ՀՈՒՇԵՐ
Թռչունների աշխույժ երգն արթնացրեց ինձ: Արևի շողերը շոյում էին դեմքս: Ես ձգվեցի և հորանջելով վեր կացա: Խոհանոցից լսվում էր ափսեների ձայնը. կինս ձվածեղ էր պատրաստում: Արագ հագնվեցի, սափրվեցի ու տեղավորվեցի սեղանի մոտ: Անհամբեր սպասում էի նախաճաշին: Տեսա՝ ուշանում է, սկսեցի բողոքել.
– Ուտել եմ ուզո՜ւմ, ուտել եմ ուզո՜ւմ…
Կինս եկավ՝ բեռնված սկուտեղը ձեռքին: Դրեց սեղանին և ինձ համբուրելով՝ ասաց.
– Թրաշդ անուշ:
– Շնորհակալություն,- պատասխանեցի ես և հարձակվեցի ուտելիքի վրա:
– Հանգիստ, Արմո ջան, ձեռքիցդ առնող չկա:
– Շտապում եմ, այսօր ամեն ինչ պետք է հասցնեմ:
Կինս մի թղթի կտոր խցկեց գրպանս ու ասաց.
– Հաջողության դեպքում այս ցուցակի պարունակությունը կառնես:
Վերջացնելով՝ համբուրեցի կնոջս և շտապ դուրս եկա: Ներսից լսվեց որդուս` Վարդանի ձայնը.
– Հայրիկ, այդ ո՞ւր ես գնում:
Մայրը գնաց երեխայի մոտ, իսկ ես պոկվեցի:
Ընդունարանում դիմավորեց կառավարչի քարտուղարուհին.
– Ի՞նչ կա այսպես շուտ:
– Հորս մահվան տարելիցն է, պետք է արձակուրդ վերցնեմ:
– Կառավարիչը տեղում է, կարող եք մտնել:
Դիմումը ձեռքիս՝ մտա ներս: Կառավարիչը գլուխը բարձրացրեց, նայեց ինձ ու նորից խոնարհվեց թղթերի վրա: Մոտեցա, բարևեցի և գլխիկոր կանգնեցի նրա դիմաց: Նա գլուխը բարձրացրեց, զննող հայացքով նայեց ինձ ու հարցրեց.
– Ի՞նչ է պատահել:
Առանց խոսքի դիմումս դրեցի սեղանին: Վերցրեց թուղթը և բարձրաձայն կարդաց.
– Հորս մահվան տարելիցի կապակցությամբ խնդրում եմ տալ հերթական արձակուրդը:
Մեղավորի պես նայում էի կառավարչի աչքերին:
– Ի՞նչ արած,- հազիվ արտաբերեց նա,- եթե հարցը վերաբերում է ծնողներին, պարտավոր ենք ընդառաջել:
Նա մակագրեց և սեղմեց կոճակը: Ներս մտավ գլխավոր հաշվապահը:
– Անմիջապես հաշվարկ կատարեք և ներկայացրեք օրդերը:
Հաշվապահը գլխի շարժումով հաստատեց ու հեռացավ: Կառավարիչը գլուխը բարձրացրեց, խոր հայացքով նայեց ինձ ու ասաց.
– Ես հարգում եմ քեզ, բայց շինարարության այս թեժ պահին աշխատանքը թողնելը հավասարազոր է հանցագործության:
Ես մեղավորի պես հայացքս իջեցրի հատակին.
– Ներեցեք, ընկեր Բարսեղյան, տարելիցի օրը չի կարելի հետաձգել:
– Դե լավ, մի՛ նեղացիր, կատակ արեցի:
Դուռը բացվեց, ներս մտավ հաշվապահը: Օրդերը դրեց կառավարչի առաջ ու հեռացավ: Նա ստորագրեց թուղթը և մեկնեց ինձ:
– Դե, բարի ճանապարհ: Թթի օղի խմելիս ինձ չմոռանաս:
Ես հրաժեշտ տվեցի և դուրս եկա: Քարտուղարուհին ժպտալով հարցրեց.
– Հը՛, գործերդ ո՞նց են:
– Առայժմ շատ լավ, մնաց՝ փողը ստանամ:
– Գանձապահը հենց նոր մտավ խցիկ:
Ես մոտեցա և լուսամուտը թակեցի:
Գանձապահը բացեց ու վերցրեց թուղթը: Փողը ստացա և ուրախ-ուրախ դիմեցի դեպի խանութները: Գնելով անհրաժեշտ ամեն ինչ՝ վերադարձա տուն: Կինս անհամբեր սպասում էր:
– Լավ է եկար, ես էլ վերջապես շորերդ դասավորեցի, վերջացրի:
– Գնացքը ճանապարհվում է ժամը 20-ին. դեռ ժամանակ շատ կա:
Երբ երեխաները դպրոցից եկան, կինս ասաց.
– Որ իմանաք` ի՜նչ եմ պատրաստել:
– Խինկալի՜,- միաբերան գոչեցին երեխաները:
– Ի՞նչ իմացաք:
– Մենք արդեն հետախուզել էինք:
– Դե, նստեք:
Բոլորս հաճույքով կերանք ու վեր կացանք: Ճամպրուկս արդեն պատրաստ էր: Երեխաները հերթով մոտեցան, համբուրեցին ինձ: Հետո կինս մոտեցավ ու կանգնեց դիմացս: Փոքր տղաս, որն աչքի էր ընկնում իր չարաճճիությամբ, ասաց.
– Դե էլ ի՞նչ եք սուրբ ձևանում, համբուրվեք:
– Իմ կողմից ներողություն կխնդրես մայրիկից և բոլորիս փոխարեն թութ կուտես: Անտառ գնալիս զգույշ կմնաս,- ասաց կինս:
Ես վերցրի ճամպրուկս և դուրս եկա:
Երևանի կայարանը մարդաշատ էր: Մարդիկ՝ որը նստած, որը կանգնած, որը պայուսակն ուսին, տարբեր ապրանքներ էին վաճառում: Տեղ-տեղ խմբերով կանգնած՝ աշխույժ զրուցում էին: Տոմսարկղերից միայն մեկն էր բաց: Ցուցանակից պարզվեց, որ միայն ընդհանուր վագոնում տեղ կա: Տասանոցը դնելով անձնագրիս մեջ՝ մոտեցա տոմսավաճառին.
– Լավ տղաների համար տեղ կա՞:
Նա վերցրեց անձնագիրս, բացեց և տասանոցն աննկատ սահեցրեց դարակի մեջ: Այնուհետև գլուխը բարձրացնելով՝ ասաց.
– Դե, լավ տղա ես, ստացիր:
Տոմսը դնելով գրպանս՝ ուզում էի հեռանալ, երբ թիկունքից լսեցի մեկի հանդիմանական ձայնը.
– Ես էլ եմ լավ տղա, մի տո՛մս տվեք:
– Քո լավ լինելը չի երևում:
Երիտասարդը հասավ հետևիցս և աղերսագին խնդրեց.
– Խնդրում եմ, ասեք, ի՞նչ անեմ, որ տոմս ստանամ:
– Մի տասանոց դիր անձնագրիդ մեջ և տուր իրեն:
Շուտով երիտասարդն ուրախ-ուրախ հեռացավ տոմսարկղից: Անցնելով ընդհանուր սրահը՝ մտա սպասասրահ: Նստարանները բոլորը զբաղված էին, բացի առաջին շարքի աջ կողմի նստարանից: Մարդիկ նստած էին երկուսով, երեքով, նույնիսկ չորսով, պայուսակները ծնկներին կամ երկուսի արանքում, իսկ ճամպրուկները դրված էին հատակին: Սրահում ժխոր էր: Ոմանք հաց էին ուտում, ոմանք թուղթ էին խաղում, ոմանք էլ՝ տաք-տաք զրուցում: Տարբեր շարքերում նստած երկու երիտասարդ նկարում էին: Ես տեղավորվեցի նստարանին և ճամպրուկս դրեցի դիմացս: Քանի որ մենակ էի, շուտով խորասուզվեցի մտքերի մեջ: Ականջովս ընկավ երկրորդ շարքի նստարանին նստած երկու կանանց խոսակցությունը.
– Այսօր գործերս անհաջող էին: Մի աղքատ շինարար հանդիպեց: Տարավ, ամբողջ օրը զբաղեցրեց ու չնչին գումար տվեց:
– Աղջի՛, իմ գործը շատ հաջող էր: Ցայտաղբյուրից ջուր էի խմում, մեքենան թափով արգելակեց: Ես ակամայից շուռ եկա: «Քսանչորսի» միջից մի սիրուն տղա գլուխը հանեց ու ժպտալով ասաց.
– Գեղեցկուհի՛, խոդավոյդ շատ դուրեկան է, ո՞ւր կհրամայեք տանել:
– Ուր ուզում եք:
Նա ուրախ դուրս եկավ մեքենայից, դուռը բացեց, «Համեցե՛ք» ասաց ու նստեց ղեկին: Մեքենան սլացավ դեպի Առաջին մաս: Շուտով մտավ մի բակ, որտեղ իրար հետևից շարված էին չորս պահեստային մասնաշենքեր: Մենք կանգնեցինք առաջինի դիմաց, իջանք ու մտանք պահեստ: Շարքով կախված էին արտասահմանյան հագուստներ՝ մեկը մեկից գեղեցիկ: Նա ձեռքը գցեց վզովս ու ասաց.
– Ընտրիր, որը կուզես:
Կուզենայի բոլորն էլ վերցնել, բայց անհարմար զգացի: Ագահությամբ նայում էի գեղեցիկ մուշտակներին, վերարկուներին, շրջազգեստներին, շապիկներին: Վերջապես ընտրեցի երկնագույն ծաղիկներով շրջազգեստը: Մենք ճաշեցինք հարևան պահեստապետի հետ: Շատ լավ տղա էր: Նա ինձ խնդրեց, որ իր համար էլ մեկին գտնեմ: Քեզ նկատի ունենալով՝ խոստացա, որ մյուս անգամ միասին կգնանք…
Ես լսում էի ու մտածում. «Մարդիկ ապրուստի հեշտ միջոց են գտել»:
Մեկը ձեռքը դրեց ուսիս: Ես գլուխս բարձրացրի և տեսա այն երիտասարդին, որը նկարում էր: Նա թուղթը մեկնեց ինձ. ես էի պատկերված:
– Քեռի՛, կցանկանա՞ք Ձեր նկարը գնել:
– Ի՞նչ արժե:
– Տասը ռուբլի:
Ոչ այնքան փողի համար, որքան այն բանի, որ նկարս ուրիշի ձեռքին չմնա, ես վճարեցի ու վերցրի: Գնացքն արգելակեց և կանգ առավ ուղիղ սպասասրահի առջև: Բոլորը տեղից վեր կացան և խառնաշփոթ առաջացնելով՝ շարժվեցին դեպի դուրս: Մարդիկ հրմշտում էին իրար, խցկվում դռների արանքը և միմյանց վիրավորելով՝ դուրս էին նետվում մեկուկես մետր լայնություն ունեցող դռնից` անիծելով դրա պատրաստողին: Ես նայում էի այս տեսարանին ու մտածում, թե ե՛րբ պետք է մեր հայերը քաղաքավարություն սովորեն, իրար հարգեն և մոռացության տան անտեղի ասվող վիրավորական խոսքերը: Երբ բոլորը դուրս եկան, վերցրի ճամպրուկս և գնացի դեպի անիծված դուռը: Պարզվեց, որ ամենևին էլ նեղ չի. հանգիստ դուրս եկա: Դռան մոտ կանգնած հերթապահը հետևիցս մրմնջաց.
– Երանի բոլորը սրա նման լինեն:
Ուշադրությունս գրավեց վագոնի մոտ կանգնած կինը, որը կարծես ուղեկցորդի հագուստը հագել էր իր գեղեցկությունը ծածկելու համար: Նա իր սև, խոշոր աչքերով ու ծիծաղկոտ դեմքով մագնիսական դաշտ էր ստեղծում: Ես ակամայից ընկա այդ դաշտի մեջ և անզոր ինքս ինձ տիրապետելու՝ գնացի ուղիղ տիկնոջ կողմը: Արթնացա այն ժամանակ, երբ լսեցի նրա հմայիչ ձայնը.
– Սիրելիս, Ձեր տոմսը:
Անսպասելի ձայնից շիվարած՝ սկսեցի գրպաններս քրքրել: Տիկնոջ անբռնազբոսիկ քրքիջն ինձ ավելի մոլորեցրեց:
– Մի՛ շտապեք, կարող եք այստեղ սպասել մինչև գնացքի ճանապարհվելը:
Ես հազիվ գտա տոմսս և մեկնեցի տիկնոջը: Նա նայեց ու վերադարձրեց՝ մի սուր հայացք նետելով իմ անմեղ դեմքին: Մտնելով վագոն՝ դռան կողքին հազիվհազ նկատեցի «3» թվանշանը: Պարզվեց, որ պատահաբար ճիշտ իմ վագոնն եմ ընկել: Մտնելով խցիկս՝ տեսա, որ առաջինն եմ: Նստեցի ու սկսեցի ինքս ինձ վրա ծիծաղել: Այդ պահին ներս մտան մի երիտասարդ ու մի գեր կին՝ երկուսն էլ ճամպրուկներով ծանրաբեռնված: Տիկնոջ ձեռքին մի ճամփորդական պայուսակ էլ կար, որից չէր ուզում բաժանվել: Նա իր անբաժան պայուսակի հետ նստեց սեղանի մոտ, իսկ երիտասարդը սկսեց ճամպրուկները դասավորել: Չանցած մի քանի րոպե՝ կինը բացեց պայուսակն ու սկսեց սեղան գցել: Երշիկ, ձկան պահածո, թխվածքաբլիթ, թթվասեր, կագոր գինի ու պեպսի-կոլա. այս բոլորը շարեց սեղանին և հարձակվեց ուտելիքի վրա՝ առանց որևէ մեկին հրավիրելու: Նա ագահաբար կերավ սեղանի պարունակությունը, մի թեյի բաժակ գինի խմեց և պեպսի-կոլան առանց բաժակի մեջ լցնելու քաշեց գլուխը: Որդին, մոր արարքից անհարմար զգալով, դուրս էր եկել միջանցք: Երբ վերջացրեց, որդուն կանչեց.
– Կո՛լյա, իջի՛ր, երկու հատ ջերմո՛ւկ բեր:
Որդին առանց առարկելու իջավ: Շուտով մտավ չորրորդ ուղևորը` մի պատկառելի ծերունի: Նա բարևեց և պատասխանը ստանալով՝ տեղավորվեց: Ներս մտավ Կոլյան և հանքային ջրի շշերը դրեց սեղանին: Տիկինը վերցրեց դրանցից մեկը և բացելով սկսեց կոնծել: Հետո դատարկ շիշը դնելով սեղանին՝ ինքնագոհ մեկնվեց տեղաշորին: Ծերունին զարմացած նայեց նրան՝ զսպելով հանդիմանելու ցանկությունը: Բոլորս խաղաղվեցինք: Լսվեց բարձրախոսի ձայնը.
– Հարգելի՛ քաղաքացիներ, հինգ րոպեից մեկնում է Երևան-Ղափան գնացքը: Ուղևորները գրավեն իրենց տեղերը:
Կառամատույցին սպասող երիտասարդ զույգերը հրաժեշտ տվեցին իրար: Գնացքը շարժվեց: Հեռվից մի երիտասարդ վազելով հասավ և ընթացքի ժամանակ մի կերպ թռավ մտավ վագոն: Լսվեց գեղեցկուհու հանդիմանական ձայնը.
– Հարկավոր է ժամանակին գալ:
– Ապուշը տոմս չէր տալիս, դրա համար ուշացա,- արդարացավ երիտասարդն ու առաջ անցավ:
Բնակավայրերը հերթով անցնում էին՝ իրենց լույսերով լուսավորելով մեր խցիկը: Շուտով վառվեցին նաև ներսի լապտերները: Բոլորիս դեմքերը պայծառացան: Ներս մտավ ուղեկցորդուհին.
– Ձեր տոմսերը:
Ուղևորները սկսեցին քրքրել գրպանները: Ես նոր նկատեցի նրա ձիգ ոտքերն ու սլացիկ հասակը: Խոսելիս այտերը նկատելիորեն շարժվում էին: Աջ այտի սև խալը դեմքն ավելի արտահայտիչ էր դարձնում: Հափշտակված նրա գեղեցկությամբ՝ ես էլի մոռացա տոմսս ցույց տալ: Նա կանգնեց ուղիղ իմ դիմաց և ածխի նման սև ու կլոր աչքերը մեխելով ինձ վրա՝ ասաց.
– Էլի մոռացա՞ր:
Ես կարծես այդ պահին զգացի նրա ներկայությունը և ձեռքս տարա գրպանս:
– Պետք չի,- հազիվ լսելի ձայնով ասաց նա և դուրս գնաց:
Ծերունին զգուշորեն սկսեց հարցաքննել ինձ.
– Երիտասա՛րդ, ո՞ր բնագավառում եք աշխատում:
– Շինարարության:
– Ո՞վ է ձեր նախարարը:
– Սահակյանը:
– Դուք նրան դեմքով ճանաչո՞ւմ եք:
– Բախտ չի վիճակվել հանդիպել:
– Համարեք, որ նա Ձեր առջև է,- և ձեռքը պարզեց,- Սահակյան:
Ես սեղմեցի նրա ձեռքը և ներկայացա.
– Խալաֆյան:
– Ծանոթ ազգանուն է: Դուք Աբովյանո՞ւմ եք աշխատում:
– Այո:
– Ես Ձեզ հիշեցի: Շուտով Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան կստանաք:
– Շնորհակալություն:
Այնուհետև տարբեր հարցեր քննարկեցինք: Ծերունին նայեց ժամացույցին:
– Դե, ժամանակն է, ես քնեմ:
Ես էլ հանվեցի ու պառկեցի ազատ մնացած թախտին: Գեր կինն անտանելի խռմփացնում էր: Չնայած դրան՝ շուտով քնեցի և երազ տեսա: Ես ու Նեկտարը (ուղեկցորդուհու անունն էր) դուրս եկանք վագոնից և հասանք կանգառ: Սպիտակ «Գազ քսանչորսն» արգելակեց, և դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ: Նա բացեց ետևի դուռը և հրավիրեց նստելու: Մեքենան սլացավ դեպի Առաջին մաս: Անցանք խաչմերուկն ու թեքվեցինք ձախ: Կանգ առանք էլեկտրաենթակայանի մոտ: Դռան վրա պատկերված էր մարդու չոր գանգ, իսկ հետևի կողմը մոտ հինգ հարյուր քառակուսի մետր ցանկապատված էր: Ներսում սյուներ էին տնկված և լարերով իրար միացրած: Նայողը չէր պատկերացնի, որ դրանց տակ հրաշք է կատարվում: Նեկտարը սեղմեց կոճակը, և դուռը բացվեց: Մենք ներս մտանք ու սկսեցինք իջնել հասարակ սանդուղքներով: Նոր դուռ երևաց: Նեկտարը մոտեցավ, կանգնեց պատին ամրացված փոքրիկ ռադիոյի դիմաց և արտասանեց ազդանշանը: Դուռը բացվեց, հայտնվեց վերելակը, և մենք նստեցինք ու սլացանք դեպի ստորերկրյա աշխարհ: Երբ վերելակի դռները բացվեցին, մենք անմիջապես մտանք մի դահլիճ, որի պատերը զարդարված էին ամենատարբեր գեղեցիկ տեսարաններով: Առաստաղը կամարաձև էր: Տղամարդիկ իրենց ուսերին կրում էին աստղազարդ երկնակամարը, իսկ կանայք գրկել էին նրանց մեջքերը: Նրանց արանքում անհոգ խաղում էին երեխաները: Դահլիճն ուներ մոտ յոթ մետր բարձրություն: Առաստաղի կենտրոնից կախված էր մի հսկայական ջահ, իսկ պատերի վրա տեղադրված էին գույնզգույն լամպեր: Վերելակից աջ տեղավորվել էր երաժշտախումբը: Հակառակ կողմում խոհանոցն էր՝ իր սպասարկող անձնակազմով: Դահլիճում իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված էին մարմարյա սեղաններ, որոնք հենվում էին կռացած ստրուկների մեջքին: Յուրաքանչյուր սեղանի շուրջը դրված էր չորս աթոռ, որոնցից երկուսը տղամարդկանց համար էին, երկուսը` կանանց: Դրանք տարբեր նախշեր ու ձևավորում ունեին. անծանոթն իսկույն կնկատեր, թե որն է կանանցը, որը` տղամարդկանցը: Դահլիճը բզզում էր մեղվի փեթակի պես: Սեղանների շուրջը նստած էին զույգերը, իսկ նրանց արանքում թիթեռների նման թռչկոտում էին սպասարկող գեղեցկուհիները: Սեղանների վրա դասավորված ճաշատեսակների մեջ ես տեսա ամենահամեղ ուտեստները, որոնց բուրմունքից արբենում էիր: Մեկ-մեկ վեր էի թռչում շամպայնի պայթյունից: Խմիչքից միայն շամպայնը ճանաչեցի, մնացածն անծանոթ էր: Հանկարծ լույսը մարեց, և դահլիճը ողողվեց գունավոր ճառագայթներով: Հնչեց երաժշտությունը, և զույգերը սկսեցին պարել: Այդ ընթացքում ոմանք հեռանում էին դահլիճից: Լույսերը վառվեցին, և դահլիճում հայտնվեց գեղեցիկ հագնված, բարձրահասակ, քառասունին մոտ մի տղամարդ: Նեկտարը վեր թռավ.
– Հիմա քեզ կբռնեն, շուտ հետևի՛ր ինձ:
Նա սլացավ դեպի ելքի վերելակն ու սեղմեց կոճակը. մենք նստեցինք և մի քանի վայրկյանից հայտնվեցինք երկրի մակերևույթին: Վարորդն իսկույն բացեց դուռը:
– Նստե՛ք,- շտապեցրեց Նեկտարը:
Մեզ հետապնդող երկու երիտասարդներն ատրճանակներն ուղիղ մեզ վրա պահեցին.
– Կանգնե՛ք:
Մեքենան տեղից պոկվեց ու սլացավ դեպի կայարան: Լսվեցին կրակոցներ:
– Լա՛վ պրծանք,- գոչեց Նեկտարը:
Երբ հասանք կայարան, Նեկտարը հրաժեշտ տվեց վարորդին, և երկուսով ուղղվեցինք դեպի գնացքը: Գնացքի ուժգին արգելակումից գլուխս խփեցի պատին: Արթնացա և հասկացա, որ այդ ամենը երազ էր: Լսվեց ուղեկցորդուհու թավշյա ձայնը.
– Հինգ րոպեից կհասնենք Մինջևան, պատրաստվե՛ք իջնելու:
Ես իջա թախտից և դուրս եկա միջանցք: Ուղևորները հրմշտելով իջնում էին: Կառամատույցին երևացին զինված սահմանապահները: Նրանք ստուգում էին բոլոր իջնողներին և հսկում կասկածելի մարդկանց: Մոտ մեկ ժամից լսվեց գնացքի շչակի ձայնը: Սահմանապահները գրավեցին իրենց տեղերը: Ամեն երկու վագոնի արանքում մեկական զինվոր կանգնեց: Մարդիկ զգաստացան: Սկսվեց հայ-պարսկական սահմանը: Շուտով հասանք Մեղրու սահմանին: Սահմանապահների մի խումբ, շների կապերը բռնած, կանգնած էր կանգառում: Լուսարձակների լույսը հետախուզում էր ամբողջ գնացքը: Իջնողներին անմիջապես ստուգում էին և նստեցնում ավտոբուս: Հրթիռի կրակոց լսվեց: Մի մարդ փորձում էր անհետանալ թփերի մեջ: Տեսնելով հրթիռի լույսը՝ իսկույն հանեց ատրճանակը: Բայց նույն վայրկյանին շունը նրան գետին տապալեց և սկսեց քրքրել: Վրա հասած սահմանապահը ձեռնակալները հագցրեց և տեղից բարձրացրեց սահմանը խախտողին: Նրան տարան: Գնացքը շարժվեց` ուղևորներին թողնելով տարակուսանքի մեջ: Սկսվեցին սահմանի փշալարերը: Սահմանապահները հսկում էին իրենց հատկացված տեղամասերը: Սահմանի երկայնքով երևաց հերթափոխային խումբը: Փշալարերից այն կողմ հոսում էր Արաքս գետը: Տեղ-տեղ այնքան մոտ էր լինում գնացքին, որ կարելի էր թռչել և գետն անցնել, եթե իհարկե սահմանապահի գնդակը չհասներ: Մյուս ափին պարսիկ սահմանապահներն էին: Նրանց կողմում ոչ մի փշալար չկար. միայն իրարից հարյուր մետր հեռավորության վրա, հողից չորս մետր բարձրությամբ տեղադրված էին դիտակետեր: Ահա մի փոքրիկ պարսկական գյուղ՝ փռված ափից մոտ հիսուն մետր հեռավորության վրա: Ծառերը կարելի էր մատների վրա հաշվել: Ժողովուրդը եռուզեռի մեջ էր: Կանայք, պղնձե սափորները շալակած, գնում էին աղբյուր, իսկ արահետով, որ տանում էր դեպի բարձունք, մի ծերունի էշին նստած բարձրանում էր: Նրա ետևից ծուլորեն քարշ էր գալիս գամփռ շունը: Շուտով սահմանը վերջացավ, և երևացին բարձր ժայռերը: Նրանք կախված էին երկաթգծի վրա՝ սպառնալով ջախջախել գնացքը, բայց նման բան երբեք չեմ լսել: Երևում է՝ շրջիկ քարագնացները լավ են աշխատում: Գնացքի առաջամասն անհետացավ ժայռերի ծոցում: Մի քանի վայրկյանից մենք նույնպես մտանք թունել: Իսկույն վառվեցին լույսերը: Դա կրկնվեց մի քանի անգամ, մինչև որ վերջնականապես լույս աշխարհ դուրս եկանք: Հեռվից երևաց պղտոր գետը, որը շտապում էր Արաքսի գիրկը: Քաջարանից եկող Ողջի գետն էր, որը դարեր շարունակ ծառայել էր մարդկանց իր մաքուր ջրերով և կարմրախայտ ձկով: Բայց վերջացան նրա ուրախ օրերը և սկսվեցին սգինը: Քաջարանում կառուցեցին հարստացուցիչ գործարան, որի մնացորդները թափվում էին գետը: Զուլալ ջրերը պղտորվեցին` իրենց ճամփին վերացնելով ամեն բարիք: Մարդիկ զրկվեցին իրենց այգիներից, դադարեցին ճաշակել կարմրախայտ ձկան համը: Նայում եմ ու մտածում. մի՞թե այդ գործարանն այնքան օգուտ տվեց մարդկանց, ինչքան որ վնաս պատճառեց նրանց: Մինչ մտորումների մեջ էի, բավականին ճանապարհ անցանք և հասանք կամրջին, որի ներքո հոսում էին Գեղանուշ գետի զուլալ ջրերը և միախառնվում Ողջի գետի պղտոր ջրերին: Պարզվում է, որ գործարանն ապականել էր նաև Գեղանուշի ջրերը: Գնացքը սկսեց տեղապտույտ կատարել: Փնչացնելով մի կերպ հաղթահարեց վերելքը և հայտնվեց կայարանում: Կառամատույցին սպասողներն իրար անցան: Ոմանք փորձում էին ներս խցկվել՝ ստեղծելով արհեստական խցանում: Ավելի հասկացողները մոտենում էին լուսամուտներին և խոսում իրենց հարազատների հետ, մինչև միջանցքը բացվեր: Գնացքի ուղևորները սկսեցին իրար հրմշտելով իջնել: Ես ու ընկեր Սահակյանը համբերությամբ սպասում էինք: Տաքսու վարորդները բարեխոսելով իրար ձեռքից փախցնում էին հաճախորդներին: Մարդկանց մի խումբ մի կողմ էր քաշվել ու տաք-տաք վիճում էր գործարանի մասին: Մի փոքրիկ աղջիկ, գրկին ծաղիկներ, վազում էր զույգերին ընդառաջ և առաջարկում գնել: Վերջապես միջանցքն ազատվեց: Ես ու ընկեր Սահակյանը վերցրինք մեր ճամպրուկները և շարժվեցինք դեպի ելքը: Աստիճանների դիմաց կանգնած էր Նեկտարը` ժպիտը դեմքին: Մենք շնորհակալություն հայտնեցինք ու հրաժեշտ տվեցինք: Այդ պահին մի երիտասարդ մոտեցավ Սահակյանին, ձեռքը տարավ ճամպրուկին և կարմրելով ասաց.
– Ներեցեք, Դուք Սահակյա՞նն եք:
– Այո:
– Համեցեք, մեքենան Ձեզ է սպասում:
Ես մնացի մենակ: Հայացքով ծանոթ մարդ էի փնտրում: Մեկը հետևից ձեռքը դրեց ուսիս: Շուռ եկա, տեսա՝ Փարավոնն է:
– Հը՛, գյուղ ես գնո՞ւմ,- հարցրեց նա:
Շրջկոմի քարտուղարի վիլիսն էր քշում: Մեր գյուղացի էր և իմ ավագ ընկերը: Գրկախառնվելուց հետո առաջարկեց նստել մեքենան: Նա սլացավ դեպի Գեղանուշ: Երկաթգիծն անցանք: Ճանապարհի եզրին նստած մարդիկ վեր կացան տեղերից ու մոտեցան մեքենային: Մեքենան մտավ տների արանքով և հասավ զառիվերին: Փարավոնի համար դա խաղուպար էր: Նա վարում էր առանց արագությունը փոխելու, կարծես հարթ տեղով էր գնում: Վերելքը հաղթահարեց և դուրս եկավ հարթ ճանապարհ, որի երկու կողմում ծխախոտի պլանտացիաներ էին:
– Ո՞նց են այս բերրի հողը փչացնում,- նկատեց Փարավոնը:- Այստեղ կարելի է պոմիդոր, վարունգ, սեխ, ձմերուկ ցանել, և ամբողջ գյուղին կհերիքի: Առանց այն էլ հող չունենք:
– Ո՞վ է հաշվի առնում որ,- նկատեց մի ծերունի:
Այսպես հողի հոգսով տարված՝ հասանք գյուղի մոտի աղբյուրին, ու մեքենան կանգնեց:
– Ջուր խմեք,- առաջարկեց վարորդը:
Մենք դուրս թափվեցինք մեքենայից, մի քիչ մաքուր օդ շնչեցինք, ջուր խմեցինք ու նորից նստեցինք: Մի քանի րոպեից հասանք գյուղ: Մեքենան կանգ առավ գրասենյակի բակում: Հավաքված մարդիկ իրար խառնվեցին և մոտեցան ավտոմեքենային:
– Փարավոն, սպասիր, մի անեկդոտ ասա,- խնդրեց մոտ եկող երիտասարդը:
– Կորե՛ք, խայտառակիչնե՛ր,- դժգոհ նետեց վարորդը և գործի գցեց շարժիչը:
Մեքենան հռնդալով հաղթահարեց վերելքը և ծխախոտի չորանոցի մոտով մտավ մեր այգին: Մայրս դիմավորեց, գրկախառնվեցինք, հետո վարորդին ներս հրավիրեց:
– Ես էլ հենց դրան էի սպասում,- ասաց Փարավոնը:- Մածունի ախորժակ ունեմ:
Կարոտս առնելուց հետո նստեցինք թթենու տակ դրված սեղանի շուրջը: Հարսը թարմ մածուն բերեց, խնոցու կարագ և լավաշ: Մայրս նայեց մեզ ու խոր հոգոց հանելով՝ ասաց.
– Հիմա իմ Աշոտն էլ էստեղ կլիներ:
– Այո,- մրմնջաց Փարավոնը,- լավ տղա էր, ափսոս, որ զոհվեց: Քո Արամայիսին հենց դրա համար եմ հարգում, որ նման է Աշոտին ու խելոք է:
Փարավոնը բարձրացրեց բաժակը և հիշելով զոհվածներին՝ խմեց: Կուշտ կերանք ու վեր կացանք:
– Դե, շնորհակալություն, Փառանձեմ մորաքույր: Թող կովերի կաթը չցամաքի:
– Անուշ լինի,- պատասխանեց մայրս ու հայացքով ճանապարհեց Փարավոնին:
Մեքենան արագություն վերցրեց ու սլացավ վար: Մայրս աթոռը մոտ քաշեց ու նստեց:
– Դե, պատմիր տեսնեմ. երեխաները ո՞նց են, ինչո՞ւ Վերժինեն չեկավ:
– Երեխաները լավ են, իսկ Վերժինեին արձակուրդ չտվեցին:
Այդ պահին լսվեց դարպասի ճռինչը. ներս մտավ խոտով բարձած մի ձի, հետևից էլ՝ եղբայրս` Յուրիկը, ու նրա երեխաները՝ տասը տարեկան Լևոնը, յոթ տարեկան Փառանձեմն ու հինգ տարեկան Լուսինեն: Ինձ տեսնելով՝ շրջապատեցին ու սկսեցին աղաղակել: Ես հերթով համբուրեցի, ապա դարձանք դեպի ձին: Ա՛յ քեզ զարմանք. Աիդան արդեն ձին բեռնաթափել էր և պարանն էր ծալում:
– Բա՜, հրեղեն է,- նկատեց եղբայրս,- իմ աջ թևն է:
– Շատ չե՞ս գովում,- կատակեց կինը:
– Դանակը բեր,- լսվեց եղբորս ձայնը:
Հարսը մի բուռ գարի ցանեց ու հավերին կանչեց: Լևոնը բռնեց ամենամեծ աքլորն ու տվեց հորը: Եղբայրս թևերը ծալեց, դրեց ոտքի տակ ու դանակը վերցրեց: Զգալով, որ մորթում են, հավերն սկսեցին կչկչալ և թռչկոտելով հարձակվել եղբորս վրա: Քիչ էր մնում աչքերը հանեին: Մի կերպ քշեցինք, և դանակն իր գործն արեց:
– Աիդա, վերցրու եփիր: Մենք իջնում ենք գերեզմանատուն, ետ գանք:
Գերեզմանատունը մեր տան մոտ էր: Գյուղի կողմից մոտ երկու մետր քարե պարիսպ էր բարձրանում: Մենք իջանք մինչև դարպասը և ներս մտանք: Պարսպից տասնհինգ մետր այն կողմ կանգնած էր հսկա եկեղեցին, որի անմիջապես բակում վեր էին խոյանում երկու հայելափայլ արձան. մեկը՝ սպիտակ, մյուսը` սև: Վաճառական Խաչատուրի և նրա կնոջ հուշարձաններն էին: Մենք նայեցինք և սկսեցինք բարձրանալ մեր ազգի «թաղամասով»: Ահա տատիս հուշարձանը, հորեղբորս, պապերիս հուշարձանները: Հաջորդը սպիտակ մարմարից մի գեղեցիկ կնոջ կիսանդրի էր. մահացել էր անհաջող ծննդաբերությունից: Հետո վեր էր խոյանում գրանիտե սալաքարը, որի վրա իր ողջ հասակով պատկերված էր մի երիտասարդ տղամարդ: Մեր ազգակից Ռուբենն էր, որը մահացել էր ավտովթարից: Մենք մտանք, խոնարհվեցինք ու մոմ վառեցինք: Հաջորդը հորս գերեզմանն էր. այդտեղ հանգչում էր հայրս իր երկու որդիների հետ: Մեկը զոհվել էր պատերազմում, իսկ մյուսը մահացել էր տասնչորս տարեկանում: Ես նայեցի գերեզմանաքարին և ապշեցի. իմ առջև կանգնած էր անզուգական պատկերներով մի բազալտե հուշարձան: Քարի վերևի մասում պատկերված էր մի ճյուղատարած ծառ, որի տակ կանգնած էր հայր եղնիկը` իր երկու ձագերի հետ. պատկերը շարունակում էր մանրաքանդակ խաչը: Քարն ուղղակի հողից էր բուսել, իսկ դիմացը հորիզոնական դիրքով տեղադրված էր մի սալաքար, որի վրա գրված էր.
«Հայրը՝ Խալաֆյան Սավադ Բալաջայի. ծնվել է հազար ութ հարյուր իննսունվեց թվականին, մահացել է հազար ինը հարյուր ութսուներկու թվականին:
Որդին` Խալաֆյան Աշոտ Սավադի. ծնվել է հազար ինը հարյուր քսանչորս թվականին, մահացել է հազար ինը հարյուր քառասուներեք թվականին:
Որդին` Խալաֆյան Ժորա Սավադի. ծնվել է հազար ինը հարյուր երեսուն թվականին, մահացել է հազար ինը հարյուր քառասունհինգ թվականին»:
Քանդակն ինձ շատ դուր եկավ, և ուրախությունից համբուրեցի եղբորս ճակատը: Նա շիկնեց, և աչքերին արցունքներ երևացին: Մենք մոմ վառեցինք ու հեռացանք գերեզմանից: Մոտ քսան մետր այն կողմ վեր էր խոյանում պատերազմում զոհվածների հուշարձանը՝ կառուցված բազալտե սրբատաշ քարից, որի վրա փորագրված էին բազմաթիվ երիտասարդների ազգանուններ, որոնցից շատերի շուրթերը դեռ չէին էլ ճաշակել սիրած աղջկա հետ համբուրվելու հաճույքը: Դրանից քիչ հեռու իրար կողքի կանգնած էին երկու կիսանդրի. գյուղխորհրդի նախագահն ու իր վարորդն էին, որոնք ավտովթարի զոհ էին դարձել: Մենք շարունակեցինք շրջելով դիտել: Հանկարծ զարմանքից մեխվեցի տեղում: Թարմ շիրմաքարից լրջախոհ դեմքով ինձ էր նայում մի ծանոթ դեմք. ընկերս էր՝ Ռոման: Նա անցյալ տարի ողջ էր և մասնակցեց հորս թաղմանը: Ես նայում էի նրան, ու մտքովս կինոժապավենի նման անցնում էր մեր մանկությունը…
Մի արևոտ օր էր: Առավոտյան գնացի մեր այգին, որը, ինչպես բոլորինը, գտնվում էր գետի ափին: Ռոմայի հորեղբոր այգին մերի հարևանությամբ էր: Այգու դուռը բացվեց, և հանգիստ ներս մտավ ինը տարեկան մի երեխա. Ռոման էր: Նա քաղաքից էր եկել: Մենք գրկախառնվեցինք, հետո բարձրացանք կեռասի ծառը: Բավականին ուտելուց հետո իջանք ու նստեցինք ծառի տակ: Հորեղբոր այգում մարդ չկար, և Ռոման առաջարկեց մտնել ու մի քիչ էլ իրենց այգուց ուտել: Մենք առանց հետին մտքերի գնացինք այնտեղ: Դռան մոտ մի հասած կեռասենի կար. մի երկու հատ համտեսեցինք թե չէ, ձայներ լսվեցին. Ռոմայի հորեղբոր տղաներն էին: Վախից դուրս եկանք ու մտանք հարևան այգին, որն անտեր էր: Այդ պահին մի քար անցավ ականջիս տակով, երկրորդը կպավ գլխիս, և արյունը ցայտեց: Հորեղբոր մեծ տղան սպառնալից նայեց ինձ ու ասաց.
– Հը՛, գո՛ղ, ո՞նց ես:
Նա առանց խղճի խայթ զգալու վերցրեց Ռոմային ու գնաց: Ես տեսա, որ արյունը չի կտրում, ճանապարհվեցի գյուղ: Արյունը ներկեց գլուխս, շորերս, կաթում էր գետնին: Այդպես ես քայլեցի երեք կիլոմետր և հասա տուն:Մայրս ինձ արնաշաղախ տեսավ և իրեն կորցրեց: Հարևանուհին մեր տանն էր: Օգնեց, գլուխս կապեցին և սկսեցին անիծել մեղավորին: Մի քանի օրից գլուխս լավացավ, և ես մոռացա ցավը, բայց սպին մինչև հիմա մնում է:
Ես ակամայից շոշափեցի գլուխս, և հեռացանք: Գերեզմանատան բնակիչները մի տարվա ընթացքում բավականին շատացել էին: Ահա հասանք մի անշուք տապանաքարի: Այստեղ հանգչում էր գյուղում ամենահարգված մարդը` ընկեր Խորենը: Նա գյուղի առաջին գրագետներից էր: Ավարտել էր Էջմիածնի ճեմարանը: Գյուղացիք մեծից փոքր նրա մոտ էին սովորել և հարգում էին որպես ուսուցչի: Ընկեր Խորենը շատ մաքրասեր ու կուլտուրական մարդ էր: Թեյ խմելիս ափսեն շուռ էր տալիս բաժակի վրա, որ մեջը փոշի չնստի: Ֆիզիկական աշխատանքից շատ հեռու էր: Այգին ավելով այնպես էր մաքրում, որ մի քարի կտոր չէիր գտնի: Նրա պարապած աշակերտներն իսկապես գրագետ էին, բայց մեկը՝ Գուրգենը, ընկեր Խորենի պատվի հետ խաղում էր: Նա երեք տարի մնաց առաջին դասարանում և ստիպված դպրոցը թողեց: Ընկեր Խորենը Գուրգենին չնեղացնելու համար ասում էր.
– Է՜, Գուրգեն, բոլորը փոխադրվեցին, ես ու դու մնացինք առաջին դասարանում:
Ոչ մեկը նրանից չէր նեղանում, բայց ես չէի մոռանում նրա անխիղճ արարքը: Ընկեր Խորենի ավագ դուստրը ամուսնացավ Արծվիկի հետ, որի այգին մեր այգու հետ նույն շարքում էր: Մերն ամենավերջինն էր: Գետի ջուրը պետք է անցներ բոլոր այգիների միջով, նոր հասներ մերին:
Մի օր հայրս աշխատանքից եկավ ու ասաց.
– Անիծվի այս այգին, կյանքս կերել է:
Հետո դիմեց ինձ.
– Լոբին չորացել է…
Դա նշանակում էր՝ վաղը այգին կջրես:
Առավոտյան, դեռ լույսը չբացված, մորս ձայնն արթնացրեց ինձ: Ես արագ հագնվեցի և ուտելով սեղանին դրված ձվածեղը՝ ճանապարհ ընկա: Գիշերվա ընթացքում կարիճները ծածկել էին առուն, և ջուրը գետով էր գնում: Անմիջապես գործի անցա: Առվի ափերից խոտ քաղեցի, խցկեցի անցքերը, ապա հող լցնելով՝ ջուրը շուռ տվեցի դեպի այգիները: Ջուրը կամաց-կամաց սկսեց հոսել: Ես քայլում էի ջրի հոսքի հետ: Շուտով հասա Արծվիկենց այգուն: Ծարավը խեղդում էր ինձ: Այգում մի տանձենի կար. արդեն հասել էր: Ծարավս հագեցնելու համար թեքվեցի, բայց ծառի տակ ոչ մի կաթուկ չգտնելով՝ մնացի զարմացած: Ինձ չկորցնելով՝ ուզեցի տակի ճյուղերից գոնե մի տանձ պոկել: Վկա է Աստված. գողանալու մտադրություն չունեի: Հենց ուզեցի պոկել, զգացի, որ լոբիների արանքով ոտքեր են գալիս: Առանց մտածելու, թե ով է, փախա: Պարզվեց, որ ընկեր Խորենն է: Ես ամոթից այլևս ետ չդարձա: Ընկեր Խորենը ջրի ճամփան փակեց և սկսեց իր այգին ջրել: Ամբողջ օրը սպասեցի, ջուրը չթողեց: Սովից ստամոքսս մղկտում էր: Վերջապես մութն ընկավ, և ընկեր Խորենը գնաց տուն՝ այդպես էլ ջուրը չտալով ինձ: Նրա հեռանալուց հետո ջուրը շուռ տվեցի դեպի մեր այգին և արագ ջրեցի: Մութն ավելի թանձրացավ: Նրան հակառակ՝ մտա այգին, բարձրացա ծառը, քաղեցի, ծոցս լցրեցի ու ճանապարհվեցի տուն: Մայրս լացակումած աչքերը հառեց ինձ ու զայրացած ասաց.
– Տանձը որտեղի՞ց ես գողացել:
Ես պատմեցի ողջ եղելությունը և հետն էլ զայրացած ասացի.
– Մյուս անգամ քարերով գլուխը կջարդեմ:
Մայրս խրատ տվեց, և տուն մտանք…
Ես երբեք չներեցի ընկեր Խորենին: Այժմ էլ, նրա գերեզմանի մոտ կանգնած, դատապարտում էի նրա անխիղճ արարքը: Եղբայրս ձեռքը դրեց ուսիս և կշտամբելով ասաց.
– Ինչ է, ուսուցչիդ հիշեցի՞ր:
Ես մի նեղացած հայացք նետեցի անլեզու գերեզմանաքարի վրա և առաջ անցա: Հեռվից աչքս ընկավ մի խաչքարի, որ շատ բարձր էր ու գեղեցիկ: Ոտքերս ակամայից այդ կողմ տարան: «Սաֆարյան Գինոս. ծնվել է հազար ութ հարյուր իննսուն թվականին, մահացել է հազար ինը հարյուր վաթսուներկու թվականին»: Գինոսը գյուղի ամենակատակասեր ու սրախոս մարդն էր: Նա հինգ րոպեն մեկ մի անեկդոտ էր հորինում: Քննադատում էր, ում պատահի: Իր տաղանդով անցել էր Պլպուղուն ու Պոլոզ Մուկուչին: Մտքերս տարան դեպի հեռու մանկություն…
Մեր տունը գերեզմանատան մոտ էր: Բակից նայում էիր, ամբողջ գերեզմանոցը ոնց որ ափիդ մեջ լիներ: Պատերազմ էր: Տղամարդիկ գնացել էին հայրենիքը պաշտպանելու: Գյուղում մնացել էին կանայք ու ծերերը: Մարդիկ սովից մեռնում էին կամ էլ հազիվ քարշ էին տալիս իրենց գոյությունը: Գինոսը տասը երեխա ուներ. իրար հետևից շարել էին: Միայն ավագ որդին էր չափահաս, նրան էլ ռազմաճակատ էին տարել: Բոլորի համար էլ դժվար էր, բայց Գինոսի համար՝ առավել ևս: Նա երկար դիմադրեց, վերջը ճարը հատավ: Ես երեխա էի՝ ութ կամ ինը տարեկան: Առավոտյան վեր կացա, լվացվեցի և սովորականի պես դուրս եկա բակ՝ մի հայացք ձգելով հորիզոնին: Ամեն ինչ նույնն էր, միայն Գինոս քեռին գերեզմանատանը տեղ էր փորում: Ես իսկույն մտա տուն և մորս հարցրի.
– Մայրիկ, գյուղում ո՞վ է մահացել:
– Ոչ մեկը,- պատասխանեց մայրս:
– Բա Գինոս քեռին ո՞ւմ տեղն է փորում:
Մայրս առանց պատասխանելու շտապեց դուրս: Արդեն մի քանի մարդ էին հավաքվել և Գինոսին համոզում էին դուրս գալ փոսից: Նա համառում էր: Մայրս, գյուղացիների խոսակցությունն ուշադիր լսելով, ասաց.
– Աստվա՜ծ իմ, Գինոսն իր տեղն է փորում:
Շուտով եկավ գյուղխորհրդի նախագահը: Նա փորձեց կատակել.
– Գինոս, բա որ վերջացնես, ո՞վ է հողը լցնելու վրադ:
– Պառկածս տեղը Սերոժի վրա աչքերս ոլորեմ, տես ոնց է լցնում:
Սերոժը նրա միջնեկ որդին էր: Բոլորը ծիծաղեցին, իսկ Գինոսը շարունակեց փորել: Տեսան՝ ճար չկա, նախագահը զանգեց շրջկենտրոն: Երկու ձիավոր եկան. մեկը՝ ոստիկանությունից, մյուսը` շրջկոմից: Գինոսին հարց տվեցին.
– Ինչո՞ւ ես ուզում մեռնել:
– Եթե մարդ չի կարողանում երեխաներին կերակրել, էլ ինչո՞ւ է ապրում,- պատասխանեց Գինոսը:
Շրջկոմի երկրորդ քարտուղարը խոստացավ օգնել: Գինոսը դուրս եկավ փոսից: Մարդիկ իսկույն հողը լցրեցին փոսի մեջ: Գինոսին օգնեցին…
Եղբորս ձայնն արթնացրեց ինձ.
– Գնացինք տուն:
Տանը սեղանը պատրաստ էր. աքլոր էր, թարմ յուղ, շոռ, լավաշ և կանաչիով տաք-տաք հաց: Կուշտ կերանք:
Շտապում եմ բաղադրատոմսը գրի առնել. գարնան թարմ կանաչին՝ կարմնձուկը, ճռճռուկը, եղինջը, մանր կտրտեք, աղը և աղացած տաքդեղը ցանեք, լավ ճմռթեք և խմորը հունցեք: Ձվի չափ գնդերը շարեք, բացեք և կանաչին հավասար ցանեք ու ծալեք: Թավան դրեք կրակի վրա, խմորը դրեք մեջը և կափարիչով փակեք: Հինգ րոպեից հանեք, մի ծայրից բացեք, թարմ յուղը դրեք մեջը և մի կողմից սկսեք ուտել…