ԶՈՌՈՎ ՉԻ, ԽԵԼՔԻՑ Է…

ԶՈՌՈՎ ՉԻ, ԽԵԼՔԻՑ Է…

Կոլտնտեսության ժողով էր: Ամեն վարիչից հետո գյուղի կատակասեր Գինոսը խոսում էր: Առաջինը զեկուցեց ֆերմայի վարիչ Գուրգենը: Կարճահասակ, լիքը մարմնով, ծանրակշիռ ու բարեսիրտ մարդ էր:

– Ամեն ինչ լավ է, պլանը կատարել ենք,- կմկմալով ասաց Գուրգենը:

Գինոսը լրացրեց.

– Խոտն առատ էր, անձրևները քիչ էին, գյուղից հեռու էր, այդ պատճառով պլանը կատարվել է:

Հաջորդը զեկուցեց մեղվաբուծականի բրիգադիրը` Բագրատը: Միջահասակ, չաղ, կարմրաթուշ, խիստ մարդ էր:

– Պլանը չեմ կատարել:

– Պատճառն ի՞նչն է:

– Մի քիչ ինքն է կերել,- լրացրեց Գինոսը,- մի քիչ շրջկոմից են տարել, մի քիչ մեղվաբույծներն են գողացել, կշիռը լրացել է:

Հաջորդը հավաբուծական ֆերմայի վարիչ Քրիստափորն էր` մի բարձրահասակ, բարեսիրտ մարդ:

– Պլանը չի կատարվել:

– Պատճառն ի՞նչն է,- զայրացավ նախագահը:

Գինոսն ասաց.

– Աղվեսը տանում է, շրջկոմից տանում են, բայց սրանք հեչ. գլխավոր պատճառն այն է, որ Քրիստափորի մատները երկար են. ո՛ր հավը փորձում է, ձվից կտրում է:

Մարդիկ ծիծաղեցին:

Գլխավորը երկու բրիգադներն էին` ցանող, հնձող, և խոտհարքը: Առաջինը խոսեց Գևորգը` միջահասակ, ժիր, արագախոս, բարեսիրտ մի մարդ.

– Պլանը չենք կատարել … Ես մենակ չեմ…

Գինոսը լուռ էր:

– Բրիգադն էլ…

– Խոսի՛ր,- զայրացավ նախագահը:

Աշոտը տասը տեղից ծալմլվելով վեր կացավ ու ասաց.

– Բրիգադը պակաս է, դրա համար պլանը չի կատարվել:

Գինոսը լրացրեց.

– Շուտ վեր կաց, լվացվիր, արագ քայլիր, շորերդ մաքուր պահիր, բարեսիրտ եղիր, մարդիկ կգան քեզ մոտ:

Մարդիկ մեկումեջ փռթկացին:

– Քորելը մոռացա,- նկատեց Գինոսը:

Հաջորդը զեկուցեց բանջարաբոստանայինի բրիգադիրը. բարձրահասակ, լրջախոհ, սրամիտ մարդ էր:

– Պլանը կատարվել է, բացի պոմիդորից:

– Ո՞րն է պատճառը:

– Այն, որ կեռասները գողացան, անցան պոմիդորին,- ասաց Շախմալը:

– Սեփական վերմակը վառեց,- լրացրեց Գինոսը:

Մարդիկ ծիծաղեցին: Շախմալն ուղղեց.

– Երիտասարդները կատակ են արել:

– Կեռասը կատակով գողացան, պոմիդորը գողացան, քիչ մնաց իրեն էլ գողանան,- նկատեց նախագահը:

– Մարդ մի քիչ բարեսիրտ կլինի,- ասաց Գինոսը:- Շախմալը լաչառ է, դրա համար մարդիկ չեն հարգում:

– Ի՞նչ ես առաջարկում:

– Սավադին ուղարկեք. խելոք է, բարի է, գյուղացիները հարգում են, ընտանիքը բարոյական է, երեխեքը խելոք են, մի բան է պակաս, կարճահասակ է, չի խանգարի, պոմիդորը կտեսնի:

Մի պահ ժողովուրդը լուռ էր, հաջորդ րոպեին բոլորը միասին ասացին.

