ԳՅՈՒՂԻ ՄԱՏՆԻՉՆԵՐԸ
Առավոտ շուտ մայրս վեր կացավ, գնաց խոհանոց: Հայրս գնաց գոմ՝ անասուններին կեր տալու: Ես էլ ստիպված վեր կացա, շորերս հագա, գնացի արտաքնոց: Արտաքնոցից դուրս գալով՝ նայեցի դեպի արևելք. արևի առաջին ճառագայթներն արդեն դուրս էին եկել: Մի պահ կանգնած մնացի. տեսա՝ արևի սկավառակը կամաց-կամաց բարձրանում է: Օրը լուսանում էր: Թռչուններն սկսեցին երգել: Ես զմայլված նայում էի արևին, չէի կշտանում: Վերջնականապես արթնացա և մտա տուն: Քիչ հետո լվացվեցի, սանրվեցի ու նստեցի սեղանի մոտ: Այդ ընթացքում մայրս հասցրեց սեղանը գցել ու հրամայեց.
– Երեխանե՛ր, շո՛ւտ վեր կացեք:
Իսկույն վեր կացան, շորերը հագան, լվացվեցին ու նստեցին սեղանի շուրջը: Հայրս գոմից եկավ, լվացվեց ու նույնպես նստեց սեղանի մոտ: Երեխաները հոգոց հանեցին. նշանակում էր՝ վերջ, կարող են ուտել: Գյուղացու սեղանին ի՞նչ պիտի լինի. կանաչի, մածուն, պանիր, կաթ, շոռ, խնոցու կարագ, մեկ-մեկ էլ միս: Երբ հայրս նստեց, մայրս նայեց ուղիղ երեխաների աչքերին ու ասաց.
– Ով անլվա է, թող վեր կենա լվացվի, թե չէ դերվիշը կտանի:
Դերվիշի անունը լսելուն պես շտապ վեր կացան, անլվա թե մաքուր՝ գնացին լվացվելու:
– Ա՛յ այդպես, դե նստեք:
Ճաշկերույթը սկսեցինք: Ես վերցրի մի ամբողջական լավաշ, մեջը կանաչի, սոխ, պանիր, խնոցու կարագ դրեցի, լավ փաթաթեցի և սկսեցի ուտել: Հայրս նկատեց ու ասաց.
– Տղաները ոչինչ, բայց վաղը, մյուս օրը աղջիկները կգնան ուրիշի տուն, ի՞նչ կասեն՝ գոմում է՞ ապրել, թե՞ տանը:
– Ներիր, հայրիկ, մյուս անգամ չեմ անի,- կմկմալով ասացի ես:
Շարունակեցի ուտել: Կեսն էի կերել, երբ լսեցի գյուղի կատարածուի ձայնը.
– Սավա՜դ, Սավա՜դ…
– Տղա ջան, դուրս արի տես՝ ինչ են ասում,- ասաց մայրս:
– Հանգիստ կեր, աշխօր է ստանում, նորից կկանչի,- ասաց հայրս:
Մի քիչ հետո մայրս չդիմացավ.
– Էլի հակառակվելը բռնեց. մեղք է, թող դուրս գա…
Մի անգամ հայրս գնաց կոլտնտեսության համար հունձ անելու: Վերջացնելով՝ արտից դուրս եկան, մտան անտառ՝ ցախ հավաքելու, հետո ճանապարհվեցին տուն: Ճանապարհի եզրին լիքը թփեր կային, որոնք անընդհատ կպչում էին ցախերին ու մարդկանց խանգարում: Հորս ճեղը մի քանի անգամ կպավ թփերին, զզվեցրեց: Հայրս չդիմացավ.
– Անտե՛ր հակառակ ճեղ, հերիք է ինձ տանջես. ուրիշի հետևից հանգիստ գնում ես, իմ հետևից անընդհատ կպչում ես թփերին:
Գյուղի կատակախոս Գինոսը լսեց ու բոլորին պատմեց: Այդ օրվանից մինչև այսօր գյուղացիները հորս անվանում են «հակառակ ճեղ»…
Ես դուրս եկա ու կանչեցի.
– Միշա՜, Միշա՜, ի՞նչ ես ասում:
– Քեռի Սավադը տանն է՞:
– Այո:
– Ասա՝ նախագահը կանչում է:
Եվ տափակ կտուրից իջավ ու գնաց դեպի գրասենյակի բակը: Միշան կարճատես էր, բայց ձայնը բարձր էր, դրա համար էլ կատարածու էր…
Հայրս որ ծնվեց, պապս անվանեց Տրդատ: Տատս հակաճառեց.
– Թող Սավադ լինի, Սավադը հարուստ է:
– Ա՛յ կնիկ, թագավորի անուն դրեցինք, հերիք է էլի, կհարստանա,- ծիծաղելով ասաց պապս:
Տատս նորից հակաճառեց.
– Թագավորը հեռու է, մեծահարուստ Սավադը մոտիկ է, թող Սավադ լինի:
– Եկեղեցու մատյանում Տրդատ եմ անվանում,- բարկացավ պապս,- դու ուզում ես, Սավադ ասա:
Մինչև այսօր Սավադ են ասում…
Ես մտա տուն ու հորս ասացի, որ նախագահը կանչում է:
– Ի՞նչ է ասում:
– Կգնաս, կիմանաս,- ասացի ու շարունակեցի բուռումս ուտել:
Ճաշից հետո հայրս գնաց նախագահի մոտ, եկավ:
– Նախագահն ի՞նչ ասաց,- իսկույն հարցրեց մայրս:
Հայրս մի քիչ մնաց, բեղերը ոլորեց ու ասաց.
– Վաղը գնում եմ Սիրաքի մեղվանոցի պահակ:
Մայրս մի քիչ անհանգստացավ, սուտ պատրվակով գնաց խոհանոց, եկավ, հարցրեց.
– Բա Մաթևոսն ի՞նչ է անում:
– Վախենում է, ասում է՝ իբր գիշերը չարքերը հավաքվում են գլխին ու հարսանիք են անում:
– Դու չարքերից չես վախենո՞ւմ:
Հայրս մի պահ լռեց, նորից բեղերը ոլորեց ու ասաց.
– Ծաղրում ե՞ս: Ես տղամարդ եմ, Մաթևոսը կիսատղամարդ է, հասկացիր:
Մայրս լռեց: Հաջորդ օրը հայրս գնաց գոմ, էշը հանեց, բերեց բակ, բարձեց, ինչ որ պետք էր, և ճանապարհվեց մեղվանոց: Երեք օր հետո մայրս ասաց.
– Տղա ջան, հորդ համար հաց տար:
Եվ սկսեց պատրաստել: Մի ժամ հետո պայուսակը վերցրի ու ճանապարհ ընկա: Ամբողջ ճանապարհը՝ գյուղից մինչև մեղվանոց, վերելք էր: Մեր տնից դուրս եկա, տների արանքով հասա վերջին տանը: Շուտով հասա Գլգլան աղբյուրին: Գյուղից մինչև աղբյուրը մի կիլոմետր էր: Կանայք առավոտը շուտ կժերը վերցրած գնում էին ջուր բերելու, որովհետև այդ ժամին ջուրը մաքուր էր լինում: Մի անգամ էլ մայրս կուժը վերցրեց և ասելով` «Այսօր գյուղի պառավները ջուրը պիտի վարեն, որ անձրև գա. երաշտը մեզ վառեց», ճանապարհվեց դեպի աղբյուրը: Ես վեց տարեկան կլինեի: Շտապ վեր կացա, շորերս հագա, լվացվեցի ու սպասեցի մորս գալուն: Մի քիչ հետո նա եկավ, կուժը ցած դրեց և ախ քաշելով հարցրեց.
– Տղա ջան, ինչո՞ւ ես շուտ վեր կացել:
– Գնում եմ ջուր վարելու, որ անձրև գա:
– Դե շուտ արա, հաց կեր ու գնա. միգուցե քո վարելով անձրև գա:
Ես հաց կերա ու շտապեցի վար անելու: Գնացի տեսա՝ մենակ ես չէ, ամբողջ գյուղի երեխաներն էլ են սպասում վարելու: Վերջապես պառավները եկան ու սկսեցին պատրաստվել: Երեք տղամարդ եկան ու բերեցին երեք եզան լուծ, մի երկար շղթա, արտ վարելու արոր և դրեցին ջրի կողքին: Ամենածեր պառավը մոտեցավ լծակներին. հատուկ անցքերով դրեցին սամիները, երկուական պառավի լծեցին, հետո շղթան կապեցին լծակներից ու տարան կապեցին քարերից: Պառավը ծղրտաց.
– Բոլորդ պատրաստ ե՞ք:
Աղջիկները միաձայն ասացին.
– Այո:
– Դե, սկսեցինք:
Առաջինը պառավները երկար ճիպոտով խփեցին, շարժակազմը սկսեց ջուրը վարել: Մի ժամ վարելուց հետո շարժակազմը կանգ առավ, և կապերը քանդեցին: Երբ վերջացրին, նույն տղամարդիկ եկան, սարքը տարան պահեստ: Պառավները տնքալով գնացին տուն: Հաջորդ օրը Խուստուփ սարի վրա ամպեր երևացին, հետո իջան ցած և փակեցին ամբողջ երկինքը: Երկու օր անց սկսեց անձրև տեղալ. թե Աստված օգնեց, թե բնության սովորական տարերք էր, համենայնդեպս, մարդիկ ուրախացան ու սկսեցին թռվռալ: Ամբողջ ամիսն անձրև տեղաց: Մարդիկ գնացին եկեղեցի, խաչ, վանք՝ մոմ վառելու, բայց չօգնեց: Քառասուն օր հետո վերջապես կտրվեց: Մարդիկ հանգստացան ու սկսեցին աշխատել…
Ես արթնացա քնից և շարունակեցի ճանապարհս: Ջուրն անցա, քսան մետր գնացի, հանկարծ աջ կողմում հսկայական քարայր տեսա. նորից ամեն բան կինոնկարի նման անցավ առջևովս… Ամառվա շոգ օր էր: Ավագ եղբորս ընկերները բակ մտան, բարևեցին ու մորս ասացին.
– Մորաքույր, մի բաժակ սառը թան տուր, խմենք:
– Տղաներ, նստեք, թան էլ կտամ, կարագ ու յուղ էլ,- ասաց մայրս:
Տղաները մեր սրահի սեղանի չորս կողմը նստեցին ու սպասեցին: Մայրս բերեց ու սփռոցը դրեց սեղանին: Տղերքն անհամբեր բացեցին. թարմ սոխ էր, լավաշ, տիկի աղի շոռ և խնոցու թարմ կարագ:
– Կերեք, մինչև թանը սառչի,- ժպիտով ասաց մայրս,- նոր եմ խնոցուց թափել:
– Մորաքույր,- ուրախացած ասաց եղբորս ընկերը` Վարդանը,- ում համար վատ լինի, ինձ համար մուրազ է. սիրում եմ տիկի աղի շոռը կարագի հետ:
– Մենք էլ ենք սիրում,- միաձայն ասացին տղերքը:
Կերան, խմեցին, Արտակն ասաց.
– Տղերք, գնանք գետը՝ լողալու:
Գետի մասին լսելուն պես ես սկսեցի լացել, թե՝ «Ես էլ եմ գալիս»: Եղբայրս փորձեց ինձ համոզել, թե՝ «Տանը մնա, խնձոր կբերեմ», չհամաձայնվեցի. գալիս եմ, որ գալիս եմ: Ընկերները սկսեցին համոզել: Հերթով փորձում էին, բայց ճար չեղավ: Արտակը հանեց վզի խաչը և տվեց ինձ: Վերցրի, բայց նորից ասացի՝ գալիս եմ: Եղբայրս ստիպված ասաց.
– Արի, բայց խելոք կմնաս:
Ուրախությունից ոտքերս ինձ չէին ենթարկվում: Մայրս ասաց.
– Տղաներ, երեխայիս ուշադիր կլինեք:
– Անհոգ մնա, կնայենք,- միաբերան ասացին նրանք, և ճանապարհ ընկանք:
Քիչ հետո հասանք ջուրն ու անցանք: Քսան մետր էինք գնացել, հանկարծ իմ դիմաց մի հսկայական քարանձավ տեսա: Ոտքերս սկսեցին դողալ:
– Սա ի՞նչ բան է,- հարցրի եղբորս:
Նա արագ մտածեց ու ասաց.
– Արջի բուն է:
– Արջը մեջն է՞,- հարցրի դողալով,- քոթոթն էլ հետն է՞… Ես չեմ գալիս:
Եղբայրս ձևի համար մի քիչ սպասեց ու ասաց.
– Մի՛ վախեցիր, արի:
– Ես գնում եմ տուն:
– Տղե՛րք, համաձայն է,- ուրախացած ասաց նա:
– Ո՞վ:
– Եղբայրս:
– Ուռա՜,- գոչեցին տղաները:
– Ուզում ե՞ս, գնա տուն, մենք սպասում ենք,- առաջարկեց եղբայրս:
Ես մինչև տուն հետ նայելով գնացի:
– Տղա ջան, ինչո՞ւ ես եկել,- հարցրեց մայրս:
– Վախեցա:
– Ինչի՞ց:
– Արջից… Արջը մեկ-մեկ դուրս է գալիս զբոսնելու…
Մայրս իսկույն գլխի ընկավ:
– Նստիր, հիմա ձվածեղ կանեմ:
Ես անհամբեր սպասում էի ձվածեղին…
Մի պահ մտածեցի՝ վեց տարով մեծացա, և շարունակեցի ճանապարհս: Շուտով հասա վերին ճանապարհի ընկուզենուն: Հոգնել էի: «Մի քիչ նստեմ հանգստանամ ու ճամփա ընկնեմ»,- որոշեցի ես: Նայում էի. գյուղը ոնց որ ափիս մեջ լիներ: Հայացքով գտա մեր տունը: «Մայրիկ,- ասացի,- հասա գյուղի հակառակ լանջի ընկուզենուն, մի քիչ հանգստանամ ու ճամփաս շարունակեմ»: Լանջին երեք ճանապարհ կար: Հետևինն անցնում էր գյուղի տակով և հասնում մինչև Խաչին արտը, միջին ու վերին ճանապարհներն անցնում էին Արջի քարայրով ու հատվում մեղվանոցի ճանապարհի հետ: Լանջին տարբեր ծառեր կային՝ ընկուզենի, հոնի, կաղնի, տանձենի… Ես հանգստացա ու ճանապարհվեցի: Շուտով հասա Սիրաքի ճանապարհին, որից ցած վխտում էր ոչխարի հոտը: Հովիվը սրինգը դրեց բերանին ու նվագեց հովվի կանչը: Մի պահ զմայլված լսեցի և շարունակեցի գնալ: Շտապում եմ ասել, որ մեր գյուղն ու հանդերը միայն ձորեր ու լանջեր են, անտառներ, քարափներ, ժայռեր ու ղռեր են, մեկ-մեկ էլ վարելահողեր: Ճանապարհի երկու կողմից արտեր են. որը՝ զիգզագ, որը՝ կլոր, որը՝ սեղանաձև: Ներքևում ձորն է վշշում: Հասա ձորը, որի երկու կողմում ղռեր են: Միակ ծառի վրա կանգնած մի մոշահավ ուզում էր ինձ ծաղրել: Ես փորձեցի բռնել, բայց մոշահավը տեղափոխվեց մյուս ճյուղին ու հանգիստ նստեց: Ես իջա ու շարունակեցի ճանապարհս: Մի քիչ գնալուց հետո սկսեցի երգել: Հանկարծ ձորի հակառակ կողմից ջորեպաններ երևացին: Նրանցից մեկը մոտեցավ ինձ:
– Սավա՛դի տղա, ինչո՞ւ ես ձայնդ գլուխդ գցել,- ասաց գյուղի կատակախոս Գինոսը,- վախենում ե՞ս:
– Չեմ վախենում, ուղղակի երգում էի,- պատասխանեցի ես:
– Զգույշ երգիր, այս ձորերը լիքն են գայլերով, արջերով ու այլ գազաններով:
– Չեմ վախենում,- նորից ասացի ես:
Մի քիչ հետո մյուս ջորեպանը մոտեցավ ինձ ու ասաց.
– Մի՛ վախեցիր, հանգիստ գնա, ոչ մի բան չկա:
Այն օրվանից մինչև այսօր գազանից զգուշանում եմ…
Ձորի ձախ կողմում անտառ էր, ցածրում քչքչում էր աղբյուրը, աջ կողմում ղռեր էին, ժայռեր ու քարանձավներ, մեկ-մեկ էլ փշոտ թփեր: Ձորն անցա, հասա բլուրը, որի կենտրոնում մի կալ կար, ձախ կողմում՝ երկու հսկա գոմեր, որտեղ տեղավորում էին սարից իջած տավարը: Աջ կողմում մի շինություն կար, որտեղ փեթակներն էին տեղավորում, իսկ հիսուն մետր այն կողմ մեղվանոցն էր: Վերևում պահակատունն էր՝ շրջապատված «ոզնի» թփերով, որոնք ոնց որ ծառեր լինեին: Աջ կողմում անտառ էր, կենտրոնում շարված էին մեղվի փեթակները. որը՝ թփի տակ, որը՝ քարի վրա… Ես կամաց-կամաց գնացի դեպի պահակատունը: Ներս մտա ու տեսա հորս. ոնց որ Ռոբինզոն Կրուզոն լիներ: Նա վեր կացավ, գրկեց ինձ: Մի քիչ անց դուրս եկա բակ: Հեռվում մի ձիավոր տեսա, իսկույն ներս մտա ու հարցրի՝ ով է: Հայրս դանդաղ դուրս եկավ բակ ու ասաց.
– Նախագահն է:
Ես մտա ներս, իսկ հայրս մնաց դրսում: Նախագահը եկավ, բարևեց, ապա ձիուց իջավ: Հայրս իսկույն սանձը բռնեց, կապեց մոտակա ծառից և պատրաստ էր լսելու: Նախագահը նայեց փեթակներին, նայեց հորս ու ասաց.
– Չես ասո՞ւմ՝ ինչու եմ եկել:
– Քո գործն է, ասա իմանամ,- զարմացավ հայրս:
Նախագահը կմկմալով ասաց.
– Կալին օգնիր, աշխօր կտամ: Ջորիներին ուշադիր եղիր, ցորենը չտանեն: Մեղվաբույծներին ուշադիր եղիր, մեղրը չտանեն:
– Ուրիշն ասի, չեմ նեղանա, բայց որ դու ես ասում, նեղանում եմ,- զայրացավ հայրս:- Տասը տարի է՝ մեր ցեղի բարեկամն ես, տեսել ե՞ս՝ որևէ մեկին մատնենք: Ես էլ նույն էդ ցեղից եմ… Առաջինը՝ աչքիս վրա, կօգնեմ, երկրորդն ու երրորդը չեմ կարող:
Նախագահը քոռ ու փոշման նստեց ձիուն ու գնաց գյուղ: Մենք մտանք ներս, հայրս բացեց սփռոցը.
– Տղա ջան, արի հաց ուտենք, նախագահի հերն էլ անիծած:
Հենց սկսեցինք ուտել, հայրս ականջ դրեց ու ասաց.
– Տղա ջան, դուրս արի տես՝ ով է:
Ես վեր կացա և ուտելով դուրս եկա. մեղվաբույծ կանայք էին:
– Բարով եք եկել, եկեք հաց ուտենք,- ասաց հայրս:
– Քեզ հետ չեմ ուզում հաց ուտել,- հանդիմանեց Մարոն,- ինչո՞ւ ես նախագահին ջղայնացրել:
– Ես մեղավոր չեմ,- հանգիստ պատասխանեց հայրս:
Սկսեցին աշխատել: Ես ուշադիր նայում էի: Փեթակի կափարիչը հանում էին, ուշադիր նայում մեղուներին ու նորից փակում: Երկու ժամ հետո եկան պահակատուն, հացը հանեցին ու կերան: Քիչ հետո վեր կացան ու հորս ասացին, որ գյուղ են գնում:
– Տղային էլ վերցրեք,- ասաց հայրս:
Ճանապարհին կանայք կպան ինձ.
– Նախագահն ի՞նչ էր ասում:
Թեև լսել էի, բայց ասացի՝ չգիտեմ, չեմ լսել: Կանայք սկսեցին տեղի-անտեղի բամբասել, մինչև հասանք գյուղ: Ես մտքումս հորս ասում էի. «Քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ ինձ կպցրիր այս կանանց»:
Երբ դասերս վերջացան, մի քանի անգամ գնացի հորս մոտ: Մորս ասացի.
– Ամեն օր չեմ գնա, տրեխներս մաշվում են. երկու օրը մեկ կգնամ:
– Ոնց ուզում ես,- հոգոց հանեց մայրս:
Երկու օրը մեկ գնում էի: Գիշերը պառկում էի հատուկ սարքած թախտին: Մի քանի անգամ ընկա, հայրս ասաց.
– Հերիք է, այսուհետև կպառկես հատակին:
Մի անգամ էլ, երբ մեղվաբույծ կանայք եկան ու սկսեցին աշխատել, հայրս ասաց.
– Դու մնա կանանց հետ, ես գնամ կեռաս քաղելու:
– Ի՞նչ կեռաս:
– Արջի կեռաս:
Գնաց: Ես ուշադիր նայում էի: Մի քիչ աշխատեցին, հետո մի շրջանակ հանեցին, տեղը նորը դրեցին, կափարիչը փակեցին ու հանածը թաքցրին թփի տակ: Ես հիշեցի նախագահի ասածը և ինքս ինձ մրմնջացի. «Երևի նախագահը մեղք չունի. բոլորը գող են»: Լռեցի: Հայրս եկավ ու արջի կեռասը դատարկեց դույլի մեջ: Ես իսկույն սկսեցի ուտել: Մի քիչ ուտելուց հետո զգացի, որ դառն է:
– էս ի՞նչ բան է,- հարցրի հորս:
Նա բեղերն ոլորեց ու ասաց.
– Տղա ջան, սա ուտելու բան չի: Երբ մրսած լինես, թրմած թեյ խմիր, կլավանաս:
Կանայք վերջացրին: Մարոն թփի տակից վերցրեց մեղրահացն ու բերեց պահակատուն:
– Սավա՛դ քեռի,- ասացին կանայք,- այս տարի առաջինն է, անո՛ւշ արեք:
Հայրս կողքից մի քիչ կծեց ու ասաց.
– Թող լիքը լինի:
– Տեսնում ե՞ս, մարդը դաստիարակված է,- նկատեց Զինավարդը,- Մաթևոսին տասն անգամ էլ ասեիր, հա՛ այն պատին ասած, հա՛ Մաթևոսին՝ մեկ էր:
Մարոն մեղրահացը վերցրեց, երեք մասի բաժանեց, մեկը տվեց հորս, երկրորդը՝ Զինավարդին, երրորդը դրեց իր առաջն ու ասաց.
– Հիմա ինչքան ուզում եք, կերեք:
Առաջին անգամ չորսով հաց կերանք: Հետո կանայք վեր կացան, սառը թան խմեցին ու ճանապարհվեցին գյուղ: Մենք նայեցինք, մինչև նրանք հասան բլուրն ու անցան, հետո հայրս ասաց.
– Տղա ջան, ամանը տար դիր մասուրի թփի տակ այնպես, որ մրջյունները չմտնեն մեղրի մեջ:
Ես տարա դրեցի թփի խորքում, կափարիչն ամուր փակեցի, որ մրջյունները չմտնեն, ու եկա պահակատուն: Հաջորդ օրը կեսօրին հայրս ասաց.
– Գնա մեղրը բեր, հաց ուտենք:
Ես գնացի թփի մոտ, ուշադիր նայեցի ամանին ու ի՛նչ տեսնեմ. աշխարհի բոլոր մրջյունները հավաքվել էին ամանի վրա, ուզում էին մեղր ուտել, բայց ավա՜ղ, չէր ստացվում. ամանը փակ էր: Վերցրի, զգուշությամբ մրջյուններին թափեցի, հետո տարա տուն ու հորս հարցրի.
– Մրջյուններն էլ ե՞ն մեղր ուտում:
– Տղա ջան,- հոգոց հանելով ասաց հայրս,- աշխարհի ողջ կենդանությունն ուտում է. որը՝ մեղր, որը՝ տանձ, որը՝ խոտ. մարդու մասին է՛լ չեմ ասում, դու գիտես…
Հայրս սեղանը փռեց, որ հաց ուտենք: Քիչ անց ասաց.
– Հազի ձայն լսեցի, գնա տես՝ ով է:
Ես դուրս գնացի և արագ վերադարձա: Բրիգադիրն էր: Հայրս իսկույն մեղրի ամանը փակեց, դրեց պահակատան ծայրին՝ խոտի տակ, ու դուրս եկավ բակ:
– Բարով ես եկել, արի հաց ուտենք, ժամանակին եկար:
Բրիգադիրը եկավ, ծանր-ծանր նստեց ու ասաց.
– Այս բոլորը հեչ, ուզում եմ մեղր ուտել. մեղր կա՞, բեր:
– Մեղր որտեղի՞ց,- զարմացավ հայրս:
– Այս տարի քեզ չտվեցի՞նք,- ոչ պակաս զարմացած հարցրեց բրիգադիրը:
– Հանել են, ո՛ւմ են տվել, ի՛նչ են արել, չեմ տեսել,- զայրացավ հայրս:- Հաց ես ուտում, կեր, չես ուտում, դուրս արի, հացս հալալ ուտեմ:
Բրիգադիրը քոռ ու փոշման դուրս եկավ ու դիմեց դեպի գյուղ՝ ասելով.
– Մարդիկ խելոք են, զոռով չի:
Երբ բլուրն անցավ, մենք մտանք ներս: Հայրս մեղրը բերեց ու սկսեց ուտել…
Ամառն անցավ: Տանձը, ծիրանը, խաղողն ու արտերը հասան: Ես ու հայրս կալին օգնում էինք: Ես մեկ-մեկ գնում էի գյուղ՝ հաց բերելու: Մի անգամ էլ, երբ գնացել էի հացի, փոքր քույրս կպավ ինձ.
– Ամեն անգամ գնում ես հայրիկի մոտ. ես էլ եմ ուզում տեսնել, կարոտել եմ:
Փոքր եղբայրս էլ նույնն ասաց: Ես ստիպված նրանց հետս վերցրի, գնացինք: Ճանապարհի կեսին երեխաները տրտնջացին.
– Ի՜նչ երկար ճանապարհ է:
– Քիչ է մնում, հասել ենք,- հանգստացրի ես:
Մի կերպ հասանք: Հայրս համբուրեց երեխաներին ու ասաց.
– Աղբյուրի մոտի տանձենին գիշերը արջը թափել է. հաց կերեք, հանգստացեք ու գնացեք տանձ հավաքելու:
Մի ժամ հետո գնացինք տանձի: Ճանապարհին երեխաներն իրար հետ խոսում էին, թե կարող է՞ արջն այնտեղ լինի: Ես լսեցի ու ասացի, որ չվախենան, արջը գիշերն է գալիս, բայց և մտածեցի. «Եթե երեխեքի ասածը ճիշտ լինի, մեր բանը բուրդ է»: Շուտով հասանք աղբյուրին, ջուր խմեցինք և նստեցինք հանգստանալու: Աղբյուրից մի քիչ ներքև՝ բացատում, մի այգի կար. հայրս էր գցել: Երեխեքը զարմացած նայեցին.
– Լոբու ճեղերն ինչո՞ւ են թափվել:
– Արջն է թափել,- ասացի ես ու լեզուս կծեցի:
– Տանձը հավաքենք, արջը չգա,- վախվխելով ասաց քույրս:
Մենք վեր կացանք ու սկսեցինք տանձ հավաքել: Հանկարծ հրացանը որոտաց, և տանձենուց ընկավ արջը՝ ճյուղերը ջարդելով: Քույրս ճչաց ու կպավ ինձ: Այդ ժամանակ անտառից դուրս եկավ որսորդ Ռոմիկը՝ հրացանը ձեռքին.
– Երեխանե՛ր, մի՛ վախեցեք, արջը սատկել է:
Նույն պահին հայրս, հրացանի ձայնը լսելով, վազելով եկավ:
– Հայրիկ, վախեցա,- ասաց քույրս, և բոլորս ծիծաղեցինք:
Ռոմիկը սկսեց արջին քերթել: Մենք էլ տանձ էինք հավաքում: Ես աչքի տակով նայում էի արջին ու մտածում. «Լավ պրծանք»: Որսորդը վերջացրեց, բդի մսից հինգ կիլոգրամի չափ կտրեց ու տվեց մեզ: Հայրս հոգոց հանեց.
– Մենք պրծանք, դո՞ւ ինչ պիտի անես:
– Սավա՛դ քեռի, հանգիստ գնացեք, ես նախօրոք եմ մտածել. էշն անտառում կապած է:
Հասանք մեղվանոց, տեսանք՝ փեթակներից մեկի մեղուներն անհանգիստ են:
– Գողություն են արել,- ասաց հայրս:
– Որտեղի՞ց իմացար,- զարմացած հարցրի ես:
– Մեղուներն անհանգիստ են: Մեղր չեն հանել, բայց պահակատուն մտել են:
Շտապ գնացի պահակատուն, տեսա՝ ավերակ են արել: Մտածեցի, թե մարդիկ ինչքան նամարդ են. մարդը գնացել է երեխաներին փրկելու, անմիջապես գողություն են արել:
– Լավ է՝ մեղր չեն հանել,- ասաց հայրս,- ինձ վրա կբարդեին:
Պահակատունը հավաքեցինք, մի քիչ հանգստացանք, հետո հայրս ասաց.
– Տղա ջան, երեխեքին հավաքիր, գնացեք տուն, ուշ է:
Երեխաների համար առանձին-առանձին շալակ կապեցի, ինձ համար էլ սարքեցի, արդեն ուզում էինք գնալ, հայրս ասաց.
– Այսքան միսը ո՞նց պիտի ուտեմ, ի՞նչ անենք, տարեք տուն:
Նորից շալակս բացեցի, կեսը դրեցի տան համար, կեսը մնաց հորս համար: Ճանապարհ ընկանք: Հայրս մեզ ուղեկցեց մինչև կալը և նայեց ցորենին: Ճանապարհին հորս ասացի, որ ուզում եմ մի խորհուրդ տալ իրեն:
– Եթե խելոք է, աչքիս վրա,- ասաց նա,- եթե հիմար է, կծիծաղենք, կանցնի. լսում եմ:
– Ասում եմ՝ քեզ մի շուն է պետք. նեղ օրվա ընկեր է, մեկ-մեկ էլ կհաչի, գողերը կփախչեն:
– Երեխային հարցրու և մտածիր, ճիշտ դուրս կգա,- ասաց հայրս:- Լավ ես ասում, տղա ջան, այսքան ժամանակ չէի հասկանում. ինձ շուն է պետք:
Հետո հոգոց հանելով շարունակեց.
– Մեր շունը բերես, մեր տունն ո՞վ կպահի: Ուրիշ շուն որտեղի՞ց գտնես:
Ես ուրախացած ասացի՝ կգտնեմ, և պատմեցի, թե ինչպես երբ առաջին անգամ եկա, ոչխարը Խաչին արտում արածում էր. ուշադիր նայեցի՝ հինգ շուն կար` ոչխարից էլ շատ: Մտածեցի՝ Խաչատուրն այդքան շունն ի՞նչ պիտի անի:
– Վաղը կգնաս Խաչատուրի մոտ,- որոշեց հայրս,- և իմ անունից կխնդրես. «Մի շուն տուր Սիրաքի մեղվանոցի համար, աշնանը կվերադարձնեմ»:
– Աչքիս վրա:
Հասանք կալը: Քույրս չվալների ցորենը տեսավ ու ասաց.
– Հայրիկ ջան, խնդրում եմ, մի քիչ ցորեն տուր, տանեմ աղանձ անեմ:
– Սպասի՛ր, Արթո՛ւր,- հոտաղին կանչեց հայրս,- ես եկա, ուր գնում ես, գնա: Բալիկ ջան,- միաժամանակ պատասխանեց քրոջս,- չի կարելի, ինձ բանտ կնստեցնեն:
– Բանտն ի՞նչ բան է:
– Խելոք մնա, հայրիկին մի՛ չարչարի,- բացատրեցի ես:
– Ի՞նչ եմ անում,- նորից հարցրեց քույրս,- դժվար է՞ մի քիչ ցորեն լցնելը:
– Տղա ջան, մի՛ տանջվիր,- հոգոց հանեց հայրս,- դժվար է երեխային հասկացնելը, ստիպված եմ լցնել:
Նա չորս կողմը նայեց, մի շոր գտավ, մի քիչ լցրեց, կապեց, դրեց քրոջս շալակում ու ասաց.
– Տար, անուշ լինի:
Մենք ճանապարհվեցինք տուն: Հայրս ուշադիր նայում էր: Երբ հասանք ձորն ու անցանք հակառակ կողմը, ետ նայեցի տեսա՝ հայրս չի երևում… Շտապում եմ ասել մեր տարիքը. ես տասնհինգ տարեկան էի, քույրս` տասը, իսկ եղբայրս՝ յոթ: Ճանապարհին եղբայրս տարբեր պատճառներով հաճախակի տրտնջում էր. «Ծանր է, կամաց գնացեք…» և այլն: Ես ստիպված նրա շալակը վերցրի, դրեցի իմ շալակի վրա ու ասացի.
– Հանգստացա՞ր, դե արի:
Շուտով հասանք գյուղի հակառակ լանջի՝ կայծակի խփած ընկուզենուն ու նստեցինք հանգստանալու…
Հազար ինը հարյուր երեսունինը թվականն էր: Գյուղացի Թադևոսը գնաց փայտի: Բեռը բարձեց, ուզեց ճանապարհվել, հանկարծ մտածեց. «Կացինն ինչո՞ւ եմ տանում, դնեմ ընկուզենու տակ, վերադարձին կվերցնեմ»: Այդպես էլ արեց: Բարձրացավ ծառը, դրեց երկու ճյուղի արանքում և ցած իջավ՝ երկրորդ անգամ գալու մտքով: Շուտով հասավ տուն, բեռը թափեց, հաց կերավ, ուզեց նորից գնալ, անձրև սկսվեց: Թադևոսը մնաց տանը՝ անհանգստանալով. բա որ կայծակ լինի, կացինն էլ վերանա, ընկուզենին էլ: Հանկարծ ուժգին կայծակ եղավ, և ընկուզենին կեսից կտրվեց: Թադևոսը լաց-լվաց արեց, բայց ուշ էր. կացինն էլ վերացավ, ընկուզենին էլ… Այդ ժամանակ գյուղի ամենատարեց մարդը՝ Հակոբը, ասաց, թե կռիվ է լինելու: Շուտով կռիվը սկսվեց: Տղամարդկանց տարան, մնացին կանայք ու երեխաները: Հակոբն էլ մեռավ: Գյուղի կանայք ամեն օր անիծում էին նրան՝ չիմանալով, որ մեղավորը Հիտլերն էր…
– Երեխեք, դուք հանգստացեք, ես մի քիչ ընկույզ քաղեմ,- ասացի ես ու բարձրացա ծառը:
Քիչ անց ծոցս լցվեց: Ուզեցի գրպաններս էլ լցնել, հանկարծ ճյուղը կռացավ, մեջքիս վրա ընկա ու գլորվեցի: Քույրս ամբողջ ուժով այնպես ճչաց, որ երևի մայրս լսեց: Ես նստեցի, տնտղեցի մարմնիս բոլոր մասերը, տեսա՝ ոչ մի տեղս չի ցավում, վեր կացա և սկսեցի ծոցիցս թափվածը հավաքել: Մի քիչ հետո զգացի` թևերս ցավում են. քշտեցի տեսա՝ քերծվել է: Տեղիցս բարձրացա ու գնացի երեխեքի մոտ: Քույրս զայրացած ասաց.
– Գնացի՛նք:
Երանի քրոջս լսեի:
– Մի՛ վռազիր, ընկույզն ուտենք, կգնանք:
Գրպանիցս հանեցի դանակը և սկսեցի պճղել: Շատ պճղեցի, թե քիչ, չիմացա, հանկարծ հեռվում երևաց Մարոն: Նա մոտեցավ, նստեց ու հարցրեց.
– Ի՞նչ եք տանում:
Ես իսկույն շալակս բացեցի.
– Տանձ է, համեցեք անուշ արեք:
– Ես քո շալակից չեմ ուզում,- ծիծաղելով ասաց Մարոն, – այլ այն սիրուն աղջկա:
Ոտքերս դողացին: Քույրս իսկույն շալակը բացեց, դրեց Մարոյի առջև՝ չիմանալով, որ մատնիչ է: Մարոն ցորենը տեսավ: Նա տանձ վերցրեց ու գնաց: «Ի՞նչ անեմ, ցորենը տանե՞մ: Որ տանեմ, բրիգադիրը կբռնի»: Վերջապես մտածեցի՝ Մարոն չի ասի: Մենք ճանապարհվեցինք տուն: Մարոն, որ դեռ ճանապարհին էր, ինձ հարցրեց.
– Ինչո՞ւ ուշացար:
Ես մտքումս հարցրի՝ մատնել ե՞ք, հետո բարձր ասացի.
– Երեխեքի հետ հազիվ եկա:
Մարոն ծիծաղեց ու անցավ: Ես կրակի մեջ ընկա. հաստատ մատնել էր, ի՞նչ պիտի անեի: Քիչ էր մնում, որ հասնեինք տուն, հանկարծ մեր հետևից բրիգադիրը գոռաց.
– Սպասե՛ք:
Քույրս հասկանալով, թե վախենալով ծլկեց տուն, բրիգադիրը՝ հետևից: Հասավ տուն ու մորս ասաց.
– Ցորենը պահիր:
Մայրս իսկույն պահեց, դուրս եկավ ու զայրանալով բրիգադիրին ասաց.
– Ինչո՞ւ ես երեխաներին վախեցնում:
– Երևի տղան պահել է,- երեխեքին նայելով՝ ասաց բրիգադիրը:
– Առաջինը՝ Սավադը գող չի, երկրորդն էլ՝ բռնի՛ր, նո՛ր ասա,- զայրացավ մայրս:
Բրիգադիրը մրթմրթալով գնաց.
– Կբռնեմ:
– Երբեք չես կարող Սավադին բռնել,- ասաց մայրս, և մտանք տուն:
– Տղա ջան, պատմիր տեսնեմ՝ ոնց պատահեց:
Ես ամեն ինչ պատմեցի: Մայրս հոգոց հանեց.
– Մարոն մեր տանը հարյուր անգամ հաց է կերել, աչքերը բռնի…
Հաջորդ առավոտը շուտ մի պարան վերցրի, գնացի հասա Գրիգորի տան կտուրը, որտեղ ամեն օր ոչխարը հավաքում էին: Հեռվից նայեցի շներին. չորսը նստած էին, մեկը պոչը տնկած խառնվում էր մեկ ոչխարին, մեկ մարդկանց: Ես մտածեցի՝ լավն է, և մոտեցա Խաչատուրին:
– Հայրս խնդրեց՝ մի շուն տաս,- ասացի,- աշնանը կվերադարձնի:
– Դու ո՞ւմ տղեն ես,- զարմացած հարցրեց Խաչատուրը:
– Սավադի:
Խաչատուրը մի պահ մտածեց ու ասաց.
– Սավադի համար արժե: Այն պոչը տնկածը կապի տար, աշնանը կբերես:
Ես ուրախացած կապեցի ու տարա տուն: Մեր շունն իսկույն սկսեց գռմռալ, վերջապես գզեց. հազիվ պոկեցի տարա գոմը, մսուրքից կապեցի և դուռը ծածկեցի: Մի պահ մտածեցի ու գնացի մորս մոտ.
– Հայրիկի հացը կապիր:
– Ի՞նչ ես անում:
Երեկվա գողությունը պատմեցի: Մայրս հացը կապեց. վերցրի, շանն արձակեցի ու հայդա՛ մեղվանոց: Շուտով հասա դռան մոտ ու հորս կանչեցի. նա վերևում հաց էր ուտում, մի քիչ ուշացավ: Դուռը բացեց ու ժպտաց:
– Շանը բերել ե՞ս, – ասաց ու ինձ համբուրեց:
Տարանք կապեցինք: Մի քիչ հետո շունը սկսեց կաղկանձել:
– Երևի սոված է,- ասաց հայրս,- մսից մնացել է, հաց էլ կա…
Շունը կերավ: Մի շաբաթ կապած մնաց, հետո արձակեցինք: Մինչև աշուն մեղվանոցը պահեց: Ես պատմեցի երեկվա պատմությունը, մատնիչների մասին և զգուշացրի, որ չեմ բռնվել:
– Զգույշ մնա, չմատնվես…
Սեպտեմբերի մեկն էր: Դպրոց գնացի, հետո հաց տարա հորս համար: Երբ հասա մեղվանոց, տեսա՝ լանջին փռված է ոչխարի հոտը: Խաչատուրն ու հայրս զրույց էին անում: Հորս կանչեցի: Նրանք երկուսով եկան պահակատուն ու հաց կերան: Շունը սկսեց Խաչատուրին լիզել: Նրա գնալուց հետո ուշադիր նայեց ինձ, հորս և դուրս եկավ գնաց դեպի ոչխարը:
– Շունը մեղք է,- հոգոց հանեց հայրս,- բերում եմ, վատ է, չեմ բերում, ավելի վատ է: Հասկանում ե՞ս, շունն ինձ համար մի պահակ է, ի՞նչ անեմ:
– Վերադարձրու:
Հայրս գցեց-բռնեց ու ասաց.
– Երևի շուտով ցրտերը կընկնեն:
Հորս ասածով եղավ. շուտով ցրտերն ընկան, մեղուները մտան փեթակների մեջ ու պինդ փակվեցին:
– Այսօրվա օրը շունը պետք է,- ասաց հայրս:
– Ինչի՞ համար է պետք,- հարցրի ես:
– Տղա ջան, շատ ես խակ,- ասաց հայրս:
– Ինչո՞ւ:
– Մի քիչ ջուր խմեմ ու ասեմ,- հայրս բեղերը ոլորեց ու բացատրեց.- երբ մեղուն արթուն է, գողը չի կարող փեթակը բացել. հիմա մեղուն քնած է, հանգիստ կգողանան:
Մի շաբաթ հետո երեք մարդ եկան, փեթակները ներս դրեցին ու ասացին.
– Սավադ ջան, պրծար:
– Տղերք ջան, համեցեք հաց ուտենք:
Ճաշից հետո հայրս ասաց.
– Տղա ջան, վաղը դասից հետո էշը բեր, եղած-չեղածը հավաքենք, գնանք տուն:
Հաջորդ օրը էշը բերեցի, քոչը հավաքեցինք, բարձեցինք էշին ու հայդա՛ դեպի տուն: Երեք օր հայրս տանը մնաց, հետո էշը վերցրեց ու սկսեց փայտ կրել: Շուտով պահեստը լցրեց ու ասաց. «Ա՛յ հիմա հերիք է»:
Մի օր էլ մայրս ասաց.
– Վաղը գնա քաղաք, շուտվանից չես գնացել, մորդ տես, եղբորդ տես, մի քիչ էլ տան համար դեսից-դենից բեր:
Առավոտ շուտ հաց կերանք, հայրս գնաց քաղաք, մենք էլ՝ դպրոց: Երբ դպրոցից եկանք, քույրս իսկույն մորս հարցրեց, թե հայրիկը եկե՞լ է:
– Քո տունը շինվի,- ասաց մայրս՝ սեղանը փռելով,- վռազում ե՞ս:
– Ուզում եմ շուտ գա, տեսնեմ՝ ինչ է բերել ինձ համար,- հոգոց հանեց քույրս:
Մայրս փոքր կաթսայով մածուն բերեց:
– Կերեք,- ասաց,- ամեն ինչ էլ կբերի:
Փոքր եղբայրս առանց խոսելու սկսեց կաթսայից ուտել:
– Հուսիկ ջան, լցրու ամանի մեջ, նոր կեր,- ծիծաղելով ասաց մայրս:
– Քեզ համար եմ մտածում, մի աման պակաս կլվանաս…
Ուշ երեկոյան հայրս եկավ՝ բեռնավորված, հոգնած, բեռը ցած դրեց ու ասաց.
– Երեխեք, բացեք, բոլորիդ համար էլ բան եմ բերել:
Բացեցին ու սկսեցին հագնել: Մորս ու քույրիկիս համար շրջազգեստ էր բերել, փոքր եղբորս ու ինձ համար՝ տաբատ, տան համար՝ գդալներ ու բաժակներ, ձմերուկ, սեխ, վարունգ և շատ այլ բաներ: Ամենից լավը եղբորս համար բերածն էր՝ ատրճանակը: Եղբայրս վերցրեց ու սկսեց կրակել պահարանի վրա: Մայրս հաց տվեց հորս ու վախվխելով հարցրեց.
– Մայրդ ո՞նց է:
– Տեղաշորով պառկած է,- հառաչեց հայրս:
Երեք օր հետո (կիրակի էր) մայրս ասաց.
– Երեխաներ, հաց կերեք, լվացվեք, սիրուն հագնվեք, գնում ենք քաղաք:
Հայրս հարցրեց, թե ո՛ւր:
– Գնանք տատին տեսության: Հանկարծ կմեռնի, թոռներից կարոտ կմնա:
Մենք հասանք քաղաք ու տատիկին տեսանք: Տատս ասաց.
– Հարս ջան, ինձ տար գյուղ, կարոտել եմ գյուղին, մեր տանը:
– Թորոս ջան, մի մեքենա գտիր,- ասաց մայրս հորեղբորս,- մայրիկին տանում եմ մեր տուն:
– Լավ ես անում, տար,- համաձայնեց Թորոսը:
Երբ հասանք գյուղ ու մեքենայից իջանք, ուզեցի հորս կանչել, տատս թևիցս քաշեց, թե՝ «Ես կգնամ»: Ես ու մայրս նրան թևանցուկ արեցինք ու տարանք: Ճանապարհին գյուղացիք հարցնում էին, թե ոնց է, եղբորից լուր կա՞:
– Բոլշևիկներին պիտի տանես Խուստուփ սարի գագաթն ու գլորես ցած,- հառաչելով ասում էր տատս:- Ինչի՞ համար եղբորս տարան բանտ…
Երբ հասանք երեքհարկանի մի հսկա շենքի, տատս լացեց.
– Մեր տունն է. դիմացը գոմն էր, կողքին՝ կամարաձև պահեստները, բոլորը՝ շենքի երկարությամբ…
– Այսքանը՝ տունը, գոմը, պահեստը, ինչի՞ համար էին,- հարցրի տատիս:
– Ծառաների, ուտելու …
– Քանի՞ ծառա ունեիք, շա՞տ:
– Ձիապանները, նախրապանները, հովիվները, հողագործները, խոհարարները, տան ծառաները, ո՞րն ասեմ:
– Այդքան մարդ ձեր տանը հաց էր ուտո՞ւմ` չհաշված հյուրերին,- զարմացա ես:- Տատիկ ջան, քանի՞ ձի ունեիք:
– Չեմ հաշվել, մոտավորապես տասնհինգը կլիներ:
– Տատիկ ջան, ձի նստել ե՞ս:
– Շատ, մինչև Խուստուփ սարը:
– Թուրքերը չէին հարձակվո՞ւմ ձեզ վրա:
– Մենակ չէինք գնում, հինգ-վեց հոգով ու հրացանով:
– Տատիկ ջան, հրացանով կրակել գիտե՞ս, տղաների հետ չէի՞ք գնում:
– Բավական է հնի մասին խոսենք: Նոր գործերի մասի՛ն պատմիր:
– Տատիկ ջան, հնում մատնիչներ կայի՞ն:
– Շատ:
– Ովքե՞ր էին:
– Դավիթը, Սահակը, Առաքելը… Հերիք է, նոր մատնիչների մասի՛ն պատմիր:
Ես իսկույն թվարկեցի.
– Մարոն, բրիգադիր Աշոտը, մեր հարևան՝ մատները կտրած Հարությունը…
– Հերիք է, գնանք տուն:
Հասանք տուն: Տատս ասաց.
– Ձեր տունը մեր կալն էր, մեր մարագն էր, դպրոցի կալն էլ մերն էր:
Ես մտածեցի, որ իրենք այդքան հարուստ էին, մենք՝ աղքատ, մեզ մի բան չտվեցին. նշանակում է՝ հարուստները ժլատ են: Տատս երեք ամիս էլ ապրեց ու մեռավ: Երկու եղբայր միասին չկարողացան վրան քար գցել, այնքան աղքատ էին…
Նոյեմբեր ամիսն էր: Ձյունը կամաց-կամաց Խուստուփ սարը պատեց, հետո իջավ ու ամբողջ տեղանքը պատեց: Մարդիկ մտան տուն և դուռ ու լուսամուտ պինդ փակեցին: Բոլորի տներից ծուխ էր դուրս գալիս, գնում էր դեպի երկինք ու լուծվում օդում: Վա՛յ էն մարդուն, որի ծխնելույզից ծուխ չէր բարձրանում. վերմակի տակ փաթաթվում էր մինչև լույս, հետո վեր էր կենում ու դեպի անտառ՝ փայտի: Մի առավոտ շուտ կատարածուն կանչեց.
– Ա՛յ ժողովո՜ւրդ, լսեցե՜ք, այս երեկո ժողով է, բոլորի ներկայությունը պարտադիր է:
Հայրս էլ գնաց ժողովի, եկավ: Մայրս հարցրեց, թե ինչ էին ասում: Հայրս բեղերը ոլորեց ու պատմեց.
– Ժողովի վերջում Մարոն ասաց, թե Սավադը գողություն է արել: Ամբողջ ժողովուրդը միանգամից վեր կացավ ու նստեց: Կատակախոս Գինոսը հարցրեց, թե ինչ է արել:
– Ցորեն է գողացել:
– Բռնել ե՞ս:
– Աղջկա շալակում տեսել եմ,- կմկմալով ասաց Մարոն:
– Երեխային էլ ցորենի հետ բռնեիր, բերեիր նախագահի մոտ,- զայրացավ Գինոսը:
– Բրիգադիրն է բռնել,- նորից հաստատեց Մարոն:
– Բրիգադիր, խոսիր,- ասաց նախագահը:
Բրիգադիրը ծալմլվելով վեր կացավ.
– Բռնեցի, բայց Փառանձեմը տակով արեց:
Ամբողջ դահլիճը ծիծաղեց: Գինոսը չդիմացավ.
– Փոխանդ կապիր, նոր գնա մարդ բռնիր:
Դահլիճը նորից թնդաց:
– Ի՞նչ ես առաջարկում,- հարցրեց նախագահը:
– Սավադի հինգ աշխօրը կտրեք:
Հաշվապահն իսկույն միջամտեց.
– Ենթադրենք՝ ցորենը կիլոուկես է, նշանակում է` քսան անգամ ավել է՞. ես համաձայն չեմ:
– Սավադ, ի՞նչ կասես,- հարցրեց նախագահը:
– Ես ճշտախոս եմ,- ասացի,- բոլորը գիտեն: Ամառը բրիգադիրը եկավ, թե՝ «Մի քիչ մեղր տուր, ուտեմ»: Ես զարմացա. «Մեղր որտեղի՞ց. պանիր ուզի, յուղ ուզի, կտամ»: Բրիգադիրը փորուփոշման գնաց՝ ասելով. «Սավադ, կփոշմանես, կհիշես ինձ»:
– Ոխ է պահում,- իսկույն նկատեց Գինոսը:
Ժողովուրդը սկսեց մեղվի պես բզզալ:
– Ուրեմն դու արդար ես,- ասաց նախագահը:
Ժողովուրդը միահամուռ ծափահարեց:
– Բավակա՛ն է, գնացե՛ք տուն,- զայրացավ նախագահը:
Աթոռները միանգամից ճռռացին, մարդիկ վեր կացան ու գնացին տները…
Երբ հայրս վերջացրեց, մայրս ասաց.
– Ուրիշները կով են գողանում, մարդիկ չեն էլ իմանում, դու կիլոուկես ցորեն ես գողացել, ժողովում ասացին…
Այն օրվանից մինչև այսօր մեր տնեցիք գողություն չեն արել…
Կարծիք գրառել
Ցանկանո՞ւմ եք կարծիք գրառել։Ազատ զգացեք և արտահայտվեք։