ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ»
Մեր տները գտնվում են գետի ձախ ափին՝ լանջի քարափներին: Դրանք եռանկյունի խրված են հողի մեջ: Շինության միայն առաջնամասն է երևում: Հիմքից քանդած հողը լցնում են տան առաջ, հարթեցնում, ցանկապատում ու դարձնում այգի: Այգիներում հիմնականում տնկում են թթի ծառեր, որոնց պտուղները հիանալի են օղի թորելու համար: Տները կառուցված են առանց նախագծի. ով ինչպես կարողացել է: Չնայած դրան՝ քաղաքը գեղեցիկ տեսք ունի: Այն տարածված է երկու գետերի ափերին ու հանդիպակաց լանջերին…
Մեր տան տեղը սելավի ձոր էր: Անձրևների ժամանակ հսկայական գետ էր գոյանում: Ձորի եզրով ցեմենտբետոնե պարիսպ կառուցեցինք և ջրին ստիպեցինք ավելի նեղ հունով հոսել: Այդ պատճառով սելավների ժամանակ ջուրը հաճախ լցվում էր մեր բակը և ահագին վնասներ տալիս: Մեր տան կողքին մի բարձր քարափ կար: Մարդիկ չէին համարձակվում խանգարել նրա հանգիստը: Դրա համար էլ քարափը մնացել էր այնպիսին, ինչպիսին բնությունն էր ստեղծել: Այդ քարափը մեզ համար հավաքատեղի էր դարձել: Թաղի տղաներով երեկոները հավաքվում էինք այդտեղ ու զբաղվում. որը հեքիաթ էր պատմում, որը՝ իր գլխով անցածը, մեկը երգում էր, մյուսը՝ նվագում: Այսպես մեր երեկոները շատ հետաքրքիր էին անցնում: Մեր ծնողները չէին բողոքում, իսկ հարևանները նույնիսկ ուրախ էին: Նրանք հաճույքով լսում էին մեր համերգները և ոգևորում մեզ: Հիմնական եկողներից էր Կարոն՝ մոտ քսանհինգ տարեկան բարձրահասակ, թուխ մազերով, խոշոր, սև աչքերով, ամրակազմ մի տղա: Նա շատ համեստ էր ու բարի: Սիրողական արհեստը դուդուկ նվագելն էր: Գալիս էր Արթուրը. շեկ մազերով, խաժ աչքերով, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր: Մոտ քսանյոթ տարեկան կլիներ: Բնավորությունը խառն էր: Սիրողական արհեստը որսորդությունն էր: Ամուսնացած էր, ուներ երկու տարեկան մի աղջիկ: Գալիս էր նաև Գևորգը՝ միջահասակ, շեկ մազերով, գեղեցիկ դեմքով, կապուտաչյա մի տղա: Սովորում էր տասներորդ դասարանում: Համեստ բնավորություն ուներ: Սիրում էր արտասանել և մեկ-մեկ փոքրիկ բանաստեղծություններ էր գրում: Մեր խումբ էր այցելում նաև Ռազմիկը, որի եղբայրը նույնպես որսորդ էր: Նա եղբոր հետ մեկ-մեկ որսի էր գնում և հրացան օգտագործելը գիտեր: Ռազմիկը նիհար-բարակ, թխամազ, խաժ աչքերով, ճարպիկ տղա էր: Քսաներկու տարեկան կլիներ: Անհանգիստ բնավորություն ուներ. հինգ րոպե տեղը չէր նստում, այդ պատճառով էլ մականունը «սնդիկ» էր: Ես խմբի ամենափոքրն էի և ամենասիրելին: Իմ առավելությունն այն էր, որ դուրեկան ձայն ունեի: Ես ու Կարոն իրար լրացնելով կազմում էինք համերգի հիմնական մասը, իսկ մնացածը ձայնակցում էին:
Երեկո էր: Սովորականի պես պատրաստվում էի քարափ գնալու: Հայրս ներս մտավ ու տեսնելով, որ շտապում եմ, ասաց.
– Ա՛յ տղա, էլի քարափ ե՞ս գնում: Այդ քարն աղոթած է, կարծես մագնիսական ուժ ունի:
Քարափն իր հյուրընկալությամբ ընդունեց ինձ: Նստեցի իմ սովորական տեղը: Ես առաջինն էի, հետո եկավ Կարոն՝ հոգնած դեմքով, անտրամադիր և առանց դուդուկի: Նա համարյա փլվեց քարի վրա ու դժգոհ ասաց.
– Այսօր շատ հոգնած եմ. ամբողջ օրը փայտ եմ կտրտել:
Մեր անտառները շատ խիտ են ու խառը: Այնտեղ աճում են բոխի, կաղնի, հացենի, թխկի, թեղի և համարյա բոլոր պտղատու ծառերը: Ժողովուրդը, անտառտնտեսությունից թույլտվություն ստանալով, ամբողջ ձմեռվա վառելիքը բերում է: Փայտն անտառից տեղափոխում են մեքենայով, ձիով, նույնիսկ էշով:
Շուտով բոլորը հավաքվեցին և սկսեցին աշխույժ զրույցը: Արթուրը կատակով կպավ Կարոյին.
– Ձեռնափայտ էլ չեմ բերել, բա տուն գնալիս քեզ ինչո՞վ ենք բարձրացնելու:
Կարոն էլ տակ չմնաց ու պատասխանեց.
– Քեզ որ ամեն օր հազիվ ենք բարձրացնում, ես ձայն չեմ հանում:
Կարոն սկսեց պատմել Խուստուփ լեռան մասին: Ասաց, թե ինչքան վտանգավոր է ճանապարհը դեպի «Սուրբ եկեղեցի»: Խուստուփը Կապան քաղաքը շրջապատող լեռներից ամենաբարձրն է: Ծովի մակերևույթից բարձր է մեկ կիլոմետր: Այնտեղ կարելի է հասնել հետիոտն կամ էլ ձիով, որով գնալն ու վերադառնալը տևում է մոտ երեսուն ժամ: Մենք Կարոյին խնդրեցինք, որ կազմակերպի մեր ճանապարհորդությունը դեպի Խուստուփ սարի «եկեղեցին»: Նա մի քիչ դժվարացրեց, բայց խոստացավ շաբաթ օրը կազմակերպել: Հավաքեց բոլորին, նստեցրեց քարին ու սկսեց.
– Լա՛վ իմացեք, Խուստուփ գնալը շատ վտանգավոր է: Գիշերը ճանապարհ ենք գնալու, կարող է գազանների հանդիպենք, անտառը մութ է, կարող է Խուստուփի կապերից վայր ընկնենք և այլ դժվարություններ: Այս բոլորը հաշվի առեք: Եթե այսքանը հասկանալով՝ համաձայն եք, խնդրեմ:
Բոլորս դրական պատասխան տվեցինք:
– Դե որ այդպես է, լսեք, թե հետներդ ինչ պետք է վերցնեք. ամուր ուսապարկ, տաք բաճկոն՝ գիշերվա համար, մոմ՝ «եկեղեցում» վառելու համար, մուրճ ու երկաթյա սեպ՝ անունները գրելու համար, ձեռքի լապտեր՝ գիշերվա համար, գրպանի դանակ, որն ամենակարևորն է, ուտելիք՝ ամբողջ օրվա համար, մի շիշ թթի օղի ու մի բաժակ: Այս բոլորով հանդերձ շաբաթ օրը ժամը 15.30-ին լինում ենք քարափին: Արթո՛ւր և Ռազմի՛կ, վերցնում եք հրացաններ և հիսունի չափ փամփուշտ: Լուցկին չմոռանաք:
Այս առաջադրանքները ստանալով՝ բարի գիշեր մաղթեցինք ու ցրվեցինք: Ես սովորում էի իններորդ դասարանում: Հաջորդ օրը դպրոցում պատմեցի ընկերներիս: Նրանցից ոմանք արտահայտեցին իրենց հիացմունքը, ոմանք էլ նախանձեցին ինձ: Դասերը վերջացան: Ես սովորականի պես շտապում էի տուն: Հանկարծ հետևիցս ոտնաձայներ լսեցի. ինչ-որ մեկը ջանում էր հասնել ինձ: Ետ նայեցի. Անահիտն էր: Նա մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն էր: Ոչ մեկը չէր համարձակվում մտերմանալ հետը՝ վախենալով, որ կարհամարհի: Ես՝ առավել ևս: Չնայած դրան՝ ամենքս իրարից գաղտնի մտերմանալու ուղիներ էինք փնտրում: Անահիտն իր տեսքով հիացնում էր բոլորիս: Միջահասակ, բարակիրան, թուխ, կիսագանգուր մազերով, սև աչքերով, ժիր ու եղնիկի պես ճարպիկ աղջիկ էր:
– Լևոն, մի րոպե կարելի՞ է,- հևասպառ ասաց նա:
Ես ակամայից կանգ առա: Նա շունչ առավ և աղերսագին շարունակեց.
– Մի խնդրանք ունեմ. լսել եմ՝ Խուստուփ եք գնալու, ինձ էլ հետներդ տարեք:
Նա գլխիկոր կանգնեց իմ դիմաց: Անսպասելի հանդիպումից ինձ կորցրել էի: Վերջապես ինքս ինձ հավաքելով՝ պատասխանեցի.
– Ես դեմ չեմ, բայց պետք է տղաների հետ խոսեմ:
Զրուցելով հասանք ճամփաբաժանին: Հրաժեշտ տալիս ասաց.
– Դե, հուսով եմ…
Ես ուրախությունից մատներիս ծայրերի վրա էի քայլում: Տուն էի հասել և անհամբեր սպասում էի: Երեկոյան, երբ բոլորս հավաքվեցինք քարափին, ես վեր կացա, զգաստ կանգնեցի և հանդիսավոր կերպով հայտնեցի Անահիտի խնդրանքը: Բոլորը նայեցին ինձ ու ծիծաղեցին, իսկ Կարոն, լուրջ տեսք ընդունելով, ասաց.
– Շատ պատասխանատու գործ է. չվերցնենք, անհարմար է, վերցնենք, վտանգավոր է: Բոլորդ լավ մտածեք ու պատասխանեք:
Մի պահ մտածելուց հետո բոլորը ձեռքերը բարձրացրին:
– Լավ,- ասաց Կարոն,- մենք մեզ վրա վերցրինք ամենածանր բեռը: Ձեզանից պահանջում եմ լինել ուշադիր, զգույշ ձեր արտահայտությունների մեջ և օգնել նրան առանց հակառակվելու:
Բոլորը պատրաստակամություն հայտնեցին: Եղածն ինձ շատ ուրախացրեց: Ամբողջ երեկո Կարոյի նվագի տակ երգում էի: Բավականին ուշ բոլորս ուրախ տրամադրությամբ տուն գնացինք: Հաջորդ օրը հայտնեցի Անահիտին և պատվիրեցի պատրաստվել: Նա շատ ուրախացավ: Շաբաթ օրը ճիշտ ժամին հավաքվեցինք քարափի վրա: Մարտական տեսք ունեինք: Կարոն ստուգեց բոլորիս և կատակով հրամայեց.
– Դե՛, առա՛ջ:
Շուտով հասանք Վաչագանի գետին: Գետը ամառվա շոգից կուչ էր եկել, ջուրը պակասել էր, և քարերը բացվել էին: Մենք քարից քար թռչելով անցանք գետը և դեմ եղանք վերելքին: Դեռ շոգ էր: Մի քիչ բարձրացանք և իսկույն քրտնեցինք: Հասնելով թփերին՝ նստեցինք հանգստանալու: Կարոն զգուշացրեց.
– Շատ մի՛ շտապեք, դեռ երեսուն կիլոմետր ճանապարհ ունենք:
Գևորգն ուշադրությունը սևեռեց մոտակա քարափին:
– Ա՛յ տղա, ի՞նչ է պատահել,- հարցրեց Արթուրը:
– Նայիր, այն քարափի տակ ինչ-որ կենդանիներ են շարժվում:
Արթուրը նայեց ու ծիծաղեց.
– Տո՛ կաքավներն էլ ե՞ն աչքիդ գազաններ երևում:
Բոլորս այդ կողմ նայեցինք: Երկու կաքավ իրար հետ խաղում էին: Նրանք այնքան գրավիչ էին, որ բոլորիս հայացքները մեխված մնացին տեսարանին: Արթուրը կամաց բարձրացրեց հրացանն ու նշան բռնեց: Նույն րոպեին Անահիտը կատվի ճարպկությամբ թռավ ու բռնեց Արթուրի թևից.
– Մի՛ կրակիր, դա հանցագործություն է:
Զգալով Անահիտի ջերմությունը՝ Արթուրը փաղաքշական հայացքով նայեց նրան: Անահիտը բաց թողեց թևն ու կարմրեց:
– Խանգարում ես, բալիկս, այդպես մենք սոված կմնանք:
Ես խիստ վիրավորվեցի ու դիմեցի Անահիտին.
– Գնացինք:
Բոլորը շարժվեցին: Ճանապարհին ես անընդհատ Անահիտի մասին էի մտածում և թե ինչու համաձայնվեցի նրա գալուն: Մտքերով տարված՝ չնկատեցի, թե ինչպես անցա ճանապարհը, մեկ էլ լսեցի Կարոյի ձայնը.
– Տղերք, մի քիչ շունչ առնենք:
Գլուխս բարձրացրի, տեսնեմ՝ հասել ենք աղբյուրին: Հայացքով հարմար տեղ փնտրեցի ու նստեցի: Անահիտը նստեց կողքիս: Ներքևում փռված էր Բաղբուրջ գյուղը: Մի կողմից ձորն էր, որի հանդիպակաց լանջին տարածվում էին պնդուկի խիտ թփերը: Գյուղում ընդամենը հիսուն տուն կար:
– Սա Կոզի աղբյուրն է,- բացատրեց Կարոն:
Աղբյուրը բխում էր ուղղակի լանջից: Մարդիկ աղբյուրի դիմաց պատ էին շարել և մի փոքր խողովակի կտոր դրել: Ջուրը խողովակից թափվում էր քարից կառուցված նավակի մեջ, որտեղից անասունները ջուր էին խմում: Գևորգն ուզեց ջուր խմել, բայց Կարոն արգելեց.
– Մի՛ շտապիր, քրտնած ես:
Քիչ հետո սկսեցինք հերթով լվացվել ու ջուր խմել: Անահիտն առաջինը մոտեցավ աղբյուրին: Ես ուսապարկիցս հանեցի ճամփորդական բաժակն ու տվեցի նրան: Խմեց ու շնորհակալություն հայտնելով՝ վերադարձրեց: Բոլորս հարգանքով սպասեցինք, մինչև նա վերջացրեց: Մյուսները խմեցին ուղղակի խողովակից: Արթուրն աչքը չէր կտրում Անահիտից և կամաց-կամաց անտանելի էր դառնում: Կարոն շշուկով նրան ինչ-որ բան ասաց. երևի նկատողություն արեց: Նա սթափվեց և վերցնելով ուսապարկը՝ ճանապարհվեց: Մենք հետևեցինք նրան: Ես նորից ընկա մտածմունքների մեջ: Արդեն հասել էինք կաղնուտին: Հեռվից երևում էին խիտ անտառները: Շուտով հասանք երկու գյուղերի ճանապարհների հատման կետին: Անտառն արդեն սկսված էր: Բարձունքի հակառակ կողմում նույնպես փռված էին գեղատեսիլ անտառները: Տեղ-տեղ երևում էին կանաչ բացատները: Անտառից թարմություն էր բուրում: Մենք նստեցինք և հայացքով շոյելով տեսարանը՝ ագահաբար շնչում էինք թարմ օդը: Մի քիչ հանգստանալով ու մաքուր օդից հագենալով՝ ճանապարհ ընկանք: Շուտով խորացանք անտառի մեջ: Ծառերն արդեն թույլ չէին տալիս, որ արևը մեզ վրա ընկներ: Միայն երբեմն-երբեմն սաղարթների արանքից շողում էին արևի ճառագայթները՝ հիշեցնելով իրենց գոյությունը: Բավականին ճանապարհ անցանք: Աջ կողմից երևաց անտառի բացատը: Ճանապարհը միանգամից լուսավորվեց: Անահիտը մոտեցավ ինձ և ականջիս կամացուկ փսփսաց.
– Նայիր ծառերի տակ:
Երեք եղնիկներ անհոգ խաղում էին բացատում՝ մոռացած վտանգի մասին: Դատելով արտաքինից՝ ճյուղավոր մեծ եղջյուրներովը հայրն էր, մյուսը՝ մայրը: Իսկ փոքրիկ ձագը, որ խաղում էր երկուսի միջև, եղջյուրներ չուներ: Ես ձեռքով նշան արեցի, և բոլորը կանգնեցին: Շատ հուզիչ տեսարան էր: Մենք երկար հիացած նայում էինք: Մեկ էլ Կարոն դիմեց Ռազմիկին.
– Բա եղնիկի միս չենք ուտելո՞ւ:
– Ինչ է, ուզում ես ինձ բանտ տանե՞ն,- ասաց Ռազմիկը:
Արթուրը շվացրեց: Եղնիկները վեր թռան ու ծլկեցին անտառ: Մենք շարժվեցինք առաջ: Մի քանի քայլ ևս, և լսվեց Անահիտի ճչոցը: Բոլորս նայեցինք անտառի կողմը: Եղնիկի ձագը խրվել էր թփի մեջ ու մնացել: Ռազմիկը մոտեցավ, հանեց ու կանգնեցրեց մեր մեջտեղում: Ոտքը մի քիչ վնասված էր: Նա բարձրացրեց դունչը և սկսեց հոտոտել Անահիտի շրջազգեստը: Արթուրը նկատեց.
– Եղնիկի սիրտն էլ է հասկանում, ասում է՝ բա ինչո՞ւ ինձ չի մոտենում:
Մի քիչ խաղալուց հետո ճանապարհվեցինք՝ եղնիկին թողնելով բացատում. հուսով էինք, որ մայրը հետ կգա ու կտանի: Մի քանի քայլ էինք արել, նկատեցինք, որ եղնիկը քայլում է Անահիտի կողքով: Աղջիկն ուրախացավ և սկսեց գուրգուրել նրան: Շուտով հեռացանք դեպքի վայրից՝ այն մտքով, որ եղնիկը մնաց մեզ մոտ: Գնում էինք բարձր տրամադրությամբ, իրար հետ աշխույժ զրուցելով: Անցանք մոտ մեկ կիլոմետր, և ո՜վ զարմանք. մայր եղնիկը դուրս եկավ անտառից ու անվախ կանգնեց մեր առջև: Ձագուկը վազեց ու փարվեց մորը: Նրանք մտան անտառ: Մենք հիացած էինք եղնիկի համարձակությամբ: Ես մտածում էի. ա՛յ թե ինչպես իր կյանքը վտանգի տակ դնելով՝ մայրը փրկեց ձագին: Մենք ճանապարհվեցինք՝ գովելով եղնիկի արարքը: Ճանապարհի ձախ կողմում երևաց բացատը: Մի քանի քար ուղղակի գետնի տակից էին բուսել ու կարծես հենց նստելու համար էին:
– Նստենք,- ասաց Կարոն:
Մենք տեղավորվեցինք քարերի վրա և սկսեցինք աշխույժ զրույցը: Հանկարծ անտառից խշխշոց լսվեց: Իսկույն զգաստացանք՝ կարծելով, թե վայրի կենդանի է: Ծառերի արանքից դուրս եկան յոթ տղամարդ: Բացի մեկից, որ չաղլիկ էր, բոլորը բարձրահասակ էին ու մկանուտ: Մեկի ձեռքին երկփողանի հրացան կար: Նրանք բացատ մտան առանց բարևելու: Նրանցից ամենաբարետեսը՝ թուխ մազերով ու սրածայր բեղերով, նայելով Անահիտի վախեցած դեմքին, ասաց.
– Ա՛յ քեզ հաջողություն, մենք ամբողջ օրը անտառում եղնիկ էինք փնտրում, մինչդեռ եղնիկն այստեղ մեզ է սպասում:
Այս ասելով՝ մոտեցավ Անահիտին, շոյեց մազերը և թուշը կսմթելով՝ շարունակեց.
– Լավիկն ես հա՜, ազիզս, թույլ կտա՞ք ծանոթանալ:
Մեր տղաները հրաման ստացածի պես վեր թռան տեղներից: Արթուրն իր կոշտ ձայնով սաստեց.
– Աղջկան ձեռք չտա՛ս:
Մինչ այդ ես մոտեցա, կառչեցի տղայի թևից ու հետ քաշեցի: Նա անփութորեն ձեռքը հետ քաշեց, ես ընկա, բայց նույն վայրկյանին վեր կացա կանգնեցի: Նա նայեց իմ աքլորացած տեսքին ու ասաց.
– Լավ էլ համարձակն ես երևում:
Կարոն առաջ եկավ ու հանգիստ ասաց.
– Տղերք, եկեք խաղաղությամբ վերջացնենք:
– Համաձայն եմ,- ասաց բեղավորը,- միայն մի պայմանով: Մեր խմբերի ամենափոքրերը կոխ են բռնում, պարտվողը երկու շիշ օղի է ցնծում:- Հաստատ գիտեր, որ սար գնացողների մոտ օղի է լինում:
Այս ասելով՝ նա քաշեց չաղլիկի թևից ու մեջտեղ բերեց: Մեր տղաները նայեցին դեմքիս և անխոս ոգևորեցին: Ես առաջ եկա և հպարտ կանգնեցի հակառակորդի դիմաց: Կարոն նայեց բեղավորին ու տագնապով ասաց.
– Բայց դա անհավասարություն է:
– Պայմանը պայման է,- ասաց բեղավորը:
Ես մտքումս իսկույն որոշեցի, որ չաղին կարելի է հաղթել հոգնեցնելով, թե չէ այդ քաշի տակ ո՞նց կդիմանայի: Չաղը հարձակվեց, որ ինձ փոշիացնի, բայց ես խույս տվի, և նա բերանի վրա ընկավ: Մեր տղաները ծիծաղեցին: Ես հպարտ ասացի.
– Դու ոտքիդ վրա չես կարողանում կանգնել, ուզում ես ինձ հաղթե՞լ:
Սպասեցի, մինչև տեղից վեր կենա: Կռիվը բորբոքվեց: Երկու կողմի տղաները լարված սպասում էին: Չաղը անսպասելի ձեռքը գցեց վզիս ու քաշեց: Կորցնելով հավասարակշռությունս՝ ընկա: Չաղը փորձեց ընկնել ինձ վրա ու ճխլել, բայց ես երկու պտույտ արեցի և տեղիցս վեր կացա, կանգնեցի: Նա իրեն հազիվ պահեց, որ չընկնի: Կարոն խոր հոգոց հանեց: Ես դա պարզ լսեցի ու ազդվեցի: «Ժամանակն է»,- մտածեցի ես և որոշեցի անցնել հարձակման: Կայծակի արագությամբ մոտեցա, բռնեցի թևատակերից ու քաշեցի դեպի ինձ (վախենալով, որ կմնամ տակը), շուռ տվեցի և տապալեցի գետնին: Պահը չկորցնելով՝ ամբողջ ուժով ընկա վրան և ամուր պահեցի: Չաղը մի քիչ թպրտաց ու սսկվեց: Տղաներն ուժգին ծափահարեցին: Երբ բարձրացրին, բեղավորը մոտեցավ նրան ու ասաց.
– Մեր գյուղի պատիվը գետնով տվեցիր. երեխային էլ չկարողացար հաղթել:
Ես ինձ չկորցրի և հպարտ-հպարտ ասացի.
– Իզուր եք տղային կշտամբում, ձեր գյուղի պատիվը կրկնակի բարձրացավ:
Բեղավորն անթարթ նայեց իմ կողմը և մոտենալով գրկեց ինձ:
– Վա՜յ, Լևոն ջան, դո՞ւ ես: Քիչ էր մնում՝ սեփական քեռուս տղային վարի տամ:
Մենք գյուղից շուտ էինք դուրս եկել և քաղաքում էինք ապրում:
– Ես Կարենն եմ՝ հորաքրոջդ տղան,- շարունակեց նա:
Կռիվը վերջացավ: Մենք ծանոթացանք և խաղաղ բաժանվեցինք: Մի քանի քայլ հեռացել էինք, երբ Կարենը շուռ եկավ ու ասաց.
– Լևոն, հանկարծ ճանապարհին ուրիշների կհանդիպեք, չվախենաք, կասեք՝ Կարենը բարևում է. այս անտառներոմ ինձ բոլորը գիտեն:
Անտառը քանի գնում, խտանում էր: Տաժանակիր շոգն անցել էր, և ճանապարհը զով էր: Տղաները պատմում էին չաղի մասին ու ծիծաղում: Ես ինքս ինձ հպարտանում էի և ուրախ զրուցում Անահիտի հետ: Նա հազիվ լսելի ձայնով ասաց.
– Գիտե՞ս, Լևոն, ես մտածված ցանկացա ձեզ հետ գալ: Դասարանում միշտ լուռ ես, քեզ համեստ ես պահում և կռվարար չես: Մյուս տղաները միշտ կռիվ են անում և անընդհատ անտեղի վիրավորում են աղջիկներին: Ես քեզ շատ եմ հարգում և որոշեցի փորձել: Հիմա վստահ կարող եմ քեզ հետ ճանապարհ գնալ:
– Լավ, շատ երես մի՛ տուր, ես սովորական տղա եմ և գովելու արժանիքներ չունեմ:
– Դու այնքան համարձակ ես, որ այն ցմփորին գետնով տվեցիր: Ճիշտն ասած՝ եթե հրաժարվեիր, աչքիցս կընկնեիր, իսկ եթե պարտվեիր, չէի մեղադրի, որովհետև անհավասար մարտ էր:
Այսպես զրուցելով ահագին ճանապարհ անցանք և դուրս եկանք բացատ: Արևն իր դիրքերը զիջում էր: Օդն աստիճանաբար հովանում էր: Մենք անցանք բացատը, և անտառն ավելի խտացավ: Ճանապարհի մի ահագին մաս հորիզոնական էր, աջ կողմը զառիվայր էր ու ձոր, մի մասն էլ աղեղնաձև էր, և զգացվում էր, որ մի ժամանակ այդտեղ հողի սահք է եղել: Ձախ կողմից մի բարակ ու սառը աղբյուր էր բխում, որը կտրում-անցնում էր ճանապարհը և հոսում դեպի ձորը: Այդ պատճառով այդտեղ միշտ ցեխ էր: Մենք ջուր խմեցինք և աղբյուրից մի քիչ հեռու նստեցինք:
– Գիտե՞ք, տղերք, այս տեղը կոչվում է Ալա Բաթ Միշլած. ադրբեջաներեն բառ է: Ժամանակին, երբ ադրբեջանցիները սար էին գնում, մի անգամ նրանց կովերից մեկը մնում է այս հողի տակ, այդ պատճառով կոչվել է «Կովի գերեզման»:
Կարոն վերջացրեց պատմությունը, և վեր կացանք: Հիսուն մետր այն կողմ նորից բացատ էր: Բոլորս զգուշավոր նայեցինք բացատի ուղղությամբ:
– Զգույշ մնացեք, արջի հոտ եմ առնում,- ասաց Արթուրը:
– Հարկավոր է վախդ չափել,- կատակեց Ռազմիկը:
Տղաները ծիծաղեցին, բայց շուտով մնացինք բերաններս բաց: Ճանապարհի աջ կողմից ուղիղ մեր կողմն էր գալիս գազազած արջը: Երևում էր, որ որսորդներից հալածված է: Արթուրը, որ մեր միջի ամենափորձվածն էր, իսկույն լարեց հրացանն ու նշան բռնեց: Մենք իրար խանգարելով թռանք ճանապարհի վերևը: Արթուրը կրակեց, բայց արջն անվարան առաջ էր գալիս: Արթուրի կյանքը մազից էր կախված: Արջը կատաղած առաջ վազեց և Արթուրի ոսկորները կջարդեր, եթե չլիներ Ռազմիկը: Սա արդեն վերևում էր և տեսնելով վտանգը՝ առանց վարանելու կրակեց: Արջը ոտքից վիրավորվեց և մի պահ կանգ առավ: Արթուրը նույն պահին թռավ վերև: Կարոն, որ ամենասառնասիրտն էր, հրամայեց.
– Ծա՛ռը մագլցեք:
Նայելով իմ ու Անահիտի կողմը, որ բոլորից շուտ էինք բարձրացել, ինքն էլ բարձրացավ: Արջը ժամանակ չէր տալիս հրացանը նորից լարելու: Բոլորը ծառերի վրա էին, բացի Արթուրից: Արջը բարձրացավ վերև: Չհասցնելով ծառը մագլցել՝ Արթուրը պահ մտավ հաստ կաղնու հետևում: Արջը տեսավ և գնաց ուղիղ նրա կողմը: Կարոն գոռաց.
– Ռազմի՛կ, կրակի՛ր:
Ռազմիկը կրակեց, բայց գնդակը մեջքից մտավ ու թևի տակից դուրս եկավ: Արջը սարսափելի գոռաց ու շուռ եկավ դեպի մեր ծառը: Նա ինձ ու Անահիտին տեսավ, մոտեցավ և ուժգին հարվածեց ծառին: Ծառը ցնցվեց, իսկ մենք դողացինք: Տեսնելով, որ օգուտ չկա, սկսեց բարձրանալ: Ես Անահիտին բարձրացրի ինձանից վերև, հանեցի դանակս ու պատրաստ սպասեցի: Այդ ընթացքում Արթուրը հասցրեց հրացանը լարել, ծառի հետևից դուրս եկավ ու նշան բռնեց: Նույն վայրկյանին կրակեց նաև Ռազմիկը, և երկուսի գնդակներից արջը սահելով ցած ընկավ: Նա մի քանի մետր սողաց դեպի Արթուրը: Վերջինս նորից կրակեց՝ այս անգամ ուղիղ գանգին: Արջն անշնչացավ: Բոլորս ազատ շունչ քաշեցինք: Ռազմիկն իջավ ծառից և հրացանը պատրաստ բռնած՝ մոտեցավ արջին: Մյուս կողմից էլ Արթուրը մոտեցավ ու հրացանի փողով արջի գլուխը հրեց: Գազանը ցնցվեց, ապա անշարժացավ: Արթուրը վախից մի պահ ետ ցատկեց, բայց տեսնելով, որ արջը խաղաղվեց, ինքն էլ հանգստացավ ու մոտակա քարին նստելով՝ գլուխն առավ ափերի մեջ:
– Իջե՛ք,- լսվեց Կարոյի ձայնը:
Անահիտը կպել էր ծառին ու անշարժացել: Ես ցնցեցի նրան ու զգուշորեն ասացի.
– Իջի՛ր:
Նա աչքերը բացեց և զարմանքից չռած աչքերով նայեց ինձ:
– Իսկ արջը՞:
– Արջը սատկել է,- ուրախ ասացի ես:
Անահիտն ինձ համբուրեց, և իջանք:
Դա առաջին համբույրն էր, որ ստացա Անահիտից: Այտս վառվում էր համբույրի ջերմությունից: Ես մոռացա արջի սարսափը: Անահիտին օգնեցի, միասին իջանք ու մոտեցանք գազանին: Նա պառկած էր անշարժ, բայց աչքերից դեռ կրակ էր թափվում. կարծես ուզում էր հոշոտել մեզ: Ռազմիկը նայեց ու ասաց.
– Հը՛, նոր դու էի՞ր ուզում մեզ ուտել, իսկ հիմա մենք կուտենք քեզ:
Կարոն մոտեցավ մեզ ու գրկեց.
– Դու այսօր երկու անգամ աչքի ընկար, ապրե՛ս: Ուրիշներն իրենց չէին կարողանում փրկել, իսկ դու երկուսիդ էլ փրկեցիր:
Հետո մոտեցավ Արթուրին, մեջքը գրկեց ու կատակով ասաց.
– Հո չվախեցա՞ր:
– Ճակատագիր էր,- պատասխանեց Արթուրն ու վեր կացավ:
Նա հանեց իր որսորդական դանակը, մոտեցավ արջին և սկսեց արագ քերթել: Ռազմիկն ու Կարոն իրենց փոքր դանակներով միացան նրան: Կարոն միաժամանակ հրամայեց.
– Լևո՛ն, Գևո՛րգ, կրակը վառե՛ք:
Մենք իսկույն մտանք անտառ և սկսեցինք փայտ հավաքել: Անահիտը միացավ մեզ: Շուտով կրակը բոցկլտաց: Գևորգը մտավ հոնի թփի մեջ ու ճիպոտներ կտրեց: Գալով կրակի մոտ՝ սկսեցինք ճիպոտները կտրտել ու վերջացնելուց հետո շարեցինք տաքին մոտիկ:
– Թող մի քիչ սմքեն,- ասաց Գևորգը:
Մինչ այդ տղաները քերթել էին արջի մի կողմը: Արթուրը մի քանի կտոր լավ միս կտրեց ու տալով մեզ՝ պատվիրեց խորովել: Միսը կտրտեցինք և փռելով մոմլաթե տոպրակի վրա՝ լավ աղ ցանեցինք: Կրակն արդեն նստում էր: Գևորգը ճիպոտները բերեց, սկսեցինք միսը շարել:
– Թող աղը ներծծվի, իսկ մենք օջախը սարքենք,- ասաց նա:
Արթուրը, արջի մորթին հանելով, փռեց գետնին և դիմեց Անահիտին.
– Օրիո՛րդ, համեցեք նստե՛ք:
Անահիտը շիկնեց և տեղից չշարժվեց: Արթուրը մոտեցավ, բռնեց նրա թևատակից և բերեց նստեցրեց մորթու վրա: Անահիտը ճչաց և փորձեց դուրս պրծնել նրա գրկից: Կարոն այնպիսի հայացք նետեց Արթուրի վրա, որ տղան թողեց Անահիտին և մեղավորի պես վերադարձավ ու սկսեց արջի փորոտիքը հանել: Շուտով խորովածի հոտը տարածվեց անտառով մեկ: Արթուրը մոտեցավ կրակին և շիշը վերցնելով՝ մի-մի կտոր բաժանեց բոլորին:
– Խորովածն ուտելիս արյունը պետք է թափվի բերանիդ կողքերից. սա որսորդների օրենքն է:
Եվ առաջինն ինքը սկսեց ուտել: Այնպես էր ուտում, որ արյունն իսկապես թափվում էր բերանից: Իսկ Անահիտը մի քիչ կծեց և աչքի տակով նայելով Արթուրին՝ նետեց թփի մեջ: Տղաները, մսի հետ գործը վերջացնելով, շրջապատեցին կրակը և սկսեցին աշխույժ կատակել: Անահիտը մորթու վրա փռեց թերթերը և շարեց, ինչ ունեինք, օղին ու բաժակները դրեց մեջտեղը:
– Դե, նստե՛ք,- ասաց Կարոն:
Մենք նստեցինք, իսկ Գևորգը բերեց խորովածի շշերն ու տեղավորեց մեջտեղում: Մենք ուղղակի հանում էինք շշերից և ուտում: Բաժակները լցրին: Կարոն վերցրեց բաժակն ու ասաց.
– Տղերք, կյանքը բարդ է. ոչ ոք չգիտի, թե ինքը քանի օր կապրի: Այսօր մեզ համար ծանր օր էր: Աստված չցանկացավ մեզ նեղացնել, և Նրա ողորմածությամբ բոլորս ողջ մնացինք: Խմում եմ ձեր առողջության կենացը:
Բոլորս խմեցինք, իսկ Անահիտը մի կում արեց ու բաժակը դրեց: Արթուրը երկրորդ բաժակը լցրեց.
– Է՛հ, աշխա՛րհ, աշխա՛րհ. քիչ առաջ այս կենդանին ուզում էր մեզ հում-հում ուտել, իսկ հիմա մենք ենք իրեն ուտում:
– Դու չուտես, քեզ կուտեն,- ասաց Գևորգը:
Այդ րոպեին անտառից դուրս եկան երկու հրացանավոր և ծիծաղելով մոտեցան մեզ:
– Բարի ախորժակ ձեզ,- ասացին,- թող կերածներդ անուշ լինի:
Կարոն շնորհակալություն հայտնեց, և իսկույն տեղ բացեցինք.
– Համեցե՛ք:
Նստեցին: Նրանցից մեկը սպիտակահեր, բարձրահասակ, լայնաթիկունք մարդ էր՝ մոտ հիսուն տարեկան, իսկ մյուսը քսանհինգ տարեկան կլիներ. երևի որդին էր: Ես ու Գևորգը մեր բաժակները զիջեցինք անսպասելի հյուրերին: Ավագը վերցրեց բաժակն ու ասաց.
– Մենք Վաչագանի կողմից ենք գալիս: Այս արջը մեր առաջից է փախել: Ես մտածում էի, որ անմեղ երեխաների կհանդիպի ու կհոշոտի: Լավ է, որ հրացան եք ունեցել. ձեր կենացը:
Մենք ողջ եղելությունը պատմեցինք: Արթուրն ասաց.
– Միսը շատ է, բոլորիս կհերիքի:
Ընթրիքից հետո Արթուրը միսը բաժանեց ութ հավասար մասի: Մեր հյուրերը, իրենց բաժինը ստանալով ու շնորհակալություն հայտնելով, անհետացան գյուղի կողմը: Հետո երեք կիլոգրամաչափ կտորներ արեց ու բաժանեց մեզ:
– Տեղավորեք ուսապարկերի մեջ՝ ճանապարհին ուտելու համար,- ասաց նա:
Մնացածը փաթաթեց մորթու մեջ: Դեպքի վայրից հիսուն մետր հեռանալով՝ խորացանք անտառի մեջ և բարձր կաղնու վրա թաքցնելով՝ շարունակեցինք ճանապարհը: Անտառը լրիվ մթնել էր: Մենք իրար հազիվ էինք տեսնում: Անահիտը վախենում էր, ջանում էր իմ կողքով քայլել:
– Այսօր ես նորից ծնվեցի,- ասաց նա,- բա որ արջի բաժի՞ն դառնայի, ի՞նչ պատասխան կտայիր մերոնց:
– Ես ձերոնց ոչ մի բան չեմ խոստացել, միայն իմ տղամարդկային պարտականություններն եմ կատարում:
– Դու չգիտես, Լևոն, հայրս համաձայն չէր իմ գալուն, բայց որ ասացի Լևոնի ու Կարոյի հետ եմ գնում, համաձայնվեց՝ ասելով, թե վստահելի տղերք են:
– Դա արդեն պարտավորեցնող է,- կատակեցի ես:
Այդպես զրուցելով գնում էինք, հանկարծ ճանապարհը լուսավորվեց: Ձախ կողմում հսկայական սալաքարեր երևացին. կարծես հատուկ հղկած լինեին: Ճանապարհից երեք մետրի վրա աղբյուր կար. ջուրը ոչ մի կողմ չէր հոսում, բայց և կարծես չէր վերջանում. քարի տակից դուրս էր գալիս և ներծծվում հողի մեջ: Քարերը «սալեր» էին կոչվում, իսկ աղբյուրը՝ «անմահական». այսպես բացատրեց Կարոն: Մենք ջուր խմեցինք և նստեցինք հանգստանալու: Ջուրն իսկապես անմահական էր: Երբ նստեցինք, Ռազմիկն Արթուրին խնդրեց.
– Քո որսորդական կյանքից մի բան պատմիր, լսենք:
– Ես ի՛նչ որսորդ եմ, որ բան պատմեմ… Բայց որ ուզում եք, կպատմեմ: Մեր հարևան Կարապետ քեռին հռչակավոր որսորդ էր: Ես մանկությունից անընդհատ լսում էի նրա պատմությունները և հիանում: Երբ հասունացա, մի օր ասացի.
– Կարապետ քեռի, օգնիր ինձ, ուզում եմ որսորդ դառնալ:
Նա նայեց ինձ, ոտից գլուխ չափեց ու ասաց.
– Որսորդությունը խաղուպար չէ, բայց դե որ ուզում ես, կօգնեմ:
Ես դարձա Որսորդմիության անդամ: Հրացանս առա, եկա Կարապետ քեռու մոտ:
– Դե, ես պատրաստ եմ, խնդրում եմ, ինձ էլ տարեք որսի:
– Դու դեռ կրակելը սովորիր, նոր արի,- հոգոց հանեց վարպետը:- Գնա մի ֆաներայի կտոր վերցրու, տնկիր մի ապահով տեղ ու կրակիր: Երբ կզգաս, որ կրակելը սովորել ես, այդ ժամանակ կգաս:
Շաբաթ օրերը, երբ նրանք որսի էին գնում, ես փոքր եղբորս հետ դուրս էի գալիս դաշտ ու կրակել էի սովորում: Մի անգամ նույնիսկ կաքավ խփեցի: Ինձ վրա վստահ՝ նորից գնացի վարպետի մոտ:
– Լա՛վ,- ասաց նա,- մյուս շաբաթ գնում ենք որսի:
Ուրախությանս չափ չկար: Ամեն պատրաստություն տեսա, և հաջորդ շաբաթ օրը՝ իրիկնադեմին, ճանապարհվեցինք: Մենք հինգ հոգի էինք՝ երեք վարպետ և երկու աշակերտ: Հասանք անտառ. արդեն մութ էր, և անտառից միայն բուի կռնչոցն էր լսվում: Կարապետ քեռին ասաց.
– Պառկեք քնելու, որ առավոտյան շուտ ենք արթնանալու:
Մենք քաշվեցինք թփերի մեջ ու պառկեցինք: Իմ քունը չէր տանում, ամեն ձայնից վեր էի թռչում: Կեսգիշերին մի կերպ քնեցի: Երբ արթնացա, արդեն լույս էր: Իմ առջև մի հիանալի տեսարան բացվեց: Սարերից եկող ջուրը անցնում էր մոտակա ձորով: Դիմացն անտառ էր: Կարծես դրախտ լիներ: Բարձունքում ծառերի արանքներից երևում էին քարափների ծերպերը: Հենց ժայռերի վրա տեղ-տեղ ծառեր էին բուսել. կարծես կախովի այգիներ լինեին: Անտառից լսվում էր թռչունների ծլվլոցը, որ պարունակում էր երաժշտական բոլոր նոտաները: Մենք իջանք ձորը՝ լվացվելու: Ձորում մի սառնորակ աղբյուր կար, որի ջուրը հայելուց էլ մաքուր էր: Լվացվեցինք, նախաճաշեցինք, բարձրացանք վերև ու պահ մտանք թփերի մեջ:
– Հիմա մեր սիրելիները կգան,- ասաց վարպետը:
Շուտով երևաց մայր եղնիկը ձագի հետ: Ձագն անվստահ էր քայլում. ոտքերը դեռ չէին պնդվել: Մայր եղնիկն անընդհատ ետ էր նայում, կարծես վախենում էր ձագին կորցնելուց: Իսկ երբ հասան ջրին, մայրը խմեց ու վախվորած նայեց մեր կողմը: Նա հոտոտեց օդը և վտանգ զգալով՝ նայեց ձագին ու հասկացրեց, որ ջուր խմի, բայց ձագը հիմարի պես կանգնել էր ու բան չէր հասկանում: Մայրը ստիպված հրեց նրան ու ջուրը գցեց: Ձագը կարծես հասկացավ ու սկսեց խմել: Կռահելով, որ պատրաստվում են հեռանալու, հրացանս բարձրացրի ու նշան բռնեցի մորը: Վարպետը հրացանիս փողը ետ տարավ ու ասաց.
– Մայր եղնիկին չի կարելի սպանել, ձագը որբ կմնա: Դա որսորդների մեջ ընդունված օրենք է:
Ես նայում էի, թե եղնիկներն ինչպես էին հեռանում: Այդպես շարունակում էինք հետևել, երբ կատարվեց անսպասելին: Մյուս վարպետը՝ Մուշեղը, նստած էր երկուսիս միջև: Հանկարծ մեկը թնդանոթի արկի պես հարվածեց վարպետին ու անցավ: Վարազ էր. երևի հետապնդում էին: Վարպետն ընկավ: Նա աչքերը մի կերպ բացուխուփ էր անում:
– Ջո՜ւր,- լսվեց քեռի Կարապետի ձայնը:
Ես վազեցի և տափաշիշը լցնելով՝ բերեցի: Մենք ջուր ցանեցինք երեսին և մի երկու կում խմեցրինք: Նա ուժ հավաքեց և բառերը հատ-հատ արտասանելով՝ ասաց.
– Կարապետ, սա իմ մեղքն է: Կաղնիների հովտում մայր եղնիկին սպանեցի, ձագուկին թողեցի որբ: Իմ երգը երգված է: Թաղումս մարդավարի կանեք:
Խոսեց ու շունչը փչեց: Ես սարսափից գունատվել էի, դարձել էի պատի ծեփ: Պավլուշը, որ նոր էր սկսել որսորդական կյանքը, դիմեց վարպետին:
– Դե ինչ, ստիպված ենք մեր մեռելը տանել:
Վարպետը խոր հայացքով նայեց երիտասարդին և ատամների արանքից արտասանեց.
– Բա որսորդի թաղումը եզան մսով ե՞նք անելու:
Այլևս ոչ մի հարց չտվեցինք: Նորից մեր ուշադրությունը կենտրոնացրինք աղբյուրի վրա: Անհամբեր սպասում էինք: Հանկարծ խշխշոց լսվեց, ճյուղերը շարժվեցին, և դուրս եկան երկու եղնիկ. մեկը՝ խոշոր եղջյուրներով, մյուսը՝ առանց եղջյուրների. ըստ երևույթին զույգ էին: Նրանք հասան ջրի մոտ ու սկսեցին իրար գուրգուրել: Արուն դունչը քսում էր էգին, հոտոտում, իսկ էգը նազ անելով հույս էր տալիս: Տեսարանը գրավիչ էր, և մենք մոռացել էինք մեր որսի մասին: Նրանք իջան, կանգնեցին ջրի մեջ ու սկսեցին խմել: Երբ հագեցան, նայեցին հեռուն. կարծես ընկերներին էին փնտրում: Մեկն ականջները տնկեց: Վարպետը հրեց կողս.
– Նշա՛ն բռնիր աջ եղնիկի վրա:
Այս ասելով՝ նա կրակեց ձախ եղնիկին, և նրանք համարյա միաժամանակ տապալվեցին գետնին: Եղջերավոր եղնիկը սկսեց թպրտալ: Վարպետը նորից կրակեց: Նա այլևս չշարժվեց: Մենք իջանք, եղնիկներին ջրից հանեցինք և սկսեցինք մորթին հանել: Մաքրեցինք ու տեղավորեցինք ուսապարկի մեջ:
– Հիմա կարելի է գնալ,- ասաց վարպետը, բայց խոսքը չավարտած՝ թփերից խռխռոց լսվեց:
– Հրացա՛նս,- գոռաց նա:
Ես իսկույն տվեցի մոտիկ դրած հրացանը, իմն էլ վերցրի: Թփերից դուրս եկավ վարազն ու եկավ ուղիղ մեզ վրա: Վարպետը կրակեց: Վարազն ընկավ ու դունչը տնկեց ցեխի մեջ: Մի վայրկյան չանցած՝ կենդանին հավաքեց ուժերը և տեղից ցատկելով՝ սլացավ դեպի մեզ: Ես ու վարպետը միաժամանակ կրակեցինք: Վարազն ընկավ համարյա մեր ոտքերի առջև: Վարպետը նայեց ու ասաց.
– Սա այն նույն վարազն է: Անծանոթ է, այս կողմերում սրանից չկա: Արթո՛ւր և Պավլո՛ւշ, վերցրեք ուսապարկերը, գնացեք գյուղ, նախագահին պատմեք եղելությունը և երկու ձի խնդրեք:
Մենք առանց ավելորդ հարցերի ճանապարհվեցինք: Շուտով վերադարձանք: Վարազը բարձեցինք մի ձիուն, իսկ մեռելին կապեցինք մյուս ձիու վրա ու ճանապարհ ընկանք դեպի գյուղ:
– Մարդու ճակատին գրված է, և ճակատագրից չես կարող փախչել,- ճանապարհին ասում էր վարպետը:
Հաջորդ օրը վարպետ Մուշեղի դին հանձնեցինք հողին: Ես որոշեցի այլևս որսի չգնալ, անընդհատ խույս էի տալիս վարպետից: Անցավ երեք ամիս: Մի օր էլ դեմ առ դեմ հանդիպեցի նրան: Բարևեց ու նայելով վախվորած դեմքիս՝ ասաց.
– Տղամարդն իր որոշումից հետ չի կանգնի, թեկուզ այն մահացու լինի:
Մենք երկար խոսեցինք: Հաջորդ շաբաթվանից իրար հետ որսի էինք գնում: Այն օրից անցել է վեց տարի: Ես հիշում եմ իմ գլխով անցածը, որ լի է արկածներով: Ափսոս, որ գրի առնող չկա. դա մեր եկող սերնդի համար մեծ փորձ կլիներ: Այսօրվա դեպքն ինձ ապացուցեց, որ ճակատագիր կա: Արջը մեզանից յուրաքանչյուրին կարող էր հոշոտել, այն էլ այն դեպքում, երբ մենք մեր ճանապարհով մեզ համար խաղաղ գնում էինք…
Բոլորս հոգոց հանեցինք և վեր կացանք: Լուսինը սարի ետևից դուրս էր գալիս: Մենք նորից ճանապարհվեցինք: Արթուրի պատմությունից հետո Անահիտի սիրտը սարսափ մտավ, և հպվելով ինձ՝ հարցրեց.
– Լևոն, իսկ գիշերը վարազներ լինո՞ւմ են:
Ես հանգստացնելու համար պատասխանեցի, որ բոլոր կենդանիները, բացի անպետք մարդկանցից, գիշերը քնում են: Նշանակում էր՝ մենք անպետք մարդիկ էինք: Բնությունը գիշերը ստեղծել է քնելու համար: Այդպես մեզնից ամեն մեկն իր զույգի հետ խոսում էր ինչ-որ թեմայի շուրջ: Անահիտը բռնել էր ձեռքս և այնպես էր սեղմում, որ զգում էի նրա սրտի թրթռոցը: Ճանապարհը միանգամից լուսավորվեց: Մենք դուրս եկանք բացատ ու սկսեցինք լապտերների լույսով տնտղել բացատը: Հանկարծ Գևորգը հրեց կողս.
– Նայիր, այն ծառի տակ երկու լույս է պսպղում:
Հետո բարձրաձայն ասաց.
– Տղերք, այն ի՞նչ ճրագներ են ծառի տակ:
Նա մատով ցույց տվեց անտառի խորքի մեծ ծառը: Բոլորը նայեցին այն կողմը, իսկ Անահիտն ականջիս շշնջաց.
– Վախենում եմ:
Ճիշտն ասած՝ ես էլ էի վախենում, բայց երբ քեզանից ավելի վախկոտն է լինում, ստիպված ես հերոս ձևանալ: Արթուրը որպես որսորդ նայեց ու ասաց, որ երևի գայլ է, առանձնապես բան չկա: Գայլը սիրում է աղջիկների միսը: Անահիտին կտանք իրենց և վերջ: Անահիտը լսելի ճչաց ու կպավ ինձ: Ես նրան հանգստացրի.
– Կատակ է անում:
– Եկեք միասին գոռանք, թող սրտաճաք լինի:
Ձայնը ամբողջ տեղանքը դղրդացրեց, բայց թվացյալ գայլը տեղից չշարժվեց: Բոլորս զարմացանք:
– Ռազմի՛կ, կրակի՛ր,- ասաց Գևորգը:
– Սպասի՛ր, փամփուշտ մի՛ փչացրու: Դա գայլ չի:
Այս ասելով՝ Արթուրը լապտերը վառեց ու առաջ անցավ: Նա զգուշությամբ մոտեցավ ու գոչեց.
– Ա՜յ քեզ սատանա, իսկ ես քիչ էր մնում փամփուշտ փչացնեի:
Բոլորս մոտեցանք և ի՞նչ տեսնենք. ծառի տակ իրարից մոտ չորս մատ հեռավորության վրա իրենց գիշերային հանգիստն էին վայելում երկու լուսատտիկ: Բոլորս քահ-քահ ծիծաղեցինք: Անտառը լցվեց ժխորով: Կարոն հրամայեց առաջանալ, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Լուսինը հանդարտ բարձրանում էր՝ լուսավորելով ողջ աշխարհը: Աստղերը շողշողում էին երկնքում: Մի աստղ վայր ընկավ:
– Մարդ մեռավ,- ասաց Ռազմիկը:
Մենք տնտղում էինք աստղերը:
– Ահա Հարդագողի ճանապարհը,- ցույց տվեց Գևորգը:
– Ահա Մեծ արջը,- նկատեցի ես:
– Տո՛ ճանապարհին նայեք, աստղերը հաշվելու ժամանակը չի:
Այդ րոպեին անտառից ուղղաձիգ մի հրթիռ թռավ և համարյա աստղերին հասնելով՝ փունջ կազմեց ու մարեց: Մենք մեխվեցինք տեղում: Անահիտը ճչաց ու կպավ ինձ: Երեք երիտասարդ երևացին ու կանգնեցին ճանապարհի լայնքով: Կենտրոնում կանգնածը բարձրահասակ էր, իսկ կողքինները փոքր-ինչ ցածր էին նրանից: Երեքն էլ մարտական կեցվածք ունեին: Լուսավորության շնորհիվ ես անմիջապես ճանաչեցի մորաքրոջս տղային և Անահիտի ականջին շշնջացի.
– Մի՛ վախեցիր, մերոնք են:
Բարձրահասակ տղան մոտեցավ ու գրկեց ինձ:
– Դե, ո՞նց տեղ հասաք, ամեն ինչ կարգի՞ն է:
– Իսկ դո՞ւք ինչ եք անում այստեղ:
– Մենք զբաղվում ենք գիտական աշխատանքով:
Նա առաջ անցավ և անտառի միջով ուղեկցեց մեզ, իսկ մյուս երկուսը գալիս էին մեր հետևից: Մենք ակամայից դարձանք կապավոր: Մոտ քսան մետր գնալով՝ հանդիպեցինք մի անսովոր շինության: Ծառերի ետևում խուլ պատ էր և այնքան վարպետորեն էր քողարկված, որ առաջին հայացքից միայն սաղարթներն էին երևում: Աջից նշմարվեց դռան տեղը: Դռան վրա մասուրի թուփ էր պատկերված և այնպիսի վարպետությամբ, որ կզգուշանայիր ձեռքդ մեկնել: Դուռը ծեծեցին ինչ-որ ազդանշանով, որը Մորզեի այբուբեն էր հիշեցնում: Դուռը ներսից բացվեց, և մենք հետևեցինք երիտասարդին: Պատի տակ՝ թախտի վրա, նստած էր հիսունին մոտ պատկառելի մի տղամարդ: Մենք բարևեցինք նրան՝ խորը գլուխ տալով: Նա վեր կացավ և յուրաքանչյուրիս ձեռքն առանձին-առանձին սեղմելով՝ հրավիրեց նստելու: Ես մի արագ հայացք նետեցի վրանի պատերին: Անտառից մի ուղղանկյուն կտոր էր պոկած և այնպիսի հաշվենկատությամբ, որ որոշ ծառերի բներ մնացել էին նախատեսված նպատակի համար: Սեղանի ու նստարանների ոտքերը հատուկ կտրտված ծառերի բներ էին, որոնց վրա ոչխարի մորթուց կտորներ էին: Սեղանը պատրաստված էր տախտակից և մեխված էր ուղղակի ծառերի բների վրա: Պատերը պատված էին վրանաթիկնոցով, իսկ հետևից երկաթյա ցանց էր ամրացված: Աջ անկյունից դեպի դուրս ինչ-որ դուռ էր բացվում, որտեղից էլ անհետացան տղաները. երևի մառանի դուռն էր: Ձախ անկյունում դռան չափով սև թաղիք էր կախված. երևում էր՝ նույնպես դուռ է: Պատերից կախված էին տարբեր կենդանիների մորթիներ, որոնք որպես խրտվիլակներ ուղղակի հանվել էին արջի, գայլի, աղվեսի և լուսանի մարմիններից: Մորթիների տակ ինչ-որ բան էր պահված: Պատերի տակ կար վեց թախտ, որոնք ծածկված էին արջի մորթով: Ձախ պատի տակ փոքր սեղան էր դրված, որի վրա կար գծագրական թուղթ, մատիտ, քանոն, գրիչ և չորս-հինգ գիրք: Սեղանի վերևի պատին ամրացված էր մի փոքրիկ պահարան, որը լիքն էր հաստափոր գրքերով: Աջ պատի տակ տեղավորված էր վրանաթիկնոցով ծածկած հանդերձարանը: Այս ամենը ուժեղ տպավորություն էր թողնում մարդու վրա: Առաջին հայացքից կկարծեիր, թե ավազակաբուն է: Շուտով տղաները ծածկեցին սեղանը: Ամանեղենը պատրաստված էր միայն փայտից: Սեղանի կենտրոնում դրված էր տհալով լի մի մեծ, փայտյա սկուտեղ: Բաժակները նույնպես փայտից էին, և բոլորի վրա կենդանու կամ թռչունի պատկեր էր դաջված: Մի քանի տեղ լավաշի կույտեր էին: Երեք կավե կուլաներից մեկի մեջ թթի օղի էր, մյուսի մեջ՝ հաղարջի հյութ, իսկ երրորդի մեջ՝ մոշի: Բաժակները լցրեցին: Տարեցը բարձրացրեց բաժակը և խմեց մեր կենացը: Միսը շատ ախորժելի էր. համից չէինք կշտանում: Տղաներից մեկը գնաց մառան, բերեց թարմ մածնով լի էմալապատ կաթսան և դրեց սեղանի կենտրոնում՝ մսի տեղը:
– Դե՛, մածնից մի՛ հրաժարվեք,- գոչեց ծերուկը և վերցնելով փայտյա շերեփը՝ լցրեց իր ափսեն:
Բոլորս հետևեցինք նրան: Ընթրիքն ավարտելով՝ շնորհակալություն հայտնեցինք ու դուրս եկանք: Նրանք մեզ ուղեկցեցին մինչև ճանապարհը և բարի ճամփա մաղթելով՝ վերադարձան:
– Փա՜ռք քեզ, Աստված, ես հույսս կորցրել էի,- ասաց Կարոն:
– Հազիվ դողս անցավ,- խոր հոգոց հանեց Անահիտը:
– Լավ էլ բարի մարդիկ էին,- ասաց Ռազմիկը:
– Դո՞ւ ինչու չես խոսում,- դիմեցին Գևորգին:
– Ի՞նչ խոսեմ: Միայն ապերախտ մարդը դժգոհ կլինի:
– Ես չիմացա, թե ովքե՛ր են և ինչո՛ւ մեզ պատվեցին:
– Բթամի՛տ, բա առանց իմանալու ինչո՞ւ էիր ոչխարի պես ընկել հետևներից: Դու չտեսա՞ր, թե այն տղան ոնց գրկախառնվեց Լևոնի հետ. Լևոնի բարեկամն էր:
– Նոր հասկացա,- պատասխանեց Արթուրն ու զարմացած նայեց Կարոյին:- Ինձ մի բան է զարմացնում. նրանք ինչպե՞ս իմացան մեր գալը: Երևում է՝ ռադիոհանգույց ունեն և կապված են իրար հետ: Չէ, այս երևույթն ինձ դուր չի գալիս:
– Լավ, գնացինք,- ասաց Կարոն:
Անտառից ջրի քչքչոց լսվեց: Քիչ հետո երևաց աղբյուրը, որ կտրում-անցնում էր ճանապարհը:
– Սա Գարետեղի աղբյուրն է, մի քիչ այն կողմ էլ կոլխոզի գոմն է: Այնտեղ ցուրտ ժամանակ պատսպարվում են կոլխոզի անասունները:
Շուտով գոմերն անցանք և հասանք Գարետեղի գետին, որի մեջ հարյուրավոր աղբյուրներ էին թափվում, որոնք հոսում էին Խուստուփի լանջերից ու միանում իրար: Անտառից դուրս գալուն պես զգացինք ջրերի սառնությունը: Անահիտը սկսեց սրթսրթալ: Կարոն տվեց հերթական հրամանը.
– Տղե՛րք, ամեն մեկդ մի կապ փա՛յտ հավաքեք, մեզ փայտ շատ է պետք:
Անտառի փեշերին լիքը փայտ էր: Ամենքս էլ հավաքեցինք և ճամփա ընկանք: Լուսնի լույսով սարերն այնքան մոտ էին երևում, որ թվում էր՝ կարող էիր ձեռք տալ Խուստուփ լեռանը, որը սև հսկայի նման թառել էր վերևում ու կարծես օդից կախված լիներ: Հավաքած փայտից մեր բեռն ավելի ծանրացավ: Վերելքի թեքությունը համարյա վաթսուն-յոթանասուն աստիճան էր:
– Սրտապնդվեք, մեզ քիչ է մնում, որ հասնենք գիշերելու տեղը,- ասաց Կարոն:
Մենք քայլում էինք շատ դժվար և իրար օգնելով: Ընկնելուց զգուշանում էինք, բայց Անահիտն անընդհատ ընկնում էր: Ես ստիպված վերցրի նրա ուսապարկը, իսկ Գևորգը՝ փայտերի կապը:
– Մի՛ շտապիր,- զգուշացրի նրան,- դեռ գիշերը դեմներս է:
Հեռվում երևացին ֆերմայի գողտրիկ լույսերը: Հովվի շները, մեր ձայները լսելով, սկսեցին հաչել: Անահիտը կուչ եկավ:
– Մի՛ վախեցիր, նրանք շատ հեռու են,- ասացի ես:
Արդեն հասնում էինք «հանգստյան քարափին». այսպես էր կոչվում, քանի որ սար գնացողներն այդտեղ էին գիշերում: Հեռվից լսվում էին շների անհանգիստ ձայները, որոնք, սակայն, կամաց-կամաց մոտենում էին:
– Շուտ բարձրացե՛ք քարերի վրա:
Բոլորս շտապ բարձրացանք: Մեզ տեսնելով՝ Անահիտն էլ բարձրացավ: Շները տեղ հասան ու շրջապատեցին քարափը: Նրանք սպառնում էին, իսկ մենք փայտերով պաշտպանվում էինք: Ռազմիկի համբերությունն սպառվեց, և նա օդում կրակեց: Հրացանի ձայնը լսելով՝ հովիվները կանչեցին իրենց շներին՝ վախենալով մեկնումեկին կորցնելուց: Երբ շները նահանջեցին, Գևորգն ասաց.
– Իզուր էլ կանչեցին, գիշերը մեզ գազաններից կպաշտպանեին:
Քարափը գետնից մոտ երեք մետր բարձր էր, մակերեսը՝ խորդուբորդ, իսկ մեջտեղում մի մեծ շրջան էր, որտեղ կրակ էին վառում: Շուտով կրակը բոցկլտաց, և խորոված արեցինք: Հոտը սարերով մեկ տարածվեց: Մենք խիստ քաղցած էինք, բայց իրարից ամաչելով՝ լռում էինք. հատկապես Անահիտը, որ քաղաքավարությանը զոհ էր գնում, բայց ականջիս բողոքում էր, թե սովից ոտքերը թուլացել են: Շրջապատեցինք կրակն ու սկսեցինք մսի հետ խորովվել: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր: Նստեցինք հացի: Բոլորս ուտում էինք ագահաբար: Նույնիսկ Անահիտը մոռացել էր իր աղջիկ լինելը: Մեր խաղաղ հացկերույթը խանգարեց քարերի աղմուկը: Ինչ-որ մեկը բարձրանում էր: Զգաստացանք: Ներքևից երևաց միջահասակ, լայնաթիկունք, սևահեր, խաժ աչքերով մի մարդ: Նա գալիս էր հաստատուն քայլերով, և կարծես գիշերը նրա համար չէր: Մոտենալով բարձրացավ քարափին ու բարևեց մեզ: Մենք պատասխանեցինք ու հրավիրեցինք նստելու: Պարզվեց՝ ֆերմայի վարիչ Գուրգենն է: Նա նստեց, վերցրեց բաժակն ու ասաց.
– Ձեզ բարի ճանապարհ և բարի վերադարձ: Գիշերն այստեղ ցուրտ է, համեցեք մեզ մոտ գիշերելու:
Մենք հրաժարվեցինք, բայց և շնորհակալություն հայտնեցինք: Նա հետաքրքրությամբ նայեց ինձ ու ասաց.
– Քո աչքերը ծանոթ են երևում, դու հո Վարդանի տղան չե՞ս:
Ես գլխով դրական նշան արեցի:
– Հորաքույրդ որ իմանա, գիշերը գալու է հետևիցդ. նա ֆերմայում է աշխատում:
Ես նոր հասկացա, թե Կարենն ինչու ասաց, որ այդտեղ բոլորն իրեն ճանաչում են: Ֆերմայի վարիչը ճանապարհվեց՝ խնդրելով.
– Վերադարձին համեցեք մեզ մոտ:
Դեռ կրակը չհանգած՝ իրար կողքի շարվելով պառկեցինք:
Քարափը մի կողմից կտրվածք ուներ: Մեր ուսապարկերը դրեցի քարի կողմը և Անահիտին պատվիրեցի քնել դեմքով դեպի ուսապարկերը: Բաճկոնները գցեցինք մեզ վրա ու պառկեցինք: Բոլորն իսկույն մեռելի պես քնեցին: Չգիտես ինչու՝ ես անհանգիստ էի: Քիչ անց Անահիտն արթնացավ ու սկսեց նվնվալ, թե ոտքերը մրսում են: Բաճկոնս փռեցի նրա ոտքերին, երկուսով մտանք մի բաճկոնի տակ ու մեջք մեջքի տվեցինք: Նա սսկվեց ու քնեց: Վերջապես քունը հաղթեց ինձ, և ես էլ քնեցի: Գիշերվա մի ժամի արթնացա Անահիտի անհանգիստ շարժումից. նորից բողոքեց, թե մրսում է: Ես շուռ եկա ու մեջքը գրկեցի: Նա տաքացավ ու քնեց: Դեռ աչքերս չէի փակել, լսվեց գայլերի ոռնոցը: Նրանք շատ մոտ էին: Անահիտը նորից արթնացավ ու սկսեց դողդողալ: Գայլերը շատ համը հանեցին: Բոլորն արթնացան: Արթուրը հրացանը վերցրեց և օդում կրակեց: Գայլերը պոկվեցին, և բոլորը նորից քնեցին: Անահիտը շուռ եկավ ու գրկեց ինձ:
– Առավոտը տղաները կծիծաղեն մեզ վրա,- զգուշացրի ես:
Կարծես չազդեց վրան. քնեց: Ես էլ քնեցի: Թե գիշերն ինչպես անցավ, չիմացա, արթնացա ցնցումից. Գևորգն էր:
– Լևոն, շուռ արի, հիմա բոլորը կարթնանան,- զգուշացրեց նա:
Ես շուռ եկա և շշուկով շնորհակալություն հայտնեցի: Նա միշտ ճիշտ ժամանակին բարի խորհուրդ էր տալիս: Ես շատ էի հարգում Գևորգին: Շուտով լրիվ լուսացավ, և մենք արթնացանք Կարոյի ձայնից.
– Շո՛ւտ արեք, թե չէ արևածագին չենք հասնի:
Բոլորս վեր կացանք, բաճկոնները դրեցինք ուսապարկերի մեջ, դրանք էլ՝ ուսներիս և փայտի մնացորդը վերցնելով՝ ճանապարհվեցինք:
– Ուղիղ բարձրանալը դժվար կլինի, շրջանցեք աջից,- ասաց Կարոն:
Մենք իրար հետևից շարված բարձրանում էինք և մեկ-մեկ բառեր փոխանակում: Ճանապարհի երկու կողմից անտանելի քարափներ էին: Մենք քայլում էինք հազիվ նշմարելի արահետով: Քարերի արանքներից երևում էին «կայծակի» թփերը, որն այդ մասերում միակ բույսն էր: Երբ ձմեռը երկար էր ձգվում, և գարնանը խոտը չէր բավականացնում, անասուններին օգնության էին հասնում «կայծակի» թփերը: Իսկ չորացածները լավ վառվում են: Մենք աջից շրջանցելով դուրս եկանք ուղիղ լեռան դեմ դիմաց, որտեղ այլևս խուսափելու հնարավորություն չկար. ստիպված էինք բարձրանալ քարքարոտ վերելքով, որն ուներ մոտ յոթանասունհինգ աստիճան թեքություն: Մենք բարձրանում էինք համարյա իրարից բռնված: Ամեն քայլափոխի մեր ոտքերի տակից քարերը սահում էին, և քիչ էր մնում ընկնեինք: Վերջապես հաղթահարեցինք տանջալի վերելքը, հասանք մատաղատեղի աղբյուրին, որը լեռան ձախ մասում էր՝ քարափի տակ: Նստեցինք: Արևելքը վաղուց շառագունել էր:
– Լավ հասանք,- ասաց Կարոն:- Հիմա մենք կտեսնենք աշխարհի ամենալավ տեսարանը: Դրա համար ենք հաղթահարել այսքան դժվարությունները: Գալ Խուստուփ ու չնայել արևածագին, հավասար է չգալուն:
Տեսարանը շատ հուզիչ էր: Ցածրում ընկած էին ձորերը, որոնց երկու կողմից զարդարում էին անտառային լանջերը, հսկա լեռներն ու կապույտ երկինքը: Հեռվում երևում էր կապույտ երկնքի մի խիտ, հորիզոնական շերտ: Ամպերը կարծես խտացել էին ու կազմել մի հորիզոնական հարթություն: Ահա հորիզոնի հետևից սկսեց ծագել արևը: Սկզբում երկինքը հուրհրաց կարմիր բոցերով, կարծես հորիզոնի գրկում հսկա խարույկ էին վառել, հետո կարմիր բոցերի միջից ծագեց ինքը արևը՝ իր ոսկեգույն ճառագայթները փռելով ծառերի վրա: Միանգամից լուսավորվեցին ժայռերի ծերպերը, ծառերի գագաթները. շողերը ներխուժեցին սարերը, կիրճերն ու ձորերը: Գիշերվա ստվերը միանգամից չքացավ: Արևի սկավառակը սկսեց դանդաղ բարձրանալ: Գիշերվա խոնավությունը հետզհետե վերացավ, և ախորժելի ջերմությունը ներխուժեց մեր մարմինները: Մենք տաքացանք, և բոլորիս տրամադրությունը միանգամից բարձրացավ:
– Տղաներ, իսկ գիտե՞ք «Սուրբ եկեղեցու» պատմությունը: Ասում են՝ հնում մի սիրահար զույգ է եղել, չգիտեն էլ, թե որ գյուղից, դրա համար ամեն պատմող իր գյուղի անունն է տալիս: Տղայի անունը Բաղդասար էր, աղջկանը՝ Արեգնազ: Չհավատալով Արեգնազի սիրո հավատարմությանը՝ Բաղդասարն ապացույց է պահանջում: Արեգնազն առաջարկում է բարձրանալ Խուստուփի գագաթը և կապերով իջնել լեռան մեջ գտնվող քարայրը: Եթե հավատարիմ է, Աստված կընդունի և առողջ կվերադարձնի, եթե ոչ, քարայրից կընկնի, և տղան կազատվի իր կասկածներից: Պայմանավորվում են ու բարձրանում սարը: Երբ հասնում են կապերին, Արեգնազը նայում է խոր անդունդին և վերադարձի հույսը կտրած՝ մոտենում է Բաղդասարին, գրկում ու լացակումած համբուրելով՝ ասում.
– Ների՛ր, գուցե վերջին անգամն է. միայն իմացիր, որ սիրում եմ քեզ:
Նրանք սկսում են իջնել: Բաղդասարն անընդհատ օգնում է Արեգնազին: Հաղթահարելով անտանելի դժվարությունները՝ վերջապես հասնում են քարայրի մուտքին: Տեսնելով քարայրի մթությունը՝ հասկանում են, որ առանց ճրագի դժվար կլինի: Բայց արդեն ուշ է լինում: Նրանք խարխափելով մտնում են քարայր, որի կենտրոնում պսպղում էր առաստաղից ջրի կաթոցից առաջացած ջրափոսը: Նրանք մոտենում են ու մի բուռ ջուր խմում: Երկրորդը չեն կարողանում, որովհետև ջուրը շատ սառն է լինում:
– Սա հենց անմահական աղբյուրն է: Ուրեմն մենք անմահ ենք,- ասում է Արեգնազը:
Քարայրից դուրս գալով՝ սկսում են բարձրանալ: Հենց այստեղ էլ կատարվում է դժբախտությունը: Հասնելով կապերի վերին կետին՝ Արեգնազը հույսով ձեռքը տանում է վերջին քարին, որ բարձրանա, բայց քարը պոկված է լինում: Աղջիկը գլորվում է անդունդը: Բաղդասարը չի հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց: Նա վերադառնում է, մեծ տանջանքով իջնում անդունդը, գտնում է աղջկան, գլուխը դնում ոտքերին ու սկսում գուրգուրել: Աղջիկը բացում է աչքերը և հավաքելով վերջին ուժերը՝ ասում է.
– Բաղդասար, Աստված ինձ չընդունեց. գուցե մեղավոր եմ, բայց սիրում եմ քեզ: Համբուրիր ինձ և վերադարձիր տուն: Աստված քեզ հետ:
Բաղդասարը կռանալով համբուրում է Արեգնազին: Աղջիկը վերջին անգամ աչքերը հառում է երկնքին ու շունչը փչում: Տղան թաղում է նրան քարերի մեջ և իր ճակատագիրն անիծելով՝ բարձրանում է վերև: Այն օրվանից ամեն տարի գալիս է, իջնում քարայրը և մոմ վառում: Ասում են՝ Արեգնազին կորցնելուց հետո Բաղդասարը չի ամուսնանում. մինչև ծերություն ամուրի է մնում: Երբ ուժերը սպառվում են, նա մի կերպ հասնում է կապերին և նայելով երկնքին՝ ասում է.
– Աստվա՜ծ, ընդունի՜ր մեղավոր հոգիս: Ընդունի՜ր և դու, Արեգնա՛զ:
Այս ասելով՝ իրեն նետում է անդունդը: Արծիվները հոշոտում են նրա մարմինը, իսկ հոգին համբարձվում է երկինք: Այսպես վերջանում է նրանց լեգենդը: Այդ օրվանից քարայրը կոչվում է «Սուրբ եկեղեցի»: Մարդիկ՝ որն իրեն ստուգելու համար, որը հետաքրքրասիրությունից, այցելում են «Սուրբ եկեղեցի»…
Լսելով այս ողբերգական պատմությունը՝ բոլորս հոգոց հանեցինք և ակամայից նայեցինք Անահիտին:
– Մի քիչ նախաճաշենք, որ ուժներս տեղը գա,- ասաց Կարոն:
Հանեցինք ուտելիքն ու ախորժակով կերանք: Բայց հայկական սեղանը առանց հյուրի չի լինում: Ֆերմայի կողմից երևաց մոտ տասը տարեկան մի տղա: Ձեռքին երեք աքլոր էր բռնել, որոնց ոտքերը կապել էր և կպցրել իրար: Բոլորիս տրամադրությունը բարձրացավ, իսկ Կարոն ասաց.
– Մատաղն ընդունելի լինի:
Տղային հրավիրեցինք նախաճաշի:
– Տղա ջան, աքլորները վաճառո՞ւմ ես,- հարցրինք:
– Այո,- պատասխանեց տղան:
– Ի՞նչ արժե:
– Երեսուն ռուբլի:
– Վա՛հ, տնաշե՛ն, գառ հո չի:
– Բա գյուղից բերել հասցրել եմ այստեղ:
Քանի որ մատաղի գինը սակարկել չի կարելի, մենք վճարեցինք մի աքլորի համար ու վերցրինք: Ռազմիկը դրեց ոտքի տակ, աղոթք կարդաց, խաչ հանեց և վիզը կտրեց:
– Ողորմի իրեն,- արտասանեցինք բոլորս:
– Աստված ողորմի,- պատասխանեց Ռազմիկը:
Նա մատը թաթախեց արյան մեջ և բոլորիս ճակատին խաչ արեց: Մենք փոքր կաթսան տվեցինք տղային և խնդրեցինք եփել մինչև մեր վերադարձը:
– Դե, բարձրացանք,- ասաց Կարոն:
Բայց խոսքը բերանից դուրս չեկած՝ լեռան ձախ կողմից քամին ամպերը քշելով բերեց ու մեզ ծածկելով անցավ ֆերմայի կողմը: Կարծես սարի հետևում պահ մտած մեզ էր սպասում: Մենք հուսահատվեցինք, բայց փոքրիկ տղան ասաց.
– Մի՛ անհանգստացեք, դա մոլորված քամի է, հիմա կանցնի:
Եվ իսկապես տասը րոպե հետո արևը վառում էր: Մենք սկսեցինք բարձրանալ: Ճանապարհին իրար վրա քարեր էին դարսված: Կարոն ասաց, որ դա ճանապարհն է ցույց տալիս: Մենք քայլում էինք իրար հետևից և զգույշ: Հասանք կապերին: Պարզ երևում էր լեռան գագաթը:
– Սա Ճգնավորն է,- ասաց Կարոն,- այստեղ հետո կբարձրանանք, իսկ հիմա իջնենք «եկեղեցի»:
Անահիտը մի պահ կանգ առավ, աչքերը հառեց Ճգնավորին ու արտասանեց.
– Ո՜վ երկնային Տեր,
Դու եղիր մեր վկան:
Օրհնիր մեր սերը
Եվ պահպանիր այն:
Տո՜ւր ինձ ճամփա
Դեպի «եկեղեցին Սուրբ»
Եվ ողջ ու առողջ ետ բեր՝
Մեր ձեռքից բռնած:
Իսկ եթե մեղավոր եմ,
Ցա՛ծ նետիր անդունդը,
Թող անգղները հոշոտեն
Մարմինն իմ անարատ:
Այս ասելով՝ նայեց ինձ ու գլուխը խոնարհեց.
– Լևոն, չե՞ս նեղանա, որ սիրտս բացեմ քո առաջ:
Ես գլխով դրական նշան արեցի: Նա նորից նայեց դեպի երկինք ու ասաց.
– Ես քեզ սիրում եմ ու քեզանից սեր եմ հայցում: Սիրի՜ր ինձ, եթե կարող ես: Ես կյանքի հավատարիմ ուղեկից կլինեմ քեզ համար: Կարծում եմ՝ անմեղ եմ: Եթե անմեղ եմ, թող Աստված ողջ ետ բերի, իսկ թե մեղավոր եմ, թող հոգիս առնի:
Ես մտատանջության մեջ ընկա: Երկու օրում Անահիտն անճանաչելի էր դարձել: Նա մինչև ականջները սիրահարված էր: Իսկ ես միայն կատարում էի իմ տղամարդկային պարտականությունները:
– Անահիտ,- սթափվելով ասացի ես,- դու սերը խաղուպա՞ր ես համարում: Սերը գեղեցիկ բառերը չեն միայն: Սերը գործով են ապացուցում:
Նա կռացավ, համբուրեց ինձ և նայելով ուղիղ աչքերիս՝ հարցրեց.
– Լևոն, դու սիրո՞ւմ ես ինձ:
– Ես քեզ սիրում եմ քեզանից առավել, բայց չեմ կարող գեղեցիկ խոսքերով արտահայտել:
– Դու արդեն գործով ապացուցել ես: Մի՞թե երեկվա կռիվը ցմփորի հետ կամ ինձ արջից փրկելը քո սիրո ապացույցը չեն:
Անահիտն անհույս ու աղերսական հայացքով նայեց ինձ ու լռեց: Ես որպես հաստատում համբուրեցի նրա շուրթերն ու ասացի.
– Տղերքը երևի մեզ են սպասում:
Կարոն սպասում էր մեզ կապերի սկզբնամասում: Երբ մեզ տեսավ, ժպտաց.
– Լևոն, զգուշությամբ հետևիր ինձ և օգնիր Անահիտին. դու համարձակ տղա ես, չեմ կասկածում:
Կարոն սկսեց իջնել, իսկ մենք հետևեցինք նրան: Իջնում էինք շատ զգույշ, համարյա անցել էինք կապերի կեսը: Ես մի ձեռքս անընդհատ Անահիտի վրա էի պահում: Հանկարծ նա ճչաց և ընկավ ինձ վրա: Ես պինդ կառչել էի քարերից և պահում էի երկուսիս էլ: Կարոն իսկույն հասավ մեզ և օգնեց դժվարությունից դուրս գալ: Պարզվեց, որ Անահիտի ձեռքի քարը պոկվել է: Նա անդունդում կհայտնվեր, եթե ես չբռնեի: Մենք մի կերպ իջանք և հասանք քարայրի մուտքին: Կարոն հոգոց հանեց.
– Խայտառակ կլինեինք, լավ պրծանք:
– Ուրեմն Աստված ինձ չէր ընդունում,- լացակումած ասաց Անահիտը:- Քո ուժերով ստիպեցիր Նրան կատարել հակառակը:
– Մի՛ հուսահատվիր, բոլորիս համար էլ դժվար էր,- ասաց Կարոն ու առաջացավ:
Տղաները սպասում էին քարայրի մուտքի մոտ: Մի արծիվ սավառնում էր մեր գլխավերևում: Արթուրը կրակեց, և արծիվն ընկավ ուղիղ մեր ոտքերի առջև:
– Շատ չե՞ս շտապում մեր աչքերը հանելու համար,- թևերից բարձրացնելով՝ ասաց Կարոն:
Մենք մոտեցանք քարայրին ու կանգ առանք: Սառը օդը խփեց երեսներիս, սարսռացինք: Բոլորը հանեցին լապտերները, և քարայրը միանգամից լուսավորվեց: Հանկարծ Անահիտը ճչաց, ինչքան ուժ ուներ ու փաթաթվեց ինձ: Փշաքաղվեցինք:
– Այնտեղ… այնտեղ սատանա կա,- դողալով ասաց նա և կուչ եկավ:
– Մի՛ վախեցիր,- հանգստացրեց Կարոն ու առաջ անցավ:
Արթուրն ու Ռազմիկը հրացանները պատրաստ պահել էին: Քարայրի անկյունում նստած էր մի կին՝ բոբիկ, մազերը գզգզված, շորերը պատառոտված ու երեսը քամուց վառված: Մի խոսքով՝ սատանայի տեսք ուներ: Զարմացանք, թե ո՛նց է նստել այդ սառնարանում: Կարոն զգուշությամբ մոտեցավ ու հարցրեց.
– Մորաքույր, ինչո՞ւ եք մենակ նստել այստեղ:
Կինը չպատասխանեց, այլ մի վայրենի հայացք նետեց նրա վրա ու դուրս նետվեց: Մենք ակամայից մի կողմ քաշվեցինք: Նա առանց քարերից բռնվելու արագ բարձրացավ կապերով ու անհետացավ: Մենք զարմանքից քար էինք կտրել: Արթուրն ասաց՝ վայրենի է, իսկ Կարոն հակաճառեց: Հագին սովորական շորեր էին: Այդպես վիճելով մտանք քարայր: Անահիտը վախից դողում էր: Քարայրն ասես իր հսկա պատերի ներսում պարփակում էր դժոխքի գաղտնիքները: Առաստաղն անհասանելի էր. իջնում էր կողմերի վրա: Պատերի վրա ամբողջությամբ քանդակներ էին և մոմի հետքեր: Հատակի մեջտեղում մի ջրավազան կար, որի ջուրն «անմահական» էր կոչվում: Մենք անմիջապես վառեցինք մոմերը, այնուհետև մուրճն ու սեպերը գործի դրեցինք: Շուտով քարայրի պատին երևացին նաև մեր անունները: Վերջացնելով մոտեցանք ջրավազանին: Ջրի մեջ լիքը դրամներ կային: Մենք էլ նետեցինք: Դա կոչվում էր «խաչհամբույր»: Այնուհետև ջուր խմեցինք. Կարոն փոքր բաժակով սպասարկում էր մեզ: Ամեն մեկս հիսուն գրամ հազիվ խմեցինք, իսկ Արթուրը խմեց ամբողջ բաժակը, որը հետո նրա վրա թանկ նստեց: Վերջապես դուրս եկանք քարայրից, որից դեպի ձախ՝ կիրճի մեջ, սպիտակին էր տալիս մի կույտ ձյուն: Մենք մոտեցանք, ձնագնդիկներ սարքեցինք, կերանք: Քարայրի սառը ջրից հետո կարծես տաք պաղ էինք ուտում:
– Դե, բարձրացանք,- ասաց Կարոն և սպասեց, մինչև բոլորը բարձրանան:
Նա ուշադիր նայում էր մեզ: Երբ համոզվեց, որ մեր անվտանգությունը ապահովված է, ինքն էլ սկսեց բարձրանալ: Հասանք Ճգնավորի մոտ ու նստեցինք:
– Փառքդ շատ լինի, տեր Աստված,- հոգոց հանեց Կարոն,- այդ դժոխքից պրծանք: Մնաց Ճգնավորը:
Ճգնավոր կոչվածը լեռան ամենադժվար մասն էր: Հողի մակերևույթից սկսվում էր ուղղաձիգ հատվածը, որն ուներ մոտ իննսուն աստիճան թեքություն և մոտ երեսուն մետր բարձրություն: Միակ բանը, որ հեշտացնում էր վերելքը, խորդուբորդ մակերեսն էր: Բարձրանալուց առաջ կոշիկները հանեցինք, որ հեշտ առաջանանք: Մյուսներն իրենց կոշիկները թողեցին լեռան ստորոտին, իսկ ես վերցրի իմն ու Անահիտինը, անցկացրի գոտուս և կապեցի մեջքիս: Կարոն կատակով ասաց.
– Այդ ի՞նչ ես անում, Պլպուղու հացը կտրեցիր:
– Կարող է՝ այստեղից էլ ճամփա գնամ,- Պլպուղու խոսքերը հիշելով՝ պատասխանեցի ես:
Բոլորը ծիծաղեցին իմ սրախոսության վրա: Սկսեցինք բարձրանալ: Վերելքն այնքան ուղղաձիգ էր, որ մենք հազիվ էինք կառչել քարերին ու մագլցում էինք՝ վախենալով մեջքներս ուղղել: Երբ լեռան կեսն անցանք, ձախից երևաց Ստալինի կիսանդրին, որ վանդակի մեջ ամրացված էր լեռան գոգավոր մասում: Կիսանդրին Ստալինի պատվին տեղադրել էին Կապանի սպորտսմենները: Հասնելով գագաթին՝ ագռավների նման կառչեցինք քարերից ու նայեցինք շուրջը: Քանի որ հեռուն չէինք կարող տեսնել, մեզ թվաց, թե կախված ենք օդում: Երեք արծիվ պտտվում էին մեր գլխավերևում. կարծես սպառնում էին մեզ վեր հանել: Անահիտը կուչ եկավ ու կպավ քարից: Ես կատակով նկատեցի.
– Արծիվները մարդ չեն տանում, միայն գառ են տանում:
Մեր բախտից թռչունները շուտ հեռացան: Մենք սկսեցինք իջնել: Պարզվեց, որ դա ավելի դժվար է, քան բարձրանալը: Մենք հետ չէինք սողում՝ վախենալով մեջքներս ուղղել: Երբ հասանք գետին, մի կերպ ուղղվեցինք ու նստեցինք մոտակա քարին: Անահիտը բողոքեց.
– Տեսնես ո՞վ է ստեղծել մարդ կոչվող արարածին: Ախր մենք ի՞նչ ենք կորցրել այս լեռան գագաթին. որ ընկնենք սատկենք, ո՞վ մեզ կասի՝ ապրես բարի քալլա:
– Դու քեզ հերոսուհու պես պահեցիր,- նկատեցի ես:
– Ես արդեն ուժ չունեմ և չեմ կարող տեղիցս վեր կենալ,- ասաց Անահիտը:
Վեր կացա, բռնեցի նրա թևից ու քաջալերեցի.
– Սրանից հետո վայրէջք է, և մեր տաժանակրությունը կվերջանա:
Մենք ուրախ իջանք դեպի մատաղատեղ, որտեղ սպասում էին տղաները: Կարոն վեր կացավ, մեզ դիմավորեց:
– Իսկական հերոսներ եք,- ասաց:
Մենք նույնպես նստեցինք:
– Իսկ հիմա կուտենք մեր աքլորը,- շարունակեց Կարոն՝ աքլորը բաժանելով յոթ մասի:
Օրենքով մատաղի թիվը յոթն է, մենք էլ տղայի հետ միասին յոթն էինք:
– Մատաղն ընդունելի լինի,- արտասանեց Կարոն:
Բոլորն էլ հաճույքով ուտում էին: Գևորգը վեր կացավ ու սկսեց ուսապարկը քրքրել:
– Ի՞նչ ես կորցրել,- հարցրեց Ռազմիկը:
– Հիմա կտեսնես,- պատասխանեց Գևորգը:
Նա հանեց լուսանկարչական ապարատը, ուղղեց դեպի մեզ ու կատակեց.
– Ուշադրություն, կնկարեմ:
Մենք նկարվեցինք տարբեր դիրքերով՝ փոխարինելով Գևորգին: Արթուրը կատակեց.
– Բա որ ապարատը կար, երեկ ինչո՞ւ արջի հետ չնկարեցիր:
– Երեկ լեզուս կապվել էր, ապարատ էի հիշո՞ւմ որ,- պատասխանեց Գևորգը:
Բոլորը խնդացին: Երբ վերջացրինք և ուզում էինք ճանապարհվել, Ռազմիկը նայեց ժայռերին ու ձեռքերը վեր բարձրացնելով՝ աղոթեց.
– Տե՜ր Աստված, մի քարայծ հանիր քարայրերից և ուղարկիր դեպի մեզ. շատ եմ կարոտել:
Երբ ձեռքերն իջեցրեց, մոտեցա նրան ու հարցրի.
– Ի՞նչ մաղարիչ կանես, որ այծին հանեմ քարայրից:
– Դու, ինչ է, Աստծո հետ գաղտնի կապեր ունե՞ս:
– Ոչ, ես ուղղակի Աստծուց տրված շնորհք ունեմ:
Այս ասելով՝ բարձրացա, կանգնեցի քարի վրա և ինչքան ուժ ունեի, գոռացի.
– Է- հե- հե՜յ:
Ձայնս գնաց, զարնվեց ժայռերին ու ձորերին և անդրադարձավ դեպի մեզ: Սարերը դղրդացին: Մեկ էլ Գևորգն ուրախությունից ճչաց.
– Նայե՜ք, նայե՜ք, քարայծերը:
Մեզանից վերև քարերի ծերպերով թռչկոտում էին քարայծերը: Քիչ հետո երևաց ուլը: Զգացվում էր, որ դեռ չի վարժվել: Արթուրն ու Ռազմիկը միաժամանակ կրակեցին: Այծն ընկավ: Այդպես էլ չիմացանք, թե ում գնդակից: Ես ու Գևորգը վազեցինք, այծին հանեցինք քարերի արանքից և իրար հետ բռնած՝ բերեցինք ու դրեցինք Արթուրի ոտքերի տակ:
– Հրամմեցե՛ք, պարոննե՛ր,- ասացի ես:
Բոլորը նայեցին այծի մարած աչքերին: Նա դեռ նայում էր հեռու ժայռերի ծերպերին թռչկոտող իր ընկերներին:
– Լևոն,- ասաց Արթուրը,- նայում եմ քեզ, մեծ փոր չունես, բայց ձայնիցդ ժայռերը դղրդացին: Չլինի՞ փորիդ մեջ շչակ ես դրել:
– Դա փորից չէ, այլ կոկորդից:
– Ախր կոկորդ էլ չի երևում, որ գլուխ ես գովում:
Բոլորը ծիծաղեցին, իսկ Կարոն վերցրեց ուսապարկն ու ասաց.
– Կարծեմ ֆերմայի վարիչը մեզ հրավիրել է. գնանք, թե չէ կնեղանա:
Մենք ճանապարհվեցինք դեպի կոլտնտեսության ֆերմաները: Այծը հերթով էինք տանում: Մեր ճանապարհը, որ իջնում էր ձորը, հետո բարձրանում ֆերմա, զուգահեռ էր մյուս ճանապարհին, որ գալիս էր գյուղի կողմից, և երկուսը միանում էին մատաղատեղից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Հասնելով այդ հատման կետին՝ մենք նկատեցինք, որ գյուղի կողմից երեք հոգի են գալիս: Մեկը ձիով էր, երկուսը՝ հետիոտն: Մոտեցան, բարևեցին, իսկ ձիավորը, ձիուց իջնելով, սկսեց հարցուփորձ անել: Ես իսկույն ճանաչեցի. ավագ եղբորս դասընկերն էր: Նա էլ ինձ ճանաչեց ու ասաց.
– Դու փոքր ժամանակ լավ էիր երգում: Հիշում եմ՝ եղբայրդ էլ անգին տղա էր. գերազանցիկ էր: Ափսոս, որ զոհվեց, թե չէ լավ մարդ կդառնար:
– Ինքն էլ է գերազանցիկ,- խոսակցությանը միջամտեց Անահիտը:
Ես եղբորս հիշեցի և հոգոց հանեցի:
– Մենք էլ ենք ֆերմա գնում, միասին կգնանք:
Նրա անունը Մարտիկ էր: Ապրում էր Երևանում: Արձակուրդ էր վերցրել, եկել էր հայրենի սարերի կարոտն առնելու: Կոլտնտեսության նախագահը, որպես քաղաքացու, ձի էր տրամադրել ու պատվիրել. «Չմոռանաս սարվորների հացը հետդ տանել»:
– Լևոն ջան, արի քեզ դնեմ ձիու վրա, այդ լեշն էլ հետդ կվերցնես:
Ես նստեցի ձիուն և այծը դրեցի դեմս: Մարտիկը նայեց ինձ ու ծիծաղեց.
– Դու պետք է վարձահատույց լինես:
Ես զարմացա:
– Մենք քեզ խնդրում ենք՝ մի երգ երգես:
Ես նազ չարեցի և սկսեցի երգել «Բարձր սարեր» երգը: Կյանքումս առաջին անգամ ձայնիս ազատություն տվեցի: Ինքս էլ համոզվեցի, որ վատ ձայն չունեմ: Ձայնս տարածվեց սարերով, կարծես իրոք Անուշին էի կանչում: Երբ վերջացրի, տղաները սրտանց ծափահարեցին, իսկ Մարտիկը կեսկատակ-կեսլուրջ ասաց.
– Ավագ Պետրոսյանը պետք է խոնարհվի քո առաջ. դու նրանից լավ ես երգում:
– Ա՛յ տղա, դու քեզ վրա ուշք դարձրու, թե չէ անհայտ կկորչես: Այնինչ կարող ես մեր գյուղի պատիվը բարձր պահել:
Մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Հեռվից երևաց միայնակ մի վրան, որն ինչ-որ մեկի սեփականությունն էր: Վրանից աղջկա երգի ձայն էր լսվում. ըստ երևույթին, իմ պատասխանն էր տալիս:
– Վարդիթերն է,- ասաց մեր ուղեկիցներից մեկը:
– Գարոն սիրուց գժվել էր,- նկատեց մյուսը:
Գարոն ֆերմայի հովիվներից էր:
Մենք իջանք ձորը, ջուր խմեցինք ու բարձրացանք: Ֆերմայի մոտ կանգնած էին քառասունին մոտ երկու կին և հազիվ էին զսպում շներին: Չնայած տարիքին՝ կանայք բավականին գեղեցիկ էին: Երբ մոտեցանք, նրանցից մեկը մոտեցավ, համբուրեց ինձ և ասաց.
– Ամբողջ գիշեր անհանգիստ էի, մտածում էի՝ երեխաները բաց երկնքի տակ կմրսեն:
Հետո շշուկով հարցրեց.
– Այս աղջիկը քո ընկերուհի՞ն է:
Ես գլխի շարժումով հաստատեցի: Նա գրկեց Անահիտին ու հետը տարավ: Կինը հորաքույրս էր: Մեզ ներս հրավիրեցին: Վրանի հատակին մեծ կարպետ էր փռված, մեջտեղում՝ սպիտակ սփռոց, որի վրա շարված էին տարբեր ուտեստներ՝ թարմ կարագ, մածուն, կաթնաշոռ և տավարի խաշած միս: Մենք բացեցինք ուսապարկերը: Մնացել էր թթի օղի, բաստուրմա, թխվածքաբլիթ և քաղաքի հաց, ինչպես գյուղացիներն են ասում: Այս բոլորն ավելացնելով եղածին՝ նստեցինք: Հորաքույրս մոտեցավ ու ներողություն խնդրելով՝ ասաց.
– Հիմա մեր թագուհին կգա:
Ապա սկսեց ինձ հարցուփորձ անել:
Շուտով ներս մտավ յոթանասունին մոտ հսկա մի կին: Թևերը ոնց որ գերաններ լինեին, իսկ ոտքերը նման էին սյուների: Մեծ քիթն իջել էր կոպիտ դեմքի վրա և հասնում էր հաստ շուրթերով բերանին: Մենք վեր կացանք և ոտքի վրա ընդունեցինք նրա ողջույնը: Նա նստեց և մեզ էլ հրավիրեց նստելու: Ֆերմայի տնտեսուհին էր: Մենք իսկույն բացեցինք օղին ու բաժակները լցրինք: Նա վերցրեց բաժակը, մեզ հետաքրքրությամբ զննելով՝ առողջություն ցանկացավ ու մի շնչով խմեց: Բոլորս ագահի պես սկսեցինք ուտել: Երբ բավականին կերանք, Կարոն վերցրեց բաժակը և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար: Այնուհետև ցույց տալով քարայծի լեշը՝ ասաց.
– Սա էլ մեր կողմից, թող անուշ լինի:
Մենք վեր կացանք և սկսեցինք ծանոթանալ ֆերմայի հետ: Այն իրենից ներկայացնում էր ընդամենը չորս վրան: Դրանցից մեկում, որ չորս մետր լայնությամբ ու վեց մետր երկարությամբ կլիներ, տեղավորել էին կաթի զտման երկու մեքենա, ալյումինե կաթսաներ, խնոցիներ և աման-չաման: Դուռը փակված էր կախովի մեծ կողպեքով: Երկու միջակ վրանները կանանց ու տղամարդկանց համար էին, իսկ փոքրը ֆերմայի վարիչի առանձնասենյակն էր: Դրսից վրանների երկայնքով տեղադրված էր ոչխարների ու կովերի նստատեղը: Մի կով խեղճ-խեղճ նստած էր և աղերսական հայացք էր գցել մեզ վրա:
– Դաբաղ է,- ասաց հորաքույրս:
Մեծ վրանի ետևի ամբողջ երկայնքով հողը չոր էր, և ոչ մի բույս չկար:
– Որտեղ թան ես լցնում, այնտեղ բուսականությունը վերանում է,- բացատրեց հորաքույրս:
Անահիտն արդեն մտերմացել էր հորաքրոջս հետ:
– Ես հետաքրքրվել եմ, լավ աղջիկ է, ցեղն էլ լավն է,- բացահայտ ասաց հորաքույրս:- Մայրդ էլ գեղեցիկ էր. ձեր օջախի վրա գալովի է:
Վերջացնելով դիտումը՝ մենք շնորհակալություն հայտնեցինք և ուզում էինք ճանապարհվել, երբ տնտեսուհին լայն տերևների մեջ փաթաթած ինչ-որ փաթեթներ բերեց, բաժանեց մեզ ու ասաց.
– Սա թարմ կարագ է՝ կաթնաշոռի մեջ փաթաթած, կտանեք մայրիկների համար:
Մենք հրաժեշտ տվեցինք և ճանապարհ ընկանք: Որոշեցինք այցելել մենավոր ծառին: Շուտով բարձրացանք ժայռը, որի մակերեսը մոտ տասը քառակուսի մետր տափակ հարթություն էր: Մեջտեղից կարծես հատուկ ճեղք էր բացվել, և բարձրացել էր մի հսկա կաղնի: Հենց քարի երեսից ծառը երկու մասի էր բաժանված: Ժամանակին կայծակն էր խփել, մի կեսը ջարդել: Ջարդված մասն առանց բնից պոկվելու փռվել էր ժայռի վրա: Թե քանի տարեկան էր, ոչ ոք չգիտեր: Ծերերն ասում էին՝ որ իրենք ծնվել են, այդ ծառը եղել է. նույնը մեր ծնողներն են ասել: Ծառն իր հսկա տեսքով հսկում էր բոլոր սարերը և դարձել էր սրբատեղի: Ամենքն էլ որպես պարտականություն ձգտում էին այցելել նրան: Ժայռն ասես դիտակետ լիներ. այնտեղից երևում էր մինչև անսահմանություն, և նայելով չէիր հագենում:
– Տղերք, ձորում քեղ կա, մի քիչ չքաղե՞նք,- ասաց Կարոն:
Այս ասելով՝ իջավ ձորը: Գևորգն ու Ռազմիկը հետևեցին նրան: Անահիտը մնաց քարափին՝ պատճառաբանելով, որ քեղից ձեռքերը վերքոտում են: Քեղը խոշոր տերևներով, գետնին տարածվող բույս էր, մեջտեղից միայն մի ցողուն էր բարձրանում, որն էլ ուտում են: Եվ իսկապես վա՛յ նրան, ով կպչի տերևներին. ձեռքերը վերքոտում են: Ես ստիպված մնացի Անահիտի մոտ: Արթուրն էլ մնաց՝ պատճառաբանելով, որ տրամադրություն չունի: Երեքով մնացինք ժայռի վրա: Այդտեղից դիտում էինք չքնաղ տեսարանները և ուրախ զրուցում: Արթուրի մնալն ինձ անհանգստացնում էր, բայց ցույց չէի տալիս: Հեռվում Անահիտը կապույտ, սիրուն ծաղիկներ նկատեց: Նրա տրամադրությունը բարձրացնելու համար գնացի քաղելու: Հենց այստեղ էլ կատարվեց դժբախտությունը: Արթուրը, առիթից օգտվելով, սկսեց Անահիտի հոգու հետ խաղալ: Կատակը հասավ այն աստիճանի, որ գրկեց ու սկսեց համբուրել: Անահիտը պաշտպանվում էր, բայց իզուր: Ստիպված սկսեց ճչալ: Ճչոցը լսելով՝ ես ետ նայեցի, և տեսարանը ցնցեց ինձ: Թողնելով ծաղիկները՝ մոտ վազեցի: Արթուրի վրա բարկացա, բայց չազդվեց: Ստիպված մի մեծ քար վերցրի և սպառնացի գլուխը ջարդել: Արթուրը բաց թողեց աղջկան ու հարձակվեց ինձ վրա: Ես քարը դեն նետեցի և ձեռքերով պաշտպանվեցի: Արթուրն առանց մտածելու հարվածներ էր տեղում ինձ վրա: Ես խույս տալով ետ-ետ էի գնում: Հանկարծ ոտքս քարով ընկավ, և ես տապալվեցի գետնին: Արթուրը հասավ, որ ոտքերի տակ ճխլի: Զգալով ինձ սպառնացող վտանգը, իսկույն կողմնորոշվեցի: Արթուրը գալիս էր դեպի ինձ, և աչքերից կայծեր էին թափվում: Ես ծալեցի ոտքերս և երկու ոտքով խփեցի Արթուրի ծնկներին: Նա ետ-ետ գնաց ու մեջքի վրա ընկավ քարերի վրա: Ես վեր կացա, բայց Արթուրն անշարժ էր: Մարմնովս սարսուռ անցավ. չլինի՞ ուղեղի ցնցում ստացավ: Իմ կասկածը հաստատվեց: Անահիտը ճչաց: Ձայնի վրա տղաները հավաքվեցին: Ես փորձում էի արթնացնել նրան: Ռազմիկը վազեվազ ջուր բերեց: Մի քիչ ցանեցինք Արթուրի դեմքին, և նա աչքերը բացեց: Ինձ կանգնած տեսնելով՝ փորձեց վեր կենալ, բայց իզուր: Ես նրա աչքից հեռացա և մեղավորի պես կողքի քաշվեցի: Կարոն թրջոց դրեց խփած մասին: Նա շշմած նայում էր մեզ, և կարծես ուղեղը խառնվել էր:
– Այս անգամ եթե հաջող տեղ հասանք, մաղարիչ եմ անելու,- դժգոհ ասաց Կարոն:
Անահիտը կուչ եկած նստել էր մոտակա քարին: Կես ժամից Արթուրը վեր կացավ և հազիվ կանգնեց տեղում: Կարոն ամուր բռնել էր նրան: Մենք հանգստացանք: Գևորգն իր բերած քեղը վերցրեց, որ ուտի: Ես ձեռքից խլեցի ու սկսեցի մաքրել: Նա մնաց զարմացած.
– Ա՛յ թե բերանս կվերքոտեր:
Բոլորը ծիծաղեցին, ապա սկսեցին մի-մի հատ կլպել, ուտել:
Տեսնելով, որ վտանգն անցել է, Կարոն ասաց.
– Լավ, գնացինք:
Արթուրը կանգնեց ու խոր հայացքով նայեց տղաներին:
– Պատկերացնո՞ւմ եք,- ասաց,- եթե Լևոնը չպաշտպանվեր, ես պատրաստ էի նրան սպանելու:
– Աստված մեծ է,- ասաց Կարոն:
– Իբր դու նրա ձեռքից պրծա՞ր, որ մի հատ էլ սպանես,- ցածր ձայնով ասաց Ռազմիկը:
– Ես մեղավոր եմ,- ասաց Արթուրը,- իսկ Լևոնն իսկապես լավ տղա է:
Եվ նայելով իմ ու Անահիտի կողմը՝ շարունակեց.
– Ներեցեք ինձ, եթե կարող եք:
– Ես մոռացել եմ արդեն:
Տղաները ծիծաղեցին: Բոլորի տրամադրությունը բարձրացավ, իսկ Գևորգը կատակով ասաց.
– Սրանից հետո Լևոնի հետ զգույշ եղեք: Նրա մեջ արթնացել է սերը պաշտպանելու բնազդը:
Մենք ուրախ շարունակեցինք ճանապարհը: Տունդարձի ճամփան մի քանի անգամ դյուրին էր: Մենք քայլում էինք համարյա զբոսնելով: Ջուր էինք խմում բոլոր աղբյուրներից. գուցե վերջին անգամն էր: Ձորակի ձախ լանջին քչքչում էր սառը աղբյուրը, իսկ նրա շուրջը փռված էր հազարագույն ծաղիկների գորգը: Անահիտը վազեց դեպի ծաղիկները: Ես, անտես թելերով կապված, հետևեցի նրան: Շուտով ծաղիկների մի մեծ փունջ կազմեցինք, որի մեջ կային ծիածանի բոլոր գույները: Լվացվեցինք, ջուր խմեցինք, և նկատելով, որ տղաները մի քիչ հեռացել են, գրկեցի Անահիտին, ուժեղ սեղմեցի կրծքիս ու համբուրեցի: Նրա տրամադրությունը բարձրացավ, և արտասանեց.
– Սեր իմ, եղիր անսպառ ու մաքուր
Այս աղբյուրի վճիտ ջրերի պես:
Գեղեցիկ ու չքնաղ եղիր
Այս ծաղկեփնջի ծաղիկների պես:
Թող աշխարհը խաղաղ լինի
Այս սարերի զով ջրերի նման,
Եվ մենք քայլենք համարձակ
Դեպի գագաթը երջանկության:
Թողնելով դրախտի գողտրիկ անկյունը՝ սկսեցինք իջնել: Անահիտը գրկել էր ծաղկեփունջը, և աչքերը երջանկությունից փայլում էին: Մեզ տեսնելով՝ տղաները սկսեցին փսփսալ, իսկ Գևորգը, ապարատը հանելով, կատակեց.
– Ուշադրություն, կնկարեմ:
Ես ու Անահիտը կանգնեցինք իրար կողքի, իսկ ծաղկեփունջը պահեցինք մեր մեջտեղում: Այնուհետև խմբով նկարվեցինք ու ճանապարհվեցինք: Հասնելով Գարետեղի գետին՝ շուռ եկանք դեպի գոմերը: Մեր առաջ փայտ բարձած երկու ձի էին գնում, որոնց ուղեկցում էր մոտ տասը տարեկան մի տղա: Ձիերից մեկի բեռը թափվում էր, և տղան կպել էր ու հազիվ էր պահում: Մենք նկատելով արագացրինք մեր քայլերը և հասնելով ձիերին՝ անմիջապես քանդեցինք կապերն ու նորից լավ բարձեցինք: Տղան շնորհակալություն հայտնեց և վստահ քշեց: Մենք հաջողություն մաղթեցինք և արագ առաջ անցանք: Հասնելով այն վայրը, որտեղ պահել էինք արջի միսն ու մորթին, տեսանք՝ երկու տղամարդ բռնել են իրենց շանն ու հազիվ են պահում: Շունը ձգվում էր դեպի անտառն ու հաչում:
– Չենք կարողանում այստեղից պոկել,- ասաց նրանցից մեկը,- երևի անտառում ինչ-որ կենդանի կա: Ձեզ մոտ հրացան կա՞, մի հատ ստուգեք:
Արթուրն ու Կարոն առանց խոսքի մտան անտառ և մորթին ձեռքներին՝ վերադարձան: Մարդիկ մնացին զարմացած:
– Շունն իմաստուն է, նա մսի հոտն իսկույն զգում է,- ասաց Արթուրն ու պատմեց արջի պատմությունը:
Մենք բացեցինք միսը, որն արդեն տաքացել էր, մի կտոր գցեցինք շան առաջը, մնացածը թողեցինք՝ քամին տա: Երեկոյան զով քամին մսի տհաճ հոտն իսկույն ցրեց: Արթուրը նորից բաժանեց միսը՝ բաժին հանելով նաև շան տերերին: Ամեն մեկս մեր բաժինը վերցրինք ու տեղավորեցինք ուսապարկերում: Մորթին հարմար կապեցինք ու հերթով իրար փոխարինում էինք: Գյուղի կողմից մի ձի երևաց, որին ուղեկցում էր մոտ տասներկու տարեկան մի տղա: Նա սարվորներին հաց էր տանում: Կարոն նայեց տղային ու գլուխը տարուբերեց.
– Այս գյուղացիք հեչ վախ չունեն:
Մենք արագ հասանք քաղաք: Իջնելով տների արանքով՝ հասանք Վաչագանի գետին:
– Վերջապես հասանք,- տրտնջաց Գևորգը:
Անցնելով գետը՝ հասանք տնային լիազոր Շահնազարի տան մոտ: Նրա աչքից բան չէր վրիպում: Դռների մոտ կանգնած էր. կարծես մեզ էր սպասում:
– Ապրեք, երեխեք, արջ էլ եք խփել,- հեգնանքով ասաց նա:
Կարոն դժգոհ մրթմրթաց.
– Կորանք: Վաղը ավագ լեյտենանտը մեր հարցերը կլուծի:
Մի քիչ առաջ անցնելով՝ կանգ առանք: Արթուրը նայեց արջի մորթուն ու ասաց.
– Տղերք, ես մի առաջարկություն ունեմ. ըստ որսորդների օրենքի՝ մորթին խփողներինն է. խփել ենք ես ու Ռազմիկը:
Հետո նայեց Ռազմիկին ու շարունակեց.
– Քո թույլտվությամբ ես այս մորթին նվիրում եմ մեր խմբի հերոսներին՝ Անահիտին ու Լևոնին: Ձեզ բախտավորություն եմ ցանկանում: Եվ որպեսզի Անահիտը շահագրգռված լինի, մորթին տանում ենք Լևոնենց տուն:
Այս ասելով՝ մորթին դրեց մեջտեղում և բարի գիշեր մաղթելով՝ թեքվեց դեպի իրենց տուն: Գևորգն օգնեց ինձ մորթին տեղ հասցնելու: Ճանապարհին՝ քարափի վրա կանգնած սպասում էր Անահիտի մայրը: Նա մեզ ընդառաջ վազեց և ձեռքը գցելով աղջկա վզով՝ ասաց.
– Ա՛յ բալա, ախր փորներս փտեց, ինչո՞ւ ուշացաք:
Մենք բարի գիշեր մաղթեցինք ու շարունակեցինք գնալ: Մայրս բակում կանգնած մեզ էր սպասում: Մտանք տուն, մորթին դրեցինք հատակին և ազատ շունչ քաշեցինք:
– Համա թե պրծանք հա՛,- ասաց Գևորգը:
Հայրս նայեց արջի մորթուն և ծաղրական ասաց.
– Ա՛յ տղա, էս դատարկ ձեռով արջ ե՞ս խփել:
Գևորգը չդիմացավ, կծեց.
– Ու եղնիկ:
– Հա, այդ եղնիկի մայրը հինգ անգամ եկել է մեր տուն. կարծես աղջկան պահել էինք: Գոնե ողջ-առողջ ե՞ք բերել:
Եվ չսպասելով պատասխանի՝ շարունակեց.
– Զարմանում եմ նրա հոր վրա, թե ո՛նց է անչափահաս աղջկան թողել տղաների հետ:
Գևորգը նորից կատակեց.
– Այսպիսի արծիվների հետ կարելի է թեկուզ մի խումբ աղջիկների թողնել:
Ես բոթեցի նրա կողը, և նա ծիծաղելով դուրս թռավ, ես էլ՝ հետևից: Մի քիչ դրսում ծիծաղեցինք և բարի գիշեր մաղթելով՝ բաժանվեցինք:
Հաջորդ օրը ամբողջ խմբով կանգնած էինք թաղային լիազոր, ավագ լեյտենանտ Խաչատրյանի գրասենյակում: Նա գլուխը թղթապանակից բարձրացրեց, մեզ ոտքից գլուխ չափեց ու ասաց.
– Դե, հերոսներ, պատմեք տեսնեմ՝ ոնց եք խփել արջին, որի որսը արգելված է:
– Իսկ արջին զգուշացրե՞լ եք, որ մարդ ուտել չի կարելի:
Բոլորը ծիծաղեցին, իսկ Խաչատրյանը պահանջեց պատմել եղելությունը: Մենք պատմեցինք, թե ինչ պայմաններում ենք խփել: Խաչատրյանը զարմացավ:
– Այդպիսի դեպքերում ակտ են կազմում, միսը վաճառում են, իսկ մորթին հանձնում են պետությանը,- ասաց նա:
Կարոն համբերությունից դուրս եկավ.
– Ուրեմն մենք, արջի բերանից մի կերպ պրծնելով, սպանենք, իսկ միսը ուրիշներն ուտե՞ն: Ա՛յ տեսնո՞ւմ եք այս ջահել զույգին. հիմա նրանք չէին լինի, եթե արջին չսպանեինք:
Նա մատնացույց արեց ինձ ու Անահիտին, որ իրար կողքի կանգնած էինք: Ավագ լեյտենանտը թաղի տղաներին անգիր գիտեր: Նա փափկեց.
– Գոնե մորթին բերեք, ակտ կազմենք:
– Մորթին նվիրել ենք երիտասարդ զույգին, որ միշտ հիշեն իրենց ճանապարհորդությունը:
– Ա՛յ միսը հաստատ կուտեք,- ասաց Արթուրը:
Մի ժամից տասը կիլոգրամ միսը ավագ լեյտենանտի գրասենյակում էր: Մենք տուն գնացինք: Այսպես վերջացավ մեր ճանապարհորդությունը…
Անցան տարիներ: Ես, բազմոցին նստած, լրագիր էի կարդում, իսկ Անահիտը շոր էր արդուկում: Հատակին փռած արջի մորթու վրա խաղում էին երեխաներս՝ որդիս ու դուստրս:
– Հայրիկ, այս արջի մորթին որտեղի՞ց է,- հարցրեց տղաս՝ Կարոն:
Ես պատմեցի մեր ճանապարհորդության մասին դեպի «Սուրբ եկեղեցի»: Կարոն աղերսագին հարցրեց.
– Ինձ էլ կտանե՞ս Խուստուփ:
– Իհարկե,- ասացի ես,- միայն թե մի քիչ մեծացիր:
Երեխաները շարունակեցին իրենց խաղը: Ես նայեցի Անահիտին, և մենք ժպտացինք…