– Մենք կողմ ենք:

Հայրս լուռ եկավ տուն: Մայրս նկատեց ու հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

– Պոմիդորի բոստանչի նշանակեցին,- հառաչելով պատասխանեց հայրս:

– Քեզնից քարավան գնացող դուրս չի գա, տեղդ նստիր,- ասաց մայրս:

Հայրս նեղացավ.

– Կտեսնես՝ ինչ կանեմ:

Գարունը բացվեց, հայրս ինչ պետք է բարձեց էշին և գնաց պոմիդորի բոստան: Պահակատունը վերանորոգեց, մի բարձր թախտ շինեց, տեղաշորը փռեց, օջախը սարքեց և սկսեց ճաշի պատրաստություն տեսնել: Այդ միջոցին բրիգադիրն անցնում էր բոստանի մոտով:

– Ընկեր Գալստյան, համեցեք ճաշի:

– Վռազ ուտելու մասին ես մտածում:

– Բա ի՞նչ անեմ:

– Աշխատիր:

– Սոված մարդը չի կարող մտածել,- նկատեց հայրս,- նշանակում է՝ չի էլ կարող աշխատել:

Գալստյանը հառաչելով հարցրեց.

– Գինոսը կողմ էր, կոլեկտիվը կողմ էր, դու էլ հույս ունես, որ պլանը կկատարե՞ս:

Հայրս մտածեց ու պատասխանեց.

– Տարին հաջող լինի, Աստված կամենա, կկատարենք:

– Աստծո հետ ի՞նչ գործ ունես:

– Որ կարկուտ լինի, անձրևային լինի, սածիլը կտրի, ի՞նչ անեմ, չհաշված գողը:

Գալստյանը լռեց:

– Ճաշդ կեր, մի բան կանեմ:

Ճաշից հետո հայրս արագ հավաքեց և գնաց բոստանը մաքրելու: Գալստյանը մտորելով հեռացավ:

Հաջորդ օրը սածիլը բերեցին, տնկեցին, և կանայք ժպիտով ասացին.

– Աստված հաջողի:

Տարին հաջող եղավ. կարկուտը մանր էր, անձրևը բավարար էր, մի խոսքով՝ Աստված հորս կողմից էր: Ամեն ինչ լավ էր, բացի միջատներից. սածիլները կտրում էին, թույն էր պետք: Հաճախ էի գնում բոստան, հայրս բողոքում էր: Գալստյանին ասացի, դեղ տարա: Երբ հաջորդ անգամ գնացի, հայրս ուրախ էր:

– Օղորմի դեղ մտածողի հորը, միջատները սատկեցին, մնաց ջրելը:

Շուտով պոմիդորը հասավ: Առաջինը կերավ գողը: Արկադիան անցնում էր բոստանի մոտով:

– Համեցեք, պոմիդորը հասել է,- առաջարկեց հայրս:

– Ո՞ւմ ես կանչում,- զարմացավ գողը:

– Քեզ, արի պոմիդոր կեր:

Արկադիան կասկածանքով մտավ ներս:

– Առաջինն է, փորձիր:

– Շախմալը ներս էր մտնում, աչքի տակով նայելով՝ հանկարծ կբարևեր:

– Հացով կեր, մորդ համար էլ տար:

– Սավադ քեռի,- մտահոգ ասաց Արկադիան,- ուզում եմ աշխատել, ոչ մեկը չի վերցնում:

– Արի մի տեղ ուղարկեմ, գնա աշխատիր, շատ եմ խնդրում: Եղբայրս հյուսն է: Գնա մոտը, իմ անունից ասա, թող վերցնի աշխատանքի:

Արկադիան ուրախացած գնաց տուն: Հաջորդ օրը ժպտալով եկավ և ուրախ-ուրախ ասաց.

– Աշխատանքի մտա. հյուսնի աշակերտ եմ:

– Շնորհավորում եմ,- ասաց հայրս և բաժակները հանեց,- խմենք քո հաջողության կենացը:

Արկադիան վերցրեց բաժակն ու ասաց.

– Այսօրվանից քո բարեկամն եմ: Այլևս գողություն չեմ անի:

– Ապրես,- ասաց հայրս ու խմեց:

Արկադիան փափկեց ու սկսեց պատմել.

– Անցյալ տարի եկա, Շախմալին խնդրեցի. «Երկու պոմիդոր տուր, ուտեմ»: Ծիծաղելով ասաց. «Ամեն պատահած մարդու որ տամ, պլանը ո՞նց կատարեմ»: Ես զայրացա: Գիշերը եկա և պոմիդորներն արմատից հանեցի. հասածները տարա, խակերը փչացան: Տասն օր չեկա, վերջապես տասնմեկերորդ օրն եկա: Շախմալը բոստանից դուրս եկավ, հարցրեց. «Դու ե՞ս պոմիդորներն արմատից հանել»: «Ապացուցիր»,- ասացի: Շախմալը սկսեց զայրանալ: «Հանգիստ եղիր, հաջորդ անգամ ամբողջը կհանեմ: Բռնիր, տար դատի տուր»,- ասացի ու շարունակեցի քայլել: Շախմալը մնաց հետևիցս նայելով:

Հայրս մի պահ մտածեց ու ասաց.

– Արկադիա, լավ մտածիր, Շախմալը չկերավ, բայց գյուղացիներն էլ չկերան:

– Գյուղացիներն ի՞նչ կապ ունեն պոմիդորի հետ,- զարմացած հարցրեց Արկադիան:

– Դու ամբողջը գյուղացիներից խլեցիր,- հանգիստ պատասխանեց հայրս:- Գողն ուտում է, բայց դու գողից վատն ես. դու փչացրեցիր: Ինձ որ հարցնես, փչացնողին կախաղան պիտի հանես:

– Այն ժամանակ չհասկացա, կներես,- կակազելով ասաց Արկադիան:

Հայրս Արկադիայի համար երկար մեկնաբանեց աշխարհի բաները:

– Մարդը անասունից տարբերվում է. մարդը մտածում է, հետո է գործում:

Արկադիան երկար մնաց: Մութն ընկավ:

– Գնամ, մայրս կանհանգստանա:

– Գնա,- ասաց հայրս:

Արկադիայի գնալուց հետո հայրս ընկավ մտածմունքի մեջ. գուցե չհասկացավ, և սկսեց կռվել իր մտքերի հետ: Հանկարծ այգուց ձայն լսվեց: Շունը հարձակվեց: Դուրս եկավ ու ինչ-որ բան նկատեց: Գնաց տեսավ՝ մարդ է: Իրենց գյուղացի Մակիչն էր: Տարավ պահակատուն ու սկսեց ամոթանք տալ: Մակիչն իրեն չկորցրեց.

– Անմեղ ե՞ս ձևանում: Արկադիայի միջոցով գործ ես անում, ամբողջ գյուղը խոսում է:

– Լա՛վ եմ անում,- զայրացավ հայրս,- չուզողի աչքն էլ հա՛նում եմ: Ով որ խոսում է, թող ապացուցի. ես հանգիստ եմ, տարե՛ք դատի տվեք:

Մակիչը փափկեց.

– Ուզում էի վախեցնել:

– Զուր:

– Սավադ քեռի, խնդրում եմ, նախագահին չասես, կատակ էի անում: Ամբողջ գյուղը օրհնում է քեզ, մանավանդ Արկադիայի մայրը:

Հետո Մակիչը պարզաբանեց.

– Անցյալ տարի Շախմալը պոմիդոր էր տալու, վաճառելու էի, կեսը՝ ինձ, կեսը՝ իրեն: Հիմա դու ուզում ես տուր, չես ուզում, քո գործն է:

Հայրս քմծիծաղ տվեց.

– Հայրդ ամբողջ կյանքում գողություն արեց, ի՞նչ ստեղծեց, որ ես ի՞նչ ստեղծեմ: Հորս խոսքն էր. «Գողություն անողը երդիկից դուրս կգա»: Ես գող չեմ, աշխատում եմ, դու էլ փորձիր: Աշխատողը գիշերը հանգիստ քնում է, իսկ գողը չի քնում: Խորհուրդ կտամ՝ անեծքից հեռու լինես. գիշերը քնիր, ցերեկն աշխատիր և անեծքից հեռու կլինես:

– Ես գնամ,- ասաց Մակիչը:

– Պոմիդոր լցրու, տար տուն, վերջին գողությունդ լինի:

Մակիչի գնալուց հետո հայրս փորձեց քնել: Կեսքուն-կեսարթուն էր, շունը նորից հարձակվեց: Նա փնթփնթալով դուրս եկավ պահակատնից և գնաց հաչոցի կողմը: Ի՜նչ վատ գիշեր էր: Հասավ շանը, տեսավ՝ դունչը քսում է ոզնու փշերին, հետ ցատկում: Փշերի վրա երկու պոմիդոր էր խրված:

– Արի, Ջեկո ջան, թող տանի, գուցե ձագերի համար է:

Սկսեց լուսանալ: Ժամը չորսը կլիներ: Հայրս պատմում էր, որ գողերը լուսադեմին են գնում ոչխար գողանալու, որովհետև շներն այդ ժամանակ քնում են:

Ջեկոն էլ քնեց: Հայրս ստիպված արթուն մնաց: Շուտով բոստանի մոտով անցան հանքի բանվորները: Ոմանք «բարի լույս» ասացին, ոմանք անցան առանց բարև տալու: Վերջապես վերջին մարդն էլ բարևեց ու անցավ: Բոստանչի հայրս հիշեց, որ մի ժամանակ ինքն էլ էր գնում հանքում աշխատելու: Մտամոլոր ուզեց մտնել պահակատուն, տեսավ՝ շունը խռմփալով քնած է. շանը նախանձելով ներս մտավ: Շուտով Ջեկոն արթնացավ. նշանակում է՝ քաղցած էր: Տերը կեր տվեց ու ասաց.

– Ջեկո ջան, դու բոստանին նայիր, ես քնեմ:

Շան հաչոցի վրա արթնացավ ու դուրս եկավ: Արևը հասել էր մոտակա ընկուզենու գագաթին. նշանակում է՝ կեսօր էր: Հեռվում մի ձիավոր երևաց. երևի նախագահն էր:

– Ապրես, Ջեկո ջան:

Ձիավորը եկավ ու իջավ բոստանի ցանկապատի միակ դռան մոտ: Հայրս իսկույն դուրս եկավ ու բռնելով ձիու սանձից՝ քաշեց, ծառից կապեց այնպես, որ ձիու դունչը հասնի խոտին: Նախագահը բարևեց ու ներս մտավ:

– Ներեցեք, ես գնամ բանջարեղեն քաղեմ:

Շուտով բեռնավորված եկավ, պահարանից հանեց կագոր գինին և երկու թեյի բաժակ:

– Տնաշեն, կհարբենք,- վախեցավ նախագահը:

– Կեսը խմիր,- ասաց հայրս,- ես բյուրեղապակյա բաժակներ որտեղի՞ց գտնեմ:

Նախագահը լռեց:

– Ես մտածում եմ, որ եթե պոմիդորներն այսպես բաժանում ես գյուղացիներին, պլանը ո՞նց կկատարես:

– Ես կկատարեմ և կգերակատարեմ, քո մասի՛ն մտածիր,- զայրացավ հայրս:

Նախագահը կմկմալով ասաց.

– Ինձ համար ուշ է:

Հորաքույրս նախագահի կինն էր: Երիտասարդ տարիքում մահացավ՝ թողնելով երկու երեխա՝ մի աղջիկ, մի տղա: Փեսան չամուսնացավ: Նրա մայրը խնամեց ու մեծացրեց երեխաներին:

– Դու հիսուն տարեկան ես, ցանկացած կին կգա քեզ մոտ ու ոտքերդ ջուր կանի, կխմի: Օրինակ, մեր գյուղացի Մարոն համեստ, սիրուն, կուլտուրական կին է. ա՛ռ:

– Մարոն ամուսնուն է սպասում: Ինքս եմ ստուգել. անհայտ կորած է:

– Ասեմ. մեր հարևան Դավթի կինը քույր ունի, ամուսինը զոհված է: Գնա ա՛ռ:

– Կմտածեմ,- հառաչելով ասաց նախագահն ու դուրս եկավ, ձի նստեց, գնաց:

Բոստանչի հայրս երկար նայեց փեսայի ետևից, հիշեց քրոջը, երեխաներին ու մտածեց. «Աստված ի՛նչ է անում. մեկին պահում է հարյուր տարի, մյուսի հոգին քսան տարեկանում առնում է: Աստված ինչե՜ր է ստեղծել. կենդանական աշխարհն ստեղծել է, մարդկանց տեր կարգել վրան»:

– Արի, Ջեկո ջան, Աստված արդար չի,- ասաց նա ու նստեց դրսի աթոռին:

Ննջեց: Շատը, քիչը չէր իմանում, շունը հաչեց: Արթնացավ, նայեց բոստանին, մարդ չկար: Նայեց ճանապարհին, տեսավ՝ մի մարդ սնկսնկալով գալիս է:

«Սա մեր բրիգադիրն է»,- ասաց ու գնաց դռան կողմը: Մարդը դանդաղ եկավ ու մտավ ներս:

– Ասում են՝ ամբողջ գյուղին բավարարել ես:

– Չուզողի աչքն էլ հանել եմ,- հանգիստ պատասխան տվեց հայրս,- մեր այգին, մեր անդամները: Ուզում են, թող այգում ուտեն, չեն ուզում, տարեք վաճառեք:

Բրիգադիրը զայրացավ.

– Քո ուզելով չի, կարգ կա. ամեն ուզողի որ տալիս ես, պլանը ո՞նց ես կատարելու:

– Կգնամ շուկայից կառնեմ, կբերեմ, պլանը կկատարեմ:

Վեճը վերջացավ:

– Ներս արի, սոված կլինես, հաց կեր: Երեխաներին պոմիդոր տար:

– Վաղը կասես՝ ամբողջը կերան, պլանը ո՞նց կատարեմ,- ասաց բրիգադիրն ու գնաց:

Հայրս դիմեց շանը.

– Ջեկո ջան, Աստված բրիգադիրի նման մարդուն ո՞նց է պահում:

Շունն ականջները սրեց և նայեց ուղիղ աչքերին:

– Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ի ծնե երեսիս կաշին բարակ է: Գյուղացիներ են, բոլորին էլ ճանաչում եմ, ո՞նց չտամ: Է,՜ դու էլ ինձ չհասկացար: Գնամ մի քիչ բանջարեղեն քաղեմ, երեկոյան ուտեմ:

Երեկո էր: Որոշեց ընթրել: Ներսից ոսկորներ բերեց, լցրեց շան առաջը: Հանկարծ շունը հարձակվեց դռան վրա: Չարչարվեց, որ շանը հետ պահի, նայեց. Քրիստափորն էր՝ հավաբուծական ֆերմայի հավապահը:

– Շանը պահիր, որ ինձ չուտի:

Միասին ներս մտան: Քրիստափորը տոպրակը դրեց սեղանին և ասաց.

– Դու չեկար, ես եկա. Աստված վկա՝ մի հավ է, մի քանի ձու:

– Ինչո՞ւ ես բերել: Մենք հավ էլ ունենք, ձու էլ: Քեզ նկատողություն կանեն:

– Ես մտածել եմ: Աղվեսը փախցնում է, սատկում են, գողը տանում է. հաշվապահը ձվերը չի հաշվի:

– Մերսի բերածի համար:

– Տնաշեն, ֆրանսերեն ե՞ս սովորել,- ծիծաղեց Քրիստափորը:

– Հիշում ե՞ս ախպարներին…

Շատ խոսեցին, մինչև որ մութն ընկավ:

– Գնամ տոպրակը լցնեմ,- ասաց հայրս:

Միասին գնացին: Տոպրակը լցրեց, Քրիստափորը վերցրեց, գնաց:

Ամառն աննկատ անցավ, եկավ աշունը: Ծառերի տերևները ծիածանի գույներ ստացան, ջուրը սառեց, արևի ջերմությունը սկսեց պակասել, աշունը մտավ իր պարտականությունների մեջ: Խուստուփ սարի կողմից կռունկների երամը եկավ, կտրուկ իջավ հավաբուծական ֆերմայի մարգագետիններին: Կես ժամ չանցած՝ առաջնորդող կռունկը կռնչաց, մյուսները զինվորների նման երկու կողմից իսկույն շարվեցին: Կռունկը թռավ՝ երամը տանելով դեպի արևելք: Ակամայից բերանդ բաց նայում էիր: Երամը կամաց-կամաց փոքրացավ և չքացավ օդում՝ ասես մի հուշ էլ տանելով: Հաջորդ օրը Խուստուփ սարը ծածկվեց ամպերով, հետո դրանք իջան ձորերը, հետո անտառները և եկան ուղիղ բոստան: Օրը ցերեկով մթնեց. մատով բզեիր, աչք դուրս կգար: Անձրևը սկսեց շաղել: Բոստանը մերկացավ: Կանաչ պոմիդորն ստիպված քաղեցին ու թթու դրին: Մոտակա ընկուզենին էլ մերկացավ, ընկույզները մնացին ճյուղերի վրա: Ամեն առավոտ ծեգին հայրս գնում էր հավաքելու: Շուտով քսակը լցվեց՝ մոտավորապես տասը կիլոգրամ: Մի օր էլ լուր ուղարկեց տուն: Էշին տարա, աման-չամանը, տեղաշորը հավաքեց, բարձեց ու եկավ տուն: Երեխաները միանգամից ժխոր բարձրացրին: Նա գրպանների պարունակությունը թափեց, երեխաները վերցրին ու հեռացան: Կինը ժպտալով մոտեցավ ու ասաց.

– Բոստանչին եկավ:

Ժպիտով նայեց կնոջն ու բեռն իջեցրեց:

Հաջորդ օրվանից սկսվեցին սովորական օրերը: Առավոտը գնում էր անտառ, երեկոները գալիս էր տուն, մինչև որ պահեստը փայտով լցրեց:

Հոկտեմբերի վերջն էր: Ցերեկներն արևոտ էին. ծերունիները հավաքվում էին պատերի տակ, պատմում էին հին արկածների մասին, իսկ թոռները նրանց շուրջը պահմտոցի էին խաղում: Երեկոները հերթը փոխվում էր. երիտասարդները խաղում էին, ծերերը՝ քնում: Գյուղը բարձունքի վրա էր, երկնակամարը ուղիղ գյուղի վրա էր իջնում: Լուսինը պողպատի նման սառն էր, իսկ աստղերը շրջապատում էին նրան, կարծես ուզում էին լույս գողանալ:

Երիտասարդները խաղում էին, մինչև ստամոքսները շան պես գռմռում էին, գալիս էին մածնի բրդոշ անում, ուտում ու մեռածի պես քնում:

