ԳՐԱԶԸ

ԳՐԱԶԸ

Կապանի գյուղերից մեկում հարսանիք էր: Գյուղի մեծահարուստ Ավագի անդրանիկ տղայի` Մուշեղի հարսանիքն էր. վաճառական Խաչատուրի աղջկա` Հասմիկի հետ էր պսակվում: Խաչատուրի կինը շատ գեղեցիկ էր. ամբողջ գյուղը երանի էր տալիս նրան: Տասը աղջիկ ունենար, ցեղը կբազմապատկվեր: Դժբախտաբար ընդամենը մի աղջիկ ունեցավ՝ մորից էլ գեղեցիկ. դժբախտություն գյուղի համար: Հարուստներն ուզում էին նրան հարս տանել: Վերջապես Ավագի հարստությունը հաղթեց:

Գյուղն ուներ երեք հարյուր ծուխ, որից տասը հարուստ էր, քսանվեցը՝ միջին ապրելակերպի, մյուսներն էլ ապահով էին ապրում:

Սեպտեմբեր ամսի երկրորդ շաբաթն էր: Վաղ առավոտյան եկեղեցու զանգերը հնչեցին: Ավագը հրամայեց.

– Երաժիշտնե՛ր, սկսե՛ք:

Հարսանքավորը մի քիչ պարեց, հետո շարժվեց դեպի աղջկա տուն: Խաչատուրի տունը հիսուն մետրի վրա էր: Բազմությունը հասավ տան հետևի տափակ կտուրին և շարունակեց պարը: Խնամիները շտապ դուրս եկան և տուն հրավիրեցին: Ավագի քավորը պապական մեծահարուստ Պետրոսն էր:

Տանը մի քիչ պարեցին, հետո քավորակինը գնաց հարսի մոտ: Կես ժամ հետո հարսին բերեցին: Կերան-խմեցին, նվեր տվեցին, ապա քավորը հրամայեց.

– Ուշ է, գնանք ժամ:

Հարսանքավորը դուրս եկավ և շարժվեց դեպի եկեղեցի: Ավագը սարի գույնզգույն ծաղիկներ էր հավաքել տվել և աղջիկների ձեռքը դրել: Մինչև եկեղեցու դուռը շաղ էին տալիս հարս ու փեսայի առաջ, իսկ տղաներն ու աղջիկները պարում էին: Մի քիչ բակում պարեցին ու ներս մտան: Քահանան իսկույն ընդառաջ եկավ և ոսկե սկուտեղը դրեց քավորի ձեռքին: Վերջինս երկու ադամանդյա մատանի դրեց սկուտեղի վրա, ու քահանան հեռացավ: Հարսն ու փեսան բարձրացան. քահանան սկսեց իր պարտքը կատարել, ապա մատանիները հագցրին մատներին ու համբուրվեցին: Հարսանքավորը ծափահարեց, իսկ քահանան սկսեց վարդաջուր ցանել կանանց վրա: Հետո դուրս եկան եկեղեցուց և ուղղվեցին դեպի դարպասները: Դրսում ձիեր էին սպասում: Ծառաների օգնությամբ նստեցին, և հարսանքավորը շարժվեց դեպի Գլգլան աղբյուրը: Առաջին շարքում նորապսակ զույգն էր: Փեսան սպիտակ ձիու վրա էր: Նրա հագուստն ամբողջովին սպիտակ էր. սպիտակ չուխա, տակից վերնաշապիկ, ոտքերին՝ երկարաճիտ խրոմի կոշիկներ: Գլխին սպիտակ գառան մորթուց գլխարկ ուներ, գոտու ճարմանդը ոսկուց էր, աջ կողքից ֆիննական ոսկեջրած դանակ էր կախված: Հարսը կարմիր ձիու վրա էր, որ կուսության նշան էր: Նրա հագուստն էլ էր ամբողջը սպիտակ, վզնոցը եռաշար մարգարիտ էր, ձախ կրծքին կրծքազարդ ուներ՝ ոսկուց և ադամանդից: Իսկը մանուշակի փունջ. կոշիկները սպիտակ, բարձրակրունկ, կենտրոնում՝ գծագրված ոսկյա վարդ, գոտին սպիտակ, ճարմանդը ոսկուց, կենտրոնում` ադամանդյա ակ: Ձիերի հետևից գնում էին ծառաներն ու հետիոտները: Զույգի հետևից գնում էին հարուստները. ամուսինը՝ սև ձիու վրա, չուխան սև, վերնաշապիկը սպիտակ, կինը՝ սպիտակ ձիու վրա, շորերը սպիտակ, և ամենքի հետևից էլ՝ ծառաներ: Մեծահարուստները տասը շարքով էին ընթանում: Հետևից գնում էին միջինները, ով ոնց պատահի: Զույգի առջևից գնում էր տասն ազապ տղա՝ կարմիր ձիու վրա, նույնանման հագուստներով: Բժիշկ Միքայելը սև ձիով էր, իսկ գյուղի մարզիչը՝ Մխիթարը, կարմիր ձիով: Հեռվից ոնց որ թագավորական շքախումբ լիներ: Ճանապարհը նեղ էր. երկու ձիավոր հազիվ էր տեղավորում: Հասան քարհանք: Ճանապարհի երկու կողմում սալեր էին, իսկ կենտրոնում՝ սուր-սուր քարեր, ուստի ձիերը հազիվ էին քայլում: Վերջապես քարհանքն անցան ու վերելքը հաղթահարելով՝ շուտով Օհանի հանդը հասան: Հսկայական խոտհարք էր, որ անձրևների հետևանքով մի քիչ թեք էր, իսկ ձախ կողմում անտառն էր: Վերջին ծառի տակ աղբյուրը հազիվ ծորում էր: Բոլորն իջան ու գնացին դեպի աղբյուրը: Ավագն իսկույն ծառային ուղարկեց.

– Գնա սպասարկի՛ր:

Ծառան ոսկե թասը վերցրեց և վազելով գնաց աղբյուրի մոտ: Բոլորը խմեցին, իսկ վերջում մոտեցավ բժիշկը, գրպանից հանեց երկաթե ծալովի բաժակը, որ ուսանող ժամանակ Պիտերից էր բերել, բացեց, ուղղեց, մի կուշտ խմեց ու նորից դրեց գրպանը: Ծառան զարմանքով հարցրեց.

– Բժիշկ ջան, ինչո՞ւ չես ոսկյա թասով խմում:

Միքայելը չպատասխանեց ու գնաց՝ մտքի մեջ ասելով. «Ամբողջ խումբը խմեց. ով գիտի քանի՛ հիվանդությունով կվարակվեմ»:

Երաժիշտները սկսեցին նվագել: Հարսանքավորն աշխույժ իրար խառնվեց. որը պատմում էր, որը՝ երգում: Մի ժամ նվագեցին: Հանկարծ Մխիթարը բամբ ձայնով գոչեց.

– Շարվի՛ր:

Մի պահ բոլորը լռեցին: Ազապ տղաներն իսկույն թռան ձիերի վրա և շարք կազմեցին: Մարզիչը շարունակեց.

– Բոլորդ խաղի մասին տեղյակ եք: Նորից եմ պարզաբանում. եթե մեկը կարողանում է պարանի միջոցով ձիուց տապալել ձիավորին, վերջինս դուրս է մնում խաղից: Վերջին ձիավորը հաղթում է, պա՞րզ է:

Բոլորը միաբերան գոչեցին.

– Պարզ է:

Մարզիչը մի քիչ մտածեց ու ասաց.

– Ատրճանակի կրակոցն ազդանշան է խաղը սկսելու համար:

Շուտով խաղը սկսվեց: Ձիավորներն ընկնում էին ձիուց և դուրս մնում խաղից: Մնացին երկուսը. մեկը Խաչատուրի ավագ որդին էր, մյուսը` Ավագի կրտսեր որդին: Երկուսն էլ մոտեցան ժողովրդին, ձիուց իջան ու գլխիկոր կանգնելով՝ մեղավորի պես հարցրին.

– Հիմա ի՞նչ անենք:

Մարզիչն իսկույն միջամտեց.

– Շարունակեք խաղալ:

– Մենք բարեկամներ ենք, միգուցե չշարունակե՞նք,- ասաց Խոսրովը:

Մարզիչը դարձյալ մեջ մտավ.

– Խաղը խաղ է:

Եվ շարունակեցին: Շատ չանցած՝ Խաչատուրի ավագ որդին տապալեց Խոսրովին: Ավագի սիրտը մի պահ կանգ առավ. մի պահ կանգ առավ, ապա արագ տրոփեց: Խաղացողները եկան ու նայողների առջև կանգնեցին: Ավագն իրեն չկորցրեց. ադամանդե մատանին հանեց ու դրեց հաղթողի մատին: Խաչատուրն էլ չկորցրեց իրեն. նա էլ ցուցամատից հանեց մատանին ու դրեց Խոսրովի մատին: Հարսանքավորը ծափահարեց երկուսին էլ: Ապա ճանապարհվեցին: Մտան անտառ և հասան ձորակը: Ջուրը խշշալով հոսում էր: Ձիերը մեկ-մեկ խմեցին ու անցան: Ճանապարհի ձախ կողմում այգի կար`պտղատու ծառերով. այնտեղ խնձոր, դեղձ, տանձ կար: Տղերքն իսկույն ձիերից իջան ու մտան այգի: Քիչ հետո դուրս եկան՝ լիքը պայուսակներով: Ավագը նկատեց.

– Դա գողություն է:

– Ոչ թե գողություն է, այլ ջահելություն,- միջամտեց Մխիթարը:

Հարսանքավորը շարունակեց ճանապարհը: Շուտով հասան զառիվերին: Ձիերը հազիվ էին քայլում: Քիչ հետո լույս երևաց. նշանակում է՝ անտառը վերջանում էր: Բացատ հասան: Երեք կողմից անտառն էր, չորրորդը`ձորը: Մարդիկ իջնելով ձիերին կապեցին անտառի եզրին, որ արածեն: Բացատի կենտրոնում՝ մի հսկա տանձենու տակ, երկու շարք սեղան էր շարված. աջ կողմում մի հսկա ճռռան կար, երկու մետր բարձրությամբ, վեց մետր երկարությամբ բոխու երկու կլոր ձող կար: Անտառի վերևում՝ կտողինի թփերի տակ, մի աղբյուր կար, իսկ ձորի հակառակ լանջին փռված էին նորահաս ցորենի արտերը, որոնց եզրերին մոշի թփեր էին: Մի խոսքով՝ դրախտ էր: Բազմությունը երկու մասի բաժանվեց. մեկը հարսի կողմից, մյուսը` փեսայի: Մարզիչը մի երկար պարան բերեց: Մարդիկ երկու կողմից շարվեցին, պարանը վերցրին ու սպասեցին նրա հրամանին: Մխիթարը գոչեց.

– Ձգե՛ք:

Երկու կողմից էլ սկսեցին քաշել, և վերջապես փեսայի կողմը հաղթեց: Երաժիշտները նվագեցին, մարդիկ շրջան կազմեցին ու քոչարի պարեցին: Ապա փոքր-ինչ հանգիստ առնելուց հետո մի մասը վեր կացավ ճռռան խաղալու: Ընկնողը Խաչատուրի կրտսեր տղան էր: Տղերքն իսկույն բժշկի մոտ տարան: Միքայելը տնտղեց ու ասաց.

– Վտանգավոր բան չկա, թևը դուրս է ընկել: Հիմա տեղը կգցեմ, կվազի:

Իսկապես որ տղայի թևը ճռթկալով տեղն ընկավ, ու վեր կացավ վազեց: Մարզիչը մոտեցավ կոտրած ձողին:

– Մեր մեջ թշնամի կա,- ասաց նա,- ձողը սղոցով կիսով չափ կտրած է:

Մի քանիսը մոտեցան, նայեցին. իրոք որ կտրած էր: Ավագն էլ մոտեցավ, նայեց ու ասաց.

– Շեֆ խոհարարի ձեռքի գործն է:

Բոլորը միանգամից շուռ եկան խոհարարի կողմը: Ավագը բազմանշանակ նայեց.

– Մո՛տ արի և ասա՝ ինչու ես արել:

Շեֆ խոհարարը մոտեցավ ու ծիծաղելով ասաց.

– Տեր, ներիր, կատակ եմ արել:

Ավագը մի ուժգին հարված հասցրեց:

– Նշանակում է՝ ճաշն էլ թունավորված է,- ասաց նա:

Տղան ծնկի իջավ:

– Թող Աստված ինձ անիծի,- ասաց ու խաչակնքվեց:

Ավագը շարունակեց.

– Միքայելը թող ճաշերը ստուգի, իսկ խոհարարին կապեք տանձենու քոքին, որ նայի մարդկանց ու մեղքերի մասին մտածի:

Խաչատուրը միջամտեց.

– Մարդու համար բավական է. անասունի համար ինչքան խոսես, չի հասկանա:

– Ի՞նչ ես առաջարկում:

– Պետք չի, այսօր ուրախ օր է, ներիր:

Մի քիչ մտածելուց հետո Ավագն ասաց.

– Գնա՛ քո գործին, մյուս անգամ նման հիմարություն չանես:

Մարդիկ ծափահարեցին. միայն Խաչատուրի կինն էր դժգոհ: Անտառի եզրին երևացին երկու ձիավոր. մեկը քահանան էր, մյուսը՝ բուրվառակիրը: Մխիթարն ասաց.

– Ճիշտ ժամանակին եկավ. թող հացը օրհնի:

Որսորդ Պատվականը նկատեց, որ ստամոքսում կատուներ են մլավում: Բոլորը ծիծաղեցին: Ծառաներն իսկույն սեղանները փռեցին. վայրի եղնիկի ու հորթի խորոված միս, լորի, աղավնու, ձկան տապակած միս, տոլմա, գառան եփած միս, տարբեր կանաչիներ, նաև Մեղրիից բերած թուզ, ընկույզի միջուկ, խաղող, տանձ, խնձոր, դեղձ, նուշ և այլն: Խմիչքներից` թթի օղի, հոնի «կայծակ» օղի, նռան տասը տարվա գինի, Փարիզի շամպայն, կագոր ու սապերավի գինիներ, կոնյակ և այլն: Հյութերից՝ ուրցի, անանուխի, վարդի, նաև Գլգլան աղբյուրի սառը ջուրը: Հսկայական տորթ՝ նորապսակների պատկերով, և այլ մանրուքներ: Հարսանքավորը նստեց պատրաստի սեղանների շուրջը, և քահանան աղոթք արեց: Վերջապես սկսեցին ուտել: Մի ժամից նվագը հնչեց: Ստամոքսի պահանջը բավարարելուց հետո վեր կացան պարելու: Նվերները հանձնելուց հետո նորապսակներն էլ պարեցին: Ոսկեդրամները, որ բռերով լցնում էին նրանց գլխին, թափվում էին հատակին: Վերջապես, երբ պարողները նստեցին, ծառան սկուտեղը վերցրեց, մեկ-մեկ հավաքեց դրանք ու տարավ դրեց նվագողների սեղանին: Երբ երաժշտությունը լռում էր, անտառի թռչուններն էին երգում: Սոխակը դայլայլում էր, ճնճղուկը՝ ծլվլում, կաչաղակը քչփչում էր, իսկ ագռավը մերթընդմերթ կռռալով թռչում էր անտառի վրայով և ասես ինչ-որ բան զգուշացնում մարդկանց. «Լսե՜ք, հարազատնե՜րս, լուր եմ բերել՝ որի համար շառ, որի համար խեր. հետո չասեք՝ ագռավը կռռաց»:

Հնչում էր նվագը: Ոմանք պարում էին, մյուսները՝ երգում, մի քանիսն էլ՝ զրուցում: Որսորդ Պատվականն ու խմբապետ Գերասիմը, անտառի կողմը նստած, զրուցում էին:

– Պատվական, քանի՞ եղնիկ ես խփել թուրքերին սպանած դանակովդ:

Այդ միջոցին Պատվականը նկատեց, որ երեք եղնիկ անտառի բացատում խաղում են: Մեկը` պոզավորը, հայրն էր, մյուսը` անպոզը, մայրը, երրորդը ձագն էր, որ հազիվ էր քայլում:

– Նայիր, Գերասիմ, եղնիկները:

Գերասիմը նայեց և իսկույն մաուզերը հանեց: Պատվականը ձեռքից բռնեց.

– Որսորդներն այս պարագայում չեն կրակում:

– Ես որսորդ չեմ:

– Նշանակում է՝ իրավունք չունես կրակելու:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ձագը հետն է:

Գերասիմը դժգոհ տեղը դրեց մաուզերը:

Պատվականը նայեց Ավագին ու ասաց.

– Մաղարի՛չ տուր:

– Ինչի՞ համար:

– Մուշեղն առաջինը տղա կունենա:

– Ի՞նչ իմացար:

– Նայիր եղնիկներին. ձագը արու է:

Ավագը նայեց եղնիկներին, գրպանից հանեց ոսկեդրամն ու մեկնեց Պատվականին: Մարդիկ ծափահարեցին: Նվագողները սկսեցին: Այդ միջոցին երեք տղամարդ սեղանից վեր կացան և ուղղվեցին դեպի աղբյուրը: Մեկը չաղ ու հսկա մարդ էր, անունը՝ Բաղդասար, մյուսը բարձրահասակ էր ու ճարպիկ՝ Գուրգեն անունով, երրորդը նիհար էր ու կարճահասակ, անունը՝ Մանուչար: Քիչ անց Մանուչարն ասաց.

– Ի՞նչ ես անում քո նեգր կնոջ հետ:

Բաղդասարը խոժոռ նայեց Մանուչարին:

– Ես հարուստ եմ, դո՞ւ ինչ ես,- ասաց:- Տասը կով, հիսուն ոչխար մի շաբաթում կուտեմ:

– Դու միայն ուտելու մասին ես մտածում,- ծիծաղեց Մանուչարը:

– Բա ի՞նչ անեմ:

– Սերունդների մասի՛ն մտածիր:

– Իմ մեռնելուց հետո աշխարհում թեկուզ ջրհեղեղ լինի, պետքս չի,- կմկմալով ասաց Բաղդասարը:

– Ամեն մարդ սեփական խելք ունի. ասես-չասես, մեկ է՝ գլուխը չի մտնի,- միջամտեց Գուրգենը:

Մանուչարը խոժոռ նայեց Գուրգենին և ասաց.

– Քո կինը սիրուն է, դրա համար էլ հանգիստ ես:

Վեճը թեժացավ. տվին-առան, վերջը Մանուչարն ասաց.

– Գուրգե՛ն տղա, սիրուն կնոջդ չգովես, մի գիշերվա ընթացքում խայտառակ կանեմ:

– Ի՞նչ կանես,- մի քիչ մտածելուց հետո հարցրեց Գուրգենը:

– Ասենք՝ գիշերով կգամ, կնոջդ թումբանը կհանեմ:

– Ես մեռած ե՞մ:

– Կնկադ կողքին պառկածդ ժամանակ կհանեմ, չես զգա,- պնդեց Մանուչարը:

Գուրգենը ծիծաղելով ասաց.

– Գրազ կգամ մի ոչխարի ու խմիչքի վրա:

Գրազ եկան ու գնացին ջուր խմելու: Աղբյուրից մի քիչ ներքև շշերով լի մի փոս կար: Բաղդասարը զարմացած հարցրեց.

– Էս փոսն ինչի՞ համար է:

Ծառան համեստորեն պատասխանեց.

– Շշերը սառեցնելու համար:

Ընկերները ծիծաղեցին:

– Ասում են՝ դու դոդ ես, չես հասկանում:

Ծառաները շուռ եկան ու ծիծաղեցին: Տղաները ջուր խմեցին ու վերադարձան: Քիչ հետո, երբ հասան սեղանի մոտ, հանկարծ աղբյուրի մոտից գոչեցին.

– Թուրքե՜րը:

Խաչատուրի կինն ուշաթափ եղավ: Մարդիկ իրար խառնվեցին: Գերասիմը գոչեց.

– Իմ ետևի՜ց:

Մխիթարն ու տղերքը մի մարդու պես ձի հեծնեցին և սլացան դեպի թուրքերը: Տասը րոպե հետո վերադարձան՝ լեշերը ձիերի հետևից քարշ տալով. հինգ թուրք, չորսը՝ սպանված, մեկը՝ ոտքից վիրավոր: Ավագն ասաց.

– Սպանեք, թող քոքը կտրվի:

– Երեխա ե՞ս,- առարկեց Գերասիմը,- չիմանա՞մ՝ ինչի համար են եկել:

Եվ սկսեց հարցաքննել.

– Ինչի՞ համար եք եկել:

– Բահատլու գյուղի բեկը հրամայեց,- պատասխանեց թուրքը:

– Ահմեդը՞:

– Այո:

– Ինչի՞ համար:

– Հարեմի համար:

Հասմիկի մարմնով սարսուռ անցավ. նշանակում է՝ բեկի սիրածն է՞ր լինելու:

Գերասիմը շարունակեց.

– Բեկին ասա՝ խմբապետ Գերասիմը վաղը չէ մյուս օրը հյուր կգա իրեն:

Թուրքը թախանձանքով ասաց.

– Քիրվա՛, խնդրում եմ, սպանիր:

Գերասիմը քմծիծաղ տվեց.

– Բեկին լուր կտանես. ես գող չեմ, որ գողեգող գնամ:

Քիչ հետո Գերասիմը կարգադրեց.

– Տղե՛րք, լեշերն անտառ տարեք, թող գիշատիչներն ուտեն: Այս մարդուն էլ կապեք ձիու վրա, թող գնա:

Տղաներն իսկույն հրամանը կատարեցին: Հարսանիքը ինքնիրեն վերջացավ: Ավագը ծառաներին հրամայեց.

– Մնացած կերակուրն ու խմիչքը տարեք գյուղ, բաժանեք կարիքավորներին:

Հեծնեցին ձիերն ու շարժվեցին դեպի գյուղ: Ավագը ինքն իրեն ասաց. «Լավ պրծանք»: Հարսանիքից հետո էլ Ավագը մտածեց. «Երևի Գերասիմը գնացել է բեկի հետևից»: Այդ միջոցին ծառան դուռը ծեծեց և մի ծրար դրեց ափի մեջ: Ավագը սրտի տրոփյունով բացեց ծրարն ու կարդաց. «Հարգելի Ավագ, բեկի թաղումն այսօր է, եթե գալու ժամանակ ունես, փորձիր. ես իմ ասածն արեցի: Բարևներով՝ Գերասիմ»: Ավագը մտածեց. «Երանի քո մորը. քեզ պես տասը տղա ունենայի, Հայաստանը կպահեի»:

Հարսանիքից հետո Մանուչարը մտմտաց, թե ոնց անի, որ Գուրգենի կնոջ թումբանը տանի: Վերջապես ելքը գտավ: Վերցրեց մի կտողինի մահակ, ծայրի կողմից փոս արեց, մրջյուններ լցրեց, խցանով փակեց ու թելով կապեց:

Գյուղացիներն ամառը դրսում էին քնում, Գուրգենը՝ նույնպես: Մանուչարը տասն օր մնաց և մի օր էլ գիշերով գնաց «որսի»:

– Ո՞ւր ես գնում,- հարցրեց կինը:

– Որսի:

Կինը լռեց:

Մեր գյուղը լանջի վրա էր: Ամեն անգամ տուն շինելիս ստիպված էինք լինում ապառաժը քանդել ու տունը կառուցել: Բակի հորիզոնական հարթություն ունենալու համար անհրաժեշտ էր լինում պատ դնել և ուղղել: Մանուչարը գնաց կեսգիշերին: Գուրգենի տան բակը մի մետր բարձրություն ուներ: Մանուչարը զգուշությամբ մոտեցավ, մահակը մեկնեց կնոջ կողմն ու խցանը հանեց: Մրջյուններն իրենց գործն արեցին: Կինը շուռումուռ եկավ, բան դուրս չեկավ: Ստիպված թումբանը հանեց, դրեց վերմակի կողքին ու հանգիստ քնեց: Մանուչարը մահակով վերցրեց, դրեց ծոցում ու ճանապարհվեց տուն: Սարքը դրեց պահեստում, թումբանն էլ ամբարում ու գնաց քնելու: Առավոտը շուտ կինը վեր կացավ արտաքնոց գնալու, թումբանը չգտավ:

– Գուրգե՛ն, վե՛ր կաց:

Ամուսինն աչքերը տրորելով հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

– Թումբանս չկա,- և պատմեց դեպքը:

Գուրգենը մտքում ասաց. «Մանուչարի գործն է», և հոգոց հանեց:

Կեսօրին Գուրգենը գնաց Մանուչարի տուն:

– Հարգելիս, քո գործն արեցիր, հիմա թումբանը տուր:

– Գրազը տուր, հետո,- ասաց Մանուչարը:

– Երեկոյան Բաղդասարին վերցրու, արի մեր տուն, ես կպատրաստեմ:

Երեկոյան քեֆը սկսվեց: Մանուչարն առաջինը խոսեց.

– Հարգելի՛ ընկերներ, կյանքումս թումբանի գրազ չեմ կերել, առաջին և վերջին անգամն է:

Հետո խոսեց Բաղդասարը.

– Ընկերնե՛ր, թող ոչ մեկը գլուխ չգովի. սատանա կա, ինչ ուզում, անում է:

Ապա մտքում ասաց. «Ինչ ուզում եք ասեք, այս գործում սատանա կա»:

Ընկերները կերան-խմեցին, նարդի խաղացին:

– Մանուչար, պատմիր, խնդրում եմ, ո՞նց արեցիր,- հարցրեց Բաղդասարը:

Մանուչարը մի քիչ նազ արեց, ապա սկսեց պատմել: Ընկերները զարմացած նայեցին նրան:

– Դու կատարելագործված լրտես ես:

Մանուչարը փքվեց, ուռեց և ասաց.

– Դուք Մանուչարին մի ձեռով ե՞ք բռնում:

Ընկերները քահ-քահ ծիծաղեցին և շարունակելով խմել՝ մի լավ տաքացան:

– Տղե՛րք, կներեք, ես գնում եմ արտաքնոց,- ծիծաղելով ասաց Գուրգենը:

Գուրգենը դուրս գնաց և չեկավ: Ընկերները մի ժամաչափ սպասեցին:

– Գուրգենը չեկավ, գնամ տեսնեմ ի՞նչ եղավ,- անհանգստացավ Բաղդասարը:

– Գուրգենը երեխա չի, որ չգա,- հորանջելով ասաց Մանուչարը:

Այնուամենայնիվ, Բաղդասարը դուրս եկավ: Քիչ հետո Մանուչարն էլ նրա հետևից դուրս եկավ: Երկու ընկերներով քունջուպուճախ քանդեցին, ընկերոջը չգտան: Վերջը Մանուչարն ասաց.

– Արի տան հետևի պահեստը նայենք:

Բաղդասարը ծիծաղեց, սակայն ամեն դեպքում նայեցին: Առաջինը Բաղդասարը մտավ ու փշաքաղված դուրս եկավ.

– Գուրգենը կախվել է:

Ընկերները նրան հանեցին, մի քիչ օդ տվեցին, բայց իզուր. Գուրգենը մեռած էր: Մտածեցին՝ կնոջը ոնց ասեն: Վերջապես Մանուչարը խելոք բան առաջարկեց.

– Գնանք կնոջ մոտ. եթե ասի՝ Գուրգենը վատն է, կասենք՝ մեռել է, եթե ասի՝ լավն է, մի բան կմտածենք:

Այդպես էլ արեցին:

– Քո հրեղեն ամուսինն ո՞ւր է,- հարցրեց Մանուչարը:

– Գրողի ծոցն է:

Մանուչարը լռեց: Քիչ հետո կինը շարունակեց.

– Նա ի՞նչ ամուսին է. ինքը կողքը՝ Մանուչարը կնոջ թումբանը գողանում է: Ամուսինը Գերասիմի նման կլինի, որ չորս կողմից շրջապատված բեկին սպանեց: Երանի նրա կնոջը, ես ի՞նչ ասեմ:

Մանուչարը լրիվ համոզվեց ու ասաց.

– Գուրգենը կախվել է:

– Որտե՞ղ է:

– Ետևի պահեստում:

 Համոզվելով՝ կինը վազեց ամուսնու մոտ: Ընկերները հետևից գնացին: Կնոջ սգալուց հետո դիակը վերցրին ու տուն տարան, երկու օր հետո էլ դրեցին դագաղի մեջ ու տարան գերեզմանատուն: Ամբողջ գյուղը հավաքվեց. ամեն մարդ խելքին փչածն ասաց, հերթը հասավ քահանային:

– Հարգելի՛ գյուղացիներ,- խոսեց նա,- Աստված արգելում է սեփական հոգուն դիպչել. երբ ուզում է, այն ժամանակ էլ հոգին առնում է: Ես իրավունք չունեմ աղոթելու:

Գյուղացիներն իրարով անցան: Քյոխվան ասաց.

– Գուրգենը դժոխք պիտի ընկնի:

– Այո՛,- հաստատեց քահանան:

Մարդիկ լռեցին: Կինը լացակումած ասաց.

– Խե՜ղճ Գուրգեն, ես ո՞նց ապրեմ:

Գուրգենի դին դրեցին փոսը, հայրական հողը շուռ տվեցին դագաղի վրա, մի հասարակ քար դրեցին գլխի կողմը և հառաչելով շուռ եկան ու գնացին:

Գուրգենը երեխա չուներ: Կինը մի տարի սև հագավ, հետո ամուսնացավ հարևան գյուղի քահանայի որդու հետ: Գուրգենի սերունդը վերացավ: Մանուչարը իրեն-իրեն միտք էր անում. «Ինչո՞ւ եմ ապրում. կինս գիշեր-ցերեկ հետս կռվում է: Ինչո՞ւ գնացինք աղբյուր, ինչո՞ւ գրազ եկանք…»:

Այս և այլ ինչուներ տանջում էին Մանուչարին…