ՕՐՎԱ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

ՕՐՎԱ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Ամեն օր առավոտյան աշխատանքի եմ շտապում պարտականություն կատարելու պես: Միշտ նույն սենյակները, նույն ընկերներն ու ընկերուհիները: Օրվա ընթացքը նույնիսկ ձանձրալի է դառնում: Կեսօրին մտնում ենք ճաշարան կամ էլ տնից բերած զանազան ուտեստները շարում ենք կենտրոնական սեղանի վրա և ուտում մեծ հաճույքով:

Այդ օրը կինս տանը չէր: Ես աշխատանքի գնացի ձեռնունայն: Կեսօրին ստիպված ճաշարան մտա: Վերցնելով բորշ և բրնձով փլավ՝ նստեցի անկյունի սեղանի մոտ ու սկսեցի ուտել: Մի քանի րոպե անց մեկը եկավ և առանց հարցնելու նստեց՝ իր բեռը դնելով սեղանին: Գլուխս բարձրացրի և ի՞նչ տեսնեմ. Աշոտն էր՝ իմ զինվորական ընկերը: Նա նկատել էր ինձ և որոշել հանկարծակիի բերել: Մենք արագ ճաշեցինք ու դուրս եկանք: Աշոտն առաջարկեց երեկոյան հանդիպել Քսանվեց կոմիսարների այգում: Միմյանց հրաժեշտ տվեցինք մինչև երեկո:

Այգում զով էր ու աղմկոտ: Մարդիկ զբոսնում էին զույգերով՝ երիտասարդ կամ միջին տարիքի: Մենք վերհիշում էինք մեր անցած օրերը՝ միաժամանակ նայելով անցորդներին: Մի երիտասարդ աղջիկ անցավ՝ գրավելով մեր ուշադրությունը: Աշոտը նայեց ու զարմանքով ասաց.

– Ինչքան նման է Աննային:

– Ի՞նչ Աննա,- ոչ պակաս զարմանքով հարցրի ես:

Աշոտը պատմեց իր գլխով անցածը. «Շաբաթ օր էր: Արթնացա արևի շողերի ջերմությունից: Պատշգամբից լսվում էր թռչունների երգը: Հագնվեցի, լվացվեցի և նստեցի հեռուստացույցի առջև: Երեխաները դեռ քնած էին, իսկ կինս խոհանոցում ճաշ էր պատրաստում: Հոտից զգում էի, որ ծանոթ ճաշ է, բայց չկարողացա հստակ իմանալ: Հեռուստացույցով «Սայաթ-Նովա» ֆիլմն էր: Ես կլանված նայում էի և մերթընդմերթ հետը երգում: Երեխաներն արթնացան ու շրջապատեցին ինձ: Մեկ էլ մի թեթև հպում զգացի. կինս էր: Նա թեթևակի համբուրեց ինձ և խորամանկ ժպիտով ասաց.

– Այսօր կարևոր հանձնարարություն ունես: Հաջողությամբ կատարելու դեպքում երեկոյան ավելի ջերմ համբույր կստանաս:
Այս ասելով՝ մեկնեց մի թղթի կտոր, որի վրա գրված էր. «Օճառ՝ տասը հատ, ամանների մածուկ՝ հինգ հատ, լվացքի փոշի՝ տասնհինգ հատ»: Նայեցի թղթին ու դրեցի գրպանս: Ֆիլմը վերջացավ: Վերջին մեղեդու հետ հոգոց հանելով՝ մտքումս կրկնեցի բառերը. «Սիրով մնաց Սայաթ-Նովան»: Կինս ձայն տվեց.

– Դե՛, Սասնա՛ ծռեր, հավաքվեք սեղանի շուրջը:

Մենք վայրկենական շրջապատեցինք սեղանը: Կինս բերեց ափսեները:

– Տե՜ր Աստված, խաշիլ է:

Դա Սյունյաց աշխարհի ճաշատեսակներից է, որի պատրաստումը երեք փուլից է բաղկացած: Նախ ցորենի աղանձն աղում են երկանքով կամ հատուկ աղացով: Ստացված մթերքը լցնում են սովորական ջրի մեջ ու եփում, մինչև թանձրանա: Յուղը հալեցնում են, սոխառած անում, այնուհետև չորթանը հարում են, թան ստանում, ապա կենտրոնում փոս են անում ու լցնում հալած յուղը: Ուտելու կարգն էլ սա է. գդալը թաթախում ես յուղի մեջ և զգուշությամբ խառնում թանի հետ, այնպես որ բերանդ չվառի: Այս բարդ գործողությունը կատարելով՝ կերանք և մեր ճաշից գոհ՝ վեր կացանք: Վերցնելով երկու պայուսակ՝ դուրս եկա կնոջս տված առաջադրանքը կատարելու: Ամենքը շտապում էին իրենց գործերով՝ կարծես մեկմեկու չնկատելով: Անցա մոտ հարյուր մետր: Դիմացից գալիս էր հին ծանոթներիցս մեկը: Նա հագել էր սև անդրավարտիք ու սև շապիկ: Պարզ երևում էր, որ դժբախտություն է պատահել: Բարևեցի և դեմքիս լուրջ արտահայտություն տալով՝ հարցրի.