Տարին խաբուսիկ էր: Աշխարհը միանգամից լցվեց ձյունով: Անտառում արջերն աճապարեցին մտնել որջերը, ամեն կենդանի մտավ իր բունը. մնացին խեղճ նապաստակները, որոնք խրվում էին ձյան մեջ ու սառչում կամ էլ որսորդի գնդակից ձյան ճերմակը ներկում սեփական արյունով: Գյուղի հակառակ լանջի անտառում գայլերը ոռնում էին՝ սպառնալով խեղճ գյուղացիների ոչխարը տանել կամ գոմերը քանդել: Գյուղը տնքում էր հոգսերի մեջ: Միանգամից բազմաթիվ ծխնելույզներ պարզվեցին գյուղի վրա՝ գալարվելով օձի նման: Մարդիկ հագնում էին հնուց մնացած բաճկոնները կամ մնում էին տաք վառարանների մոտ՝ չրթելով ընկույզը, պնդուկը կամ դդումի կորիզը: Անասունները մնացին գոմերում, հավերը մնացին բներում. գյուղացու օրը տանն էր: Գիշերը լուսինը սառչում էր: Շրջապատի ջրերը ցերեկվա արևը չէր հասցնում տաքացնել:

Դեկտեմբերի քսանն էր: Հայրս առավոտ շուտ արթնացավ ու փորձեց լվացվել: Լվացարանը սառել էր: Շարժեց, չեղավ: Գնաց, որ տաք ջուր բերի, լցնի լվացարանը: Կատարածուն կանչեց: Իսկույն թողեց ջուրն ու գնաց բակ: Կատարածուն նորից կանչեց, լսեց.

– Երեկոյան ժամը յոթին ակումբում ժողով է, բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հետո հանգիստ իջավ կոլտնտեսության գրասենյակի կողմը:

Օրը շուտ անցավ: Ակումբը լեփ-լեցուն էր: Բեմում նստել էին նախագահը, հաշվապահը և շրջկոմի տեսուչը: Հաշվապահը կոտրատվելով վեր կացավ, մատյանը ձեռքով ուղղեց ու կարդաց.

– Հարգելի՛ հասարակություն, տարին լավ, վատ, անցավ: Եղան լավ օրեր, անձրևային օրեր:

Գինոսը չդիմացավ.

– Կա՛րճ խոսիր:

Հաշվապահն աչքի պոչով նայեց Գինոսին և շարունակեց.

– Պլանները իննսուն տոկոսով կատարել ենք. դաշտավարական բրիգադները՝ հարյուր տոկոսով, հավաբուծական ֆերման՝ հարյուր տոկոսով, բանջարաբոստանային բրիգադը՝ հարյուր տոկոսով…

Բոստանչի հայրս նայեց բրիգադիրին ու ասաց.

– Քո վատությունը մնաց, պոմիդոր չկերա:

Մոտիկ նստած մարդիկ ծիծաղեցին:

Հաշվապահը շարունակեց.

– Մեղվաբուծական ֆերման կատարել է (մի պահ նայեց մարդկանց) իննսուն տոկոսով:

Գինոսն իսկույն վեր կացավ և գոռալով ասաց.

– Հարգելի՛ հասարակություն, շրջկոմի տեսուչին կաշառել է. տարին լավն էր, անձրև էր, ծաղիկները շատ էին, ինչո՞ւ պլանը չկատարեց:

Ժողովրդի մեջ ժխոր բարձրացավ: Տեղից վեր կացան և քայլեցին դեպի բեմը: Տեսուչը շառագունեց.

– Սպասե՛ք, ես կպատմեմ:

Մարդիկ բարձրացան բեմ և տեսուչին սեղմեցին պատին: Տեսնելով՝ ուշ է, ելք չունի, սկսեց պատմել: Ժողովուրդը մի քայլ ետ գնաց և պատրաստվեց լսելու:

Տեսուչը դողդողալով պատմեց.

– Երբ գնացի պահեստ, հաշվապահը, բրիգադիրն ու պահեստապետն այնտեղ էին: Իսկույն վեր կացան ու գրկեցին ինձ:

– Ղուլյան ջան, լավ է՝ քեզ են ուղարկել:

– Ինչո՞ւ:

– Հիմա կասեմ:

Ես նստեցի: Սեղանի վրա մի թուղթ կար: Բրիգադիրը քաշեց մոտս ու ասաց.

– Եթե ուզում ես մեղր ուտել ու տանել, ստորագրիր:

Ես կարդացի թուղթը: Սպիտակի վրա սևով գրված էր. «Գիշերն արջը եկել է և մեղվանոցում երեք փեթակ փչացրել, որը կազմում է 120 կիլոգրամ»: Եվ երեքով ստորագրել էին: Չորրորդն էլ ես էի, ստորագրեցի: Պահեստապետն ամանը բերեց, լցրեց ու ասաց.

– Հինգ կիլոգրամ է, վաղը կտանես:

Գինոսն իսկույն խառնվեց.

– Արջը անխելք չի, որ երեք փեթակ խառնի: Մեկը բացում է, մի շրջանակ է հանում, տանում է ջրի մոտ ու լցնում մեջը: Մեղուները թռչում են կամ սատկում, հետո արջը վերցնում է, ուտում:

Մարդիկ Գինոսին պաշտպանեցին: Նախագահը զայրացավ.

– Վաղվանից երեքն էլ աշխատանքից ազատված են:

Գինոսը վեր կացավ ու հանգիստ ասաց.

– Հարգելի՛ հասարակություն, ես ասեմ, դուք պաշտպանեք: Հարությունյան Արամայիս՝ հաշվապահ, Հովհաննիսյան Իսկուհի՝ պահեստապետ, Մկրտչյան Մարո՝ բրիգադիր. երեքն էլ զոհվածի ընտանիքներից են, թող ապրեն:

Մարդիկ իսկույն ձեռք բարձրացրին: Ժողովը վերջացավ: Ըստ թաղամասերի բաժանվեցին և վիճելով գնացին տուն: Հայրս, Դավիթն ու Հարությունը վիճելով եկան մեր թաղամասը: Հարությունը Ղուլյանին ասաց.

– Մատնելու եմ:

– Բավական է,- միջամտեց հայրս,- թող մարդիկ ապրեն և իրենց սխալն ուղղեն:

– Մինչև մտածեն, ուշ կլինի:

Հայրս հոգոց հանելով ասաց.

– Աստված տեսնում է և ամեն մեկին իր չափով է պատժում:

– Մեզ մատներից զրկեցին, տղայի ոտքը կտրեց, ուզում ես մեծ տղային էլ մատնե՞ս:

Հարությունը լռեց:

Հայրս մտավ բակ: Երեխաները շրջապատեցին նրան: Մայրս հեռու էր. տեսավ զայրացած է, հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

Ամուսինն ամբողջը պատմեց և ասաց.

– Հարությունն ուզում է մատնել:

Կինը հապճեպ պատասխանեց.

– Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա: Քո մասին պատմիր:

– Ինձ հետ ամեն ինչ լավ է: Ամբողջ գյուղը օրհնում է ինձ: Պլանը կատարել եմ, էլ ի՞նչ ես ուզում:

– Ոչինչ,- ասաց ու սկսեց տեղաշորը փռել:

Շուտով քնեցին: Երազում տեսավ՝ իբր Ղուլյանին աշխատանքից հեռացրին, տեսավ նաև մեղվանոցի պահակին: Արթնացավ ու բոթեց կնոջը: Կինը փնթփնթալով վեր կացավ.

– Ի՞նչ է պատահել:

Երազը պատմեց:

– Գարունը կբացվի, կտեսնենք, քնիր,- ասաց կինն, ու երկուսն էլ քնեցին…

Բարին ընդ ձեզ…

0 կարծիքներ

Կարծիք գրառել

Ցանկանո՞ւմ եք կարծիք գրառել։
Ազատ զգացեք և արտահայտվեք։

Գրեք Ձեր կարծիքը։

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվելու։