ՀՈՒՇԵՐ

Արամայիս Խալաֆյանին

Մայրամուտից հետո

Ամեն մայրամուտից հետո,

Երբ լուսինը դուրս է գալիս,

Կարծես զրուցակիցս է գալիս:

Սիրտս պատած մղձավանջով,

Կսկիծը կոկորդս սեղմելով,

Միշտ մի հարց է ինձ տանջում:

Այդքան առույգ, կիրթ, գրագետ,

Աշխատասեր, սիրված, հարգված,

Ծրագրեր կազմող և այն իրականցնելու

Հույսով ապրող` հողածին այդ էակին,

Ինչո՞ւ, ինչպե՞ս դաժան ցավը հանդիպեց:

Ինչո՞ւ կյանքիս անդորրը փոթորկվեց:

Ինչո՞ւ անկարող դարձա քեզ օգնելու:

Սև ամպերը իջան օջախիս վրա:

Ինչքան ուժ ու կորով գործադրեցի,

Բժշկությանը դիմեցի, Աստծուն խնդրեցի,

Ձեռքերս վեր բարձրացրի,

Սև ամպերին խնդրեցի, բայց ավա՜ղ,

Նրանք ավելի խտացան,

Եվ ձեռքիցս քեզ խլելով,

Իրենց գիրկն առան ու տարան:

Լուսինն էլ իրենց հետևից, անհետացավ:

Մելամաղձոտ հայացքն իմ

Հառած մնաց երկնքին:

Եվ այդպես էլ չստացա

Հարցիս պատասխանը` ինչո՞ւ:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում կայքը կազմողներին և կայքի վրա աշխատողներին:

Վերժինե Զոհրաբյան` Արամայիս Խալաֆյանի հիշատակին:

7.10.14 թ.

Տանս ծառը

Դու հայ ազգի բարի զավակ,

Դու իմ կյանքի ազնիվ ընկեր,

Չորս զավակի հրաշք հայր,

Տոհմածառդ բազմացրիր,

Տանս ծառը ծաղկեցրիր:

Ազգիդ տվեցիր մասնագետներ`

Երաժիշտ, լեզվաբան, իրավաբան, բժիշկ:

Ուրախացանք մեր պտուղներով,

Բայց ճակատագիրն ամբարտավան չթողեց վայելելու,

Սիրո քաղցրությունը քեզ նվիրած

Դաժան հիվանդությունը բուժելու,

Բժշկությունն էլ անկարող դարձավ:

Հրեշ ցավը խլեց տարավ քեզ մեզանից,

Բայց քո հոգին, սավառնելով երկնքում,

Թող զգա և իմանա, որ դու ընդմիշտ

Մեր սրտերում կաս ու կմնաս կենդանի:

Վերժինե Զոհրաբյան. Նվիրված սիրելի ամուսնուս` Արամայիս Խալաֆյանին:

5.10.14 թ.

© Բոլոր իրավունքները պաշտպանված են - KHALAFYAN.AM