ԳԻՆՈՍԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ԳԻՆՈՍԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Գյուղացիներն առավոտը շուտ ոչխարը տանում են Գրիգորի տան հետևի ճանապարհը: Նախիրը քշում են հիսուն մետր հեռու` Դավթի տան ճանապարհի մոտ: Նախրապան Գինոսը վեր կացավ, շորերը հագավ, լվացվեց ու նստեց հացի: Երեխաները հերթով վեր կացան ու կպան հորը:

– Հայրի՛կ, ինձ համար տետր առ,- ասաց մեկը:

– Ինձ համար էլ կոշիկ առ, իմը մաշված է,- պահանջեց մյուսը:

– Կնիկ ջան, հացս կապիր, ես գնամ,- պատվիրեց Գինոսը,- երեխաներն ուզում են եղած շորերս էլ հանեն:

Գինոսը հացը վերցրեց ու գնաց նախիրն արածեցնելու: Քիչ հետո հանդիպեց հովիվ Խաչատուրին, որին գյուղացիները Խաչիկ էին ասում:

– Բարի լույս, Խաչիկ, ո՞նց ես:

Խաչիկը պատասխանի փոխարեն ասաց.

– Այսօր գալու ե՞ս Սևաքոլի գետը, անասուններին էնտեղ թողնենք արածելու…

Անասուններն արածելով գնացին ու անջատվեցին իրարից. հոտն անցավ աջ կողմի բացատը, նախիրը՝ ձախ կողմի: Հովիվն ու նախրապանը մնացին մեջտեղում՝ ծառերի տակ: Մի քիչ դեսից-դենից խոսեցին, մեկ էլ Գինոսը նկատեց, որ ոչխարը չկա: Նայեց շան կողմն ու հոգոց հանեց.

– Բողար ջան, հասիր:

Շունը բազմանշանակ նայեց տիրոջն ու վազեց անտառի կողմը: Րոպեներ անց եկավ՝ աչառն առաջն արած: Նախրապանը քնքշորեն շոյեց շանը.

– Ապրես:

Շունը գոհ նայեց տիրոջն ու նստեց: Ընկերները շարունակեցին զրույցը: Շունը մի քանի անգամ գնաց աչառի հետևից: Հոգնած նստեց, գլուխը դրեց առջևի ոտների արանքում ու քնեց:

– Շունը հոգնեց,- ասաց Խաչիկը:

Ստիպված Գինոսը գնաց աչառի հետևից: Հերթական անգամ գնալուց հոգնեց ու նստեց:

– Մի խորհուրդ տամ,- ասաց Խաչիկը:

– Խնդրեմ,- հոգոց հանեց Գինոսը:

– Շուտով կեսօր է: Երբ տանենք գետը՝ ջուր խմելու, նստելու են: Ինձ մոտ պարան կա: Վերցրու աչառի առջևի ոտից կապիր, հետո էլ ծառից կապիր: Երբ անասունները քշենք, արձակիր, տար ուրիշ ծառից կապիր, մի քիչ էլ դնչին ծեծիր, կխելոքանա:

Այդպես էլ արեցին: Խաչիկը վեր կացավ ու սկսեց դեղին ծաղիկ քաղել:

– Ի՞ նչ ես անում,- հարցրեց Գինոսը:

– Քաղում եմ, որ պանիր անեմ:

– Ո՞նց պիտի անես,- նորից հարցրեց Գինոսը:

– Մի քիչ դիմացիր, կասեմ,- պատասխանեց Խաչիկը:

Կեսօրից հետո անասուններին տարան գետը: Անասունները ջուր խմեցին, հետո նստեցին ծառերի տակ: Գինոսը պարանը վերցրեց, զգուշությամբ մոտեցավ աչառին, առջևի ոտից կապեց, հետո էլ ծառից կապեց. դե թող փախչի: Խաչիկը գրպանից հանեց տիկը, մի չոփ դրեց մեջը այնպես, որ թասի պես տնկվեց: Հետո տարավ ոչխարների մոտ ու սկսեց կթել: Շուտով տիկը լցվեց: Մոտ երեք լիտր կլիներ: Կաթը լցրեց մի փոս ընկած քարի մեջ, գրպաններից հանեց ծաղիկներն ու մի մատնոց: Ծաղիկները զոխերից հանեց ու սկսեց մզել: Շուտով մատնոցը լցվեց: Սա էլ շուռ տվեց կաթի մեջ, լավ խառնեց ու եկավ Գինոսի մոտ: Նախրապանը թաշկինակը հանեց, տափակ քարի վրա փռեց, ուտելիքը լցրեց թաշկինակի վրա, ու փորձեցին ուտել:

– Սպասի՛ր, կարող է խեղդվեմ,- ասաց Խաչիկը:

Գինոսը վերցրեց տափաշիշը, մոտակա աղբյուրից լցրեց ու բերեց:

– Հանգստացա՞ր, դե կեր:

Եվ սկսեցին ախորժակով ուտել: Խաչիկը հաճախակի ջուր էր խմում:

– Շաքար ունե՞ս,- հարցրեց Գինոսը:

Խաչիկը ծիծաղեց.

– Երբ ուտելու հետ խմում եմ, կերածս նստում է:

– Քեզնից շատ բան կսովորեմ,- հոգոց հանեց Գինոսը և աչքի տակով նայեց կաթին, որը կամաց-կամաց սեր էր բռնում:
Ուտելուց հետո էլ նայեց. կաթը պանիր դարձավ:

– Պանիրը պատրաստ է,- ասաց Գինոսը:

Խաչիկը ծաղրեց.

– Չես դիմանո՞ւմ. մեջը փուչ է, թող պնդվի:

Մի ժամ հետո Խաչիկը գրպանից հանեց ծալովի դանակը, պանիրը կտրեց: Մի կեսը տվեց Գինոսին, մյուս կեսն էլ թաշկինակով կապեց նրա մեջքին ու ասաց.

– Վե՛ր կաց, ժամանակն է:

Անասուններին նորից վերև տարան արածեցնելու: Գինոսն աչառին կապեց փոքր բացատում և շանն ասաց.

– Բողար ջան, հսկիր:

Շունը նայեց տիրոջը, նայեց աչառին ու նստեց տեղը: Նշանակում է՝ համաձայն էր: Գինոսն ու Խաչիկն սկսեցին զրուցել և շուտով հոգնեցին:

– Զարմանում եմ, Աստված այսքան կենդանություն ո՞նց է ստեղծել,- ասաց Գինոսը:- Մարդը յոթանասուն կիլոգրամ քաշ ունի, բայց ամբողջ աշխարհին տիրում է: Պալատներ է կառուցում, տներ է շինում, ինքնաթիռին ստիպում է ձայնային արագությամբ սավառնել ամպերի միջով, փղին ստիպում է իրեն ծառայել… Ո՞ր մեկն ասեմ. հրաշագործ է:

– Մենք հասարակ մահկանացուներ ենք,- ասաց Խաչիկը,- Աստված ոնց ստեղծել է, այնպես էլ կպահի:

Այդ ժամանակ լսեցին աչառի բառաչն ու շան կաղկանձը: Գինոսը գոչեց.

– Արջը աչառին բռնե՜ց:

Եվ մահակներն առած՝ երկուսով հասան արջի հարային: Արջն ուզում էր աչառի մեջքից բռնել, սա պտտվում էր պարանի շուրջը և փորձում պաշտպանվել: Շունն էլ մեկ-մեկ փորձում էր արջի վրա հարձակվել, բայց գազանը թաթով խփում էր դնչին… Ոնց որ կինո լիներ: Ընկերները հարձակվեցին ու սկսեցին արջին ծեծել: Սա տեսավ՝ շատ ծեծող կա, գլուխն առավ ու փախավ: Աչառը սուսուփուս գնաց նախրի մոտ: Այդպիսով աչառը խելոքացավ: Խաչիկը պարանը ծառից արձակեց, ծալեց, դրեց գրպանը: Ընկերները նորից նստեցին ծառի տակ և սկսեցին զրուցել պատահածի մասին: Օրն անցավ, շառն էլ հետը: Խաչիկն ասաց.

– Ընկեր ջան, վեր կաց անասուններին տուն տանենք, ուշ է:

Ադամամթին անասունները հասան գյուղ: Ամեն մարդ իրենը տարավ: Մնացին հովիվն ու նախրապահը: Խաչիկը Գինոսին ասաց.

– Գնա քնիր, գիշերը կարճ է:

Եվ ընկերները բաժանվեցին: Գինոսը հասավ տուն, աթոռի վրա նստեց, կիսապառկած հենվեց սեղանին ու քնեց: Կինը եկավ տեսավ՝ քնած է, անցավ խոհանոց՝ ճաշ եփելու: Կես ժամից նորից եկավ, էլի տեսավ՝ քնած է, զգուշորեն մազերը շոյեց: Գինոսը քնած տեղից վեր թռավ ու գոչեց.

– Բողա՛ր, բռնի՛ր:

Կինը ծիծաղելով ասաց.

– Քո տունը շինվի, քնած ժամանակ էլ ես նախրի հետ:

Գինոսը վեր կացավ, երեսին ջուր շփեց ու գնաց նստեց սեղանի մոտ: Երեխաները շրջապատեցին:

– Հայրիկ, ի՞նչ ես բերել,- հարցրեց փոքր աղջիկը:

Գինոսը մեջքի կապոցից հանեց պանիրն ու դրեց սեղանին:

Երեխաներն ամեն կողմից ուզում էին վերցնել: Վերջապես մեծ տղան` Սերոժը, թաշկինակը բացեց ու ասաց.

– Պանիր է՞:

Երեխաները վրա եկան ու սկսեցին խժռել: Գինոսը մի կտոր պանիր զավթեց ու դրեց իր առջև` կնոջ համար: Երբ կինը եկավ սեղանը գցելու, Գինոսը պանիրը դրեց նրա առաջ:

– Որտեղի՞ց է,- հարցրեց կինը:

Գինոսն ամեն ինչ պատմեց:

– Քսան տարվա հովիվ է, պանիր սարքել է՞լ չիմանա,- զարմացավ կինն ու գնաց խոհանոց:

Քիչ հետո մի հավ բերեց ու դրեց Գինոսի առջև: Գինոսը զարմացած հարցրեց.

– Ինչո՞ւ եք ձու ածող հավը մորթել:

– Աղվեսն է խեղդել,- տեղեկացրեց Սերոժը:- Երեք հատ էր. երկուսը կերել ենք, մեկը քեզ համար ենք պահել, չորրորդն էլ աղվեսն է տարել:

Գինոսը զայրացած ուզեց կնոջը խփել, բայց նա խույս տվեց ու անցավ խոհանոց: Սերոժն իսկույն մորը պաշտպանեց.

– Հայրի՛կ ջան, մայրիկը մեղավոր չի, ամբողջ օրը զբաղված էր, մեղավորը ես եմ:

– Երեխե՛ք,- ասաց հայրը,- բնի դուռը փակեիք, չորս հավ կենդանի կլինեին, ձու կածեին, ձվածեղ կանեիք, կուտեիք, հերիք էր:

– Սրանից հետո կփակեմ,- մեղավորի պես ասաց Սերոժը:

Երեխեքն աչքի տակով հորն էին նայում: Հայրը նկատեց:

– Երկու հավ կերել եք, ուզում եք երրորդն էլ ուտե՞լ,- հանդիմանեց նա:

Երեխաները գլխիկոր շարունակեցին հաց ուտել: Գինոսն աչքի պոչով նայեց երեխաներին, հավը մասերի բաժանեց ու նրանց տվեց: Մի բուդ էլ ինքը վերցրեց ու խժռեց: Ուտելուց հետո ընտանիքը սկսեց օրվա պատահարը մեկնաբանել: Հետո քնեցին: Գինոսը երկար ժամանակ անքուն էր: Վերջապես աչքերը փակեց ու երազ տեսավ. աղվեսին բռնել էր: Հարևանները եկել էին, ամենքն էլ, մի-մի մահակ ձեռքներին, աղվեսին ծեծում էին: Գինոսի կինը գոռում էր.

– Բավական է, մորթին կփչանա:

Հարևանները մահակները վերցրին ու գնացին տները: Գինոսի կինը մոտեցավ ու ասաց.

– Մաշկը զգուշությամբ հանիր, դիր տանը, պետք է:

Գինոսը դանակը վերցրեց ու սկսեց մաշկել: Հանկարծ աղվեսը ճվաց, և Գինոսն արթնացավ:

– Ափսոս, որ երազ էր,- ախ քաշեց նա:

Գինոսն աչքերը բացեց, տեսավ՝ լույս է, վեր կացավ ու հագնվեց: Նախաճաշելուց հետո Սերոժին կանչեց.

– Վեր կաց գնա, նախիրը տար: Ես գնում եմ քաղաք՝ թակարդ առնելու:

Սերոժն իսկույն վեր կացավ՝ մտքում ուրախանալով. «Լավ է, դպրոց չեմ գնա»:

Գինոսը ճանապարհվեց քաղաք: Երբ հասավ թուրքի գյուղի տակը, մեքենայի ձայն լսեց: Շուտով մեքենան կանգնեց Գինոսի կողքին, և վարորդ Արմենակն ասաց.

– Նստիր, տանեմ:

Գինոսը քահ-քահ ծիծաղեց, մորը նախշեց ու ասաց.

– Երազում մորդ տեսել եմ, ասաց՝ տղայիս կարող ես վստահել:

Մարդիկ ծիծաղեցին, իսկ վարորդը քշեց գնաց: Գինոսը հետևից կանչեց.

– Շտապիր է՜, քեզնից շուտ քաղաք կհասնեմ:

Մարդիկ ծիծաղեցին: Մեքենան ձորն անցավ, սկսվեց վերելքը: Տասը մետր անցավ, սկսեց խռխռալ: Զգուշորեն իջավ ձորը, և շարժիչը հանգավ: Գինոսը հետևից հասավ ու վարորդին ասաց.

– Մի՛ նեղանա, ես գիտնական եմ, ափսոս դիպլոմ չունեմ:

Մարդիկ քոռ ու փոշման իջան մեքենայից ու քայլելով շարունակեցին: Գինոսը խառնվեց ժողովրդին, և զրույց անելով գնացին:

– Ոչ մեկը չմնաց ինձ օգնելու,- անիծելով թոնթորաց Արմենակը և սկսեց քանդել:

Ժողովուրդը հասավ քաղաք տանող զառիթափին, և լսվեց մեքենայի ձայնը:

– Սպասի՜ր, սպասիր նստե՜նք,- գոռացին ուղևորները:

Բայց վարորդը զայրացավ, «Ձեր մայրիկն անիծեմ»,- ասաց ու քշեց:

– Ոչ մեկը չմնաց օգնելու. չի կանգնի,- համոզված ասաց Գինոսը:

Ավետիս անունով մեկը հաստատեց.

– Ճիշտ ես ասում:

Եվ քայլեցին: Հասան սպիտակ տնակին, այսինքն՝ երկաթուղու պահակատանը: Շոգեքարշն ամբողջ երկարությամբ փակել էր ճանապարհը: Ժողովուրդը կես ժամ սպասեց, որ ճանապարհը բացվի, բայց իզուր: Ոմանք վագոնի տակով անցան, ոմանք էլ բարձրացան, վագոնի արանքով անցան: Գինոսը մտածեց.

– Տակով անցնեմ, վատ է. հանկարծ շոգեքարշը կշարժվի, ոտքերս տակով կանի: Ամբողջ կյանքում անդամալույծ կմնամ: Ի՞նչ անեմ:

Վերջապես որոշեց բարձրանալ, արանքով անցնել: Գինոսը բարձրացավ, բայց հենց ուզեց իջնել, շոգեքարշը շարժվեց: Գինոսը շիվարած կանգնեց. «Երևի կկանգնի»: Այդ ժամանակ ինչ-որ մեկը գոչեց.

– Տեղերո՜ւմ:

Գնացքը շարժվեց, և այդ նույն մարդն ասաց.

– Քաղաքացի՛, ներս անցիր նստի՛ր:

Գինոսը մտահոգ ներս գնաց և պատահական տեղում նստեց: Խցիկում երկու հոգի էին. մեկը տասնհինգ տարեկան տղա էր, մյուսը` տարեց տղամարդ, որ գլուխը գրքի մեջ թաղած՝ կարդում էր: Գինոսը «բարի լույս» ասաց և նստեց ազատ տեղում՝ բարձրաձայն մտածելով.

– Գնամ Երևան, Անուշավանին կտեսնեմ, թակարդ էլ կառնեմ ու կվերադառնամ գյուղ:

Տղան զարմացած ասաց.

– Իմ կարծիքով դու Անուշավան անունով տղա չունես:

– Դու Առուշանյանին չգիտե՞ս,- կմկմաց Գինոսը:

Տղերքը ծիծաղեցին:

– Դե այդպես էլ ասա, հե՛ր օրհնած:

Քիչ անց այն նույն մարդը եկավ.

– Քաղաքացինե՛ր, տոմսերը ցո՛ւյց տվեք:

Տղաները ցույց տվեցին, հասավ Գինոսին:

– Քաղաքացի՛, տոմսդ ցո՛ւյց տուր:

– Տվել ե՞ս, որ ցույց տամ:

– Կատակ անելու ժամանակ չունեմ, ցո՛ւյց տուր:

– Ժամանակ չունես, գնա՛:

Այդ ժամանակ տղամարդը գուխը գրքից բարձրացրեց ու ասաց.

– Արի մոտս, մի բան պիտի ասեմ:

Ուղեկցորդը մոտեցավ: Տղամարդն ականջին շշնջաց.

– Այդ մարդը Գինոսն է` զանգեզուրցի կատակախոսը:

Մարդը զարմացած նայեց Գինոսին, ինքն իրեն ասաց. «Հասարակ մարդ է», ու գնաց: Ուղեկցորդի հեռանալուց հետո տղան բացեց տոպրակը և սկսեց սեղանիկը սարքել: Մի քանի րոպե անց ասաց.

– Համեցեք հաց ուտելու:

– Շնորհակալ եմ, ես կուշտ եմ,- գլուխը գրքից բարձրացնելով՝ հրաժարվեց տղամարդը:

– Գրքի մեջ հաց չկա. կեր, որ ուղեղդ աշխատի,- ասաց Գինոսը:

Տղամարդը վեր կացավ, գիրքը ծալեց դրեց մի կողմ ու մոտեցավ սեղանին: Գինոսն ասաց.

– Խելոքացա՞ր: Շնորհակալություն ասածիդ համար:

Եվ երեքով ճաշեցին: Սեղանին մի շիշ գինի կար, վարունգ, եփած հավ, լավաշ, պանիր և երեք շիշ լիմոնադ: Տղամարդը բացեց գինին, բաժակները լցրեց, մեկը վերցրեց ու տղային օրհնեց.

– Սեղանդ լիքը լինի:

Խմեցին: Գինոսը մտքում ասաց. «Տանը հավ, գնացքում հավ, շուտով աղվես կդառնամ»: Հանկարծ մտածեց աղվեսի մասին և հավի մեջքից պոկելով՝ խրթխրթացնելով կերավ: Ուտելուց հետո մարդիկ սովորաբար լիմոնադը լցնում են բաժակներն ու այդպես խմում: Երբ Գինոսն ուտելը վերջացրեց, լիմոնադի շիշը վերցրեց, կափարիչը ձեռքով բացեց ու շշով խմեց: Տղերքը երեսները փակեցին ու սկսեցին ծիծաղել:

– Ինչո՞ւ եք ծիծաղում, ետևս բաց է՞,- նեղացավ Գինոսը:

Տղամարդը ներողություն խնդրեց և ասաց, թե իբր թուրքի վրա էին ծիծաղում: Այդ միջոցին թուրքը, գլուխն այս պատին, այն պատին խփելով, հասավ ու հրամայեց.

– Տոմսերը ցո՛ւյց տվեք:

– Առաջին հերթին քաղաքավարի խոսիր,- ասաց տղամարդը,- երկրորդն էլ՝ նոր ենք ցույց տվել:

Թուրքը կմկմաց, թե ինքը տեսուչ է: Գինոսը քմծիծաղ տվեց.

– Շունը եկել է՝ տրխամաշը ձեռքին:

Բոլորը ծիծաղեցին: Թուրքը կպավ տղային.

– Տոմսդ ցո՛ւյց տուր:

Գինոսը զայրացավ, թուրքին տարավ ու դուրս շպրտեց:

– Սպասի՛ր, Մինջևանում կտեսնես,- սպառնաց թուրքը:

– Հայրս տասը թուրք սպանեց, ես չեմ կարո՞ղ մեկին սպանել,- ասաց Գինոսը:

Թուրքը մտածեց. «Երևի բնածին է», ու գնաց: Գինոսը ներս մտավ ու մի քիչ ամաչելով տղային հարցրեց.

– Արտաքնոցը որտե՞ղ է:

Տղան տարավ, ցույց տվեց: Երբ Գինոսը շորերը վար քաշեց, նստեց ու փորձեց հանգստանալ, հանկարծ դուռը բացվեց, ներս եկավ մի սիրուն կին ու համարյա նստեց Գինոսի վրա:

– Քո տունը շինվի, քիչ է մնում գլխիս նստես,- բողոքեց Գինոսը:

– Դուռը փակիր, որ իմանամ՝ մարդ կա,- հանդիմանեց կինը, որ ամենևին էլ շփոթված չէր, ու դուրս եկավ:

Գինոսը վեր կացավ, դուռը սողնակով փակեց ու նորից նստեց: Վերջացնելուց հետո, երբ շորերը վեր էր քաշել, գոտին էլ պնդացրել, փորձեց սողնակը բացել, չկարողացավ: «Ի՞նչ անեմ»,- մի պահ շիվարեց Գինոսը: Հետո ինչ որ մտածեց, դա էլ արեց: Սողնակը բացվեց, և նա ուրախացած դուրս եկավ: Այդ օրվանից Գինոսն ասում է. «Մինչև այսօր մտածում եմ, նոր գործում»: Գինոսը հասավ իր խցիկն ու տեղավորվեց: Տղան կարմրելով հարցրեց.

– Ո՞նց ես:

Գինոսն ուրախ-ուրախ պատմեց եղածը, ու տղերքը ծիծաղեցին: Շուտով հասան Արաքս գետին: Գինոսը մտքով հիշեց իր գյուղը` Ղարադաղը, և արցունքներն իրենք իրենց հոսեցին: «Արև օր էր,- մտաբերեց Գինոսը:

– Հաց կերեք, գնացեք խոտ քաղելու,- պատվիրեց հայրը:

Այդ միջոցին հարևանը ներս մտավ, «Թուրքերը մտան գյուղ, փախե՛ք…»,- ասաց և իսկույն դուրս եկավ:

– Հանգի՛ստ մնացեք,- ասաց հայրը:- Առաջին հերթին զե՛նք վերցրեք, ինչ պատահի՝ դանակ, մանգաղ, փոցխ, գերանդի և այլն: Զինվե՛ք: Թուրքը չի խղճա:

Եվ ինքն էլ հրացանը վերցրեց: Ավագ եղբայրը` Մակարը, չուխա հագավ, փամփշտակալը կապեց, սուրը խփեց պատյանի մեջ, մոսին հրացանը վերցրեց ու դուրս եկավ: Գինոսը նայեց նրա ետևից և ախ քաշեց. «Երանի ես էլ ունենամ»:

Մեկ էլ հայրն ասաց.

– Գինոս ջան, սուրը վերցրու, ես պահել եմ:

– Որտե՞ղ է,- ուրախացած հարցրեց տղան:

– Ամբարում:

– Ֆիննական դանակը վերցրու և մորդ պաշտպանիր թուրքերից,- ասաց մյուս եղբայրը՝ Արմենակը,- մենք գնացինք:

Ամբողջ օրը թուրքերի դեմ կռվեցին: Ոմանք վիրավորվեցին, ոմանք զոհվեցին: Երեկոյան կողմ թուրքերը ստիպված փախան: Խմբապետ Կարապետը հրամայեց.

– Բոլոր երիտասարդները պահակ պիտի կանգնեն: Տղամարդիկ չքնեն: Պահակների կրակոցից գյուղը պիտի կանգնի:

Առավոտը ծեգին թուրքերը նորից վրա տվին: Ամբողջ օրը կռվեցին: Ոմանք զոհվեցին, մյուսները վիրավորվեցին: Իրենց գյուղից ինը հոգի զոհվեցին, ութ հոգի վիրավորվեցին: Թուրքերից՝ հաշիվ չկար: Երրորդ օրը նորից եկան: Թիվ կար աստղերին, թիվ չկար թուրքերին: Երեխա, մեծ, կին, տղամարդ՝ բոլորին սրի քաշեցին: Ծնողներն էլ զոհվեցին: Կարապետը մնացածներին ասաց.

– Փախե՛ք:

Մնացածները փախան լեռները: Գյուղից մնացին ութսուն հոգի՝ տասնմեկ տղամարդ, մնացածը՝ կանայք ու երեխաներ:

Մթնեց: Կարապետն ասաց.

– Գնանք գյուղ, տեսնենք ի՞նչ կա:

Մի ժամ հետո հասան գյուղ: Գյուղը ծխի մեջ կորած էր: Կարապետը հրամայեց.

– Թուրք, հայ՝ բոլորին նայե՛ք: Զենք, փող, շորեր, ինչ կա, բերե՛ք մոտս:

Տղամարդիկ իսկույն կատարեցին հրամանը և ամեն ինչ մեջտեղ բերեցին: Կարապետը մեկ-մեկ նայեց և բաժանեց բոլորին:

– Բոլոր դիակներին թաղե՛ք: Տներում հա՛ց փնտրեք:

Եղբայրներով գնացին իրենց տուն: Տունը վառվել էր, մնացել էր խոհանոցը:

– Լավ է, հաց կա,- ասաց ավագը:

Մտան խոհանոց, հատուկ կախիչի մեջ դարսված լավաշը վերցրին ու հեռացան: Մի ժամ հետո հավաքվեցին. ոմանք լավաշ էին բերել, ոմանք՝ պանիր, ոմանք՝ յուղ և այլն: Կարապետը հրամայեց.

– Դեպի Արա՛քս:

Լուսադեմին հասան Արաքս գետը: Կարապետն ասաց.

– Թող տղամարդիկ մեկումեջ բռնեն երեխաներին ու գետն անցնեն:

Մի քիչ հետո շարք կազմեցին ու մտան գետը: Այդ միջոցին հինգ թուրք երևացին՝ զինված: Կարապետը շարքից դուրս եկավ:

– Դուք գետն անցեք, ես դիրքավորվեմ,- ասաց նա ու մաուզերը հանեց:

Թուրքերը շտապեցին: Կարապետը սպասեց, մինչև նրանք մոտեցան, ու կրակեց: Նրանցից մեկն ընկավ, մյուսներն իջան ձիերից ու դիրքավորվեցին: Այդ միջոցին Կարապետի մաուզերը նորից կրակեց: Երկրորդ թուրքը քնեց ու վերջացավ: Մյուսները վեր կացան և ուզեցին ձի նստել: Երրորդն ընկավ, հետո չորրորդը, իսկ վերջինը փախավ: Կարապետը մաուզերը հանգիստ դրեց տեղը և մտավ գետը: Այդ ընթացքում շարքն անցավ գետը, և սկսեցին շորերը թափ տալ: Կարապետն ասաց.

– Շորերը հանեք, մզեք ու հագեք, շոգ է:

Իսկույն ենթարկվեցին: Մի ժամ հետո շարժվեցին դեպի Կապան: Արաքս գետը վերջացավ, հաջորդեց Ողջին:

– Չուտե՞նք,- հոգոց հանելով առաջարկեց Կարապետը:

Արագ նստոտեցին:

– Երեխաները սոված են, եկեք հաց ուտենք,- հաստատեց իրենց հարևան Պայծառը:

Հաց ուտելուց հետո ճանապարհ ընկան դեպի Կապան: Արաքս գետը վերջացել էր: Գնում էին Ողջի գետն ի վար, որպեսզի հասնեին Կապան. այդպես էր բացատրում Կարապետը: Ժողովուրդն ուրախ էր: Գիշերը հասան այնտեղ և նստեցին հսկա ծառի տակ: Գինոսը Կարապետին հարցրեց, թե դա ինչ ծառ է:

– Ծառը չգիտեմ, բայց երեխեքին ուշադիր եղեք. լուսանա, մի բան կմտածենք:

Երբ լուսացավ, Կարապետն ասաց.

– Դուք հաց կերեք, ես գնամ Թևանի մոտ:

– Ի՞նչ պաշտոնի է,- հարցրեց մեծ եղբայրը:

– Կապանի շրջանի խմբապետն է:

Երկու ժամ հետո եկավ ու կարգադրեց.

– Պատրաստվե՛ք գնալու:

– Ո՞ւր:

– Գյուղերը: Ընտանիք-ընտանիք բաժանվե՛ք ու կանգնե՛ք:

– Բարեկամներ ունե՞ք,-հարցրեց Կարապետի կողքին կանգնած մարդը:

Բոլորը լռեցին: Այդպես բաժանվեցին ըստ գյուղերի`Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Ճակատեն…

– Չորս հոգի թող սպասեն,- ասաց,- Մարտիրոսը, Մակարը, Գինոսը և Արմենակը: Գնացե՛ք Գյուտկում, ես էլ երեկոյան կգամ:

Գինոսը Կարապետին հարցրեց, թե ով է:

– Գյուտկումի խմբապետ Գերասիմն է:

Իրենք գնացին գյուղ, տուն շինեցին, ամուսնացան և ապրեցին…»:

Գինոսը նայեց պատանու կողմը և հոգոց հանեց.

– Երանի ջահել լինեի:

Տղան նայեց նրա արցունքոտ աչքերին և զարմացած հարցրեց.

– Ինչո՞ւ ես լացում:

Գինոսն ասաց.

– Ջահելությունս հիշեցի:

– Դու անընդհատ նայում էիր Արաքսին ու լացում էիր,- նկատեց տղան:

– Ես Ղարադաղից եմ,- հանգիստ ասաց Գինոսը:

Տղամարդը գլուխը գրքից բարձրացրեց ու զարմացած կրկնեց.

– Ղարադաղից ե՞ս:

– Այո:

– Ինչպե՞ս ես ընկել Գյուտկում:

– Երկար պատմություն է,- պատասխանեց Գինոսը:

– Պատմիր էլի,- խնդրեց տղամարդը:

Տղաները նայեցին Գինոսին ու ծիծաղելով ասացին.

– Նշանակում է՝ դու ախպար ես:

– Նշանակում է՝ այո:

Ու միասին ծիծաղեցին:

Այդ ժամանակ ուղեկցորդը հայտարարում էր.

– Հարգելի՛ քաղաքացիներ, մեկ ժամից հասնում ենք Երևան, բոլորդ հանձնե՛ք տեղաշորը:

Մարդիկ իրար հրմշտելով տարան ու կիտեցին ուղեկցորդի դռան մոտ: Վերջինս զայրացավ.

– Ձեր տունը շինվի, մե՛կ-մեկ բերեք:

Մի ժամից շոգեքարշը փնչալով կանգնեց կայարանում: Ժողովուրդն իրար անցավ: Գինոսը գլուխը կախ իջավ և կայարանի միջանցքով դուրս եկավ: Հանկարծ նրա դիմաց մի արձան կանգնեց: Գինոսը շրջվեց, գնաց մոտակա ցայտաղբյուրից ջուր խմեց և գլուխը բարձրացնելով՝ ինքն իրեն հարց տվեց. «Տեսնես ո՞ւմ արձանն է»: Այդ պահին մի ծերունի շտապելով անցնում էր արձանի կողքով: Գինոսը հարցրեց.

– Ո՞ւմ արձանն է:

– Չես ճանաչո՞ւմ, ձեր գյուղացի Դավիթն է,- կատակեց ծերունին և շտապեց ավտոբուս նստել:

Գինոսն ապշած նայեց ծերունու հետևից, ապա նայեց արձանին ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի կատակ էր անում: Ենթադրենք ճիշտ է. մեր գյուղում երեք Դավիթ կա՝ Ավետիսենց Դավիթը, Հեթանենց Դավիթը և Սաքոյենց Դավիթը»: Գինոսը մտածեց, մտածեց ու գտավ, որ երրորդը կլինի: Հետո ճանապարհվեց դեպի խանութները՝ թակարդ առնելու: Փողոցը զգույշ անցավ ու մտածեց.

– Արի ձախ կողմով գնամ, աջ կողմով կվերադառնամ:

Այդպես էլ արեց: Մի քիչ գնալուց հետո գլուխը բարձրացրեց, տեսավ՝ իր դիմաց խինկալիանոց է: «Երևի որսորդական է»,- կարծեց Գինոսն ու մտավ: Մարդիկ եռուզեռի մեջ կանչում էին.

– Արմե՛ն, այս կո՛ղմը տուր, այն կո՛ղմը տուր…

Կենտրոնում չորս սեղան կար՝ շուրջը չորս աթոռ, պատի կողմում մի սառնարան կար, աջ կողմում՝ մի պատուհան, որի դիմաց իրարանցում էր: Սեղանների վրա` ափսեների մեջ, խմորներ էին. ոնց որ բերանները կապած պարկեր լինեին: Գինոսը զգուշությամբ նայեց, տեսավ՝ խմորը հանում են, միսն ուտում:

– Ինչո՞ւ եք խմորը հանում,- մոտիկ նստածին զարմացած հարցրեց Գինոսը:

– Որ շատ ուտենք,- ծիծաղեց մարդը:

Այդ պահին մի կին մոտեցավ Գինոսին:

– Ի՞նչ ես ուզում,- հարցրեց:

– Քո ի՞նչ գործն է,- հանդիմանեց Գինոսը:

– Ես պարտավոր եմ եկած մարդուն հարցնել՝ ինչ է ուզում,- ժպտալով ասաց կինը:

– Եթե այդպես է, այն պարկերից բեր ինձ համար:

Կինը քմծիծաղ տալով հարցրեց՝ խինկալի՞:

– Պարկ է, խինկալի է, բեր, սոված եմ,- պատասխանեց Գինոսը:

Կինն ասաց.

– Քանի հատ ուզում ես, գնա վճարիր, արի նստիր, ես կբերեմ:

– Այդքան բան ես անեմ, պարկերն էլ կբերեմ,- հեգնեց Գինոսը:

– Փողը տուր ու նստիր աթոռին, ես կբերեմ,- կրկնեց կինը:

Գինոսը վճարեց՝ պատվիրելով.

– Մի շիշ լիմոնադ, հարյուր գրամ օղի և պարկերից մի թաս:

– Թիվն ասա:

– Թասն ինչքա՞ն կլցնի…

Կինը լիմոնադն ու օղին բերեց:

– Տասը րոպե սպասիր, խինկալին էլ կբերեմ,- ասաց:

Ոմանք տրտնջացին.

– Նոր եկավ, արդեն նրա համար է տանում:

– Հորդ համար եմ տանում,- ասաց մատուցողը:

Մարդիկ նայեցին սեղանի կողմը, տեսան նստած ծերունուն ու լռեցին:

– Սեղանի վրա աղ ու կծու բիբար կա, ինչքան ուզում ես, խառնիր,- Գինոսին ասաց կինն ու գնաց:

Գինոսը բիբարն ու աղը խառնեց և սկսեց ուտել: Նա գողեգող նայում էր ուրիշներին: Մարդիկ հանում էին խմորը, նոր ուտում: Գինոսը մտածեց. «Ես կշտանամ, թող ծիծաղեն», և շարունակեց ուտել: Շատ չանցած՝ կողքի մարդը ժպտալով դիտողություն արեց.

– Խմորը հանիր, նոր կեր, այդպես չես կարող ուտել:

– Քո ափսեին նայիր, ես կուտեմ,- ասաց Գինոսը՝ խեթ-խեթ նայելով հարևանին:

Մարդը սսկվեց: Գինոսն ամբողջը կերավ, ափսեի հյութը խմեց ու քրտնեց: Գրպանից հանեց մի տրորված շոր, երեսը մաքրեց ու ախ քաշեց.

– Լավ բան է:

Մի քիչ սպասելուց հետո օղին խմեց, ապա լիմոնադը քաշեց գլխին: Հարևանը նորից նկատեց.

– Օղին սկզբից պետք է խմեիր, որ ախորժակդ բացվեր:

– Իմ ախորժակը միշտ բաց է, քո մասի՛ն մտածիր,- զայրացած ասաց Գինոսը:

Բոլորը ծիծաղեցին: Մարդը կարմրեց ու դուրս գնաց: Աջ կողմի հարևանը կյանքը կերավ. շուտ գնար, թողներ՝ մարդ հալալ հաց ուտեր: Գինոսը վերջացրեց, մատուցողին կանչեց ու ականջին փսփսաց.

– Արտաքնոցը որտե՞ղ է:

– Արտաքնոցն ի՞նչ է,- զարմացավ կինը:

– Փորս ցավում է, ուզում եմ հանգստանամ,- ասաց Գինոսը:

– Դե ասա զուգարան:

Գինոսը բացատրեց, որ դա կանանց համար է. շուրթերը ներկեն, մազերը սանրեն, շորերը սարքեն և այլն:

Կինը, որի անունը Սոնա էր, մտքում ասաց. «Ես քաղաքի աղջիկ եմ՝ արդեն քառասուն տարեկան, դպրոց եմ գնացել, բայց կյանքումս «արտաքնոց» բառը չեմ լսել: Քեզ համար ամոթ է, Սոնա»:

– Արի տեսնեմ:

Գինոսը հետևեց կնոջը:

– Անտեր արտաքնոցն այնտեղ է, մտիր,- կշտամբելով ասաց կինն ու հեռացավ:

Գինոսը մտավ ու սողնակով փակեց: Ուզեց նստել, տեսավ՝ կափարիչը չկա: Ստիպված նստեց կոնքաթասին ու ննջեց: Հիշեց գյուղի ծաղիկները, անտառի մաքուր օդը, սառը աղբյուրները և այլն: Հանկարծ դուռը ծեծեցին: Գինոսը վեր թռավ: Դրսից մի տղամարդ աղերսում էր.

– Խնդրում եմ, շուտ դուրս արի, երեխայի փորը ցավում է:

Գինոսն արագ-արագ շորերն ուղղեց, գոտին պնդացրեց ու դուրս եկավ: Տղամարդը շնորհակալ եղավ:

Գինոսը մինչև կեսօր տարբեր խանութներ մտավ, տեսավ սիրուն կոստյումներ, վերնաշապիկներ, ոսկեղեն և այլն: Ոտքերը մի կերպ քարշ տալով հասավ հրապարակ և զարմացած չորս կողմը նայեց. հսկայական սիրուն շենքեր, ջրավազան, շատրվաններ, Լենինի արձանը և այլ բաներ: Գինոսը հայացքով զննեց շուրջը. մարդիկ հանգիստ նստած նայում էին շատրվաններին ու հիանում ջրերով: Մի քանի երեխա տկլոր խաղում էին ջրավազանում, որտեղ հինգ շատրվան կար. չորսը՝ անկյուններում, իսկ հինգերորդը՝ ամենաբարձրը, մեջտեղում: Շատրվանները մեկ-մեկ բարձրանում-իջնում էին: Գինոսը կողքի կնոջը հարցրեց, թե շատրվանները ո՛նց են իջնում, նորից բարձրանում: Կինը ժպտաց:

– Մարդու երգելու նման է,- բացատրեց նա:- Ո՞նց է մարդու ձայնը իջնում ու բարձրանում, նույնը շատրվանների հետ է կատարվում:

Գինոսը զարմացած ասաց.