– Սուրիկ ջան, ի՞նչ է պատահել:

– Աստված քեզանից հեռու տանի, Աշոտ ջան, կինս է մահացել ավտովթարից: Այժմ գլուխս կորցրած՝ չգիտեմ ինչ անեմ երեխաների հետ:

Ես համբերություն ցանկացա և անցա. մտածեցի՝ ինչ լավ է, որ իմ կնոջը բան չի պատահել: Արդեն հասել էի կենտրոնական հանրախանութին: Հեռվում երևաց ընկերս: Դեմքի արտահայտությունից երևում էր, որ վատ տրամադրություն ունի: Ես երկյուղած ուզում էի խույս տալ հանդիպելուց, բայց նա եկավ ուղիղ իմ կողմը:

– Բարև, Աշոտ: Վաղուց է՝ քեզ չեմ տեսել:

– Աշխատանքով եմ զբաղված,- պատասխանեցի ես և առանց հապաղելու հարցրի, թե ինչու է դեմքն այլայլված:

– Էլ մի՛ հարցրու. այս կյանքն այնքան բարդ է, որ չգիտես էլ ում մեղադրես: Կինս փախել է սիրածի հետ և երեխաներին գլխիս կապել:

– Ավելի լավ չէ՞ր՝ չամուսնանայիք: Հիմա ով ում հետ ուզում է, թող ապրի: Երեխաներն էլ ընդհանուր կլինեն:

Հրաժեշտ տալով ընկերոջս՝ հայացքս հառեցի երկնքին ու քայլում էի՝ մտքումս աղոթելով Աստծուն: Չնկատելով կանգառում տեղադրված նստարանը՝ ոտքով ուժեղ հարվածեցի դրան: Ինքս ինձ կշտամբելով՝ շարունակեցի ճանապարհս. ավելի լավ է՝ ուշադիր լինեմ, գլուխս չջարդեմ: Այսպես ոտքս մրմռալով մտա տնտեսական խանութ: Խանութի վարիչ Միքայելն ընդառաջ եկավ ու կեսկատակ հարցրեց.

– Ի՞նչ կուզեք, պարոն:

Ես հայտնեցի ցուցակիս պահանջը:

– Օճառն ու ամանների մածուկը կստանաս, բայց լվացքի փոշի չկա: Հա, չմոռանամ ասել՝ ափսեների հավաքածու կա, շատ լավն է. վերցնես, չես զղջա, աղջկա տեր ես:

Ես  այդ բոլորը վերցրի, վճարեցի կրկնակի և մի շնչով տուն հասա: Կինս դիմավորեց և իսկույն ևեթ ձեռքիցս վերցնելով՝ բացեց:

– Ապրես,- հիացմունքով ասաց նա:- Միշտ ասում էի, որ դու խելոք տղա ես, բայց քանի որ ցուցակս չես լրացրել, ստիպված պետք է կրկնես ճամփորդությունդ:

Այս ասելով՝ նա ձեռքիս մեջ դրեց երկրորդ թուղթը:

– Շուկա էլ կանես:

Ինձնից գոհ՝ վերցրի պայուսակները և նորից դուրս եկա: Գնացի ուղիղ շուկա: Ճանապարհի երկու կողմերում շարված էին զանազան մրգեր ու բանջարեղեն: Վաճառողներից ամեն մեկն իր ապրանքն էր գովում ու համոզում առնել: Նրանց ճանկից հազիվ պոկվելով՝ հասա շուկա, որտեղ շատ աղմկոտ էր, ու ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ իրար հրմշտելով անցնում էին մի ապրանքից մյուսին և սակարկելով գնումներ անում: Տարբեր տեսակի մրգեր, ձմերուկ, սեխ, պոմիդոր ու վարունգ. այս ամենն այնպես էր շարված, որ ասես համտեսի էին հրավիրում: Մի տեղ մալաչա տանձ կար. ով կերել է, միայն նա համը կիմանա: Ես ընտրեցի լավերը և խնդրեցի երկու կիլոգրամ կշռել: Հետո մոտեցա ձմերուկին. ընտրեցի և դանակ խնդրեցի փորձելու համար: Վաճառողը խիստ նայեց ինձ ու ասաց.

– Քո ընտրած ձմերուկը փորձելու կարիք չունի:

Այս ասելով՝ դանակն ուղղակի տնկեց ձմերուկի մեջ: Ձմերուկը ճռռաց ու ճաքեց:

– Բավական է,- սաստեցի ես:

Այնուհետև որոշ մանր բաներ ավելացնելով՝ զգացի, որ պայուսակումս տեղ չմնաց: Ծանրաբեռնված գնացի տնտեսական խանութ: Հասնելով նկատեցի, որ ներսից մի գեղեցիկ կին ինձ է նայում: Լիանան էր, որի հետ մի ժամանակ աշխատել էի: Ես մի պահ կանգ առա և հետաքրքրությամբ նայեցի նրան՝ կարծես աչքերիս չհավատալով:

– Մի՛ ամաչեք, նե՛րս եկեք,- դիմեց ինձ Լիանան:

Ես սթափվեցի և հավաքելով մտքերս՝ ներս գնացի:

– Բարև, Լիանա:

– Բարև, Աշոտ ջան,- ու ձեռքը մեկնեց:

Նրա փափուկ թաթիկն առա իմ կոպիտ ձեռքի մեջ, ու ասես էլեկտրական հոսանք անցավ մարմնովս: Սիրտս կարծես մի պահ կանգ առավ: Ինձ կորցնելով՝ մոռացա բաց թողնել Լիանայի ձեռքը:

– Ա՛յ տղա, ձեռքս բա՛ց թող,- բողոքեց նա:

Ամոթի զգացումը պատեց ինձ: Ես թուլացրի մատներս և Լիանայի փափուկ թաթիկը բաց թողեցի: Նա ծիծաղեց և առաջարկեց դիտել ցուցափեղկերը:

Լիանան բնատուր գեղեցկուհի էր: Նրա սև մազերն իջնում էին մինչև ուսերը՝ խոպոպներ դառնալով, աչքերը կարծես սև խաղողի հատիկներ լինեին՝ ամփոփված աղեղնաձև հոնքերի ներքո: Ուղիղ քիթն իջնում էր գեղեցիկ բերանի վրա: Նա ուներ սլացիկ հասակ և մարզված ոտքեր: Նրան նայելիս հաճույք էիր ստանում: Հագուստը ձիգ նստում էր մարմնի վրա. ոչ մի ավելորդ ծալք չկար: Ես ավելի շատ նրան էի նայում, քան ցուցափեղկերին: Այնուամենայնիվ, նկատեցի, որ ցուցափեղկերում լվացքի փոշի չկար: Անտրամադիր նայեցի Լիանային ու հարցրի.

– Լվացքի փոշի չունե՞ս:

– Մի՛ անհանգստացիր, ինչ էլ որ լինի:

Ժամը տասներկուսից հինգ րոպե էր պակաս: Լիանան ինձ առաջնորդեց դեպի պահեստային մասը: Պահեստի պատերի տակ մոտ երկու մետր բարձրությամբ դարսված էին լիքը արկղեր: Աջ անկյունում տեղադրված էր թախտը, իսկ կենտրոնում՝ մի փոքրիկ սեղան, որի շուրջը չորս փափուկ աթոռ կար: Ձախ կողմից՝ պատի կենտրոնում, ամրացված էր լվացարանը, որի վրա իջնում էր արծաթագույն ծորակը: Սեղանից աջ տեղադրված էին փոքրիկ պահարանն ու սառնարանը: Լիանան գնաց դեպի լիքը արկղը և ուզեց բացել, բայց նույն րոպեին լսվեց դռան ձայնը: Նա թողեց արկղը և շտապեց խանութ: Ինչ-որ հաճախորդի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո վերադարձավ՝ իմ պայուսակը ձեռքին:

– Դուռը փակեցի: Կարող ենք հանգիստ նստել:

Ապա կեսկատակ-կեսլուրջ շարունակեց.

– Դուք չե՞ք բարեհաճի ինձ հետ ճաշել:

– Մեծ հաճույքով,- պատասխանեցի ես:

Լիանան սկսեց արագ պատրաստել սեղանը, իսկ ես պարապ չմնալու համար վերցրի դանակն ու սկսեցի կտրտել ձմերուկը: Շուտով սեղանի վրա երևացին ապխտած երշիկ, պանիր, խաշած միս, պեպսի-կոլա և այլ մանրուքներ: Լիանան գոհ նայեց ինձ և առաջարկեց սկսել:

– Մի րոպե, ես մտնեմ կողքի մթերայինը:

– Վա՜յ, ինչ անֆայմն եմ. տղամարդու հետ սեղան եմ նստել և մոռացել օղին:

Անմիջապես սեղանի կենտրոնում տնկվեց օղու շիշը:

– Ա՛յ հիմա սկսենք,- ասացի ես՝ գոհ-գոհ նայելով սեղանին:

Շիշը բացեցի, բաժակները լցրեցի: Լիանան առաջարկեց խմել մեր կենացը: Բաժակները խփեցինք իրար ու խմեցինք: Լիանան բաժակը դրեց սեղանին, գողտրիկ հայացքով չափեց ինձ, հետո իբրև թե միամիտ՝ արձակեց շրջազգեստի առաջին կոճակը: Երևաց նրա կրծքերը միացնող գիծը, որն ինձ անտարբեր չթողեց: Նա հանեց կոշիկները՝ անփույթ կերպով ետ տանելով շրջազգեստի փեշը: Տեսնելով ոտքի բաց մասը՝ մի հաճելի սարսուռ անցավ մարմնովս: Ձգվելով դեպի Լիանան՝ ձեռքս հպեցի ոտքին և համբուրեցի կրծքի ամենագեղեցիկ մասը, որ արդեն բաց էր: Լիանան էլ ակամայից ձգվեց դեպի ինձ և գրկեց մեջքս: Դա ինձ համար վստահության ազդանշան էր: Ես դանդաղ վեր կացա և գրկելով նրա մարմինը՝ տարա դեպի թախտը: Այդ ընթացքում նա ագահաբար համբուրում էր ինձ: Զգուշությամբ իջեցրի նրան և նույն կերպ էլ պառկեցրի թախտին: Մենք սկսեցինք փոխադարձաբար արձակել միմյանց կոճակները: Երբ ազատվեցի Լիանայի ոտքերը միացնող վերջին կապանքից, նա ամբողջ մարմնով ձգվեց թախտի վրա և ձեռքերը պարզեց ինձ: Նայում էի նրա ձյունաթույր մարմնին ու հիանում: Լիանան ամբողջ ուժով ինձ ձգեց դեպի իրեն և ձուլվեց ինձ՝ ջանալով վայելել ողջ հաճույքը: Երբ հագեցավ, թևերը թուլացան, և թողեց ինձ: Ես շուռ եկա ու պառկեցի կողքին: Նա անդադար համբուրում էր իմ բաց մարմինը և կրկնում.

– Դու ինձ հանդիպած տղամարդկանցից ամենահաճելին ես:

Վերջապես հագնվեցինք: Լվացվելուց հետո մոտեցանք սեղանին ու շարունակեցինք ճաշը: Խմեցինք երկրորդ բաժակը և վերջում ճաշակելով սառը ձմերուկը՝ վեր կացանք: Լիանան ջերմորեն համբուրեց ինձ ու ասաց.

– Մեկ-մեկ հանդիպենք, ես խիստ կկարոտեմ քեզ:

Նա բացեց արկղը և տասը տուփ փոշի հանեց: Ես դրանք դատարկ պայուսակիս մեջ դրեցի և հրաժեշտ տվեցի: Երբ դուրս եկա, չէի կարողանում հավատալ կատարվածին: Ուշքի գալով՝ գնացի դեպի ձմերուկների կույտը:

– Հա՜, ձմերուկդ խլեցի՞ն ձեռքիցդ:

– Ոչ թե խլեցին, այլ կերանք:

– Անուշ լինի,- խորամանկ ժպիտով ասաց վաճառողը և երկրորդ ձմերուկն առաջարկեց:

Ես ուրախ-ուրախ վերադարձա տուն: Կինս, պատշգամբում կանգնած, անհանգիստ նայում էր փողոցին: Ինձ տեսնելով՝ հանգստացավ ու ներս գնաց: Ես էլ հանգիստ ներս մտա և բեռս հպարտորեն դնելով խոհանոցի սեղանին՝ ասացի.

– Տիկին, բարեհաճեք Ձեր խոստումը կատարել:

Կինս, խորը զննելով ինձ, կատակեց.

– Մենք պայմանավորվել ենք երեկոյան:

Ես գրկեցի նրան և պինդ համբուրելով՝ ասացի.

– Քո բաժինը թող մնա երեկոյան:

Դուռն անհանգիստ բախեցին: Կինս վազեց բացելու: Երեխաներն էին: Նրանք ներս վազեցին ու գրկեցին ձմերուկը, որը շատ շուտով մորթեցինք: Որդիս ագահաբար լցրեց իր ափսեի մեջ ու սկսեց խժռել: Դուստրս, որ վեց տարեկան էր, նկատեց.

– Վախենում ես ձեռքիցդ առնե՞ն:

Օրը շատ հետաքրքիր ու հաջող անցավ: Երեկոյան՝ քնելուց առաջ, կնոջիցս ստացա խոստացած համբույրը: Գիշերը հանգիստ քնեցինք: Առավոտյան նրա ձայնն արթնացրեց ինձ.

– Վե՛ր կաց, գործից կուշանաս:

Ամբողջ շաբաթ կռիվ էի տալիս մտքերիս հետ և անհամբեր սպասում շաբաթ օրվան: Վերջապես եկավ սպասված շաբաթը: Առավոտյան կինս հայտնեց, որ ծնունդի ենք հրավիրված: Դա ինձ համար պատերազմ գնալուն հավասար մի բան էր: Իհարկե ես չվիճեցի, գերադասեցի լռել և անվրդով հարցրի.

– Ժամը քանիսի՞ն ենք հրավիրված:

– Ժամը տասնվեցին:

– Մինչև ժամը տասնվեցը մի ամբողջ օր կա:

– Ի՞նչ ես ուզում ասել:

– Ուզում եմ ասել, որ կարելի է գնալ շուկա՝ թուզ առնելու, հետո ուշ կլինի:

– Աշոտ ջան, ի՛նչ խելոք տղա ես. մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ:

– Ի՞նչն է վատ,- դժգոհեցի ես:

– Դե, որ անպայման ուզում ես դուրս պրծնել տնից:

– Տղամարդու տանը մնալը ձեռնտու չէ:

– Գնա, բայց լավ թուզ կբերես:

Հարցը լուծվեց շատ հանգիստ: Ես վերցրի պայուսակն ու դուրս պրծա: Մի շնչով հասա շուկա: Մուտքի մոտ մարդիկ հավաքվել էին և իրար հրմշտելով՝ փորձում էին ներս մտնել: Միլիցիոները գոռում էր ու պահանջում սպասել: Ես մոտեցա և ժխորից հեռու կանգնած ծերունուն հարցրի.

– Այս ի՞նչ է պատահել:

– Ոչինչ, ձմերուկ վաճառողին ծեծեցին: Ձմերուկները բոլորը խակ էին:

Ժողովուրդը հանդարտվեց: Ներս մտնելով առաջացա դեպի տնտեսական խանութը: Մարդիկ կանգնած սպասում էին վաճառողին: Ես նույնպես կանգնեցի և սկսեցի ուսումնասիրել ցուցափեղկում դրված ապրանքները: Պահեստից դուրս եկավ վաճառողն ու մոտեցավ կողքիս կանգնած ծեր կնոջը.

– Սա էլ Ձեր օճառը:

Հետո սկսեց հերթով ճանապարհել գնորդներին: Բայց, ա՛յ քեզ զարմանք, վաճառողը Լիանան չէր, չնայած նրան շատ էր նման: Սա ավելի գեղեցիկ ու ավելի թարմ տեսք ուներ: Բոլորին ճանապարհելուց հետո դարձավ ինձ.

– Լսում եմ Ձեզ:

– Ես ուզում եմ Լիանային հանդիպել:

– Իսկ ես, հակառակը, չեմ ուզում լսել նրա մասին: Գուցե գլխավոր պատճառներից մեկն էլ դո՞ւ ես:

Կարծես մահվան դող անցավ մարմնովս: Ես մտածեցի՝ գուցե նրանց բաժանման պատճա՞ռ եմ դարձել: Վաճառողի ձայնն արթնացրեց ինձ.

– Այսօր նա տեղ է գնացել, ես եմ փոխարինում: Ասեք՝ ինչ եք ուզում:

Ես շիվարեցի, լեզուս կապ ընկավ:

– Դուք եկել եք նրա հետ ճաշելո՞ւ: Դե ինչ, Ձեր բախտը չբերեց:

– Բայց ինչո՞ւ:

– Գուցե դուք կբարեհաճեք ինձ հե՞տ ճաշել: Ես ոչ մի հարցում նրանից պակաս չեմ: Դե, արագ որոշեք, դուռը փակում եմ: Ձեզ մի՛ կորցրեք, կողքի խանութից մի շիշ օղի վերցրեք, եկեք:

Ես ակամայից կատարեցի նրա հրամանը: Օղին ձեռքիս ներս մտա: Նա մարտական տեսքով դիմավորեց ինձ: Իսկույն դուռը փակեց և ուղղվեց դեպի պահեստի դուռը: Ես հետևեցի նրան: Ամեն ինչ նույնն էր, միայն մի անկյունում չորս գեղեցիկ արկղ էր ավելացել: Մոտեցա, օղին դրեցի սեղանի կենտրոնում և գնացի լվացվելու: Վաճառողուհին արագ հանեց ամեն ինչ և պատրաստեց սեղանը:

– Աննա,- ներկայացավ նա:

Ես նույնպես շտապեցի ներկայանալ.

– Աշոտ:

Օղիով լի բաժակները խմեցինք և սկսեցինք ուտել: Շատ անհանգիստ էի: Այդ ներկայացումն ինձ դուր չէր գալիս: Աննան ավելի մոտիկ նստեց և գիտակցաբար բացեց կուրծքը: Նա այնքան գեղեցիկ էր, որ ձեռքս դողաց: Չնայած դրան՝ ես ձեռք չտվեցի: Մի անհայտ ուժ հետ էր պահում ինձ: Աննան ժպտում էր և ավելի մոտենում: Նա բոլոր կոճակներն արձակեց ու կպավ ինձ: Ես ինձ կորցրել էի: Իմ կողքին ասես ոչ թե երիտասարդ, թարմ ու գեղեցիկ աղջիկ էր, այլ փայտյա մարմին: Աննան ուրիշ հայացքով էր նայում ինձ, ոնց որ արծիվը՝ որսից առաջ: Վերջապես պայթեց: Նա վեր կացավ տեղից, վերցրեց հացի դանակը և մարտական դիրք ընդունեց:

– Դու քանդել ես մեր ընտանիքը, երեխաներին զրկել իրենց մորից ու ծաղր դարձրել հարևանների մոտ: Դե, աղոթիր, վերջին րոպեդ եկել է:

Նա բարձրացրեց դանակը և նշան բռնելով ուղիղ սրտիս՝ իջեցրեց այն: Ես հազիվ խույս տվեցի և բռնեցի դանակը: Աննան թպրտում էր՝ փորձելով դուրս պրծնել ձեռքիցս: Վերջապես դանակը խլեցի և ձեռքը բաց թողեցի: Նա հետ-հետ գնաց ու ձեռքն արագ տանելով շրջազգեստին՝ պատռեց, ինչքան ուժ ուներ:

– Այժմ դու կփտես բանտում՝ որպես բռնաբարության փորձ կատարող,- ասաց ու վազեց դեպի հեռախոսը:

Ես թռա տեղիցս ու հեռախոսը խլեցի: Աննան բազեի նման բացեց ճանկերը՝ փորձելով ճանկռտել երեսս: Մի կերպ հանգստացրի:

– Դու ճիշտ ես,- ասացի,- բայց ես քո մայրիկին ոչ մի առիթ չեմ տվել:

– Դո՛ւք՝ տղամարդի՛կդ, բոլորդ էլ այդպիսին եք. մեղքը երբեք ձեզ վրա չեք վերցնում:

– Խնդրում եմ, Աննա, հանգստացիր:

Աննան կարծես թե սառեց և նստեց աթոռին: Ես խորը հոգոց հանեցի և նույնպես նստեցի: Նույն վայրկյանին Աննան հանգիստ թեքվեց աթոռի վրա և ընկավ հատակին:

– Ա՛յ քեզ խաթաբալա:

Ես վրա հասա, որ բռնեմ, բայց ուշ էր: Մի կերպ գրկեցի և պառկեցրի թախտին: Հետո ջուր բերեցի և ցանեցի երեսին: Աննան ցնցվեց ու բացեց աչքերը: Զգալով, որ թախտի վրա է, վեր թռավ տեղից ու նստեց: Ես հեռու կանգնեցի և շտապեցի հասկացնել, որ վատ է զգացել: Համոզվելով՝ Աննան ուղղեց շորերն ու ասաց.

– Ներիր, ես չէի ուզենա սարքել այս ներկայացումը: Վրեժի ուժը մոռացնել տվեց, որ դու էլ ընտանիք ունես: Ի՞նչ արած, ստիպված եմ նահանջել:

Ես նստեցի Աննայի կողքին և աղերսագին ասացի.

– Աննա, արի վերջ տանք այս թատրոնին:

Նա մոտեցավ սեղանին և վախվխելով կանչեց ինձ: Մոտ նստեցի և սպասում էի հրամանի:

– Ուզո՞ւմ ես այստեղից անվնաս դուրս գալ:

– Իհարկե,- հազիվ արտաբերեցի ես:

– Դու պետք է կատարես իմ պայմանը: Վաղը ժամը տասնմեկին գալիս ես «Հատիս» ռեստորան, ինձ երեք հազար ռուբլի ես հանձնում և ազատ ես:

Ստիպված համաձայնվեցի: Խանութից դուրս գալով՝ ազատ շունչ քաշեցի և գնացի դռան մոտ դրված թզի կողմը: Գնեցի և ընկա մտածմունքի մեջ. «Երեք հազար ռուբլի ումի՞ց վերցնեմ…»: Հիշեցի ընկերոջս, որն առաջին անհաջող ամուսնությունից հետո միայնակ էր մնացել: Տունը հենց ճանապարհի վրա էր: Վահանն ինձ ընդունեց զարմանքը դեմքին:

– Ա՛յ տղա, ի՞նչ է պատահել, ոնց որ արջի ձեռքից փախած լինես:

– Դու չես սխալվում, այդպես էլ կա,- ու պատմեցի գլխովս անցածը:

– Դու առաջինը չես, ոչ էլ վերջինը,- արդեն առանց զարմանքի ասաց Վահանը:- Այդ լրբերը ամեն ինչի ընդունակ են, լավ ես պրծել: Փառք տուր Աստծուն, որ բռնաբարություն չի կապել վզիդ:

Վահանը հանեց հավաքած ամբողջ դրամը և հաշվեց:

– Ներիր, եղբայրս, երկու հազար ութ հարյուր հիսուն ռուբլի է:

– Ոչինչ, մնացածը ես կավելացնեմ:

Տուն վերադարձա անտրամադիր:

– Ի՞նչ ես նոթերդ կիտել,- հարցրեց կինս:

– Ոչինչ, ուղղակի շուկայի մոտ մի տղայի լավ ծեծել էին, աչքիս առաջից չի հեռանում:

– Դե լավ, պատրաստվիր:

Ես փոխեցի շորերս, և հյուր գնացինք: Ճանապարհին մտածում էի, թե մի օրվա մեջ մարդը քանի՜ անգամ կարող է զգալ մահվան սարսափը և չմեռնել:

Հաջորդ օրը վերցրի փողը և գնացի աշխատանքի: Վատ տրամադրություն ունեի: Ընկերներս շատ հարցուփորձ արեցին, բայց իզուր: Հերթափոխի պետին խնդրեցի և դուրս եկա: Սիրտս տեղից դուրս էր գալիս: Այնքան փողի մասին չէի մտածում, որքան այն բանի, որ կարգադրողն աղջիկ էր: Նշված ժամին ներկայացա որոշված տեղը: Նայեցի չորս կողմս. ոչ ոք չկար: Ինքնապաշտպանության համար վերցրել էի դանակս: Հեռվից երեք աղջիկ երևացին, որոնք դեպի ինձ էին գալիս: Աննան նրանց մեջ չէր: Մոտեցան և կանգ առան: Անպարկեշտ էին հագնված: Նրանցից մեկը, որ ամենասիրունն էր, մոտեցավ և բռնելով այտիցս՝ ասաց.

– Հա՜, գառնուկս, եկա՞ր: Դե, թա՛փ տուր փողերդ:

Ես անշարժ կանգնած էի. ոչ մի պատասխան: Մյուս երկուսն էլ մոտեցան և սկսեցին հոգուս հետ խաղալ: Ես բռնեցի առաջինի մազերից ու բարկացած հարցրի.

– Ո՞ւր է Աննան:

– Իսկ մե՞նք ինչով ենք վատ, ինչ է, դուրդ չե՞նք գալիս:

– Անմիջապես կանչե՛ք Աննային,- պահանջեցի ես:

– Դու Աննային չե՛ս տեսնի. շատ համը հանես, այստեղից դիակդ կտանեն:

Արյունս խաղաց երակներումս: Մազերից քաշեցի դեպի ինձ և մի ապտակ տվեցի: Աղջիկը թուլացավ ու ընկավ: Կյանքում աղջկա վրա ուժս չէի փորձել: Նրանք սկսեցին ճվճվալ: Ձայների վրա երեք տղա դուրս եկան, որոնցից երկուսը երիտասարդ էին, իսկ երրորդը՝ երեսունին մոտ: Ավագը մոտեցավ ինձ ու ասաց.

