեն ինչ կթողնի:

Մենք դուրս եկանք: Լուսինեն կարճ ժամանակում փոխանակել էր բնակարանը և տեղափոխվել Երևան: Միասին գնացինք այնտեղ: Ճանապարհին նվեր գնեցի: Դուռը բացեց Սվետլանան: Աստվա՜ծ իմ, նույն Լուսինեն էր: Նա հաճույքով մեզ ներս հրավիրեց և նստեցրեց սեղանի կողքին՝ իրար դիմաց: Սուրճ հյուրասիրեց և իր պատրաստած տորթը: Հետո մեզ մենակ թողեց ու ներողություն խնդրելով՝ դուրս գնաց: Նայում էինք իրար ու մտածում. ի՜նչ լավ է, որ աշխարհում կա հաջողություն, բարի մարդիկ, ուրախ կյանք, միայն հարկավոր է վայելել: Քիչ հետո Լուսինեն վեր կացավ, դրամապանակից հանեց լուսանկարս ու դրեց սեղանին: Նկարը խնամքով առել էր շրջանակի մեջ ու պահել:

– Ահա թե ինչով եմ ապրել իմ ամբողջ կյանքը:

Լուսանկարը պահում էր դրամապանակի գաղտնի գրպանիկում:

– Կարող ես ընդհատակից հանել,- կատակեցի ես ու պատմեցի նկարի հետ կապված պատմությունը:

Արցունքները հոսում էին Լուսինեի աչքերից:

– Աստվա՜ծ իմ, ուրեմն ես կարող էի պատճառ դառնալ քո կյանքի դժբախտ վերջաբանի՞ն:

– Սիրող սիրտը չի մեռնում: Սերն Աստված է պահպանում,- ասացի ես ու համբուրեցի Լուսինեին:- Սերը զոհողություն է պահանջում. միշտ պետք է պատրաստ լինել վատին և երազել լավի մասին:

Այս հաջողությամբ արբեցած՝ հրաժեշտ տվեցի Լուսինեին ու դուրս եկա: Տուն հասա բարձր տրամադրությամբ: Նարինեն նկատեց այդ և ասաց.

– Փառք Աստծո, որ մի անգամ ժպիտ երևաց դեմքիդ: Չե՞ս բարեհաճի ասել, թե ում ենք պարտական դրա համար:

– Չեմ թաքցնի, ես քեզ հետ միշտ պարզ եմ եղել: Այսօր հանդիպել եմ Լուսինեին: Նա մի գեղեցիկ աղջիկ ունի: Կարծում եմ՝ մեր Արմենի համար հարմար զուգընկերուհի կլինի:

– Մտքինդ ասա,- կշտամբեց Նարինեն:

– Ես առանց դրա էլ կարող եմ հանդիպել, բայց որ դու Սվետլանային տեսնես, ամբողջ հոգով կուզենաս, որ քո հարսը լինի:

– Եթե Լուսինեի նման է, ես դեմ չեմ:

– Հենց նրա կրկնօրինակն է:

– Դե ուրեմն որոշված է: Ինչ վերաբերում է քեզ, չեմ արգելում, կարող ես ազատ վայելել քո սերը:

– Շնորհակալ եմ այս տարիների համար, որ զոհաբերել ես:

– Ես քեզանից դժգոհ չեմ. արել ես, ինչ կարողացել ես: Քեզանից երկու հիանալի որդիներ ունեմ, որոնցով կարող եմ ապրել իմ կյանքի մնացած մասը: Այժմ դու ազատ ես. ով սիրել է, գիտի՝ ինչ բան է սերը: Սվետլանայի համար ես համաձայն եմ. գոնե պատճառ կունենաս այնտեղ գնալու, թե չէ հարևանները կսկսեն բամբասել:

Հաջորդ շաբաթ օրը գնացինք հարսնատես: Դուռը բացեց Սվետլանան: Արմենը քարացավ: Այդ պահին հիշեցի ինձ և նախանձեցի որդուս: Լուսինեն համեստաբար ընդունեց մեզ: Մենք նստեցինք բազմոցին և սկսեցինք զրուցել: Նարինեն ամենևին ցույց չէր տալիս, թե թշնամանք ունի Լուսինեի հանդեպ: Դա ինձ ուրախացնում էր: Արմենը հայացքով ուտում էր Սվետլանային: Նա չդիմացավ, վեր կացավ և սկսեց օգնել աղջկան: Մենք մնացինք երեքով: Լուսինեն իրեն մեղավորի պես էր զգում: Լռությունը խզեց Նարինեն.

– Արժե քո աղջկան առնել, սիրուն աղջիկ է, մնում է՝ մեջը մարդկություն լինի:

– Ես ոչինչ չեմ կարող ասել, կյանքը ցույց կտա,- պատասխանեց Լուսինեն:

– Դու էլ լավն ես,- նկատեց Նարինեն,- դրա համար է Կարենը գժվել:

– Ես ձեզ ոչ մի բանով չեմ խանգարի, միայն թե աղջիկս բախտավոր լինի,- ասաց Լուսինեն:

– Ես Կարենին քեզ եմ նվիրում, միայն թե պետք է իր երեխաների հետ ապրի:

Մի ամսից կայացավ Արմենի հարսանիքը: Որդիս շատ ուրախ էր: Նա հոլի պես պտտվում էր շուրջս ու կրկնում.

– Հայրիկ, համա թե ճաշակ ունես, հա՜:

Ես հազվադեպ էի գնում Լուսինեի մոտ: Նա ի՛նքը թույլ չէր տալիս:

– Դու իրավունք չունես դավաճանել այն կնոջը, որը սիրում է քեզ:

– Հիմա ես կարծես ֆուտբոլի գնդակ լինեմ. Նարինեն քեզ է նետում, դու՝ Նարինեին՝ առանց իմ կամքը հարցնելու:

– Ոչինչ, դիմացիր, կյանքում ամեն լավ բան իր վատ կողմն էլ ունի: Ես միայն տեսնելով էլ կհագենամ քեզանից, միայն թե ընտանիքդ չքայքայվի. թե չէ ի՞նչ կասեն իմ աղջկան:

Ամեն ինչ լավ էր: Արմենի հարսանիքը ցնցել էր ամբողջ թաղամասը: Հարևանները հերթով գալիս ու շնորհավորում էին մեզ: Բոլորը համբուրում էին Սվետլանային ու չէին մոռանում կրկնել.

– Բախտավոր լինես:

Մեր թաղում մի չարաչք կին կար. պատին նայեր, պատը կճաքեր: Վերջապես նա էլ բարեհաճեց: Դռան անցքից նրան նկատելով՝ Նարինեն հարսին ասաց.

– Իսկույն հանվի՛ր ու անկողի՛ն մտիր:

Սվետլանան առանց առարկելու կատարեց սկեսրոջ պատվերը: Նարինեն դուռը բացեց:

– Աչքներդ լույս լինի, ասում են՝ գեղեցիկ հարս ունեք, թող բախտավոր լինի: Բա ո՞ւր է, բեր երեսը համբուրենք:

«Սատանի երեսը համբուրես»,- մտքում հանդիմանեց Նարինեն, ապա ասաց.

– Հիվանդացել է, Զանի ջան, մի ուրիշ անգամ կտեսնես:

– Վա՜յ, քոռանամ ես, աչքով են տվել,- ասաց Զանին:- Դե լավ, Նարինե ջան, մի ուրիշ անգամ կգամ,- և դուրս եկավ:

– Գնալդ լինի, գալդ չլինի,- ասաց կինս ու շունչ առնելով՝ փակեց դուռը:

Զանին գնում էր կաթվածահարի պես. «Լա՜վ, Նարինե աղջիկ, դու դեռ կիմանաս, թե ով է Զանին»:

Ամիսներն անցան աննկատ: Արմենս արու զավակ ունեցավ: Անունը դրեցինք Վարդան: Նարինեն ու Լուսինեն միասին պատրաստում էին երեխայի շորերը, վերմակը, ներքնակը, ծածկոցը և այլ մանրուքներ: Օրորոցը հատուկ ընկուզենու փայտից պատվիրեցի. շատ գեղեցիկ էր: Երբ երեխային պառկեցրինք մեջը, Նարինեն հրճվանքով նայեց, ապա բացականչեց.

– Վա՛յ, քոռանամ ես, աչքուլունքը մոռացել ենք:

Լուսինեն դրամապանակից մի ուլունք հանեց. պռշնու փայտից էր:

– Սվետլանայիս սրանով եմ մեծացրել,- ասաց ու կախեց օրորոցից:

Տատիկները նայեցին իրար ու ժպտացին: Ես նույնպես ուրախացա, որ անմեղ կանանց շղթայի ծայրերը միացան:

Որոշ ժամանակ հետո ամուսնացավ նաև փոքր որդիս: Երեկոյան, երբ բոլորը քնած էին, ես ու Նարինեն նստած զրուցում էինք նոր խնամիների մասին:

– Չէ՜, սրանք Լուսինե չեն դառնա:

– Երկու երանին մի տեղ չի լինի,- ասացի ես:

– Կարեն, ես սիրում եմ քեզ, բայց Լուսինեն էլ սիրո արժանի կին է: Ես հասել եմ իմ նպատակին և այլևս մտածելու բան չունեմ. քեզ ազատություն եմ տալիս: Կարող ես ընտրություն անել. կամ մեզ հետ մնալ, կամ գնալ Լուսինեի մոտ:

– Ես չեմ պատրաստվում իմ ընտանիքից բաժանվել, Լուսինեն էլ չի նեղանում. մնում է՝ դու դրամա չսարքես:

Այդպես էլ մեր զրույցը վերջացավ:

Օրերն անցնում էին աննկատ: Նարինեն ու Լուսինեն հաշտվել էին իրավիճակի հետ: Մեկը մյուսից չէր նեղանում, և ամեն ինչ կարգին էր: Բայց ամեն բարեբախտություն էլ իր վերջն ունի: Եվ ահա անսպասելի դժբախտությունը բոլորիս իրար խառնեց: Առհասարակ մորը նեղություն չտալու համար գնումները Արմենն ու Սվետլանան էին անում: Սակայն այդ օրը՝ աշխատանքից վերադառնալիս, Նարինեն որոշում է շուկա մտնել և որոշ գնումներ կատարել: Շուկայում էլ, ինքներդ գիտեք, առատություն է: Նարինեն բավականին գնումներ է անում և դուրս է գալիս տաքսու կանգառ: Հենց այդտեղ էլ կատարվում է անսպասելին: Հերթական տաքսին մոտենում է հաճախորդին վերցնելու, իսկ ծանոթ վարորդներից մեկը, ցանկանալով օգտակար լինել Նարինեին, առանց ազդանշան տալու ավտոմեքենան երթևեկությանը հակառակ է վարում, որպեսզի մոտենա: Հանկարծակիի եկած Նարինեն չի կարողանում խույս տալ և մնում է երկու մեքենաների արանքում: Շտապ օգնությունը նրան տեղափոխում է հիվանդանոց: Ես լուրը ստացա երկու ժամ հետո: Երբ մտա հիվանդասենյակ, որդիներս այնտեղ էին և սպասում էին բժիշկների հրահանգներին: Նարինեն ուշքի չէր եկել: Բժիշկները տագնապով նայում էին իրար: Իմ խնդրանքով կանչեցին պրոֆեսոր Հովսեփյանին: Ոչինչ չօգնեց: Դեպքից հինգ ժամ հետո Նարինեն բացեց աչքերը: Նայում էի որդիներիս, աչքերս լցվում էին: Վերջապես սկսեց խոսել: Նրա խնդրանքով թոռներիս բերեցին: Ես հասկանում էի դրության ծանրությունը, բայց հույսս չէի կտրում: Լուսինեն նույնպես եկավ: Նարինեն խնդրեց մեզ մենակ թողնել: Երբ բոլորը դուրս եկան, նա նայեց աչքերիս ու ասաց.

– Տեսնո՞ւմ ես, ճակատագիրն ինքը լուծեց մեր հարցերը: Այժմ դու ազատ ես, ասպարեզը մնաց Լուսինեին: Միայն խնդրում եմ՝ երեխաներին անտեր չթողնես: Համբուրիր ինձ վերջին անգամ:

Ես համբուրեցի նրան և արցունքախառն աչքերով բարձրացրի գլուխս: Նա փակեց աչքերը և հեռացավ այս աշխարհից: Հարվածն ուժգին էր և անտանելի: Նարինեին հողին հանձնեցինք: Կյանքն իր իմաստը կորցրեց: Ինչքա՜ն հաշտ ու խաղաղ էինք ապրում: Նարինեն ոչ մի բանով մեզ չէր խանգարում, ընդհակառակը, նրա ներկայությունն անհրաժեշտ էր: Ես գլուխս ծեծում էի. մտածում էի՝ գուցե ե՞ս եղա նրա մահվան պատճառը: Ըստ հայկական սովորույթի՝ կատարեցի իմ ամուսնական պարտականությունը: Մի տարվա ընթացքում ընդամենը չորս անգամ հանդիպեցի Լուսինեին: Վերջինս հույսը կտրել էր ինձանից: Վերջապես սթափվեցի: Իմ պահվածքով անհանգստություն էի պատճառում երեխաներիս: Որդիներս իրենց ընտանիքների հետ ապրում էին խաղաղ ու համերաշխ: Միայն ես էի անմիտ թափառում:

Մի օր էլ որոշեցի հավաքույթ կազմակերպել: Բոլորը ներկա էին: Լուսինեն նստած էր Սվետլանայի կողքին: Նրանք հատուկ վստահություն էին ներշնչում: Ես բարձրացրի բաժակն ու ասացի.

– Սիրելի՛ որդիներ, Աստված մեզնից տարավ մայրիկին, և այժմ ես մենակ եմ մնացել: Կարծում եմ՝ դա ձեզ համար էլ է վատ: Ամեն մի թռչուն ուզում է իր երամի հետ թռչել: Կարծում եմ՝ Լուսինեն դեմ չի լինի, որ ես տեղափոխվեմ իր մոտ: Ե՛վ մենք գոհ կլինենք, և՛ դուք:

– Հայրիկ,- խոսեց ավագ որդիս,- դու քո պարտքը կատարեցիր մեր և մայրիկի նկատմամբ: Մենք քեզ տանջելու ցանկություն չունենք: Բոլորի անունից օրհնում եմ ձեր միությունը: Բոլորս խոստանում ենք ուշադիր և հոգատար լինել ձեր հանդեպ:

Խորհուրդը վերջացավ. ես դարձա տնփեսա: Տարիները կանգ չէին առնում: Մենք քառասունյոթ տարեկան էինք: Իմ աչքում Լուսինեն քանի գնում, ավելի էր գեղեցկանում: Քսանյոթ տարվա սերն իր անջնջելի հետքն էր թողել: Մենք արդեն երիտասարդ չէինք: Ամեն ինչ պետք էր մտածված անել: Լուսինեն թառամում էր, ես էլ երիտասարդ չէի, բայց սրտումս մի ցանկություն էր փոթորկվում. մի՞թե մեր սիրո պտուղն աշխարհ չի գալու: Երբ առաջին անգամ լիիրավ պառկեցինք միասին, գիշերը բուռն ու խոստումնալից եղավ, և լուսինը վկա էր մեր մեղսանքին: Առավոտյան արթնացանք անուշ երազներով: Օրերն անցնում էին անխռով և ուրախ: Լուսինեն տխրելու առիթ չէր տալիս: Թոռներս ամեն կիրակի մեզ մոտ էին: Մենք էլ նրանց էինք այցելում: Այնպես որ, ամեն ինչ կարգին էր:

Մի օր սովորականի պես աշխատանքից տուն եկա, ընթրեցի և նստեցի հեռուստացույց դիտելու: Լուսինեն հանգիստ էր երևում: Վերջապես ասաց.

– Կարեն, ուզում եմ քեզ ուրախացնել: Կրծքիս տակ խաղում է մեր սիրո պտուղը:

Սիրտս ուրախությունից թրթռաց: Ես գրկեցի նրան և սրտանց համբուրեցի: Նա ազատվեց իմ գրկից ու հարցրեց.

– Իսկ ի՞նչ կուզեիր՝ տղա՞, թե՞ աղջիկ:

– Աղջիկ:

– Իսկ եթե տղա լինի՞:

– Ուրեմն մեզնից մեկը կուրախանա:

– Իսկ ես կարծում եմ՝ երկուսս էլ կուրախանանք:

– Նշանակում է՝ զո՞ւյգ է:

– Այո, կրծքիս տակ երկու խփոց եմ զգում, միայն մնում է, որ տարասեռ լինեն:

– Եթե Աստված երեխա է տվել, դա էլ կտա:

Մենք վեր կացանք և բարձր տրամադրությամբ հանձնվեցինք անկողնու անդորրին: Այդ օրվանից սկսեցի ավելի ուշադիր լինել Լուսինեի նկատմամբ: Հաճախ էի տանում զբոսանքի և ապահովում էի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր պտղի աճման համար: Մի անգամ զբոսնում էինք այգում, երբ անսպասելի լսեցի իմ անունը: Ոտնաձայներն արագ մոտենում էին մեզ: Ազատն էր: Նա շնչասպառ մոտեցավ՝ մի երեք տարեկան տղայի ձեռքից բռնած: Հետո փաթաթվեց ինձ և սկսեց խելագարի պես համբուրել: Հազիվ պոկվելով նրանից՝ գրկեցի տղային ու հարցրի.

– Անունդ ի՞նչ է:

– Կարեն,- պատասխանեց փոքրիկը:

Պարզ էր. Ազատի կնոջը բուժել էին: Նա արագ-արագ պատմեց ամեն ինչ և վերջում ինձ նվեր խոստացավ:

Համբերությամբ լսելուց հետո ասացի.

– Կյանքն առևտուր չէ, այլ փոխօգնություն: Մարդիկ պետք է անշահախնդիր օգնեն իրար: Այդ դեպքում բոլորը կապրեն երջանիկ և հոգսեր չեն ունենա: Քո նվերն ինձ պետք չի: Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Լուսինեն ծննդաբերության է սպասում. հաջողություն մաղթիր, դա էլ կլինի մեր նվերը:

Ազատն այս ամենը լսեց և հոգոց հանեց.

– Իմ գլխում միայն փողն է պտտվում: Այն, ինչի մասին մտածում ես, ես երազել չեմ կարող: Ուրեմն իմ պարտքը մնում է հավիտյան:

– Դու արդեն վճարել ես քո պարտքը:

– Ո՞նց,- զարմացավ Ազատը:

– Քո տղայի անունով,- պատասխանեցի ես:

– Իմ մտքով չէր անցնի, կինս առաջարկեց:

– Ուրեմն կինդ քեզանից խելոք է,- ասացի ես և գլխով Լուսինեին նշան արեցի, թե՝ գնացինք:

Մենք շարժվեցինք դեպի ծառուղու խորքը, իսկ Ազատը հեռացավ հակառակ կողմով: Երեկոյան տուն դարձանք բարձր տրամադրությամբ և հանձնվեցինք անկողնու խաղաղությանը:

Մարտ ամսվա կեսերն էին: Աշխատանքից տուն եկա և Լուսինեին խոհանոցում նստած տեսա: Նա հազիվ բարձրացրեց գլուխը և դժվարությամբ արտասանեց.

– Շտապ օգնություն կանչիր:

Լուսինեին տեղափոխեցին հիվանդանոց: Սպասասրահում նստած՝ լուրի էի սպասում: Անկյունում երկու պառավ կին զրուցում էին: Խոսակցությունից որոշ բաներ ականջիս հասան.

– Վարսենիկ ջան, գոնե տղա լինի. հա՛մ Արթուրը կուրախանա, հա՛մ էլ դուշմանի աչքը հանող կլինի:

Մյուս նստարանին մի երիտասարդ էր նստած և անընդհատ ծխում էր: Տեսավ՝ իրեն կարեկցող չկա, վեր կացավ ու դիմեց ինձ.

– Հայրիկ, թո՞ռ պիտի ունենաս:

– Ոչ, կինս է ծննդաբերում:

Կարծելով, թե լավ չլսեց, անտրամադիր հեռացավ: Աստիճանների կողմից ոտնաձայներ լսվեցին: Բոլորս զգաստացանք: Դուռը բացվեց, և ներս մտավ բուժքույրը:

– Ովքե՞ր են Հասմիկի հարազատները:

Անկյունում նստած պառավները վեր թռան և ականջները լարեցին:

– Աչքներդ լույս, աղջիկ ծնվեց:

Պառավները, կարծես կորցնելով հավասարակշռությունը, ընկան նստարանի վրա: Բուժքույրն առանց նվերի հետ գնաց: Մնացինք ես ու երիտասարդը: Շուտով եկան Արմենն ու Սվետլանան:

– Բարև, հայրիկ, ի՞նչ նորություն կա:

– Առայժմ ոչ մի:

Նորից եկավ բուժքույրը.

– Լուսինեի հարազատներն ովքե՞ր են:

Արմենն ու կինը մոտեցան, իսկ ես տեղումս կանգնած մնացի:

– Աչքներդ լույս, տղա է:

Արմենը տվեց բուժքրոջ նվերը, իսկ Սվետլանան վազեց ու փաթաթվեց վզովս:

– Ապրես, հայրիկ, ես եղբայր ունեցա:

Երիտասարդը զարմացած մեզ էր նայում:

– Հայրիկ, կարծում եմ՝ քո այստեղ մնալն ավելորդ է,- ասաց Արմենը,- մնացածը մենք կհոգանք:

Դեռ խոսքը չավարտած՝ շնչասպառ ներս մտավ բուժքույրը.

– Լուսինեն աղջիկ էլ ունեցավ:

– Ուռա՜,- բացականչեց Արմենը,- ես քույրիկ ունեցա:

Սվետլանան մոտեցավ բուժքրոջը և ձեռքը տարավ գրպանը:

– Նվերդ ինքդ կառնես,- ասաց ու վերադարձավ մեզ մոտ:

Երիտասարդը, տեսնելով այս «ներկայացումը», հարցրեց.

– Ասացեք խնդրեմ, ո՞ւմն են այդ երեխաները:

– Իմը,- ասացի ես:

– Իսկ այս տղան ու աղջի՞կը:

– Տղաս ու հարսս են:

– Էլի չհասկացա:

– Բանն այն է, որ հարսիս մայրը իմ երկրորդ կինն է: Ես աղջիկ չունեի, իսկ նա՝ տղա: Հիմա ունեցանք և՛ աղջիկ, և՛ տղա: Որդիս քույր ունեցավ, իսկ հարսս՝ եղբայր:

– Շատ բարդ է… Ես էլ եմ շնորհավորում,- ասաց երիտասարդն ու մի կողմ քաշվեց:- Երկու աղջիկ ունեմ, տեսնես այս մե՞կն ինչ կլինի:

Երբ բուժքույրը նորից եկավ, տղան անհամբեր մոտեցավ.

– Հը՛, ի՞նչ է:

– Աչքդ լույս, դե պարիր, որ ասեմ:

Տղան սկսեց թռչկոտել սպասասրահում, ապա մոտեցավ բուժքրոջը.

– Դե ասա, թող բոլորը լսեն:

– Տղա՜ է, տղա՜,- երկարացրեց նա:

Մենք տեղեկացանք Լուսինեի առողջության մասին և գնացինք տուն: Մնացածն իրենց վրա վերցրին Արմենն ու Սվետլանան:

Անցավ անհանգիստ մի շաբաթը: Հիվանդանոցի դիմաց երկու վոլգա էին կանգնած. մեկը՝ սև, մյուսը՝ սպիտակ: Մեկում ավագ որդիս էր կնոջ հետ, մյուսում՝ կրտսեր որդիս: Նրանք կարծես մրցման մեջ էին: Ամեն հարսիս ձեռքին մի մեծ ծաղկեփունջ կար: Մի քանի րոպեից դռների մեջ երևացին երկու բուժքույր՝ երեխաներին գրկած: Լուսինեն հետևում էր նրանց: Նա մի քիչ նիհարել էր, բայց ավելի էր գեղեցկացել: Հարսներս վերցրին երեխաներին, իսկ որդիներս գրկախառնվեցին Լուսինեի հետ և ծանրաբեռնեցին ծաղիկներով: Լուսինեն գողտուկ հայացքով ինձ էր փնտրում: Վերջապես մոտեցա և համբուրելով ուղեկցեցի սպիտակ վոլգայի կողմը: Տղայիս տարանք սև վոլգայով, աղջկաս՝ սպիտակով: Հիվանդանոցի ողջ անձնակազմը մեզ էր նայում: Երբ շքախումբը շարժվեց, բոլորը ծափահարեցին և այդպես հրաժեշտ տվեցին մեզ: Իսկ շենքի մուտքի մոտ մեզ դիմավորեց նվագախումբը: Մարդկանց ծափերի ներքո տուն բարձրացանք և հասնելով ծանր նստեցինք բազմոցին ու շունչ առանք: Ի՜նչ ուրախ էինք. երկու երեխա՝ մի տան մեջ, երկու օրորոց. մեկը՝ ընկուզենու փայտից, մյուսը՝ հաճարենու: Սեղանի շուրջ նստած հյուրերի մի մասին չճանաչեցի: Մի պատկառելի ծերունի վերցրեց բաժակն ու ասաց.

– Պարոն Արզումանյան, Դուք երջանիկ մարդ եք. Ձեր որդի Արմենը մեր գործարանի պատիվն է: Նա ջանում էր, որ պատվով կատարեր նորածիններին դիմավորելու արարողությունը: Այդ իմանալով՝ կոլեկտիվը միացավ նրան: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և ցանկանում առողջ կյանք:

Երեխաներին կնքեցինք Լուսիկ և Լևոն անուններով: Բոլորը ծափահարեցին, և սկսվեց ուրախությունը, որ ձգվեց մինչև ուշ գիշեր: Հետո մնացինք երկուսով նորածինների հետ: Լուսինեն փռվեց անկողնում և անմիջապես քնեց: Ես մտածում էի, թե այդ տարիքում ոնց ենք խնամելու փոքրիկներին: Տագնապով նայում էի նրանց անմեղ դեմքերին, բայց և ներքուստ հրճվում ապագայի երազանքներով: «Բա որ հիմա սկսեն լացել, ի՞նչ պետք է անեմ»: Բայց ոչ, նրանք խղճով էին. քնեցին մինչև ժամը չորսը: Հետո Լուսինեն արթնացավ, ես քնեցի:

Հաջորդ օրը զավակներս նորից հավաքվեցին և աշխույժ խոսում էին ինչ-որ հարցի շուրջ: Ժամը քսանից հինգ էր պակաս, երբ հեռուստացույցը միացրին և սուսուփուս նստեցին: Այդ ժամանակ հնդկական ֆիլմերը հարգի էին. մտածեցի՝ գուցե ֆիլմ են ցուցադրում: Բայց ոչ, սխալվեցի: Ժամը քսանին եթերը բացվեց, և հաղորդավարը սկսեց.

– Հարգելի՛ հեռուստադիտողներ, այսօր ձեզ կներկայացնենք մի արտակարգ դեպք: Կարեն Արզումանյանը և Լուսինե Դավթյանը երիտասարդ հասակում սիրել են իրար: Դեպքերի անհաջող ընթացքը թույլ չի տվել, որ նրանց սերն արժանանա միության: Բայց նրանք հույսը չեն կորցրել: Վերջապես պատկառելի տարիքում իրականացել է նրանց երազանքը: Այժմ նրանք երկվորյակ երեխաներ են ունեցել՝ Լևոնն ու Լուսիկը: Ահա և նրանք:

Այս ասելուց հետո ցուցադրեցին նախորդ օրվա ամբողջ տեսարանը:

– Ամուսինները շատ երջանիկ են: Նրանք վայելում են իրենց սիրո աշնանային անուրջները: Բայց մի՛ շտապեք հեռանալ էկրաններից: Կարծես թե նրանք մենակ չեն: Նույն օրը մեկ ուրիշ հիվանդանոցում ծնվել են երկրորդ երջանիկ երկվորյակները՝ Արտակն ու Արևիկը: Ահա երեխաներին հանձնում են հարազատներին:

Լրագրողներն ասես մրցակցում էին:

– Ուռա՜,- գոչեցին երեխաներս,- մերը հիանալի է:

Պարզվեց, որ այդ ամենը նախօրոք էր կազմակերպված: Բոլորը գնացին, և մենք դարձյալ մնացինք երկուսով:

– Կարեն, բայց երեխաները լավ էին մտածել, չէ՞: Կանցնեն տարիներ, և մենք հաճույքով կհիշենք մեր երկրորդ երիտասարդությունը:

Ես գլխով հաստատեցի և անմիջապես էլ ընկա մտածմունքի մեջ: Փոքրիկներին դեռ հարկավոր էր մեծացնել, ամուսնացնել: Դեռ հարկավոր էր մի դար ապրել:

Ժամանակն անցնում էր աննկատ: Երեխաները մեծացան ավելի արագ, քան կարծում էինք: Արդեն հինգ տարեկան էին: Մի օր, երբ մենք հանգիստ նստած հեռուստացույց էինք նայում, իսկ երեխաները խաղում էին դրսում, Լուսիկն անսպասելի ներս վազեց ու լացակումած ճչաց.

– Հայրի՜կ, Լևոնին սպանում են: Մի անպետք տղա նրան գցել էր գետնին ու ծեծում էր, ես էլ քարով խփեցի նրա գլխին. արյուն է գալիս:

Շտապ դուրս վազեցի և ի՛նչ տեսնեմ. երեխաները հավաքվել էին մի փոքրիկ տղայի շուրջը և թաշկինակով սրբում էին երեսի արյունը: Լևոնը վազեց մոտս և սկսեց արդարանալ.

– Հայրիկ, ես մեղավոր չեմ: Նա ուրիշ թաղից է եկել: Լուսիկի մազերը քաշեց ու ասաց՝ լաչառ, ես էլ ծեծեցի:

Տղային բերեցինք տուն, վիրակապ դրեցինք և ճանապարհեցինք: Լուսինեն կշտամբեց աղջկան.

– Դու անհաշտ ես, բոլորի հետ կռիվ ես անում, իսկ Լևոնը քո պատճառով ընկնում է կռվի մեջ: Ավելի լավ է՝ խելոք մնաս:

Լուսիկը գլուխը կախեց և մեղավոր հայացքով ներողություն խնդրեց:

– Ներիր, մայրիկ, խելոք կմնամ:

Մի քանի րոպե հետո նորից դուրս գնացին: Կես ժամ չանցած՝ լուր եկավ, որ Լուսիկը նորից կռիվ է անում: Եվ այդպես ամեն օր. երեխաները միշտ բողոքում էին նրանից: Նա ստացավ «ամբարիշտ» մականունը: Չնայած դրան՝ բոլորն ուզում էին նրա հետ խաղալ, որովհետև նա արդարամիտ էր:

Այդպես երեխաները մեծանում էին, իսկ մենք՝ ծերանում: Մի օր աշխատանքից վերադառնալիս անցա «Մոսկվա» կինոթատրոնի մոտով՝ ազդագիր նայելու: Մի գեղեցիկ ազդագիր գրավեց իմ ուշադրությունը: Այն ներկայացնում էր նկարիչ Սարգիս Հովհաննիսյանի գործերի ցուցահանդեսը և տեղեկացնում՝ «Մուտքը ժամը 9-20-ը»: Ես սթափվեցի. չէ՞ որ դա մեր Սաքոն էր: Շտապ եկա տուն և Լուսինեին խնդրեցի պատրաստվել: Մենք ճաշեցինք ու դուրս եկանք: Սրահի դռների մոտ մեզ դիմավորեց մի գեղեցիկ աղջիկ.

– Տոմսերը ստացեք և անցեք դիտելու:

Սրահի պատերի ամբողջ երկայնքով կախված էին կտավները: Մարդիկ հիացմունքով նայում էին և աշխույժ զրուցում: Մի տեղ հավաքված վիճում էին: Կարգը չխանգարելու համար սկսեցինք հերթով նայել: Հիանալի տեսարաններ էին:

– Սա մեր քարակապն է, ջրվեժն է: Ինչքան ենք լողացել այստեղ:

Լուսինեն առաջ անցավ:

– Կարեն, մո՛տ արի: Տես, մենք ենք, պատրաստվում ենք քննություններին:

Անցանք սրահի աջ մասը: Մի կտավում սուր և ազդու բեղերով ծերունին փայտ էր տաշում:

– Վարպետ Աբգարն է,- ճանաչեցի ես:

Հաջորդում մի պառավ էր՝ աչքերը հառած հեռվում երևացող հույսի ամպին, իսկ կողքին խաղում էր մի փոքրիկ աղջիկ. երևի թոռն էր: Մենք հազիվ ճեղքեցինք մարդկանց շարքերը: Ա՛յ քեզ զարմանք. նկարում Լուսինեն էր: Նա հպարտ կանգնել էր իր զարդարանքների մեջ և նայում էր հեռվում կանգնած երիտասարդ տղային, իսկ մեջտեղում վեր էր ելնում մասրենին:

– Լավ է պատկերել,- նկատեց Լուսինեն:- Չի էլ պատկերացնում, որ մասրենին ինքն է եղել:

Տոմսերը ստուգող աղջիկը մոտեցավ մեզ և հայացքն ուղղեց Լուսինեին:

– Տիկին, ի՜նչ նման եք այս նկարին,- ասաց:- Նա հեղինակի սիրած աղջիկն է եղել: Միշտ հիացմունքով է խոսում նրա մասին:

Լուսինեն լուռ ժպտաց:

– Դու հիմա նկարչի կին կլինեիր,- նկատեցի ես:

– Սերը նկարիչ ու ինժեներ չի տարբերում: Ես իմ սիրած մարդու կինն եմ:

Մենք նայեցինք վերջին կտավը և մոտեցանք գեղեցկադեմ աղջկան:

– Իսկ հեղինակին կարո՞ղ ենք հանդիպել,- հարցրինք:

– Նա ներսում է: Այցելուներ շատ կան. չգիտեմ՝ կընդունի՞, թե՞ ոչ:

Մենք ներս մտանք: Փոքրիկ նախասրահում նստած էին մի քանի պատկառելի մարդիկ և սպասում էին հրավերի: Երևաց քարտուղարուհին.

– Հաջորդը:

Շուտով մեր հերթն էլ հասավ: Երբ ուզում էինք ներս մտնել, քարտուղարուհին առարկեց.

– Մե՛կ-մե՛կ:

– Մենք միասին ենք,- ասացինք:

Նա հետ քաշվեց:

Գրասեղանի մոտ նստած էր մորուքավոր, պատկառելի մեկը: Նա քրքրում էր սեղանին թափված թղթերը և առանց գլուխը բարձրացնելու և մեզ վրա նայելու առաջարկեց նստել: Մենք մնացինք կանգնած: Նա ստիպված գլուխը բարձրացրեց և ապշեց:

– Կարե՜ն, Լուսինե՜, երբեք չէի պատկերացնի, որ կհանդիպեմ:

Նա վեր կացավ, աշխույժ գրկախառնվեց ու հրավիրեց նստելու:

– Ազատը պատմել էր ձեր մասին:

– Ուրեմն լրտե՞ս ես պահում:

– Դե ոչ, պատահական հանդիպեցի: Կարեն, դու միշտ ուղիղ, արդար ու բարի ես եղել, դրա համար էլ Աստված պարգևատրել է քեզ: Այ տեսնո՞ւմ ես, Լուսինեին սիրում էի ես, իսկ տիրացար դու:

Այստեղ Լուսինեն միջամտեց.

– Սարգիս, քեզ՝ որպես տաղանդավոր նկարչի, շատ եմ հարգում, բայց երբեք չեմ սիրել: Ներիր ինձ, բայց հանդիպման օրից ի վեր Կարենին եմ սիրել:

– Մենք միշտ ազնիվ ընկերներ ենք եղել և հարգել ենք իրար,- ասացի ես,- այժմ էլ թող նույնը լինի: Եթե քո մեջ մի փոքր հարգանք է մնացել մեր ընկերության հանդեպ, նվիրիր մեզ Լուսինեի նկարը:

– Դու շատ դժվար բան խնդրեցիր: Որպեսզի նկարը տամ, պետք է նորը նկարեմ: Նորը նկարելու համար էլ տրամադրություն չունեմ, մանավանդ որ Լուսինեն հերքեց իր սերը իմ նկատմամբ: Ամբողջ կյանքս այդ հույսով եմ ապրել:

– Կներես, որ քեզ տհաճություն պատճառեցինք: Մնաս բարով,- ասացի ես, և ուղղվեցինք դռան կողմը:

– Սպասեք, այլևս կարիք չկա պահելու նկարը. այն միայն կդառնացնի ինձ:

Սեղմեց կոճակը, և ներս մտավ քարտուղարուհին:

– Լուսինեի նկարը բերեք այստեղ:

Քարտուղարուհին զարմացած նայում էր նկարչին:

– Բերեք, բերեք,- կրկնեց Սարգիսը:

Երբ փաթաթում էին կտավը, նա շշուկով ասաց.

– Չէ՞ որ դա Ձեր սիրելին էր:

– Դժբախտաբար ոչ: Նրանք սիրում են իրար:

Քարտուղարուհին նոր հասկացավ, որ իր առջև հենց ինքը՝ առասպելական Լուսինեն էր կանգնած: Մենք հրաժեշտ տվեցինք և ուրախ տրամադրությամբ դուրս եկանք:

– Ճիշտ վարվեցինք,- նկատեց Լուսինեն,- անհույս սպասումներն ավելի վատ են:

Նկարը կախեցինք հյուրասենյակի պատից: Հարևանները հիացմունքով նայում էին ու հարցնում.

– Սվետլանայի նկա՞րն է:

Իսկ Լուսիկն աղերսող հայացքով ասաց.

– Հայրիկ, իմ նկարն էլ կպատվիրե՞ք:

– Անպայման, միայն թե մի քիչ մեծացիր…

Երեխաները մեծացան: Հասավ ատեստատ ստանալու ժամանակը: Նրանք ստացան, և երկուսն էլ բուհ ընդունվեցին: Ինչպես ասում են՝ հաջողությունն ու անհաջողությունը հետապնդում են իրար: Դրանք մարդկանց պատահում են այն ժամանակ, երբ բոլորովին չեն սպասում: Այդպես էլ եղավ մեզ հետ: Երեխաների ընդունելության լուրը ցնցեց Լուսինեին: Նա պտտվում էր երջանիկ դեմքով և պատրաստվում խնջույքի: Գերդաստանով հավաքվեցինք ու նշեցինք: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Երբ բոլորը գնացին, ու պառկեցինք քնելու, Լուսինեն ժպտադեմ նայեց ինձ և հաղթականորեն ասաց.

– Սրանից հետո որ մեռնեմ էլ, հոգ չէ:

Այդպես էլ եղավ: Մենք երջանիկ համբուրվեցինք՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ դա վերջին համբույրն էր: Գիշերը կարծես մեկը հրեց ինձ: Արթնացա և տնտղեցի Լուսինեին. նա քնած էր խաղաղ քնով: Շուռ եկա, որ նորից քնեմ, բայց սիրտս կասկած ընկավ: Ուշադիր նայեցի նրան. շնչառություն չկար: Սկզբից չհավատացի, բայց ճշմարտությունը դառն էր. Լուսինեն մահացել էր: Բժիշկներն ախտորոշեցին սրտի կաթված: Չէր փոխվել անգամ նրա դեմքը, որի վրա խաղում էր խաղաղ ժպիտը: Նրան հողին հանձնեցինք, նրա հետ էլ՝ իմ ապրելու հույսը: Աշխարհը գլխիս մթնեց: Այլևս ոչինչ ինձ չէր հետաքրքրում: Մահը դարձել էր անժխտելի պահանջ: Որդիներս անընդհատ սիրտ էին տալիս ինձ և շրջապատում ջերմությամբ: Սվետլանան ավելի ուշադիր էր դարձել իմ նկատմամբ, իսկ Լևոնն ու Լուսիկը թիկնապահների պես պտտվում էին շուրջս: Նրանք ամեն ինչ անում էին, որ չզգամ Լուսինեի պակասը: Բայց ես օր օրի հալվում էի: Վերջապես ինձ հավաքեցի և սկսեցի պայքարել: Անցան երկու տարվա տանջալից օրերը: Առողջությունս կորցնում էի և պատրաստվում հոգիս ավանդելու Աստծուն: Շուտով անկողին ընկա: Որդիներս, հույսները կորցրած, շրջապատել էին ինձ: Մի պահ ննջեցի և անցա երազների գիրկը: Մի մարդ՝ ոտից գլուխ սպիտակ հագած, եկավ ու հրամայեց հետևել իրեն: Ես անտրտունջ ենթարկվեցի նրան: Հասանք երկու ստորգետնյա դռների. մեկի վրա գրված էր «Դժոխք», մյուսի վրա՝ «Դրախտ»: Յուրաքանչյուր դռան մոտ հսկիչ կար՝ ժանգոտ երկաթի մի կտոր ձեռքին: Ինձ մեղավոր համարելով՝ ես գնացի դժոխքի դռան կողմը: Հսկիչն ինձ հրեց դեպի դրախտի դուռը և ասաց.

– Քո ուղեգիրն այն կողմն է:

Ինձ ներս տարան: Դիմացից գալիս էր մարդկանց մի մեծ ամբոխ՝ զինված աշխատանքային գործիքներով: Նրանց առաջնորդում էր գեր կազմվածքով, միջին տարիքի մի մարդ: Նա ինձ առաջարկեց վերցնել քլունգը և միանալ ամբոխին: Ես հրաժարվեցի: Նայելով շուրջս՝ փրկություն էի որոնում: Բարձրադիր թախտի վրա երևաց մի վրան՝ շրջապատված երկնագույն թափանցիկ վարագույրներով: Ներսում նստած էր Լուսինեն՝ ադամանդներով զարդարված: Նրա գլխին ոսկյա թագ էր՝ ադամանդե բազմաթիվ ակներով: Նա բարձրացնում էր մատանիներով զարդարված ձեռքը և տարբեր նշաններ անում: Շուրջը պտտվում էին սիրունատես կանայք և կատարում նրա հրամանները: Նրանց մեջ էր նաև Նարինեն: Սիրտս կծկվեց. ուրեմն Նարինեն ծառայում էր Լուսինեին:

– Սա անարդարություն է,- գոռացի ես:

Լուսինեն բարձրացրեց ձեռքը և նշան արեց: Կառավարիչը բարկացած ասաց.

– Բախտդ բերեց՝ թագուհին ուշադրություն չդարձրեց, թե չէ հոգիդ կհանեինք:

– Իսկ ո՞ւր է թագավորը:

– Նա երկնքում է և միայն գիշերն է գալիս, երբ ողջ աշխարհը քնած է: Դե գնա՛ և միացի՛ր այն անբաններին:

Պատի տակ նստած մարդիկ տարբեր խաղեր էին խաղում և անհոգ ծիծաղում: Ես մնացի կանգնած:

– Է՞լ ինչ ես ուզում,- գոռաց կառավարիչը:

– Ես ուզում եմ հետ գնալ, դեռ կիսատ գործեր շատ ունեմ:

– Դա արդեն Աստծո գործն է: Նա շուտով կգա:

– Իսկ Աստվա՞ծ այստեղ ինչ գործ ունի:

– Աստված է կառավարում երկինքը, երկիրը և ստորերկրյա աշխարհը: Ահա և նա:

Լուսինեի վրանին էր մոտենում պատկառելի տարիքով մի մարդ՝ երկար մորուքով, ոսկեկար հագուստով և ադամանդազարդ թագով: Թագի վրա շողշողուն աստղեր էին բոցկլտում՝ լույս սփռելով շուրջբոլորը: Լուսինեն խոնարհվեց ու համբուրեց աջը: Կառավարիչը հայտնեց իմ ցանկությունը և նայեց Լուսինեին: Վերջինս խոնարհեց աչքերը. դա համաձայնության նշան էր:

– Թող գնա. երկու տարի ժամանակ եմ տալիս,- ասաց Աստված ու բազմեց գահին:

Ինձ դուրս վռնդեցին և դուռը փակեցին: Դռան դիմաց շիվար կանգնած մնացի: Հենց այստեղ էլ աչքերս բացեցի: Որդիներս, դեմքները խոժոռած, շրջապատել էին ինձ: Նրանց տագնապալից հայացքներից երևում էր, որ երկար են սպասել: Շտապ օգնության բժշկուհին համարյա փլվեց աթոռին ու հոգոց հանեց.

– Կրիզիսն անցավ:

Ես հասկացա՝ ինչ էր կատարվել, և ժպտալով ասացի.

– Մի՛ անհանգստացեք, երազի մեջ էի:

Այն օրվանից ապրում եմ խաղաղ ու հանգիստ: Մի տարի անցել է, մի տարի էլ դեռ ունեմ»:

Կարենը վերջացրեց իր պատմությունն ու ժպտաց.

– Ահա և հասանք:

Լսվեց ուղեկցորդի ձայնը.

– Ժամանեցինք Մոսկվա, պատրաստվե՛ք իջնելու:

Կարենը վերցրեց ճամպրուկը և շարժվեց դեպի դուռը: Մենք հետևեցինք նրան: Կառամատույցին կանգնած՝ երկար ժամանակ հետևում էի նրան: «Ա՛յ քեզ հրաշք,- մտածում էի ես,- մարդը գիտի իր մահվան օրը և հանգիստ քայլում է իր համար»: Մարդիկ դուրս թափվեցին վագոններից և ինձ էլ խառնելով իրենց հոսանքին՝ տարան դեպի տաքսու կանգառ…

ՕՐՎԱ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Ամեն օր առավոտյան աշխատանքի եմ շտապում պարտականություն կատարելու պես: Միշտ նույն սենյակները, նույն ընկերներն ու ընկերուհիները: Օրվա ընթացքը նույնիսկ ձանձրալի է դառնում: Կեսօրին մտնում ենք ճաշարան կամ էլ տնից բերած զանազան ուտեստները շարում ենք կենտրոնական սեղանի վրա և ուտում մեծ հաճույքով:

Այդ օրը կինս տանը չէր: Ես աշխատանքի գնացի ձեռնունայն: Կեսօրին ստիպված ճաշարան մտա: Վերցնելով բորշ և բրնձով փլավ՝ նստեցի անկյունի սեղանի մոտ ու սկսեցի ուտել: Մի քանի րոպե անց մեկը եկավ և առանց հարցնելու նստեց՝ իր բեռը դնելով սեղանին: Գլուխս բարձրացրի և ի՞նչ տեսնեմ. Աշոտն էր՝ իմ զինվորական ընկերը: Նա նկատել էր ինձ և որոշել հանկարծակիի բերել: Մենք արագ ճաշեցինք ու դուրս եկանք: Աշոտն առաջարկեց երեկոյան հանդիպել Քսանվեց կոմիսարների այգում: Միմյանց հրաժեշտ տվեցինք մինչև երեկո:

Այգում զով էր ու աղմկոտ: Մարդիկ զբոսնում էին զույգերով՝ երիտասարդ կամ միջին տարիքի: Մենք վերհիշում էինք մեր անցած օրերը՝ միաժամանակ նայելով անցորդներին: Մի երիտասարդ աղջիկ անցավ՝ գրավելով մեր ուշադրությունը: Աշոտը նայեց ու զարմանքով ասաց.

– Ինչքան նման է Աննային:

– Ի՞նչ Աննա,- ոչ պակաս զարմանքով հարցրի ես:

Աշոտը պատմեց իր գլխով անցածը. «Շաբաթ օր էր: Արթնացա արևի շողերի ջերմությունից: Պատշգամբից լսվում էր թռչունների երգը: Հագնվեցի, լվացվեցի և նստեցի հեռուստացույցի առջև: Երեխաները դեռ քնած էին, իսկ կինս խոհանոցում ճաշ էր պատրաստում: Հոտից զգում էի, որ ծանոթ ճաշ է, բայց չկարողացա հստակ իմանալ: Հեռուստացույցով «Սայաթ-Նովա» ֆիլմն էր: Ես կլանված նայում էի և մերթընդմերթ հետը երգում: Երեխաներն արթնացան ու շրջապատեցին ինձ: Մեկ էլ մի թեթև հպում զգացի. կինս էր: Նա թեթևակի համբուրեց ինձ և խորամանկ ժպիտով ասաց.

– Այսօր կարևոր հանձնարարություն ունես: Հաջողությամբ կատարելու դեպքում երեկոյան ավելի ջերմ համբույր կստանաս:
Այս ասելով՝ մեկնեց մի թղթի կտոր, որի վրա գրված էր. «Օճառ՝ տասը հատ, ամանների մածուկ՝ հինգ հատ, լվացքի փոշի՝ տասնհինգ հատ»: Նայեցի թղթին ու դրեցի գրպանս: Ֆիլմը վերջացավ: Վերջին մեղեդու հետ հոգոց հանելով՝ մտքումս կրկնեցի բառերը. «Սիրով մնաց Սայաթ-Նովան»: Կինս ձայն տվեց.

– Դե՛, Սասնա՛ ծռեր, հավաքվեք սեղանի շուրջը:

Մենք վայրկենական շրջապատեցինք սեղանը: Կինս բերեց ափսեները:

– Տե՜ր Աստված, խաշիլ է:

Դա Սյունյաց աշխարհի ճաշատեսակներից է, որի պատրաստումը երեք փուլից է բաղկացած: Նախ ցորենի աղանձն աղում են երկանքով կամ հատուկ աղացով: Ստացված մթերքը լցնում են սովորական ջրի մեջ ու եփում, մինչև թանձրանա: Յուղը հալեցնում են, սոխառած անում, այնուհետև չորթանը հարում են, թան ստանում, ապա կենտրոնում փոս են անում ու լցնում հալած յուղը: Ուտելու կարգն էլ սա է. գդալը թաթախում ես յուղի մեջ և զգուշությամբ խառնում թանի հետ, այնպես որ բերանդ չվառի: Այս բարդ գործողությունը կատարելով՝ կերանք և մեր ճաշից գոհ՝ վեր կացանք: Վերցնելով երկու պայուսակ՝ դուրս եկա կնոջս տված առաջադրանքը կատարելու: Ամենքը շտապում էին իրենց գործերով՝ կարծես մեկմեկու չնկատելով: Անցա մոտ հարյուր մետր: Դիմացից գալիս էր հին ծանոթներիցս մեկը: Նա հագել էր սև անդրավարտիք ու սև շապիկ: Պարզ երևում էր, որ դժբախտություն է պատահել: Բարևեցի և դեմքիս լուրջ արտահայտություն տալով՝ հարցրի.

– Սուրիկ ջան, ի՞նչ է պատահել:

– Աստված քեզանից հեռու տանի, Աշոտ ջան, կինս է մահացել ավտովթարից: Այժմ գլուխս կորցրած՝ չգիտեմ ինչ անեմ երեխաների հետ:

Ես համբերություն ցանկացա և անցա. մտածեցի՝ ինչ լավ է, որ իմ կնոջը բան չի պատահել: Արդեն հասել էի կենտրոնական հանրախանութին: Հեռվում երևաց ընկերս: Դեմքի արտահայտությունից երևում էր, որ վատ տրամադրություն ունի: Ես երկյուղած ուզում էի խույս տալ հանդիպելուց, բայց նա եկավ ուղիղ իմ կողմը:

– Բարև, Աշոտ: Վաղուց է՝ քեզ չեմ տեսել:

– Աշխատանքով եմ զբաղված,- պատասխանեցի ես և առանց հապաղելու հարցրի, թե ինչու է դեմքն այլայլված:

– Էլ մի՛ հարցրու. այս կյանքն այնքան բարդ է, որ չգիտես էլ ում մեղադրես: Կինս փախել է սիրածի հետ և երեխաներին գլխիս կապել:

– Ավելի լավ չէ՞ր՝ չամուսնանայիք: Հիմա ով ում հետ ուզում է, թող ապրի: Երեխաներն էլ ընդհանուր կլինեն:

Հրաժեշտ տալով ընկերոջս՝ հայացքս հառեցի երկնքին ու քայլում էի՝ մտքումս աղոթելով Աստծուն: Չնկատելով կանգառում տեղադրված նստարանը՝ ոտքով ուժեղ հարվածեցի դրան: Ինքս ինձ կշտամբելով՝ շարունակեցի ճանապարհս. ավելի լավ է՝ ուշադիր լինեմ, գլուխս չջարդեմ: Այսպես ոտքս մրմռալով մտա տնտեսական խանութ: Խանութի վարիչ Միքայելն ընդառաջ եկավ ու կեսկատակ հարցրեց.

– Ի՞նչ կուզեք, պարոն:

Ես հայտնեցի ցուցակիս պահանջը:

– Օճառն ու ամանների մածուկը կստանաս, բայց լվացքի փոշի չկա: Հա, չմոռանամ ասել՝ ափսեների հավաքածու կա, շատ լավն է. վերցնես, չես զղջա, աղջկա տեր ես:

Ես  այդ բոլորը վերցրի, վճարեցի կրկնակի և մի շնչով տուն հասա: Կինս դիմավորեց և իսկույն ևեթ ձեռքիցս վերցնելով՝ բացեց:

– Ապրես,- հիացմունքով ասաց նա:- Միշտ ասում էի, որ դու խելոք տղա ես, բայց քանի որ ցուցակս չես լրացրել, ստիպված պետք է կրկնես ճամփորդությունդ:

Այս ասելով՝ նա ձեռքիս մեջ դրեց երկրորդ թուղթը:

– Շուկա էլ կանես:

Ինձնից գոհ՝ վերցրի պայուսակները և նորից դուրս եկա: Գնացի ուղիղ շուկա: Ճանապարհի երկու կողմերում շարված էին զանազան մրգեր ու բանջարեղեն: Վաճառողներից ամեն մեկն իր ապրանքն էր գովում ու համոզում առնել: Նրանց ճանկից հազիվ պոկվելով՝ հասա շուկա, որտեղ շատ աղմկոտ էր, ու ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ իրար հրմշտելով անցնում էին մի ապրանքից մյուսին և սակարկելով գնումներ անում: Տարբեր տեսակի մրգեր, ձմերուկ, սեխ, պոմիդոր ու վարունգ. այս ամենն այնպես էր շարված, որ ասես համտեսի էին հրավիրում: Մի տեղ մալաչա տանձ կար. ով կերել է, միայն նա համը կիմանա: Ես ընտրեցի լավերը և խնդրեցի երկու կիլոգրամ կշռել: Հետո մոտեցա ձմերուկին. ընտրեցի և դանակ խնդրեցի փորձելու համար: Վաճառողը խիստ նայեց ինձ ու ասաց.

– Քո ընտրած ձմերուկը փորձելու կարիք չունի:

Այս ասելով՝ դանակն ուղղակի տնկեց ձմերուկի մեջ: Ձմերուկը ճռռաց ու ճաքեց:

– Բավական է,- սաստեցի ես:

Այնուհետև որոշ մանր բաներ ավելացնելով՝ զգացի, որ պայուսակումս տեղ չմնաց: Ծանրաբեռնված գնացի տնտեսական խանութ: Հասնելով նկատեցի, որ ներսից մի գեղեցիկ կին ինձ է նայում: Լիանան էր, որի հետ մի ժամանակ աշխատել էի: Ես մի պահ կանգ առա և հետաքրքրությամբ նայեցի նրան՝ կարծես աչքերիս չհավատալով:

– Մի՛ ամաչեք, նե՛րս եկեք,- դիմեց ինձ Լիանան:

Ես սթափվեցի և հավաքելով մտքերս՝ ներս գնացի:

– Բարև, Լիանա:

– Բարև, Աշոտ ջան,- ու ձեռքը մեկնեց:

Նրա փափուկ թաթիկն առա իմ կոպիտ ձեռքի մեջ, ու ասես էլեկտրական հոսանք անցավ մարմնովս: Սիրտս կարծես մի պահ կանգ առավ: Ինձ կորցնելով՝ մոռացա բաց թողնել Լիանայի ձեռքը:

– Ա՛յ տղա, ձեռքս բա՛ց թող,- բողոքեց նա:

Ամոթի զգացումը պատեց ինձ: Ես թուլացրի մատներս և Լիանայի փափուկ թաթիկը բաց թողեցի: Նա ծիծաղեց և առաջարկեց դիտել ցուցափեղկերը:

Լիանան բնատուր գեղեցկուհի էր: Նրա սև մազերն իջնում էին մինչև ուսերը՝ խոպոպներ դառնալով, աչքերը կարծես սև խաղողի հատիկներ լինեին՝ ամփոփված աղեղնաձև հոնքերի ներքո: Ուղիղ քիթն իջնում էր գեղեցիկ բերանի վրա: Նա ուներ սլացիկ հասակ և մարզված ոտքեր: Նրան նայելիս հաճույք էիր ստանում: Հագուստը ձիգ նստում էր մարմնի վրա. ոչ մի ավելորդ ծալք չկար: Ես ավելի շատ նրան էի նայում, քան ցուցափեղկերին: Այնուամենայնիվ, նկատեցի, որ ցուցափեղկերում լվացքի փոշի չկար: Անտրամադիր նայեցի Լիանային ու հարցրի.

– Լվացքի փոշի չունե՞ս:

– Մի՛ անհանգստացիր, ինչ էլ որ լինի:

Ժամը տասներկուսից հինգ րոպե էր պակաս: Լիանան ինձ առաջնորդեց դեպի պահեստային մասը: Պահեստի պատերի տակ մոտ երկու մետր բարձրությամբ դարսված էին լիքը արկղեր: Աջ անկյունում տեղադրված էր թախտը, իսկ կենտրոնում՝ մի փոքրիկ սեղան, որի շուրջը չորս փափուկ աթոռ կար: Ձախ կողմից՝ պատի կենտրոնում, ամրացված էր լվացարանը, որի վրա իջնում էր արծաթագույն ծորակը: Սեղանից աջ տեղադրված էին փոքրիկ պահարանն ու սառնարանը: Լիանան գնաց դեպի լիքը արկղը և ուզեց բացել, բայց նույն րոպեին լսվեց դռան ձայնը: Նա թողեց արկղը և շտապեց խանութ: Ինչ-որ հաճախորդի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո վերադարձավ՝ իմ պայուսակը ձեռքին:

– Դուռը փակեցի: Կարող ենք հանգիստ նստել:

Ապա կեսկատակ-կեսլուրջ շարունակեց.

– Դուք չե՞ք բարեհաճի ինձ հետ ճաշել:

– Մեծ հաճույքով,- պատասխանեցի ես:

Լիանան սկսեց արագ պատրաստել սեղանը, իսկ ես պարապ չմնալու համար վերցրի դանակն ու սկսեցի կտրտել ձմերուկը: Շուտով սեղանի վրա երևացին ապխտած երշիկ, պանիր, խաշած միս, պեպսի-կոլա և այլ մանրուքներ: Լիանան գոհ նայեց ինձ և առաջարկեց սկսել:

– Մի րոպե, ես մտնեմ կողքի մթերայինը:

– Վա՜յ, ինչ անֆայմն եմ. տղամարդու հետ սեղան եմ նստել և մոռացել օղին:

Անմիջապես սեղանի կենտրոնում տնկվեց օղու շիշը:

– Ա՛յ հիմա սկսենք,- ասացի ես՝ գոհ-գոհ նայելով սեղանին:

Շիշը բացեցի, բաժակները լցրեցի: Լիանան առաջարկեց խմել մեր կենացը: Բաժակները խփեցինք իրար ու խմեցինք: Լիանան բաժակը դրեց սեղանին, գողտրիկ հայացքով չափեց ինձ, հետո իբրև թե միամիտ՝ արձակեց շրջազգեստի առաջին կոճակը: Երևաց նրա կրծքերը միացնող գիծը, որն ինձ անտարբեր չթողեց: Նա հանեց կոշիկները՝ անփույթ կերպով ետ տանելով շրջազգեստի փեշը: Տեսնելով ոտքի բաց մասը՝ մի հաճելի սարսուռ անցավ մարմնովս: Ձգվելով դեպի Լիանան՝ ձեռքս հպեցի ոտքին և համբուրեցի կրծքի ամենագեղեցիկ մասը, որ արդեն բաց էր: Լիանան էլ ակամայից ձգվեց դեպի ինձ և գրկեց մեջքս: Դա ինձ համար վստահության ազդանշան էր: Ես դանդաղ վեր կացա և գրկելով նրա մարմինը՝ տարա դեպի թախտը: Այդ ընթացքում նա ագահաբար համբուրում էր ինձ: Զգուշությամբ իջեցրի նրան և նույն կերպ էլ պառկեցրի թախտին: Մենք սկսեցինք փոխադարձաբար արձակել միմյանց կոճակները: Երբ ազատվեցի Լիանայի ոտքերը միացնող վերջին կապանքից, նա ամբողջ մարմնով ձգվեց թախտի վրա և ձեռքերը պարզեց ինձ: Նայում էի նրա ձյունաթույր մարմնին ու հիանում: Լիանան ամբողջ ուժով ինձ ձգեց դեպի իրեն և ձուլվեց ինձ՝ ջանալով վայելել ողջ հաճույքը: Երբ հագեցավ, թևերը թուլացան, և թողեց ինձ: Ես շուռ եկա ու պառկեցի կողքին: Նա անդադար համբուրում էր իմ բաց մարմինը և կրկնում.

– Դու ինձ հանդիպած տղամարդկանցից ամենահաճելին ես:

Վերջապես հագնվեցինք: Լվացվելուց հետո մոտեցանք սեղանին ու շարունակեցինք ճաշը: Խմեցինք երկրորդ բաժակը և վերջում ճաշակելով սառը ձմերուկը՝ վեր կացանք: Լիանան ջերմորեն համբուրեց ինձ ու ասաց.

– Մեկ-մեկ հանդիպենք, ես խիստ կկարոտեմ քեզ:

Նա բացեց արկղը և տասը տուփ փոշի հանեց: Ես դրանք դատարկ պայուսակիս մեջ դրեցի և հրաժեշտ տվեցի: Երբ դուրս եկա, չէի կարողանում հավատալ կատարվածին: Ուշքի գալով՝ գնացի դեպի ձմերուկների կույտը:

– Հա՜, ձմերուկդ խլեցի՞ն ձեռքիցդ:

– Ոչ թե խլեցին, այլ կերանք:

– Անուշ լինի,- խորամանկ ժպիտով ասաց վաճառողը և երկրորդ ձմերուկն առաջարկեց:

Ես ուրախ-ուրախ վերադարձա տուն: Կինս, պատշգամբում կանգնած, անհանգիստ նայում էր փողոցին: Ինձ տեսնելով՝ հանգստացավ ու ներս գնաց: Ես էլ հանգիստ ներս մտա և բեռս հպարտորեն դնելով խոհանոցի սեղանին՝ ասացի.

– Տիկին, բարեհաճեք Ձեր խոստումը կատարել:

Կինս, խորը զննելով ինձ, կատակեց.

– Մենք պայմանավորվել ենք երեկոյան:

Ես գրկեցի նրան և պինդ համբուրելով՝ ասացի.

– Քո բաժինը թող մնա երեկոյան:

Դուռն անհանգիստ բախեցին: Կինս վազեց բացելու: Երեխաներն էին: Նրանք ներս վազեցին ու գրկեցին ձմերուկը, որը շատ շուտով մորթեցինք: Որդիս ագահաբար լցրեց իր ափսեի մեջ ու սկսեց խժռել: Դուստրս, որ վեց տարեկան էր, նկատեց.

– Վախենում ես ձեռքիցդ առնե՞ն:

Օրը շատ հետաքրքիր ու հաջող անցավ: Երեկոյան՝ քնելուց առաջ, կնոջիցս ստացա խոստացած համբույրը: Գիշերը հանգիստ քնեցինք: Առավոտյան նրա ձայնն արթնացրեց ինձ.

– Վե՛ր կաց, գործից կուշանաս:

Ամբողջ շաբաթ կռիվ էի տալիս մտքերիս հետ և անհամբեր սպասում շաբաթ օրվան: Վերջապես եկավ սպասված շաբաթը: Առավոտյան կինս հայտնեց, որ ծնունդի ենք հրավիրված: Դա ինձ համար պատերազմ գնալուն հավասար մի բան էր: Իհարկե ես չվիճեցի, գերադասեցի լռել և անվրդով հարցրի.

– Ժամը քանիսի՞ն ենք հրավիրված:

– Ժամը տասնվեցին:

– Մինչև ժամը տասնվեցը մի ամբողջ օր կա:

– Ի՞նչ ես ուզում ասել:

– Ուզում եմ ասել, որ կարելի է գնալ շուկա՝ թուզ առնելու, հետո ուշ կլինի:

– Աշոտ ջան, ի՛նչ խելոք տղա ես. մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ:

– Ի՞նչն է վատ,- դժգոհեցի ես:

– Դե, որ անպայման ուզում ես դուրս պրծնել տնից:

– Տղամարդու տանը մնալը ձեռնտու չէ:

– Գնա, բայց լավ թուզ կբերես:

Հարցը լուծվեց շատ հանգիստ: Ես վերցրի պայուսակն ու դուրս պրծա: Մի շնչով հասա շուկա: Մուտքի մոտ մարդիկ հավաքվել էին և իրար հրմշտելով՝ փորձում էին ներս մտնել: Միլիցիոները գոռում էր ու պահանջում սպասել: Ես մոտեցա և ժխորից հեռու կանգնած ծերունուն հարցրի.

– Այս ի՞նչ է պատահել:

– Ոչինչ, ձմերուկ վաճառողին ծեծեցին: Ձմերուկները բոլորը խակ էին:

Ժողովուրդը հանդարտվեց: Ներս մտնելով առաջացա դեպի տնտեսական խանութը: Մարդիկ կանգնած սպասում էին վաճառողին: Ես նույնպես կանգնեցի և սկսեցի ուսումնասիրել ցուցափեղկում դրված ապրանքները: Պահեստից դուրս եկավ վաճառողն ու մոտեցավ կողքիս կանգնած ծեր կնոջը.

– Սա էլ Ձեր օճառը:

Հետո սկսեց հերթով ճանապարհել գնորդներին: Բայց, ա՛յ քեզ զարմանք, վաճառողը Լիանան չէր, չնայած նրան շատ էր նման: Սա ավելի գեղեցիկ ու ավելի թարմ տեսք ուներ: Բոլորին ճանապարհելուց հետո դարձավ ինձ.

– Լսում եմ Ձեզ:

– Ես ուզում եմ Լիանային հանդիպել:

– Իսկ ես, հակառակը, չեմ ուզում լսել նրա մասին: Գուցե գլխավոր պատճառներից մեկն էլ դո՞ւ ես:

Կարծես մահվան դող անցավ մարմնովս: Ես մտածեցի՝ գուցե նրանց բաժանման պատճա՞ռ եմ դարձել: Վաճառողի ձայնն արթնացրեց ինձ.

– Այսօր նա տեղ է գնացել, ես եմ փոխարինում: Ասեք՝ ինչ եք ուզում:

Ես շիվարեցի, լեզուս կապ ընկավ:

– Դուք եկել եք նրա հետ ճաշելո՞ւ: Դե ինչ, Ձեր բախտը չբերեց:

– Բայց ինչո՞ւ:

– Գուցե դուք կբարեհաճեք ինձ հե՞տ ճաշել: Ես ոչ մի հարցում նրանից պակաս չեմ: Դե, արագ որոշեք, դուռը փակում եմ: Ձեզ մի՛ կորցրեք, կողքի խանութից մի շիշ օղի վերցրեք, եկեք:

Ես ակամայից կատարեցի նրա հրամանը: Օղին ձեռքիս ներս մտա: Նա մարտական տեսքով դիմավորեց ինձ: Իսկույն դուռը փակեց և ուղղվեց դեպի պահեստի դուռը: Ես հետևեցի նրան: Ամեն ինչ նույնն էր, միայն մի անկյունում չորս գեղեցիկ արկղ էր ավելացել: Մոտեցա, օղին դրեցի սեղանի կենտրոնում և գնացի լվացվելու: Վաճառողուհին արագ հանեց ամեն ինչ և պատրաստեց սեղանը:

– Աննա,- ներկայացավ նա:

Ես նույնպես շտապեցի ներկայանալ.

– Աշոտ:

Օղիով լի բաժակները խմեցինք և սկսեցինք ուտել: Շատ անհանգիստ էի: Այդ ներկայացումն ինձ դուր չէր գալիս: Աննան ավելի մոտիկ նստեց և գիտակցաբար բացեց կուրծքը: Նա այնքան գեղեցիկ էր, որ ձեռքս դողաց: Չնայած դրան՝ ես ձեռք չտվեցի: Մի անհայտ ուժ հետ էր պահում ինձ: Աննան ժպտում էր և ավելի մոտենում: Նա բոլոր կոճակներն արձակեց ու կպավ ինձ: Ես ինձ կորցրել էի: Իմ կողքին ասես ոչ թե երիտասարդ, թարմ ու գեղեցիկ աղջիկ էր, այլ փայտյա մարմին: Աննան ուրիշ հայացքով էր նայում ինձ, ոնց որ արծիվը՝ որսից առաջ: Վերջապես պայթեց: Նա վեր կացավ տեղից, վերցրեց հացի դանակը և մարտական դիրք ընդունեց:

– Դու քանդել ես մեր ընտանիքը, երեխաներին զրկել իրենց մորից ու ծաղր դարձրել հարևանների մոտ: Դե, աղոթիր, վերջին րոպեդ եկել է:

Նա բարձրացրեց դանակը և նշան բռնելով ուղիղ սրտիս՝ իջեցրեց այն: Ես հազիվ խույս տվեցի և բռնեցի դանակը: Աննան թպրտում էր՝ փորձելով դուրս պրծնել ձեռքիցս: Վերջապես դանակը խլեցի և ձեռքը բաց թողեցի: Նա հետ-հետ գնաց ու ձեռքն արագ տանելով շրջազգեստին՝ պատռեց, ինչքան ուժ ուներ:

– Այժմ դու կփտես բանտում՝ որպես բռնաբարության փորձ կատարող,- ասաց ու վազեց դեպի հեռախոսը:

Ես թռա տեղիցս ու հեռախոսը խլեցի: Աննան բազեի նման բացեց ճանկերը՝ փորձելով ճանկռտել երեսս: Մի կերպ հանգստացրի:

– Դու ճիշտ ես,- ասացի,- բայց ես քո մայրիկին ոչ մի առիթ չեմ տվել:

– Դո՛ւք՝ տղամարդի՛կդ, բոլորդ էլ այդպիսին եք. մեղքը երբեք ձեզ վրա չեք վերցնում:

– Խնդրում եմ, Աննա, հանգստացիր:

Աննան կարծես թե սառեց և նստեց աթոռին: Ես խորը հոգոց հանեցի և նույնպես նստեցի: Նույն վայրկյանին Աննան հանգիստ թեքվեց աթոռի վրա և ընկավ հատակին:

– Ա՛յ քեզ խաթաբալա:

Ես վրա հասա, որ բռնեմ, բայց ուշ էր: Մի կերպ գրկեցի և պառկեցրի թախտին: Հետո ջուր բերեցի և ցանեցի երեսին: Աննան ցնցվեց ու բացեց աչքերը: Զգալով, որ թախտի վրա է, վեր թռավ տեղից ու նստեց: Ես հեռու կանգնեցի և շտապեցի հասկացնել, որ վատ է զգացել: Համոզվելով՝ Աննան ուղղեց շորերն ու ասաց.

– Ներիր, ես չէի ուզենա սարքել այս ներկայացումը: Վրեժի ուժը մոռացնել տվեց, որ դու էլ ընտանիք ունես: Ի՞նչ արած, ստիպված եմ նահանջել:

Ես նստեցի Աննայի կողքին և աղերսագին ասացի.

– Աննա, արի վերջ տանք այս թատրոնին:

Նա մոտեցավ սեղանին և վախվխելով կանչեց ինձ: Մոտ նստեցի և սպասում էի հրամանի:

– Ուզո՞ւմ ես այստեղից անվնաս դուրս գալ:

– Իհարկե,- հազիվ արտաբերեցի ես:

– Դու պետք է կատարես իմ պայմանը: Վաղը ժամը տասնմեկին գալիս ես «Հատիս» ռեստորան, ինձ երեք հազար ռուբլի ես հանձնում և ազատ ես:

Ստիպված համաձայնվեցի: Խանութից դուրս գալով՝ ազատ շունչ քաշեցի և գնացի դռան մոտ դրված թզի կողմը: Գնեցի և ընկա մտածմունքի մեջ. «Երեք հազար ռուբլի ումի՞ց վերցնեմ…»: Հիշեցի ընկերոջս, որն առաջին անհաջող ամուսնությունից հետո միայնակ էր մնացել: Տունը հենց ճանապարհի վրա էր: Վահանն ինձ ընդունեց զարմանքը դեմքին:

– Ա՛յ տղա, ի՞նչ է պատահել, ոնց որ արջի ձեռքից փախած լինես:

– Դու չես սխալվում, այդպես էլ կա,- ու պատմեցի գլխովս անցածը:

– Դու առաջինը չես, ոչ էլ վերջինը,- արդեն առանց զարմանքի ասաց Վահանը:- Այդ լրբերը ամեն ինչի ընդունակ են, լավ ես պրծել: Փառք տուր Աստծուն, որ բռնաբարություն չի կապել վզիդ:

Վահանը հանեց հավաքած ամբողջ դրամը և հաշվեց:

– Ներիր, եղբայրս, երկու հազար ութ հարյուր հիսուն ռուբլի է:

– Ոչինչ, մնացածը ես կավելացնեմ:

Տուն վերադարձա անտրամադիր:

– Ի՞նչ ես նոթերդ կիտել,- հարցրեց կինս:

– Ոչինչ, ուղղակի շուկայի մոտ մի տղայի լավ ծեծել էին, աչքիս առաջից չի հեռանում:

– Դե լավ, պատրաստվիր:

Ես փոխեցի շորերս, և հյուր գնացինք: Ճանապարհին մտածում էի, թե մի օրվա մեջ մարդը քանի՜ անգամ կարող է զգալ մահվան սարսափը և չմեռնել:

Հաջորդ օրը վերցրի փողը և գնացի աշխատանքի: Վատ տրամադրություն ունեի: Ընկերներս շատ հարցուփորձ արեցին, բայց իզուր: Հերթափոխի պետին խնդրեցի և դուրս եկա: Սիրտս տեղից դուրս էր գալիս: Այնքան փողի մասին չէի մտածում, որքան այն բանի, որ կարգադրողն աղջիկ էր: Նշված ժամին ներկայացա որոշված տեղը: Նայեցի չորս կողմս. ոչ ոք չկար: Ինքնապաշտպանության համար վերցրել էի դանակս: Հեռվից երեք աղջիկ երևացին, որոնք դեպի ինձ էին գալիս: Աննան նրանց մեջ չէր: Մոտեցան և կանգ առան: Անպարկեշտ էին հագնված: Նրանցից մեկը, որ ամենասիրունն էր, մոտեցավ և բռնելով այտիցս՝ ասաց.

– Հա՜, գառնուկս, եկա՞ր: Դե, թա՛փ տուր փողերդ:

Ես անշարժ կանգնած էի. ոչ մի պատասխան: Մյուս երկուսն էլ մոտեցան և սկսեցին հոգուս հետ խաղալ: Ես բռնեցի առաջինի մազերից ու բարկացած հարցրի.

– Ո՞ւր է Աննան:

– Իսկ մե՞նք ինչով ենք վատ, ինչ է, դուրդ չե՞նք գալիս:

– Անմիջապես կանչե՛ք Աննային,- պահանջեցի ես:

– Դու Աննային չե՛ս տեսնի. շատ համը հանես, այստեղից դիակդ կտանեն:

Արյունս խաղաց երակներումս: Մազերից քաշեցի դեպի ինձ և մի ապտակ տվեցի: Աղջիկը թուլացավ ու ընկավ: Կյանքում աղջկա վրա ուժս չէի փորձել: Նրանք սկսեցին ճվճվալ: Ձայների վրա երեք տղա դուրս եկան, որոնցից երկուսը երիտասարդ էին, իսկ երրորդը՝ երեսունին մոտ: Ավագը մոտեցավ ինձ ու ասաց.

– Չափն անցնում ես. հանձնի՛ր փողերը, և քանի գլուխդ վրադ է, գնա՛ այստեղից:

– Կանչե՛ք Աննային,- նորից պահանջեցի ես:

Ավագը ձեռքով նշան արեց այն երկուսին: Սրանք հարձակվեցին ինձ վրա և ուզեցին թևերս ոլորել: Այդ պահին լսեցի աղջիկների արհամարհական քրքջոցը:

– Հիմա կերգի,- հեգնեց գեղեցկուհին:

Այդ բառերն արթնացրին բոլոր քնած բջիջներս: Ես շուռ եկա և տղաներից մեկին այնպես խփեցի, որ ընկավ ու ցավից երկու ձեռքով բռնեց բերանը: Մյուս երկուսը, այդ տեսնելով, հարձակվեցին վրաս և սկսեցին բռունցքներով ծեծել: Ես պաշտպանվում էի, ինչքան կարողանում էի: Մի քանի հարված կպավ գլխիս, մեջքիս, կողերիս, բայց դեմքս պաշտպանում էի: Երբ երիտասարդը բռունցքը բարձրացրեց և ուզում էր իջեցնել գլխիս, ես կայծակի արագությամբ բռնեցի դաստակը և ուժգին հարվածեցի ստամոքսին: Սա երերաց և ընկավ: Ավագը, հարմար պահ ընտրելով, այնպես խփեց, որ ես նույնպես ընկա: Նա կատաղությամբ ոտքը բարձրացրեց՝ փորձելով հարվածել գլխիս: Բայց ես բռնեցի նրա ոտքից ու պտտեցի: Տղան ընկավ ու մարեց: Երբ ոտքի ելա, ոչ մեկը մոտ չեկավ: Զարմացա: Ուշադրությունս գրավեց ավագը: Մոտեցա, ուշադիր նայեցի. ոչ մի շարժում: Աչքիս առջևով վայրկենաբար անցան դատարանը, գաղութը և անտերության մատնված ընտանիքս: Սթափվելով գոռացի.

– Ջո՛ւր բերեք:

Մի հսկայամարմին ծերուկ դուրս եկավ՝ թեյամանը ձեռքին: Ջուր ցանեցինք, ուշքի եկավ: Պարզվեց, որ ընկնելիս գլուխը քարին էր խփել: Ծերուկը նայեց ինձ ու ասաց.

– Հեռացիր այստեղից, սրանք լկտի տիպեր են:

Վերջին անգամ նայելով շուրջս՝ հեռացա: Մոտ երեք հարյուր մետր անցել էի, երբ մոտեցող ոտնաձայներ լսեցի: Աննան էր:

– Ներիր, Աշոտ, ես մեղք չունեմ, նրանք ինձ ստիպել էին:

Նայեցի Աննայի լացակումած աչքերին և խղճացի:

– Հեռացիր դրանցից, Աննա: Դա քո տեղը չի: Դու կարող ես ամուսնանալ, ընտանիք կազմել և ապրել նորմալ մարդկանց հետ:
Մենք երկար զրուցեցինք և բաժանվեցինք բարձր տրամադրությամբ: Այլևս Աննային չտեսա:

Անցավ մի քանի տարի: Մի օր զբոսնում էի այգու ծառուղիներից մեկով և աշխույժ զրուցում ընկերոջս հետ: Դիմացից մեզ էր մոտենում մի կին՝ փոքրիկ տղայի ձեռքից բռնած: Աննան էր: Նա գրկեց ինձ, ժպտալով նայեց ու ասաց.

– Ես կյանքովս եմ պարտական քեզ: Այն օրվանից հետո այլևս չգնացի նրանց հետ: Ամուսնացել եմ մի խելոք տղայի հետ, սա էլ մեր որդին է. քո անունով եմ կոչել:

Ես հաջողություն մաղթեցի Աննային, և մենք հրաժեշտ տվեցինք միմյանց»:

Ավարտելով պատմությունը՝ Աշոտը խոր հոգոց հանեց և ասաց.

– Բա՜, եղբայր ջան, այդպիսի բաներ շատ են պատահում: Պետք է զգոն լինել. կյանքը ինչ հրաշքներ ասես չի գործում: Առաջ չէի հավատա, բայց հիմա որ ասեն՝ կրիան թռավ տանիքի վրայով, կհավատամ:

Մենք վեր կացանք և հրաժեշտ տվեցինք իրար…

ՍԵԼԱՎԸ

Պարզ ու արևոտ օր էր: Խուստուփ լեռը մաքուր էր ու անամպ: Մարդիկ, արևից խույս տալով, գլուխները ստվերում էին պահում: Վաղուց էինք սպասում «Տարզան» ֆիլմին: Եվ ահա տղաները հերթով եկան ու տեղեկացրին, որ քաղաքում արդեն փակցված են ֆիլմի ազդագրերը:

Ժամը տասնյոթին բոլորս մի մարդու պես կանգնած էինք կինոթատրոնի տոմսարկղի դիմաց: Բոլորս տոմս ձեռք բերեցինք և ուրախ-ուրախ մտանք կինոսրահ: Ամբողջ ֆիլմը դիտեցինք բարձր տրամադրությամբ: Լույսերը վառվեցին թե չէ, ամբոխը դուրս թափվեց: Իրար հրմշտելով՝ բարձրացան աստիճաններով ու փոխանակ դեպի ելքը գնալու` խցկվեցին անկյունները: Պարզվեց, որ անձրև է գալիս: Մենք նույնպես մի կողմ քաշվեցինք և սկսեցինք զրուցել: Էդգարը, որ նոր էր եկել գյուղից, դուրս նայեց և ասաց.

– Կես ժամից անձրևը կդադարի:

– Ինչի՞ց իմացար,- զարմացած հարցրի ես:

– Բա էլ ի՞նչ գյուղացի, որ այդ հասարակ բանը չիմանա: Այնպիսի սելավներ են լինում, որ հավաքում են ձորերի բերանին եղած ծառերը, գերանները, անասուններին, անզգույշ մարդկանց և տանում թափում են մեծ գետը:

– Էդգար ջան, գյուղի կյանքից մի բան պատմիր:

Էդգարը մի քիչ նազ արեց, ապա սկսեց. «Ժամը քսանչորսը կլիներ: Դրսից վազելով եկա, լվացվեցի և հարձակվեցի սեղանին դրված զանազան ուտեստների վրա, որոնք մայրս էր պատրաստել: Նա գիտեր. եթե խաղալուց եմ գալիս, ուրեմն սոված ուշքից գնում եմ: Այնքան էինք խաղում, մինչև որ սաստիկ հոգնում էինք. մանավանդ լուսնյակ գիշերներին: Մայրս մոտեցավ ինձ, գայլի ախորժակս տեսնելով՝ կատակեց.

– Նայիր՝ սփռոցը չուտես: Հացդ կեր ու քնիր: Առավոտը շուտ հորդ հետ տեղ ես գնալու:

Ես սովորություն չունեի հարցնելու, թե ուր ենք գնալու: Ծնողներիս ասածն ինձ համար օրենք էր:

Առավոտյան մորս ձայնն արթնացրեց ինձ.

– Վե՛ր կաց, ուշ է:

Ես առանց առարկելու վեր կացա, լվացվեցի և ուտելով մորս պատրաստած ձվածեղը՝ դուրս եկա տնից ու մարտականորեն կանգնեցի բակում: Այնտեղ դրված գործիքները տեսնելով՝ հասկացա, որ գնում ենք խոպան հող փորելու: Մայրս սովորականի պես բերեց հացի կապոցը և դրեց գործիքների մոտ: Շուտով եկավ հայրս: Առավոտը շուտ անասունների տակն էր մաքրում:

– Գնացինք,- ասաց հայրս և վերցնելով գործիքները՝ առաջ ընկավ:

Ես վերցրի հացի կապոցը և հետևեցի հորս: Մեր այգիները գտնվում էին գյուղից մեկուկես մետր հեռավորության վրա: Դրանք ձգվում էին ձորով հոսող գետի երկու կողմերով և հասնում մինչև Ողջի գետը: Այնտեղից էլ սկսվում էր քաղաքը: Մենք ուղղվեցինք այգիների կողմը: Գյուղն անցանք և հասանք լանջը: Ճանապարհը զառիվայր էր և երկու կողմից պատված փշոտ թփերով: Առաջին մարդը, որին հանդիպեցինք, մեր գյուղացի Սահակն էր:

– Բարի լույս, Վարդան: Ճամփադ բարի լինի:

– Շնորհակալություն,- ասաց հայրս և ցածր ձայնով նկատեց.- Քեզ տեսնողի ճամփան բարի կլինի՞:

Արագ էինք գնում: Հասանք այգիներին: Մի այգուց դուրս եկավ Մեսրոպ պապը և ոտքը բռնած՝ նստեց ճանապարհի եզրին:

– Վարդա՛ն, Սահակին հանդիպել ե՞ս:

– Այո:

– Ա՛յ անիծվի նա: Առավոտը հանդիպեցի. հենց հասա այգի, դուռը բացեցի ու գլորվեցի ներքև: Հիմա սպասում եմ` մեկը էշով գա, նստեմ գնամ գյուղ:

Ապա շարունակեց.

– Ոչի՜նչ, կանցնի…

Ես լուռ հետևում էի հորս: Նա վերջապես խոսեց.

– Գիտե՞ս, Էդգար, ուրբաթ օրը աշխատանքից գալիս նկատեցի, որ կոլտնտեսության այգու ծայրին մի հարյուր քառակուսի մետր տեղ կա: Ճիշտ է, քարերը շատ են, բայց որ մաքրես, ահագին տեղ է:

– Եթե պետք է, կմաքրենք:

Շուտով հասանք այն հողամասը, որը մերը պետք է դառնար: Անմիջապես վերցրի քլունգը և սկսեցի քանդել մանր քարերը: Իսկ հայրս երկաթե մեծ լծակով քանդում էր խոշոր քարերը: Աշխատում էինք առանց հանգստանալու: Քարերը շարում էինք ցանկապատի տեղը: Քարերի վրա պետք է փշե թփեր շարեինք, որոնցից ամուր ցանկապատ էր ստացվում: Ժամը տասներկուսին նստեցինք հացի: Հայրս նայեց Խուստուփ լեռան կողմն ու ասաց.

– Այսօր ուժեղ անձրև է գալու, հնարավոր է՝ նաև կարկուտ:

Ես զարմացած նայեցի հորս:

– Այս արևին ի՞նչ անձրև:

– Խուստուփն ամպել է, շո՛ւտ արա:

Գործիքները պահեցինք քարերի տակ և ճանապարհ ընկանք: Ապահովության համար հայրս երկու ձեռնափայտ կտրեց: Ընդամենը հինգ հարյուր մետր էինք գնացել, երբ նա վերև նայեց ու ձեռքը թափ տվեց: Արևը կծոտում էր. մենք շոգից հազիվ էինք քայլում: Վերջապես անձրևը սկսվեց: Սկսվեց խոշոր կաթիլներով ու մի քանի վայրկյանում մեզ լողացնելով՝ անցավ դեպի հարավ: Ջուրը կարծես դույլից էին թափում: Հայրս գնաց դեպի ընկուզենու ծառատակը և մեջքը հենեց ծառի հաստ բնին: Դա երկար չտևեց: Ծառից էլ սկսեց ջուր թափվել մեզ վրա, և այնտեղ մնալն անհնարին դարձավ: Մենք ծառի տակից դուրս եկանք և ճարահատյալ շարունակեցինք ճանապարհը` նոր թաքստոց փնտրելով: Ճամփի եզրին՝ փոքր քարափի տակ, քարայր էր գոյացել, որի հատակը համարյա հողին հավասար էր: Մտանք քարայր և կուչ եկած սպասում էինք Աստծո գթությանը: Բայց մեր ուրախությունը երկար չտևեց: Հեղեղը բարձրացավ և ողողեց մեր ոտքերը: Ցեխը սկսեց դանդաղ բարձրանալ: Շուտով խրվեցինք ցեխի մեջ, և քարայրում մնալն անհնարին դարձավ: Հայրս հուսահատ նայեց ինձ ու ասաց.
– Ստիպված ենք դուրս գալ:

Կատարվեց ավելի վատթարը. անձրևը փոխվեց կարկուտի, որն անխնա կերպով հարվածում էր մեզ: Բնությունը խիղճը կորցրել էր կամ էլ մոռացել, որ երկրի վրա մարդկություն գոյություն ունի: Մենք քայլում էինք և հազիվհազ գլուխներս բարձրացնելով՝ պատսպարվելու տեղ փնտրում: Ստիպված նորից մտանք ընկուզենու տակ, որտեղ կարկուտն անմիջապես չէր թափվում մեր գլխին: Անձրևը սկսեց մեղմանալ: Կարծես թե փրկված էինք, բայց դա միայն թվում էր: Շուտով միանգամից դադարեց: Մենք հանեցինք մեր շորերը, մզեցինք և նորից հագանք: Սարերում չէր դադարել, այդ պատճառով ձորերի հեղեղը չէր պակասում: Հասանք առաջին ձորին: Հայրս փորձեց անցնել. երկու քայլ առաջ գնաց և հավասարակշռությունը կորցնելով՝ հետ–հետ գնաց՝ ձեռքը հազիվ գցելով սալորի ծառին: Անցնելու հույսը կորավ: Կտրելով գետափնյա արահետը՝ սկսեցինք բարձրանալ դեպի կենտրոնական ճանապարհը: Դա քաղաքը գյուղին կապող ավտոճանապարհն էր, որը լայն էր և գտնվում էր ավելի բարձր մակարդակի վրա: Մենք  բարձրանում էինք լանջն ի վեր: Հոսքը չդադարած առվակները դժվարացնում էին մեր ընթացքը: Երբեմն սայթաքում էինք և մեր դրությունը փրկելու համար ձեռքներս ակամայից մեկնում ու կառչում թփերից: Ավերիչ հեղեղն իր հետ տանում էր գերաններ, ծառեր, անասուններ ու քարեր, ինչից նրա հուժկու ձայնն ավելի սարսափելի էր դառնում: Վերջապես հասանք ավտոճանապարհին: Մոտ վեց մետր լայնությամբ այդ փողոցով գետ էր հոսում՝ իր հետ տանելով հազար ու մի իրեր և մանր անասուններ: Ես ընդամենը տասներեք տարեկան էի: Հայրս դողում էր ինձ համար: Առաջինն ինքը փորձեց մտնել ջուրը: Գնաց մինչև հեղեղուտի կեսը, և կատարվեց անսպասելին: Վերևից եկող ծառը հասավ հորս, նրան իր ճյուղերի մեջ առավ՝ սպառնալով ջրվեժի հետ վար շպրտել: Բայց Աստված միշտ հսկում է մարդկանց և կարգավորում նրանց դժբախտությունները: Ծառից թեք աճած ճյուղի օգնությամբ հայրս դուրս եկավ ցամաք: Ծառը շարունակեց իր ճանապարհը: Մնացինք շիվար կանգնած: Սելավն իր հետ քարեր էր տանում, որոնք գլորվելով դղրդյուն էին առաջացնում: Հանկարծ դղրդյունի ձայնը փոխվեց: Մենք ակամայից վերև նայեցինք ու տեսանք, թե ինչպես էր մի հսկայական գերան իջնում՝ ջրի մակերեսին լողալով ու ծայրերն ափերին խփելով: Հայրս ձեռքը մեկնեց ու գերանի ծայրը բռնեց: Գերանը շուռ եկավ ու կանգնեց կամրջի նման: Դա մեզ համար մեծ հաջողություն էր: Գերանից բռնվելով՝ հայրս առաջ գնաց: Նա հաջողությամբ անցավ ջուրը և կանգնեց գերանի մյուս ծայրին: Ես սկսեցի առաջանալ: Գերանի ազատ մնացած մասը թուլանում էր, և երբ հասա կենտրոն, տեղից պոկվեց ու սահեց ջրի հոսանքի հետ: Ես կորցրի հավասարակշռությունս և բաց թողեցի գերանը: Այն դղրդյունով արագ ցած իջավ, ես էլ՝ հետևից: Ջուրն ինձ առավ իր հորձանքի մեջ և գլորելով տարավ: Մի կերպ գլուխս հանեցի և նկատեցի ափին աճած փշե թուփը: Ձեռքս մեկնեցի և կառչեցի թփից: Ջուրը ջանում էր ինձ պոկել թփից ու տանել: Ես հավաքեցի վերջին ուժերս ու դիմացա, մինչև հայրս օգնության հասավ: Ջրից դուրս գալով ՝ բարձրացանք ճանապարհի ուղղությամբ: Հայրս գույնը գցել էր, ձեռքերը դողում էին: Նա ինձ արդեն կորցրած էր համարում: Մենք նստեցինք ծառի տակ, հանգստացանք: Հեղեղատների ջրերը պակասում էին: Մյուս ձորակները հանգիստ անցանք և հասանք ճանապարհի այն հատվածին, որն անցնում էր կավահողի միջով: Մեզ համար դա ահավոր էր: Անձրևից հետո հողը ցեխ էր դարձել, և հնարավոր չէր քայլել: Մինչև ծնկներս խրվում էինք ցեխի մեջ, և առաջ ընթանալը դառնում էր անհնարին: Հինգ հարյուր մետր տարածությունն անցանք մոտ մեկ ժամում: Ցեխակոլոլ և ուժասպառ դուրս եկանք և առանց հանգստանալու հասանք աղբյուրին: Լվացվեցինք, մաքրվեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Արդեն փրկված էինք և շուտով տուն հասանք: Մայրս լացակումած դիմավորեց մեզ ու տուն տարավ: Մենք հաց կերանք և հոնի մուրաբայով տաք թեյ խմելուց հետո անկողին մտանք: Այդ օրը գյուղը շատ կորուստ էր տվել. որի ոչխարն էր քշել տարել, որի այծը, որի մոզին, որի կովը: Բայց դա տանելի էր: Գյուղը կորցրել էր մի երիտասարդ աղջկա, որի դիակը գտան երեք օր հետո: Գիշերվա կեսին հորս ջերմությունը բարձրացավ, իսկ ես երազիս մեջ անընդհատ կռիվ էի տալիս ցեխաջրի հետ: Մորս հնարամտություններից ոչ մեկը չօգնեց. հորս ջերմությունը քանի գնում, բարձրանում էր: Գյուղում բժիշկ չկար: Բուժկետի բուժքույրը հազիվ սրսկել գիտեր: Իսկ ինչ վերաբերում է դեղերին, նա դրանք մեզնից էր ուզում: Փրկության մի միջոց ունեինք. գյուղում մի հեքիմ կար, որի ձեռքից ոչ մի հիվանդություն չէր պրծնում: Նա՝ Մանուշակ մորաքույրը, քաղում էր մեր դաշտերի բազմատեսակ ծաղիկները և դեղեր պատրաստում: Ամբողջ շրջանից գալիս էին նրա օգնությունը խնդրելու: Նա էլ նազ չէր անում. ձեռքից եկածն անում էր: Մայրս առավոտը շուտ գնաց Մանուշակ մորաքրոջ հետևից: Շուտով վերադարձան միասին: Նա բացեց թաշկինակը, հանեց ինչ-որ սև, մանր պտուղներ և պատվիրեց եփել: Դառը թուրմը խմեցրեց հորս և լավ ծածկեց: Շուտով հայրս քրտնեց, ջերմությունն իջավ, բայց ոչ լրիվ: Մանուշակ մորաքույրը նայեց և հոգոց հանելով ասաց.

– Շատ է մրսել:

Նա պատվիրեց աղյուսներ հավաքել: Գյուղում յուրաքանչյուր ընտանիք էլ աղյուս ուներ: Երբ մեկի ստամոքսը ցավում էր, տաքացնում էին ու դնում փորի վրա: Ես ստիպված էի հավաքել ամբողջ թաղամասի աղյուսները: Կրակ վառեցինք ու տաքացրինք դրանք, ապա շարեցինք հորս կողերին ու ծածկեցինք: Հայրս լրիվ քրտնեց ու փրկվեց: Մանուշակ մորաքույրը, իր գործը վերջացրած համարելով, վերջին ցուցումները տվեց ու հեռացավ: Մայրս նայեց դեպի Խուստուփ սարն ու կարդաց իր աղերսական աղոթքը.

– Ո՜վ մեր տեր ու պաշտպան, ո՜վ սուրբ եկեղեցի և դու, ողորմա՜ծ Աստված, պաշտպանի՜ր մեզ բոլոր փորձանքներից և ողորմիր մեր գոյությունը: Խոստանում եմ մեր անմեղ գառը զոհաբերել քո բարության համար:

Վերջացնելով աղոթքը՝ երեսը խաչակնքեց ու շուռ եկավ:

Հաջորդ օրը հայրս գառը մորթեց: Եփեցինք և յոթ տան բաժանեցինք: Այսքանով վերջացան մեր գյուղի ամենադառը մարդու հետ հանդիպման հետևանքները»:

Էդգարը վերջացրեց իր պատմությունը և հոգոց հանեց.

– Ի՜նչ օրեր ենք տեսել…

Մենք դուրս եկանք պատսպարանից և տուն գնացինք: Անձրևը դադարել էր, բայց ջուրն առաջվա պես հոսում էր փողոցներով: Մարդիկ, ուշադրություն չդարձնելով ջրին, տուն էին շտապում…

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ»

Մեր տները գտնվում են գետի ձախ ափին՝ լանջի քարափներին: Դրանք եռանկյունի խրված են հողի մեջ: Շինության միայն առաջնամասն է երևում: Հիմքից քանդած հողը լցնում են տան առաջ, հարթեցնում, ցանկապատում ու դարձնում այգի: Այգիներում հիմնականում տնկում են թթի ծառեր, որոնց պտուղները հիանալի են օղի թորելու համար: Տները կառուցված են առանց նախագծի. ով ինչպես կարողացել է: Չնայած դրան՝ քաղաքը գեղեցիկ տեսք ունի: Այն տարածված է երկու գետերի ափերին ու հանդիպակաց լանջերին…

Մեր տան տեղը սելավի ձոր էր: Անձրևների ժամանակ հսկայական գետ էր գոյանում: Ձորի եզրով ցեմենտբետոնե պարիսպ կառուցեցինք և ջրին ստիպեցինք ավելի նեղ հունով հոսել: Այդ պատճառով սելավների ժամանակ ջուրը հաճախ լցվում էր մեր բակը և ահագին վնասներ տալիս: Մեր տան կողքին մի բարձր քարափ կար: Մարդիկ չէին համարձակվում խանգարել նրա հանգիստը: Դրա համար էլ քարափը մնացել էր այնպիսին, ինչպիսին բնությունն էր ստեղծել: Այդ քարափը մեզ համար հավաքատեղի էր դարձել: Թաղի տղաներով երեկոները հավաքվում էինք այդտեղ ու զբաղվում. որը հեքիաթ էր պատմում, որը՝ իր գլխով անցածը, մեկը երգում էր, մյուսը՝ նվագում: Այսպես մեր երեկոները շատ հետաքրքիր էին անցնում: Մեր ծնողները չէին բողոքում, իսկ հարևանները նույնիսկ ուրախ էին: Նրանք հաճույքով լսում էին մեր համերգները և ոգևորում մեզ: Հիմնական եկողներից էր Կարոն՝ մոտ քսանհինգ տարեկան բարձրահասակ, թուխ մազերով, խոշոր, սև աչքերով, ամրակազմ մի տղա: Նա շատ համեստ էր ու բարի: Սիրողական արհեստը դուդուկ նվագելն էր: Գալիս էր Արթուրը. շեկ մազերով, խաժ աչքերով, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր: Մոտ քսանյոթ տարեկան կլիներ: Բնավորությունը խառն էր: Սիրողական արհեստը որսորդությունն էր: Ամուսնացած էր, ուներ երկու տարեկան մի աղջիկ: Գալիս էր նաև Գևորգը՝ միջահասակ, շեկ մազերով, գեղեցիկ դեմքով, կապուտաչյա մի տղա: Սովորում էր տասներորդ դասարանում: Համեստ բնավորություն ուներ: Սիրում էր արտասանել և մեկ-մեկ փոքրիկ բանաստեղծություններ էր գրում: Մեր խումբ էր այցելում նաև Ռազմիկը, որի եղբայրը նույնպես որսորդ էր: Նա եղբոր հետ մեկ-մեկ որսի էր գնում և հրացան օգտագործելը գիտեր: Ռազմիկը նիհար-բարակ, թխամազ, խաժ աչքերով, ճարպիկ տղա էր: Քսաներկու տարեկան կլիներ: Անհանգիստ բնավորություն ուներ. հինգ րոպե տեղը չէր նստում, այդ պատճառով էլ մականունը «սնդիկ» էր: Ես խմբի ամենափոքրն էի և ամենասիրելին: Իմ առավելությունն այն էր, որ դուրեկան ձայն ունեի: Ես ու Կարոն իրար լրացնելով կազմում էինք համերգի հիմնական մասը, իսկ մնացածը ձայնակցում էին:

Երեկո էր: Սովորականի պես պատրաստվում էի քարափ գնալու: Հայրս ներս մտավ ու տեսնելով, որ շտապում եմ, ասաց.

– Ա՛յ տղա, էլի քարափ ե՞ս գնում: Այդ քարն աղոթած է, կարծես մագնիսական ուժ ունի:

Քարափն իր հյուրընկալությամբ ընդունեց ինձ: Նստեցի իմ սովորական տեղը: Ես առաջինն էի, հետո եկավ Կարոն՝ հոգնած դեմքով, անտրամադիր և առանց դուդուկի: Նա համարյա փլվեց քարի վրա ու դժգոհ ասաց.

– Այսօր շատ հոգնած եմ. ամբողջ օրը փայտ եմ կտրտել:

Մեր անտառները շատ խիտ են ու խառը: Այնտեղ աճում են բոխի, կաղնի, հացենի, թխկի, թեղի և համարյա բոլոր պտղատու ծառերը: Ժողովուրդը, անտառտնտեսությունից թույլտվություն ստանալով, ամբողջ ձմեռվա վառելիքը բերում է: Փայտն անտառից տեղափոխում են մեքենայով, ձիով, նույնիսկ էշով:

Շուտով բոլորը հավաքվեցին և սկսեցին աշխույժ զրույցը: Արթուրը կատակով կպավ Կարոյին.

– Ձեռնափայտ էլ չեմ բերել, բա տուն գնալիս քեզ ինչո՞վ ենք բարձրացնելու:

Կարոն էլ տակ չմնաց ու պատասխանեց.

– Քեզ որ ամեն օր հազիվ ենք բարձրացնում, ես ձայն չեմ հանում:

Կարոն սկսեց պատմել Խուստուփ լեռան մասին: Ասաց, թե ինչքան վտանգավոր է ճանապարհը դեպի «Սուրբ եկեղեցի»: Խուստուփը Կապան քաղաքը շրջապատող լեռներից ամենաբարձրն է: Ծովի մակերևույթից բարձր է մեկ կիլոմետր: Այնտեղ կարելի է հասնել հետիոտն կամ էլ ձիով, որով գնալն ու վերադառնալը տևում է մոտ երեսուն ժամ: Մենք Կարոյին խնդրեցինք, որ կազմակերպի մեր ճանապարհորդությունը դեպի Խուստուփ սարի «եկեղեցին»: Նա մի քիչ դժվարացրեց, բայց խոստացավ շաբաթ օրը կազմակերպել: Հավաքեց բոլորին, նստեցրեց քարին ու սկսեց.

– Լա՛վ իմացեք, Խուստուփ գնալը շատ վտանգավոր է: Գիշերը ճանապարհ ենք գնալու, կարող է գազանների հանդիպենք, անտառը մութ է, կարող է Խուստուփի կապերից վայր ընկնենք և այլ դժվարություններ: Այս բոլորը հաշվի առեք: Եթե այսքանը հասկանալով՝ համաձայն եք, խնդրեմ:

Բոլորս դրական պատասխան տվեցինք:

– Դե որ այդպես է, լսեք, թե հետներդ ինչ պետք է վերցնեք. ամուր ուսապարկ, տաք բաճկոն՝ գիշերվա համար, մոմ՝ «եկեղեցում» վառելու համար, մուրճ ու երկաթյա սեպ՝ անունները գրելու համար, ձեռքի լապտեր՝ գիշերվա համար, գրպանի դանակ, որն ամենակարևորն է, ուտելիք՝ ամբողջ օրվա համար, մի շիշ թթի օղի ու մի բաժակ: Այս բոլորով հանդերձ շաբաթ օրը ժամը 15.30-ին լինում ենք քարափին: Արթո՛ւր և Ռազմի՛կ, վերցնում եք հրացաններ և հիսունի չափ փամփուշտ: Լուցկին չմոռանաք:

Այս առաջադրանքները ստանալով՝ բարի գիշեր մաղթեցինք ու ցրվեցինք: Ես սովորում էի իններորդ դասարանում: Հաջորդ օրը դպրոցում պատմեցի ընկերներիս: Նրանցից ոմանք արտահայտեցին իրենց հիացմունքը, ոմանք էլ նախանձեցին ինձ: Դասերը վերջացան: Ես սովորականի պես շտապում էի տուն: Հանկարծ հետևիցս ոտնաձայներ լսեցի. ինչ-որ մեկը ջանում էր հասնել ինձ: Ետ նայեցի. Անահիտն էր: Նա մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն էր: Ոչ մեկը չէր համարձակվում մտերմանալ հետը՝ վախենալով, որ կարհամարհի: Ես՝ առավել ևս: Չնայած դրան՝ ամենքս իրարից գաղտնի մտերմանալու ուղիներ էինք փնտրում: Անահիտն իր տեսքով հիացնում էր բոլորիս: Միջահասակ, բարակիրան, թուխ, կիսագանգուր մազերով, սև աչքերով, ժիր ու եղնիկի պես ճարպիկ աղջիկ էր:

– Լևոն, մի րոպե կարելի՞ է,- հևասպառ ասաց նա:

Ես ակամայից կանգ առա: Նա շունչ առավ և աղերսագին շարունակեց.

– Մի խնդրանք ունեմ. լսել եմ՝ Խուստուփ եք գնալու, ինձ էլ հետներդ տարեք:

Նա գլխիկոր կանգնեց իմ դիմաց: Անսպասելի հանդիպումից ինձ կորցրել էի: Վերջապես ինքս ինձ հավաքելով՝ պատասխանեցի.

– Ես դեմ չեմ, բայց պետք է տղաների հետ խոսեմ:

Զրուցելով հասանք ճամփաբաժանին: Հրաժեշտ տալիս ասաց.

– Դե, հուսով եմ…

Ես ուրախությունից մատներիս ծայրերի վրա էի քայլում: Տուն էի հասել և անհամբեր սպասում էի: Երեկոյան, երբ բոլորս հավաքվեցինք քարափին, ես վեր կացա, զգաստ կանգնեցի և հանդիսավոր կերպով հայտնեցի Անահիտի խնդրանքը: Բոլորը նայեցին ինձ ու ծիծաղեցին, իսկ Կարոն, լուրջ տեսք ընդունելով, ասաց.

– Շատ պատասխանատու գործ է. չվերցնենք, անհարմար է, վերցնենք, վտանգավոր է: Բոլորդ լավ մտածեք ու պատասխանեք:

Մի պահ մտածելուց հետո բոլորը ձեռքերը բարձրացրին:

– Լավ,- ասաց Կարոն,- մենք մեզ վրա վերցրինք ամենածանր բեռը: Ձեզանից պահանջում եմ լինել ուշադիր, զգույշ ձեր արտահայտությունների մեջ և օգնել նրան առանց հակառակվելու:

Բոլորը պատրաստակամություն հայտնեցին: Եղածն ինձ շատ ուրախացրեց: Ամբողջ երեկո Կարոյի նվագի տակ երգում էի: Բավականին ուշ բոլորս ուրախ տրամադրությամբ տուն գնացինք: Հաջորդ օրը հայտնեցի Անահիտին և պատվիրեցի պատրաստվել: Նա շատ ուրախացավ: Շաբաթ օրը ճիշտ ժամին հավաքվեցինք քարափի վրա: Մարտական տեսք ունեինք: Կարոն ստուգեց բոլորիս և կատակով հրամայեց.

– Դե՛, առա՛ջ:

Շուտով հասանք Վաչագանի գետին: Գետը ամառվա շոգից կուչ էր եկել, ջուրը պակասել էր, և քարերը բացվել էին: Մենք քարից քար թռչելով անցանք գետը և դեմ եղանք վերելքին: Դեռ շոգ էր: Մի քիչ բարձրացանք և իսկույն քրտնեցինք: Հասնելով թփերին՝ նստեցինք հանգստանալու: Կարոն զգուշացրեց.

– Շատ մի՛ շտապեք, դեռ երեսուն կիլոմետր ճանապարհ ունենք:

Գևորգն ուշադրությունը սևեռեց մոտակա քարափին:

– Ա՛յ տղա, ի՞նչ է պատահել,- հարցրեց Արթուրը:

– Նայիր, այն քարափի տակ ինչ-որ կենդանիներ են շարժվում:

Արթուրը նայեց ու ծիծաղեց.

– Տո՛ կաքավներն էլ ե՞ն աչքիդ գազաններ երևում:

Բոլորս այդ կողմ նայեցինք: Երկու կաքավ իրար հետ խաղում էին: Նրանք այնքան գրավիչ էին, որ բոլորիս հայացքները մեխված մնացին տեսարանին: Արթուրը կամաց բարձրացրեց հրացանն ու նշան բռնեց: Նույն րոպեին Անահիտը կատվի ճարպկությամբ թռավ ու բռնեց Արթուրի թևից.

– Մի՛ կրակիր, դա հանցագործություն է:

Զգալով Անահիտի ջերմությունը՝ Արթուրը փաղաքշական հայացքով նայեց նրան: Անահիտը բաց թողեց թևն ու կարմրեց:

– Խանգարում ես, բալիկս, այդպես մենք սոված կմնանք:

Ես խիստ վիրավորվեցի ու դիմեցի Անահիտին.

– Գնացինք:

Բոլորը շարժվեցին: Ճանապարհին ես անընդհատ Անահիտի մասին էի մտածում և թե ինչու համաձայնվեցի նրա գալուն: Մտքերով տարված՝ չնկատեցի, թե ինչպես անցա ճանապարհը, մեկ էլ լսեցի Կարոյի ձայնը.

– Տղերք, մի քիչ շունչ առնենք:

Գլուխս բարձրացրի, տեսնեմ՝ հասել ենք աղբյուրին: Հայացքով հարմար տեղ փնտրեցի ու նստեցի: Անահիտը նստեց կողքիս: Ներքևում փռված էր Բաղբուրջ գյուղը: Մի կողմից ձորն էր, որի հանդիպակաց լանջին տարածվում էին պնդուկի խիտ թփերը: Գյուղում ընդամենը հիսուն տուն կար:

– Սա Կոզի աղբյուրն է,- բացատրեց Կարոն:

Աղբյուրը բխում էր ուղղակի լանջից: Մարդիկ աղբյուրի դիմաց պատ էին շարել և մի փոքր խողովակի կտոր դրել: Ջուրը խողովակից թափվում էր քարից կառուցված նավակի մեջ, որտեղից անասունները ջուր էին խմում: Գևորգն ուզեց ջուր խմել, բայց Կարոն արգելեց.

– Մի՛ շտապիր, քրտնած ես:

Քիչ հետո սկսեցինք հերթով լվացվել ու ջուր խմել: Անահիտն առաջինը մոտեցավ աղբյուրին: Ես ուսապարկիցս հանեցի ճամփորդական բաժակն ու տվեցի նրան: Խմեց ու շնորհակալություն հայտնելով՝ վերադարձրեց: Բոլորս հարգանքով սպասեցինք, մինչև նա վերջացրեց: Մյուսները խմեցին ուղղակի խողովակից: Արթուրն աչքը չէր կտրում Անահիտից և կամաց-կամաց անտանելի էր դառնում: Կարոն շշուկով նրան ինչ-որ բան ասաց. երևի նկատողություն արեց: Նա սթափվեց և վերցնելով ուսապարկը՝ ճանապարհվեց: Մենք հետևեցինք նրան: Ես նորից ընկա մտածմունքների մեջ: Արդեն հասել էինք կաղնուտին: Հեռվից երևում էին խիտ անտառները: Շուտով հասանք երկու գյուղերի ճանապարհների հատման կետին: Անտառն արդեն սկսված էր: Բարձունքի հակառակ կողմում նույնպես փռված էին գեղատեսիլ անտառները: Տեղ-տեղ երևում էին կանաչ բացատները: Անտառից թարմություն էր բուրում: Մենք նստեցինք և հայացքով շոյելով տեսարանը՝ ագահաբար շնչում էինք թարմ օդը: Մի քիչ հանգստանալով ու մաքուր օդից հագենալով՝ ճանապարհ ընկանք: Շուտով խորացանք անտառի մեջ: Ծառերն արդեն թույլ չէին տալիս, որ արևը մեզ վրա ընկներ: Միայն երբեմն-երբեմն սաղարթների արանքից շողում էին արևի ճառագայթները՝ հիշեցնելով իրենց գոյությունը: Բավականին ճանապարհ անցանք: Աջ կողմից երևաց անտառի բացատը: Ճանապարհը միանգամից լուսավորվեց: Անահիտը մոտեցավ ինձ և ականջիս կամացուկ փսփսաց.

– Նայիր ծառերի տակ:

Երեք եղնիկներ անհոգ խաղում էին բացատում՝ մոռացած վտանգի մասին: Դատելով արտաքինից՝ ճյուղավոր մեծ եղջյուրներովը հայրն էր, մյուսը՝ մայրը: Իսկ փոքրիկ ձագը, որ խաղում էր երկուսի միջև, եղջյուրներ չուներ: Ես ձեռքով նշան արեցի, և բոլորը կանգնեցին: Շատ հուզիչ տեսարան էր: Մենք երկար հիացած նայում էինք: Մեկ էլ Կարոն դիմեց Ռազմիկին.

– Բա եղնիկի միս չենք ուտելո՞ւ:

– Ինչ է, ուզում ես ինձ բանտ տանե՞ն,- ասաց Ռազմիկը:

Արթուրը շվացրեց: Եղնիկները վեր թռան ու ծլկեցին անտառ: Մենք շարժվեցինք առաջ: Մի քանի քայլ ևս, և լսվեց Անահիտի ճչոցը: Բոլորս նայեցինք անտառի կողմը: Եղնիկի ձագը խրվել էր թփի մեջ ու մնացել: Ռազմիկը մոտեցավ, հանեց ու կանգնեցրեց մեր մեջտեղում: Ոտքը մի քիչ վնասված էր: Նա բարձրացրեց դունչը և սկսեց հոտոտել Անահիտի շրջազգեստը: Արթուրը նկատեց.

– Եղնիկի սիրտն էլ է հասկանում, ասում է՝ բա ինչո՞ւ ինձ չի մոտենում:

Մի քիչ խաղալուց հետո ճանապարհվեցինք՝ եղնիկին թողնելով բացատում. հուսով էինք, որ մայրը հետ կգա ու կտանի: Մի քանի քայլ էինք արել, նկատեցինք, որ եղնիկը քայլում է Անահիտի կողքով: Աղջիկն ուրախացավ և սկսեց գուրգուրել նրան: Շուտով հեռացանք դեպքի վայրից՝ այն մտքով, որ եղնիկը մնաց մեզ մոտ: Գնում էինք բարձր տրամադրությամբ, իրար հետ աշխույժ զրուցելով: Անցանք մոտ մեկ կիլոմետր, և ո՜վ զարմանք. մայր եղնիկը դուրս եկավ անտառից ու անվախ կանգնեց մեր առջև: Ձագուկը վազեց ու փարվեց մորը: Նրանք մտան անտառ: Մենք հիացած էինք եղնիկի համարձակությամբ: Ես մտածում էի. ա՛յ թե ինչպես իր կյանքը վտանգի տակ դնելով՝ մայրը փրկեց ձագին: Մենք ճանապարհվեցինք՝ գովելով եղնիկի արարքը: Ճանապարհի ձախ կողմում երևաց բացատը: Մի քանի քար ուղղակի գետնի տակից էին բուսել ու կարծես հենց նստելու համար էին:

– Նստենք,- ասաց Կարոն:

Մենք տեղավորվեցինք քարերի վրա և սկսեցինք աշխույժ զրույցը: Հանկարծ անտառից խշխշոց լսվեց: Իսկույն զգաստացանք՝ կարծելով, թե վայրի կենդանի է: Ծառերի արանքից դուրս եկան յոթ տղամարդ: Բացի մեկից, որ չաղլիկ էր, բոլորը բարձրահասակ էին ու մկանուտ: Մեկի ձեռքին երկփողանի հրացան կար: Նրանք բացատ մտան առանց բարևելու: Նրանցից ամենաբարետեսը՝ թուխ մազերով ու սրածայր բեղերով, նայելով Անահիտի վախեցած դեմքին, ասաց.

– Ա՛յ քեզ հաջողություն, մենք ամբողջ օրը անտառում եղնիկ էինք փնտրում, մինչդեռ եղնիկն այստեղ մեզ է սպասում:

Այս ասելով՝ մոտեցավ Անահիտին, շոյեց մազերը և թուշը կսմթելով՝ շարունակեց.

– Լավիկն ես հա՜, ազիզս, թույլ կտա՞ք ծանոթանալ:

Մեր տղաները հրաման ստացածի պես վեր թռան տեղներից: Արթուրն իր կոշտ ձայնով սաստեց.

– Աղջկան ձեռք չտա՛ս:

Մինչ այդ ես մոտեցա, կառչեցի տղայի թևից ու հետ քաշեցի: Նա անփութորեն ձեռքը հետ քաշեց, ես ընկա, բայց նույն վայրկյանին վեր կացա կանգնեցի: Նա նայեց իմ աքլորացած տեսքին ու ասաց.

– Լավ էլ համարձակն ես երևում:

Կարոն առաջ եկավ ու հանգիստ ասաց.

– Տղերք, եկեք խաղաղությամբ վերջացնենք:

– Համաձայն եմ,- ասաց բեղավորը,- միայն մի պայմանով: Մեր խմբերի ամենափոքրերը կոխ են բռնում, պարտվողը երկու շիշ օղի է ցնծում:- Հաստատ գիտեր, որ սար գնացողների մոտ օղի է լինում:

Այս ասելով՝ նա քաշեց չաղլիկի թևից ու մեջտեղ բերեց: Մեր տղաները նայեցին դեմքիս և անխոս ոգևորեցին: Ես առաջ եկա և հպարտ կանգնեցի հակառակորդի դիմաց: Կարոն նայեց բեղավորին ու տագնապով ասաց.

– Բայց դա անհավասարություն է:

– Պայմանը պայման է,- ասաց բեղավորը:

Ես մտքումս իսկույն որոշեցի, որ չաղին կարելի է հաղթել հոգնեցնելով, թե չէ այդ քաշի տակ ո՞նց կդիմանայի: Չաղը հարձակվեց, որ ինձ փոշիացնի, բայց ես խույս տվի, և նա բերանի վրա ընկավ: Մեր տղաները ծիծաղեցին: Ես հպարտ ասացի.

– Դու ոտքիդ վրա չես կարողանում կանգնել, ուզում ես ինձ հաղթե՞լ:

Սպասեցի, մինչև տեղից վեր կենա: Կռիվը բորբոքվեց: Երկու կողմի տղաները լարված սպասում էին: Չաղը անսպասելի ձեռքը գցեց վզիս ու քաշեց: Կորցնելով հավասարակշռությունս՝ ընկա: Չաղը փորձեց ընկնել ինձ վրա ու ճխլել, բայց ես երկու պտույտ արեցի և տեղիցս վեր կացա, կանգնեցի: Նա իրեն հազիվ պահեց, որ չընկնի: Կարոն խոր հոգոց հանեց: Ես դա պարզ լսեցի ու ազդվեցի: «Ժամանակն է»,- մտածեցի ես և որոշեցի անցնել հարձակման: Կայծակի արագությամբ մոտեցա, բռնեցի թևատակերից ու քաշեցի դեպի ինձ (վախենալով, որ կմնամ տակը), շուռ տվեցի և տապալեցի գետնին: Պահը չկորցնելով՝ ամբողջ ուժով ընկա վրան և ամուր պահեցի: Չաղը մի քիչ թպրտաց ու սսկվեց: Տղաներն ուժգին ծափահարեցին: Երբ բարձրացրին, բեղավորը մոտեցավ նրան ու ասաց.

– Մեր գյուղի պատիվը գետնով տվեցիր. երեխային էլ չկարողացար հաղթել:

 Ես ինձ չկորցրի և հպարտ-հպարտ ասացի.

– Իզուր եք տղային կշտամբում, ձեր գյուղի պատիվը կրկնակի բարձրացավ:

Բեղավորն անթարթ նայեց իմ կողմը և մոտենալով գրկեց ինձ:

– Վա՜յ, Լևոն ջան, դո՞ւ ես: Քիչ էր մնում՝ սեփական քեռուս տղային վարի տամ:

Մենք գյուղից շուտ էինք դուրս եկել և քաղաքում էինք ապրում:

– Ես Կարենն եմ՝ հորաքրոջդ տղան,- շարունակեց նա:

Կռիվը վերջացավ: Մենք ծանոթացանք և խաղաղ բաժանվեցինք: Մի քանի քայլ հեռացել էինք, երբ Կարենը շուռ եկավ ու ասաց.

– Լևոն, հանկարծ ճանապարհին ուրիշների կհանդիպեք, չվախենաք, կասեք՝ Կարենը բարևում է. այս անտառներոմ ինձ բոլորը գիտեն:

Անտառը քանի գնում, խտանում էր: Տաժանակիր շոգն անցել էր, և ճանապարհը զով էր: Տղաները պատմում էին չաղի մասին ու ծիծաղում: Ես ինքս ինձ հպարտանում էի և ուրախ զրուցում Անահիտի հետ: Նա հազիվ լսելի ձայնով ասաց.

– Գիտե՞ս, Լևոն, ես մտածված ցանկացա ձեզ հետ գալ: Դասարանում միշտ լուռ ես, քեզ համեստ ես պահում և կռվարար չես: Մյուս տղաները միշտ կռիվ են անում և անընդհատ անտեղի վիրավորում են աղջիկներին: Ես քեզ շատ եմ հարգում և որոշեցի փորձել: Հիմա վստահ կարող եմ քեզ հետ ճանապարհ գնալ:

– Լավ, շատ երես մի՛ տուր, ես սովորական տղա եմ և գովելու արժանիքներ չունեմ:

– Դու այնքան համարձակ ես, որ այն ցմփորին գետնով տվեցիր: Ճիշտն ասած՝ եթե հրաժարվեիր, աչքիցս կընկնեիր, իսկ եթե պարտվեիր, չէի մեղադրի, որովհետև անհավասար մարտ էր:

Այսպես զրուցելով ահագին ճանապարհ անցանք և դուրս եկանք բացատ: Արևն իր դիրքերը զիջում էր: Օդն աստիճանաբար հովանում էր: Մենք անցանք բացատը, և անտառն ավելի խտացավ: Ճանապարհի մի ահագին մաս հորիզոնական էր, աջ կողմը զառիվայր էր ու ձոր, մի մասն էլ աղեղնաձև էր, և զգացվում էր, որ մի ժամանակ այդտեղ հողի սահք է եղել: Ձախ կողմից մի բարակ ու սառը աղբյուր էր բխում, որը կտրում-անցնում էր ճանապարհը և հոսում դեպի ձորը: Այդ պատճառով այդտեղ միշտ ցեխ էր: Մենք ջուր խմեցինք և աղբյուրից մի քիչ հեռու նստեցինք:

– Գիտե՞ք, տղերք, այս տեղը կոչվում է Ալա Բաթ Միշլած. ադրբեջաներեն բառ է: Ժամանակին, երբ ադրբեջանցիները սար էին գնում, մի անգամ նրանց կովերից մեկը մնում է այս հողի տակ, այդ պատճառով կոչվել է «Կովի գերեզման»:

Կարոն վերջացրեց պատմությունը, և վեր կացանք: Հիսուն մետր այն կողմ նորից բացատ էր: Բոլորս զգուշավոր նայեցինք բացատի ուղղությամբ:

– Զգույշ մնացեք, արջի հոտ եմ առնում,- ասաց Արթուրը:

– Հարկավոր է վախդ չափել,- կատակեց Ռազմիկը:

Տղաները ծիծաղեցին, բայց շուտով մնացինք բերաններս բաց: Ճանապարհի աջ կողմից ուղիղ մեր կողմն էր գալիս գազազած արջը: Երևում էր, որ որսորդներից հալածված է: Արթուրը, որ մեր միջի ամենափորձվածն էր, իսկույն լարեց հրացանն ու նշան բռնեց: Մենք իրար խանգարելով թռանք ճանապարհի վերևը: Արթուրը կրակեց, բայց արջն անվարան առաջ էր գալիս: Արթուրի կյանքը մազից էր կախված: Արջը կատաղած առաջ վազեց և Արթուրի ոսկորները կջարդեր, եթե չլիներ Ռազմիկը: Սա արդեն վերևում էր և տեսնելով վտանգը՝ առանց վարանելու կրակեց: Արջը ոտքից վիրավորվեց և մի պահ կանգ առավ: Արթուրը նույն պահին թռավ վերև: Կարոն, որ ամենասառնասիրտն էր, հրամայեց.

– Ծա՛ռը մագլցեք:

Նայելով իմ ու Անահիտի կողմը, որ բոլորից շուտ էինք բարձրացել, ինքն էլ բարձրացավ: Արջը ժամանակ չէր տալիս հրացանը նորից լարելու: Բոլորը ծառերի վրա էին, բացի Արթուրից: Արջը բարձրացավ վերև: Չհասցնելով ծառը մագլցել՝ Արթուրը պահ մտավ հաստ կաղնու հետևում: Արջը տեսավ և գնաց ուղիղ նրա կողմը: Կարոն գոռաց.

– Ռազմի՛կ, կրակի՛ր:

Ռազմիկը կրակեց, բայց գնդակը մեջքից մտավ ու թևի տակից դուրս եկավ: Արջը սարսափելի գոռաց ու շուռ եկավ դեպի մեր ծառը: Նա ինձ ու Անահիտին տեսավ, մոտեցավ և ուժգին հարվածեց ծառին: Ծառը ցնցվեց, իսկ մենք դողացինք: Տեսնելով, որ օգուտ չկա, սկսեց բարձրանալ: Ես Անահիտին բարձրացրի ինձանից վերև, հանեցի դանակս ու պատրաստ սպասեցի: Այդ ընթացքում Արթուրը հասցրեց հրացանը լարել, ծառի հետևից դուրս եկավ ու նշան բռնեց: Նույն վայրկյանին կրակեց նաև Ռազմիկը, և երկուսի գնդակներից արջը սահելով ցած ընկավ: Նա մի քանի մետր սողաց դեպի Արթուրը: Վերջինս նորից կրակեց՝ այս անգամ ուղիղ գանգին: Արջն անշնչացավ: Բոլորս ազատ շունչ քաշեցինք: Ռազմիկն իջավ ծառից և հրացանը պատրաստ բռնած՝ մոտեցավ արջին: Մյուս կողմից էլ Արթուրը մոտեցավ ու հրացանի փողով արջի գլուխը հրեց: Գազանը ցնցվեց, ապա անշարժացավ: Արթուրը վախից մի պահ ետ ցատկեց, բայց տեսնելով, որ արջը խաղաղվեց, ինքն էլ հանգստացավ ու մոտակա քարին նստելով՝ գլուխն առավ ափերի մեջ:

– Իջե՛ք,- լսվեց Կարոյի ձայնը:

Անահիտը կպել էր ծառին ու անշարժացել: Ես ցնցեցի նրան ու զգուշորեն ասացի.

– Իջի՛ր:

Նա աչքերը բացեց և զարմանքից չռած աչքերով նայեց ինձ:

– Իսկ արջը՞:

– Արջը սատկել է,- ուրախ ասացի ես:

Անահիտն ինձ համբուրեց, և իջանք:

Դա առաջին համբույրն էր, որ ստացա Անահիտից: Այտս վառվում էր համբույրի ջերմությունից: Ես մոռացա արջի սարսափը: Անահիտին օգնեցի, միասին իջանք ու մոտեցանք գազանին: Նա պառկած էր անշարժ, բայց աչքերից դեռ կրակ էր թափվում. կարծես ուզում էր հոշոտել մեզ: Ռազմիկը նայեց ու ասաց.

– Հը՛, նոր դու էի՞ր ուզում մեզ ուտել, իսկ հիմա մենք կուտենք քեզ:

Կարոն մոտեցավ մեզ ու գրկեց.

– Դու այսօր երկու անգամ աչքի ընկար, ապրե՛ս: Ուրիշներն իրենց չէին կարողանում փրկել, իսկ դու երկուսիդ էլ փրկեցիր:

Հետո մոտեցավ Արթուրին, մեջքը գրկեց ու կատակով ասաց.

– Հո չվախեցա՞ր:

– Ճակատագիր էր,- պատասխանեց Արթուրն ու վեր կացավ:

Նա հանեց իր որսորդական դանակը, մոտեցավ արջին և սկսեց արագ քերթել: Ռազմիկն ու Կարոն իրենց փոքր դանակներով միացան նրան: Կարոն միաժամանակ հրամայեց.

– Լևո՛ն, Գևո՛րգ, կրակը վառե՛ք:

Մենք իսկույն մտանք անտառ և սկսեցինք փայտ հավաքել: Անահիտը միացավ մեզ: Շուտով կրակը բոցկլտաց: Գևորգը մտավ հոնի թփի մեջ ու ճիպոտներ կտրեց: Գալով կրակի մոտ՝ սկսեցինք ճիպոտները կտրտել ու վերջացնելուց հետո շարեցինք տաքին մոտիկ:

– Թող մի քիչ սմքեն,- ասաց Գևորգը:

Մինչ այդ տղաները քերթել էին արջի մի կողմը: Արթուրը մի քանի կտոր լավ միս կտրեց ու տալով մեզ՝ պատվիրեց խորովել: Միսը կտրտեցինք և փռելով մոմլաթե տոպրակի վրա՝ լավ աղ ցանեցինք: Կրակն արդեն նստում էր: Գևորգը ճիպոտները բերեց, սկսեցինք միսը շարել:

– Թող աղը ներծծվի, իսկ մենք օջախը սարքենք,- ասաց նա:

Արթուրը, արջի մորթին հանելով, փռեց գետնին և դիմեց Անահիտին.

– Օրիո՛րդ, համեցեք նստե՛ք:

Անահիտը շիկնեց և տեղից չշարժվեց: Արթուրը մոտեցավ, բռնեց նրա թևատակից և բերեց նստեցրեց մորթու վրա: Անահիտը ճչաց և փորձեց դուրս պրծնել նրա գրկից: Կարոն այնպիսի հայացք նետեց Արթուրի վրա, որ տղան թողեց Անահիտին և մեղավորի պես վերադարձավ ու սկսեց արջի փորոտիքը հանել: Շուտով խորովածի հոտը տարածվեց անտառով մեկ: Արթուրը մոտեցավ կրակին և շիշը վերցնելով՝ մի-մի կտոր բաժանեց բոլորին:

– Խորովածն ուտելիս արյունը պետք է թափվի բերանիդ կողքերից. սա որսորդների օրենքն է:

Եվ առաջինն ինքը սկսեց ուտել: Այնպես էր ուտում, որ արյունն իսկապես թափվում էր բերանից: Իսկ Անահիտը մի քիչ կծեց և աչքի տակով նայելով Արթուրին՝ նետեց թփի մեջ: Տղաները, մսի հետ գործը վերջացնելով, շրջապատեցին կրակը և սկսեցին աշխույժ կատակել: Անահիտը մորթու վրա փռեց թերթերը և շարեց, ինչ ունեինք, օղին ու բաժակները դրեց մեջտեղը:

– Դե, նստե՛ք,- ասաց Կարոն:

Մենք նստեցինք, իսկ Գևորգը բերեց խորովածի շշերն ու տեղավորեց մեջտեղում: Մենք ուղղակի հանում էինք շշերից և ուտում: Բաժակները լցրին: Կարոն վերցրեց բաժակն ու ասաց.

– Տղերք, կյանքը բարդ է. ոչ ոք չգիտի, թե ինքը քանի օր կապրի: Այսօր մեզ համար ծանր օր էր: Աստված չցանկացավ մեզ նեղացնել, և Նրա ողորմածությամբ բոլորս ողջ մնացինք: Խմում եմ ձեր առողջության կենացը:

Բոլորս խմեցինք, իսկ Անահիտը մի կում արեց ու բաժակը դրեց: Արթուրը երկրորդ բաժակը լցրեց.

– Է՛հ, աշխա՛րհ, աշխա՛րհ. քիչ առաջ այս կենդանին ուզում էր մեզ հում-հում ուտել, իսկ հիմա մենք ենք իրեն ուտում:

– Դու չուտես, քեզ կուտեն,- ասաց Գևորգը:

Այդ րոպեին անտառից դուրս եկան երկու հրացանավոր և ծիծաղելով մոտեցան մեզ:

– Բարի ախորժակ ձեզ,- ասացին,- թող կերածներդ անուշ լինի:

Կարոն շնորհակալություն հայտնեց, և իսկույն տեղ բացեցինք.

– Համեցե՛ք:

Նստեցին: Նրանցից մեկը սպիտակահեր, բարձրահասակ, լայնաթիկունք մարդ էր՝ մոտ հիսուն տարեկան, իսկ մյուսը քսանհինգ տարեկան կլիներ. երևի որդին էր: Ես ու Գևորգը մեր բաժակները զիջեցինք անսպասելի հյուրերին: Ավագը վերցրեց բաժակն ու ասաց.

– Մենք Վաչագանի կողմից ենք գալիս: Այս արջը մեր առաջից է փախել: Ես մտածում էի, որ անմեղ երեխաների կհանդիպի ու կհոշոտի: Լավ է, որ հրացան եք ունեցել. ձեր կենացը:

Մենք ողջ եղելությունը պատմեցինք: Արթուրն ասաց.

– Միսը շատ է, բոլորիս կհերիքի:

Ընթրիքից հետո Արթուրը միսը բաժանեց ութ հավասար մասի: Մեր հյուրերը, իրենց բաժինը ստանալով ու շնորհակալություն հայտնելով, անհետացան գյուղի կողմը: Հետո երեք կիլոգրամաչափ կտորներ արեց ու բաժանեց մեզ:

– Տեղավորեք ուսապարկերի մեջ՝ ճանապարհին ուտելու համար,- ասաց նա:

Մնացածը փաթաթեց մորթու մեջ: Դեպքի վայրից հիսուն մետր հեռանալով՝ խորացանք անտառի մեջ և բարձր կաղնու վրա թաքցնելով՝ շարունակեցինք ճանապարհը: Անտառը լրիվ մթնել էր: Մենք իրար հազիվ էինք տեսնում: Անահիտը վախենում էր, ջանում էր իմ կողքով քայլել:

– Այսօր ես նորից ծնվեցի,- ասաց նա,- բա որ արջի բաժի՞ն դառնայի, ի՞նչ պատասխան կտայիր մերոնց:

– Ես ձերոնց ոչ մի բան չեմ խոստացել, միայն իմ տղամարդկային պարտականություններն եմ կատարում:

– Դու չգիտես, Լևոն, հայրս համաձայն չէր իմ գալուն, բայց որ ասացի Լևոնի ու Կարոյի հետ եմ գնում, համաձայնվեց՝ ասելով, թե վստահելի տղերք են:

– Դա արդեն պարտավորեցնող է,- կատակեցի ես:

Այդպես զրուցելով գնում էինք, հանկարծ ճանապարհը լուսավորվեց: Ձախ կողմում հսկայական սալաքարեր երևացին. կարծես հատուկ հղկած լինեին: Ճանապարհից երեք մետրի վրա աղբյուր կար. ջուրը ոչ մի կողմ չէր հոսում, բայց և կարծես չէր վերջանում. քարի տակից դուրս էր գալիս և ներծծվում հողի մեջ: Քարերը «սալեր» էին կոչվում, իսկ աղբյուրը՝ «անմահական». այսպես բացատրեց Կարոն: Մենք ջուր խմեցինք և նստեցինք հանգստանալու: Ջուրն իսկապես անմահական էր: Երբ նստեցինք, Ռազմիկն Արթուրին խնդրեց.

– Քո որսորդական կյանքից մի բան պատմիր, լսենք:

 – Ես ի՛նչ որսորդ եմ, որ բան պատմեմ… Բայց որ ուզում եք, կպատմեմ: Մեր հարևան Կարապետ քեռին հռչակավոր որսորդ էր: Ես մանկությունից անընդհատ լսում էի նրա պատմությունները և հիանում: Երբ հասունացա, մի օր ասացի.

– Կարապետ քեռի, օգնիր ինձ, ուզում եմ որսորդ դառնալ:

Նա նայեց ինձ, ոտից գլուխ չափեց ու ասաց.

– Որսորդությունը խաղուպար չէ, բայց դե որ ուզում ես, կօգնեմ:

Ես դարձա Որսորդմիության անդամ: Հրացանս առա, եկա Կարապետ քեռու մոտ:

– Դե, ես պատրաստ եմ, խնդրում եմ, ինձ էլ տարեք որսի:

– Դու դեռ կրակելը սովորիր, նոր արի,- հոգոց հանեց վարպետը:- Գնա մի ֆաներայի կտոր վերցրու, տնկիր մի ապահով տեղ ու կրակիր: Երբ կզգաս, որ կրակելը սովորել ես, այդ ժամանակ կգաս:

Շաբաթ օրերը, երբ նրանք որսի էին գնում, ես փոքր եղբորս հետ դուրս էի գալիս դաշտ ու կրակել էի սովորում: Մի անգամ նույնիսկ կաքավ խփեցի: Ինձ վրա վստահ՝ նորից գնացի վարպետի մոտ:

– Լա՛վ,- ասաց նա,- մյուս շաբաթ գնում ենք որսի:

Ուրախությանս չափ չկար: Ամեն պատրաստություն տեսա, և հաջորդ շաբաթ օրը՝ իրիկնադեմին, ճանապարհվեցինք: Մենք հինգ հոգի էինք՝ երեք վարպետ և երկու աշակերտ: Հասանք անտառ. արդեն մութ էր, և անտառից միայն բուի կռնչոցն էր լսվում: Կարապետ քեռին ասաց.

– Պառկեք քնելու, որ առավոտյան շուտ ենք արթնանալու:

Մենք քաշվեցինք թփերի մեջ ու պառկեցինք: Իմ քունը չէր տանում, ամեն ձայնից վեր էի թռչում: Կեսգիշերին մի կերպ քնեցի: Երբ արթնացա, արդեն լույս էր: Իմ առջև մի հիանալի տեսարան բացվեց: Սարերից եկող ջուրը անցնում էր մոտակա ձորով: Դիմացն անտառ էր: Կարծես դրախտ լիներ: Բարձունքում ծառերի արանքներից երևում էին քարափների ծերպերը: Հենց ժայռերի վրա տեղ-տեղ ծառեր էին բուսել. կարծես կախովի այգիներ լինեին: Անտառից լսվում էր թռչունների ծլվլոցը, որ պարունակում էր երաժշտական բոլոր նոտաները: Մենք իջանք ձորը՝ լվացվելու: Ձորում մի սառնորակ աղբյուր կար, որի ջուրը հայելուց էլ մաքուր էր: Լվացվեցինք, նախաճաշեցինք, բարձրացանք վերև ու պահ մտանք թփերի մեջ:

– Հիմա մեր սիրելիները կգան,- ասաց վարպետը:

Շուտով երևաց մայր եղնիկը ձագի հետ: Ձագն անվստահ էր քայլում. ոտքերը դեռ չէին պնդվել: Մայր եղնիկն անընդհատ ետ էր նայում, կարծես վախենում էր ձագին կորցնելուց: Իսկ երբ հասան ջրին, մայրը խմեց ու վախվորած նայեց մեր կողմը: Նա հոտոտեց օդը և վտանգ զգալով՝ նայեց ձագին ու հասկացրեց, որ ջուր խմի, բայց ձագը հիմարի պես կանգնել էր ու բան չէր հասկանում: Մայրը ստիպված հրեց նրան ու ջուրը գցեց: Ձագը կարծես հասկացավ ու սկսեց խմել: Կռահելով, որ պատրաստվում են հեռանալու, հրացանս բարձրացրի ու նշան բռնեցի մորը: Վարպետը հրացանիս փողը ետ տարավ ու ասաց.

– Մայր եղնիկին չի կարելի սպանել, ձագը որբ կմնա: Դա որսորդների մեջ ընդունված օրենք է:

Ես նայում էի, թե եղնիկներն ինչպես էին հեռանում: Այդպես շարունակում էինք հետևել, երբ կատարվեց անսպասելին: Մյուս վարպետը՝ Մուշեղը, նստած էր երկուսիս միջև: Հանկարծ մեկը թնդանոթի արկի պես հարվածեց վարպետին ու անցավ: Վարազ էր. երևի հետապնդում էին: Վարպետն ընկավ: Նա աչքերը մի կերպ բացուխուփ էր անում:

– Ջո՜ւր,- լսվեց քեռի Կարապետի ձայնը:

Ես վազեցի և տափաշիշը լցնելով՝ բերեցի: Մենք ջուր ցանեցինք երեսին և մի երկու կում խմեցրինք: Նա ուժ հավաքեց և բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց.

– Կարապետ, սա իմ մեղքն է: Կաղնիների հովտում մայր եղնիկին սպանեցի, ձագուկին թողեցի որբ: Իմ երգը երգված է: Թաղումս մարդավարի կանեք:

Խոսեց ու շունչը փչեց: Ես սարսափից գունատվել էի, դարձել էի պատի ծեփ: Պավլուշը, որ նոր էր սկսել որսորդական կյանքը, դիմեց վարպետին:

– Դե ինչ, ստիպված ենք մեր մեռելը տանել:

Վարպետը խոր հայացքով նայեց երիտասարդին և ատամների արանքից արտասանեց.

– Բա որսորդի թաղումը եզան մսով ե՞նք անելու:

Այլևս ոչ մի հարց չտվեցինք: Նորից մեր ուշադրությունը կենտրոնացրինք աղբյուրի վրա: Անհամբեր սպասում էինք: Հանկարծ խշխշոց լսվեց, ճյուղերը շարժվեցին, և դուրս եկան երկու եղնիկ. մեկը՝ խոշոր եղջյուրներով, մյուսը՝ առանց եղջյուրների. ըստ երևույթին զույգ էին: Նրանք հասան ջրի մոտ ու սկսեցին իրար գուրգուրել: Արուն դունչը քսում էր էգին, հոտոտում, իսկ էգը նազ անելով հույս էր տալիս: Տեսարանը գրավիչ էր, և մենք մոռացել էինք մեր որսի մասին: Նրանք իջան, կանգնեցին ջրի մեջ ու սկսեցին խմել: Երբ հագեցան, նայեցին հեռուն. կարծես ընկերներին էին փնտրում: Մեկն ականջները տնկեց: Վարպետը հրեց կողս.

– Նշա՛ն բռնիր աջ եղնիկի վրա:

Այս ասելով՝ նա կրակեց ձախ եղնիկին, և նրանք համարյա միաժամանակ տապալվեցին գետնին: Եղջերավոր եղնիկը սկսեց թպրտալ: Վարպետը նորից կրակեց: Նա այլևս չշարժվեց: Մենք իջանք, եղնիկներին ջրից հանեցինք և սկսեցինք մորթին հանել: Մաքրեցինք ու տեղավորեցինք ուսապարկի մեջ:

– Հիմա կարելի է գնալ,- ասաց վարպետը, բայց խոսքը չավարտած՝ թփերից խռխռոց լսվեց:

– Հրացա՛նս,- գոռաց նա:

Ես իսկույն տվեցի մոտիկ դրած հրացանը, իմն էլ վերցրի: Թփերից դուրս եկավ վարազն ու եկավ ուղիղ մեզ վրա: Վարպետը կրակեց: Վարազն ընկավ ու դունչը տնկեց ցեխի մեջ: Մի վայրկյան չանցած՝ կենդանին հավաքեց ուժերը և տեղից ցատկելով՝ սլացավ դեպի մեզ: Ես ու վարպետը միաժամանակ կրակեցինք: Վարազն ընկավ համարյա մեր ոտքերի առջև: Վարպետը նայեց ու ասաց.

– Սա այն նույն վարազն է: Անծանոթ է, այս կողմերում սրանից չկա: Արթո՛ւր և Պավլո՛ւշ, վերցրեք ուսապարկերը, գնացեք գյուղ, նախագահին պատմեք եղելությունը և երկու ձի խնդրեք:

Մենք առանց ավելորդ հարցերի ճանապարհվեցինք: Շուտով վերադարձանք: Վարազը բարձեցինք մի ձիուն, իսկ մեռելին կապեցինք մյուս ձիու վրա ու ճանապարհ ընկանք դեպի գյուղ:

– Մարդու ճակատին գրված է, և ճակատագրից չես կարող փախչել,- ճանապարհին ասում էր վարպետը:

Հաջորդ օրը վարպետ Մուշեղի դին հանձնեցինք հողին: Ես որոշեցի այլևս որսի չգնալ, անընդհատ խույս էի տալիս վարպետից: Անցավ երեք ամիս: Մի օր էլ դեմ առ դեմ հանդիպեցի նրան: Բարևեց ու նայելով վախվորած դեմքիս՝ ասաց.

– Տղամարդն իր որոշումից հետ չի կանգնի, թեկուզ այն մահացու լինի:

Մենք երկար խոսեցինք: Հաջորդ շաբաթվանից իրար հետ որսի էինք գնում: Այն օրից անցել է վեց տարի: Ես հիշում եմ իմ գլխով անցածը, որ լի է արկածներով: Ափսոս, որ գրի առնող չկա. դա մեր եկող սերնդի համար մեծ փորձ կլիներ: Այսօրվա դեպքն ինձ ապացուցեց, որ ճակատագիր կա: Արջը մեզանից յուրաքանչյուրին կարող էր հոշոտել, այն էլ այն դեպքում, երբ մենք մեր ճանապարհով մեզ համար խաղաղ գնում էինք…

Բոլորս հոգոց հանեցինք և վեր կացանք: Լուսինը սարի ետևից դուրս էր գալիս: Մենք նորից ճանապարհվեցինք: Արթուրի պատմությունից հետո Անահիտի սիրտը սարսափ մտավ, և հպվելով ինձ՝ հարցրեց.

– Լևոն, իսկ գիշերը վարազներ լինո՞ւմ են:

Ես հանգստացնելու համար պատասխանեցի, որ բոլոր կենդանիները, բացի անպետք մարդկանցից, գիշերը քնում են: Նշանակում էր՝ մենք անպետք մարդիկ էինք: Բնությունը գիշերը ստեղծել է քնելու համար: Այդպես մեզնից ամեն մեկն իր զույգի հետ խոսում էր ինչ-որ թեմայի շուրջ: Անահիտը բռնել էր ձեռքս և այնպես էր սեղմում, որ զգում էի նրա սրտի թրթռոցը: Ճանապարհը միանգամից լուսավորվեց: Մենք դուրս եկանք բացատ ու սկսեցինք լապտերների լույսով տնտղել բացատը: Հանկարծ Գևորգը հրեց կողս.

– Նայիր, այն ծառի տակ երկու լույս է պսպղում:

Հետո բարձրաձայն ասաց.

– Տղերք, այն ի՞նչ ճրագներ են ծառի տակ:

Նա մատով ցույց տվեց անտառի խորքի մեծ ծառը: Բոլորը նայեցին այն կողմը, իսկ Անահիտն ականջիս շշնջաց.

– Վախենում եմ:

Ճիշտն ասած՝ ես էլ էի վախենում, բայց երբ քեզանից ավելի վախկոտն է լինում, ստիպված ես հերոս ձևանալ: Արթուրը որպես որսորդ նայեց ու ասաց, որ երևի գայլ է, առանձնապես բան չկա: Գայլը սիրում է աղջիկների միսը: Անահիտին կտանք իրենց և վերջ: Անահիտը լսելի ճչաց ու կպավ ինձ: Ես նրան հանգստացրի.

– Կատակ է անում:

– Եկեք միասին գոռանք, թող սրտաճաք լինի:

Ձայնը ամբողջ տեղանքը դղրդացրեց, բայց թվացյալ գայլը տեղից չշարժվեց: Բոլորս զարմացանք:

– Ռազմի՛կ, կրակի՛ր,- ասաց Գևորգը:

– Սպասի՛ր, փամփուշտ մի՛ փչացրու: Դա գայլ չի:

Այս ասելով՝ Արթուրը լապտերը վառեց ու առաջ անցավ: Նա զգուշությամբ մոտեցավ ու գոչեց.

– Ա՜յ քեզ սատանա, իսկ ես քիչ էր մնում փամփուշտ փչացնեի:

Բոլորս մոտեցանք և ի՞նչ տեսնենք. ծառի տակ իրարից մոտ չորս մատ հեռավորության վրա իրենց գիշերային հանգիստն էին վայելում երկու լուսատտիկ: Բոլորս քահ-քահ ծիծաղեցինք: Անտառը լցվեց ժխորով: Կարոն հրամայեց առաջանալ, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Լուսինը հանդարտ բարձրանում էր՝ լուսավորելով ողջ աշխարհը: Աստղերը շողշողում էին երկնքում: Մի աստղ վայր ընկավ:

– Մարդ մեռավ,- ասաց Ռազմիկը:

Մենք տնտղում էինք աստղերը:

– Ահա Հարդագողի ճանապարհը,- ցույց տվեց Գևորգը:

– Ահա Մեծ արջը,- նկատեցի ես:

– Տո՛ ճանապարհին նայեք, աստղերը հաշվելու ժամանակը չի:

Այդ րոպեին անտառից ուղղաձիգ մի հրթիռ թռավ և համարյա աստղերին հասնելով՝ փունջ կազմեց ու մարեց: Մենք մեխվեցինք տեղում: Անահիտը ճչաց ու կպավ ինձ: Երեք երիտասարդ երևացին ու կանգնեցին ճանապարհի լայնքով: Կենտրոնում կանգնածը բարձրահասակ էր, իսկ կողքինները փոքր-ինչ ցածր էին նրանից: Երեքն էլ մարտական կեցվածք ունեին: Լուսավորության շնորհիվ ես անմիջապես ճանաչեցի մորաքրոջս տղային և Անահիտի ականջին շշնջացի.

– Մի՛ վախեցիր, մերոնք են:

Բարձրահասակ տղան մոտեցավ ու գրկեց ինձ:

– Դե, ո՞նց տեղ հասաք, ամեն ինչ կարգի՞ն է:

– Իսկ դո՞ւք ինչ եք անում այստեղ:

– Մենք զբաղվում ենք գիտական աշխատանքով:

Նա առաջ անցավ և անտառի միջով ուղեկցեց մեզ, իսկ մյուս երկուսը գալիս էին մեր հետևից: Մենք ակամայից դարձանք կապավոր: Մոտ քսան մետր գնալով՝ հանդիպեցինք մի անսովոր շինության: Ծառերի ետևում խուլ պատ էր և այնքան վարպետորեն էր քողարկված, որ առաջին հայացքից միայն սաղարթներն էին երևում: Աջից նշմարվեց դռան տեղը: Դռան վրա մասուրի թուփ էր պատկերված և այնպիսի վարպետությամբ, որ կզգուշանայիր ձեռքդ մեկնել: Դուռը ծեծեցին ինչ-որ ազդանշանով, որը Մորզեի այբուբեն էր հիշեցնում: Դուռը ներսից բացվեց, և մենք հետևեցինք երիտասարդին: Պատի տակ՝ թախտի վրա, նստած էր հիսունին մոտ պատկառելի մի տղամարդ: Մենք բարևեցինք նրան՝ խորը գլուխ տալով: Նա վեր կացավ և յուրաքանչյուրիս ձեռքն առանձին-առանձին սեղմելով՝ հրավիրեց նստելու: Ես մի արագ հայացք նետեցի վրանի պատերին: Անտառից մի ուղղանկյուն կտոր էր պոկած և այնպիսի հաշվենկատությամբ, որ որոշ ծառերի բներ մնացել էին նախատեսված նպատակի համար: Սեղանի ու նստարանների ոտքերը հատուկ կտրտված ծառերի բներ էին, որոնց վրա ոչխարի մորթուց կտորներ էին: Սեղանը պատրաստված էր տախտակից և մեխված էր ուղղակի ծառերի բների վրա: Պատերը պատված էին վրանաթիկնոցով, իսկ հետևից երկաթյա ցանց էր ամրացված: Աջ անկյունից դեպի դուրս ինչ-որ դուռ էր բացվում, որտեղից էլ անհետացան տղաները. երևի մառանի դուռն էր: Ձախ անկյունում դռան չափով սև թաղիք էր կախված. երևում էր՝ նույնպես դուռ է: Պատերից կախված էին տարբեր կենդանիների մորթիներ, որոնք որպես խրտվիլակներ ուղղակի հանվել էին արջի, գայլի, աղվեսի և լուսանի մարմիններից: Մորթիների տակ ինչ-որ բան էր պահված: Պատերի տակ կար վեց թախտ, որոնք ծածկված էին արջի մորթով: Ձախ պատի տակ փոքր սեղան էր դրված, որի վրա կար գծագրական թուղթ, մատիտ, քանոն, գրիչ և չորս-հինգ գիրք: Սեղանի վերևի պատին ամրացված էր մի փոքրիկ պահարան, որը լիքն էր հաստափոր գրքերով: Աջ պատի տակ տեղավորված էր վրանաթիկնոցով ծածկած հանդերձարանը: Այս ամենը ուժեղ տպավորություն էր թողնում մարդու վրա: Առաջին հայացքից կկարծեիր, թե ավազակաբուն է: Շուտով տղաները ծածկեցին սեղանը: Ամանեղենը պատրաստված էր միայն փայտից: Սեղանի կենտրոնում դրված էր տհալով լի մի մեծ, փայտյա սկուտեղ: Բաժակները նույնպես փայտից էին, և բոլորի վրա կենդանու կամ թռչունի պատկեր էր դաջված: Մի քանի տեղ լավաշի կույտեր էին: Երեք կավե կուլաներից մեկի մեջ թթի օղի էր, մյուսի մեջ՝ հաղարջի հյութ, իսկ երրորդի մեջ՝ մոշի: Բաժակները լցրեցին: Տարեցը բարձրացրեց բաժակը և խմեց մեր կենացը: Միսը շատ ախորժելի էր. համից չէինք կշտանում: Տղաներից մեկը գնաց մառան, բերեց թարմ մածնով լի էմալապատ կաթսան և դրեց սեղանի կենտրոնում՝ մսի տեղը:

– Դե՛, մածնից մի՛ հրաժարվեք,- գոչեց ծերուկը և վերցնելով փայտյա շերեփը՝ լցրեց իր ափսեն:

Բոլորս հետևեցինք նրան: Ընթրիքն ավարտելով՝ շնորհակալություն հայտնեցինք ու դուրս եկանք: Նրանք մեզ ուղեկցեցին մինչև ճանապարհը և բարի ճամփա մաղթելով՝ վերադարձան:

– Փա՜ռք քեզ, Աստված, ես հույսս կորցրել էի,- ասաց Կարոն:

– Հազիվ դողս անցավ,- խոր հոգոց հանեց Անահիտը:

– Լավ էլ բարի մարդիկ էին,- ասաց Ռազմիկը:

– Դո՞ւ ինչու չես խոսում,- դիմեցին Գևորգին:

– Ի՞նչ խոսեմ: Միայն ապերախտ մարդը դժգոհ կլինի:

– Ես չիմացա, թե ովքե՛ր են և ինչո՛ւ մեզ պատվեցին:

– Բթամի՛տ, բա առանց իմանալու ինչո՞ւ էիր ոչխարի պես ընկել հետևներից: Դու չտեսա՞ր, թե այն տղան ոնց գրկախառնվեց Լևոնի հետ. Լևոնի բարեկամն էր:

– Նոր հասկացա,- պատասխանեց Արթուրն ու զարմացած նայեց Կարոյին:- Ինձ մի բան է զարմացնում. նրանք ինչպե՞ս իմացան մեր գալը: Երևում է՝ ռադիոհանգույց ունեն և կապված են իրար հետ: Չէ, այս երևույթն ինձ դուր չի գալիս:
– Լավ, գնացինք,- ասաց Կարոն:

Անտառից ջրի քչքչոց լսվեց: Քիչ հետո երևաց աղբյուրը, որ կտրում-անցնում էր ճանապարհը:

– Սա Գարետեղի աղբյուրն է, մի քիչ այն կողմ էլ կոլխոզի գոմն է: Այնտեղ ցուրտ ժամանակ պատսպարվում են կոլխոզի անասունները:

Շուտով գոմերն անցանք և հասանք Գարետեղի գետին, որի մեջ հարյուրավոր աղբյուրներ էին թափվում, որոնք հոսում էին Խուստուփի լանջերից ու միանում իրար: Անտառից դուրս գալուն պես զգացինք ջրերի սառնությունը: Անահիտը սկսեց սրթսրթալ: Կարոն տվեց հերթական հրամանը.

– Տղե՛րք, ամեն մեկդ մի կապ փա՛յտ հավաքեք, մեզ փայտ շատ է պետք:

Անտառի փեշերին լիքը փայտ էր: Ամենքս էլ հավաքեցինք և ճամփա ընկանք: Լուսնի լույսով սարերն այնքան մոտ էին երևում, որ թվում էր՝ կարող էիր ձեռք տալ Խուստուփ լեռանը, որը սև հսկայի նման թառել էր վերևում ու կարծես օդից կախված լիներ: Հավաքած փայտից մեր բեռն ավելի ծանրացավ: Վերելքի թեքությունը համարյա վաթսուն-յոթանասուն աստիճան էր:

– Սրտապնդվեք, մեզ քիչ է մնում, որ հասնենք գիշերելու տեղը,- ասաց Կարոն:

Մենք քայլում էինք շատ դժվար և իրար օգնելով: Ընկնելուց զգուշանում էինք, բայց Անահիտն անընդհատ ընկնում էր: Ես ստիպված վերցրի նրա ուսապարկը, իսկ Գևորգը՝ փայտերի կապը:

– Մի՛ շտապիր,- զգուշացրի նրան,- դեռ գիշերը դեմներս է:

Հեռվում երևացին ֆերմայի գողտրիկ լույսերը: Հովվի շները, մեր ձայները լսելով, սկսեցին հաչել: Անահիտը կուչ եկավ:

– Մի՛ վախեցիր, նրանք շատ հեռու են,- ասացի ես:

Արդեն հասնում էինք «հանգստյան քարափին». այսպես էր կոչվում, քանի որ սար գնացողներն այդտեղ էին գիշերում: Հեռվից լսվում էին շների անհանգիստ ձայները, որոնք, սակայն, կամաց-կամաց մոտենում էին:

– Շուտ բարձրացե՛ք քարերի վրա:

Բոլորս շտապ բարձրացանք: Մեզ տեսնելով՝ Անահիտն էլ բարձրացավ: Շները տեղ հասան ու շրջապատեցին քարափը: Նրանք սպառնում էին, իսկ մենք փայտերով պաշտպանվում էինք: Ռազմիկի համբերությունն սպառվեց, և նա օդում կրակեց: Հրացանի ձայնը լսելով՝ հովիվները կանչեցին իրենց շներին՝ վախենալով մեկնումեկին կորցնելուց: Երբ շները նահանջեցին, Գևորգն ասաց.

– Իզուր էլ կանչեցին, գիշերը մեզ գազաններից կպաշտպանեին:

Քարափը գետնից մոտ երեք մետր բարձր էր, մակերեսը՝ խորդուբորդ, իսկ մեջտեղում մի մեծ շրջան էր, որտեղ կրակ էին վառում: Շուտով կրակը բոցկլտաց, և խորոված արեցինք: Հոտը սարերով մեկ տարածվեց: Մենք խիստ քաղցած էինք, բայց իրարից ամաչելով՝ լռում էինք. հատկապես Անահիտը, որ քաղաքավարությանը զոհ էր գնում, բայց ականջիս բողոքում էր, թե սովից ոտքերը թուլացել են: Շրջապատեցինք կրակն ու սկսեցինք մսի հետ խորովվել: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր: Նստեցինք հացի: Բոլորս ուտում էինք ագահաբար: Նույնիսկ Անահիտը մոռացել էր իր աղջիկ լինելը: Մեր խաղաղ հացկերույթը խանգարեց քարերի աղմուկը: Ինչ-որ մեկը բարձրանում էր: Զգաստացանք: Ներքևից երևաց միջահասակ, լայնաթիկունք, սևահեր, խաժ աչքերով մի մարդ: Նա գալիս էր հաստատուն քայլերով, և կարծես գիշերը նրա համար չէր: Մոտենալով բարձրացավ քարափին ու բարևեց մեզ: Մենք պատասխանեցինք ու հրավիրեցինք նստելու: Պարզվեց՝ ֆերմայի վարիչ Գուրգենն է: Նա նստեց, վերցրեց բաժակն ու ասաց.

– Ձեզ բարի ճանապարհ և բարի վերադարձ: Գիշերն այստեղ ցուրտ է, համեցեք մեզ մոտ գիշերելու:

Մենք հրաժարվեցինք, բայց և շնորհակալություն հայտնեցինք: Նա հետաքրքրությամբ նայեց ինձ ու ասաց.

– Քո աչքերը ծանոթ են երևում, դու հո Վարդանի տղան չե՞ս:

Ես գլխով դրական նշան արեցի:

– Հորաքույրդ որ իմանա, գիշերը գալու է հետևիցդ. նա ֆերմայում է աշխատում:

Ես նոր հասկացա, թե Կարենն ինչու ասաց, որ այդտեղ բոլորն իրեն ճանաչում են: Ֆերմայի վարիչը ճանապարհվեց՝ խնդրելով.

– Վերադարձին համեցեք մեզ մոտ:

Դեռ կրակը չհանգած՝ իրար կողքի շարվելով պառկեցինք:

Քարափը մի կողմից կտրվածք ուներ: Մեր ուսապարկերը դրեցի քարի կողմը և Անահիտին պատվիրեցի քնել դեմքով դեպի ուսապարկերը: Բաճկոնները գցեցինք մեզ վրա ու պառկեցինք: Բոլորն իսկույն մեռելի պես քնեցին: Չգիտես ինչու՝ ես անհանգիստ էի: Քիչ անց Անահիտն արթնացավ ու սկսեց նվնվալ, թե ոտքերը մրսում են: Բաճկոնս փռեցի նրա ոտքերին, երկուսով մտանք մի բաճկոնի տակ ու մեջք մեջքի տվեցինք: Նա սսկվեց ու քնեց: Վերջապես քունը հաղթեց ինձ, և ես էլ քնեցի: Գիշերվա մի ժամի արթնացա Անահիտի անհանգիստ շարժումից. նորից բողոքեց, թե մրսում է: Ես շուռ եկա ու մեջքը գրկեցի: Նա տաքացավ ու քնեց: Դեռ աչքերս չէի փակել, լսվեց գայլերի ոռնոցը: Նրանք շատ մոտ էին: Անահիտը նորից արթնացավ ու սկսեց դողդողալ: Գայլերը շատ համը հանեցին: Բոլորն արթնացան: Արթուրը հրացանը վերցրեց և օդում կրակեց: Գայլերը պոկվեցին, և բոլորը նորից քնեցին: Անահիտը շուռ եկավ ու գրկեց ինձ:

– Առավոտը տղաները կծիծաղեն մեզ վրա,- զգուշացրի ես:

Կարծես չազդեց վրան. քնեց: Ես էլ քնեցի: Թե գիշերն ինչպես անցավ, չիմացա, արթնացա ցնցումից. Գևորգն էր:

– Լևոն, շուռ արի, հիմա բոլորը կարթնանան,- զգուշացրեց նա:

Ես շուռ եկա և շշուկով շնորհակալություն հայտնեցի: Նա միշտ ճիշտ ժամանակին բարի խորհուրդ էր տալիս: Ես շատ էի հարգում Գևորգին: Շուտով լրիվ լուսացավ, և մենք արթնացանք Կարոյի ձայնից.

– Շո՛ւտ արեք, թե չէ արևածագին չենք հասնի:

Բոլորս վեր կացանք, բաճկոնները դրեցինք ուսապարկերի մեջ, դրանք էլ՝ ուսներիս և փայտի մնացորդը վերցնելով՝ ճանապարհվեցինք:

– Ուղիղ բարձրանալը դժվար կլինի, շրջանցեք աջից,- ասաց Կարոն:

Մենք իրար հետևից շարված բարձրանում էինք և մեկ-մեկ բառեր փոխանակում: Ճանապարհի երկու կողմից անտանելի քարափներ էին: Մենք քայլում էինք հազիվ նշմարելի արահետով: Քարերի արանքներից երևում էին «կայծակի» թփերը, որն այդ մասերում միակ բույսն էր: Երբ ձմեռը երկար էր ձգվում, և գարնանը խոտը չէր բավականացնում, անասուններին օգնության էին հասնում «կայծակի» թփերը: Իսկ չորացածները լավ վառվում են: Մենք աջից շրջանցելով դուրս եկանք ուղիղ լեռան դեմ դիմաց, որտեղ այլևս խուսափելու հնարավորություն չկար. ստիպված էինք բարձրանալ քարքարոտ վերելքով, որն ուներ մոտ յոթանասունհինգ աստիճան թեքություն: Մենք բարձրանում էինք համարյա իրարից բռնված: Ամեն քայլափոխի մեր ոտքերի տակից քարերը սահում էին, և քիչ էր մնում ընկնեինք: Վերջապես հաղթահարեցինք տանջալի վերելքը, հասանք մատաղատեղի աղբյուրին, որը լեռան ձախ մասում էր՝ քարափի տակ: Նստեցինք: Արևելքը վաղուց շառագունել էր:

– Լավ հասանք,- ասաց Կարոն:- Հիմա մենք կտեսնենք աշխարհի ամենալավ տեսարանը: Դրա համար ենք հաղթահարել այսքան դժվարությունները: Գալ Խուստուփ ու չնայել արևածագին, հավասար է չգալուն:

Տեսարանը շատ հուզիչ էր: Ցածրում ընկած էին ձորերը, որոնց երկու կողմից զարդարում էին անտառային լանջերը, հսկա լեռներն ու կապույտ երկինքը: Հեռվում երևում էր կապույտ երկնքի մի խիտ, հորիզոնական շերտ: Ամպերը կարծես խտացել էին ու կազմել մի հորիզոնական հարթություն: Ահա հորիզոնի հետևից սկսեց ծագել արևը: Սկզբում երկինքը հուրհրաց կարմիր բոցերով, կարծես հորիզոնի գրկում հսկա խարույկ էին վառել, հետո կարմիր բոցերի միջից ծագեց ինքը արևը՝ իր ոսկեգույն ճառագայթները փռելով ծառերի վրա: Միանգամից լուսավորվեցին ժայռերի ծերպերը, ծառերի գագաթները. շողերը ներխուժեցին սարերը, կիրճերն ու ձորերը: Գիշերվա ստվերը միանգամից չքացավ: Արևի սկավառակը սկսեց դանդաղ բարձրանալ: Գիշերվա խոնավությունը հետզհետե վերացավ, և ախորժելի ջերմությունը ներխուժեց մեր մարմինները: Մենք տաքացանք, և բոլորիս տրամադրությունը միանգամից բարձրացավ:

– Տղաներ, իսկ գիտե՞ք «Սուրբ եկեղեցու» պատմությունը: Ասում են՝ հնում մի սիրահար զույգ է եղել, չգիտեն էլ, թե որ գյուղից, դրա համար ամեն պատմող իր գյուղի անունն է տալիս: Տղայի անունը Բաղդասար էր, աղջկանը՝ Արեգնազ: Չհավատալով Արեգնազի սիրո հավատարմությանը՝ Բաղդասարն ապացույց է պահանջում: Արեգնազն առաջարկում է բարձրանալ Խուստուփի գագաթը և կապերով իջնել լեռան մեջ գտնվող քարայրը: Եթե հավատարիմ է, Աստված կընդունի և առողջ կվերադարձնի, եթե ոչ, քարայրից կընկնի, և տղան կազատվի իր կասկածներից: Պայմանավորվում են ու բարձրանում սարը: Երբ հասնում են կապերին, Արեգնազը նայում է խոր անդունդին և վերադարձի հույսը կտրած՝ մոտենում է Բաղդասարին, գրկում ու լացակումած համբուրելով՝ ասում.

– Ների՛ր, գուցե վերջին անգամն է. միայն իմացիր, որ սիրում եմ քեզ:

Նրանք սկսում են իջնել: Բաղդասարն անընդհատ օգնում է Արեգնազին: Հաղթահարելով անտանելի դժվարությունները՝ վերջապես հասնում են քարայրի մուտքին: Տեսնելով քարայրի մթությունը՝ հասկանում են, որ առանց ճրագի դժվար կլինի: Բայց արդեն ուշ է լինում: Նրանք խարխափելով մտնում են քարայր, որի կենտրոնում պսպղում էր առաստաղից ջրի կաթոցից առաջացած ջրափոսը: Նրանք մոտենում են ու մի բուռ ջուր խմում: Երկրորդը չեն կարողանում, որովհետև ջուրը շատ սառն է լինում:

– Սա հենց անմահական աղբյուրն է: Ուրեմն մենք անմահ ենք,- ասում է Արեգնազը:

Քարայրից դուրս գալով՝ սկսում են բարձրանալ: Հենց այստեղ էլ կատարվում է դժբախտությունը: Հասնելով կապերի վերին կետին՝ Արեգնազը հույսով ձեռքը տանում է վերջին քարին, որ բարձրանա, բայց քարը պոկված է լինում: Աղջիկը գլորվում է անդունդը: Բաղդասարը չի հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց: Նա վերադառնում է, մեծ տանջանքով իջնում անդունդը, գտնում է աղջկան, գլուխը դնում ոտքերին ու սկսում գուրգուրել: Աղջիկը բացում է աչքերը և հավաքելով վերջին ուժերը՝ ասում է.

– Բաղդասար, Աստված ինձ չընդունեց. գուցե մեղավոր եմ, բայց սիրում եմ քեզ: Համբուրիր ինձ և վերադարձիր տուն: Աստված քեզ հետ:

Բաղդասարը կռանալով համբուրում է Արեգնազին: Աղջիկը վերջին անգամ աչքերը հառում է երկնքին ու շունչը փչում: Տղան թաղում է նրան քարերի մեջ և իր ճակատագիրն անիծելով՝ բարձրանում է վերև: Այն օրվանից ամեն տարի գալիս է, իջնում քարայրը և մոմ վառում: Ասում են՝ Արեգնազին կորցնելուց հետո Բաղդասարը չի ամուսնանում. մինչև ծերություն ամուրի է մնում: Երբ ուժերը սպառվում են, նա մի կերպ հասնում է կապերին և նայելով երկնքին՝ ասում է.

– Աստվա՜ծ, ընդունի՜ր մեղավոր հոգիս: Ընդունի՜ր և դու, Արեգնա՛զ:

Այս ասելով՝ իրեն նետում է անդունդը: Արծիվները հոշոտում են նրա մարմինը, իսկ հոգին համբարձվում է երկինք: Այսպես վերջանում է նրանց լեգենդը: Այդ օրվանից քարայրը կոչվում է «Սուրբ եկեղեցի»: Մարդիկ՝ որն իրեն ստուգելու համար, որը հետաքրքրասիրությունից, այցելում են «Սուրբ եկեղեցի»…

Լսելով այս ողբերգական պատմությունը՝ բոլորս հոգոց հանեցինք և ակամայից նայեցինք Անահիտին:

– Մի քիչ նախաճաշենք, որ ուժներս տեղը գա,- ասաց Կարոն:

Հանեցինք ուտելիքն ու ախորժակով կերանք: Բայց հայկական սեղանը առանց հյուրի չի լինում: Ֆերմայի կողմից երևաց մոտ տասը տարեկան մի տղա: Ձեռքին երեք աքլոր էր բռնել, որոնց ոտքերը կապել էր և կպցրել իրար: Բոլորիս տրամադրությունը բարձրացավ, իսկ Կարոն ասաց.

– Մատաղն ընդունելի լինի:

Տղային հրավիրեցինք նախաճաշի:

– Տղա ջան, աքլորները վաճառո՞ւմ ես,- հարցրինք:

– Այո,- պատասխանեց տղան:

– Ի՞նչ արժե:

– Երեսուն ռուբլի:

– Վա՛հ, տնաշե՛ն, գառ հո չի:

– Բա գյուղից բերել հասցրել եմ այստեղ:

Քանի որ մատաղի գինը սակարկել չի կարելի, մենք վճարեցինք մի աքլորի համար ու վերցրինք: Ռազմիկը դրեց ոտքի տակ, աղոթք կարդաց, խաչ հանեց և վիզը կտրեց:

– Ողորմի իրեն,- արտասանեցինք բոլորս:

– Աստված ողորմի,- պատասխանեց Ռազմիկը:

Նա մատը թաթախեց արյան մեջ և բոլորիս ճակատին խաչ արեց: Մենք փոքր կաթսան տվեցինք տղային և խնդրեցինք եփել մինչև մեր վերադարձը:

– Դե, բարձրացանք,- ասաց Կարոն:

Բայց խոսքը բերանից դուրս չեկած՝ լեռան ձախ կողմից քամին ամպերը քշելով բերեց ու մեզ ծածկելով անցավ ֆերմայի կողմը: Կարծես սարի հետևում պահ մտած մեզ էր սպասում: Մենք հուսահատվեցինք, բայց փոքրիկ տղան ասաց.

– Մի՛ անհանգստացեք, դա մոլորված քամի է, հիմա կանցնի:

Եվ իսկապես տասը րոպե հետո արևը վառում էր: Մենք սկսեցինք բարձրանալ: Ճանապարհին իրար վրա քարեր էին դարսված: Կարոն ասաց, որ դա ճանապարհն է ցույց տալիս: Մենք քայլում էինք իրար հետևից և զգույշ: Հասանք կապերին: Պարզ երևում էր լեռան գագաթը:

– Սա Ճգնավորն է,- ասաց Կարոն,- այստեղ հետո կբարձրանանք, իսկ հիմա իջնենք «եկեղեցի»:

Անահիտը մի պահ կանգ առավ, աչքերը հառեց Ճգնավորին ու արտասանեց.

– Ո՜վ երկնային Տեր,
Դու եղիր մեր վկան:
Օրհնիր մեր սերը
Եվ պահպանիր այն:
Տո՜ւր ինձ ճամփա
Դեպի «եկեղեցին Սուրբ»
Եվ ողջ ու առողջ ետ բեր՝
Մեր ձեռքից բռնած:
Իսկ եթե մեղավոր եմ,
Ցա՛ծ նետիր անդունդը,
Թող անգղները հոշոտեն
Մարմինն իմ անարատ:

Այս ասելով՝ նայեց ինձ ու գլուխը խոնարհեց.

– Լևոն, չե՞ս նեղանա, որ սիրտս բացեմ քո առաջ:

Ես գլխով դրական նշան արեցի: Նա նորից նայեց դեպի երկինք ու ասաց.

– Ես քեզ սիրում եմ ու քեզանից սեր եմ հայցում: Սիրի՜ր ինձ, եթե կարող ես: Ես կյանքի հավատարիմ ուղեկից կլինեմ քեզ համար: Կարծում եմ՝ անմեղ եմ: Եթե անմեղ եմ, թող Աստված ողջ ետ բերի, իսկ թե մեղավոր եմ, թող հոգիս առնի:

Ես մտատանջության մեջ ընկա: Երկու օրում Անահիտն անճանաչելի էր դարձել: Նա մինչև ականջները սիրահարված էր: Իսկ ես միայն կատարում էի իմ տղամարդկային պարտականությունները:

– Անահիտ,- սթափվելով ասացի ես,- դու սերը խաղուպա՞ր ես համարում: Սերը գեղեցիկ բառերը չեն միայն: Սերը գործով են ապացուցում:

Նա կռացավ, համբուրեց ինձ և նայելով ուղիղ աչքերիս՝ հարցրեց.

– Լևոն, դու սիրո՞ւմ ես ինձ:

– Ես քեզ սիրում եմ քեզանից առավել, բայց չեմ կարող գեղեցիկ խոսքերով արտահայտել:

– Դու արդեն գործով ապացուցել ես: Մի՞թե երեկվա կռիվը ցմփորի հետ կամ ինձ արջից փրկելը քո սիրո ապացույցը չեն:
Անահիտն անհույս ու աղերսական հայացքով նայեց ինձ ու լռեց: Ես որպես հաստատում համբուրեցի նրա շուրթերն ու ասացի.

– Տղերքը երևի մեզ են սպասում:

Կարոն սպասում էր մեզ կապերի սկզբնամասում: Երբ մեզ տեսավ, ժպտաց.

– Լևոն, զգուշությամբ հետևիր ինձ և օգնիր Անահիտին. դու համարձակ տղա ես, չեմ կասկածում:

Կարոն սկսեց իջնել, իսկ մենք հետևեցինք նրան: Իջնում էինք շատ զգույշ, համարյա անցել էինք կապերի կեսը: Ես մի ձեռքս անընդհատ Անահիտի վրա էի պահում: Հանկարծ նա ճչաց և ընկավ ինձ վրա: Ես պինդ կառչել էի քարերից և պահում էի երկուսիս էլ: Կարոն իսկույն հասավ մեզ և օգնեց դժվարությունից դուրս գալ: Պարզվեց, որ Անահիտի ձեռքի քարը պոկվել է: Նա անդունդում կհայտնվեր, եթե ես չբռնեի: Մենք մի կերպ իջանք և հասանք քարայրի մուտքին: Կարոն հոգոց հանեց.
– Խայտառակ կլինեինք, լավ պրծանք:

– Ուրեմն Աստված ինձ չէր ընդունում,- լացակումած ասաց Անահիտը:- Քո ուժերով ստիպեցիր Նրան կատարել հակառակը:

– Մի՛ հուսահատվիր, բոլորիս համար էլ դժվար էր,- ասաց Կարոն ու առաջացավ:

Տղաները սպասում էին քարայրի մուտքի մոտ: Մի արծիվ սավառնում էր մեր գլխավերևում: Արթուրը կրակեց, և արծիվն ընկավ ուղիղ մեր ոտքերի առջև:

– Շատ չե՞ս շտապում մեր աչքերը հանելու համար,- թևերից բարձրացնելով՝ ասաց Կարոն:

Մենք մոտեցանք քարայրին ու կանգ առանք: Սառը օդը խփեց երեսներիս, սարսռացինք: Բոլորը հանեցին լապտերները, և քարայրը միանգամից լուսավորվեց: Հանկարծ Անահիտը ճչաց, ինչքան ուժ ուներ ու փաթաթվեց ինձ: Փշաքաղվեցինք:

– Այնտեղ… այնտեղ սատանա կա,- դողալով ասաց նա և կուչ եկավ:

– Մի՛ վախեցիր,- հանգստացրեց Կարոն ու առաջ անցավ:

Արթուրն ու Ռազմիկը հրացանները պատրաստ պահել էին: Քարայրի անկյունում նստած էր մի կին՝ բոբիկ, մազերը գզգզված, շորերը պատառոտված ու երեսը քամուց վառված: Մի խոսքով՝ սատանայի տեսք ուներ: Զարմացանք, թե ո՛նց է նստել այդ սառնարանում: Կարոն զգուշությամբ մոտեցավ ու հարցրեց.

– Մորաքույր, ինչո՞ւ եք մենակ նստել այստեղ:

Կինը չպատասխանեց, այլ մի վայրենի հայացք նետեց նրա վրա ու դուրս նետվեց: Մենք ակամայից մի կողմ քաշվեցինք: Նա առանց քարերից բռնվելու արագ բարձրացավ կապերով ու անհետացավ: Մենք զարմանքից քար էինք կտրել: Արթուրն ասաց՝ վայրենի է, իսկ Կարոն հակաճառեց: Հագին սովորական շորեր էին: Այդպես վիճելով մտանք քարայր: Անահիտը վախից դողում էր: Քարայրն ասես իր հսկա պատերի ներսում պարփակում էր դժոխքի գաղտնիքները: Առաստաղն անհասանելի էր. իջնում էր կողմերի վրա: Պատերի վրա ամբողջությամբ քանդակներ էին և մոմի հետքեր: Հատակի մեջտեղում մի ջրավազան կար, որի ջուրն «անմահական» էր կոչվում: Մենք անմիջապես վառեցինք մոմերը, այնուհետև մուրճն ու սեպերը գործի դրեցինք: Շուտով քարայրի պատին երևացին նաև մեր անունները: Վերջացնելով մոտեցանք ջրավազանին: Ջրի մեջ լիքը դրամներ կային: Մենք էլ նետեցինք: Դա կոչվում էր «խաչհամբույր»: Այնուհետև ջուր խմեցինք. Կարոն փոքր բաժակով սպասարկում էր մեզ: Ամեն մեկս հիսուն գրամ հազիվ խմեցինք, իսկ Արթուրը խմեց ամբողջ բաժակը, որը հետո նրա վրա թանկ նստեց: Վերջապես դուրս եկանք քարայրից, որից դեպի ձախ՝ կիրճի մեջ, սպիտակին էր տալիս մի կույտ ձյուն: Մենք մոտեցանք, ձնագնդիկներ սարքեցինք, կերանք: Քարայրի սառը ջրից հետո կարծես տաք պաղ էինք ուտում:

– Դե, բարձրացանք,- ասաց Կարոն և սպասեց, մինչև բոլորը բարձրանան:

Նա ուշադիր նայում էր մեզ: Երբ համոզվեց, որ մեր անվտանգությունը ապահովված է, ինքն էլ սկսեց բարձրանալ: Հասանք Ճգնավորի մոտ ու նստեցինք:

– Փառքդ շատ լինի, տեր Աստված,- հոգոց հանեց Կարոն,- այդ դժոխքից պրծանք: Մնաց Ճգնավորը:

Ճգնավոր կոչվածը լեռան ամենադժվար մասն էր: Հողի մակերևույթից սկսվում էր ուղղաձիգ հատվածը, որն ուներ մոտ իննսուն աստիճան թեքություն և մոտ երեսուն մետր բարձրություն: Միակ բանը, որ հեշտացնում էր վերելքը, խորդուբորդ մակերեսն էր: Բարձրանալուց առաջ կոշիկները հանեցինք, որ հեշտ առաջանանք: Մյուսներն իրենց կոշիկները թողեցին լեռան ստորոտին, իսկ ես վերցրի իմն ու Անահիտինը, անցկացրի գոտուս և կապեցի մեջքիս: Կարոն կատակով ասաց.

– Այդ ի՞նչ ես անում, Պլպուղու հացը կտրեցիր:

– Կարող է՝ այստեղից էլ ճամփա գնամ,- Պլպուղու խոսքերը հիշելով՝ պատասխանեցի ես:

Բոլորը ծիծաղեցին իմ սրախոսության վրա: Սկսեցինք բարձրանալ: Վերելքն այնքան ուղղաձիգ էր, որ մենք հազիվ էինք կառչել քարերին ու մագլցում էինք՝ վախենալով մեջքներս ուղղել: Երբ լեռան կեսն անցանք, ձախից երևաց Ստալինի կիսանդրին, որ վանդակի մեջ ամրացված էր լեռան գոգավոր մասում: Կիսանդրին Ստալինի պատվին տեղադրել էին Կապանի սպորտսմենները: Հասնելով գագաթին՝ ագռավների նման կառչեցինք քարերից ու նայեցինք շուրջը: Քանի որ հեռուն չէինք կարող տեսնել, մեզ թվաց, թե կախված ենք օդում: Երեք արծիվ  պտտվում էին մեր գլխավերևում. կարծես սպառնում էին մեզ վեր հանել: Անահիտը կուչ եկավ ու կպավ քարից: Ես կատակով նկատեցի.

– Արծիվները մարդ չեն տանում, միայն գառ են տանում:

Մեր բախտից թռչունները շուտ հեռացան: Մենք սկսեցինք իջնել: Պարզվեց, որ դա ավելի դժվար է, քան բարձրանալը: Մենք հետ չէինք սողում՝ վախենալով մեջքներս ուղղել: Երբ հասանք գետին, մի կերպ ուղղվեցինք ու նստեցինք մոտակա քարին: Անահիտը բողոքեց.

– Տեսնես ո՞վ է ստեղծել մարդ կոչվող արարածին: Ախր մենք ի՞նչ ենք կորցրել այս լեռան գագաթին. որ ընկնենք սատկենք, ո՞վ մեզ կասի՝ ապրես բարի քալլա:

– Դու քեզ հերոսուհու պես պահեցիր,- նկատեցի ես:

– Ես արդեն ուժ չունեմ և չեմ կարող տեղիցս վեր կենալ,- ասաց Անահիտը:

Վեր կացա, բռնեցի նրա թևից ու քաջալերեցի.

– Սրանից հետո վայրէջք է, և մեր տաժանակրությունը կվերջանա:

Մենք ուրախ իջանք դեպի մատաղատեղ, որտեղ սպասում էին տղաները: Կարոն վեր կացավ, մեզ դիմավորեց:

– Իսկական հերոսներ եք,- ասաց:

Մենք նույնպես նստեցինք:

– Իսկ հիմա կուտենք մեր աքլորը,- շարունակեց Կարոն՝ աքլորը բաժանելով յոթ մասի:

Օրենքով մատաղի թիվը յոթն է, մենք էլ տղայի հետ միասին յոթն էինք:

– Մատաղն ընդունելի լինի,- արտասանեց Կարոն:

Բոլորն էլ հաճույքով ուտում էին: Գևորգը վեր կացավ ու սկսեց ուսապարկը քրքրել:

– Ի՞նչ ես կորցրել,- հարցրեց Ռազմիկը:

– Հիմա կտեսնես,- պատասխանեց Գևորգը:

Նա հանեց լուսանկարչական ապարատը, ուղղեց դեպի մեզ ու կատակեց.

– Ուշադրություն, կնկարեմ:

Մենք նկարվեցինք տարբեր դիրքերով՝ փոխարինելով Գևորգին: Արթուրը կատակեց.

– Բա որ ապարատը կար, երեկ ինչո՞ւ արջի հետ չնկարեցիր:

– Երեկ լեզուս կապվել էր, ապարատ էի հիշո՞ւմ որ,- պատասխանեց Գևորգը:

Բոլորը խնդացին: Երբ վերջացրինք և ուզում էինք ճանապարհվել, Ռազմիկը նայեց ժայռերին ու ձեռքերը վեր բարձրացնելով՝ աղոթեց.

– Տե՜ր Աստված, մի քարայծ հանիր քարայրերից և ուղարկիր դեպի մեզ. շատ եմ կարոտել:

Երբ ձեռքերն իջեցրեց, մոտեցա նրան ու հարցրի.

– Ի՞նչ մաղարիչ կանես, որ այծին հանեմ քարայրից:

– Դու, ինչ է, Աստծո հետ գաղտնի կապեր ունե՞ս:

– Ոչ, ես ուղղակի Աստծուց տրված շնորհք ունեմ:

Այս ասելով՝ բարձրացա, կանգնեցի քարի վրա և ինչքան ուժ ունեի, գոռացի.

– Է- հե- հե՜յ:

Ձայնս գնաց, զարնվեց ժայռերին ու ձորերին և անդրադարձավ դեպի մեզ: Սարերը դղրդացին: Մեկ էլ Գևորգն ուրախությունից ճչաց.

– Նայե՜ք, նայե՜ք, քարայծերը:

Մեզանից վերև քարերի ծերպերով թռչկոտում էին քարայծերը: Քիչ հետո երևաց ուլը: Զգացվում էր, որ դեռ չի վարժվել: Արթուրն ու Ռազմիկը միաժամանակ կրակեցին: Այծն ընկավ: Այդպես էլ չիմացանք, թե ում գնդակից: Ես ու Գևորգը վազեցինք, այծին հանեցինք քարերի արանքից և իրար հետ բռնած՝ բերեցինք ու դրեցինք Արթուրի ոտքերի տակ:

– Հրամմեցե՛ք, պարոննե՛ր,- ասացի ես:

Բոլորը նայեցին այծի մարած աչքերին: Նա դեռ նայում էր հեռու ժայռերի ծերպերին թռչկոտող իր ընկերներին:

– Լևոն,- ասաց Արթուրը,- նայում եմ քեզ, մեծ փոր չունես, բայց ձայնիցդ ժայռերը դղրդացին: Չլինի՞ փորիդ մեջ շչակ ես դրել:

– Դա փորից չէ, այլ կոկորդից:

– Ախր կոկորդ էլ չի երևում, որ գլուխ ես գովում:

Բոլորը ծիծաղեցին, իսկ Կարոն վերցրեց ուսապարկն ու ասաց.

– Կարծեմ ֆերմայի վարիչը մեզ հրավիրել է. գնանք, թե չէ կնեղանա:

Մենք ճանապարհվեցինք դեպի կոլտնտեսության ֆերմաները: Այծը հերթով էինք տանում: Մեր ճանապարհը, որ իջնում էր ձորը, հետո բարձրանում ֆերմա, զուգահեռ էր մյուս ճանապարհին, որ գալիս էր գյուղի կողմից, և երկուսը միանում էին մատաղատեղից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Հասնելով այդ հատման կետին՝ մենք նկատեցինք, որ գյուղի կողմից երեք հոգի են գալիս: Մեկը ձիով էր, երկուսը՝ հետիոտն: Մոտեցան, բարևեցին, իսկ ձիավորը, ձիուց իջնելով, սկսեց հարցուփորձ անել: Ես իսկույն ճանաչեցի. ավագ եղբորս դասընկերն էր: Նա էլ ինձ ճանաչեց ու ասաց.

– Դու փոքր ժամանակ լավ էիր երգում: Հիշում եմ՝ եղբայրդ էլ անգին տղա էր. գերազանցիկ էր: Ափսոս, որ զոհվեց, թե չէ լավ մարդ կդառնար:

– Ինքն էլ է գերազանցիկ,- խոսակցությանը միջամտեց Անահիտը:

Ես եղբորս հիշեցի և հոգոց հանեցի:

– Մենք էլ ենք ֆերմա գնում, միասին կգնանք:

Նրա անունը Մարտիկ էր: Ապրում էր Երևանում: Արձակուրդ էր վերցրել, եկել էր հայրենի սարերի կարոտն առնելու: Կոլտնտեսության նախագահը, որպես քաղաքացու, ձի էր տրամադրել ու պատվիրել. «Չմոռանաս սարվորների հացը հետդ տանել»:

– Լևոն ջան, արի քեզ դնեմ ձիու վրա, այդ լեշն էլ հետդ կվերցնես:

Ես նստեցի ձիուն և այծը դրեցի դեմս: Մարտիկը նայեց ինձ ու ծիծաղեց.

– Դու պետք է վարձահատույց լինես:

Ես զարմացա:

– Մենք քեզ խնդրում ենք՝ մի երգ երգես:

Ես նազ չարեցի և սկսեցի երգել «Բարձր սարեր» երգը: Կյանքումս առաջին անգամ ձայնիս ազատություն տվեցի: Ինքս էլ համոզվեցի, որ վատ ձայն չունեմ: Ձայնս տարածվեց սարերով, կարծես իրոք Անուշին էի կանչում: Երբ վերջացրի, տղաները սրտանց ծափահարեցին, իսկ Մարտիկը կեսկատակ-կեսլուրջ ասաց.

– Ավագ Պետրոսյանը պետք է խոնարհվի քո առաջ. դու նրանից լավ ես երգում:

– Ա՛յ տղա, դու քեզ վրա ուշք դարձրու, թե չէ անհայտ կկորչես: Այնինչ կարող ես մեր գյուղի պատիվը բարձր պահել:

Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Հեռվից երևաց միայնակ մի վրան, որն ինչ-որ մեկի սեփականությունն էր: Վրանից աղջկա երգի ձայն էր լսվում. ըստ երևույթին, իմ պատասխանն էր տալիս:

– Վարդիթերն է,- ասաց մեր ուղեկիցներից մեկը:

– Գարոն սիրուց գժվել էր,- նկատեց մյուսը:

Գարոն ֆերմայի հովիվներից էր:

Մենք իջանք ձորը, ջուր խմեցինք ու բարձրացանք: Ֆերմայի մոտ կանգնած էին քառասունին մոտ երկու կին և հազիվ էին զսպում շներին: Չնայած տարիքին՝ կանայք բավականին գեղեցիկ էին: Երբ մոտեցանք, նրանցից մեկը մոտեցավ, համբուրեց ինձ և ասաց.

– Ամբողջ գիշեր անհանգիստ էի, մտածում էի՝ երեխաները բաց երկնքի տակ կմրսեն:

Հետո շշուկով հարցրեց.

– Այս աղջիկը քո ընկերուհի՞ն է:

Ես գլխի շարժումով հաստատեցի: Նա գրկեց Անահիտին ու հետը տարավ: Կինը հորաքույրս էր: Մեզ ներս հրավիրեցին: Վրանի հատակին մեծ կարպետ էր փռված, մեջտեղում՝ սպիտակ սփռոց, որի վրա շարված էին տարբեր ուտեստներ՝ թարմ կարագ, մածուն, կաթնաշոռ և տավարի խաշած միս: Մենք բացեցինք ուսապարկերը: Մնացել էր թթի օղի, բաստուրմա, թխվածքաբլիթ և քաղաքի հաց, ինչպես գյուղացիներն են ասում: Այս բոլորն ավելացնելով եղածին՝ նստեցինք: Հորաքույրս մոտեցավ ու ներողություն խնդրելով՝ ասաց.

– Հիմա մեր թագուհին կգա:

Ապա սկսեց ինձ հարցուփորձ անել:

Շուտով ներս մտավ յոթանասունին մոտ հսկա մի կին: Թևերը ոնց որ գերաններ լինեին, իսկ ոտքերը նման էին սյուների: Մեծ քիթն իջել էր կոպիտ դեմքի վրա և հասնում էր հաստ շուրթերով բերանին: Մենք վեր կացանք և ոտքի վրա ընդունեցինք նրա ողջույնը: Նա նստեց և մեզ էլ հրավիրեց նստելու: Ֆերմայի տնտեսուհին էր: Մենք իսկույն բացեցինք օղին ու բաժակները լցրինք: Նա վերցրեց բաժակը, մեզ հետաքրքրությամբ զննելով՝ առողջություն ցանկացավ ու մի շնչով խմեց: Բոլորս ագահի պես սկսեցինք ուտել: Երբ բավականին կերանք, Կարոն վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար: Այնուհետև ցույց տալով քարայծի լեշը՝ ասաց.

– Սա էլ մեր կողմից, թող անուշ լինի:

Մենք վեր կացանք և սկսեցինք ծանոթանալ ֆերմայի հետ: Այն իրենից ներկայացնում էր ընդամենը չորս վրան: Դրանցից մեկում, որ չորս մետր լայնությամբ ու վեց մետր երկարությամբ կլիներ, տեղավորել էին կաթի զտման երկու մեքենա, ալյումինե կաթսաներ, խնոցիներ և աման-չաման: Դուռը փակված էր կախովի մեծ կողպեքով: Երկու միջակ վրանները կանանց ու տղամարդկանց համար էին, իսկ փոքրը ֆերմայի վարիչի առանձնասենյակն էր: Դրսից վրանների երկայնքով տեղադրված էր ոչխարների ու կովերի նստատեղը: Մի կով խեղճ-խեղճ նստած էր և աղերսական հայացք էր գցել մեզ վրա:
– Դաբաղ է,- ասաց հորաքույրս:

Մեծ վրանի ետևի ամբողջ երկայնքով հողը չոր էր, և ոչ մի բույս չկար:

– Որտեղ թան ես լցնում, այնտեղ բուսականությունը վերանում է,- բացատրեց հորաքույրս:

Անահիտն արդեն մտերմացել էր հորաքրոջս հետ:

– Ես հետաքրքրվել եմ, լավ աղջիկ է, ցեղն էլ լավն է,- բացահայտ ասաց հորաքույրս:- Մայրդ էլ գեղեցիկ էր. ձեր օջախի վրա գալովի է:

Վերջացնելով դիտումը՝ մենք շնորհակալություն հայտնեցինք և ուզում էինք ճանապարհվել, երբ տնտեսուհին լայն տերևների մեջ փաթաթած ինչ-որ փաթեթներ բերեց, բաժանեց մեզ ու ասաց.

– Սա թարմ կարագ է՝ կաթնաշոռի մեջ փաթաթած, կտանեք մայրիկների համար:

Մենք հրաժեշտ տվեցինք և ճանապարհ ընկանք: Որոշեցինք այցելել մենավոր ծառին: Շուտով բարձրացանք ժայռը, որի մակերեսը մոտ տասը քառակուսի մետր տափակ հարթություն էր: Մեջտեղից կարծես հատուկ ճեղք էր բացվել, և բարձրացել էր մի հսկա կաղնի: Հենց քարի երեսից ծառը երկու մասի էր բաժանված: Ժամանակին կայծակն էր խփել, մի կեսը ջարդել: Ջարդված մասն առանց բնից պոկվելու փռվել էր ժայռի վրա: Թե քանի տարեկան էր, ոչ ոք չգիտեր: Ծերերն ասում էին՝ որ իրենք ծնվել են, այդ ծառը եղել է. նույնը մեր ծնողներն են ասել: Ծառն իր հսկա տեսքով հսկում էր բոլոր սարերը և դարձել էր սրբատեղի: Ամենքն էլ որպես պարտականություն ձգտում էին այցելել նրան: Ժայռն ասես դիտակետ լիներ. այնտեղից երևում էր մինչև անսահմանություն, և նայելով չէիր հագենում:

– Տղերք, ձորում քեղ կա, մի քիչ չքաղե՞նք,- ասաց Կարոն:

Այս ասելով՝ իջավ ձորը: Գևորգն ու Ռազմիկը հետևեցին նրան: Անահիտը մնաց քարափին՝ պատճառաբանելով, որ քեղից ձեռքերը վերքոտում են: Քեղը խոշոր տերևներով, գետնին տարածվող բույս էր, մեջտեղից միայն մի ցողուն էր բարձրանում, որն էլ ուտում են: Եվ իսկապես վա՛յ նրան, ով կպչի տերևներին. ձեռքերը վերքոտում են: Ես ստիպված մնացի Անահիտի մոտ: Արթուրն էլ մնաց՝ պատճառաբանելով, որ տրամադրություն չունի: Երեքով մնացինք ժայռի վրա: Այդտեղից դիտում էինք չքնաղ տեսարանները և ուրախ զրուցում: Արթուրի մնալն ինձ անհանգստացնում էր, բայց ցույց չէի տալիս: Հեռվում Անահիտը կապույտ, սիրուն ծաղիկներ նկատեց: Նրա տրամադրությունը բարձրացնելու համար գնացի քաղելու: Հենց այստեղ էլ կատարվեց դժբախտությունը: Արթուրը, առիթից օգտվելով, սկսեց Անահիտի հոգու հետ խաղալ: Կատակը հասավ այն աստիճանի, որ գրկեց ու սկսեց համբուրել: Անահիտը պաշտպանվում էր, բայց իզուր: Ստիպված սկսեց ճչալ: Ճչոցը լսելով՝ ես ետ նայեցի, և տեսարանը ցնցեց ինձ: Թողնելով ծաղիկները՝ մոտ վազեցի: Արթուրի վրա բարկացա, բայց չազդվեց: Ստիպված մի մեծ քար վերցրի և սպառնացի գլուխը ջարդել: Արթուրը բաց թողեց աղջկան ու հարձակվեց ինձ վրա: Ես քարը դեն նետեցի և ձեռքերով պաշտպանվեցի: Արթուրն առանց մտածելու հարվածներ էր տեղում ինձ վրա: Ես խույս տալով ետ-ետ էի գնում: Հանկարծ ոտքս քարով ընկավ, և ես տապալվեցի գետնին: Արթուրը հասավ, որ ոտքերի տակ ճխլի: Զգալով ինձ սպառնացող վտանգը, իսկույն կողմնորոշվեցի: Արթուրը գալիս էր դեպի ինձ, և աչքերից կայծեր էին թափվում: Ես ծալեցի ոտքերս և երկու ոտքով խփեցի Արթուրի ծնկներին: Նա ետ-ետ գնաց ու մեջքի վրա ընկավ քարերի վրա: Ես վեր կացա, բայց Արթուրն անշարժ էր: Մարմնովս սարսուռ անցավ. չլինի՞ ուղեղի ցնցում ստացավ: Իմ կասկածը հաստատվեց: Անահիտը ճչաց: Ձայնի վրա տղաները հավաքվեցին: Ես փորձում էի արթնացնել նրան: Ռազմիկը վազեվազ ջուր բերեց: Մի քիչ ցանեցինք Արթուրի դեմքին, և նա աչքերը բացեց: Ինձ կանգնած տեսնելով՝ փորձեց վեր կենալ, բայց իզուր: Ես նրա աչքից հեռացա և մեղավորի պես կողքի քաշվեցի: Կարոն թրջոց դրեց խփած մասին: Նա շշմած նայում էր մեզ, և կարծես ուղեղը խառնվել էր:

– Այս անգամ եթե հաջող տեղ հասանք, մաղարիչ եմ անելու,- դժգոհ ասաց Կարոն:

Անահիտը կուչ եկած նստել էր մոտակա քարին: Կես ժամից Արթուրը վեր կացավ և հազիվ կանգնեց տեղում: Կարոն ամուր բռնել էր նրան: Մենք հանգստացանք: Գևորգն իր բերած քեղը վերցրեց, որ ուտի: Ես ձեռքից խլեցի ու սկսեցի մաքրել: Նա մնաց զարմացած.

– Ա՛յ թե բերանս կվերքոտեր:

Բոլորը ծիծաղեցին, ապա սկսեցին մի-մի հատ կլպել, ուտել:

Տեսնելով, որ վտանգն անցել է, Կարոն ասաց.

– Լավ, գնացինք:

Արթուրը կանգնեց ու խոր հայացքով նայեց տղաներին:

– Պատկերացնո՞ւմ եք,- ասաց,- եթե Լևոնը չպաշտպանվեր, ես պատրաստ էի նրան սպանելու:

– Աստված մեծ է,- ասաց Կարոն:

– Իբր դու նրա ձեռքից պրծա՞ր, որ մի հատ էլ սպանես,- ցածր ձայնով ասաց Ռազմիկը:

– Ես մեղավոր եմ,- ասաց Արթուրը,- իսկ Լևոնն իսկապես լավ տղա է:

Եվ նայելով իմ ու Անահիտի կողմը՝ շարունակեց.

– Ներեցեք ինձ, եթե կարող եք:

– Ես մոռացել եմ արդեն:

Տղաները ծիծաղեցին: Բոլորի տրամադրությունը բարձրացավ, իսկ Գևորգը կատակով ասաց.

– Սրանից հետո Լևոնի հետ զգույշ եղեք: Նրա մեջ արթնացել է սերը պաշտպանելու բնազդը:

Մենք ուրախ շարունակեցինք ճանապարհը: Տունդարձի ճամփան մի քանի անգամ դյուրին էր: Մենք քայլում էինք համարյա զբոսնելով: Ջուր էինք խմում բոլոր աղբյուրներից. գուցե վերջին անգամն էր: Ձորակի ձախ լանջին քչքչում էր սառը աղբյուրը, իսկ նրա շուրջը փռված էր հազարագույն ծաղիկների գորգը: Անահիտը վազեց դեպի ծաղիկները: Ես, անտես թելերով կապված, հետևեցի նրան: Շուտով ծաղիկների մի մեծ փունջ կազմեցինք, որի մեջ կային ծիածանի բոլոր գույները: Լվացվեցինք, ջուր խմեցինք, և նկատելով, որ տղաները մի քիչ հեռացել են, գրկեցի Անահիտին, ուժեղ սեղմեցի կրծքիս ու համբուրեցի: Նրա տրամադրությունը բարձրացավ, և արտասանեց.

– Սեր իմ, եղիր անսպառ ու մաքուր
Այս աղբյուրի վճիտ ջրերի պես:
Գեղեցիկ ու չքնաղ եղիր
Այս ծաղկեփնջի ծաղիկների պես:
Թող աշխարհը խաղաղ լինի
Այս սարերի զով ջրերի նման,
Եվ մենք քայլենք համարձակ
Դեպի գագաթը երջանկության:

Թողնելով դրախտի գողտրիկ անկյունը՝ սկսեցինք իջնել: Անահիտը գրկել էր ծաղկեփունջը, և աչքերը երջանկությունից փայլում էին: Մեզ տեսնելով՝ տղաները սկսեցին փսփսալ, իսկ Գևորգը, ապարատը հանելով, կատակեց.

– Ուշադրություն, կնկարեմ:

Ես ու Անահիտը կանգնեցինք իրար կողքի, իսկ ծաղկեփունջը պահեցինք մեր մեջտեղում: Այնուհետև խմբով նկարվեցինք ու ճանապարհվեցինք: Հասնելով Գարետեղի գետին՝ շուռ եկանք դեպի գոմերը: Մեր առաջ փայտ բարձած երկու ձի էին գնում, որոնց ուղեկցում էր մոտ տասը տարեկան մի տղա: Ձիերից մեկի բեռը թափվում էր, և տղան կպել էր ու հազիվ էր պահում: Մենք նկատելով արագացրինք մեր քայլերը և հասնելով ձիերին՝ անմիջապես քանդեցինք կապերն ու նորից լավ բարձեցինք: Տղան շնորհակալություն հայտնեց և վստահ քշեց: Մենք հաջողություն մաղթեցինք և արագ առաջ անցանք: Հասնելով այն վայրը, որտեղ պահել էինք արջի միսն ու մորթին, տեսանք՝ երկու տղամարդ բռնել են իրենց շանն ու հազիվ են պահում: Շունը ձգվում էր դեպի անտառն ու հաչում:

– Չենք կարողանում այստեղից պոկել,- ասաց նրանցից մեկը,- երևի անտառում ինչ-որ կենդանի կա: Ձեզ մոտ հրացան կա՞, մի հատ ստուգեք:

Արթուրն ու Կարոն առանց խոսքի մտան անտառ և մորթին ձեռքներին՝ վերադարձան: Մարդիկ մնացին զարմացած:

– Շունն իմաստուն է, նա մսի հոտն իսկույն զգում է,- ասաց Արթուրն ու պատմեց արջի պատմությունը:

Մենք բացեցինք միսը, որն արդեն տաքացել էր, մի կտոր գցեցինք շան առաջը, մնացածը թողեցինք՝ քամին տա: Երեկոյան զով քամին մսի տհաճ հոտն իսկույն ցրեց: Արթուրը նորից բաժանեց միսը՝ բաժին հանելով նաև շան տերերին: Ամեն մեկս մեր բաժինը վերցրինք ու տեղավորեցինք ուսապարկերում: Մորթին հարմար կապեցինք ու հերթով իրար փոխարինում էինք: Գյուղի կողմից մի ձի երևաց, որին ուղեկցում էր մոտ տասներկու տարեկան մի տղա: Նա սարվորներին հաց էր տանում: Կարոն նայեց տղային ու գլուխը տարուբերեց.

– Այս գյուղացիք հեչ վախ չունեն:

Մենք արագ հասանք քաղաք: Իջնելով տների արանքով՝ հասանք Վաչագանի գետին:

– Վերջապես հասանք,- տրտնջաց Գևորգը:

Անցնելով գետը՝ հասանք տնային լիազոր Շահնազարի տան մոտ: Նրա աչքից բան չէր վրիպում: Դռների մոտ կանգնած էր. կարծես մեզ էր սպասում:

– Ապրեք, երեխեք, արջ էլ եք խփել,- հեգնանքով ասաց նա:

Կարոն դժգոհ մրթմրթաց.

– Կորանք: Վաղը ավագ լեյտենանտը մեր հարցերը կլուծի:

Մի քիչ առաջ անցնելով՝ կանգ առանք: Արթուրը նայեց արջի մորթուն ու ասաց.

– Տղերք, ես մի առաջարկություն ունեմ. ըստ որսորդների օրենքի՝ մորթին խփողներինն է. խփել ենք ես ու Ռազմիկը:

Հետո նայեց Ռազմիկին ու շարունակեց.

– Քո թույլտվությամբ ես այս մորթին նվիրում եմ մեր խմբի հերոսներին՝ Անահիտին ու Լևոնին: Ձեզ բախտավորություն եմ ցանկանում: Եվ որպեսզի Անահիտը շահագրգռված լինի, մորթին տանում ենք Լևոնենց տուն:

Այս ասելով՝ մորթին դրեց մեջտեղում և բարի գիշեր մաղթելով՝ թեքվեց դեպի իրենց տուն: Գևորգն օգնեց ինձ մորթին տեղ հասցնելու: Ճանապարհին՝ քարափի վրա կանգնած սպասում էր Անահիտի մայրը: Նա մեզ ընդառաջ վազեց և ձեռքը գցելով աղջկա վզով՝ ասաց.

– Ա՛յ բալա, ախր փորներս փտեց, ինչո՞ւ ուշացաք:

Մենք բարի գիշեր մաղթեցինք ու շարունակեցինք գնալ: Մայրս բակում կանգնած մեզ էր սպասում: Մտանք տուն, մորթին դրեցինք հատակին և ազատ շունչ քաշեցինք:

– Համա թե պրծանք հա՛,- ասաց Գևորգը:

Հայրս նայեց արջի մորթուն և ծաղրական ասաց.

– Ա՛յ տղա, էս դատարկ ձեռով արջ ե՞ս խփել:

Գևորգը չդիմացավ, կծեց.

– Ու եղնիկ:

– Հա, այդ եղնիկի մայրը հինգ անգամ եկել է մեր տուն. կարծես աղջկան պահել էինք: Գոնե ողջ-առողջ ե՞ք բերել:

Եվ չսպասելով պատասխանի՝ շարունակեց.

– Զարմանում եմ նրա հոր վրա, թե ո՛նց է անչափահաս աղջկան թողել տղաների հետ:

Գևորգը նորից կատակեց.

– Այսպիսի արծիվների հետ կարելի է թեկուզ մի խումբ աղջիկների թողնել:

Ես բոթեցի նրա կողը, և նա ծիծաղելով դուրս թռավ, ես էլ՝ հետևից: Մի քիչ դրսում ծիծաղեցինք և բարի գիշեր մաղթելով՝ բաժանվեցինք:

Հաջորդ օրը ամբողջ խմբով կանգնած էինք թաղային լիազոր, ավագ լեյտենանտ Խաչատրյանի գրասենյակում: Նա գլուխը թղթապանակից բարձրացրեց, մեզ ոտքից գլուխ չափեց ու ասաց.

– Դե, հերոսներ, պատմեք տեսնեմ՝ ոնց եք խփել արջին, որի որսը արգելված է:

– Իսկ արջին զգուշացրե՞լ եք, որ մարդ ուտել չի կարելի:

Բոլորը ծիծաղեցին, իսկ Խաչատրյանը պահանջեց պատմել եղելությունը: Մենք պատմեցինք, թե ինչ պայմաններում ենք խփել: Խաչատրյանը զարմացավ:

– Այդպիսի դեպքերում ակտ են կազմում, միսը վաճառում են, իսկ մորթին հանձնում են պետությանը,- ասաց նա:

Կարոն համբերությունից դուրս եկավ.

– Ուրեմն մենք, արջի բերանից մի կերպ պրծնելով, սպանենք, իսկ միսը ուրիշներն ուտե՞ն: Ա՛յ տեսնո՞ւմ եք այս ջահել զույգին. հիմա նրանք չէին լինի, եթե արջին չսպանեինք:

Նա մատնացույց արեց ինձ ու Անահիտին, որ իրար կողքի կանգնած էինք: Ավագ լեյտենանտը թաղի տղաներին անգիր գիտեր: Նա փափկեց.

– Գոնե մորթին բերեք, ակտ կազմենք:

– Մորթին նվիրել ենք երիտասարդ զույգին, որ միշտ հիշեն իրենց ճանապարհորդությունը:

– Ա՛յ միսը հաստատ կուտեք,- ասաց Արթուրը:

Մի ժամից տասը կիլոգրամ միսը ավագ լեյտենանտի գրասենյակում էր: Մենք տուն գնացինք: Այսպես վերջացավ մեր ճանապարհորդությունը…

Անցան տարիներ: Ես, բազմոցին նստած, լրագիր էի կարդում, իսկ Անահիտը շոր էր արդուկում: Հատակին փռած արջի մորթու վրա խաղում էին երեխաներս՝ որդիս ու դուստրս:

– Հայրիկ, այս արջի մորթին որտեղի՞ց է,- հարցրեց տղաս՝ Կարոն:

Ես պատմեցի մեր ճանապարհորդության մասին դեպի «Սուրբ եկեղեցի»: Կարոն աղերսագին հարցրեց.

– Ինձ էլ կտանե՞ս Խուստուփ:

– Իհարկե,- ասացի ես,- միայն թե մի քիչ մեծացիր:

Երեխաները շարունակեցին իրենց խաղը: Ես նայեցի Անահիտին, և մենք ժպտացինք…

ՀՈՒՇԵՐ

Թռչունների աշխույժ երգն արթնացրեց ինձ: Արևի շողերը շոյում էին դեմքս: Ես ձգվեցի և հորանջելով վեր կացա: Խոհանոցից լսվում էր ափսեների ձայնը. կինս ձվածեղ էր պատրաստում: Արագ հագնվեցի, սափրվեցի ու տեղավորվեցի սեղանի մոտ: Անհամբեր սպասում էի նախաճաշին: Տեսա՝ ուշանում է, սկսեցի բողոքել.

– Ուտել եմ ուզո՜ւմ, ուտել եմ ուզո՜ւմ…

Կինս եկավ՝ բեռնված սկուտեղը ձեռքին: Դրեց սեղանին և ինձ համբուրելով՝ ասաց.

– Թրաշդ անուշ:

– Շնորհակալություն,- պատասխանեցի ես և հարձակվեցի ուտելիքի վրա:

– Հանգիստ, Արմո ջան, ձեռքիցդ առնող չկա:

– Շտապում եմ, այսօր ամեն ինչ պետք է հասցնեմ:

Կինս մի թղթի կտոր խցկեց գրպանս ու ասաց.

– Հաջողության դեպքում այս ցուցակի պարունակությունը կառնես:

Վերջացնելով՝ համբուրեցի կնոջս և շտապ դուրս եկա: Ներսից լսվեց որդուս` Վարդանի ձայնը.

– Հայրիկ, այդ ո՞ւր ես գնում:

Մայրը գնաց երեխայի մոտ, իսկ ես պոկվեցի:

Ընդունարանում դիմավորեց կառավարչի քարտուղարուհին.

– Ի՞նչ կա այսպես շուտ:

– Հորս մահվան տարելիցն է, պետք է արձակուրդ վերցնեմ:

– Կառավարիչը տեղում է, կարող եք մտնել:

Դիմումը ձեռքիս՝ մտա ներս: Կառավարիչը գլուխը բարձրացրեց, նայեց ինձ ու նորից խոնարհվեց թղթերի վրա: Մոտեցա, բարևեցի և գլխիկոր կանգնեցի նրա դիմաց: Նա գլուխը բարձրացրեց, զննող հայացքով նայեց ինձ ու հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

Առանց խոսքի դիմումս դրեցի սեղանին: Վերցրեց թուղթը և բարձրաձայն կարդաց.

– Հորս մահվան տարելիցի կապակցությամբ խնդրում եմ տալ հերթական արձակուրդը:

Մեղավորի պես նայում էի կառավարչի աչքերին:

– Ի՞նչ արած,- հազիվ արտաբերեց նա,- եթե հարցը վերաբերում է ծնողներին, պարտավոր ենք ընդառաջել:

Նա մակագրեց և սեղմեց կոճակը: Ներս մտավ գլխավոր հաշվապահը:

– Անմիջապես հաշվարկ կատարեք և ներկայացրեք օրդերը:

Հաշվապահը գլխի շարժումով հաստատեց ու հեռացավ: Կառավարիչը գլուխը բարձրացրեց, խոր հայացքով նայեց ինձ ու ասաց.

– Ես հարգում եմ քեզ, բայց շինարարության այս թեժ պահին աշխատանքը թողնելը հավասարազոր է հանցագործության:

Ես մեղավորի պես հայացքս իջեցրի հատակին.

– Ներեցեք, ընկեր Բարսեղյան, տարելիցի օրը չի կարելի հետաձգել:

– Դե լավ, մի՛ նեղացիր, կատակ արեցի:

Դուռը բացվեց, ներս մտավ հաշվապահը: Օրդերը դրեց կառավարչի առաջ ու հեռացավ: Նա ստորագրեց թուղթը և մեկնեց ինձ:

– Դե, բարի ճանապարհ: Թթի օղի խմելիս ինձ չմոռանաս:

Ես հրաժեշտ տվեցի և դուրս եկա: Քարտուղարուհին ժպտալով հարցրեց.

– Հը՛, գործերդ ո՞նց են:

– Առայժմ շատ լավ, մնաց՝ փողը ստանամ:

– Գանձապահը հենց նոր մտավ խցիկ:

Ես մոտեցա և լուսամուտը թակեցի:

Գանձապահը բացեց ու վերցրեց թուղթը: Փողը ստացա և ուրախ-ուրախ դիմեցի դեպի խանութները: Գնելով անհրաժեշտ ամեն ինչ՝ վերադարձա տուն: Կինս անհամբեր սպասում էր:

– Լավ է եկար, ես էլ վերջապես շորերդ դասավորեցի, վերջացրի:

– Գնացքը ճանապարհվում է ժամը 20-ին. դեռ ժամանակ շատ կա:

Երբ երեխաները դպրոցից եկան, կինս ասաց.

– Որ իմանաք` ի՜նչ եմ պատրաստել:

– Խինկալի՜,- միաբերան գոչեցին երեխաները:

– Ի՞նչ իմացաք:

– Մենք արդեն հետախուզել էինք:

– Դե, նստեք:

Բոլորս հաճույքով կերանք ու վեր կացանք: Ճամպրուկս արդեն պատրաստ էր: Երեխաները հերթով մոտեցան, համբուրեցին ինձ: Հետո կինս մոտեցավ ու կանգնեց դիմացս: Փոքր տղաս, որն աչքի էր ընկնում իր չարաճճիությամբ, ասաց.

– Դե էլ ի՞նչ եք սուրբ ձևանում, համբուրվեք:

– Իմ կողմից ներողություն կխնդրես մայրիկից և բոլորիս փոխարեն թութ կուտես: Անտառ գնալիս զգույշ կմնաս,- ասաց կինս:

Ես վերցրի ճամպրուկս և դուրս եկա:

Երևանի կայարանը մարդաշատ էր: Մարդիկ՝ որը նստած, որը կանգնած, որը պայուսակն ուսին, տարբեր ապրանքներ էին վաճառում: Տեղ-տեղ խմբերով կանգնած՝ աշխույժ զրուցում էին: Տոմսարկղերից միայն մեկն էր բաց: Ցուցանակից պարզվեց, որ միայն ընդհանուր վագոնում տեղ կա: Տասանոցը դնելով անձնագրիս մեջ՝ մոտեցա տոմսավաճառին.

– Լավ տղաների համար տեղ կա՞:

Նա վերցրեց անձնագիրս, բացեց և տասանոցն աննկատ սահեցրեց դարակի մեջ: Այնուհետև գլուխը բարձրացնելով՝ ասաց.

– Դե, լավ տղա ես, ստացիր:

Տոմսը դնելով գրպանս՝ ուզում էի հեռանալ, երբ թիկունքից լսեցի մեկի հանդիմանական ձայնը.

– Ես էլ եմ լավ տղա, մի տո՛մս տվեք:

– Քո լավ լինելը չի երևում:

Երիտասարդը հասավ հետևիցս և աղերսագին խնդրեց.

– Խնդրում եմ, ասեք, ի՞նչ անեմ, որ տոմս ստանամ:

– Մի տասանոց դիր անձնագրիդ մեջ և տուր իրեն:

Շուտով երիտասարդն ուրախ-ուրախ հեռացավ տոմսարկղից: Անցնելով ընդհանուր սրահը՝ մտա սպասասրահ: Նստարանները բոլորը զբաղված էին, բացի առաջին շարքի աջ կողմի նստարանից: Մարդիկ նստած էին երկուսով, երեքով, նույնիսկ չորսով, պայուսակները ծնկներին կամ երկուսի արանքում, իսկ ճամպրուկները դրված էին հատակին: Սրահում ժխոր էր: Ոմանք հաց էին ուտում, ոմանք թուղթ էին խաղում, ոմանք էլ՝ տաք-տաք զրուցում: Տարբեր շարքերում նստած երկու երիտասարդ նկարում էին: Ես տեղավորվեցի նստարանին և ճամպրուկս դրեցի դիմացս: Քանի որ մենակ էի, շուտով խորասուզվեցի մտքերի մեջ: Ականջովս ընկավ երկրորդ շարքի նստարանին նստած երկու կանանց խոսակցությունը.

– Այսօր գործերս անհաջող էին: Մի աղքատ շինարար հանդիպեց: Տարավ, ամբողջ օրը զբաղեցրեց ու չնչին գումար տվեց:

– Աղջի՛, իմ գործը շատ հաջող էր: Ցայտաղբյուրից ջուր էի խմում, մեքենան թափով արգելակեց: Ես ակամայից շուռ եկա: «Քսանչորսի» միջից մի սիրուն տղա գլուխը հանեց ու ժպտալով ասաց.

– Գեղեցկուհի՛, խոդավոյդ շատ դուրեկան է, ո՞ւր կհրամայեք տանել:

– Ուր ուզում եք:

Նա ուրախ դուրս եկավ մեքենայից, դուռը բացեց, «Համեցե՛ք» ասաց ու նստեց ղեկին: Մեքենան սլացավ դեպի Առաջին մաս: Շուտով մտավ մի բակ, որտեղ իրար հետևից շարված էին չորս պահեստային մասնաշենքեր: Մենք կանգնեցինք առաջինի դիմաց, իջանք ու մտանք պահեստ: Շարքով կախված էին արտասահմանյան հագուստներ՝ մեկը մեկից գեղեցիկ: Նա ձեռքը գցեց վզովս ու ասաց.

– Ընտրիր, որը կուզես:

Կուզենայի բոլորն էլ վերցնել, բայց անհարմար զգացի: Ագահությամբ նայում էի գեղեցիկ մուշտակներին, վերարկուներին, շրջազգեստներին, շապիկներին: Վերջապես ընտրեցի երկնագույն ծաղիկներով շրջազգեստը: Մենք ճաշեցինք հարևան պահեստապետի հետ: Շատ լավ տղա էր: Նա ինձ խնդրեց, որ իր համար էլ մեկին գտնեմ: Քեզ նկատի ունենալով՝ խոստացա, որ մյուս անգամ միասին կգնանք…

Ես լսում էի ու մտածում. «Մարդիկ ապրուստի հեշտ միջոց են գտել»:

Մեկը ձեռքը դրեց ուսիս: Ես գլուխս բարձրացրի և տեսա այն երիտասարդին, որը նկարում էր: Նա թուղթը մեկնեց ինձ. ես էի պատկերված:

– Քեռի՛, կցանկանա՞ք Ձեր նկարը գնել:

– Ի՞նչ արժե:

– Տասը ռուբլի:

Ոչ այնքան փողի համար, որքան այն բանի, որ նկարս ուրիշի ձեռքին չմնա, ես վճարեցի ու վերցրի: Գնացքն արգելակեց և կանգ առավ ուղիղ սպասասրահի առջև: Բոլորը տեղից վեր կացան և խառնաշփոթ առաջացնելով՝ շարժվեցին դեպի դուրս: Մարդիկ հրմշտում էին իրար, խցկվում դռների արանքը և միմյանց վիրավորելով՝ դուրս էին նետվում մեկուկես մետր լայնություն ունեցող դռնից` անիծելով դրա պատրաստողին: Ես նայում էի այս տեսարանին ու մտածում, թե ե՛րբ պետք է մեր հայերը քաղաքավարություն սովորեն, իրար հարգեն և մոռացության տան անտեղի ասվող վիրավորական խոսքերը: Երբ բոլորը դուրս եկան, վերցրի ճամպրուկս և գնացի դեպի անիծված դուռը: Պարզվեց, որ ամենևին էլ նեղ չի. հանգիստ դուրս եկա: Դռան մոտ կանգնած հերթապահը հետևիցս մրմնջաց.

– Երանի բոլորը սրա նման լինեն:

Ուշադրությունս գրավեց վագոնի մոտ կանգնած կինը, որը կարծես ուղեկցորդի հագուստը հագել էր իր գեղեցկությունը ծածկելու համար: Նա իր սև, խոշոր աչքերով ու ծիծաղկոտ դեմքով մագնիսական դաշտ էր ստեղծում: Ես ակամայից ընկա այդ դաշտի մեջ և անզոր ինքս ինձ տիրապետելու՝ գնացի ուղիղ տիկնոջ կողմը: Արթնացա այն ժամանակ, երբ լսեցի նրա հմայիչ ձայնը.

– Սիրելիս, Ձեր տոմսը:

Անսպասելի ձայնից շիվարած՝ սկսեցի գրպաններս քրքրել: Տիկնոջ անբռնազբոսիկ քրքիջն ինձ ավելի մոլորեցրեց:

– Մի՛ շտապեք, կարող եք այստեղ սպասել մինչև գնացքի ճանապարհվելը:

Ես հազիվ գտա տոմսս և մեկնեցի տիկնոջը: Նա նայեց ու վերադարձրեց՝ մի սուր հայացք նետելով իմ անմեղ դեմքին: Մտնելով վագոն՝ դռան կողքին հազիվհազ նկատեցի «3» թվանշանը: Պարզվեց, որ պատահաբար ճիշտ իմ վագոնն եմ ընկել: Մտնելով խցիկս՝ տեսա, որ առաջինն եմ: Նստեցի ու սկսեցի ինքս ինձ վրա ծիծաղել: Այդ պահին ներս մտան մի երիտասարդ ու մի գեր կին՝ երկուսն էլ ճամպրուկներով ծանրաբեռնված: Տիկնոջ ձեռքին մի ճամփորդական պայուսակ էլ կար, որից չէր ուզում բաժանվել: Նա իր անբաժան պայուսակի հետ նստեց սեղանի մոտ, իսկ երիտասարդը սկսեց ճամպրուկները դասավորել: Չանցած մի քանի րոպե՝ կինը բացեց պայուսակն ու սկսեց սեղան գցել: Երշիկ, ձկան պահածո, թխվածքաբլիթ, թթվասեր, կագոր գինի ու պեպսի-կոլա. այս բոլորը շարեց սեղանին և հարձակվեց ուտելիքի վրա՝ առանց որևէ մեկին հրավիրելու: Նա ագահաբար կերավ սեղանի պարունակությունը, մի թեյի բաժակ գինի խմեց և պեպսի-կոլան առանց բաժակի մեջ լցնելու քաշեց գլուխը: Որդին, մոր արարքից անհարմար զգալով, դուրս էր եկել միջանցք: Երբ վերջացրեց, որդուն կանչեց.

– Կո՛լյա, իջի՛ր, երկու հատ ջերմո՛ւկ բեր:

Որդին առանց առարկելու իջավ: Շուտով մտավ չորրորդ ուղևորը` մի պատկառելի ծերունի: Նա բարևեց և պատասխանը ստանալով՝ տեղավորվեց: Ներս մտավ Կոլյան և հանքային ջրի շշերը դրեց սեղանին: Տիկինը վերցրեց դրանցից մեկը և բացելով սկսեց կոնծել: Հետո դատարկ շիշը դնելով սեղանին՝ ինքնագոհ մեկնվեց տեղաշորին: Ծերունին զարմացած նայեց նրան՝ զսպելով հանդիմանելու ցանկությունը: Բոլորս խաղաղվեցինք: Լսվեց բարձրախոսի ձայնը.

– Հարգելի՛ քաղաքացիներ, հինգ րոպեից մեկնում է Երևան-Ղափան գնացքը: Ուղևորները գրավեն իրենց տեղերը:

Կառամատույցին սպասող երիտասարդ զույգերը հրաժեշտ տվեցին իրար: Գնացքը շարժվեց: Հեռվից մի երիտասարդ վազելով հասավ և ընթացքի ժամանակ մի կերպ թռավ մտավ վագոն: Լսվեց գեղեցկուհու հանդիմանական ձայնը.

– Հարկավոր է ժամանակին գալ:

– Ապուշը տոմս չէր տալիս, դրա համար ուշացա,- արդարացավ երիտասարդն ու առաջ անցավ:

Բնակավայրերը հերթով անցնում էին՝ իրենց լույսերով լուսավորելով մեր խցիկը: Շուտով վառվեցին նաև ներսի լապտերները: Բոլորիս դեմքերը պայծառացան: Ներս մտավ ուղեկցորդուհին.

– Ձեր տոմսերը:

Ուղևորները սկսեցին քրքրել գրպանները: Ես նոր նկատեցի նրա ձիգ ոտքերն ու սլացիկ հասակը: Խոսելիս այտերը նկատելիորեն շարժվում էին: Աջ այտի սև խալը դեմքն ավելի արտահայտիչ էր դարձնում: Հափշտակված նրա գեղեցկությամբ՝ ես էլի մոռացա տոմսս ցույց տալ: Նա կանգնեց ուղիղ իմ դիմաց և ածխի նման սև ու կլոր աչքերը մեխելով ինձ վրա՝ ասաց.

– Էլի մոռացա՞ր:

Ես կարծես այդ պահին զգացի նրա ներկայությունը և ձեռքս տարա գրպանս:

– Պետք չի,- հազիվ լսելի ձայնով ասաց նա և դուրս գնաց:

Ծերունին զգուշորեն սկսեց հարցաքննել ինձ.

– Երիտասա՛րդ, ո՞ր բնագավառում եք աշխատում:

– Շինարարության:

– Ո՞վ է ձեր նախարարը:

– Սահակյանը:

– Դուք նրան դեմքով ճանաչո՞ւմ եք:

– Բախտ չի վիճակվել հանդիպել:

– Համարեք, որ նա Ձեր առջև է,- և ձեռքը պարզեց,- Սահակյան:

Ես սեղմեցի նրա ձեռքը և ներկայացա.

– Խալաֆյան:

– Ծանոթ ազգանուն է: Դուք Աբովյանո՞ւմ եք աշխատում:

– Այո:

– Ես Ձեզ հիշեցի: Շուտով Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան կստանաք:

– Շնորհակալություն:

Այնուհետև տարբեր հարցեր քննարկեցինք: Ծերունին նայեց ժամացույցին:

– Դե, ժամանակն է, ես քնեմ:

Ես էլ հանվեցի ու պառկեցի ազատ մնացած թախտին: Գեր կինն անտանելի խռմփացնում էր: Չնայած դրան՝ շուտով քնեցի և երազ տեսա: Ես ու Նեկտարը (ուղեկցորդուհու անունն էր) դուրս եկանք վագոնից և հասանք կանգառ: Սպիտակ «Գազ քսանչորսն» արգելակեց, և դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ: Նա բացեց ետևի դուռը և հրավիրեց նստելու: Մեքենան սլացավ դեպի Առաջին մաս: Անցանք խաչմերուկն ու թեքվեցինք ձախ: Կանգ առանք էլեկտրաենթակայանի մոտ: Դռան վրա պատկերված էր մարդու չոր գանգ, իսկ հետևի կողմը մոտ հինգ հարյուր քառակուսի մետր ցանկապատված էր: Ներսում սյուներ էին տնկված և լարերով իրար միացրած: Նայողը չէր պատկերացնի, որ դրանց տակ հրաշք է կատարվում: Նեկտարը սեղմեց կոճակը, և դուռը բացվեց: Մենք ներս մտանք ու սկսեցինք իջնել հասարակ սանդուղքներով: Նոր դուռ երևաց: Նեկտարը մոտեցավ, կանգնեց պատին ամրացված փոքրիկ ռադիոյի դիմաց և արտասանեց ազդանշանը: Դուռը բացվեց, հայտնվեց վերելակը, և մենք նստեցինք ու սլացանք դեպի ստորերկրյա աշխարհ: Երբ վերելակի դռները բացվեցին, մենք անմիջապես մտանք մի դահլիճ, որի պատերը զարդարված էին ամենատարբեր գեղեցիկ տեսարաններով: Առաստաղը կամարաձև էր: Տղամարդիկ իրենց ուսերին կրում էին աստղազարդ երկնակամարը, իսկ կանայք գրկել էին նրանց մեջքերը: Նրանց արանքում անհոգ խաղում էին երեխաները: Դահլիճն ուներ մոտ յոթ մետր բարձրություն: Առաստաղի կենտրոնից կախված էր մի հսկայական ջահ, իսկ պատերի վրա տեղադրված էին գույնզգույն լամպեր: Վերելակից աջ տեղավորվել էր երաժշտախումբը: Հակառակ կողմում խոհանոցն էր՝ իր սպասարկող անձնակազմով: Դահլիճում իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված էին մարմարյա սեղաններ, որոնք հենվում էին կռացած ստրուկների մեջքին: Յուրաքանչյուր սեղանի շուրջը դրված էր չորս աթոռ, որոնցից երկուսը տղամարդկանց համար էին, երկուսը` կանանց: Դրանք տարբեր նախշեր ու ձևավորում ունեին. անծանոթն իսկույն կնկատեր, թե որն է կանանցը, որը` տղամարդկանցը: Դահլիճը բզզում էր մեղվի փեթակի պես: Սեղանների շուրջը նստած էին զույգերը, իսկ նրանց արանքում թիթեռների նման թռչկոտում էին սպասարկող գեղեցկուհիները: Սեղանների վրա դասավորված ճաշատեսակների մեջ ես տեսա ամենահամեղ ուտեստները, որոնց բուրմունքից արբենում էիր: Մեկ-մեկ վեր էի թռչում շամպայնի պայթյունից: Խմիչքից միայն շամպայնը ճանաչեցի, մնացածն անծանոթ էր: Հանկարծ լույսը մարեց, և դահլիճը ողողվեց գունավոր ճառագայթներով: Հնչեց երաժշտությունը, և զույգերը սկսեցին պարել: Այդ ընթացքում ոմանք հեռանում էին դահլիճից: Լույսերը վառվեցին, և դահլիճում հայտնվեց գեղեցիկ հագնված, բարձրահասակ, քառասունին մոտ մի տղամարդ: Նեկտարը վեր թռավ.

– Հիմա քեզ կբռնեն, շուտ հետևի՛ր ինձ:

Նա սլացավ դեպի ելքի վերելակն ու սեղմեց կոճակը. մենք նստեցինք և մի քանի վայրկյանից հայտնվեցինք երկրի մակերևույթին: Վարորդն իսկույն բացեց դուռը:

– Նստե՛ք,- շտապեցրեց Նեկտարը:

Մեզ հետապնդող երկու երիտասարդներն ատրճանակներն ուղիղ մեզ վրա պահեցին.

– Կանգնե՛ք:

Մեքենան տեղից պոկվեց ու սլացավ դեպի կայարան: Լսվեցին կրակոցներ:

– Լա՛վ պրծանք,- գոչեց Նեկտարը:

Երբ հասանք կայարան, Նեկտարը հրաժեշտ տվեց վարորդին, և երկուսով ուղղվեցինք դեպի գնացքը: Գնացքի ուժգին արգելակումից գլուխս խփեցի պատին: Արթնացա և հասկացա, որ այդ ամենը երազ էր: Լսվեց ուղեկցորդուհու թավշյա ձայնը.

– Հինգ րոպեից կհասնենք Մինջևան, պատրաստվե՛ք իջնելու:

Ես իջա թախտից և դուրս եկա միջանցք: Ուղևորները հրմշտելով իջնում էին: Կառամատույցին երևացին զինված սահմանապահները: Նրանք ստուգում էին բոլոր իջնողներին և հսկում կասկածելի մարդկանց: Մոտ մեկ ժամից լսվեց գնացքի շչակի ձայնը: Սահմանապահները գրավեցին իրենց տեղերը: Ամեն երկու վագոնի արանքում մեկական զինվոր կանգնեց: Մարդիկ զգաստացան: Սկսվեց հայ-պարսկական սահմանը: Շուտով հասանք Մեղրու սահմանին: Սահմանապահների մի խումբ, շների կապերը բռնած, կանգնած էր կանգառում: Լուսարձակների լույսը հետախուզում էր ամբողջ գնացքը: Իջնողներին անմիջապես ստուգում էին և նստեցնում ավտոբուս: Հրթիռի կրակոց լսվեց: Մի մարդ փորձում էր անհետանալ թփերի մեջ: Տեսնելով հրթիռի լույսը՝ իսկույն հանեց ատրճանակը: Բայց նույն վայրկյանին շունը նրան գետին տապալեց և սկսեց քրքրել: Վրա հասած սահմանապահը ձեռնակալները հագցրեց և տեղից բարձրացրեց սահմանը խախտողին: Նրան տարան: Գնացքը շարժվեց` ուղևորներին թողնելով տարակուսանքի մեջ: Սկսվեցին սահմանի փշալարերը: Սահմանապահները հսկում էին իրենց հատկացված տեղամասերը: Սահմանի երկայնքով երևաց հերթափոխային խումբը: Փշալարերից այն կողմ հոսում էր Արաքս գետը: Տեղ-տեղ այնքան մոտ էր լինում գնացքին, որ կարելի էր թռչել և գետն անցնել, եթե իհարկե սահմանապահի գնդակը չհասներ: Մյուս ափին պարսիկ սահմանապահներն էին: Նրանց կողմում ոչ մի փշալար չկար. միայն իրարից հարյուր մետր հեռավորության վրա, հողից չորս մետր բարձրությամբ տեղադրված էին դիտակետեր: Ահա մի փոքրիկ պարսկական գյուղ՝ փռված ափից մոտ հիսուն մետր հեռավորության վրա: Ծառերը կարելի էր մատների վրա հաշվել: Ժողովուրդը եռուզեռի մեջ էր: Կանայք, պղնձե սափորները շալակած, գնում էին աղբյուր, իսկ արահետով, որ տանում էր դեպի բարձունք, մի ծերունի էշին նստած բարձրանում էր: Նրա ետևից ծուլորեն քարշ էր գալիս գամփռ շունը: Շուտով սահմանը վերջացավ, և երևացին բարձր ժայռերը: Նրանք կախված էին երկաթգծի վրա՝ սպառնալով ջախջախել գնացքը, բայց նման բան երբեք չեմ լսել: Երևում է՝ շրջիկ քարագնացները լավ են աշխատում: Գնացքի առաջամասն անհետացավ ժայռերի ծոցում: Մի քանի վայրկյանից մենք նույնպես մտանք թունել: Իսկույն վառվեցին լույսերը: Դա կրկնվեց մի քանի անգամ, մինչև որ վերջնականապես լույս աշխարհ դուրս եկանք: Հեռվից երևաց պղտոր գետը, որը շտապում էր Արաքսի գիրկը: Քաջարանից եկող Ողջի գետն էր, որը դարեր շարունակ ծառայել էր մարդկանց իր մաքուր ջրերով և կարմրախայտ ձկով: Բայց վերջացան նրա ուրախ օրերը և սկսվեցին սգինը: Քաջարանում կառուցեցին հարստացուցիչ գործարան, որի մնացորդները թափվում էին գետը: Զուլալ ջրերը պղտորվեցին` իրենց ճամփին վերացնելով ամեն բարիք: Մարդիկ զրկվեցին իրենց այգիներից, դադարեցին ճաշակել կարմրախայտ ձկան համը: Նայում եմ ու մտածում. մի՞թե այդ գործարանն այնքան օգուտ տվեց մարդկանց, ինչքան որ վնաս պատճառեց նրանց: Մինչ մտորումների մեջ էի, բավականին ճանապարհ անցանք և հասանք կամրջին, որի ներքո հոսում էին Գեղանուշ գետի զուլալ ջրերը և միախառնվում Ողջի գետի պղտոր ջրերին: Պարզվում է, որ գործարանն ապականել էր նաև Գեղանուշի ջրերը: Գնացքը սկսեց տեղապտույտ կատարել: Փնչացնելով մի կերպ հաղթահարեց վերելքը և հայտնվեց կայարանում: Կառամատույցին սպասողներն իրար անցան: Ոմանք փորձում էին ներս խցկվել՝ ստեղծելով արհեստական խցանում: Ավելի հասկացողները մոտենում էին լուսամուտներին և խոսում իրենց հարազատների հետ, մինչև միջանցքը բացվեր: Գնացքի ուղևորները սկսեցին իրար հրմշտելով իջնել: Ես ու ընկեր Սահակյանը համբերությամբ սպասում էինք: Տաքսու վարորդները բարեխոսելով իրար ձեռքից փախցնում էին հաճախորդներին: Մարդկանց մի խումբ մի կողմ էր քաշվել ու տաք-տաք վիճում էր գործարանի մասին: Մի փոքրիկ աղջիկ, գրկին ծաղիկներ, վազում էր զույգերին ընդառաջ և առաջարկում գնել: Վերջապես միջանցքն ազատվեց: Ես ու ընկեր Սահակյանը վերցրինք մեր ճամպրուկները և շարժվեցինք դեպի ելքը: Աստիճանների դիմաց կանգնած էր Նեկտարը` ժպիտը դեմքին: Մենք շնորհակալություն հայտնեցինք ու հրաժեշտ տվեցինք: Այդ պահին մի երիտասարդ մոտեցավ Սահակյանին, ձեռքը տարավ ճամպրուկին և կարմրելով ասաց.

– Ներեցեք, Դուք Սահակյա՞նն եք:

– Այո:

– Համեցեք, մեքենան Ձեզ է սպասում:

Ես մնացի մենակ: Հայացքով ծանոթ մարդ էի փնտրում: Մեկը հետևից ձեռքը դրեց ուսիս: Շուռ եկա, տեսա՝ Փարավոնն է:

– Հը՛, գյուղ ես գնո՞ւմ,- հարցրեց նա:

Շրջկոմի քարտուղարի վիլիսն էր քշում: Մեր գյուղացի էր և իմ ավագ ընկերը: Գրկախառնվելուց հետո առաջարկեց նստել մեքենան: Նա սլացավ դեպի Գեղանուշ: Երկաթգիծն անցանք: Ճանապարհի եզրին նստած մարդիկ վեր կացան տեղերից ու մոտեցան մեքենային: Մեքենան մտավ տների արանքով և հասավ զառիվերին: Փարավոնի համար դա խաղուպար էր: Նա վարում էր առանց արագությունը փոխելու, կարծես հարթ տեղով էր գնում: Վերելքը հաղթահարեց և դուրս եկավ հարթ ճանապարհ, որի երկու կողմում ծխախոտի պլանտացիաներ էին:

– Ո՞նց են այս բերրի հողը փչացնում,- նկատեց Փարավոնը:- Այստեղ կարելի է պոմիդոր, վարունգ, սեխ, ձմերուկ ցանել, և ամբողջ գյուղին կհերիքի: Առանց այն էլ հող չունենք:

– Ո՞վ է հաշվի առնում որ,- նկատեց մի ծերունի:

Այսպես հողի հոգսով տարված՝ հասանք գյուղի մոտի աղբյուրին, ու մեքենան կանգնեց:

– Ջուր խմեք,- առաջարկեց վարորդը:

Մենք դուրս թափվեցինք մեքենայից, մի քիչ մաքուր օդ շնչեցինք, ջուր խմեցինք ու նորից նստեցինք: Մի քանի րոպեից հասանք գյուղ: Մեքենան կանգ առավ գրասենյակի բակում: Հավաքված մարդիկ իրար խառնվեցին և մոտեցան ավտոմեքենային:

– Փարավոն, սպասիր, մի անեկդոտ ասա,- խնդրեց մոտ եկող երիտասարդը:

– Կորե՛ք, խայտառակիչնե՛ր,- դժգոհ նետեց վարորդը և գործի գցեց շարժիչը:

Մեքենան հռնդալով հաղթահարեց վերելքը և ծխախոտի չորանոցի մոտով մտավ մեր այգին: Մայրս դիմավորեց, գրկախառնվեցինք, հետո վարորդին ներս հրավիրեց:

– Ես էլ հենց դրան էի սպասում,- ասաց Փարավոնը:- Մածունի ախորժակ ունեմ:

 Կարոտս առնելուց հետո նստեցինք թթենու տակ դրված սեղանի շուրջը: Հարսը թարմ մածուն բերեց, խնոցու կարագ և լավաշ: Մայրս նայեց մեզ ու խոր հոգոց հանելով՝ ասաց.

– Հիմա իմ Աշոտն էլ էստեղ կլիներ:

– Այո,- մրմնջաց Փարավոնը,- լավ տղա էր, ափսոս, որ զոհվեց: Քո Արամայիսին հենց դրա համար եմ հարգում, որ նման է Աշոտին ու խելոք է:

Փարավոնը բարձրացրեց բաժակը և հիշելով զոհվածներին՝ խմեց: Կուշտ կերանք ու վեր կացանք:

– Դե, շնորհակալություն, Փառանձեմ մորաքույր: Թող կովերի կաթը չցամաքի:

– Անուշ լինի,- պատասխանեց մայրս ու հայացքով ճանապարհեց Փարավոնին:

Մեքենան արագություն վերցրեց ու սլացավ վար: Մայրս աթոռը մոտ քաշեց ու նստեց:

– Դե, պատմիր տեսնեմ. երեխաները ո՞նց են, ինչո՞ւ Վերժինեն չեկավ:

– Երեխաները լավ են, իսկ Վերժինեին արձակուրդ չտվեցին:

Այդ պահին լսվեց դարպասի ճռինչը. ներս մտավ խոտով բարձած մի ձի, հետևից էլ՝ եղբայրս` Յուրիկը, ու նրա երեխաները՝ տասը տարեկան Լևոնը, յոթ տարեկան Փառանձեմն ու հինգ տարեկան Լուսինեն: Ինձ տեսնելով՝ շրջապատեցին ու սկսեցին աղաղակել: Ես հերթով համբուրեցի, ապա դարձանք դեպի ձին: Ա՛յ քեզ զարմանք. Աիդան արդեն ձին բեռնաթափել էր և պարանն էր ծալում:

– Բա՜, հրեղեն է,- նկատեց եղբայրս,- իմ աջ թևն է:

– Շատ չե՞ս գովում,- կատակեց կինը:

– Դանակը բեր,- լսվեց եղբորս ձայնը:

Հարսը մի բուռ գարի ցանեց ու հավերին կանչեց: Լևոնը բռնեց ամենամեծ աքլորն ու տվեց հորը: Եղբայրս թևերը ծալեց, դրեց ոտքի տակ ու դանակը վերցրեց: Զգալով, որ մորթում են, հավերն սկսեցին կչկչալ և թռչկոտելով հարձակվել եղբորս վրա: Քիչ էր մնում աչքերը հանեին: Մի կերպ քշեցինք, և դանակն իր գործն արեց:

– Աիդա, վերցրու եփիր: Մենք իջնում ենք գերեզմանատուն, ետ գանք:

Գերեզմանատունը մեր տան մոտ էր: Գյուղի կողմից մոտ երկու մետր քարե պարիսպ էր բարձրանում: Մենք իջանք մինչև դարպասը և ներս մտանք: Պարսպից տասնհինգ մետր այն կողմ կանգնած էր հսկա եկեղեցին, որի անմիջապես բակում վեր էին խոյանում երկու հայելափայլ արձան. մեկը՝ սպիտակ, մյուսը` սև: Վաճառական Խաչատուրի և նրա կնոջ հուշարձաններն էին: Մենք նայեցինք և սկսեցինք բարձրանալ մեր ազգի «թաղամասով»: Ահա տատիս հուշարձանը, հորեղբորս, պապերիս հուշարձանները: Հաջորդը սպիտակ մարմարից մի գեղեցիկ կնոջ կիսանդրի էր. մահացել էր անհաջող ծննդաբերությունից: Հետո վեր էր խոյանում գրանիտե սալաքարը, որի վրա իր ողջ հասակով պատկերված էր մի երիտասարդ տղամարդ: Մեր ազգակից Ռուբենն էր, որը մահացել էր ավտովթարից: Մենք մտանք, խոնարհվեցինք ու մոմ վառեցինք: Հաջորդը հորս գերեզմանն էր. այդտեղ հանգչում էր հայրս իր երկու որդիների հետ: Մեկը զոհվել էր պատերազմում, իսկ մյուսը մահացել էր տասնչորս տարեկանում: Ես նայեցի գերեզմանաքարին և ապշեցի. իմ առջև կանգնած էր անզուգական պատկերներով մի բազալտե հուշարձան: Քարի վերևի մասում պատկերված էր մի ճյուղատարած ծառ, որի տակ կանգնած էր հայր եղնիկը` իր երկու ձագերի հետ. պատկերը շարունակում էր մանրաքանդակ խաչը: Քարն ուղղակի հողից էր բուսել, իսկ դիմացը հորիզոնական դիրքով տեղադրված էր մի սալաքար, որի վրա գրված էր.

«Հայրը՝ Խալաֆյան Սավադ Բալաջայի. ծնվել է հազար ութ հարյուր իննսունվեց թվականին, մահացել է հազար ինը հարյուր ութսուներկու թվականին:

Որդին` Խալաֆյան Աշոտ Սավադի. ծնվել է հազար ինը հարյուր քսանչորս թվականին, մահացել է հազար ինը հարյուր քառասուներեք թվականին:

Որդին` Խալաֆյան Ժորա Սավադի. ծնվել է հազար ինը հարյուր երեսուն թվականին, մահացել է հազար ինը հարյուր քառասունհինգ թվականին»:

Քանդակն ինձ շատ դուր եկավ, և ուրախությունից համբուրեցի եղբորս ճակատը: Նա շիկնեց, և աչքերին արցունքներ երևացին: Մենք մոմ վառեցինք ու հեռացանք գերեզմանից: Մոտ քսան մետր այն կողմ վեր էր խոյանում պատերազմում զոհվածների հուշարձանը՝ կառուցված բազալտե սրբատաշ քարից, որի վրա փորագրված էին բազմաթիվ երիտասարդների ազգանուններ, որոնցից շատերի շուրթերը դեռ չէին էլ ճաշակել սիրած աղջկա հետ համբուրվելու հաճույքը: Դրանից քիչ հեռու իրար կողքի կանգնած էին երկու կիսանդրի. գյուղխորհրդի նախագահն ու իր վարորդն էին, որոնք ավտովթարի զոհ էին դարձել: Մենք շարունակեցինք շրջելով դիտել: Հանկարծ զարմանքից մեխվեցի տեղում: Թարմ շիրմաքարից լրջախոհ դեմքով ինձ էր նայում մի ծանոթ դեմք. ընկերս էր՝ Ռոման: Նա անցյալ տարի ողջ էր և մասնակցեց հորս թաղմանը: Ես նայում էի նրան, ու մտքովս կինոժապավենի նման անցնում էր մեր մանկությունը…
Մի արևոտ օր էր: Առավոտյան գնացի մեր այգին, որը, ինչպես բոլորինը, գտնվում էր գետի ափին: Ռոմայի հորեղբոր այգին մերի հարևանությամբ էր: Այգու դուռը բացվեց, և հանգիստ ներս մտավ ինը տարեկան մի երեխա. Ռոման էր: Նա քաղաքից էր եկել: Մենք գրկախառնվեցինք, հետո բարձրացանք կեռասի ծառը: Բավականին ուտելուց հետո իջանք ու նստեցինք ծառի տակ: Հորեղբոր այգում մարդ չկար, և Ռոման առաջարկեց մտնել ու մի քիչ էլ իրենց այգուց ուտել: Մենք առանց հետին մտքերի գնացինք այնտեղ: Դռան մոտ մի հասած կեռասենի կար. մի երկու հատ համտեսեցինք թե չէ, ձայներ լսվեցին. Ռոմայի հորեղբոր տղաներն էին: Վախից դուրս եկանք ու մտանք հարևան այգին, որն անտեր էր: Այդ պահին մի քար անցավ ականջիս տակով, երկրորդը կպավ գլխիս, և արյունը ցայտեց: Հորեղբոր մեծ տղան սպառնալից նայեց ինձ ու ասաց.

– Հը՛, գո՛ղ, ո՞նց ես:

Նա առանց խղճի խայթ զգալու վերցրեց Ռոմային ու գնաց: Ես տեսա, որ արյունը չի կտրում, ճանապարհվեցի գյուղ: Արյունը ներկեց գլուխս, շորերս, կաթում էր գետնին: Այդպես ես քայլեցի երեք կիլոմետր և հասա տուն:Մայրս ինձ արնաշաղախ տեսավ և իրեն կորցրեց: Հարևանուհին մեր տանն էր: Օգնեց, գլուխս կապեցին և սկսեցին անիծել մեղավորին: Մի քանի օրից գլուխս լավացավ, և ես մոռացա ցավը, բայց սպին մինչև հիմա մնում է:

Ես ակամայից շոշափեցի գլուխս, և հեռացանք: Գերեզմանատան բնակիչները մի տարվա ընթացքում բավականին շատացել էին: Ահա հասանք մի անշուք տապանաքարի: Այստեղ հանգչում էր գյուղում ամենահարգված մարդը` ընկեր Խորենը: Նա գյուղի առաջին գրագետներից էր: Ավարտել էր Էջմիածնի ճեմարանը: Գյուղացիք մեծից փոքր նրա մոտ էին սովորել և հարգում էին որպես ուսուցչի: Ընկեր Խորենը շատ մաքրասեր ու կուլտուրական մարդ էր: Թեյ խմելիս ափսեն շուռ էր տալիս բաժակի վրա, որ մեջը փոշի չնստի: Ֆիզիկական աշխատանքից շատ հեռու էր: Այգին ավելով այնպես էր մաքրում, որ մի քարի կտոր չէիր գտնի: Նրա պարապած աշակերտներն իսկապես գրագետ էին, բայց մեկը՝ Գուրգենը, ընկեր Խորենի պատվի հետ խաղում էր: Նա երեք տարի մնաց առաջին դասարանում և ստիպված դպրոցը թողեց: Ընկեր Խորենը Գուրգենին չնեղացնելու համար ասում էր.

– Է՜, Գուրգեն, բոլորը փոխադրվեցին, ես ու դու մնացինք առաջին դասարանում:

Ոչ մեկը նրանից չէր նեղանում, բայց ես չէի մոռանում նրա անխիղճ արարքը: Ընկեր Խորենի ավագ դուստրը ամուսնացավ Արծվիկի հետ, որի այգին մեր այգու հետ նույն շարքում էր: Մերն ամենավերջինն էր: Գետի ջուրը պետք է անցներ բոլոր այգիների միջով, նոր հասներ մերին:

Մի օր հայրս աշխատանքից եկավ ու ասաց.

– Անիծվի այս այգին, կյանքս կերել է:

Հետո դիմեց ինձ.

– Լոբին չորացել է…

Դա նշանակում էր՝ վաղը այգին կջրես:

Առավոտյան, դեռ լույսը չբացված, մորս ձայնն արթնացրեց ինձ: Ես արագ հագնվեցի և ուտելով սեղանին դրված ձվածեղը՝ ճանապարհ ընկա: Գիշերվա ընթացքում կարիճները ծածկել էին առուն, և ջուրը գետով էր գնում: Անմիջապես գործի անցա: Առվի ափերից խոտ քաղեցի, խցկեցի անցքերը, ապա հող լցնելով՝ ջուրը շուռ տվեցի դեպի այգիները: Ջուրը կամաց-կամաց սկսեց հոսել: Ես քայլում էի ջրի հոսքի հետ: Շուտով հասա Արծվիկենց այգուն: Ծարավը խեղդում էր ինձ: Այգում մի տանձենի կար. արդեն հասել էր: Ծարավս հագեցնելու համար թեքվեցի, բայց ծառի տակ ոչ մի կաթուկ չգտնելով՝ մնացի զարմացած: Ինձ չկորցնելով՝ ուզեցի տակի ճյուղերից գոնե մի տանձ պոկել: Վկա է Աստված. գողանալու մտադրություն չունեի: Հենց ուզեցի պոկել, զգացի, որ լոբիների արանքով ոտքեր են գալիս: Առանց մտածելու, թե ով է, փախա: Պարզվեց, որ ընկեր Խորենն է: Ես ամոթից այլևս ետ չդարձա: Ընկեր Խորենը ջրի ճամփան փակեց և սկսեց իր այգին ջրել: Ամբողջ օրը սպասեցի, ջուրը չթողեց: Սովից ստամոքսս մղկտում էր: Վերջապես մութն ընկավ, և ընկեր Խորենը գնաց տուն՝ այդպես էլ ջուրը չտալով ինձ: Նրա հեռանալուց հետո ջուրը շուռ տվեցի դեպի մեր այգին և արագ ջրեցի: Մութն ավելի թանձրացավ: Նրան հակառակ՝ մտա այգին, բարձրացա ծառը, քաղեցի, ծոցս լցրեցի ու ճանապարհվեցի տուն: Մայրս լացակումած աչքերը հառեց ինձ ու զայրացած ասաց.

– Տանձը որտեղի՞ց ես գողացել:

Ես պատմեցի ողջ եղելությունը և հետն էլ զայրացած ասացի.

– Մյուս անգամ քարերով գլուխը կջարդեմ:

Մայրս խրատ տվեց, և տուն մտանք…

Ես երբեք չներեցի ընկեր Խորենին: Այժմ էլ, նրա գերեզմանի մոտ կանգնած, դատապարտում էի նրա անխիղճ արարքը: Եղբայրս ձեռքը դրեց ուսիս և կշտամբելով ասաց.

– Ինչ է, ուսուցչիդ հիշեցի՞ր:

Ես մի նեղացած հայացք նետեցի անլեզու գերեզմանաքարի վրա և առաջ անցա: Հեռվից աչքս ընկավ մի խաչքարի, որ շատ բարձր էր ու գեղեցիկ: Ոտքերս ակամայից այդ կողմ տարան: «Սաֆարյան Գինոս. ծնվել է հազար ութ հարյուր իննսուն թվականին, մահացել է հազար ինը հարյուր վաթսուներկու թվականին»: Գինոսը գյուղի ամենակատակասեր ու սրախոս մարդն էր: Նա հինգ րոպեն մեկ մի անեկդոտ էր հորինում: Քննադատում էր, ում պատահի: Իր տաղանդով անցել էր Պլպուղուն ու Պոլոզ Մուկուչին: Մտքերս տարան դեպի հեռու մանկություն…

Մեր տունը գերեզմանատան մոտ էր: Բակից նայում էիր, ամբողջ գերեզմանոցը ոնց որ ափիդ մեջ լիներ: Պատերազմ էր: Տղամարդիկ գնացել էին հայրենիքը պաշտպանելու: Գյուղում մնացել էին կանայք ու ծերերը: Մարդիկ սովից մեռնում էին կամ էլ հազիվ քարշ էին տալիս իրենց գոյությունը: Գինոսը տասը երեխա ուներ. իրար հետևից շարել էին: Միայն ավագ որդին էր չափահաս, նրան էլ ռազմաճակատ էին տարել: Բոլորի համար էլ դժվար էր, բայց Գինոսի համար՝ առավել ևս: Նա երկար դիմադրեց, վերջը ճարը հատավ: Ես երեխա էի՝ ութ կամ ինը տարեկան: Առավոտյան վեր կացա, լվացվեցի և սովորականի պես դուրս եկա բակ՝ մի հայացք ձգելով հորիզոնին: Ամեն ինչ նույնն էր, միայն Գինոս քեռին գերեզմանատանը տեղ էր փորում: Ես իսկույն մտա տուն և մորս հարցրի.

– Մայրիկ, գյուղում ո՞վ է մահացել:

– Ոչ մեկը,- պատասխանեց մայրս:

– Բա Գինոս քեռին ո՞ւմ տեղն է փորում:

Մայրս առանց պատասխանելու շտապեց դուրս: Արդեն մի քանի մարդ էին հավաքվել և Գինոսին համոզում էին դուրս գալ փոսից: Նա համառում էր: Մայրս, գյուղացիների խոսակցությունն ուշադիր լսելով, ասաց.

– Աստվա՜ծ իմ, Գինոսն իր տեղն է փորում:

Շուտով եկավ գյուղխորհրդի նախագահը: Նա փորձեց կատակել.

– Գինոս, բա որ վերջացնես, ո՞վ է հողը լցնելու վրադ:

– Պառկածս տեղը Սերոժի վրա աչքերս ոլորեմ, տես ոնց է լցնում:

Սերոժը նրա միջնեկ որդին էր: Բոլորը ծիծաղեցին, իսկ Գինոսը շարունակեց փորել: Տեսան՝ ճար չկա, նախագահը զանգեց շրջկենտրոն: Երկու ձիավոր եկան. մեկը՝ ոստիկանությունից, մյուսը` շրջկոմից: Գինոսին հարց տվեցին.

– Ինչո՞ւ ես ուզում մեռնել:

– Եթե մարդ չի կարողանում երեխաներին կերակրել, էլ ինչո՞ւ է ապրում,- պատասխանեց Գինոսը:

Շրջկոմի երկրորդ քարտուղարը խոստացավ օգնել: Գինոսը դուրս եկավ փոսից: Մարդիկ իսկույն հողը լցրեցին փոսի մեջ: Գինոսին օգնեցին…

Եղբորս ձայնն արթնացրեց ինձ.

– Գնացինք տուն:

Տանը սեղանը պատրաստ էր. աքլոր էր, թարմ յուղ, շոռ, լավաշ և կանաչիով տաք-տաք հաց: Կուշտ կերանք:

Շտապում եմ բաղադրատոմսը գրի առնել. գարնան թարմ կանաչին՝ կարմնձուկը, ճռճռուկը, եղինջը, մանր կտրտեք, աղը և աղացած տաքդեղը ցանեք, լավ ճմռթեք և խմորը հունցեք: Ձվի չափ գնդերը շարեք, բացեք և կանաչին հավասար ցանեք ու ծալեք: Թավան դրեք կրակի վրա, խմորը դրեք մեջը և կափարիչով փակեք: Հինգ րոպեից հանեք, մի ծայրից բացեք, թարմ յուղը դրեք մեջը և մի կողմից սկսեք ուտել…

ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ԼԵԳԵՆԴԸ

Վաճառական Խաչատուրը գյուղի մեծահարուստ մարդն էր: Նրա հսկա տունը երեքհարկանի էր և զբաղեցնում էր հարյուր ութսուն քառակուսի մետր տարածք: Առաջին հարկում գոմն էր, երկրորդ հարկում՝ ամբարները և ամենայն մանրուք, երրորդ հարկը բնակելի էր: Ուներ երկու տղա և մի աղջիկ: Կինը գեղեցկուհի էր: Մի խոսքով՝ ճակատագիրը ժպտացել էր: Հերթական անգամ գնում էր Բաքու` առևտրի: Ծառաները տանում էին բեռները. ընկույզի միջուկ, թթի օղի, դոշաբ, չոր թութ, տանձի չիր և այլևայլ բաներ: Պարոն Խաչատուրը ծառաներին ցուցումներ էր տալիս: Դուռը ծեծեցին: Ծառան լուր տարավ.

– Գևորգը խնդրում է ներս գալ:

– Համեցեք:

Գևորգը ներս եկավ, խոնարհվեց ու ասաց.

– Պարոն, խնդրում եմ, տղայիս հետդ տար. խելոք է, համ էլ աղքատ մարդ եմ, մի քիչ կօգնի:

Պարոն Խաչատուրը մտածեց ու պատասխանեց.

– Համաձայն եմ, համա չմոռանաս տղայիդ հետ շանն էլ ուղարկել, ճանապարհին պետք է: Տղայիդ կվճարեմ տղամարդկանց հավասար:

Գևորգը խոնարհվեց ու հեռացավ: Երկու օրից քարավանը ճանապարհվեց. հինգ բարձած ջորի, երկու տղամարդ, որոնք հետևում էին քարավանին, երիտասարդ տղան, շունը և պարոն Խաչատուրը՝ ձիու վրա: Ձին թամբած էր: Ձիավորը հագել էր չուխա, տաբատ և ճտքավոր կոշիկներ: Գլխին ուներ գառան մորթուց սև գլխարկ: Գոտկատեղին բրդյա շալ էր փաթաթած, գոտուն խրած էին մաուզերն ու մտրակը ձախից, ֆիննական դանակը՝ աջից. երևում էր դանակի ոսկեջրած կոթը: Ուղեկցողները հագել էին չուխա, տաբատ, տրեխներ, գոտիներ, մորթե գլխարկներ, գուլպաներ: Գոտիներին դաշույններ էին խրած, ուսերին ունեին մոսին հրացաններ: Քարավանը հանդարտ քայլում էր, մեկ էլ ծառերի արանքից չրթոց լսվեց. շունը գռմռաց: Խաչատուրն ակամայից ձեռքը տարավ մաուզերին: Շուտով մութն ընկավ: Ծառերի արանքում մի աղբյուր կար. ջորիների բեռներն իջեցրին ու քնեցին: Պահակն արթուն մնաց: Երազի մեջ էին, երբ շունը հաչեց ու հարձակվեց: Ծառերի արանքից մի թրմփոց լսվեց: Խաչատուրը կեսքուն-կեսարթուն վեր կացավ տեղից և մաուզերից կրակեց: Բոլորը վեր թռան: Շունը ծառերի արանքում ինչ-որ բան էր քրքրում: Պարզվեց՝ մարդ է: Շունը կոկորդից բռնած խեղդում էր: Մարդը շունչը փչեց: Պահակը մոտ գնաց և շան դունչը համբուրեց.

– Կյանքս փրկեցիր:

Թուրքի ձեռքից դանակը վերցրին: Պարոնը հրամայեց գրպանները ստուգել, հետո թաղել: Իսկույն կատարեցին: Գրպանում քսան ոսկեդրամ գտան:

– Ի՞նչ անենք:

– Հավասար բաժանեք:

Տիգրանը հինգ դրամը տվեց Ռաֆիկին, հինգը իրեն պահեց, տասն էլ տվեց Վարդանին: Տղան զարմացավ.

– Ի՞նչ ես անում:

Տիգրանը բացատրեց.

– Բա շո՞ւնը, որ կյանքս փրկեց:

Դանակը տվեցին Վարդանին: Պատահարը բոլորին շիվար թողեց: Մինչև լույս չքնեցին: Լույսը բացվեց: Քարավանը դանդաղ շարժվեց: Ամբողջ օրը լուռ էին: Պատահարը ստիպեց մտածել և զգուշանալ: Երբ մութն ընկավ, գիշերվա դեպքից զգուշանալով՝ տեղավորվեցին բաց տեղում: Ընթրեցին ու պառկեցին: Ռաֆիկը մնաց պահակ: Երկու ժամ անցավ: Շունը սկսեց անհանգստանալ, անասունները վեր կացան կանգնեցին, Ռաֆիկը մնաց շիվարած: Զգուշությամբ արթնացրեց Տիգրանին, հետո` պարոնին: Տիգրանն ասաց.

– Իմ կարծիքով փոթորիկ է լինելու:

– Լուսնյակ գիշեր է, ի՞նչ փոթորիկ,- ժխտեց պարոնը:

Մինչև կարծիքներ հայտնեցին, քամի բարձրացավ: Շուտով փոթորիկ սկսվեց: Անասունները գլուխ գլխի տվեցին, շունը մտավ արանքը: Մարդիկ նույնն արեցին: Քամին տևեց տասնհինգ րոպե, բայց հարատև թվաց: Շորերը, ջվալները, անասունները կորան ավազի մեջ: Շուտով հանդարտվեց, անասունները նստեցին, և մարդիկ սկսեցին վերլուծել պատահարը:

– Տիգրա՛ն, գյուղացի մարդ ես, չիմացա՞ր, որ քամի կանի:

– Պարո՛ն ջան, մարդն անասունի չափ չի հասկանում:

Լույսը բացվեց: Քարավանը ճանապարհ ընկավ. բարին ինձ հետ և իրենց հետ: Օրը զով էր: Արդեն քաղաքից մի կիլոմետր հեռավորության վրա էին, ինչի համար ճամփորդներն ուրախ էին: Իջավ մթնշաղը: Քարավանը դանդաղ և միամիտ քայլում էր: Հանկարծ դիմացից երեք մարդ երևացին և ատրճանակները դեմ արեցին.

– Կա՛նգ առեք:

Պարոնն ու Տիգրանը միաժամանակ կրակեցին: Շունը հարձակվեց. մարտից հետո պարզվեց, որ այդ երեքից մեկի՝ մեջտեղինի կոկորդից բռնել էր ու խեղդում էր: Հասան ու փրկեցին: Մարդը շնչասպառ վեր կացավ կանգնեց: Շան փորից կախված էր դանակը. Տիգրանը զգուշությամբ հանեց: Պարզվեց, որ վերքը խորը չի, և Տիգրանն իսկույն փաթաթեց: Մարդը չոքեց և աղերսագին խնդրեց.

– Բաց թողեք, տանը երեխա ունեմ:

Պարոնը մաուզերը ճակատին բռնեց ու ասաց.

– Մյուս անգամ քարավանի դեմը չառնես: Շորերը հանեք, թող գնա:

Հետո դիակների գրպանները ստուգեցին ու թաղեցին: Մաուզերները տվեցին Ռաֆիկին ու Տիգրանին, քառասուն ոսկեդրամն էլ բաժանեցին իրար մեջ: Քարավանը շարժվեց, հասան քաղաք: Տեղ-տեղ լապտերներ էին վառվում: Ոլոր-մոլոր փողոցներով գնացին, հասան դարպասներին: Պարոնը կոչնակը սեղմեց: Դռան հետևից գոռացին.

– Ի՞նչ եք ուզում:

– Քարավան կա:

– Ո՞վ է:

– Պարոն Խաչատուրը:

Ձայնը որոտաց, և դարպասները բացվեցին: Քարավանը մտավ իջևանատուն: Առաջինը երևաց տիրոջ շունը: Երեքհարկանի թիթեղածածկ տուն էր, որին հաջորդում էր երկհարկանին: Երկու կողմից հաճախորդների տներն էին: Հաջորդում էր միհարկանի շինություն, որի երկու կողմերում պահեստներն էին ու գոմերը: Հակառակ կողմում երկհարկանի շենք էր. առաջին հարկում խոհանոցն էր, երկրորդում՝ ճաշարանը: Պարոն Խաչատուրի գորգերը դասավորեցին ու հասան գոմերը: Ծառան մտավ ու ասաց.

– Պարոն, խանումը խնդրեց, որ վերև բարձրանաք:

Պարոնը գնաց: Տղերքը մտան սենյակ, որտեղ երեք թախտ կար, սեղան, երեք աթոռ ու կախիչ:

– Տղերք, գնացինք ճաշարան, ստամոքսս նվնվում է,- ասաց Տիգրանը:

Սրահում տասը հատ սեղան էր, շուրջը՝ չորս աթոռ ու կախիչ: Սեղանների շուրջը մեկումեջ մարդիկ կային: Տղերքը նստեցին թափուր սեղանի շուրջը: Սպասարկողը մոտեցավ ու հարցրեց.

– Ի՞նչ եք ուզում:

– Երեք բաժին խորոված,- ասաց Տիգրանը,- մի շիշ օղի, կանաչի, հաց և մի հատ հում հավ:

– Ի՞նչ եք անում,- զարմացավ մատուցողուհին:

– Շան համար:

Նա հեռացավ ու շատ չանցած՝ բերեց: Վարդանը հավը վերցրեց ու դրեց շան առաջ.

– Ջեկո ջան, կեր:

Շունը սկսեց հաճույքով ուտել: Տղերքն էլ էին ճաշում: Հարևան սեղանի մոտ երեք հոգի էին նստած՝ երկու տղամարդ ու մի պատանի` մոտ տասնհինգ տարեկան. երեքի հագին էլ չերքեզկա էր, իսկ գոտկատեղին դանակ էր խրած: Երևում էր, որ հարուստ մարդիկ են: Տղան մոտեցավ շանը և սկսեց նյարդերի հետ խաղալ: Շունը գռմռաց: Վարդանը վեր կացավ, որ չթողնի: Տղան դանակը հանեց, որ Վարդանին խփի, բայց սա տակ չմնաց, ինքը խփեց: Տղան ընկավ: Տղամարդիկ վեր կացան, եկան ընկածի կողմը: Նշանակում էր՝ կռիվ պիտի անեին: Մաուզերները հանեցին: Հակառակ կողմը տեսավ՝ թույլ է, սկսեց պաշտպանվել:

– Թող հաշտվեն,- ասացին:

Վարդանն ու տղան ձեռք ձեռքի տվեցին ու հաշտվեցին: Աջ կողմից երևաց պարուհին, և ժողովուրդը տեղ բացեց: Պարուհին մի պտույտ կատարեց ու մտավ կենտրոն: Երաժշտությունը հնչեց, մարդիկ ծափահարեցին: Մի աղջնակ վերցրեց սկուտեղը՝ ոսկեդրամները հավաքելու, և սկսեց շրջել: Պարուհին հեռացավ նույն կողմից, որտեղից եկել էր: Տղերքը նույնպես հեռացան: Առավոտ ծեգին եկավ պարոնը:

– Ես գնում եմ գործերով, դուք էլ գնացեք քաղաք:

Տղերքն ուրախացան:

– Զգույշ մնացեք,- ասաց պարոնը:

Տղերքը գնացին ծովափ: Արդեն մարդիկ էին երևում, կրպակներից մեկն էլ բաց էր: Տիգրանն ասաց.

– Առաջին հերթին ստամոքսներիս պահանջները կատարենք: Տղերք, ձուկ կուտե՞ք:

– Հաճույքով,- ասաց Ռաֆիկը:

Տիգրանը մոտեցավ վաճառասեղանին.

– Չորս հատ ձուկ տվեք:

Նստեցին սեղանի շուրջը: Աղջիկը բերեց: Վարդանը մի հատ վերցրեց ու տվեց շանը: Կենդանին հոտոտեց ու հեռացավ:
– Շունը չի ուտում, մարդիկ ուտում են,- նկատեց Տիգրանը:- Ո՞ւր են Սևանի իշխանը, սիգան, կողակը: Ի՜նչ ձկներ են: Ֆրանսիայի թագավորը ամեն օր Սևանից իշխան ձուկ էր տանում ու թարմ-թարմ ուտում:

Վարդանը հետաքրքրվեց.

– Մենք ծով չունենք, լիճ է: Ի՞նչ տարբերություն կա ծովի ու լճի միջև:

– Ծովը խորն է,- կտրուկ ասաց Տիգրանը:

Կրպակները մեկը մյուսի հետևից բացվեցին: Մոտեցան մսի կրպակին:

– Միս կա՞,- հարցրեց Տիգրանը:

– Շուտով կբերեն,- ասաց վաճառողը:

Տիգրանը գլուխը կախեց:

– Ինչի՞ համար է,- հարցրեց վաճառողը:

– Շան համար:

– Ոսկորներ կան,- ասաց ու հանեց:

– Ի՞նչ արժե:

– Ձրի է:

Եվ լցրեց շան առաջը: Շունը չմոտեցավ: Վարդանը մոտեցավ, Ջեկոյին ասաց.

– Կե՛ր:

Շունը սկսեց ուտել:

– Ինչ խելոք շուն է,- զարմացավ վաճառողը:

Տղերքը ծովափից հեռացան: Ոլոր-մոլոր փողոցներով գնում էին, իրենք էլ չէին իմանում, թե ուր: Հանկարծ Տիգրանը նկատեց, որ մի պառավ խրճիթից դուրս եկավ, խաչակնքվեց, նստեց աթոռին ու սկսեց գործել:

– Այն պառավը հայ է,- ասաց Վարդանը:

– Ի՞նչ իմացար:

– Երեսին խաչ հանեց:

– Գնացինք:

Հասան խրճիթի մոտ:

– Բարև ձեզ, մայրիկ:

Պառավը վեր կացավ կանգնեց.

– Աստծո բարին ձեզ, որտեղի՞ց եք:

– Կապանից:

– Ո՞ր գյուղից:

– Գյուտկումից:

Պառավը շիվարեց:

– Մտեք տուն,- ասաց:

Տիգրանը Ռաֆիկին աչքով արեց: Պառավը եկավ ու իսկույն սեղանին շարեց հաց, միս, գինի, կանաչի: Կտրտեց, յուղը լցրեց թավայի մեջ, դրեց եռոտանուն ու խոսեց.

– Թող եփի, ես պատմեմ: Ես Շենատեղից եմ: Մեր գյուղում տասը տուն էր: Ջուրը բերում էինք յոթ աղբյուրից: Թուրքերը աղջիկներին մեկ-մեկ տանում էին: Աղբյուրի շուրջը տափարակ էր: Ցորեն էինք ցանում, բանջարեղեն, անասուններ էինք պահում և ապրում էինք: Մեր հոգսը աղջիկներն էին: Գյուղի քյոխվեն մտածեց ու ելքը գտավ: Ամեն օր տղաները հերթով ուղեկցում էին հրացանով: Աղջիկներն ուրախացան: Թուրքերը հեռացան: Մեկ-մեկ գիշերները մտնում էին այգի և ավերակ անում: Մի արևոտ օր ջրից գալիս էինք, հեռվում երկու ձիավոր երևացին, մի ձի էլ՝ հետևներից: Աղջիկներն արագ-արագ մտան տները: Ձիավորները եկան, մեր բակում իջան: Հայրս իսկույն դուրս եկավ: Տղամարդն իջավ ձիուց ու դիմեց հորս.

– Հյուրեր ուզո՞ւմ եք:

– Հյուրն Աստծունն է, համեցեք:

Հյուրերը մտան տուն և նստեցին: Հայրս հարցրեց.

– Ձեր գալը բարի լինի, ի՞նչ հարցով եք եկել:

– Երիտասարդի համար օջախիցդ սերունդ ենք ուզում:

Այս ասելով՝ ցույց տվեց երիտասարդին. բոյ-բուսաթով, սիրուն տղա էր:

– Ի՞նչ ունես,- հարցրեց հայրս:

– Ոչ մի բան: Ես եմ ու տունը:

– Ի՞նչ արհեստ ունես:

– Դարբին եմ:

– Իմ արհեստից է, լավ է, ընտանիքդ կպահես:

Հարցը վճռեցին: Հայրս կանչեց մեծ եղբորս ու ասաց.

– Ոչխա՛ր մորթիր:

Իսկույն կատարեցին: Մայրս սփռոցը փռեց հատակին և ամեն բանով լցրեց: Մարդիկ հավաքվեցին, կերուխում արեցին, բաժակաճառ ասացին ու ցրվեցին իրենց տները: Հյուրերը մնացին մեր տանը: Հաջորդ օրը վեր կացանք, մայրս օժիտս դասավորեց, համբուրեց ու ասաց.

– Գայանե ջան, հետ չնայես:

Ամբողջ գյուղը մեզ ճանապարհելու էր եկել: Մեծ եղբայրս ձի նստեց, մեզ հետ եկավ: Մի քիչ գնալուց հետո եղբորս հարցրի.

– Ինձ չի կարելի՞ հետ նայել:

– Ինչքան ուզում ես, նայիր, մայրիկը որ ասաց՝ հետ չնայես, նշանակում էր՝ չբաժանվեք:

Հետ նայեցի. մարդիկ արդեն ցրվել էին: Հանգիստ գնում էինք, հանկարծ ինչ-որ ձայն լսեցի:

– Ի՞նչ ձայն է,- հարցրի:

– Լավ նայիր, ջրվեժը երևում է,- պատասխանեց եղբայրս:

Ես ուշադիր նայեցի: Ահագին բարձրությունից ջուրը գահավիժում էր ու լցվում գետը, որը ցածրում բարակում էր, ապա արագ հոսում:

– Բնությունն ամեն ինչ գեղեցիկ է կերտում:

– Գեղեցիկը հետո կլինի,- ամաչելով ասաց Կիրակոսը:

Ամաչեցի հարցնեմ, թե ինչը, ու լռեցի: Շուտով հասանք լճին: Ինձ թվում էր` անսահման է: Ջրի մեջ կարապներ էին լողում, մի քանիսը թռչում էին, մի խոսքով՝ դրախտ էր: Ես զարմացած էի: Կիրակոսը ծիծաղեց: Քիչ անց հասանք անցման տեղը: Ձիերից իջանք և հասանք լաստին, որի մեջ տեղավորվեցին երկու հոգի երկու ձիու հետ: Մենք հասանք, եղբայրս ու այն տղամարդը մնացին: Հետո լաստը հետ գնաց, մյուսներին էլ բերեց: Լաստավորները եղբայրներ էին. պարապ ժամանակ ձուկ էին որսում: Մեր պատվին խորոված արեցին: Հրանտն ու Հակոբը պատմեցին գետի պատմությունը: Գետը պատկանում էր Գյուտկում գյուղին: Այն սկիզբ էր առնում լեռներից և հասնում մինչև Ողջի գետը: Ահա այդ մասում լիճ էր. պատճառն այն էր, որ դեմը փակ էր: Ջրվեժը, որ տեսանք, առաջացել էր ապառաժի պատճառով, քանի որ ջուրը չէր կարողանում քանդել: Ասացին, որ իրենց բախտը բերել է. համ աշխատում են, համ ձուկ են որսում: Եղբայրների պատմածը մեզ շատ դուր եկավ: Վեր կացանք, ձիերը հեծնեցինք և ճանապարհվեցինք: Քարքարոտ վերելք էր: Ձիերը դժվարանում էին քայլել: Մի կերպ հասանք Խաչին արտը, գյուղը երևաց: Կյանքումս մեծ գյուղ չէի տեսել: Ես երկու տարեկան էի, երբ թուրքերը մեր գյուղից տեղահանվեցին ու փախան: Ծնողներիս ասելով՝ մեր գյուղն էլ էր շատ մեծ: Մտանք անտառ. ճանապարհը լավն էր. զառիվայր էր: Հասանք ջրին. ձախ կողմում հսկա ապառաժ էր, քարի վրա խաչ էր քանդակած, իսկ ներքևի մասը գոգավոր էր՝ մոմերը վառելու համար: Մի պառավ մոմ էր վաճառում: Իջանք, վառեցինք, նորից ձի նստեցինք ու շարունակեցինք: Առաջին տան մոտ երաժշտության ձայն լսվեց: Հենց նվագը հնչեց, մարդիկ սկսեցին պարել, երգել ու խաղալ: Հասկացանք, որ հարսանիք է: Բակերից մեզ վրա չամիչ, չոր թութ և չորացրած այլ մրգեր էին լցնում: Երեխաներն իրար հրմշտելով հավաքում էին: Վերջապես հասանք մեր տուն: Տունը միհարկանի էր՝ երկու սենյակով ու սրահով: Դռների մեջ մեր ուսերին լավաշ փռեցին և ափսե ջարդեցին: Մինչև կեսգիշեր նվագեցին, հետո ցրվեցին: Մենք պառկեցինք երկուսով, նաև հորաքույրը. հոգնած պառկեցինք քնելու: Առավոտ ծեգին արթնացանք ու սկսեցինք մեր կյանքը: Կիրակոսը գնում էր դարբնոց, իսկ ես տան գործերն էի անում: Վեց ամիս անցավ, գարունը բացվեց, չարն էլ հետը: Գյուղում երկրաշարժ եղավ: Մի քանի տուն փլվեց, բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան: Հաջորդ օրը Հրանտն ու Հակոբը եկան լեզուները չորացած, թե լիճը ցամաքել է: Ամբողջ գյուղի տղաները գնացին տեսնելու: Կիրակոսն էլ գնաց: Լուր բերեցին, որ ջրվեժի ապառաժը ճեղքվել է, և ջուրը ցամաքել է. մնացել է մեկուկես մետր խորությամբ մի փոս: Լաստավարները եկան գյուղ և զբաղվեցին վարուցանքով: Կարապները չվեցին. մնացին երկու կարապ` մայրը և ոտը կոտրած ձագը: Մարդիկ գետափին բույն շինեցին: Գիշերը կարապները մտնում էին բույնը, ցերեկները ջրում կեր էին հայթայթում: Շուտով ձագը ապաքինվեց: Մարդիկ մտածեցին, որ կարապները կչվեն, բայց ոչ. նրանք երկար մնացին: Մարդիկ ժամերով նստում էին ափին ու նայում թռչուններին: Որսորդները Գուրգենի գլխավորությամբ հաճախ էին որսից հետո գնում գետափ, խորոված անում ու նայում նրանց: Այդ ժամանակ մեր գյուղ եկան թուրքերից փախած մայր ու որդի: Մայրը մոտ քառասուն տարեկան էր, տղան՝ տասներկու: Գյուղացիներն օգնեցին, մի խրճիթ շինեցին, և մայր ու որդի ապրեցին: Տղան մեր գյուղի դժբախտությունը դարձավ: Գողությունը բնածին էր: Սկսեց հավերի վրա արշավ կատարել: Գյուղացիները գնացին մորը բողոքելու, բայց իզուր: Քանի գնում, կատարելագործվում էր: Հետո անցավ գառներին: Ճար չկար:

Մի անգամ Գուրգենի խումբը սովորականի պես գնաց որսի: Չմոռանամ հիշեցնել, որ կարապների ավազանի մոտով էին անցնում: Բարով գնան: Հետ գալիս Գուրգենը նկատեց, որ կարապները չեն երևում: Չհավատաց:

– Տղե՛րք, նայեք՝ կարապներն ավազանում լողում ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ եղան:

Խումբն արագացրեց քայլերը: Շուտով պարզվեց, որ կարապները մորթած, լեշերը թափած են ափին: Շատ վշտացան: Գուրգենն առաջ անցավ և ուշադիր նայեց:

– Տղե՛րք, անիծված գողն է,- ասաց ու հրացանը լցրեց:

Տղերքը փորձեցին խանգարել, բայց հետևից չհասան: Հրացանը որոտաց, և գողը փռվեց կարապների լեշերի վրա: Խումբը եկավ. փոս փորեցին, դիակը դրեցին մեջը: Գյուղը փրկվեց: Խորոված չարին. սոված վերցրին լեշերն ու գնացին գյուղ: Տարան ուղիղ գյուղամեջ ու փռեցին գետնին: Մարդիկ հավաքվեցին: Ով գալիս էր, թքում էր. «Անիծվա՛ծ գող, պետք էր օրորոցում վառել: Մորը կանչե՛ք»: Մայրը եկավ:

– Ի՜նչ սիրուն թռչուններ են, ո՞վ է սպանել:

– Քո տղան:

– Ո՞ւր է:

– Սպանել են:

– Որտե՞ղ:

– Գետի ափին:

Մայրը հեծկլտաց ու վազեց: Գյուղացիները հետևեցին նրան: Հասան գետափ: Մայրը սկսեց ձեռքերով ճանկռոտել գերեզմանաթումբը: Մարդիկ փորձեցին արգելել, չստացվեց: Ստիպված քանդեցին, դիակը հանեցին ու դրեցին նրա առջև: Մայրն սկսեց անհագորեն լիզել տղային: Մութն ընկավ: Փորձեցին դիակը ծածկել, մայրը չթողեց: Գյուղացիներից երկու հոգի մնացին նրա հետ, մյուսները վերադարձան գյուղ: Հաջորդ օրը մնացածներին փոխարինեցին: Երրորդ օրը մայրը մահացավ. երևի արյան զեղում ստացավ: Մոր և որդու դիակները ծածկեցին: Վարպետ Գուրգենի վերջին որսը եղավ: Անկողին ընկավ ու մի ամսից մահացավ: Անցորդները գետափի գերեզմանի վրա քարեր էին շպրտում: Շուտով հսկայական բլուր գոյացավ, գերեզմանը կորավ, և մարդիկ մոռացան: Մնաց կարապների ջրավազանը:

Երեք տարին լրացավ: Մենք զավակ չունեցանք, և Կիրակոսը դժգոհում էր.

– Երեխաները հետևիցս « աղջիկ» են գոռում, ուզում եմ կորչել գյուղից:

– Ո՞ւր:

– Ուր պատահի:

Այդ ժամանակ վաճառական Ստեփանը գնում էր Բաքու: Կիրակոսը խնդրեց, և մենք նրա հետ ճանապարհվեցինք: Համարյա քաղաք էինք հասնում, մի կիլոմետր էր մնում, ավազակները հարձակվեցին: Ստեփանի մոտ մաուզեր կար, իսկ ուղեկցողները զենք չունեին, այլ միայն մահակներ: Ստեփանը կրակեց, ավազակներից մեկն ընկավ: Հաջորդ վայրկյանին Ստեփանը փռվեց, և ուղեկցողներից մեկը վերցրեց մաուզերն ու կրակեց: Մյուս ավազակն էլ սատկեց: Ավազակները վերցրին քարավանն ու գնացին՝ «ռազմի դաշտում» թողնելով երկու հոգի: Մենք մնացինք երեք հոգով: Մեզ ձեռք չտվին: Կիրակոսը զարմացավ, մի քիչ մտածեց ու ասաց.

– Ավազակները խելոք են. նախ՝ քանակ ենք, հետո էլ՝ իզուր փամփուշտ կծախսեն:

– Կիրակոս, ի՞նչ անենք:

– Աստված մեծ է: Գրպանները ստուգեք, կասեմ:

Ստեփանի գրպանում քսան ոսկեդրամ կար, ուղեկցողների մոտ՝ հինգական:

– Տեսնում ե՞ս, Աստված մեծ է:

Մութն ընկավ:

– Գայանե, առաջին տան դուռը կծեծեմ, Աստված մեծ է…

Կիրակոսը դուռը ծեծեց, մի տղամարդ դուրս եկավ: Մեր բախտից հայ էր:

– Ի՞նչ եք ուզում:

– Հյուր կընդունե՞ք:

– Հյուրն Աստծունն է, համեցեք:

Մենք ներս գնացինք և պատմեցինք մեր գլխին եկածը: Հետո կերանք-խմեցինք ու պառկեցինք:

– Առավոտը գնամ, դիակները ծածկեմ,- ասաց Կիրակոսը:

Առավոտ ծեգին տանտիրոջ հետ գնացինք: Թուրքերի դիակները տարել էին: Մյուսներին ծածկեցինք ու հեռացանք: Հաջորդ օրը ամուսինս ասաց.

– Գնանք պարոնի մոտ, մի աշխատանք կտա:

Գնացինք: Պարոնը հարցրեց.

– Ի՞նչ արհեստ ունեք:

Ես ասացի, որ լավ ճաշ եմ եփում, Կիրակոսն էլ, թե՝ դարբին եմ:

Ես գնացի ճաշարան, Կիրակոսը՝ դարբնոց: Այդպես որոշ ժամանակ ապրեցինք: Մի օր էլ պարոնը Կիրակոսին ասաց.

– Լավ աշխատող եք, օգնեմ, մի տուն կառուցեք. նեղ օրեր կլինեն…

Տունը շինեցինք: Շուտով պարոնը մեռավ, ողորմի հորը, նրան փոխարինեց տղան: Մի օր մեզ կանչեց, գնացինք մոտը:

– Ես մտադիր չեմ ծերանոց բացել,- ասաց,- վերցրեք ձեր աշխատավարձն ու գնացեք, Աստված ձեզ հետ:

Մենք շատ վշտացանք: Մնացինք շիվար: Այդ ժամանակ Կիրակոսը վաթսունյոթ տարեկան էր:

– Մի բան կանենք,- հանգստացրեց նա:

Կիրակոսը բեռնակիր դարձավ, ես էլ սկսեցի գուլպա, բռնիչ և մանր-մունր այլ բաներ գործել: Մի կերպ ապրում էինք: Կիրակոսը շուտ մեռավ, ես էլ մինչև հիմա ապրում եմ…

Պառավը լռեց:

– Մայրիկ, քանի՞ տարեկան ես,- հարցրեց Տիգրանը:

– Կիրակոսից հետո քսաներկու տարի է ապրում եմ:

– Ամուսինդ քանի՞ տարի ապրեց:

– Ութսուն:

– Նշանակում է՝ հարյուր տարեկան ե՞ս:

– Այո:

Պառավը վեր կացավ:

– Ճաշը պատրաստ է,- ասաց ու ամանները լցրեց:

Կուշտ կերան ու վեր կացան: Պառավի աչքերը լցվեցին:

– Գյուղին կարոտում եմ: Պարոնին ասեք, թող ինձ էլ վերցնի:

Տիգրանը հույս տվեց, ու դուրս եկան: Էքսկուրսիան շարունակվում էր: Շուտով ձայներ լսեցին:

– Հրապարակն է,- ասաց Տիգրանը:

Մոտեցան. մարդիկ շրջան էին կազմել ու գոռգոռում էին.

– Չալո՛, բռնի՛ր… Ալաբա՛շ, բռնի՛ր…

– Շներ են կռվացնում, կորանք:

– Ի՞նչ կպատահի:

– Անպայման մարդ են սպանում,- պատասխանեց Ռաֆիկը և շարունակեց,- ափսոս Ջեկո…

– Մի՛ վախեցեք, մի դուռ կբացվի,- ասաց Տիգրանը:

Տղերքը մոտեցան: Չալոն բռնեց Ալաբաշին ու դրեց տակը: Տերը մոտեցավ, փորձեց բաժանել, բայց երկու հրացան պահեցին նրա վրա. խեղճը հեռացավ ու գոչեց.

– Համաձայն եմ:

Շներին բաժանեցին: Հաղթողը մոտեցավ սեղանին ու փողերը վերցրեց: Ժողովուրդը լռեց: Տերը վերցրեց Ալաբաշին ու հեռացավ: Մի մարդ ձայնեց.

– Կեցցե՛ Ահմեդը:

Ահմեդ կոչեցյալը մոտեցավ տղերքին ու արհամարհանքով ասաց.

– Շներին կռվացնենք:

Տիգրանը նայեց ընկերներին ու համաձայնվեց:

– Տասը ոսկի, քառասուն ոսկի…,- շարունակեց Ահմեդը:

Թուրքը զարմացավ և հայացքով նշան արեց: Վարդանը սփրթնեց:

– Մի՛ վախեցիր, Աստված մեծ է:

Տիգրանին կանչեց.

– Փողը դիր սեղանին:

Դատավորները նստեցին սեղանի մոտ և հրացանները վերցրին:

– Շներին բա՛ց թողեք:

Վարդանը շան ականջին ասաց.

– Ջե՛կո ջան, բռնի՛ր:

Շները հարձակվեցին և սկսեցին իրար գզել: Չալոն բռնեց Ջեկոյի կոկորդից ու սկսեց խեղդել: Վարդանը գոռաց.

– Ջե՛կո ջան, վե՛ր կաց:

Շունը հասկացավ, թե չհասկացավ, համենայն դեպս վեր կացավ ու Չալոյին դրեց տակը, սկսեց խեղդել: Ահմեդը տեսավ` շունը ձեռից գնում է, մաուզերը հանեց և օդում կրակեց: Տղերքը նույնն արեցին: Դատավորներն անհանգստացան, փորձեցին հաշտեցնել: Այդ ժամանակ հեռվից մի կառք երևաց, որ երկու սպիտակ ձի լծած՝ քառատրոփ արշավում էր: Եկավ ու մոտիկ կանգնեց: Կառքից դուրս եկան երեք հոգի. երկուսը՝ երիտասարդ, մեկը՝ բեղ-մորուքով ալևոր մարդ: Երեքն էլ զինված էին: Մորուքավորը գոռաց Ահմեդի վրա.

– Զենքդ վա՛յր դիր:

Ահմեդը դրեց տեղը և գլուխը կախեց: Շներին իրարից բաժանեցին: Տիգրանը մոտեցավ սեղանին և փողերը վերցրեց: Ալևորը մոտեցավ տղերքին ու հարցրեց.

– Որտեղի՞ց եք:

– Կապանից:

– Ո՞ր գյուղից:

– Գյուտկումից:

– Հորաքույրս ձեր գյուղ հարս է եկել:

– Ո՞ւմ տուն:

– Կիրակոսի:

– Ո՞ր գյուղից:

– Շենատեղից: Երևի մեռած կլինի, թոռները կենդանի կլինեն:

Տիգրանը հիշեց պառավին ու հարցրեց.

– Անունն ի՞նչ է:

– Գայանե:

– Երևի տխրեցնեմ. Գայանեն զավակ չունի, նշանակում է՝ թոռ էլ չունի: Ողջ է և ապրում է Բաքվում:

Ալևորը զարմացած գոչեց.

– Պառավի մո՛տ տար ինձ:

Տղերքը նստեցին կառքն ու ձայն տվեցին.

– Քշի՛ր:

Կառքը կանգնեց պառավի բակում: Նա գործում էր: Նրանց տեսնելով՝ ժպտալով ասաց.

– Տիգրան ջան, ինձ կտանե՞ս:

– Մայրիկ, քո բարեկամներն են:

Նրանք գրկախառնվեցին:

– Տղերք, այսօր մեր հյուրն եք:

– Բայց պարոնը կզայրանա:

– Մարդ կուղարկեմ, նրան կբերի:

Բոլորը կառք նստեցին: Ձիերը սլացան ու կանգնեցին երեքհարկանի տան բակում: Տարբեր կողմերից ձայներ լսվեցին: Եկավ պապը, հետո՝ հորեղբայրը: Մի պահ թվաց, թե վարձով են ապրում: Մտան ներս: Պարզվեց՝ մի ընտանիք էր ապրում՝ մոտավորապես քսանհինգ երեխա, տարբեր հասակի երիտասարդներ, հինգ մորուքավոր մարդ, հինգ հասուն աղջիկ, վեց հարս և ծառաներ: Մի խոսքով՝ մի գունդ զինվոր: Շուտով պարոն Խաչատուրը հասավ: Երկու ճաշասենյակ ունեին. մեկը երեխաների համար էր, մյուսը՝ մեծերի: Հյուրերը մտան ու տեղավորվեցին: Սեղանը վեց մետր երկարություն ու մեկ մետր լայնություն ուներ: Շուրջը աթոռներ էին շարված: Բոլորը նստեցին: Բազկաթոռը մնաց ազատ: Վերջում եկավ մեծ եղբայրը, նստեց բազկաթոռին: Բոլորը կանգնեցին: Հյուրերն էլ ակամայից վեր կացան: Ալևորը նստելու նշան արեց ու խոսեց.

– Այսօր ձեր օգնությամբ գտանք հորաքույր Գայանեին: Առողջ լինեք, ուր գնաք, կանաչ ճանապարհ բացվի ձեր առաջ:

Եղբայրները հերթով խոսեցին: Ուշ երեկոյան բերեցին հոր սնդուկը: Շատ գեղեցիկ էր: Հյուրերը զարմանքով նայում էին: Դիմացից հոր և մոր լուսանկարն էր, որի տակ առյուծ ու եղնիկ էին պատկերված. հոր նկարի ուղղությամբ՝ առյուծ, մոր նկարի ներքևում՝ եղնիկ: Վերևում գրված էր. «Սովորեք հայերեն տառերը»՝ ամբողջովին սադաֆից: Սնդուկը բացեցին: Կափարիչի վրա՝ մագաղաթին, պատգամներ էին գրված.

«Երբեք թուրքին չհավատաք:

Թուրքից աղջիկ չառնեք:

Թուրքին աղջիկ չտաք:

Հայ ժողովրդին չմատնեք:

Անպայման զինվեք:

Հինգից պակաս զավակ չունենաք:

Ով պատգամներս չկատարի, անիծում եմ»:

Ներսում՝ փոքր տուփի մեջ, մի գրություն կար.

«Իմ կյանքի պատմությունը:

Ես՝ Վազգեն Մարգարյանս, գյուղի դարբին Բաղդասարի կրտսեր որդին եմ: Հաճախակի գնում էի հորս օգնելու: Մի անգամ հայրս դարբնոցից հոգնած եկավ, ճաշեց ու ասաց.

– Վազգեն ջան, վաղը կգաս, մի քիչ գործ կա, օգնես:

Առավոտը շուտ գնացի: Դարբնոցի անկյունում կիսամշակ գործեր կային: Հայրս դրեց քուրայի մեջ, կարմրացրեց, դրեց զնդանի վրա ու ասաց.

– Վազգեն ջան, խփիր:

Շուտով երկաթը ձևավորվեց և դարձավ դաշույն: Ճաշի ժամանակ գյուղի քյոխվան ներս մտավ: Հայրս ընդառաջ գնաց.

– Համեցեք:

Ճաշեցին ու վեր կացան: Քյոխվան հայացք գցեց դաշույններին ու հարցրեց.

– Վարպետ ջան, ինչի՞ համար են:

– Գյուղացիների պատվերներն են: Ժողովրդի օրը սև է: Թուրքերը մտնում են այգիները, հոտը, թալանում են: Գյուղացիները ստիպված պաշտպանվում են: Գլխումս մի միտք ծագեց. «Թող մի խումբ զինվի, թուրքերին ջարդի»:

– Լավ ես ասում, ո՞ւմ ասենք:

– Վազգենը թող ժիր տղերքին հավաքի, ինքն էլ ղեկավարի:

Խոսքը գործ եղավ:

Հավաքեցի տասը հոգու, և սկսեցինք գործել: Շուտով թուրքերը փախան: Ես մեղա. ով որ կասի թուրքերը փախան, կսխալվի: Երեք ամիս հետո, երբ միրգն ու արտերը հասան, նորից եկան: Հեռվից մի զորք երևաց: Ես ինձ չկորցրի: Մեկին ուղարկեցի գյուղ՝ տղերքին իմաց տալու, մնացինք ինը հոգով: Մենք փորձում էինք չերևալ: Թուրքերը միամիտ գալիս էին: Գյուղացիք հասան. որը՝ բահով, որը՝ եղանով, որը՝ հրացանով, որն էլ՝ դաշույնով, մտան դաշտ և սկսեցին թուրքերին ջարդել: Երեկոյան մարտի դաշտում յոթ հոգի թողեցին ու հեռացան: Մեր կողմից մի հոգի զոհվեց: Մի տարի չերևացին, մի գիշեր դարձյալ եկան: Սկսեցին կոտորել՝ երեխա, կին, տղամարդ, որին՝ տեղաշորում, որին՝ ամուսնու գրկում: Գյուղացիները չհասցրին պաշտպանվել, ստիպված տուն-տեղ թողած՝ փախան: Զորապետ Իսմայիլը գոռաց.

– Թող Բաղդասարի որդիները գան ու գյուղը փրկեն:

Այս անգամ երեք եղբայրս զոհվեցին, մնացինք երկուսս: Գյուղացիները փախան. որը՝ Շիկահող, որը՝ Ճակատեն, որը՝ Գյուտկում, մի մասն էլ մնաց քյոխվի հետ, ու որոշեցին գնալ, նոր գյուղ կառուցել: Ճակատենն անցան, հասան Գյուտկումի հանդը: Գտան մի տափարակ՝ կողքին յոթ աղբյուր: Հայրս ասաց.

– Լավ տեղ է. ջուրը կա, հողը կա: Տներ կառուցենք, ապրենք:

Քյոխվան էլ համաձայնվեց:

Գնացին տափարակի հակառակ կողմի լանջը և սկսեցին տներ շինել: Շուտով գյուղը կառուցեցին, ով ոնց կարողացավ: Թշնամին քնած չէր: Զորապետ Իսմայիլը գաղտնի իմացել էր Շենատեղի տեղը: Թողեց, մինչև հարստացան, ու մի գիշեր եկավ: Ընդհանրապես մի քանի հոգի միշտ պահակ էին կանգնում: Թուրքերը գողեգող իմացել էին՝ քանի պահակ կա, որտեղ են: Հեռվից նետահարել էին նրանց ու մտել գյուղ: Այդ գիշեր քունս չէր տանում: Կինս երեք անգամ ասաց՝ քնիր: Ինքը քնեց, իսկ իմ մտքի մեջ ամբողջ գիշեր մեր գյուղն էր. ոնց վառեցին, մարդիկ ոնց փախան, վերջապես նոր գյուղը ոնց շինեցին: Այդ ժամանակ դու մի ասա Իսմայիլը գալիս է նոր գյուղն ավերակ անելու: Հանկարծ ձայներ լսվեցին. միանգամից թափվեցին գյուղի վրա: Ես բարձի տակից դաշույնս հանեցի ու դուրս եկա: Տեսա՝ թուրքերը մերոնց փրթում են: Ես էլ սկսեցի: Իսմայիլը գոռաց.

– Չսպանե՛ք, ո՛ղջ բռնեք:

Ես պահը չկորցրի և մի քանի թուրքի էլ փրթեցի: Իսմայիլը նորից գոռաց.

– Կապե՛ք:

Տասը հոգի թափվեցին վրաս ու կապեցին: Իսմայիլը լուրջ նայեց ինձ ու ասաց.

– Կտանեմ Բաքու, կփտեցնեմ նավթահորերի մեջ:

Մի հույս ճառագեց իմ մեջ:

– Տեսնենք՝ ով ում կփտեցնի,- ասացի…

Ինձ տարան Բաքու և շղթայակապ կանգնեցրին գերիների շուկայում: Մեր գյուղից հինգ հոգի կային: Գերիների համար գին նշանակեցին. ինձ համար՝ հարյուր ոսկի, մնացածի համար՝ հիսունական: Առաջին օրը երեքին տարան, մնացինք երկուսով: Հաջորդ օրը մի կառք եկավ: Մի պարոն իջավ՝ սև բեղերով, չուխայով, երկարաճիտ կոշիկներով, մաուզերը գոտու մեջ խրած: Առաջին հայացքից կարծեցի՝ թուրք է: Եկավ ուղիղ իմ կողմն ու հարցրեց.

– Ի՞նչ արժե:

– Հարյուր ոսկի:

Մարդը վճարեց ոսկին ու հրամայեց շղթաներս արձակել: Հրամանը կատարեցին:

– Նստե՛ք կառքը,- դիմեց ինձ:

Ձիերը սլացան ու կանգնեցին երեքհարկանի շենքի բակում: Ծառաներին հրամայեց.

– Կերցրե՛ք, խմեցրե՛ք և բերե՛ք ինձ մոտ:

Ինձ տարան մոտը: Նա քսան ոսկի տվեց ու ասաց.

– Գնա, ուր ուզում ես:

– Պարոն, ես գրագետ եմ, լավ կաշխատեմ,- խեղճացած ասացի ես:

– Չես ուզո՞ւմ ազատ ապրել,- մի քիչ մտածելուց հետո հարցրեց պարոնը:

– Մեր գյուղը վառեցին, բոլորին կոտորեցին, ո՞ւր գնամ:

Ես մնացի պարոն Սահակի մոտ և խնդրեցի.

– Դու լավ մարդ ես. խնդրում եմ, ինձ մի ատրճանակ տուր, մի դանակ ու մի կտոր էլ պարան, գիշերը գնամ, ընկերոջս փրկեմ: Կապրեմ, քո ծառան եմ, կմեռնեմ, ներիր:

Պարոնը երկար մտածեց ու խնդրանքս կատարեց: Գիշերը գնացի Նավթագործների փողոցի հինգերորդ տունը: Տեղ հասա ու պատի տակից նայեցի. պահակը տեղում էր: Մի ոստյունով հասա և պարանը փաթաթեցի պարանոցին: Իսկույն գետին տապալվեց: Արագ կապեցի:

– Որտե՞ղ է Իսմայիլը:

– Խանումի մոտ է:

Նշանակում է՝ զբաղված էր: Ամբողջ օրը մի բանալի էի սարքել. նկուղի դուռը բացեցի և հասա շղթաներին: Մի կերպ հանեցի: Գևորգն ազատվեց:

– Գնանք:

– Ո՞ւր:

– Իսմայիլի հետևից: Պահակի զենքերը վերցրո՛ւ:

Պահակի կապերն արձակեցի, ատրճանակը դրեցի ծոծրակին, ու գնացինք: Հասանք դռանը, պահակին հրամայեցի.

– Ասա՝ պարո՛ն, վատ եմ զգում, վե՛ր կաց:

Իսմայիլը զգուշության համար կրակեց: Պահակն ընկավ: Վարտիքն ուղղելով դուրս եկավ: Իսկույն թևերը ոլորեցինք ու մտցրինք ներս: Խանումը չհասցրեց շորերը հագնել, տկլոր կանգնեց անկյունում: Պարոնը սկսեց խնդրել.

– Ես շատ փող ունեմ, վերցրեք, ինձ բաց թողեք:

– Ամբողջ գյուղը մեզ կանիծի: Քեզ պիտի դատենք,- պատասխանեցի ես:

Կապեցինք և սկսեցինք մտրակով ծեծել:

– Շուտով տղան կգա: Պատրաստվիր դիմավորելու:

Տղան եկավ խանումի հետ և մտավ կողքի սենյակը: Մենք իսկույն մտանք ու թևերն ոլորեցինք: Տղան փորձեց դիմադրել, բայց ուշ էր: Նրան իր խանումի հետ բերեցինք հոր մոտ: Հորը տեսնելուն պես ասաց.

– Հազար անգամ ասացի՝ Վազգենին մորթիր, տեսա՞ր ինչ արեց:

– Ուշ է, տղաս,- հառաչեց հայրը:

– Գևորգ, գնա շղթաները բեր:

Շղթաներով կապեցինք, որ պարանը չվառվի: Փողերն ու զենքերը վերցրինք, լեշերը դրեցինք հատակին:

– Ձեզ պրծանք, խանումների՞ն ինչ անենք:

– Վառենք:

– Ամոթ է, մենք թուրք չենք:

Կանանցից մեկը խնդրեց.

– Թույլ տվեք խոսեմ. ես հայ եմ, մայրս ու հայրս Վանից են: Թուրքերը վառեցին մեր քաղաքը, հայրս զոհվեց, մորս գերի վերցրին: Մի հարյուրապետի կին դարձավ: Ես ծնվեցի ու շատ նման եմ մորս: Վառելուց առաջ մի խորհուրդ տամ. սպանեք թուրքի կանանց, վառեք նրա համար, որ կնոջից է տղա ծնվում, ոչ թե տղամարդուց: Թուրքի տղամարդիկ հինգ կին են ունենում, պարզ է՝ տասը երեխա կունենան. մեկը՝ փորում, մյուսը՝ գրկին, երրորդը՝ մեջքին: Այդքանից հետո էլ գնում են աշխատանքի, իսկ տղամարդիկ նստում են պատի տակ ու ճանճերին քշում: Հայ տղամարդիկ մի կին են ունենում, ու պարզ է՝ ունենում են երեք կամ չորս երեխա և հարստություն: Թուրքը խլում է կնոջը, ոսկին և սպանում է երեխաներին: Զենք առեք ու շատ երեխա ունեցեք, և հաղթանակը ձերը կլինի: Ես վերջացրի, կարող եք վառել:

Ես մտածեցի ու ասացի.

– Դու ճիշտ ես ասում, դրա համար քեզ չենք սպանի. պատրաստվիր, Գևորգի հետ փախիր: Մյուսին կվառենք. առաջին անգամն է, թող դաս լինի:

Գործը վերջացավ: Մենք տունը վառեցինք ու դուրս եկանք: Երբ հեռացանք, հասանք փակուղի, հետ նայեցինք, տունը դեռ վառվում էր: Ես հանեցի փողերն ու զենքերը, պարոնի զենքերն ու հարյուր ոսկին թողնելով՝ մնացածը տվեցի Գևորգին:

– Գնաք բարով,- ասացի:

Գևորգը գույնը գցեց:

– Դու ո՞ւր ես գնում:

– Ես պարոնին խոսք եմ տվել: Քիչ մնաց մոռանամ. տիկին, անունդ ի՞նչ է:

– Գյուլնարա:

– Լավ անուն է, բայց այսուհետև տիկին Վարդ կլինի: Կառքով կգնաք: Երբ քաղաքից դուրս գաք, կառապանին կսպանեք, կառքը կվերցնեք ու կհեռանաք: Գնանք կենտրոնական փողոց, այնտեղ կանգնեցնեմ:

Կառքը հանգիստ կանգ առավ: Ես ու Գևորգը գրկախառնվեցինք, և կառքը սլացավ: Հեռվում մի ուրիշը երևաց: Ես ծուլորեն ձեռքս բարձրացրի, ու կառքը կանգնեց: Հորանջելով նստեցի, ձիերը շարժվեցին: Զգուշության համար հեռու իջա և շարունակեցի ճանապարհս: Ամբողջ գիշեր չէի քնել, պարոն Սահակը՝ նույնպես: Մի կուշտ քնեցինք: Արթնացանք երեկոյան կողմ: Գնացի պարոնի մոտ, զենքերն ու հարյուր ոսկեդրամը դրեցի սեղանին:

– Վերցրեք, ես պրծա:

Սահակը երկար մտածեց ու ասաց.

– Այսօրվանից գործերի կառավարիչ կաշխատես:

Սահակը մի տղա, մի աղջիկ ուներ: Տղան նավթահորի բացման ժամանակ գազից խեղդվեց, մնաց աղջիկը: Սահակը դժբախտացավ ու շիվար մնաց: Մի օր ինձ կանչեց, ասաց.

– Վազգեն, տեսնում եմ՝ արդար տղա ես, արի Հասմիկի հետ ամուսնացիր, ամբողջ ունեցվածքիս տեր դարձիր: Մենք էլ թոռներ ունենանք, մեղք ենք, շուտով կմեռնենք:

Ես ուրախությամբ համաձայնվեցի: Ամուսնացանք, երեխաներ ունեցանք: Սահակն ուրախ էր: Մի օր էլ ասաց.

– Մենք շուտով կմեռնենք, կտանես Ղարաբաղ:

Ես հինգ տղա ունեցա: Տատն ու պապը մեռան: Ինչպես խոստացել էի, տարանք ու պատվով թաղեցինք»:

Պատմությունն ավարտվեց: Տղան սնդուկը փակեց ու հրամայեց.

– Տարե՛ք:

Իսկույն տարան: Բաղդասարը (երևի պապի անունն էր) ասաց.

– Հարգելի՛ հյուրեր, մեր տունը տեսաք. ամեն անգամ քաղաք գալիս համեցեք, ոնց որ ձեր տունը: Հորաքույր Գայանեի համար մենք ձեզ պարտական ենք:

Հյուրասիրությունը վերջացավ: Մեզ տարան իջևանատուն: Երկու օրից քարավանը պատրաստվեց ճանապարհվելու: Կառքը եկավ, ու խցկված նստածներն իջան, շարվեցին. մեջտեղում պառավն էր՝ որբի նման: Մենք ձեռք սեղմեցինք, և քարավանը շարժվեց: Տիգրանը մի հայացք գցեց պառավին. կարծես ասում էր. «Ինձ իզուր մերոնց տվեցիք. ես ուզում էի գյուղ գալ, գլգլան աղբյուրների ջուրը խմել»:

Տիգրանը զղջաց: Քարավանը քանի առաջանում էր, հեռվում մնացած մարդիկ փոքրանում էին: Վերջ, մնաց մի կետ, դա էլ չքացավ: Տիգրանի մտքում տպվեց պառավի ուրվականը միայն…

ԾԵՐՈՒՆՈՒ ՄԵՂՔԸ

Հազար ինը հարյուր յոթանասունհինգ թվականի հունիս ամիսն էր: Հերթական արձակուրդս վերցրի և գնացի գյուղ: Մի շաբաթ մնացի անտառներում՝ մաքուր օդ շնչելու և սառը աղբյուրներից ջուր խմելու: Յոթերորդ օրը եկա տուն և ասացի.

– Վաղը գնալու եմ գետում լողալու:

– Մի ամիս է՝ գետում չեմ լողացել, ես էլ կգամ,- ասաց փոքր եղբայրս՝ Յուրիկը:

Վաղ առավոտյան մայրս ուտելիքի կապոց պատրաստեց, և ճանապարհ ընկանք: Մեր տնից մինչև գետը մի կիլոմետր կլիներ և զառիվայր էր: Երբ տների արանքով հասանք վերջին տնից աջ ձգվող ճանապարհին, եղբայրս ասաց.

– Անդրեաս պապը հիվանդ է. մի րոպեով մտնենք, տեսնենք ու դուրս գանք:

Տասը րոպեից դուրս եկանք և շարունակեցինք գնալ: Ճանապարհը քարքարոտ էր. հազիվ էինք քայլում: Մոտակա ձորում աղբյուր կար. այնքան վարար էր, որ գյուղացիները փոքր գետ էին անվանում: Հասանք այգիներին, որոնք շարված էին ճամփի երկու կողմերում: Գյուղացիները քարերը հողամասից հանել էին ու շարել դրանց շուրջը: Հետո փշե թփեր էին կտրտել ու շարոտել քարերի վրա. պնդոց էր ստացվել: Այգիների շարանը նման էր եռանկյունաչափական պատկերների՝ զիգզագ, եռանկյունի, շրջան և այլն: Այգիները բոլորովին նման չէին մեկը մյուսին: Ուղղաթիռից նայելիս նորաձև զգեստների կնմանեցնեիր: Այգիների արանքում քարքարոտ ճանապարհ կար: Մենք, մեկմեկու բռնած, հասանք փոքր գետին: Անասունները չէին կարողանում խմել, նշանակում է՝ ջուրը մաքուր էր: Եվ քանի որ մինչև աղբյուրին հասնելը դեռ հարյուր մետր կար, կռացանք ու ծարավներս հագեցրինք: Հիսուն մետր անցանք ու հասանք կամարաձև կամրջին: Այն կառուցված էր դեմ դիմաց խոյացող երկու ժայռերի արանքում, որ սելավի ժամանակ չփլվի: Կամրջի շաղախը պատրաստել էին գետաքարից, թարմ կտիտից ու ձվի դեղնուցից: Կառուցման տարեթիվը նշված չէր: Ոմանք ասում էին՝ իբր իրենց պապերը տեսել են, կամ այլ արկածներ էին պատմում: Կամրջի աջ ու ձախ կողմերում ջրաղացներն էին. երևի տեղը հարմար էր: Եղբայրս ասաց.

– Շատ ես նայում, գնանք:

Ես կարծես արթնացա երազից ու հարցրի, թե որ ափով գնանք՝ ձա՞խ, թե՞ աջ:

– Ձախով գնանք, աջով հետ կգանք,- մի քիչ մտածելուց հետո ասաց Յուրիկը:

Կամրջից հինգ մետր վերև մի հսկա ժայռ կար. գյուղացիները մի կերպ քանդել ու ճանապարհ էին սարքել: Շուտով հասանք վերևի ջրաղացին: Ես մի պահ կանգ առա և հիշեցի մանկությունս…

Ութ տարեկան էի: Մայրս մի քսակ ցորեն տվեց ու ասաց.

– Տղա՛ ջան, տար ջրաղաց, աղա, բեր, երեխաները սոված են:

Ես իսկույն վերցրի քսակը և վազելով հասա ներքևի ջրաղացը: Տեսա՝ հերթ շատ կա, քսակը վերցրի ու հասա վերևի ջրաղացը: Սուտասան Եգորն ասաց.

– Մի քիչ սպասիր, կաղամ, քեզ կտամ:

Ես առարկեցի, քսակի ցորենը շուռ տվեցի ձագարի մեջ:

– Երեք կիլոգրամ ալյուր լցրու, կշռիր ու տուր ինձ,- ասացի:

– Ի՛նչ իմանամ՝ քանի կիլոգրամ ցորեն է,- զայրացավ տերը:

– Ցորենը կշռիր,- պնդեցի:

Տերը չհամաձայնվեց: Ես քսակը վերցրի ու տխուր-տրտում նստեցի պատի տակ: Ջրաղացպանը մոտեցավ ինձ.

– Մի՛ անհանգստացիր, շուտով կգնաս:

Բայց մինչև հերթս հասավ, մթնեց: Ես մտածեցի՝ ոնց պիտի գնամ տուն: Մեր հարևանի տղան էլ էր հերթի մեջ: Նրան խնդրեցի.

– Պավլիկ ջան, կարող ե՞ս ինձ այգիների արանքով անցկացնել, վախենում եմ:

Պավլիկը մի քիչ մտածեց ու հարցրեց.

– Ի՞նչ կտաս:

– Գրպանումս մի ծեծած մեխ կա, մեկ-մեկ պոպոք եմ ջարդում. կտամ:

– Ցույց տուր տեսնեմ,- պահանջեց Պավլիկը:

Իսկույն հանեցի գրպանիցս և ցույց տվեցի:

– Լավ, կտանեմ:

Ես հասա տուն ու պատմեցի եղելությունը…

Ճանապարհին պատմում էի նաև եղբորս: Այգիների արանքով գնացինք, հասանք Չրչռին: Դա մի հսկա ժայռ է: Վերևից իջնում է գետն ու երեք մետր բարձրությունից գահավիժում փոսը: Երկու կողմից ջուրը թեքությամբ հոսում է ցած՝ լցվելով սև ջրավազանը: Չրչռը ջրի մակերեսից բարձր է վեց մետր: Ձախ կողմում մի խորշ կար. տղաները երբեմն նստում էին մեջը: Ժայռի դիմացի ջրավազանը վեց մետր տրամագծով ու մեկ մետր խորությամբ կլոր փոս էր:

Գետի ձախ ափին մի քանի տղա հարթ քարերի վրա արևկող էին անում: Մի տղա էլ, բազկաթոռանման քարին նստած, գլուխը գրքի վրա խոնարհած, կարդում էր: Ես մոտեցա նրան ու հարցրի.

– Դու իրավունք ունե՞ս այս քարի վրա նստելու:

– Քեռի ջան, բազկաթոռը պապական է,- գլուխը բարձրացնելով՝ սրախոսեց տղան:

Ես զարմացած հարցրի.

– Ալյոշայի տղան ե՞ս:

– Այո:

– Ուրեմն իրավունք ունես նստելու:

Ալյոշան իմ հասակակիցներից էր: Մի անգամ, երբ լողացել վերջացրել էի, վարտիքս մզեցի և ուզեցի հագնել, հանկարծ Ռաֆիկը մոտեցավ ինձ, վարտիքս խլեց, քարի մեջ փաթաթեց ու գցեց ջուրը: Ալյոշան ասաց.

– Եթե ուզում ես վարտիքդ հագնել, սուզվիր ջրի տակ, հանիր ու հագիր:

Ես մտածեցի, որ երբեք չեմ փորձել, հիմա ի՞նչ անեմ: Ստիպված սուզվեցի, վարտիքս վերցրի ու ափ դուրս եկա: Տղաները ծափ տվեցին: Այդ օրը   ջրի տակ սուզվելը սովորեցի: Մի ուրիշ անգամ Ալյոշան ասաց.

– Տղե՛րք, գնանք Ցակատի գյոլը՝ լողալու:

– Սիրելիս, գյոլն ի՞նչ լեզվով է,- հետաքրքրվեց Ռաֆիկը:

– Ճանապարհին կասեմ:

Ցակատի գյոլը Չրչռից հարյուր մետր հեռու էր: Ալյոշան սկսեց պատմել. «Մեր գյուղացի Արտեմն ընկերացավ Հաջիի հետ, որ Գյումստան գյուղից էր: Ամեն անգամ, երբ Արտեմը գնում էր Հաջիի տուն, թուրքը ոչխար էր մորթում: Իսկ երբ նա էր գալիս մեր գյուղ, Արտեմն աքլոր էր մորթում: Մի անգամ Արտեմը թուրքին ասաց.

– Գնանք գետը՝ լողալու:

Ընկերները գնացին Ցակատի գյոլը: Հաջին հարցրեց.

– Ջրափոսը ո՞նց է կոչվում:

– Հայերեն «ջրավազան» է:

Հաջին մի քանի անգամ փորձեց, չկարողացավ ասել «ջրավազան», վերջապես ասաց «գյոլ»:

– Ի՞նչ ես ասում, դա թուրքերեն է,- նեղացավ Արտեմը:

Հաջին ջղայնացավ.

– Երբ գալիս ես մեր տուն, ոչխար եմ մորթում, չես ասում՝ մեծ է, երբ գալիս եմ ձեր գյուղ, քիչ է մնում՝ պարան սարքես. գյոլ է և վերջ:

Այդ օրվանից մինչև հիմա Հաջիի ասածով կոչվում է «գյոլ»:

Հասանք Ցակատի գյոլը: Իսկույն հանվեցինք ու մտանք ջուրը: Մի քիչ լողացանք, հետո դուրս եկանք ու պառկեցինք քարերին: Ռաֆիկն Ալյոշային ասաց.

– Միգուցե «Ցակատի գյոլը» պատմե՞ս:

 – Մեծ սիրով,- ասաց Ալյոշան:- Ամառ էր: Գուրգեն պապը եկավ այգի՝ լոբու ճեղ կտրելու: Վերջացնելուց հետո ցակատը խրեց գոտին ու փորձեց գետն անցնել: Ցակատն ընկավ ջուրը: Պապը գետի չորս կողմը պտտվեց, չկարողացավ հանել: Այդ օրվանից կոչվում է «Ցակատի գյոլ»:

– Այսօրվանից կոչվում է «Գյուտարար»,- ասաց Ռաֆիկը:

Քիչ հետո տղան վեր կացավ ու մտավ ջուրը: Տղերքը պատրաստ սպասում էին: Նա սուզվեց ջրի տակ, չորս կարիճ բռնած դուրս եկավ, շպրտեց ափը՝ մի քանի անգամ կրկնելով:

– Բավական է,- ասացին ընկերները:

Տղան Չրչռը թողեց, մտավ սև գյոլը: Մի քիչ հետո սուզվեց ու դուրս եկավ՝ հիմա էլ երկու օձ բռնած, խփեց քարին, շունչը փչած օձերին ափ շպրտեց: Տղան մի քանի անգամ կրկնեց: Տղերքն անմիջապես կրակ վառեցին, սկսեցին օձերին մաշկել: Նրանցից մեկին հարցրի, թե ինչ են անում:

– Օձերի կաշին հանում ենք, փորոտիքը մաքրում, պոչից ու գլխից քսան սանտիմետր կտրում ենք ու խորովում:

– Հետո՞ ինչ եք անում,- հարցրի զարմացած:

– Ուտում ենք:

– Կարիճնե՞րն ինչ եք անում:

– Մեջքը հանում ենք, խորովում և ուղեղը ծծքում:

Տղան շարունակեց.

– Օձի մաշկն ու կարիճի մեջքի պատյանը միացնում ենք և աղջիկների համար գոտի սարքում…

Մենք լողացանք և գետի աջ ափով վերադարձանք: Մի ժամ հետո հասանք տեղի ջրաղացը: Հեռվից մի պապիկի տեսանք, որ դողդողալով մաքրում էր ջրաղացի դուրսը: Եղբորս հարցրի.

– Ո՞վ է:

– Գուրգեն պապին է:

– Ի՞նչ է անում:

– Մաքրում է:

Մոտեցանք, բարևեցինք ու նստեցինք:

– Յուրիկին իմանում եմ, բայց մեծին չիմացա,- ասաց պապը:

– Մեծ եղբայրս է,- ասաց Յուրիկը:

Պապը հարցրեց, թե որտեղ եմ ապրում:

– Երևանում:

– Ի՞նչ ես անում:

– Ինժեներ եմ:

– Լավ է,- ասաց,- ես էլ ապրում եմ՝ ամեն մեռնողի երանի տալով: Երբ մեկը ծնվում է, ասում եմ՝ քանի տարի է ապրելու:

– Ես քանի՞ տարի եմ ապրելու:

– Աստված գիտի: Ես մեղք ունեմ, պիտի պատմեմ, հետո մեռնեմ:

– Եթե ուզում ես, ինձ պատմիր:

Պապը լռեց, ապա հառաչելով ասաց.

– Երդվիր, որ մինչև մեռնելս չես պատմի:

– Միայն հարսանիքի ու մեռելի ժամանակ,- ծիծաղելով ասացի ես:

Պապը նույնպես ծիծաղեց.

– Ուրեմն չեմ պատմի:

– Պապի, երդվում եմ, մինչև մեռնելդ չեմ պատմի:

Պապը փոքր եղբորս հանձնարարեց.

– Գնա, դիմացի լանջից ավել կտրի բեր, որ ավլեմ:

– Պապի, խորամանկ ես. ինձ ցրում ես, որ պատմե՞ս,- դժգոհեց Յուրիկը:

– Գնա-գնա՛, դու բերանբաց ես:

Եղբայրս գնաց, ու պապը պատմեց. «Ջահել էի: Հացի արտում երկու անվար տեղ կար. հնձեցի, թակեցի, երկու բեռ եղավ: Մեկը տանը մնաց, մյուսը բերեցի ջրաղացում աղալու, որ երեխաներն ուտեն: Մի քիչ հետո էշը կանգնեց ջրաղացի դռանը: Ջրաղացպանն օգնեց ինձ, և բեռը ներս տարանք: Իսրայելն ասաց.

– Հերթ չկա, վաղը պիտի աղամ:

Էշը կապեցի, որ կեր ուտի, ես էլ սկսեցի ջրաղացպանի հետ զրուցել: Այդ ժամանակ հեռվում մի կին երևաց՝ տասը տարեկան տղայի հետ: Ճակատեն գյուղի կողմից էր գալիս: Քիչ հետո հասան ջրաղացի դուռը: Իսկույն օգնեցինք, շալակը ցած դրեց:

– Որտեղի՞ց եկար,- հարցրեց ջրաղացպանը:

Կինը կարմրեց.

– Ճակատենից:

Հարցը վերջացավ: Կինը հոգոց հանեց ու տղային ասաց.

– Բալիկ ջան, տար ներս:

Տղան ներս տարավ ու դրեց ձագարի մոտ: Ջրաղացպանը պատվիրեց անկյունում դնել: Մայրը ցնցվեց. երևի վաղը կաղան: Հետո որդուն կանչեց հաց ուտելու:

Արդեն երեկո էր: Ջրաղացպանն ասաց.

– Գնա մեր տուն, կնոջս ասա՝ թող տեղաշորը փռի, որ քնենք. վաղը կաղանք:

Կինը որդու հետ գնաց: Կեսգիշերին ջրաղացպանը գնաց տուն՝ քնելու, տեսավ՝ կինը դրսում է քնած, տղան՝ երևի ներսում: Մութ գիշեր էր: Իսրայելը կարծեց՝ տղայի մայրն է. մարմնով դող անցավ: Տեսավ՝ կինը բաց է, կուրծքը վերուվար է անում: Մոտեցավ ու սկսեց հանվել: Կինը լուռ էր: Իսրայելը շորերը մի կողմ շպրտեց ու մտավ ծոցը: Մի ժամ հետո հանգստացավ, շորերը հագավ ու եկավ ջրաղաց: Ես զարմացա.

– Շուտ եկար:

– Քունս չտարավ,- ասաց նա՝ հոգոց հանելով:- Ուրիշի կինը համով է. գնա ու փորձիր:

– Ամոթ է,- հրաժարվեցի ես,- էդ կինը կասի՝ չտես են:

– Ուզում ես գնա, ուզում ես մի գնա, հետո չփոշմանես:

Քիչ հետո փոշմանեցի, վեր կացա ու գնացի: Երբ վերադարձա, ջրաղացպանը հարցրեց.

– Համով է՞ր:

– Ոչինչ:

Քնեցի: Առավոտյան ջրաղացպանի կինը եկավ ու սփռոցը փռեց: Ամուսինը զարմացավ.

– Ի՞նչ ես անում:

Կինն աչքերը խոժոռելով ասաց.

– Մի ձեռքը ձեռք է լվանում, երկուսը միասին՝ երես:

– Գիշերը երազ ե՞ս տեսել,- զարմացավ ամուսինը:

– Դուք եք տեսել, որ երկու-երկու մտաք ծոցս, ես ե՞մ տեսել:

Ամուսինը գլխի ընկավ և ամոթից ուշաթափ եղավ: Մոտեցա, ջուր ցանեցի երեսին: Նա արթնացավ, վեր կացավ կանգնեց, բայց նորից ընկավ:

– Վե՛ր կաց, երեխա չես,- հանդիմանեցի ես:

Ջրաղացպանը վեր կացավ, մոտեցավ սփռոցին ու բացեց. լավաշ էր, հավ, մի շիշ գինի ու խնձոր: Կինը մոտեցավ ու կարմրելով ասաց.

– Ես եմ մեղավոր, ինձ սպանեք:

– Սեփական կնոջս չճանաչեցի և ընկերոջս ասացի՝ մոտը գնա,- հառաչեց ջրաղացպանը:

– Մո՛տ արի, քեզ համար եմ սարքել:

– Կյանքում ընկերոջս կնոջ ծոցը չէի մտել,- մոտենալով ասացի ես:

Կինը գողտուկ ծիծաղեց, և սկսեցինք հաց ուտել: Ճաշից հետո ջրաղացպանը խնդրեց.

– Գուրգեն ջան, երդվիր, որ մինչև մեռնելս ոչ մեկին չես ասի:

– Երդվում եմ,- ասացի և մեղավորի պես դուրս եկա:

Օտարական կինը որդու հետ եկավ և հանդիմանելով հարցրեց, թե երբ են աղալու:

Ջրաղացպանը ցորենը շուռ տվեց ձագարի մեջ:

– Ի՞նչ ես անում, գժվել ե՞ս,- թոնթորաց կինը,- այս գյուղում մի խելքը գլխին տղամարդ չկա՞:

– Մի օր էլ մնա, կասեմ,- ասաց ջրաղացպանը:

Կինն ամոթխած պատասխանեց.

– Մի գիշեր մնացի, ինչ արեցիր, երկրորդը մնամ, ինչ պիտի անես:

– Ինչքան ուզում ես, լցրո՛ւ,- զայրացավ Իսրայելը:

Հետո քթի տակ մրթմրթաց. «Գրողի ծոցը գնա»: Քիչ անց կինը հավաքվեց ու հեռացավ: Ջրաղացպանը մի պահ նայեց նրա հետևից, հետո մտավ ջրաղացը: Ես ինքս ինձ ասացի. «Մինչև կյանքիս վերջը կմնամ մեղքի տակ»:

Երբ եղբայրս վերադարձավ, Գուրգեն պապն արդեն պատմությունն ավարտել էր: Յուրիկը երեք ավել դրեց պապի ձեռը, և մենք ճանապարհվեցինք տուն:

– Ի՞նչ պատմեց,- ժպիտով հարցրեց եղբայրս:

– Ախր պապին երդվել եմ, որ չեմ պատմի,- կմկմացի ես:

Մենք լուռ քայլեցինք մինչև Անդրեասի տուն: Մարդիկ իրար հետևից մտնում, դուրս էին գալիս. Անդրեասը մեռել էր: Ողորմի տվինք ու շարունակեցինք ճանապարհը: Հայրս ասաց.

– Շատ սպասեցի, մինչև գառն ինքնիրեն խորովվեց:

– Ապրես, հայրիկ, շատ սոված եմ,- ասաց Յուրիկը:

Երբ արդեն կուշտ կերած էինք, նա պնդեց.

– Դե, պապի մեղքը պատմիր:

Ես նրբորեն պատճառաբանեցի, թե քունս տանում է, խոստացա հաջորդ օրը պատմել ու քնեցի:

Վաղ առավոտյան Գուրգենի տղան մեր տուն եկավ ու հարցրեց.

– Երեկ ի՞նչ եք ասել հորս. նա մեռավ:

Ես վախվորած ասացի, որ բան չեմ ասել, պարզապես նրա մեղքն եմ վերցրել: Եվ պատմեցի: Տղան քահ-քահ ծիծաղեց ու ինքն էլ պատմեց.

– Երեկոյան եկավ տուն ու կնոջս ասաց.

– Հարս ջան, հարիսա եփիր:

– Ի՞նչ ես անում, հայրիկ,- զարմացավ կինս:

– Ուտում եմ:

Առավոտը շուտ կերավ ու մեռավ:

– Պապը վախեցավ, թե կպատմեմ, շտապ մեռավ,- հանգիստ ասացի ես:

Հաջորդ օրը առոք-փառոք թաղեցին…

ԳՅՈՒՂԻ ՄԱՏՆԻՉՆԵՐԸ

Առավոտ շուտ մայրս վեր կացավ, գնաց խոհանոց: Հայրս գնաց գոմ՝ անասուններին կեր տալու: Ես էլ ստիպված վեր կացա, շորերս հագա, գնացի արտաքնոց: Արտաքնոցից դուրս գալով՝ նայեցի դեպի արևելք. արևի առաջին ճառագայթներն արդեն դուրս էին եկել: Մի պահ կանգնած մնացի. տեսա՝ արևի սկավառակը կամաց-կամաց բարձրանում է: Օրը լուսանում էր: Թռչուններն սկսեցին երգել: Ես զմայլված նայում էի արևին, չէի կշտանում: Վերջնականապես արթնացա և մտա տուն: Քիչ հետո լվացվեցի, սանրվեցի ու նստեցի սեղանի մոտ: Այդ ընթացքում մայրս հասցրեց սեղանը գցել ու հրամայեց.

– Երեխանե՛ր, շո՛ւտ վեր կացեք:

Իսկույն վեր կացան, շորերը հագան, լվացվեցին ու նստեցին սեղանի շուրջը: Հայրս գոմից եկավ, լվացվեց ու նույնպես նստեց սեղանի մոտ: Երեխաները հոգոց հանեցին. նշանակում էր՝ վերջ, կարող են ուտել: Գյուղացու սեղանին ի՞նչ պիտի լինի. կանաչի, մածուն, պանիր, կաթ, շոռ, խնոցու կարագ, մեկ-մեկ էլ միս: Երբ հայրս նստեց, մայրս նայեց ուղիղ երեխաների աչքերին ու ասաց.

– Ով անլվա է, թող վեր կենա լվացվի, թե չէ դերվիշը կտանի:

Դերվիշի անունը լսելուն պես շտապ վեր կացան, անլվա թե մաքուր՝ գնացին լվացվելու:

– Ա՛յ այդպես, դե նստեք:

Ճաշկերույթը սկսեցինք: Ես վերցրի մի ամբողջական լավաշ, մեջը կանաչի, սոխ, պանիր, խնոցու կարագ դրեցի, լավ փաթաթեցի և սկսեցի ուտել: Հայրս նկատեց ու ասաց.

– Տղաները ոչինչ, բայց վաղը, մյուս օրը աղջիկները կգնան ուրիշի տուն, ի՞նչ կասեն՝ գոմում է՞ ապրել, թե՞ տանը:

– Ներիր, հայրիկ, մյուս անգամ չեմ անի,- կմկմալով ասացի ես:

Շարունակեցի ուտել: Կեսն էի կերել, երբ լսեցի գյուղի կատարածուի ձայնը.

– Սավա՜դ, Սավա՜դ…

– Տղա ջան, դուրս արի տես՝ ինչ են ասում,- ասաց մայրս:

– Հանգիստ կեր, աշխօր է ստանում, նորից կկանչի,- ասաց հայրս:

Մի քիչ հետո մայրս չդիմացավ.

– Էլի հակառակվելը բռնեց. մեղք է, թող դուրս գա…

Մի անգամ հայրս գնաց կոլտնտեսության համար հունձ անելու: Վերջացնելով՝ արտից դուրս եկան, մտան անտառ՝ ցախ հավաքելու, հետո ճանապարհվեցին տուն: Ճանապարհի եզրին լիքը թփեր կային, որոնք անընդհատ կպչում էին ցախերին ու մարդկանց խանգարում: Հորս ճեղը մի քանի անգամ կպավ թփերին, զզվեցրեց: Հայրս չդիմացավ.

– Անտե՛ր հակառակ ճեղ, հերիք է ինձ տանջես. ուրիշի հետևից հանգիստ գնում ես, իմ հետևից անընդհատ կպչում ես թփերին:

Գյուղի կատակախոս Գինոսը լսեց ու բոլորին պատմեց: Այդ օրվանից մինչև այսօր գյուղացիները հորս անվանում են «հակառակ ճեղ»…

Ես դուրս եկա ու կանչեցի.

– Միշա՜, Միշա՜, ի՞նչ ես ասում:

– Քեռի Սավադը տանն է՞:

– Այո:

– Ասա՝ նախագահը կանչում է:

Եվ տափակ կտուրից իջավ ու գնաց դեպի գրասենյակի բակը: Միշան կարճատես էր, բայց ձայնը բարձր էր, դրա համար էլ կատարածու էր…

Հայրս որ ծնվեց, պապս անվանեց Տրդատ: Տատս հակաճառեց.

– Թող Սավադ լինի, Սավադը հարուստ է:

– Ա՛յ կնիկ, թագավորի անուն դրեցինք, հերիք է էլի, կհարստանա,- ծիծաղելով ասաց պապս:

Տատս նորից հակաճառեց.

– Թագավորը հեռու է, մեծահարուստ Սավադը մոտիկ է, թող Սավադ լինի:

– Եկեղեցու մատյանում Տրդատ եմ անվանում,- բարկացավ պապս,- դու ուզում ես, Սավադ ասա:

Մինչև այսօր Սավադ են ասում…

Ես մտա տուն ու հորս ասացի, որ նախագահը կանչում է:

– Ի՞նչ է ասում:

– Կգնաս, կիմանաս,- ասացի ու շարունակեցի բուռումս ուտել:

Ճաշից հետո հայրս գնաց նախագահի մոտ, եկավ:

– Նախագահն ի՞նչ ասաց,- իսկույն հարցրեց մայրս:

Հայրս մի քիչ մնաց, բեղերը ոլորեց ու ասաց.

– Վաղը գնում եմ Սիրաքի մեղվանոցի պահակ:

Մայրս մի քիչ անհանգստացավ, սուտ պատրվակով գնաց խոհանոց, եկավ, հարցրեց.

– Բա Մաթևոսն ի՞նչ է անում:

– Վախենում է, ասում է՝ իբր գիշերը չարքերը հավաքվում են գլխին ու հարսանիք են անում:

– Դու չարքերից չես վախենո՞ւմ:

Հայրս մի պահ լռեց, նորից բեղերը ոլորեց ու ասաց.

– Ծաղրում ե՞ս: Ես տղամարդ եմ, Մաթևոսը կիսատղամարդ է, հասկացիր:

Մայրս լռեց: Հաջորդ օրը հայրս գնաց գոմ, էշը հանեց, բերեց բակ, բարձեց, ինչ որ պետք էր, և ճանապարհվեց մեղվանոց: Երեք օր հետո մայրս ասաց.

– Տղա ջան, հորդ համար հաց տար:

Եվ սկսեց պատրաստել: Մի ժամ հետո պայուսակը վերցրի ու ճանապարհ ընկա: Ամբողջ ճանապարհը՝ գյուղից մինչև մեղվանոց, վերելք էր: Մեր տնից դուրս եկա, տների արանքով հասա վերջին տանը: Շուտով հասա Գլգլան աղբյուրին: Գյուղից մինչև աղբյուրը մի կիլոմետր էր: Կանայք առավոտը շուտ կժերը վերցրած գնում էին ջուր բերելու, որովհետև այդ ժամին ջուրը մաքուր էր լինում: Մի անգամ էլ մայրս կուժը վերցրեց և ասելով` «Այսօր գյուղի պառավները ջուրը պիտի վարեն, որ անձրև գա. երաշտը մեզ վառեց», ճանապարհվեց դեպի աղբյուրը: Ես վեց տարեկան կլինեի: Շտապ վեր կացա, շորերս հագա, լվացվեցի ու սպասեցի մորս գալուն: Մի քիչ հետո նա եկավ, կուժը ցած դրեց և ախ քաշելով հարցրեց.

– Տղա ջան, ինչո՞ւ ես շուտ վեր կացել:

– Գնում եմ ջուր վարելու, որ անձրև գա:

– Դե շուտ արա, հաց կեր ու գնա. միգուցե քո վարելով անձրև գա:

Ես հաց կերա ու շտապեցի վար անելու: Գնացի տեսա՝ մենակ ես չէ, ամբողջ գյուղի երեխաներն էլ են սպասում վարելու: Վերջապես պառավները եկան ու սկսեցին պատրաստվել: Երեք տղամարդ եկան ու բերեցին երեք եզան լուծ, մի երկար շղթա, արտ վարելու արոր և դրեցին ջրի կողքին: Ամենածեր պառավը մոտեցավ լծակներին. հատուկ անցքերով դրեցին սամիները, երկուական պառավի լծեցին, հետո շղթան կապեցին լծակներից ու տարան կապեցին քարերից: Պառավը ծղրտաց.

– Բոլորդ պատրաստ ե՞ք:

Աղջիկները միաձայն ասացին.

– Այո:

– Դե, սկսեցինք:

Առաջինը պառավները երկար ճիպոտով խփեցին, շարժակազմը սկսեց ջուրը վարել: Մի ժամ վարելուց հետո շարժակազմը կանգ առավ, և կապերը քանդեցին: Երբ վերջացրին, նույն տղամարդիկ եկան, սարքը տարան պահեստ: Պառավները տնքալով գնացին տուն: Հաջորդ օրը Խուստուփ սարի վրա ամպեր երևացին, հետո իջան ցած և փակեցին ամբողջ երկինքը: Երկու օր անց սկսեց անձրև տեղալ. թե Աստված օգնեց, թե բնության սովորական տարերք էր, համենայնդեպս, մարդիկ ուրախացան ու սկսեցին թռվռալ: Ամբողջ ամիսն անձրև տեղաց: Մարդիկ գնացին եկեղեցի, խաչ, վանք՝ մոմ վառելու, բայց չօգնեց: Քառասուն օր հետո վերջապես կտրվեց: Մարդիկ հանգստացան ու սկսեցին աշխատել…

Ես արթնացա քնից և շարունակեցի ճանապարհս: Ջուրն անցա, քսան մետր գնացի, հանկարծ աջ կողմում հսկայական քարայր տեսա. նորից ամեն բան կինոնկարի նման անցավ առջևովս… Ամառվա շոգ օր էր: Ավագ եղբորս ընկերները բակ մտան, բարևեցին ու մորս ասացին.

– Մորաքույր, մի բաժակ սառը թան տուր, խմենք:

– Տղաներ, նստեք, թան էլ կտամ, կարագ ու յուղ էլ,- ասաց մայրս:

Տղաները մեր սրահի սեղանի չորս կողմը նստեցին ու սպասեցին: Մայրս բերեց ու սփռոցը դրեց սեղանին: Տղերքն անհամբեր բացեցին. թարմ սոխ էր, լավաշ, տիկի աղի շոռ և խնոցու թարմ կարագ:

– Կերեք, մինչև թանը սառչի,- ժպիտով ասաց մայրս,- նոր եմ խնոցուց թափել:

– Մորաքույր,- ուրախացած ասաց եղբորս ընկերը` Վարդանը,- ում համար վատ լինի, ինձ համար մուրազ է. սիրում եմ տիկի աղի շոռը կարագի հետ:

– Մենք էլ ենք սիրում,- միաձայն ասացին տղերքը:

Կերան, խմեցին, Արտակն ասաց.

– Տղերք, գնանք գետը՝ լողալու:

Գետի մասին լսելուն պես ես սկսեցի լացել, թե՝ «Ես էլ եմ գալիս»: Եղբայրս փորձեց ինձ համոզել, թե՝ «Տանը մնա, խնձոր կբերեմ», չհամաձայնվեցի. գալիս եմ, որ գալիս եմ: Ընկերները սկսեցին համոզել: Հերթով փորձում էին, բայց ճար չեղավ: Արտակը հանեց վզի խաչը և տվեց ինձ: Վերցրի, բայց նորից ասացի՝ գալիս եմ: Եղբայրս ստիպված ասաց.

– Արի, բայց խելոք կմնաս:

Ուրախությունից ոտքերս ինձ չէին ենթարկվում: Մայրս ասաց.

– Տղաներ, երեխայիս ուշադիր կլինեք:

– Անհոգ մնա, կնայենք,- միաբերան ասացին նրանք, և ճանապարհ ընկանք:

Քիչ հետո հասանք ջուրն ու անցանք: Քսան մետր էինք գնացել, հանկարծ իմ դիմաց մի հսկայական քարանձավ տեսա: Ոտքերս սկսեցին դողալ:

– Սա ի՞նչ բան է,- հարցրի եղբորս:

Նա արագ մտածեց ու ասաց.

– Արջի բուն է:

– Արջը մեջն է՞,- հարցրի դողալով,- քոթոթն էլ հետն է՞… Ես չեմ գալիս:

Եղբայրս ձևի համար մի քիչ սպասեց ու ասաց.

– Մի՛ վախեցիր, արի:

– Ես գնում եմ տուն:

– Տղե՛րք, համաձայն է,- ուրախացած ասաց նա:

– Ո՞վ:

– Եղբայրս:

– Ուռա՜,- գոչեցին տղաները:

– Ուզում ե՞ս, գնա տուն, մենք սպասում ենք,- առաջարկեց եղբայրս:

Ես մինչև տուն հետ նայելով գնացի:

– Տղա ջան, ինչո՞ւ ես եկել,- հարցրեց մայրս:

– Վախեցա:

– Ինչի՞ց:

– Արջից… Արջը մեկ-մեկ դուրս է գալիս զբոսնելու…

Մայրս իսկույն գլխի ընկավ:

– Նստիր, հիմա ձվածեղ կանեմ:

Ես անհամբեր սպասում էի ձվածեղին…

Մի պահ մտածեցի՝ վեց տարով մեծացա, և շարունակեցի ճանապարհս: Շուտով հասա վերին ճանապարհի ընկուզենուն: Հոգնել էի: «Մի քիչ նստեմ հանգստանամ ու ճամփա ընկնեմ»,- որոշեցի ես: Նայում էի. գյուղը ոնց որ ափիս մեջ լիներ: Հայացքով գտա մեր տունը: «Մայրիկ,- ասացի,- հասա գյուղի հակառակ լանջի ընկուզենուն, մի քիչ հանգստանամ ու ճամփաս շարունակեմ»: Լանջին երեք ճանապարհ կար: Հետևինն անցնում էր գյուղի տակով և հասնում մինչև Խաչին արտը, միջին ու վերին ճանապարհներն անցնում էին Արջի քարայրով ու հատվում մեղվանոցի ճանապարհի հետ: Լանջին տարբեր ծառեր կային՝ ընկուզենի, հոնի, կաղնի, տանձենի… Ես հանգստացա ու ճանապարհվեցի: Շուտով հասա Սիրաքի ճանապարհին, որից ցած վխտում էր ոչխարի հոտը: Հովիվը սրինգը դրեց բերանին ու նվագեց հովվի կանչը: Մի պահ զմայլված լսեցի և շարունակեցի գնալ: Շտապում եմ ասել, որ մեր գյուղն ու հանդերը միայն ձորեր ու լանջեր են, անտառներ, քարափներ, ժայռեր ու ղռեր են, մեկ-մեկ էլ վարելահողեր: Ճանապարհի երկու կողմից արտեր են. որը՝ զիգզագ, որը՝ կլոր, որը՝ սեղանաձև: Ներքևում ձորն է վշշում: Հասա ձորը, որի երկու կողմում ղռեր են: Միակ ծառի վրա կանգնած մի մոշահավ ուզում էր ինձ ծաղրել: Ես փորձեցի բռնել, բայց մոշահավը տեղափոխվեց մյուս ճյուղին ու հանգիստ նստեց: Ես իջա ու շարունակեցի ճանապարհս: Մի քիչ գնալուց հետո սկսեցի երգել: Հանկարծ ձորի հակառակ կողմից ջորեպաններ երևացին: Նրանցից մեկը մոտեցավ ինձ:

– Սավա՛դի տղա, ինչո՞ւ ես ձայնդ գլուխդ գցել,- ասաց գյուղի կատակախոս Գինոսը,- վախենում ե՞ս:

– Չեմ վախենում, ուղղակի երգում էի,- պատասխանեցի ես:

– Զգույշ երգիր, այս ձորերը լիքն են գայլերով, արջերով ու այլ գազաններով:

– Չեմ վախենում,- նորից ասացի ես:

Մի քիչ հետո մյուս ջորեպանը մոտեցավ ինձ ու ասաց.

– Մի՛ վախեցիր, հանգիստ գնա, ոչ մի բան չկա:

Այն օրվանից մինչև այսօր գազանից զգուշանում եմ…

Ձորի ձախ կողմում անտառ էր, ցածրում քչքչում էր աղբյուրը, աջ կողմում ղռեր էին, ժայռեր ու քարանձավներ, մեկ-մեկ էլ փշոտ թփեր: Ձորն անցա, հասա բլուրը, որի կենտրոնում մի կալ կար, ձախ կողմում՝ երկու հսկա գոմեր, որտեղ տեղավորում էին սարից իջած տավարը: Աջ կողմում մի շինություն կար, որտեղ փեթակներն էին տեղավորում, իսկ հիսուն մետր այն կողմ մեղվանոցն էր: Վերևում պահակատունն էր՝ շրջապատված «ոզնի» թփերով, որոնք ոնց որ ծառեր լինեին: Աջ կողմում անտառ էր, կենտրոնում շարված էին մեղվի փեթակները. որը՝ թփի տակ, որը՝ քարի վրա… Ես կամաց-կամաց գնացի դեպի պահակատունը: Ներս մտա ու տեսա հորս. ոնց որ Ռոբինզոն Կրուզոն լիներ: Նա վեր կացավ, գրկեց ինձ: Մի քիչ անց դուրս եկա բակ: Հեռվում մի ձիավոր տեսա, իսկույն ներս մտա ու հարցրի՝ ով է: Հայրս դանդաղ դուրս եկավ բակ ու ասաց.

– Նախագահն է:

Ես մտա ներս, իսկ հայրս մնաց դրսում: Նախագահը եկավ, բարևեց, ապա ձիուց իջավ: Հայրս իսկույն սանձը բռնեց, կապեց մոտակա ծառից և պատրաստ էր լսելու: Նախագահը նայեց փեթակներին, նայեց հորս ու ասաց.

– Չես ասո՞ւմ՝ ինչու եմ եկել:

– Քո գործն է, ասա իմանամ,- զարմացավ հայրս:

Նախագահը կմկմալով ասաց.

– Կալին օգնիր, աշխօր կտամ: Ջորիներին ուշադիր եղիր, ցորենը չտանեն: Մեղվաբույծներին ուշադիր եղիր, մեղրը չտանեն:

– Ուրիշն ասի, չեմ նեղանա, բայց որ դու ես ասում, նեղանում եմ,- զայրացավ հայրս:- Տասը տարի է՝ մեր ցեղի բարեկամն ես, տեսել ե՞ս՝ որևէ մեկին մատնենք: Ես էլ նույն էդ ցեղից եմ… Առաջինը՝ աչքիս վրա, կօգնեմ, երկրորդն ու երրորդը չեմ կարող:

Նախագահը քոռ ու փոշման նստեց ձիուն ու գնաց գյուղ: Մենք մտանք ներս, հայրս բացեց սփռոցը.

– Տղա ջան, արի հաց ուտենք, նախագահի հերն էլ անիծած:

Հենց սկսեցինք ուտել, հայրս ականջ դրեց ու ասաց.

– Տղա ջան, դուրս արի տես՝ ով է:

Ես վեր կացա և ուտելով դուրս եկա. մեղվաբույծ կանայք էին:

– Բարով եք եկել, եկեք հաց ուտենք,- ասաց հայրս:

– Քեզ հետ չեմ ուզում հաց ուտել,- հանդիմանեց Մարոն,- ինչո՞ւ ես նախագահին ջղայնացրել:

– Ես մեղավոր չեմ,- հանգիստ պատասխանեց հայրս:

Սկսեցին աշխատել: Ես ուշադիր նայում էի: Փեթակի կափարիչը հանում էին, ուշադիր նայում մեղուներին ու նորից փակում: Երկու ժամ հետո եկան պահակատուն, հացը հանեցին ու կերան: Քիչ հետո վեր կացան ու հորս ասացին, որ գյուղ են գնում:

– Տղային էլ վերցրեք,- ասաց հայրս:

Ճանապարհին կանայք կպան ինձ.

– Նախագահն ի՞նչ էր ասում:

Թեև լսել էի, բայց ասացի՝ չգիտեմ, չեմ լսել: Կանայք սկսեցին տեղի-անտեղի բամբասել, մինչև հասանք գյուղ: Ես մտքումս հորս ասում էի. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ ինձ կպցրիր այս կանանց»:

Երբ դասերս վերջացան, մի քանի անգամ գնացի հորս մոտ: Մորս ասացի.

– Ամեն օր չեմ գնա, տրեխներս մաշվում են. երկու օրը մեկ կգնամ:

– Ոնց ուզում ես,- հոգոց հանեց մայրս:

Երկու օրը մեկ գնում էի: Գիշերը պառկում էի հատուկ սարքած թախտին: Մի քանի անգամ ընկա, հայրս ասաց.

– Հերիք է, այսուհետև կպառկես հատակին:

Մի անգամ էլ, երբ մեղվաբույծ կանայք եկան ու սկսեցին աշխատել, հայրս ասաց.

– Դու մնա կանանց հետ, ես գնամ կեռաս քաղելու:

– Ի՞նչ կեռաս:

– Արջի կեռաս:

Գնաց: Ես ուշադիր նայում էի: Մի քիչ աշխատեցին, հետո մի շրջանակ հանեցին, տեղը նորը դրեցին, կափարիչը փակեցին ու հանածը թաքցրին թփի տակ: Ես հիշեցի նախագահի ասածը և ինքս ինձ մրմնջացի. «Երևի նախագահը մեղք չունի. բոլորը գող են»: Լռեցի: Հայրս եկավ ու արջի կեռասը դատարկեց դույլի մեջ: Ես իսկույն սկսեցի ուտել: Մի քիչ ուտելուց հետո զգացի, որ դառն է:

– էս ի՞նչ բան է,- հարցրի հորս:

Նա բեղերն ոլորեց ու ասաց.

– Տղա ջան, սա ուտելու բան չի: Երբ մրսած լինես, թրմած թեյ խմիր, կլավանաս:

Կանայք վերջացրին: Մարոն թփի տակից վերցրեց մեղրահացն ու բերեց պահակատուն:

– Սավա՛դ քեռի,- ասացին կանայք,- այս տարի առաջինն է, անո՛ւշ արեք:

Հայրս կողքից մի քիչ կծեց ու ասաց.

– Թող լիքը լինի:

– Տեսնում ե՞ս, մարդը դաստիարակված է,- նկատեց Զինավարդը,- Մաթևոսին տասն անգամ էլ ասեիր, հա՛ այն պատին ասած, հա՛ Մաթևոսին՝ մեկ էր:

Մարոն մեղրահացը վերցրեց, երեք մասի բաժանեց, մեկը տվեց հորս, երկրորդը՝ Զինավարդին, երրորդը դրեց իր առաջն ու ասաց.

– Հիմա ինչքան ուզում եք, կերեք:

Առաջին անգամ չորսով հաց կերանք: Հետո կանայք վեր կացան, սառը թան խմեցին ու ճանապարհվեցին գյուղ: Մենք նայեցինք, մինչև նրանք հասան բլուրն ու անցան, հետո հայրս ասաց.

– Տղա ջան, ամանը տար դիր մասուրի թփի տակ այնպես, որ մրջյունները չմտնեն մեղրի մեջ:

Ես տարա դրեցի թփի խորքում, կափարիչն ամուր փակեցի, որ մրջյունները չմտնեն, ու եկա պահակատուն: Հաջորդ օրը կեսօրին հայրս ասաց.

– Գնա մեղրը բեր, հաց ուտենք:

Ես գնացի թփի մոտ, ուշադիր նայեցի ամանին ու ի՛նչ տեսնեմ. աշխարհի բոլոր մրջյունները հավաքվել էին ամանի վրա, ուզում էին մեղր ուտել, բայց ավա՜ղ, չէր ստացվում. ամանը փակ էր: Վերցրի, զգուշությամբ մրջյուններին թափեցի, հետո տարա տուն ու հորս հարցրի.

– Մրջյուններն էլ ե՞ն մեղր ուտում:

– Տղա ջան,- հոգոց հանելով ասաց հայրս,- աշխարհի ողջ կենդանությունն ուտում է. որը՝ մեղր, որը՝ տանձ, որը՝ խոտ. մարդու մասին է՛լ չեմ ասում, դու գիտես…

Հայրս սեղանը փռեց, որ հաց ուտենք: Քիչ անց ասաց.

– Հազի ձայն լսեցի, գնա տես՝ ով է:

Ես դուրս գնացի և արագ վերադարձա: Բրիգադիրն էր: Հայրս իսկույն մեղրի ամանը փակեց, դրեց պահակատան ծայրին՝ խոտի տակ, ու դուրս եկավ բակ:

– Բարով ես եկել, արի հաց ուտենք, ժամանակին եկար:

Բրիգադիրը եկավ, ծանր-ծանր նստեց ու ասաց.

– Այս բոլորը հեչ, ուզում եմ մեղր ուտել. մեղր կա՞, բեր:

– Մեղր որտեղի՞ց,- զարմացավ հայրս:

– Այս տարի քեզ չտվեցի՞նք,- ոչ պակաս զարմացած հարցրեց բրիգադիրը:

– Հանել են, ո՛ւմ են տվել, ի՛նչ են արել, չեմ տեսել,- զայրացավ հայրս:- Հաց ես ուտում, կեր, չես ուտում, դուրս արի, հացս հալալ ուտեմ:

Բրիգադիրը քոռ ու փոշման դուրս եկավ ու դիմեց դեպի գյուղ՝ ասելով.

– Մարդիկ խելոք են, զոռով չի:

Երբ բլուրն անցավ, մենք մտանք ներս: Հայրս մեղրը բերեց ու սկսեց ուտել…

Ամառն անցավ: Տանձը, ծիրանը, խաղողն ու արտերը հասան: Ես ու հայրս կալին օգնում էինք: Ես մեկ-մեկ գնում էի գյուղ՝ հաց բերելու: Մի անգամ էլ, երբ գնացել էի հացի, փոքր քույրս կպավ ինձ.

– Ամեն անգամ գնում ես հայրիկի մոտ. ես էլ եմ ուզում տեսնել, կարոտել եմ:

Փոքր եղբայրս էլ նույնն ասաց: Ես ստիպված նրանց հետս վերցրի, գնացինք: Ճանապարհի կեսին երեխաները տրտնջացին.

– Ի՜նչ երկար ճանապարհ է:

– Քիչ է մնում, հասել ենք,- հանգստացրի ես:

Մի կերպ հասանք: Հայրս համբուրեց երեխաներին ու ասաց.

– Աղբյուրի մոտի տանձենին գիշերը արջը թափել է. հաց կերեք, հանգստացեք ու գնացեք տանձ հավաքելու:

Մի ժամ հետո գնացինք տանձի: Ճանապարհին երեխաներն իրար հետ խոսում էին, թե կարող է՞ արջն այնտեղ լինի: Ես լսեցի ու ասացի, որ չվախենան, արջը գիշերն է գալիս, բայց և մտածեցի. «Եթե երեխեքի ասածը ճիշտ լինի, մեր բանը բուրդ է»: Շուտով հասանք աղբյուրին, ջուր խմեցինք և նստեցինք հանգստանալու: Աղբյուրից մի քիչ ներքև՝ բացատում, մի այգի կար. հայրս էր գցել: Երեխեքը զարմացած նայեցին.

– Լոբու ճեղերն ինչո՞ւ են թափվել:

– Արջն է թափել,- ասացի ես ու լեզուս կծեցի:

– Տանձը հավաքենք, արջը չգա,- վախվխելով ասաց քույրս:

Մենք վեր կացանք ու սկսեցինք տանձ հավաքել: Հանկարծ հրացանը որոտաց, և տանձենուց ընկավ արջը՝ ճյուղերը ջարդելով: Քույրս ճչաց ու կպավ ինձ: Այդ ժամանակ անտառից դուրս եկավ որսորդ Ռոմիկը՝ հրացանը ձեռքին.

– Երեխանե՛ր, մի՛ վախեցեք, արջը սատկել է:

Նույն պահին հայրս, հրացանի ձայնը լսելով, վազելով եկավ:

– Հայրիկ, վախեցա,- ասաց քույրս, և բոլորս ծիծաղեցինք:

Ռոմիկը սկսեց արջին քերթել: Մենք էլ տանձ էինք հավաքում: Ես աչքի տակով նայում էի արջին ու մտածում. «Լավ պրծանք»: Որսորդը վերջացրեց, բդի մսից հինգ կիլոգրամի չափ կտրեց ու տվեց մեզ: Հայրս հոգոց հանեց.

– Մենք պրծանք, դո՞ւ ինչ պիտի անես:

– Սավա՛դ քեռի, հանգիստ գնացեք, ես նախօրոք եմ մտածել. էշն անտառում կապած է:

Հասանք մեղվանոց, տեսանք՝ փեթակներից մեկի մեղուներն անհանգիստ են:

– Գողություն են արել,- ասաց հայրս:

– Որտեղի՞ց իմացար,- զարմացած հարցրի ես:

– Մեղուներն անհանգիստ են: Մեղր չեն հանել, բայց պահակատուն մտել են:

Շտապ գնացի պահակատուն, տեսա՝ ավերակ են արել: Մտածեցի, թե մարդիկ ինչքան նամարդ են. մարդը գնացել է երեխաներին փրկելու, անմիջապես գողություն են արել:

– Լավ է՝ մեղր չեն հանել,- ասաց հայրս,- ինձ վրա կբարդեին:

Պահակատունը հավաքեցինք, մի քիչ հանգստացանք, հետո հայրս ասաց.

– Տղա ջան, երեխեքին հավաքիր, գնացեք տուն, ուշ է:

Երեխաների համար առանձին-առանձին շալակ կապեցի, ինձ համար էլ սարքեցի, արդեն ուզում էինք գնալ, հայրս ասաց.

– Այսքան միսը ո՞նց պիտի ուտեմ, ի՞նչ անենք, տարեք տուն:

Նորից շալակս բացեցի, կեսը դրեցի տան համար, կեսը մնաց հորս համար: Ճանապարհ ընկանք: Հայրս մեզ ուղեկցեց մինչև կալը և նայեց ցորենին: Ճանապարհին հորս ասացի, որ ուզում եմ մի խորհուրդ տալ իրեն:

– Եթե խելոք է, աչքիս վրա,- ասաց նա,- եթե հիմար է, կծիծաղենք, կանցնի. լսում եմ:

– Ասում եմ՝ քեզ մի շուն է պետք. նեղ օրվա ընկեր է, մեկ-մեկ էլ կհաչի, գողերը կփախչեն:

– Երեխային հարցրու և մտածիր, ճիշտ դուրս կգա,- ասաց հայրս:- Լավ ես ասում, տղա ջան, այսքան ժամանակ չէի հասկանում. ինձ շուն է պետք:

Հետո հոգոց հանելով շարունակեց.

– Մեր շունը բերես, մեր տունն ո՞վ կպահի: Ուրիշ շուն որտեղի՞ց գտնես:

Ես ուրախացած ասացի՝ կգտնեմ, և պատմեցի, թե ինչպես երբ առաջին անգամ եկա, ոչխարը Խաչին արտում արածում էր. ուշադիր նայեցի՝ հինգ շուն կար` ոչխարից էլ շատ: Մտածեցի՝ Խաչատուրն այդքան շունն ի՞նչ պիտի անի:

– Վաղը կգնաս Խաչատուրի մոտ,- որոշեց հայրս,- և իմ անունից կխնդրես. «Մի շուն տուր Սիրաքի մեղվանոցի համար, աշնանը կվերադարձնեմ»:

– Աչքիս վրա:

Հասանք կալը: Քույրս չվալների ցորենը տեսավ ու ասաց.

– Հայրիկ ջան, խնդրում եմ, մի քիչ ցորեն տուր, տանեմ աղանձ անեմ:

– Սպասի՛ր, Արթո՛ւր,- հոտաղին կանչեց հայրս,- ես եկա, ուր գնում ես, գնա: Բալիկ ջան,- միաժամանակ պատասխանեց քրոջս,- չի կարելի, ինձ բանտ կնստեցնեն:

– Բանտն ի՞նչ բան է:

– Խելոք մնա, հայրիկին մի՛ չարչարի,- բացատրեցի ես:

– Ի՞նչ եմ անում,- նորից հարցրեց քույրս,- դժվար է՞ մի քիչ ցորեն լցնելը:

– Տղա ջան, մի՛ տանջվիր,- հոգոց հանեց հայրս,- դժվար է երեխային հասկացնելը, ստիպված եմ լցնել:

Նա չորս կողմը նայեց, մի շոր գտավ, մի քիչ լցրեց, կապեց, դրեց քրոջս շալակում ու ասաց.

– Տար, անուշ լինի:

Մենք ճանապարհվեցինք տուն: Հայրս ուշադիր նայում էր: Երբ հասանք ձորն ու անցանք հակառակ կողմը, ետ նայեցի տեսա՝ հայրս չի երևում… Շտապում եմ ասել մեր տարիքը. ես տասնհինգ տարեկան էի, քույրս` տասը, իսկ եղբայրս՝ յոթ: Ճանապարհին եղբայրս տարբեր պատճառներով հաճախակի տրտնջում էր. «Ծանր է, կամաց գնացեք…» և այլն: Ես ստիպված նրա շալակը վերցրի, դրեցի իմ շալակի վրա ու ասացի.

– Հանգստացա՞ր, դե արի:

Շուտով հասանք գյուղի հակառակ լանջի՝ կայծակի խփած ընկուզենուն ու նստեցինք հանգստանալու…

Հազար ինը հարյուր երեսունինը թվականն էր: Գյուղացի Թադևոսը գնաց փայտի: Բեռը բարձեց, ուզեց ճանապարհվել, հանկարծ մտածեց. «Կացինն ինչո՞ւ եմ տանում, դնեմ ընկուզենու տակ, վերադարձին կվերցնեմ»: Այդպես էլ արեց: Բարձրացավ ծառը, դրեց երկու ճյուղի արանքում և ցած իջավ՝ երկրորդ անգամ գալու մտքով: Շուտով հասավ տուն, բեռը թափեց, հաց կերավ, ուզեց նորից գնալ, անձրև սկսվեց: Թադևոսը մնաց տանը՝ անհանգստանալով. բա որ կայծակ լինի, կացինն էլ վերանա, ընկուզենին էլ: Հանկարծ ուժգին կայծակ եղավ, և ընկուզենին կեսից կտրվեց: Թադևոսը լաց-լվաց արեց, բայց ուշ էր. կացինն էլ վերացավ, ընկուզենին էլ… Այդ ժամանակ գյուղի ամենատարեց մարդը՝ Հակոբը, ասաց, թե կռիվ է լինելու: Շուտով կռիվը սկսվեց: Տղամարդկանց տարան, մնացին կանայք ու երեխաները: Հակոբն էլ մեռավ: Գյուղի կանայք ամեն օր անիծում էին նրան՝ չիմանալով, որ մեղավորը Հիտլերն էր…

– Երեխեք, դուք հանգստացեք, ես մի քիչ ընկույզ քաղեմ,- ասացի ես ու բարձրացա ծառը:

Քիչ անց ծոցս լցվեց: Ուզեցի գրպաններս էլ լցնել, հանկարծ ճյուղը կռացավ, մեջքիս վրա ընկա ու գլորվեցի: Քույրս ամբողջ ուժով այնպես ճչաց, որ երևի մայրս լսեց: Ես նստեցի, տնտղեցի մարմնիս բոլոր մասերը, տեսա՝ ոչ մի տեղս չի ցավում, վեր կացա և սկսեցի ծոցիցս թափվածը հավաքել: Մի քիչ հետո զգացի` թևերս ցավում են. քշտեցի տեսա՝ քերծվել է: Տեղիցս բարձրացա ու գնացի երեխեքի մոտ: Քույրս զայրացած ասաց.

– Գնացի՛նք:

Երանի քրոջս լսեի:

– Մի՛ վռազիր, ընկույզն ուտենք, կգնանք:

Գրպանիցս հանեցի դանակը և սկսեցի պճղել: Շատ պճղեցի, թե քիչ, չիմացա, հանկարծ հեռվում երևաց Մարոն: Նա մոտեցավ, նստեց ու հարցրեց.

– Ի՞նչ եք տանում:

Ես իսկույն շալակս բացեցի.

– Տանձ է, համեցեք անուշ արեք:

– Ես քո շալակից չեմ ուզում,- ծիծաղելով ասաց Մարոն, – այլ այն սիրուն աղջկա:

Ոտքերս դողացին: Քույրս իսկույն շալակը բացեց, դրեց Մարոյի առջև՝ չիմանալով, որ մատնիչ է: Մարոն ցորենը տեսավ: Նա տանձ վերցրեց ու գնաց: «Ի՞նչ անեմ, ցորենը տանե՞մ: Որ տանեմ, բրիգադիրը կբռնի»: Վերջապես մտածեցի՝ Մարոն չի ասի: Մենք ճանապարհվեցինք տուն: Մարոն, որ դեռ ճանապարհին էր, ինձ հարցրեց.

– Ինչո՞ւ ուշացար:

Ես մտքումս հարցրի՝ մատնել ե՞ք, հետո բարձր ասացի.

– Երեխեքի հետ հազիվ եկա:

Մարոն ծիծաղեց ու անցավ: Ես կրակի մեջ ընկա. հաստատ մատնել էր, ի՞նչ պիտի անեի: Քիչ էր մնում, որ հասնեինք տուն, հանկարծ մեր հետևից բրիգադիրը գոռաց.

– Սպասե՛ք:

Քույրս հասկանալով, թե վախենալով ծլկեց տուն, բրիգադիրը՝ հետևից: Հասավ տուն ու մորս ասաց.

– Ցորենը պահիր:

Մայրս իսկույն պահեց, դուրս եկավ ու զայրանալով բրիգադիրին ասաց.

– Ինչո՞ւ ես երեխաներին վախեցնում:

– Երևի տղան պահել է,- երեխեքին նայելով՝ ասաց բրիգադիրը:

– Առաջինը՝ Սավադը գող չի, երկրորդն էլ՝ բռնի՛ր, նո՛ր ասա,- զայրացավ մայրս:

Բրիգադիրը մրթմրթալով գնաց.

– Կբռնեմ:

– Երբեք չես կարող Սավադին բռնել,- ասաց մայրս, և մտանք տուն:

– Տղա ջան, պատմիր տեսնեմ՝ ոնց պատահեց:

Ես ամեն ինչ պատմեցի: Մայրս հոգոց հանեց.

– Մարոն մեր տանը հարյուր անգամ հաց է կերել, աչքերը բռնի…

Հաջորդ առավոտը շուտ մի պարան վերցրի, գնացի հասա Գրիգորի տան կտուրը, որտեղ ամեն օր ոչխարը հավաքում էին: Հեռվից նայեցի շներին. չորսը նստած էին, մեկը պոչը տնկած խառնվում էր մեկ ոչխարին, մեկ մարդկանց: Ես մտածեցի՝ լավն է, և մոտեցա Խաչատուրին:

– Հայրս խնդրեց՝ մի շուն տաս,- ասացի,- աշնանը կվերադարձնի:

– Դու ո՞ւմ տղեն ես,- զարմացած հարցրեց Խաչատուրը:

– Սավադի:

Խաչատուրը մի պահ մտածեց ու ասաց.

– Սավադի համար արժե: Այն պոչը տնկածը կապի տար, աշնանը կբերես:

Ես ուրախացած կապեցի ու տարա տուն: Մեր շունն իսկույն սկսեց գռմռալ, վերջապես գզեց. հազիվ պոկեցի տարա գոմը, մսուրքից կապեցի և դուռը ծածկեցի: Մի պահ մտածեցի ու գնացի մորս մոտ.

– Հայրիկի հացը կապիր:

– Ի՞նչ ես անում:

Երեկվա գողությունը պատմեցի: Մայրս հացը կապեց. վերցրի, շանն արձակեցի ու հայդա՛ մեղվանոց: Շուտով հասա դռան մոտ ու հորս կանչեցի. նա վերևում հաց էր ուտում, մի քիչ ուշացավ: Դուռը բացեց ու ժպտաց:

– Շանը բերել ե՞ս, – ասաց ու ինձ համբուրեց:

Տարանք կապեցինք: Մի քիչ հետո շունը սկսեց կաղկանձել:

– Երևի սոված է,- ասաց հայրս,- մսից մնացել է, հաց էլ կա…

Շունը կերավ: Մի շաբաթ կապած մնաց, հետո արձակեցինք: Մինչև աշուն մեղվանոցը պահեց: Ես պատմեցի երեկվա պատմությունը, մատնիչների մասին և զգուշացրի, որ չեմ բռնվել:

– Զգույշ մնա, չմատնվես…

Սեպտեմբերի մեկն էր: Դպրոց գնացի, հետո հաց տարա հորս համար: Երբ հասա մեղվանոց, տեսա՝ լանջին փռված է ոչխարի հոտը: Խաչատուրն ու հայրս զրույց էին անում: Հորս կանչեցի: Նրանք երկուսով եկան պահակատուն ու հաց կերան: Շունը սկսեց Խաչատուրին լիզել: Նրա գնալուց հետո ուշադիր նայեց ինձ, հորս և դուրս եկավ գնաց դեպի ոչխարը:

– Շունը մեղք է,- հոգոց հանեց հայրս,- բերում եմ, վատ է, չեմ բերում, ավելի վատ է: Հասկանում ե՞ս, շունն ինձ համար մի պահակ է, ի՞նչ անեմ:

– Վերադարձրու:

Հայրս գցեց-բռնեց ու ասաց.

– Երևի շուտով ցրտերը կընկնեն:

Հորս ասածով եղավ. շուտով ցրտերն ընկան, մեղուները մտան փեթակների մեջ ու պինդ փակվեցին:

– Այսօրվա օրը շունը պետք է,- ասաց հայրս:

– Ինչի՞ համար է պետք,- հարցրի ես:

– Տղա ջան, շատ ես խակ,- ասաց հայրս:

– Ինչո՞ւ:

– Մի քիչ ջուր խմեմ ու ասեմ,- հայրս բեղերը ոլորեց ու բացատրեց.- երբ մեղուն արթուն է, գողը չի կարող փեթակը բացել. հիմա մեղուն քնած է, հանգիստ կգողանան:

Մի շաբաթ հետո երեք մարդ եկան, փեթակները ներս դրեցին ու ասացին.

– Սավադ ջան, պրծար:

– Տղերք ջան, համեցեք հաց ուտենք:

Ճաշից հետո հայրս ասաց.

– Տղա ջան, վաղը դասից հետո էշը բեր, եղած-չեղածը հավաքենք, գնանք տուն:

Հաջորդ օրը էշը բերեցի, քոչը հավաքեցինք, բարձեցինք էշին ու հայդա՛ դեպի տուն: Երեք օր հայրս տանը մնաց, հետո էշը վերցրեց ու սկսեց փայտ կրել: Շուտով պահեստը լցրեց ու ասաց. «Ա՛յ հիմա հերիք է»:

Մի օր էլ մայրս ասաց.

– Վաղը գնա քաղաք, շուտվանից չես գնացել, մորդ տես, եղբորդ տես, մի քիչ էլ տան համար դեսից-դենից բեր:

Առավոտ շուտ հաց կերանք, հայրս գնաց քաղաք, մենք էլ՝ դպրոց: Երբ դպրոցից եկանք, քույրս իսկույն մորս հարցրեց, թե հայրիկը եկե՞լ է:

– Քո տունը շինվի,- ասաց մայրս՝ սեղանը փռելով,- վռազում ե՞ս:

– Ուզում եմ շուտ գա, տեսնեմ՝ ինչ է բերել ինձ համար,- հոգոց հանեց քույրս:

Մայրս փոքր կաթսայով մածուն բերեց:

– Կերեք,- ասաց,- ամեն ինչ էլ կբերի:

Փոքր եղբայրս առանց խոսելու սկսեց կաթսայից ուտել:

– Հուսիկ ջան, լցրու ամանի մեջ, նոր կեր,- ծիծաղելով ասաց մայրս:

– Քեզ համար եմ մտածում, մի աման պակաս կլվանաս…

Ուշ երեկոյան հայրս եկավ՝ բեռնավորված, հոգնած, բեռը ցած դրեց ու ասաց.

– Երեխեք, բացեք, բոլորիդ համար էլ բան եմ բերել:

 Բացեցին ու սկսեցին հագնել: Մորս ու քույրիկիս համար շրջազգեստ էր բերել, փոքր եղբորս ու ինձ համար՝ տաբատ, տան համար՝ գդալներ ու բաժակներ, ձմերուկ, սեխ, վարունգ և շատ այլ բաներ: Ամենից լավը եղբորս համար բերածն էր՝ ատրճանակը: Եղբայրս վերցրեց ու սկսեց կրակել պահարանի վրա: Մայրս հաց տվեց հորս ու վախվխելով հարցրեց.

– Մայրդ ո՞նց է:

– Տեղաշորով պառկած է,- հառաչեց հայրս:

Երեք օր հետո (կիրակի էր) մայրս ասաց.

– Երեխաներ, հաց կերեք, լվացվեք, սիրուն հագնվեք, գնում ենք քաղաք:

Հայրս հարցրեց, թե ո՛ւր:

– Գնանք տատին տեսության: Հանկարծ կմեռնի, թոռներից կարոտ կմնա:

Մենք հասանք քաղաք ու տատիկին տեսանք: Տատս ասաց.

– Հարս ջան, ինձ տար գյուղ, կարոտել եմ գյուղին, մեր տանը:

– Թորոս ջան, մի մեքենա գտիր,- ասաց մայրս հորեղբորս,- մայրիկին տանում եմ մեր տուն:

– Լավ ես անում, տար,- համաձայնեց Թորոսը:

Երբ հասանք գյուղ ու մեքենայից իջանք, ուզեցի հորս կանչել, տատս թևիցս քաշեց, թե՝ «Ես կգնամ»: Ես ու մայրս նրան թևանցուկ արեցինք ու տարանք: Ճանապարհին գյուղացիք հարցնում էին, թե ոնց է, եղբորից լուր կա՞:

– Բոլշևիկներին պիտի տանես Խուստուփ սարի գագաթն ու գլորես ցած,- հառաչելով ասում էր տատս:- Ինչի՞ համար եղբորս տարան բանտ…

Երբ հասանք երեքհարկանի մի հսկա շենքի, տատս լացեց.

– Մեր տունն է. դիմացը գոմն էր, կողքին՝ կամարաձև պահեստները, բոլորը՝ շենքի երկարությամբ…

– Այսքանը՝ տունը, գոմը, պահեստը, ինչի՞ համար էին,- հարցրի տատիս:

– Ծառաների, ուտելու …

– Քանի՞ ծառա ունեիք, շա՞տ:

– Ձիապանները, նախրապանները, հովիվները, հողագործները, խոհարարները, տան ծառաները, ո՞րն ասեմ:

– Այդքան մարդ ձեր տանը հաց էր ուտո՞ւմ` չհաշված հյուրերին,- զարմացա ես:- Տատիկ ջան, քանի՞ ձի ունեիք:

– Չեմ հաշվել, մոտավորապես տասնհինգը կլիներ:

– Տատիկ ջան, ձի նստել ե՞ս:

– Շատ, մինչև Խուստուփ սարը:

– Թուրքերը չէին հարձակվո՞ւմ ձեզ վրա:

– Մենակ չէինք գնում, հինգ-վեց հոգով ու հրացանով:

– Տատիկ ջան, հրացանով կրակել գիտե՞ս, տղաների հետ չէի՞ք գնում:

– Բավական է հնի մասին խոսենք: Նոր գործերի մասի՛ն պատմիր:

– Տատիկ ջան, հնում մատնիչներ կայի՞ն:

– Շատ:

– Ովքե՞ր էին:

– Դավիթը, Սահակը, Առաքելը… Հերիք է, նոր մատնիչների մասի՛ն պատմիր:

Ես իսկույն թվարկեցի.

– Մարոն, բրիգադիր Աշոտը, մեր հարևան՝ մատները կտրած Հարությունը…

– Հերիք է, գնանք տուն:

Հասանք տուն: Տատս ասաց.

– Ձեր տունը մեր կալն էր, մեր մարագն էր, դպրոցի կալն էլ մերն էր:

Ես մտածեցի, որ իրենք այդքան հարուստ էին, մենք՝ աղքատ, մեզ մի բան չտվեցին. նշանակում է՝ հարուստները ժլատ են: Տատս երեք ամիս էլ ապրեց ու մեռավ: Երկու եղբայր միասին չկարողացան վրան քար գցել, այնքան աղքատ էին…

Նոյեմբեր ամիսն էր: Ձյունը կամաց-կամաց Խուստուփ սարը պատեց, հետո իջավ ու ամբողջ տեղանքը պատեց: Մարդիկ մտան տուն և դուռ ու լուսամուտ պինդ փակեցին: Բոլորի տներից ծուխ էր դուրս գալիս, գնում էր դեպի երկինք ու լուծվում օդում: Վա՛յ էն մարդուն, որի ծխնելույզից ծուխ չէր բարձրանում. վերմակի տակ փաթաթվում էր մինչև լույս, հետո վեր էր կենում ու դեպի անտառ՝ փայտի: Մի առավոտ շուտ կատարածուն կանչեց.

– Ա՛յ ժողովո՜ւրդ, լսեցե՜ք, այս երեկո ժողով է, բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հայրս էլ գնաց ժողովի, եկավ: Մայրս հարցրեց, թե ինչ էին ասում: Հայրս բեղերը ոլորեց ու պատմեց.

– Ժողովի վերջում Մարոն ասաց, թե Սավադը գողություն է արել: Ամբողջ ժողովուրդը միանգամից վեր կացավ ու նստեց: Կատակախոս Գինոսը հարցրեց, թե ինչ է արել:

– Ցորեն է գողացել:

– Բռնել ե՞ս:

– Աղջկա շալակում տեսել եմ,- կմկմալով ասաց Մարոն:

– Երեխային էլ ցորենի հետ բռնեիր, բերեիր նախագահի մոտ,- զայրացավ Գինոսը:

– Բրիգադիրն է բռնել,- նորից հաստատեց Մարոն:

– Բրիգադիր, խոսիր,- ասաց նախագահը:

Բրիգադիրը ծալմլվելով վեր կացավ.

– Բռնեցի, բայց Փառանձեմը տակով արեց:

Ամբողջ դահլիճը ծիծաղեց: Գինոսը չդիմացավ.

– Փոխանդ կապիր, նոր գնա մարդ բռնիր:

Դահլիճը նորից թնդաց:

– Ի՞նչ ես առաջարկում,- հարցրեց նախագահը:

– Սավադի հինգ աշխօրը կտրեք:

Հաշվապահն իսկույն միջամտեց.

– Ենթադրենք՝ ցորենը կիլոուկես է, նշանակում է` քսան անգամ ավել է՞. ես համաձայն չեմ:

– Սավադ, ի՞նչ կասես,- հարցրեց նախագահը:

– Ես ճշտախոս եմ,- ասացի,- բոլորը գիտեն: Ամառը բրիգադիրը եկավ, թե՝ «Մի քիչ մեղր տուր, ուտեմ»: Ես զարմացա. «Մեղր որտեղի՞ց. պանիր ուզի, յուղ ուզի, կտամ»: Բրիգադիրը փորուփոշման գնաց՝ ասելով. «Սավադ, կփոշմանես, կհիշես ինձ»:

– Ոխ է պահում,- իսկույն նկատեց Գինոսը:

Ժողովուրդը սկսեց մեղվի պես բզզալ:

– Ուրեմն դու արդար ես,- ասաց նախագահը:

Ժողովուրդը միահամուռ ծափահարեց:

– Բավակա՛ն է, գնացե՛ք տուն,- զայրացավ նախագահը:

Աթոռները միանգամից ճռռացին, մարդիկ վեր կացան ու գնացին տները…

Երբ հայրս վերջացրեց, մայրս ասաց.

– Ուրիշները կով են գողանում, մարդիկ չեն էլ իմանում, դու կիլոուկես ցորեն ես գողացել, ժողովում ասացին…

Այն օրվանից մինչև այսօր մեր տնեցիք գողություն չեն արել…

ԳՐԱԶԸ

Կապանի գյուղերից մեկում հարսանիք էր: Գյուղի մեծահարուստ Ավագի անդրանիկ տղայի` Մուշեղի հարսանիքն էր. վաճառական Խաչատուրի աղջկա` Հասմիկի հետ էր պսակվում: Խաչատուրի կինը շատ գեղեցիկ էր. ամբողջ գյուղը երանի էր տալիս նրան: Տասը աղջիկ ունենար, ցեղը կբազմապատկվեր: Դժբախտաբար ընդամենը մի աղջիկ ունեցավ՝ մորից էլ գեղեցիկ. դժբախտություն գյուղի համար: Հարուստներն ուզում էին նրան հարս տանել: Վերջապես Ավագի հարստությունը հաղթեց:

Գյուղն ուներ երեք հարյուր ծուխ, որից տասը հարուստ էր, քսանվեցը՝ միջին ապրելակերպի, մյուսներն էլ ապահով էին ապրում:

Սեպտեմբեր ամսի երկրորդ շաբաթն էր: Վաղ առավոտյան եկեղեցու զանգերը հնչեցին: Ավագը հրամայեց.

– Երաժիշտնե՛ր, սկսե՛ք:

Հարսանքավորը մի քիչ պարեց, հետո շարժվեց դեպի աղջկա տուն: Խաչատուրի տունը հիսուն մետրի վրա էր: Բազմությունը հասավ տան հետևի տափակ կտուրին և շարունակեց պարը: Խնամիները շտապ դուրս եկան և տուն հրավիրեցին: Ավագի քավորը պապական մեծահարուստ Պետրոսն էր:

Տանը մի քիչ պարեցին, հետո քավորակինը գնաց հարսի մոտ: Կես ժամ հետո հարսին բերեցին: Կերան-խմեցին, նվեր տվեցին, ապա քավորը հրամայեց.

– Ուշ է, գնանք ժամ:

Հարսանքավորը դուրս եկավ և շարժվեց դեպի եկեղեցի: Ավագը սարի գույնզգույն ծաղիկներ էր հավաքել տվել և աղջիկների ձեռքը դրել: Մինչև եկեղեցու դուռը շաղ էին տալիս հարս ու փեսայի առաջ, իսկ տղաներն ու աղջիկները պարում էին: Մի քիչ բակում պարեցին ու ներս մտան: Քահանան իսկույն ընդառաջ եկավ և ոսկե սկուտեղը դրեց քավորի ձեռքին: Վերջինս երկու ադամանդյա մատանի դրեց սկուտեղի վրա, ու քահանան հեռացավ: Հարսն ու փեսան բարձրացան. քահանան սկսեց իր պարտքը կատարել, ապա մատանիները հագցրին մատներին ու համբուրվեցին: Հարսանքավորը ծափահարեց, իսկ քահանան սկսեց վարդաջուր ցանել կանանց վրա: Հետո դուրս եկան եկեղեցուց և ուղղվեցին դեպի դարպասները: Դրսում ձիեր էին սպասում: Ծառաների օգնությամբ նստեցին, և հարսանքավորը շարժվեց դեպի Գլգլան աղբյուրը: Առաջին շարքում նորապսակ զույգն էր: Փեսան սպիտակ ձիու վրա էր: Նրա հագուստն ամբողջովին սպիտակ էր. սպիտակ չուխա, տակից վերնաշապիկ, ոտքերին՝ երկարաճիտ խրոմի կոշիկներ: Գլխին սպիտակ գառան մորթուց գլխարկ ուներ, գոտու ճարմանդը ոսկուց էր, աջ կողքից ֆիննական ոսկեջրած դանակ էր կախված: Հարսը կարմիր ձիու վրա էր, որ կուսության նշան էր: Նրա հագուստն էլ էր ամբողջը սպիտակ, վզնոցը եռաշար մարգարիտ էր, ձախ կրծքին կրծքազարդ ուներ՝ ոսկուց և ադամանդից: Իսկը մանուշակի փունջ. կոշիկները սպիտակ, բարձրակրունկ, կենտրոնում՝ գծագրված ոսկյա վարդ, գոտին սպիտակ, ճարմանդը ոսկուց, կենտրոնում` ադամանդյա ակ: Ձիերի հետևից գնում էին ծառաներն ու հետիոտները: Զույգի հետևից գնում էին հարուստները. ամուսինը՝ սև ձիու վրա, չուխան սև, վերնաշապիկը սպիտակ, կինը՝ սպիտակ ձիու վրա, շորերը սպիտակ, և ամենքի հետևից էլ՝ ծառաներ: Մեծահարուստները տասը շարքով էին ընթանում: Հետևից գնում էին միջինները, ով ոնց պատահի: Զույգի առջևից գնում էր տասն ազապ տղա՝ կարմիր ձիու վրա, նույնանման հագուստներով: Բժիշկ Միքայելը սև ձիով էր, իսկ գյուղի մարզիչը՝ Մխիթարը, կարմիր ձիով: Հեռվից ոնց որ թագավորական շքախումբ լիներ: Ճանապարհը նեղ էր. երկու ձիավոր հազիվ էր տեղավորում: Հասան քարհանք: Ճանապարհի երկու կողմում սալեր էին, իսկ կենտրոնում՝ սուր-սուր քարեր, ուստի ձիերը հազիվ էին քայլում: Վերջապես քարհանքն անցան ու վերելքը հաղթահարելով՝ շուտով Օհանի հանդը հասան: Հսկայական խոտհարք էր, որ անձրևների հետևանքով մի քիչ թեք էր, իսկ ձախ կողմում անտառն էր: Վերջին ծառի տակ աղբյուրը հազիվ ծորում էր: Բոլորն իջան ու գնացին դեպի աղբյուրը: Ավագն իսկույն ծառային ուղարկեց.

– Գնա սպասարկի՛ր:

Ծառան ոսկե թասը վերցրեց և վազելով գնաց աղբյուրի մոտ: Բոլորը խմեցին, իսկ վերջում մոտեցավ բժիշկը, գրպանից հանեց երկաթե ծալովի բաժակը, որ ուսանող ժամանակ Պիտերից էր բերել, բացեց, ուղղեց, մի կուշտ խմեց ու նորից դրեց գրպանը: Ծառան զարմանքով հարցրեց.

– Բժիշկ ջան, ինչո՞ւ չես ոսկյա թասով խմում:

Միքայելը չպատասխանեց ու գնաց՝ մտքի մեջ ասելով. «Ամբողջ խումբը խմեց. ով գիտի քանի՛ հիվանդությունով կվարակվեմ»:

Երաժիշտները սկսեցին նվագել: Հարսանքավորն աշխույժ իրար խառնվեց. որը պատմում էր, որը՝ երգում: Մի ժամ նվագեցին: Հանկարծ Մխիթարը բամբ ձայնով գոչեց.

– Շարվի՛ր:

Մի պահ բոլորը լռեցին: Ազապ տղաներն իսկույն թռան ձիերի վրա և շարք կազմեցին: Մարզիչը շարունակեց.

– Բոլորդ խաղի մասին տեղյակ եք: Նորից եմ պարզաբանում. եթե մեկը կարողանում է պարանի միջոցով ձիուց տապալել ձիավորին, վերջինս դուրս է մնում խաղից: Վերջին ձիավորը հաղթում է, պա՞րզ է:

Բոլորը միաբերան գոչեցին.

– Պարզ է:

Մարզիչը մի քիչ մտածեց ու ասաց.

– Ատրճանակի կրակոցն ազդանշան է խաղը սկսելու համար:

Շուտով խաղը սկսվեց: Ձիավորներն ընկնում էին ձիուց և դուրս մնում խաղից: Մնացին երկուսը. մեկը Խաչատուրի ավագ որդին էր, մյուսը` Ավագի կրտսեր որդին: Երկուսն էլ մոտեցան ժողովրդին, ձիուց իջան ու գլխիկոր կանգնելով՝ մեղավորի պես հարցրին.

– Հիմա ի՞նչ անենք:

Մարզիչն իսկույն միջամտեց.

– Շարունակեք խաղալ:

– Մենք բարեկամներ ենք, միգուցե չշարունակե՞նք,- ասաց Խոսրովը:

Մարզիչը դարձյալ մեջ մտավ.

– Խաղը խաղ է:

Եվ շարունակեցին: Շատ չանցած՝ Խաչատուրի ավագ որդին տապալեց Խոսրովին: Ավագի սիրտը մի պահ կանգ առավ. մի պահ կանգ առավ, ապա արագ տրոփեց: Խաղացողները եկան ու նայողների առջև կանգնեցին: Ավագն իրեն չկորցրեց. ադամանդե մատանին հանեց ու դրեց հաղթողի մատին: Խաչատուրն էլ չկորցրեց իրեն. նա էլ ցուցամատից հանեց մատանին ու դրեց Խոսրովի մատին: Հարսանքավորը ծափահարեց երկուսին էլ: Ապա ճանապարհվեցին: Մտան անտառ և հասան ձորակը: Ջուրը խշշալով հոսում էր: Ձիերը մեկ-մեկ խմեցին ու անցան: Ճանապարհի ձախ կողմում այգի կար`պտղատու ծառերով. այնտեղ խնձոր, դեղձ, տանձ կար: Տղերքն իսկույն ձիերից իջան ու մտան այգի: Քիչ հետո դուրս եկան՝ լիքը պայուսակներով: Ավագը նկատեց.

– Դա գողություն է:

– Ոչ թե գողություն է, այլ ջահելություն,- միջամտեց Մխիթարը:

Հարսանքավորը շարունակեց ճանապարհը: Շուտով հասան զառիվերին: Ձիերը հազիվ էին քայլում: Քիչ հետո լույս երևաց. նշանակում է՝ անտառը վերջանում էր: Բացատ հասան: Երեք կողմից անտառն էր, չորրորդը`ձորը: Մարդիկ իջնելով ձիերին կապեցին անտառի եզրին, որ արածեն: Բացատի կենտրոնում՝ մի հսկա տանձենու տակ, երկու շարք սեղան էր շարված. աջ կողմում մի հսկա ճռռան կար, երկու մետր բարձրությամբ, վեց մետր երկարությամբ բոխու երկու կլոր ձող կար: Անտառի վերևում՝ կտողինի թփերի տակ, մի աղբյուր կար, իսկ ձորի հակառակ լանջին փռված էին նորահաս ցորենի արտերը, որոնց եզրերին մոշի թփեր էին: Մի խոսքով՝ դրախտ էր: Բազմությունը երկու մասի բաժանվեց. մեկը հարսի կողմից, մյուսը` փեսայի: Մարզիչը մի երկար պարան բերեց: Մարդիկ երկու կողմից շարվեցին, պարանը վերցրին ու սպասեցին նրա հրամանին: Մխիթարը գոչեց.

– Ձգե՛ք:

Երկու կողմից էլ սկսեցին քաշել, և վերջապես փեսայի կողմը հաղթեց: Երաժիշտները նվագեցին, մարդիկ շրջան կազմեցին ու քոչարի պարեցին: Ապա փոքր-ինչ հանգիստ առնելուց հետո մի մասը վեր կացավ ճռռան խաղալու: Ընկնողը Խաչատուրի կրտսեր տղան էր: Տղերքն իսկույն բժշկի մոտ տարան: Միքայելը տնտղեց ու ասաց.

– Վտանգավոր բան չկա, թևը դուրս է ընկել: Հիմա տեղը կգցեմ, կվազի:

Իսկապես որ տղայի թևը ճռթկալով տեղն ընկավ, ու վեր կացավ վազեց: Մարզիչը մոտեցավ կոտրած ձողին:

– Մեր մեջ թշնամի կա,- ասաց նա,- ձողը սղոցով կիսով չափ կտրած է:

Մի քանիսը մոտեցան, նայեցին. իրոք որ կտրած էր: Ավագն էլ մոտեցավ, նայեց ու ասաց.

– Շեֆ խոհարարի ձեռքի գործն է:

Բոլորը միանգամից շուռ եկան խոհարարի կողմը: Ավագը բազմանշանակ նայեց.

– Մո՛տ արի և ասա՝ ինչու ես արել:

Շեֆ խոհարարը մոտեցավ ու ծիծաղելով ասաց.

– Տեր, ներիր, կատակ եմ արել:

Ավագը մի ուժգին հարված հասցրեց:

– Նշանակում է՝ ճաշն էլ թունավորված է,- ասաց նա:

Տղան ծնկի իջավ:

– Թող Աստված ինձ անիծի,- ասաց ու խաչակնքվեց:

Ավագը շարունակեց.

– Միքայելը թող ճաշերը ստուգի, իսկ խոհարարին կապեք տանձենու քոքին, որ նայի մարդկանց ու մեղքերի մասին մտածի:

Խաչատուրը միջամտեց.

– Մարդու համար բավական է. անասունի համար ինչքան խոսես, չի հասկանա:

– Ի՞նչ ես առաջարկում:

– Պետք չի, այսօր ուրախ օր է, ներիր:

Մի քիչ մտածելուց հետո Ավագն ասաց.

– Գնա՛ քո գործին, մյուս անգամ նման հիմարություն չանես:

Մարդիկ ծափահարեցին. միայն Խաչատուրի կինն էր դժգոհ: Անտառի եզրին երևացին երկու ձիավոր. մեկը քահանան էր, մյուսը՝ բուրվառակիրը: Մխիթարն ասաց.

– Ճիշտ ժամանակին եկավ. թող հացը օրհնի:

Որսորդ Պատվականը նկատեց, որ ստամոքսում կատուներ են մլավում: Բոլորը ծիծաղեցին: Ծառաներն իսկույն սեղանները փռեցին. վայրի եղնիկի ու հորթի խորոված միս, լորի, աղավնու, ձկան տապակած միս, տոլմա, գառան եփած միս, տարբեր կանաչիներ, նաև Մեղրիից բերած թուզ, ընկույզի միջուկ, խաղող, տանձ, խնձոր, դեղձ, նուշ և այլն: Խմիչքներից` թթի օղի, հոնի «կայծակ» օղի, նռան տասը տարվա գինի, Փարիզի շամպայն, կագոր ու սապերավի գինիներ, կոնյակ և այլն: Հյութերից՝ ուրցի, անանուխի, վարդի, նաև Գլգլան աղբյուրի սառը ջուրը: Հսկայական տորթ՝ նորապսակների պատկերով, և այլ մանրուքներ: Հարսանքավորը նստեց պատրաստի սեղանների շուրջը, և քահանան աղոթք արեց: Վերջապես սկսեցին ուտել: Մի ժամից նվագը հնչեց: Ստամոքսի պահանջը բավարարելուց հետո վեր կացան պարելու: Նվերները հանձնելուց հետո նորապսակներն էլ պարեցին: Ոսկեդրամները, որ բռերով լցնում էին նրանց գլխին, թափվում էին հատակին: Վերջապես, երբ պարողները նստեցին, ծառան սկուտեղը վերցրեց, մեկ-մեկ հավաքեց դրանք ու տարավ դրեց նվագողների սեղանին: Երբ երաժշտությունը լռում էր, անտառի թռչուններն էին երգում: Սոխակը դայլայլում էր, ճնճղուկը՝ ծլվլում, կաչաղակը քչփչում էր, իսկ ագռավը մերթընդմերթ կռռալով թռչում էր անտառի վրայով և ասես ինչ-որ բան զգուշացնում մարդկանց. «Լսե՜ք, հարազատնե՜րս, լուր եմ բերել՝ որի համար շառ, որի համար խեր. հետո չասեք՝ ագռավը կռռաց»:

Հնչում էր նվագը: Ոմանք պարում էին, մյուսները՝ երգում, մի քանիսն էլ՝ զրուցում: Որսորդ Պատվականն ու խմբապետ Գերասիմը, անտառի կողմը նստած, զրուցում էին:

– Պատվական, քանի՞ եղնիկ ես խփել թուրքերին սպանած դանակովդ:

Այդ միջոցին Պատվականը նկատեց, որ երեք եղնիկ անտառի բացատում խաղում են: Մեկը` պոզավորը, հայրն էր, մյուսը` անպոզը, մայրը, երրորդը ձագն էր, որ հազիվ էր քայլում:

– Նայիր, Գերասիմ, եղնիկները:

Գերասիմը նայեց և իսկույն մաուզերը հանեց: Պատվականը ձեռքից բռնեց.

– Որսորդներն այս պարագայում չեն կրակում:

– Ես որսորդ չեմ:

– Նշանակում է՝ իրավունք չունես կրակելու:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ձագը հետն է:

Գերասիմը դժգոհ տեղը դրեց մաուզերը:

Պատվականը նայեց Ավագին ու ասաց.

– Մաղարի՛չ տուր:

– Ինչի՞ համար:

– Մուշեղն առաջինը տղա կունենա:

– Ի՞նչ իմացար:

– Նայիր եղնիկներին. ձագը արու է:

Ավագը նայեց եղնիկներին, գրպանից հանեց ոսկեդրամն ու մեկնեց Պատվականին: Մարդիկ ծափահարեցին: Նվագողները սկսեցին: Այդ միջոցին երեք տղամարդ սեղանից վեր կացան և ուղղվեցին դեպի աղբյուրը: Մեկը չաղ ու հսկա մարդ էր, անունը՝ Բաղդասար, մյուսը բարձրահասակ էր ու ճարպիկ՝ Գուրգեն անունով, երրորդը նիհար էր ու կարճահասակ, անունը՝ Մանուչար: Քիչ անց Մանուչարն ասաց.

– Ի՞նչ ես անում քո նեգր կնոջ հետ:

Բաղդասարը խոժոռ նայեց Մանուչարին:

– Ես հարուստ եմ, դո՞ւ ինչ ես,- ասաց:- Տասը կով, հիսուն ոչխար մի շաբաթում կուտեմ:

– Դու միայն ուտելու մասին ես մտածում,- ծիծաղեց Մանուչարը:

– Բա ի՞նչ անեմ:

– Սերունդների մասի՛ն մտածիր:

– Իմ մեռնելուց հետո աշխարհում թեկուզ ջրհեղեղ լինի, պետքս չի,- կմկմալով ասաց Բաղդասարը:

– Ամեն մարդ սեփական խելք ունի. ասես-չասես, մեկ է՝ գլուխը չի մտնի,- միջամտեց Գուրգենը:

Մանուչարը խոժոռ նայեց Գուրգենին և ասաց.

– Քո կինը սիրուն է, դրա համար էլ հանգիստ ես:

Վեճը թեժացավ. տվին-առան, վերջը Մանուչարն ասաց.

– Գուրգե՛ն տղա, սիրուն կնոջդ չգովես, մի գիշերվա ընթացքում խայտառակ կանեմ:

– Ի՞նչ կանես,- մի քիչ մտածելուց հետո հարցրեց Գուրգենը:

– Ասենք՝ գիշերով կգամ, կնոջդ թումբանը կհանեմ:

– Ես մեռած ե՞մ:

– Կնկադ կողքին պառկածդ ժամանակ կհանեմ, չես զգա,- պնդեց Մանուչարը:

Գուրգենը ծիծաղելով ասաց.

– Գրազ կգամ մի ոչխարի ու խմիչքի վրա:

Գրազ եկան ու գնացին ջուր խմելու: Աղբյուրից մի քիչ ներքև շշերով լի մի փոս կար: Բաղդասարը զարմացած հարցրեց.

– Էս փոսն ինչի՞ համար է:

Ծառան համեստորեն պատասխանեց.

– Շշերը սառեցնելու համար:

Ընկերները ծիծաղեցին:

– Ասում են՝ դու դոդ ես, չես հասկանում:

Ծառաները շուռ եկան ու ծիծաղեցին: Տղաները ջուր խմեցին ու վերադարձան: Քիչ հետո, երբ հասան սեղանի մոտ, հանկարծ աղբյուրի մոտից գոչեցին.

– Թուրքե՜րը:

Խաչատուրի կինն ուշաթափ եղավ: Մարդիկ իրար խառնվեցին: Գերասիմը գոչեց.

– Իմ ետևի՜ց:

Մխիթարն ու տղերքը մի մարդու պես ձի հեծնեցին և սլացան դեպի թուրքերը: Տասը րոպե հետո վերադարձան՝ լեշերը ձիերի հետևից քարշ տալով. հինգ թուրք, չորսը՝ սպանված, մեկը՝ ոտքից վիրավոր: Ավագն ասաց.

– Սպանեք, թող քոքը կտրվի:

– Երեխա ե՞ս,- առարկեց Գերասիմը,- չիմանա՞մ՝ ինչի համար են եկել:

Եվ սկսեց հարցաքննել.

– Ինչի՞ համար եք եկել:

– Բահատլու գյուղի բեկը հրամայեց,- պատասխանեց թուրքը:

– Ահմեդը՞:

– Այո:

– Ինչի՞ համար:

– Հարեմի համար:

Հասմիկի մարմնով սարսուռ անցավ. նշանակում է՝ բեկի սիրածն է՞ր լինելու:

Գերասիմը շարունակեց.

– Բեկին ասա՝ խմբապետ Գերասիմը վաղը չէ մյուս օրը հյուր կգա իրեն:

Թուրքը թախանձանքով ասաց.

– Քիրվա՛, խնդրում եմ, սպանիր:

Գերասիմը քմծիծաղ տվեց.

– Բեկին լուր կտանես. ես գող չեմ, որ գողեգող գնամ:

Քիչ հետո Գերասիմը կարգադրեց.

– Տղե՛րք, լեշերն անտառ տարեք, թող գիշատիչներն ուտեն: Այս մարդուն էլ կապեք ձիու վրա, թող գնա:

Տղաներն իսկույն հրամանը կատարեցին: Հարսանիքը ինքնիրեն վերջացավ: Ավագը ծառաներին հրամայեց.

– Մնացած կերակուրն ու խմիչքը տարեք գյուղ, բաժանեք կարիքավորներին:

Հեծնեցին ձիերն ու շարժվեցին դեպի գյուղ: Ավագը ինքն իրեն ասաց. «Լավ պրծանք»: Հարսանիքից հետո էլ Ավագը մտածեց. «Երևի Գերասիմը գնացել է բեկի հետևից»: Այդ միջոցին ծառան դուռը ծեծեց և մի ծրար դրեց ափի մեջ: Ավագը սրտի տրոփյունով բացեց ծրարն ու կարդաց. «Հարգելի Ավագ, բեկի թաղումն այսօր է, եթե գալու ժամանակ ունես, փորձիր. ես իմ ասածն արեցի: Բարևներով՝ Գերասիմ»: Ավագը մտածեց. «Երանի քո մորը. քեզ պես տասը տղա ունենայի, Հայաստանը կպահեի»:

Հարսանիքից հետո Մանուչարը մտմտաց, թե ոնց անի, որ Գուրգենի կնոջ թումբանը տանի: Վերջապես ելքը գտավ: Վերցրեց մի կտողինի մահակ, ծայրի կողմից փոս արեց, մրջյուններ լցրեց, խցանով փակեց ու թելով կապեց:

Գյուղացիներն ամառը դրսում էին քնում, Գուրգենը՝ նույնպես: Մանուչարը տասն օր մնաց և մի օր էլ գիշերով գնաց «որսի»:

– Ո՞ւր ես գնում,- հարցրեց կինը:

– Որսի:

Կինը լռեց:

Մեր գյուղը լանջի վրա էր: Ամեն անգամ տուն շինելիս ստիպված էինք լինում ապառաժը քանդել ու տունը կառուցել: Բակի հորիզոնական հարթություն ունենալու համար անհրաժեշտ էր լինում պատ դնել և ուղղել: Մանուչարը գնաց կեսգիշերին: Գուրգենի տան բակը մի մետր բարձրություն ուներ: Մանուչարը զգուշությամբ մոտեցավ, մահակը մեկնեց կնոջ կողմն ու խցանը հանեց: Մրջյուններն իրենց գործն արեցին: Կինը շուռումուռ եկավ, բան դուրս չեկավ: Ստիպված թումբանը հանեց, դրեց վերմակի կողքին ու հանգիստ քնեց: Մանուչարը մահակով վերցրեց, դրեց ծոցում ու ճանապարհվեց տուն: Սարքը դրեց պահեստում, թումբանն էլ ամբարում ու գնաց քնելու: Առավոտը շուտ կինը վեր կացավ արտաքնոց գնալու, թումբանը չգտավ:

– Գուրգե՛ն, վե՛ր կաց:

Ամուսինն աչքերը տրորելով հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

– Թումբանս չկա,- և պատմեց դեպքը:

Գուրգենը մտքում ասաց. «Մանուչարի գործն է», և հոգոց հանեց:

Կեսօրին Գուրգենը գնաց Մանուչարի տուն:

– Հարգելիս, քո գործն արեցիր, հիմա թումբանը տուր:

– Գրազը տուր, հետո,- ասաց Մանուչարը:

– Երեկոյան Բաղդասարին վերցրու, արի մեր տուն, ես կպատրաստեմ:

Երեկոյան քեֆը սկսվեց: Մանուչարն առաջինը խոսեց.

– Հարգելի՛ ընկերներ, կյանքումս թումբանի գրազ չեմ կերել, առաջին և վերջին անգամն է:

Հետո խոսեց Բաղդասարը.

– Ընկերնե՛ր, թող ոչ մեկը գլուխ չգովի. սատանա կա, ինչ ուզում, անում է:

Ապա մտքում ասաց. «Ինչ ուզում եք ասեք, այս գործում սատանա կա»:

Ընկերները կերան-խմեցին, նարդի խաղացին:

– Մանուչար, պատմիր, խնդրում եմ, ո՞նց արեցիր,- հարցրեց Բաղդասարը:

Մանուչարը մի քիչ նազ արեց, ապա սկսեց պատմել: Ընկերները զարմացած նայեցին նրան:

– Դու կատարելագործված լրտես ես:

Մանուչարը փքվեց, ուռեց և ասաց.

– Դուք Մանուչարին մի ձեռով ե՞ք բռնում:

Ընկերները քահ-քահ ծիծաղեցին և շարունակելով խմել՝ մի լավ տաքացան:

– Տղե՛րք, կներեք, ես գնում եմ արտաքնոց,- ծիծաղելով ասաց Գուրգենը:

Գուրգենը դուրս գնաց և չեկավ: Ընկերները մի ժամաչափ սպասեցին:

– Գուրգենը չեկավ, գնամ տեսնեմ ի՞նչ եղավ,- անհանգստացավ Բաղդասարը:

– Գուրգենը երեխա չի, որ չգա,- հորանջելով ասաց Մանուչարը:

Այնուամենայնիվ, Բաղդասարը դուրս եկավ: Քիչ հետո Մանուչարն էլ նրա հետևից դուրս եկավ: Երկու ընկերներով քունջուպուճախ քանդեցին, ընկերոջը չգտան: Վերջը Մանուչարն ասաց.

– Արի տան հետևի պահեստը նայենք:

Բաղդասարը ծիծաղեց, սակայն ամեն դեպքում նայեցին: Առաջինը Բաղդասարը մտավ ու փշաքաղված դուրս եկավ.

– Գուրգենը կախվել է:

Ընկերները նրան հանեցին, մի քիչ օդ տվեցին, բայց իզուր. Գուրգենը մեռած էր: Մտածեցին՝ կնոջը ոնց ասեն: Վերջապես Մանուչարը խելոք բան առաջարկեց.

– Գնանք կնոջ մոտ. եթե ասի՝ Գուրգենը վատն է, կասենք՝ մեռել է, եթե ասի՝ լավն է, մի բան կմտածենք:

Այդպես էլ արեցին:

– Քո հրեղեն ամուսինն ո՞ւր է,- հարցրեց Մանուչարը:

– Գրողի ծոցն է:

Մանուչարը լռեց: Քիչ հետո կինը շարունակեց.

– Նա ի՞նչ ամուսին է. ինքը կողքը՝ Մանուչարը կնոջ թումբանը գողանում է: Ամուսինը Գերասիմի նման կլինի, որ չորս կողմից շրջապատված բեկին սպանեց: Երանի նրա կնոջը, ես ի՞նչ ասեմ:

Մանուչարը լրիվ համոզվեց ու ասաց.

– Գուրգենը կախվել է:

– Որտե՞ղ է:

– Ետևի պահեստում:

 Համոզվելով՝ կինը վազեց ամուսնու մոտ: Ընկերները հետևից գնացին: Կնոջ սգալուց հետո դիակը վերցրին ու տուն տարան, երկու օր հետո էլ դրեցին դագաղի մեջ ու տարան գերեզմանատուն: Ամբողջ գյուղը հավաքվեց. ամեն մարդ խելքին փչածն ասաց, հերթը հասավ քահանային:

– Հարգելի՛ գյուղացիներ,- խոսեց նա,- Աստված արգելում է սեփական հոգուն դիպչել. երբ ուզում է, այն ժամանակ էլ հոգին առնում է: Ես իրավունք չունեմ աղոթելու:

Գյուղացիներն իրարով անցան: Քյոխվան ասաց.

– Գուրգենը դժոխք պիտի ընկնի:

– Այո՛,- հաստատեց քահանան:

Մարդիկ լռեցին: Կինը լացակումած ասաց.

– Խե՜ղճ Գուրգեն, ես ո՞նց ապրեմ:

Գուրգենի դին դրեցին փոսը, հայրական հողը շուռ տվեցին դագաղի վրա, մի հասարակ քար դրեցին գլխի կողմը և հառաչելով շուռ եկան ու գնացին:

Գուրգենը երեխա չուներ: Կինը մի տարի սև հագավ, հետո ամուսնացավ հարևան գյուղի քահանայի որդու հետ: Գուրգենի սերունդը վերացավ: Մանուչարը իրեն-իրեն միտք էր անում. «Ինչո՞ւ եմ ապրում. կինս գիշեր-ցերեկ հետս կռվում է: Ինչո՞ւ գնացինք աղբյուր, ինչո՞ւ գրազ եկանք…»:

Այս և այլ ինչուներ տանջում էին Մանուչարին…