– Տերը մեռնի Ավետի, արջի մորթով աղվես է բռնում:

– Սուր խոսքեր ունես,- նկատեց կինը, և միասին ծիծաղեցին:

– Այստեղ խմելու ջուր չկա՞,- հարցրեց Գինոսը:

Կինը մի պահ մտածեց ու ասաց.

– Երկար շենքի մոտով գնա, յոթ ցայտաղբյուր կտեսնես. որից ուզում ես, խմիր:

Գինոսը շնորհակալ եղավ ու գնաց:

Շուտով հասավ ցայտաղբյուրներին՝ յոթը մի հիմքի վրա: Մարդիկ խմում էին ու գնում: Գինոսն էլ, մտնելով շենքի արանքը, ուզեց խմել:

– Շարք կանգնիր,- ասաց մի ծերունի:

Գինոսը նեղացած մրթմրթաց.

– Փոքր-մեծ չկա՞:

– Ջուրը փոքրինն է,- հիշեցրեց ծերունին:

Գինոսը ստիպված ենթարկվեց: Շուտով հերթը հասավ, կուշտ խմեց ու շարքից դուրս եկավ: Մի քիչ հետո սովածացավ: Երանի ճաշարանը մոտիկ լիներ:

– Ճաշարանը որտե՞ղ է,- հարցրեց նա մի տղայի:

– Լիքը ճաշարան է,- պատասխանեց տղան,- օրինակ՝ «Արարատ» ռեստորանը. կամարով ներս մտիր, աստիճաններով իջիր, այնտեղ է:

– Նկուղու՞մ,- զարմացավ Գինոսը:

Տղան հաստատեց, իսկ Գինոսը մտորելով գնավ դեպի կամարը, աստիճաններով իջավ, և զուգված-զարդարված մի մարդ նրան ասաց.

– Քաղաքացի՛, բաճկոնդ հանիր, կախիր, նոր ներս գնա:

– Որ գողանա՞ս,- կատակեց Գինոսը:

– Մի լավ բաճկոն էլ լինի՞,- հեգնեց տղամարդը:

– Ամեն մարդու համար սեփական մաշկը իր մարմնին է մոտիկ:

Տղամարդը կոպտեց.

– Շատ ես խոսում, նե՛րս գնա:

«Գյուղում լավ էի, քաղաքում ոնց որ խեղճ եմ»,- եզրակացրեց Գինոսն ու ներս մտավ: Մի սիրուն կին ընդառաջ եկավ.

– Քեռի ջան, ցուցակը կարդա և ասա՝ ինչ է պետք:

– Ես չեմ կարող կարդալ, դու կարդա, ես կասեմ,- կմկմաց Գինոսը:

Մատուցողուհին դանդաղ կարդաց ու նորից հարցրեց.

– Ի՞նչ ես ուզում:

– Դու սիրուն կին ես, ինչ ուզում ես, բեր,- կարդացածը չհասկանալով՝ պատվիրեց Գինոսը:

«Ուտելուց հետո կիմանաս՝ սիրուն եմ, թե չէ»,- ինքն իրեն ասաց կինը:

Քիչ անց նա սկուտեղը բերեց ու դրեց սեղանին. մի շիշ կոնյակ, մի շիշ պեպսի-կոլա, խորոված միս, խորոված սմբուկ, լոլիկ, կծու պղպեղ, խառնած կանաչի, սալաթ ու ևս մի քանի բան: Գինոսը կերավ, խմեց, վեր կացավ պարեց, քրտնեց: Հոգնած նստեց աթոռին ու հոգոց հանեց. «Կյանքումս այսքան անուշ բաներ չէի կերել»:

Մատուցողուհին մոտեցավ, թղթի վրա հաշվեց և ասաց.

– Քառասուն ռուբլի:

Գինոսը սփրթնեց ու մտքում հաշվեց. երեխաների ամբողջ ամսվա ուտելիքն էր:

– Կգաս մեր գյուղ, մեղր կուտես,- ասաց նա կմկմալով:

– Կատակ ե՞ս անում, ինչ է,- զարմացավ մատուցողուհին,- բոլորն ինձ են սպասում:

Գինոսը տեսավ՝ կատակի ժամանակ չի, ասաց.

– Անուշավանը կտա:

– Գի՞ժ ես, ինչ է, Անուշավանն ո՞վ է: Փողս տուր, գնամ, կատակի ժամանակ չունեմ:

Գինոսը տեսավ՝ ճար չկա, ասաց.

– Զանգիր ձեր թագավորին, ասա՝ Գինոսը կերել է, փողը չի տալիս, արի փակիր:

«Երևի Առուշանյանի հայրն է»,- մտածեց կինն ու մեղմ տոնով ասաց.

– Երևի Առուշանյանը Ձեր տղա՞ն է:

Հետո գնաց բուֆետապանի մոտ.

– Այս ծերուկը կերել է, ասում է՝ Առուշանյանը պիտի փակի:

– Շատ է՞ կերել,- հարցրեց բուֆետապանը:

– Քառասուն ռուբլու:

– Շատ է, ստիպված ենք զանգել,- որոշեց տղամարդը:

Նա զանգեց հերթապահին և զեկուցեց.

– «Արարատ» ռեստորանից է: Մի գյուղացի մարդ կերել-խմել է, ասում է՝ Առուշանյանը պիտի փակի:

– Անունն ի՞նչ է,- հարցրեց հերթապահը:

– Գինոս:

Հերթապահը զանգեց քարտուղարին.

– Ոմն Գինոս «Արարատ» ռեստորանում կերել-խմել է, ասում է՝ Առուշանյանը կմուծի:

Քարտուղարը մտավ ներս ու զեկուցեց: Առուշանյանը վարորդին կարգադրեց.

– Տար փողը տուր:

Վարորդն այդպես էլ արեց:

– Գինոսն ո՞ւր է,- մտնելով ռեստորան՝ հարցրեց նա:

– Այստեղ է,- Գինոսի կողմը ցույց տվեց մատուցողը:

– Արի, Առուշանյանը կանչում է:

– Փողը տուր, հետո տար,- պահանջեց մատուցողուհին:

Վարորդը զայրացած ասաց.

– Թող ռեստորանի հաշվին լինի:

Տնօրենն ասաց՝ թող տանի:

– Դո՛ւրս արի, նստի՛ր մեքենան,- Գինոսին հրամայեց վարորդը:

Գինոսը վախեցած դուրս եկավ ու նստեց մեքենան: Երբ հասան օպերայի մոտ, Գինոսը, երկաթե ցանկապատն ու հսկա շենքը տեսնելով, գունատվեց. «Երևի բանտ են տանում»: Բայց երբ մեքենան սուրալով անցավ կողքով, Գինոսը հանգստացավ և երեսին խաչ հանեց. «Տեր Աստված, այս անգամ պրծա»:

Մեքենան ճռռալով կանգնեց երկու մետր բարձրություն ունեցող երկաթե ցանկապատի դիմաց: «Առուն անցա, մտա գետը»,- ինքն իրեն ասաց Գինոսն ու սրթսրթալով ուզեց իջնել մեքենայից: Վարորդը չթողեց:

– Ո՞ւմ ես տանում,- հարցրեց հերթապահը:

– Զանգեզուրի կատակախոս Գինոսն է:

Բոլորը դուրս եկան տեսնելու: Վարորդը քշեց, և շուտով մեքենան կանգնեց երեքկողմանի շենքերի մեջտեղում: Վարորդը դուրս եկավ ու կարգադրեց հետևել իրեն: Գինոսն այդպես էլ արեց: Հասան երկրորդ հարկը: Վարորդն ասաց.

– Մի քիչ սպասիր, հարցնեմ, նոր ներս գնա:

Հերթապահի թույլտվությամբ երկուսով ներս գնացին:

Առուշանյանը տեղից վեր կացավ, մոտեցավ և փաթաթվեց Գինոսին:

– Նստիր,- առաջարկեց նա, իսկ վարորդին, թե՝

– Դու ազատ ես:

Եվ սկսեց Գինոսին հարցուփորձ անել:

– Ես բոլորն ասեմ, պակասը դու հարցրու,- ասաց Գինոսը:- Նախագահը Խորենի ավագ որդի Դերիկն է: Գևորգը և Աշոտը վարելահողերի բրիգադիրներն են: Բագրատը մեղրի բրիգադիրն է: Ֆերմայի վարիչը Գուրգենն է: Հավերի տերը Քրիստափորն է, պահեստապետը նույնն է, հաշվապահը Անդրեասի թոռ Արամայիսն է, հովիվը Խաչիկն է, նախրապանը ես եմ… Հիմա դո՛ւ հարցրու:

Առուշանյանն ասաց.

– Շնորհակալ եմ, միայն մի բան խնդրեմ:

– Հրամայիր:

– Բագրատին իմ անունից ասա՝ թող հինգ կիլոգրամ մեղր ուղարկի ինձ համար:

– Աչքիս վրա,- ասաց Գինոսը:- Դե հարցրու:

Առուշանյանը ծիծաղեց.

– Բոլորի մասին ասացիր, բան չմնաց:

Գինոսի զեկուցելուց հետո Առուշանյանն սկսեց.

– Երանի գյուղում լինեի, գնայի անտառ, սառը աղբյուրներից ջուր խմեի, ամբողջ ձայնով երգեի, կանաչ խոտերի վրա անտարբեր նստեի…

– Նշանակում է՝ մենք թագավորից լավ ենք ապրում,- սրամտեց Գինոսը:

– Այո: Թագավորն ի՞նչ է. արտաքնոց գնալիս ծառաներս հետևում են, գնում եմ լողանալու, հետևում են, գնում եմ առողջարան, հետևում են:

Մի խոսքով՝ վատ է:

– Դու էլ թող,- ասաց Գինոսը:

– Չեմ կարող, ժողովուրդը պիտի համաձայնվի:

– Նշանակում է՝ ես եմ թագավորը,- ուրախացած ասաց Գինոսը,- ուզում եմ, երգում եմ, ուզում եմ, խմում եմ, ուզում եմ, լողանում եմ: Մի խոսքով՝ ինչ ուզում եմ, անում եմ:

– Այո:

Դեսից-դենից մի քիչ զրուցեցին, մեկ էլ Առուշանյանն ասաց.

– Պլենումից ուշացա:

– Ես եմ թագավո՞ր, թե՞ դու,- կատակեց Գինոսը:

Թագավորը սեղմեց կոճակը: Քարտուղարն իսկույն ներս մտավ ու ասաց.

– Լսում եմ:

– Երկու մեքենա պատվիրիր. մեկը՝ ինձ համար, մյուսը…,- ու ցույց տվեց Գինոսին:

Հինգ րոպե հետո երկու վարորդներ ներս մտան ու զգաստ կանգնեցին: Մեկը Գինոսի ճանաչածն էր, մյուսը նոր էր: Առուշանյանը գրպանից հանեց երկու հազար ռուբլի և տվեց ծանոթ վարորդին.

– Առաջին հերթին թակարդ առ, հետո Գինոսի ու նրա ընտանիքի համար նվերներ առ՝ ոտքից գլուխ նոր: Երեկոյան կողմ Զանգեզուրի շոգեքարշի տոմս վերցրու, նրան ճանապարհիր և ինձ զեկուցիր, որտեղ էլ լինեմ:

Մյուս վարորդին էլ ասաց.

– Ինձ հետ կգաս:

Եվ Գինոսին գրկեց:

Ծանոթ վարորդը Գինոսին տարավ, մյուսը մնաց ու սպասեց թագավորին: Երբ հասան որսորդական խանութ, վարորդն ասաց.

– Իջի՛ր:

– Թագավորի պես ես հրամայում,- նկատեց Գինոսը:

Վարորդը ծիծաղեց.

– Ես եմ թագավորը:

– Դո՞ւ ես թագավորը: Իրականում Առուշանյանն է թագավորը:

Եվ երկուսով ծիծաղեցին: Մի րոպե անց մտան որսորդական խանութ: Գինոսը զարմացած նայեց գիշատիչ թռչուններին, աղվեսին, գայլին, արջին, զարզանդելով նայեց վագրին ու հետ-հետ գնաց:

– Մի՛ վախեցիր, խրտվիլակ է,- ասաց վարորդը:

Խանութպանը հարցրեց.

– Ի՞նչ եք ուզում:

Գինոսը մտածեց. «Մեծը վերցնեմ, թող աղվես բռնի», և ասաց.

– Արջի թակարդ տուր:

– Տոմսդ տուր,- պահանջեց խանութպանը:

– Ի՞նչ տոմս,- զարմացավ Գինոսը:

Վարորդն իսկույն միջամտեց.

– Ինձ համար է:

Ու գրպանից հանեց տոմսը: «Լավ փրկեց ինձ»,- մտքում ուրախացավ Գինոսը: Վարորդն ամեն ինչ առավ, դրեց վագոնի մեջ, տեղաշորը փռեց, երեք հարյուր ռուբլի տվեց ու «Բարևիր բոլորին» ասելով՝ դուրս եկավ:

Գինոսը նվերների, տոմսի, թակարդի, տեղաշորի և այլնի գումարը հաշվեց. ռեստորանի չհաշված փողը՝ հինգ հարյուր ռուբլին, տակով էր արել. երևի դրանով էր ապրում:

Շոգեքարշը փնչալով շարժվեց: Վարորդը դրսից ձեռքով արեց, որ նշանակում էր՝ բարով գնաս: Գինոսը մեկնվեց տեղաշորի մեջ ու խռմփալով քնեց: Առավոտը ծեգին շոգեքարշը կանգնեց: Խառնաշփոթից Գինոսը վեր թռավ ու տեսավ՝ կայարանում է: Հանգիստ վեր կացավ, սպասեց՝ բոլորը իջան, նվերները վերցնելով՝ դուրս եկավ ու ճանապարհվեց գյուղ: Երբ հասավ պահակատանը, մի վիլիս եկավ ու կանգնեց դիմացը: Գինոսն ուզեց նստել, տեսավ՝ վարորդը Փարավոնն է, չնստեց:

– Ինչո՞ւ չես նստում,- նեղանալով հարցրեց Փարավոնը:

Գինոսն ասաց.

– Դու վատ մարդ ես: Ինչ որ ստեղծում ես, ո՞ւմ վրա ես գրում:

Մի քանի ծերունի, պատի տակ նստած, զրուցում էին: Ծերունի Բաղդոն ասաց.

– Ժողովրդի ստեղծածն իրենց վրա են գրում:

Մյուսները ծիծաղեցին: Գինոսը նստեց մեքենան: Փարավոնը քշեց: Կես ժամ հետո մեքենան հասավ գյուղ: Մարդիկ առանց շնորհակալություն ասելու իջան գնացին:

– Մեկը չասաց՝ արի տուն, մածուն կեր,- մրթմրթաց Փարավոնը և ուզեց քշել:

Նույն պահին պահեստապետն ասաց.

– Արի մեր տուն, մածուն կեր:

Երկուսով գնացին: «Երբ եմ տուն հասնելու»,- հոգոց հանեց Գինոսը:

Նրա տունը գյուղի վերևում էր, ճանապարհն էլ զառիվեր էր: Մեքենա չէր հասնում, միայն էշն էր գնում: Գինոսը մտածեց՝ երեխեքին կանչի, բայց տանը չէին լինի, ստիպված շալակեց ու կամաց-կամաց բարձրացավ: Ճանապարհին մի քանի անգամ հանգստանալով՝ վերջը հասավ տուն:

– Երեք օր է՝ որտե՞ղ ես,- դժգոհ հանդիմանեց կինը:

– Շալակս վերցրու, հաց տուր, կպատմեմ,- ասաց Գինոսն ու գնաց լվացվելու:

Ճաշից հետո սկսեց պատմել գլխով անցածը: Կինը շտապ-շտապ բացեց նվերները և սկսեց քրքրել: Այդ ամենը տեսնելով՝ զարմացած հարցրեց.

– Այսքան բան որտեղի՞ց ես առել:

– Առուշանյանի փողերով եմ առել,- պատասխանեց Գինոսը:

– Առուշանյանին տեսել ե՞ս:

– Ոնց որ հիմա քեզ:

Կինը զարմացած ասաց.

– Ես էլ եմ ուզում տեսնեմ:

– Ամեն մարդու բան չի Առուշանյանին տեսնելը, հետը զրուցելը, այսքան նվերներ առնելը,- իրենից գոհ և ուրախ ասաց Գինոսը:

– Արջի թակա՞րդն ինչի համար է,- հարցրեց կինը:

– Փող է,- բացատրեց Գինոսը,- աղվեսը չի մտնի, կվաճառեմ որսորդներին. փող է:

– Ամեն բան մտածում ես,- ասաց կինը:

– Քեզ նման չեմ:

Գինոսը սկսեց թակարդը սարքել:

– Այս գիշեր աղվեսին պիտի բռնեմ: Ա՛յ կնիկ, մի քիչ մի՛ս գտիր:

Կինը հարցրեց, թե ինչի միս:

– Շան միս, խոզի միս, հավի միս:

Կինն ուրախացած ասաց.

– Այսքան նվերների համար արժի, որ մի գառ մորթես:

– Արժի,- նույնպես ուրախ հաստատեց Գինոսը:

Երեկոյան, երբ անասունները եկան, Գինոսը մի գառ մորթեց: Երեխաները մեկ-մեկ եկան, ու վերջապես բոլորը լրացան: Կինը նվերները բերեց ու սկսեց բաշխել: Շատ ուրախացան: Ընթրիքից հետո Գինոսն արջի թակարդը վերցրեց, տարավ հավանոցի դիմաց լարեց: Առավոտը շուտ Գինոսը ստուգեց թակարդը, տեսավ՝ մեջը աղվեսի թաթ: Գինոսն շտապ գնաց դեպի դուռը, և մարմինը փշաքաղվեց: Աղվեսի արյունը չռռալով հոսեց դեպի դուռը: Բնի դուռը բաց էր: Գինոսը մտավ ու զարմանքից քար կտրեց. բոլոր հավերը խեղդած էին, աղվեսն էլ գնացել էր: Գինոսը քոռ ու փոշման վերցրեց թակարդն ու տուն գնաց: Կինն ու երեխաներն էլ շտապեցին տեսնելու:

– Ուժեղ աղվես է եղել,- ասացին զարմացած,- թաթը կտրած, արյունլվա գնացել է: Բոլոր հավերին խեղդել է, մեկին էլ առել, գնացել է:

– Աղվես չէ, լուսան,- ասաց կինը:

– Քո տունը շինվի, աղվեսի թաթը թակարդի մեջ էր,- հանդիմանեց Գինոսը:

– Ուրեմն մեծ աղվես է եղել:

– Այդպես էլ ասա:

Եվ բոլորը լռեցին:

Մի ամիս անցավ: Գինոսը գնաց կոլտնտեսության գրասենյակի բակը: Մարդիկ կատակ էին անում, ծիծաղում: Գինոսը, մի կողմ կանգնած, մտածում էր: Որսորդ Ռոմիկը նկատեց և մոտեցավ Գինոսին.

– Ի՞նչ ես մտածում:

Գինոսը հոգոց հանեց և ասաց.

– Մի արջի թակարդ առա, դրեցի հավանոցի դիմաց, որ աղվեսին բռնի: Աղվեսը մտավ, թաթը կտրվեց, բայց բոլոր հավերին կոտորեց: Հիմա մտածում եմ՝ ո՛նց բռնեմ:

– Ես խփել եմ,- ասաց Ռոմիկը:

– Թաթը կտրա՞ծ էր,- զարմացած հարցրեց Գինոսը:

– Այո,- ասաց որսորդը,- կտրած թաթը կտաս և վերջ:

– Ի՞նչ պիտի անես:

– Միությունը մորթին առանց թաթի չի ընդունի:

– Թակա՞րդն ինչ անեմ,- ասաց Գինոսը:

– Տուր ինձ, ի՞նչ պիտի անես: Արջ կբռնեմ:

Ռոմիկը սակարկեց, և համաձայնության եկան:

– Որ արջ բռնես, ի՞նչ կտաս:

– Տասը կիլոգրամ արջի միս, մի թեյի բաժակ էլ արջի յուղ:

Գրազը կտրեցին և գնացին Գինոսի տուն: Թակարդն էլ տվեց, աղվեսի թաթն էլ, և վերջացավ:

Մի ամիս էլ անցավ: Գինոսը սովորականի պես գնաց գրասենյակի բակը՝ զրույց անելու: Երբ տեղ հասավ, տեսավ՝ գյուղացիք բոլորը գնում են դեպի Ռոմիկի տուն:

– Ո՞ւր են գնում,- զարմացած հարցրեց Գինոսը մեղվաբույծ Բագրատին:

– Գնում են արջի միս առնելու:

Գինոսն էլ ուզեց գնալ:

– Ո՞ւր ես գնում,- հարցրեց Բագրատը:

– Գնում եմ միս առնելու:

– Մեղր կեր,- առաջարկեց Բագրատը,- տեսնում ե՞ս ինձ. կյանքում չեմ հիվանդացել:

– Մեղր որտեղի՞ց, որ ուտեմ,- ասաց Գինոսը:

– Ա՛ռ:

Գինոսը տեսավ՝ խոսելն իզուր է, ճանապարհվեց Ռոմիկի տուն ու երեք րոպեից հասավ: Բացի իրենից, բոլորն այնտեղ էին ու բոլորը գոռում էին.

– Ռոմի՛կ, ի՛նձ տուր…

Խեղճ Ռոմիկը փորձում էր հանդարտեցնել.

– Սպասե՛ք, բոլորին կտամ:

Շտապում եմ հիշեցնել, որ մեջքի ու ոտքերի ցավի միակ դեղը արջի ու խլուրդի միսն է:

– Ինձ չմոռանաս,- կանչեց Գինոսը:

Ռոմիկը դիմեց հավաքվածներին.

– Հարգելի՛ ժողովուրդ, արջին բռնեցի Գինոսի օգնությամբ. թակարդը տվեց, ես էլ բռնեցի: Առաջինը պետք է տամ Գինոսին, խոսք եմ տվել:

Կշռեց, տասը կիլոգրամ միս և մի թեյի բաժակ յուղ տվեց Գինոսին:

– Ես պրծա,- ասաց Ռոմիկը:

Գինոսը վերցրեց ու գնաց տուն: Ճանապարհին հանդիպեց հարևան Վառինկային:

– Հարևան ջան,- ասաց,- գիտեմ՝ մեջքդ ցավում է: Արի հինգ կիլոգրամ արջի միս տամ, փողը տուր:

Վառինկան «ապրես» ասաց ու փողը տվեց:

Գինոսը երգելով գնաց և ինքն իրեն ասաց. «Գինոսը թաց տեղ պառկողը չի: Թող աղվեսը սատկի. ես վնաս չեմ արել…»:

Ահա սրանք էին զանգեզուրցի կատակախոս Գինոսի արկածները:

0 կարծիքներ

Կարծիք գրառել

Ցանկանո՞ւմ եք կարծիք գրառել։
Ազատ զգացեք և արտահայտվեք։

Գրեք Ձեր կարծիքը։

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվելու։