ԾԵՐՈՒՆՈՒ ՄԵՂՔԸ
Հազար ինը հարյուր յոթանասունհինգ թվականի հունիս ամիսն էր: Հերթական արձակուրդս վերցրի և գնացի գյուղ: Մի շաբաթ մնացի անտառներում՝ մաքուր օդ շնչելու և սառը աղբյուրներից ջուր խմելու: Յոթերորդ օրը եկա տուն և ասացի.
– Վաղը գնալու եմ գետում լողալու:
– Մի ամիս է՝ գետում չեմ լողացել, ես էլ կգամ,- ասաց փոքր եղբայրս՝ Յուրիկը:
Վաղ առավոտյան մայրս ուտելիքի կապոց պատրաստեց, և ճանապարհ ընկանք: Մեր տնից մինչև գետը մի կիլոմետր կլիներ և զառիվայր էր: Երբ տների արանքով հասանք վերջին տնից աջ ձգվող ճանապարհին, եղբայրս ասաց.
– Անդրեաս պապը հիվանդ է. մի րոպեով մտնենք, տեսնենք ու դուրս գանք:
Տասը րոպեից դուրս եկանք և շարունակեցինք գնալ: Ճանապարհը քարքարոտ էր. հազիվ էինք քայլում: Մոտակա ձորում աղբյուր կար. այնքան վարար էր, որ գյուղացիները փոքր գետ էին անվանում: Հասանք այգիներին, որոնք շարված էին ճամփի երկու կողմերում: Գյուղացիները քարերը հողամասից հանել էին ու շարել դրանց շուրջը: Հետո փշե թփեր էին կտրտել ու շարոտել քարերի վրա. պնդոց էր ստացվել: Այգիների շարանը նման էր եռանկյունաչափական պատկերների՝ զիգզագ, եռանկյունի, շրջան և այլն: Այգիները բոլորովին նման չէին մեկը մյուսին: Ուղղաթիռից նայելիս նորաձև զգեստների կնմանեցնեիր: Այգիների արանքում քարքարոտ ճանապարհ կար: Մենք, մեկմեկու բռնած, հասանք փոքր գետին: Անասունները չէին կարողանում խմել, նշանակում է՝ ջուրը մաքուր էր: Եվ քանի որ մինչև աղբյուրին հասնելը դեռ հարյուր մետր կար, կռացանք ու ծարավներս հագեցրինք: Հիսուն մետր անցանք ու հասանք կամարաձև կամրջին: Այն կառուցված էր դեմ դիմաց խոյացող երկու ժայռերի արանքում, որ սելավի ժամանակ չփլվի: Կամրջի շաղախը պատրաստել էին գետաքարից, թարմ կտիտից ու ձվի դեղնուցից: Կառուցման տարեթիվը նշված չէր: Ոմանք ասում էին՝ իբր իրենց պապերը տեսել են, կամ այլ արկածներ էին պատմում: Կամրջի աջ ու ձախ կողմերում ջրաղացներն էին. երևի տեղը հարմար էր: Եղբայրս ասաց.
– Շատ ես նայում, գնանք:
Ես կարծես արթնացա երազից ու հարցրի, թե որ ափով գնանք՝ ձա՞խ, թե՞ աջ:
– Ձախով գնանք, աջով հետ կգանք,- մի քիչ մտածելուց հետո ասաց Յուրիկը:
Կամրջից հինգ մետր վերև մի հսկա ժայռ կար. գյուղացիները մի կերպ քանդել ու ճանապարհ էին սարքել: Շուտով հասանք վերևի ջրաղացին: Ես մի պահ կանգ առա և հիշեցի մանկությունս…
Ութ տարեկան էի: Մայրս մի քսակ ցորեն տվեց ու ասաց.
– Տղա՛ ջան, տար ջրաղաց, աղա, բեր, երեխաները սոված են:
Ես իսկույն վերցրի քսակը և վազելով հասա ներքևի ջրաղացը: Տեսա՝ հերթ շատ կա, քսակը վերցրի ու հասա վերևի ջրաղացը: Սուտասան Եգորն ասաց.
– Մի քիչ սպասիր, կաղամ, քեզ կտամ:
Ես առարկեցի, քսակի ցորենը շուռ տվեցի ձագարի մեջ:
– Երեք կիլոգրամ ալյուր լցրու, կշռիր ու տուր ինձ,- ասացի:
– Ի՛նչ իմանամ՝ քանի կիլոգրամ ցորեն է,- զայրացավ տերը:
– Ցորենը կշռիր,- պնդեցի:
Տերը չհամաձայնվեց: Ես քսակը վերցրի ու տխուր-տրտում նստեցի պատի տակ: Ջրաղացպանը մոտեցավ ինձ.
– Մի՛ անհանգստացիր, շուտով կգնաս:
Բայց մինչև հերթս հասավ, մթնեց: Ես մտածեցի՝ ոնց պիտի գնամ տուն: Մեր հարևանի տղան էլ էր հերթի մեջ: Նրան խնդրեցի.
– Պավլիկ ջան, կարող ե՞ս ինձ այգիների արանքով անցկացնել, վախենում եմ:
Պավլիկը մի քիչ մտածեց ու հարցրեց.
– Ի՞նչ կտաս:
– Գրպանումս մի ծեծած մեխ կա, մեկ-մեկ պոպոք եմ ջարդում. կտամ:
– Ցույց տուր տեսնեմ,- պահանջեց Պավլիկը:
Իսկույն հանեցի գրպանիցս և ցույց տվեցի:
– Լավ, կտանեմ:
Ես հասա տուն ու պատմեցի եղելությունը…
Ճանապարհին պատմում էի նաև եղբորս: Այգիների արանքով գնացինք, հասանք Չրչռին: Դա մի հսկա ժայռ է: Վերևից իջնում է գետն ու երեք մետր բարձրությունից գահավիժում փոսը: Երկու կողմից ջուրը թեքությամբ հոսում է ցած՝ լցվելով սև ջրավազանը: Չրչռը ջրի մակերեսից բարձր է վեց մետր: Ձախ կողմում մի խորշ կար. տղաները երբեմն նստում էին մեջը: Ժայռի դիմացի ջրավազանը վեց մետր տրամագծով ու մեկ մետր խորությամբ կլոր փոս էր:
Գետի ձախ ափին մի քանի տղա հարթ քարերի վրա արևկող էին անում: Մի տղա էլ, բազկաթոռանման քարին նստած, գլուխը գրքի վրա խոնարհած, կարդում էր: Ես մոտեցա նրան ու հարցրի.
– Դու իրավունք ունե՞ս այս քարի վրա նստելու:
– Քեռի ջան, բազկաթոռը պապական է,- գլուխը բարձրացնելով՝ սրախոսեց տղան:
Ես զարմացած հարցրի.
– Ալյոշայի տղան ե՞ս:
– Այո:
– Ուրեմն իրավունք ունես նստելու:
Ալյոշան իմ հասակակիցներից էր: Մի անգամ, երբ լողացել վերջացրել էի, վարտիքս մզեցի և ուզեցի հագնել, հանկարծ Ռաֆիկը մոտեցավ ինձ, վարտիքս խլեց, քարի մեջ փաթաթեց ու գցեց ջուրը: Ալյոշան ասաց.
– Եթե ուզում ես վարտիքդ հագնել, սուզվիր ջրի տակ, հանիր ու հագիր:
Ես մտածեցի, որ երբեք չեմ փորձել, հիմա ի՞նչ անեմ: Ստիպված սուզվեցի, վարտիքս վերցրի ու ափ դուրս եկա: Տղաները ծափ տվեցին: Այդ օրը ջրի տակ սուզվելը սովորեցի: Մի ուրիշ անգամ Ալյոշան ասաց.
– Տղե՛րք, գնանք Ցակատի գյոլը՝ լողալու:
– Սիրելիս, գյոլն ի՞նչ լեզվով է,- հետաքրքրվեց Ռաֆիկը:
– Ճանապարհին կասեմ:
Ցակատի գյոլը Չրչռից հարյուր մետր հեռու էր: Ալյոշան սկսեց պատմել. «Մեր գյուղացի Արտեմն ընկերացավ Հաջիի հետ, որ Գյումստան գյուղից էր: Ամեն անգամ, երբ Արտեմը գնում էր Հաջիի տուն, թուրքը ոչխար էր մորթում: Իսկ երբ նա էր գալիս մեր գյուղ, Արտեմն աքլոր էր մորթում: Մի անգամ Արտեմը թուրքին ասաց.
– Գնանք գետը՝ լողալու:
Ընկերները գնացին Ցակատի գյոլը: Հաջին հարցրեց.
– Ջրափոսը ո՞նց է կոչվում:
– Հայերեն «ջրավազան» է:
Հաջին մի քանի անգամ փորձեց, չկարողացավ ասել «ջրավազան», վերջապես ասաց «գյոլ»:
– Ի՞նչ ես ասում, դա թուրքերեն է,- նեղացավ Արտեմը:
Հաջին ջղայնացավ.
– Երբ գալիս ես մեր տուն, ոչխար եմ մորթում, չես ասում՝ մեծ է, երբ գալիս եմ ձեր գյուղ, քիչ է մնում՝ պարան սարքես. գյոլ է և վերջ:
Այդ օրվանից մինչև հիմա Հաջիի ասածով կոչվում է «գյոլ»:
Հասանք Ցակատի գյոլը: Իսկույն հանվեցինք ու մտանք ջուրը: Մի քիչ լողացանք, հետո դուրս եկանք ու պառկեցինք քարերին: Ռաֆիկն Ալյոշային ասաց.
– Միգուցե «Ցակատի գյոլը» պատմե՞ս:
– Մեծ սիրով,- ասաց Ալյոշան:- Ամառ էր: Գուրգեն պապը եկավ այգի՝ լոբու ճեղ կտրելու: Վերջացնելուց հետո ցակատը խրեց գոտին ու փորձեց գետն անցնել: Ցակատն ընկավ ջուրը: Պապը գետի չորս կողմը պտտվեց, չկարողացավ հանել: Այդ օրվանից կոչվում է «Ցակատի գյոլ»:
– Այսօրվանից կոչվում է «Գյուտարար»,- ասաց Ռաֆիկը:
Քիչ հետո տղան վեր կացավ ու մտավ ջուրը: Տղերքը պատրաստ սպասում էին: Նա սուզվեց ջրի տակ, չորս կարիճ բռնած դուրս եկավ, շպրտեց ափը՝ մի քանի անգամ կրկնելով:
– Բավական է,- ասացին ընկերները:
Տղան Չրչռը թողեց, մտավ սև գյոլը: Մի քիչ հետո սուզվեց ու դուրս եկավ՝ հիմա էլ երկու օձ բռնած, խփեց քարին, շունչը փչած օձերին ափ շպրտեց: Տղան մի քանի անգամ կրկնեց: Տղերքն անմիջապես կրակ վառեցին, սկսեցին օձերին մաշկել: Նրանցից մեկին հարցրի, թե ինչ են անում:
– Օձերի կաշին հանում ենք, փորոտիքը մաքրում, պոչից ու գլխից քսան սանտիմետր կտրում ենք ու խորովում:
– Հետո՞ ինչ եք անում,- հարցրի զարմացած:
– Ուտում ենք:
– Կարիճնե՞րն ինչ եք անում:
– Մեջքը հանում ենք, խորովում և ուղեղը ծծքում:
Տղան շարունակեց.
– Օձի մաշկն ու կարիճի մեջքի պատյանը միացնում ենք և աղջիկների համար գոտի սարքում…
Մենք լողացանք և գետի աջ ափով վերադարձանք: Մի ժամ հետո հասանք տեղի ջրաղացը: Հեռվից մի պապիկի տեսանք, որ դողդողալով մաքրում էր ջրաղացի դուրսը: Եղբորս հարցրի.
– Ո՞վ է:
– Գուրգեն պապին է:
– Ի՞նչ է անում:
– Մաքրում է:
Մոտեցանք, բարևեցինք ու նստեցինք:
– Յուրիկին իմանում եմ, բայց մեծին չիմացա,- ասաց պապը:
– Մեծ եղբայրս է,- ասաց Յուրիկը:
Պապը հարցրեց, թե որտեղ եմ ապրում:
– Երևանում:
– Ի՞նչ ես անում:
– Ինժեներ եմ:
– Լավ է,- ասաց,- ես էլ ապրում եմ՝ ամեն մեռնողի երանի տալով: Երբ մեկը ծնվում է, ասում եմ՝ քանի տարի է ապրելու:
– Ես քանի՞ տարի եմ ապրելու:
– Աստված գիտի: Ես մեղք ունեմ, պիտի պատմեմ, հետո մեռնեմ:
– Եթե ուզում ես, ինձ պատմիր:
Պապը լռեց, ապա հառաչելով ասաց.
– Երդվիր, որ մինչև մեռնելս չես պատմի:
– Միայն հարսանիքի ու մեռելի ժամանակ,- ծիծաղելով ասացի ես:
Պապը նույնպես ծիծաղեց.
– Ուրեմն չեմ պատմի:
– Պապի, երդվում եմ, մինչև մեռնելդ չեմ պատմի:
Պապը փոքր եղբորս հանձնարարեց.
– Գնա, դիմացի լանջից ավել կտրի բեր, որ ավլեմ:
– Պապի, խորամանկ ես. ինձ ցրում ես, որ պատմե՞ս,- դժգոհեց Յուրիկը:
– Գնա-գնա՛, դու բերանբաց ես:
Եղբայրս գնաց, ու պապը պատմեց. «Ջահել էի: Հացի արտում երկու անվար տեղ կար. հնձեցի, թակեցի, երկու բեռ եղավ: Մեկը տանը մնաց, մյուսը բերեցի ջրաղացում աղալու, որ երեխաներն ուտեն: Մի քիչ հետո էշը կանգնեց ջրաղացի դռանը: Ջրաղացպանն օգնեց ինձ, և բեռը ներս տարանք: Իսրայելն ասաց.
– Հերթ չկա, վաղը պիտի աղամ:
Էշը կապեցի, որ կեր ուտի, ես էլ սկսեցի ջրաղացպանի հետ զրուցել: Այդ ժամանակ հեռվում մի կին երևաց՝ տասը տարեկան տղայի հետ: Ճակատեն գյուղի կողմից էր գալիս: Քիչ հետո հասան ջրաղացի դուռը: Իսկույն օգնեցինք, շալակը ցած դրեց:
– Որտեղի՞ց եկար,- հարցրեց ջրաղացպանը:
Կինը կարմրեց.
– Ճակատենից:
Հարցը վերջացավ: Կինը հոգոց հանեց ու տղային ասաց.
– Բալիկ ջան, տար ներս:
Տղան ներս տարավ ու դրեց ձագարի մոտ: Ջրաղացպանը պատվիրեց անկյունում դնել: Մայրը ցնցվեց. երևի վաղը կաղան: Հետո որդուն կանչեց հաց ուտելու:
Արդեն երեկո էր: Ջրաղացպանն ասաց.
– Գնա մեր տուն, կնոջս ասա՝ թող տեղաշորը փռի, որ քնենք. վաղը կաղանք:
Կինը որդու հետ գնաց: Կեսգիշերին ջրաղացպանը գնաց տուն՝ քնելու, տեսավ՝ կինը դրսում է քնած, տղան՝ երևի ներսում: Մութ գիշեր էր: Իսրայելը կարծեց՝ տղայի մայրն է. մարմնով դող անցավ: Տեսավ՝ կինը բաց է, կուրծքը վերուվար է անում: Մոտեցավ ու սկսեց հանվել: Կինը լուռ էր: Իսրայելը շորերը մի կողմ շպրտեց ու մտավ ծոցը: Մի ժամ հետո հանգստացավ, շորերը հագավ ու եկավ ջրաղաց: Ես զարմացա.
– Շուտ եկար:
– Քունս չտարավ,- ասաց նա՝ հոգոց հանելով:- Ուրիշի կինը համով է. գնա ու փորձիր:
– Ամոթ է,- հրաժարվեցի ես,- էդ կինը կասի՝ չտես են:
– Ուզում ես գնա, ուզում ես մի գնա, հետո չփոշմանես:
Քիչ հետո փոշմանեցի, վեր կացա ու գնացի: Երբ վերադարձա, ջրաղացպանը հարցրեց.
– Համով է՞ր:
– Ոչինչ:
Քնեցի: Առավոտյան ջրաղացպանի կինը եկավ ու սփռոցը փռեց: Ամուսինը զարմացավ.
– Ի՞նչ ես անում:
Կինն աչքերը խոժոռելով ասաց.
– Մի ձեռքը ձեռք է լվանում, երկուսը միասին՝ երես:
– Գիշերը երազ ե՞ս տեսել,- զարմացավ ամուսինը:
– Դուք եք տեսել, որ երկու-երկու մտաք ծոցս, ես ե՞մ տեսել:
Ամուսինը գլխի ընկավ և ամոթից ուշաթափ եղավ: Մոտեցա, ջուր ցանեցի երեսին: Նա արթնացավ, վեր կացավ կանգնեց, բայց նորից ընկավ:
– Վե՛ր կաց, երեխա չես,- հանդիմանեցի ես:
Ջրաղացպանը վեր կացավ, մոտեցավ սփռոցին ու բացեց. լավաշ էր, հավ, մի շիշ գինի ու խնձոր: Կինը մոտեցավ ու կարմրելով ասաց.
– Ես եմ մեղավոր, ինձ սպանեք:
– Սեփական կնոջս չճանաչեցի և ընկերոջս ասացի՝ մոտը գնա,- հառաչեց ջրաղացպանը:
– Մո՛տ արի, քեզ համար եմ սարքել:
– Կյանքում ընկերոջս կնոջ ծոցը չէի մտել,- մոտենալով ասացի ես:
Կինը գողտուկ ծիծաղեց, և սկսեցինք հաց ուտել: Ճաշից հետո ջրաղացպանը խնդրեց.
– Գուրգեն ջան, երդվիր, որ մինչև մեռնելս ոչ մեկին չես ասի:
– Երդվում եմ,- ասացի և մեղավորի պես դուրս եկա:
Օտարական կինը որդու հետ եկավ և հանդիմանելով հարցրեց, թե երբ են աղալու:
Ջրաղացպանը ցորենը շուռ տվեց ձագարի մեջ:
– Ի՞նչ ես անում, գժվել ե՞ս,- թոնթորաց կինը,- այս գյուղում մի խելքը գլխին տղամարդ չկա՞:
– Մի օր էլ մնա, կասեմ,- ասաց ջրաղացպանը:
Կինն ամոթխած պատասխանեց.
– Մի գիշեր մնացի, ինչ արեցիր, երկրորդը մնամ, ինչ պիտի անես:
– Ինչքան ուզում ես, լցրո՛ւ,- զայրացավ Իսրայելը:
Հետո քթի տակ մրթմրթաց. «Գրողի ծոցը գնա»: Քիչ անց կինը հավաքվեց ու հեռացավ: Ջրաղացպանը մի պահ նայեց նրա հետևից, հետո մտավ ջրաղացը: Ես ինքս ինձ ասացի. «Մինչև կյանքիս վերջը կմնամ մեղքի տակ»:
Երբ եղբայրս վերադարձավ, Գուրգեն պապն արդեն պատմությունն ավարտել էր: Յուրիկը երեք ավել դրեց պապի ձեռը, և մենք ճանապարհվեցինք տուն:
– Ի՞նչ պատմեց,- ժպիտով հարցրեց եղբայրս:
– Ախր պապին երդվել եմ, որ չեմ պատմի,- կմկմացի ես:
Մենք լուռ քայլեցինք մինչև Անդրեասի տուն: Մարդիկ իրար հետևից մտնում, դուրս էին գալիս. Անդրեասը մեռել էր: Ողորմի տվինք ու շարունակեցինք ճանապարհը: Հայրս ասաց.
– Շատ սպասեցի, մինչև գառն ինքնիրեն խորովվեց:
– Ապրես, հայրիկ, շատ սոված եմ,- ասաց Յուրիկը:
Երբ արդեն կուշտ կերած էինք, նա պնդեց.
– Դե, պապի մեղքը պատմիր:
Ես նրբորեն պատճառաբանեցի, թե քունս տանում է, խոստացա հաջորդ օրը պատմել ու քնեցի:
Վաղ առավոտյան Գուրգենի տղան մեր տուն եկավ ու հարցրեց.
– Երեկ ի՞նչ եք ասել հորս. նա մեռավ:
Ես վախվորած ասացի, որ բան չեմ ասել, պարզապես նրա մեղքն եմ վերցրել: Եվ պատմեցի: Տղան քահ-քահ ծիծաղեց ու ինքն էլ պատմեց.
– Երեկոյան եկավ տուն ու կնոջս ասաց.
– Հարս ջան, հարիսա եփիր:
– Ի՞նչ ես անում, հայրիկ,- զարմացավ կինս:
– Ուտում եմ:
Առավոտը շուտ կերավ ու մեռավ:
– Պապը վախեցավ, թե կպատմեմ, շտապ մեռավ,- հանգիստ ասացի ես:
Հաջորդ օրը առոք-փառոք թաղեցին…