ՍԵԼԱՎԸ

ՍԵԼԱՎԸ

Պարզ ու արևոտ օր էր: Խուստուփ լեռը մաքուր էր ու անամպ: Մարդիկ, արևից խույս տալով, գլուխները ստվերում էին պահում: Վաղուց էինք սպասում «Տարզան» ֆիլմին: Եվ ահա տղաները հերթով եկան ու տեղեկացրին, որ քաղաքում արդեն փակցված են ֆիլմի ազդագրերը:

Ժամը տասնյոթին բոլորս մի մարդու պես կանգնած էինք կինոթատրոնի տոմսարկղի դիմաց: Բոլորս տոմս ձեռք բերեցինք և ուրախ-ուրախ մտանք կինոսրահ: Ամբողջ ֆիլմը դիտեցինք բարձր տրամադրությամբ: Լույսերը վառվեցին թե չէ, ամբոխը դուրս թափվեց: Իրար հրմշտելով՝ բարձրացան աստիճաններով ու փոխանակ դեպի ելքը գնալու` խցկվեցին անկյունները: Պարզվեց, որ անձրև է գալիս: Մենք նույնպես մի կողմ քաշվեցինք և սկսեցինք զրուցել: Էդգարը, որ նոր էր եկել գյուղից, դուրս նայեց և ասաց.

– Կես ժամից անձրևը կդադարի:

– Ինչի՞ց իմացար,- զարմացած հարցրի ես:

– Բա էլ ի՞նչ գյուղացի, որ այդ հասարակ բանը չիմանա: Այնպիսի սելավներ են լինում, որ հավաքում են ձորերի բերանին եղած ծառերը, գերանները, անասուններին, անզգույշ մարդկանց և տանում թափում են մեծ գետը:

– Էդգար ջան, գյուղի կյանքից մի բան պատմիր:

Էդգարը մի քիչ նազ արեց, ապա սկսեց. «Ժամը քսանչորսը կլիներ: Դրսից վազելով եկա, լվացվեցի և հարձակվեցի սեղանին դրված զանազան ուտեստների վրա, որոնք մայրս էր պատրաստել: Նա գիտեր. եթե խաղալուց եմ գալիս, ուրեմն սոված ուշքից գնում եմ: Այնքան էինք խաղում, մինչև որ սաստիկ հոգնում էինք. մանավանդ լուսնյակ գիշերներին: Մայրս մոտեցավ ինձ, գայլի ախորժակս տեսնելով՝ կատակեց.

– Նայիր՝ սփռոցը չուտես: Հացդ կեր ու քնիր: Առավոտը շուտ հորդ հետ տեղ ես գնալու:

Ես սովորություն չունեի հարցնելու, թե ուր ենք գնալու: Ծնողներիս ասածն ինձ համար օրենք էր:

Առավոտյան մորս ձայնն արթնացրեց ինձ.

– Վե՛ր կաց, ուշ է:

Ես առանց առարկելու վեր կացա, լվացվեցի և ուտելով մորս պատրաստած ձվածեղը՝ դուրս եկա տնից ու մարտականորեն կանգնեցի բակում: Այնտեղ դրված գործիքները տեսնելով՝ հասկացա, որ գնում ենք խոպան հող փորելու: Մայրս սովորականի պես բերեց հացի կապոցը և դրեց գործիքների մոտ: Շուտով եկավ հայրս: Առավոտը շուտ անասունների տակն էր մաքրում:

– Գնացինք,- ասաց հայրս և վերցնելով գործիքները՝ առաջ ընկավ:

Ես վերցրի հացի կապոցը և հետևեցի հորս: Մեր այգիները գտնվում էին գյուղից մեկուկես մետր հեռավորության վրա: Դրանք ձգվում էին ձորով հոսող գետի երկու կողմերով և հասնում մինչև Ողջի գետը: Այնտեղից էլ սկսվում էր քաղաքը: Մենք ուղղվեցինք այգիների կողմը: Գյուղն անցանք և հասանք լանջը: Ճանապարհը զառիվայր էր և երկու կողմից պատված փշոտ թփերով: Առաջին մարդը, որին հանդիպեցինք, մեր գյուղացի Սահակն էր:

– Բարի լույս, Վարդան: Ճամփադ բարի լինի:

– Շնորհակալություն,- ասաց հայրս և ցածր ձայնով նկատեց.- Քեզ տեսնողի ճամփան բարի կլինի՞:

Արագ էինք գնում: Հասանք այգիներին: Մի այգուց դուրս եկավ Մեսրոպ պապը և ոտքը բռնած՝ նստեց ճանապարհի եզրին:

– Վարդա՛ն, Սահակին հանդիպել ե՞ս:

– Այո:

– Ա՛յ անիծվի նա: Առավոտը հանդիպեցի. հենց հասա այգի, դուռը բացեցի ու գլորվեցի ներքև: Հիմա սպասում եմ` մեկը էշով գա, նստեմ գնամ գյուղ:

Ապա շարունակեց.

– Ոչի՜նչ, կանցնի…

Ես լուռ հետևում էի հորս: Նա վերջապես խոսեց.

– Գիտե՞ս, Էդգար, ուրբաթ օրը աշխատանքից գալիս նկատեցի, որ կոլտնտեսության այգու ծայրին մի հարյուր քառակուսի մետր տեղ կա: Ճիշտ է, քարերը շատ են, բայց որ մաքրես, ահագին տեղ է:

– Եթե պետք է, կմաքրենք:

Շուտով հասանք այն հողամասը, որը մերը պետք է դառնար: Անմիջապես վերցրի քլունգը և սկսեցի քանդել մանր քարերը: Իսկ հայրս երկաթե մեծ լծակով քանդում էր խոշոր քարերը: Աշխատում էինք առանց հանգստանալու: Քարերը շարում էինք ցանկապատի տեղը: Քարերի վրա պետք է փշե թփեր շարեինք, որոնցից ամուր ցանկապատ էր ստացվում: Ժամը տասներկուսին նստեցինք հացի: Հայրս նայեց Խուստուփ լեռան կողմն ու ասաց.

– Այսօր ուժեղ անձրև է գալու, հնարավոր է՝ նաև կարկուտ:

Ես զարմացած նայեցի հորս:

– Այս արևին ի՞նչ անձրև:

– Խուստուփն ամպել է, շո՛ւտ արա:

Գործիքները պահեցինք քարերի տակ և ճանապարհ ընկանք: Ապահովության համար հայրս երկու ձեռնափայտ կտրեց: Ընդամենը հինգ հարյուր մետր էինք գնացել, երբ նա վերև նայեց ու ձեռքը թափ տվեց: Արևը կծոտում էր. մենք շոգից հազիվ էինք քայլում: Վերջապես անձրևը սկսվեց: Սկսվեց խոշոր կաթիլներով ու մի քանի վայրկյանում մեզ լողացնելով՝ անցավ դեպի հարավ: Ջուրը կարծես դույլից էին թափում: Հայրս գնաց դեպի ընկուզենու ծառատակը և մեջքը հենեց ծառի հաստ բնին: Դա երկար չտևեց: Ծառից էլ սկսեց ջուր թափվել մեզ վրա, և այնտեղ մնալն անհնարին դարձավ: Մենք ծառի տակից դուրս եկանք և ճարահատյալ շարունակեցինք ճանապարհը` նոր թաքստոց փնտրելով: Ճամփի եզրին՝ փոքր քարափի տակ, քարայր էր գոյացել, որի հատակը համարյա հողին հավասար էր: Մտանք քարայր և կուչ եկած սպասում էինք Աստծո գթությանը: Բայց մեր ուրախությունը երկար չտևեց: Հեղեղը բարձրացավ և ողողեց մեր ոտքերը: Ցեխը սկսեց դանդաղ բարձրանալ: Շուտով խրվեցինք ցեխի մեջ, և քարայրում մնալն անհնարին դարձավ: Հայրս հուսահատ նայեց ինձ ու ասաց.
– Ստիպված ենք դուրս գալ:

Կատարվեց ավելի վատթարը. անձրևը փոխվեց կարկուտի, որն անխնա կերպով հարվածում էր մեզ: Բնությունը խիղճը կորցրել էր կամ էլ մոռացել, որ երկրի վրա մարդկություն գոյություն ունի: Մենք քայլում էինք և հազիվհազ գլուխներս բարձրացնելով՝ պատսպարվելու տեղ փնտրում: Ստիպված նորից մտանք ընկուզենու տակ, որտեղ կարկուտն անմիջապես չէր թափվում մեր գլխին: Անձրևը սկսեց մեղմանալ: Կարծես թե փրկված էինք, բայց դա միայն թվում էր: Շուտով միանգամից դադարեց: Մենք հանեցինք մեր շորերը, մզեցինք և նորից հագանք: Սարերում չէր դադարել, այդ պատճառով ձորերի հեղեղը չէր պակասում: Հասանք առաջին ձորին: Հայրս փորձեց անցնել. երկու քայլ առաջ գնաց և հավասարակշռությունը կորցնելով՝ հետ–հետ գնաց՝ ձեռքը հազիվ գցելով սալորի ծառին: Անցնելու հույսը կորավ: Կտրելով գետափնյա արահետը՝ սկսեցինք բարձրանալ դեպի կենտրոնական ճանապարհը: Դա քաղաքը գյուղին կապող ավտոճանապարհն էր, որը լայն էր և գտնվում էր ավելի բարձր մակարդակի վրա: Մենք  բարձրանում էինք լանջն ի վեր: Հոսքը չդադարած առվակները դժվարացնում էին մեր ընթացքը: Երբեմն սայթաքում էինք և մեր դրությունը փրկելու համար ձեռքներս ակամայից մեկնում ու կառչում թփերից: Ավերիչ հեղեղն իր հետ տանում էր գերաններ, ծառեր, անասուններ ու քարեր, ինչից նրա հուժկու ձայնն ավելի սարսափելի էր դառնում: Վերջապես հասանք ավտոճանապարհին: Մոտ վեց մետր լայնությամբ այդ փողոցով գետ էր հոսում՝ իր հետ տանելով հազար ու մի իրեր և մանր անասուններ: Ես ընդամենը տասներեք տարեկան էի: Հայրս դողում էր ինձ համար: Առաջինն ինքը փորձեց մտնել ջուրը: Գնաց մինչև հեղեղուտի կեսը, և կատարվեց անսպասելին: Վերևից եկող ծառը հասավ հորս, նրան իր ճյուղերի մեջ առավ՝ սպառնալով ջրվեժի հետ վար շպրտել: Բայց Աստված միշտ հսկում է մարդկանց և կարգավորում նրանց դժբախտությունները: Ծառից թեք աճած ճյուղի օգնությամբ հայրս դուրս եկավ ցամաք: Ծառը շարունակեց իր ճանապարհը: Մնացինք շիվար կանգնած: Սելավն իր հետ քարեր էր տանում, որոնք գլորվելով դղրդյուն էին առաջացնում: Հանկարծ դղրդյունի ձայնը փոխվեց: Մենք ակամայից վերև նայեցինք ու տեսանք, թե ինչպես էր մի հսկայական գերան իջնում՝ ջրի մակերեսին լողալով ու ծայրերն ափերին խփելով: Հայրս ձեռքը մեկնեց ու գերանի ծայրը բռնեց: Գերանը շուռ եկավ ու կանգնեց կամրջի նման: Դա մեզ համար մեծ հաջողություն էր: Գերանից բռնվելով՝ հայրս առաջ գնաց: Նա հաջողությամբ անցավ ջուրը և կանգնեց գերանի մյուս ծայրին: Ես սկսեցի առաջանալ: Գերանի ազատ մնացած մասը թուլանում էր, և երբ հասա կենտրոն, տեղից պոկվեց ու սահեց ջրի հոսանքի հետ: Ես կորցրի հավասարակշռությունս և բաց թողեցի գերանը: Այն դղրդյունով արագ ցած իջավ, ես էլ՝ հետևից: Ջուրն ինձ առավ իր հորձանքի մեջ և գլորելով տարավ: Մի կերպ գլուխս հանեցի և նկատեցի ափին աճած փշե թուփը: Ձեռքս մեկնեցի և կառչեցի թփից: Ջուրը ջանում էր ինձ պոկել թփից ու տանել: Ես հավաքեցի վերջին ուժերս ու դիմացա, մինչև հայրս օգնության հասավ: Ջրից դուրս գալով ՝ բարձրացանք ճանապարհի ուղղությամբ: Հայրս գույնը գցել էր, ձեռքերը դողում էին: Նա ինձ արդեն կորցրած էր համարում: Մենք նստեցինք ծառի տակ, հանգստացանք: Հեղեղատների ջրերը պակասում էին: Մյուս ձորակները հանգիստ անցանք և հասանք ճանապարհի այն հատվածին, որն անցնում էր կավահողի միջով: Մեզ համար դա ահավոր էր: Անձրևից հետո հողը ցեխ էր դարձել, և հնարավոր չէր քայլել: Մինչև ծնկներս խրվում էինք ցեխի մեջ, և առաջ ընթանալը դառնում էր անհնարին: Հինգ հարյուր մետր տարածությունն անցանք մոտ մեկ ժամում: Ցեխակոլոլ և ուժասպառ դուրս եկանք և առանց հանգստանալու հասանք աղբյուրին: Լվացվեցինք, մաքրվեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Արդեն փրկված էինք և շուտով տուն հասանք: Մայրս լացակումած դիմավորեց մեզ ու տուն տարավ: Մենք հաց կերանք և հոնի մուրաբայով տաք թեյ խմելուց հետո անկողին մտանք: Այդ օրը գյուղը շատ կորուստ էր տվել. որի ոչխարն էր քշել տարել, որի այծը, որի մոզին, որի կովը: Բայց դա տանելի էր: Գյուղը կորցրել էր մի երիտասարդ աղջկա, որի դիակը գտան երեք օր հետո: Գիշերվա կեսին հորս ջերմությունը բարձրացավ, իսկ ես երազիս մեջ անընդհատ կռիվ էի տալիս ցեխաջրի հետ: Մորս հնարամտություններից ոչ մեկը չօգնեց. հորս ջերմությունը քանի գնում, բարձրանում էր: Գյուղում բժիշկ չկար: Բուժկետի բուժքույրը հազիվ սրսկել գիտեր: Իսկ ինչ վերաբերում է դեղերին, նա դրանք մեզնից էր ուզում: Փրկության մի միջոց ունեինք. գյուղում մի հեքիմ կար, որի ձեռքից ոչ մի հիվանդություն չէր պրծնում: Նա՝ Մանուշակ մորաքույրը, քաղում էր մեր դաշտերի բազմատեսակ ծաղիկները և դեղեր պատրաստում: Ամբողջ շրջանից գալիս էին նրա օգնությունը խնդրելու: Նա էլ նազ չէր անում. ձեռքից եկածն անում էր: Մայրս առավոտը շուտ գնաց Մանուշակ մորաքրոջ հետևից: Շուտով վերադարձան միասին: Նա բացեց թաշկինակը, հանեց ինչ-որ սև, մանր պտուղներ և պատվիրեց եփել: Դառը թուրմը խմեցրեց հորս և լավ ծածկեց: Շուտով հայրս քրտնեց, ջերմությունն իջավ, բայց ոչ լրիվ: Մանուշակ մորաքույրը նայեց և հոգոց հանելով ասաց.

– Շատ է մրսել:

Նա պատվիրեց աղյուսներ հավաքել: Գյուղում յուրաքանչյուր ընտանիք էլ աղյուս ուներ: Երբ մեկի ստամոքսը ցավում էր, տաքացնում էին ու դնում փորի վրա: Ես ստիպված էի հավաքել ամբողջ թաղամասի աղյուսները: Կրակ վառեցինք ու տաքացրինք դրանք, ապա շարեցինք հորս կողերին ու ծածկեցինք: Հայրս լրիվ քրտնեց ու փրկվեց: Մանուշակ մորաքույրը, իր գործը վերջացրած համարելով, վերջին ցուցումները տվեց ու հեռացավ: Մայրս նայեց դեպի Խուստուփ սարն ու կարդաց իր աղերսական աղոթքը.

– Ո՜վ մեր տեր ու պաշտպան, ո՜վ սուրբ եկեղեցի և դու, ողորմա՜ծ Աստված, պաշտպանի՜ր մեզ բոլոր փորձանքներից և ողորմիր մեր գոյությունը: Խոստանում եմ մեր անմեղ գառը զոհաբերել քո բարության համար:

Վերջացնելով աղոթքը՝ երեսը խաչակնքեց ու շուռ եկավ:

Հաջորդ օրը հայրս գառը մորթեց: Եփեցինք և յոթ տան բաժանեցինք: Այսքանով վերջացան մեր գյուղի ամենադառը մարդու հետ հանդիպման հետևանքները»:

Էդգարը վերջացրեց իր պատմությունը և հոգոց հանեց.

– Ի՜նչ օրեր ենք տեսել…

Մենք դուրս եկանք պատսպարանից և տուն գնացինք: Անձրևը դադարել էր, բայց ջուրն առաջվա պես հոսում էր փողոցներով: Մարդիկ, ուշադրություն չդարձնելով ջրին, տուն էին շտապում…