– Չափն անցնում ես. հանձնի՛ր փողերը, և քանի գլուխդ վրադ է, գնա՛ այստեղից:

– Կանչե՛ք Աննային,- նորից պահանջեցի ես:

Ավագը ձեռքով նշան արեց այն երկուսին: Սրանք հարձակվեցին ինձ վրա և ուզեցին թևերս ոլորել: Այդ պահին լսեցի աղջիկների արհամարհական քրքջոցը:

– Հիմա կերգի,- հեգնեց գեղեցկուհին:

Այդ բառերն արթնացրին բոլոր քնած բջիջներս: Ես շուռ եկա և տղաներից մեկին այնպես խփեցի, որ ընկավ ու ցավից երկու ձեռքով բռնեց բերանը: Մյուս երկուսը, այդ տեսնելով, հարձակվեցին վրաս և սկսեցին բռունցքներով ծեծել: Ես պաշտպանվում էի, ինչքան կարողանում էի: Մի քանի հարված կպավ գլխիս, մեջքիս, կողերիս, բայց դեմքս պաշտպանում էի: Երբ երիտասարդը բռունցքը բարձրացրեց և ուզում էր իջեցնել գլխիս, ես կայծակի արագությամբ բռնեցի դաստակը և ուժգին հարվածեցի ստամոքսին: Սա երերաց և ընկավ: Ավագը, հարմար պահ ընտրելով, այնպես խփեց, որ ես նույնպես ընկա: Նա կատաղությամբ ոտքը բարձրացրեց՝ փորձելով հարվածել գլխիս: Բայց ես բռնեցի նրա ոտքից ու պտտեցի: Տղան ընկավ ու մարեց: Երբ ոտքի ելա, ոչ մեկը մոտ չեկավ: Զարմացա: Ուշադրությունս գրավեց ավագը: Մոտեցա, ուշադիր նայեցի. ոչ մի շարժում: Աչքիս առջևով վայրկենաբար անցան դատարանը, գաղութը և անտերության մատնված ընտանիքս: Սթափվելով գոռացի.

– Ջո՛ւր բերեք:

Մի հսկայամարմին ծերուկ դուրս եկավ՝ թեյամանը ձեռքին: Ջուր ցանեցինք, ուշքի եկավ: Պարզվեց, որ ընկնելիս գլուխը քարին էր խփել: Ծերուկը նայեց ինձ ու ասաց.

– Հեռացիր այստեղից, սրանք լկտի տիպեր են:

Վերջին անգամ նայելով շուրջս՝ հեռացա: Մոտ երեք հարյուր մետր անցել էի, երբ մոտեցող ոտնաձայներ լսեցի: Աննան էր:

– Ներիր, Աշոտ, ես մեղք չունեմ, նրանք ինձ ստիպել էին:

Նայեցի Աննայի լացակումած աչքերին և խղճացի:

– Հեռացիր դրանցից, Աննա: Դա քո տեղը չի: Դու կարող ես ամուսնանալ, ընտանիք կազմել և ապրել նորմալ մարդկանց հետ:
Մենք երկար զրուցեցինք և բաժանվեցինք բարձր տրամադրությամբ: Այլևս Աննային չտեսա:

Անցավ մի քանի տարի: Մի օր զբոսնում էի այգու ծառուղիներից մեկով և աշխույժ զրուցում ընկերոջս հետ: Դիմացից մեզ էր մոտենում մի կին՝ փոքրիկ տղայի ձեռքից բռնած: Աննան էր: Նա գրկեց ինձ, ժպտալով նայեց ու ասաց.

– Ես կյանքովս եմ պարտական քեզ: Այն օրվանից հետո այլևս չգնացի նրանց հետ: Ամուսնացել եմ մի խելոք տղայի հետ, սա էլ մեր որդին է. քո անունով եմ կոչել:

Ես հաջողություն մաղթեցի Աննային, և մենք հրաժեշտ տվեցինք միմյանց»:

Ավարտելով պատմությունը՝ Աշոտը խոր հոգոց հանեց և ասաց.

– Բա՜, եղբայր ջան, այդպիսի բաներ շատ են պատահում: Պետք է զգոն լինել. կյանքը ինչ հրաշքներ ասես չի գործում: Առաջ չէի հավատա, բայց հիմա որ ասեն՝ կրիան թռավ տանիքի վրայով, կհավատամ:

Մենք վեր կացանք և հրաժեշտ տվեցինք իրար…

0 կարծիքներ

Կարծիք գրառել

Ցանկանո՞ւմ եք կարծիք գրառել։
Ազատ զգացեք և արտահայտվեք։

Գրեք Ձեր կարծիքը։

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվելու։