Արամայիս Խալաֆյան

ՄԻ ԴԱՌԸ ՊԱՀ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ես` Արամայիս Սավադի Խալաֆյանս, ծնվել եմ Ղափանի շրջանի Գեղանուշ գյուղում։ Ոմն իմաստուն ասել է. «Ծնվում են ակամա, ապրում զարմանքով, մեռնում կարոտից»։ Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես ծնվել եմ ակամա, դեկտեմբերին, որը տարվա ամենադաժան ամիսն է։ Այդ է պատճառը, որ ամբողջ կյանքս դրված է եղել անհավասար նժարների վրա։ Մայրս պատմում էր, որ երբ երեք տարիս լրացել է, հիվանդացել եմ կարմրուկով, որը տևել է քառասուն օր, և շատ ծանր եմ տարել։ Հարազատներս ու հարևանները մի քանի անգամ մտքով հուղարկավորել են ինձ։ Վերջապես Սադայելը բացել է մատները և թողել կոկորդս։

Այն օրվանից Աստված ձեռքը դրեց ինձ վրա և սկսեց տնօրինել իմ կյանքը՝ տանելով ինձ կյանքի ամենատարբեր, խորդուբորդ ճանապարհներով։ Կյանքի հորձանքներն ինձ իրենց մեջ առան և սկսեցին ափից ափ նետել` զարկելով ժայռերին։ Ամեն մի ալեկոծությունից հետո շունչ էի առնում և նորից պատրաստվում պայքարի։ Մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը կյանքն այս կերպ է պատկերել. մի խոր փոս լիքն է օձերով, իսկ փոսի պատն ի վեր բարձրանում է մասուրի թուփը։ Մարդը մի ձեռքով կառչել է թփից, մյուսով ձգտում է վեր բարձրանալ, որպեսզի փրկի իր կյանքը: Ցած իջնել չի կարող: Մնում է սպասել ճակատագրի քմահաճույքներին…

Ես վայելում էի իմ անորոշ դրությունը: Ճակատագիրը հրամայաբար ուղեկցում էր ինձ՝ տանելով իր ուզած ճանապարհով: Ես հնարավորություն չունեի ընտրելու իմ նախասիրած մասնագիտությունը և գնում էի միայն հաց հայթայթելու ճանապարհով: Այդպես էլ չիմացա, թե Աստված ինչ ընդունակություններ է տեղադրել իմ ուղեղի վանդակներում: Ես անցա սևագործ բանվորից մինչև շինարարության ավագ ինժեների ճանապարհը: Չեմ պատրաստվում պատմել իմ կյանքի ողջ պատմությունը, քանզի շատ երկար է, և ձեր համբերությունը չի բավարարի կարդալու այն: Ժամանակի պահանջներն ինձ տարան դպրոց և նետեցին երեխաների ժխորի մեջ: Եթե մեկն ուզում է անիծել իր թշնամուն, թող այսպես արտահայտվի. «Անիծում եմ՝ դպրոցում աշխատես»:

Դպրոց գնալուս պատճառը հետևյալն էր: Տիրապետելով տարբեր մասնագիտությունների՝ անմասն չէի մնացել նաև ստեղծագործելուց: Իմանալով, որ դպրոցում արհեստանոցներ կան, համաձայնվեցի ստանձնել դպրոցի տնօրենի՝ տնտեսական գծով տեղակալի պաշտոնը` այն հույսով, որ ազատ ժամանակ կունենամ արհեստանոցում զբաղվելու: Բայց դա ինձ չհաջողվեց: Դպրոցը նորակառույց էր, և աշխատանքն այնքան շատ էր, որ ուրիշ զբաղմունքի մասին երազել անգամ չէի կարող: Ամեն ինչ հաջող էր ընթանում: Ցավոք, հաջողությունն ու անհաջողությունն ընկերներ են և իրար հրմշտելով՝ մարդկանց վզով են ընկնում:

Վատ ժամանակներ էին: Հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել իր անկախության համար: Թողնելով առօրյա հոգսերն ու գործերը՝ բոլորը վազում էին Ազատության հրապարակ` անկախության պահանջով: Չպատկերացնելով հետագա բարդությունները՝ մարդիկ լքում էին գործարանները՝ դրանք անտերության մատնելով, ոմանք էլ, օգտվելով առիթից, քանդում էին հաստոցների կարևոր մասերը և վաճառում հանուն իրենց շահի: Չմոռանանք նաև Ղարաբաղի հարցը: Անկախության շրջանակները քանի գնում, նեղանում էին՝ իրենց հետ բերելով շրջափակում, սով և կյանքի այլևայլ անբարենպաստ պայմաններ: Շուտով կանգ առան գնացքները, դադարեցին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջեռուցումը և գործարանների աշխատանքը: Հետո վրա հասավ ձմեռը և առանց հաշվի նստելու մարդկանց հետ՝ փռեց ձյունն ու մտավ իր պարտականությունների մեջ: Բոլոր շենքերի խողովակաշարերը սկսեցին սառչել ու պայթել: Բնակարանները տաքացնելու համար ստիպված կտրտում էին շրջակայքում աճած հարյուրավոր ծառեր: Պակասեցին բոլոր տեսակի մթերքները: Մարդիկ կորցրին իրենց կյանքի երբեմնի բարվոք պայմանները: Տեղին է հիշել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին. «Սովը եկավ, սովի հետ ցավ, ծաղկած երկիրն ամայացավ…»: Այս ամենից անմասն չմնացի նաև ես: Այն դեպքում, երբ մարդիկ զբաղվում էին միայն իրենց ընտանիքի հոգսերով, ես ստիպված էի հոգալ նաև յոթ մասնաշենք ունեցող դպրոցի հոգսը: Ջեռուցման բացակայության պատճառով շարքից դուրս էին եկել խողովակաշարը, մարտկոցները և սառը ջրի գծերը: Զոդող վարպետի օգնությամբ ստիպված էինք նորոգել վնասված մարտկոցները: Սառնամանիքն ավերիչ ազդեցություն թողեց իմ առողջության վրա: Դրան գումարվեց նաև այն պատահմունքը, որը կներկայացնեմ ձեր ուշադրությանը:

Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դպրոցում լուսավորություն չկար: Մի գեղեցիկ օր մտա դպրոցի միակ փակ ունեցող զուգարանը՝ կարիքս հոգալու: Զուգարանում լույս չկար: Խարխափելով մտա, դուռը ծածկեցի և կանգնեցի կոնքաթասի առջև: Մի մարմին փափուկ ընկավ մեջքիս: Մտածելով, որ մուկ է կամ առնետ, թափ տվեցի, որ վրայիցս ընկնի, բայց չընկավ: Երկրորդ անգամ փորձեցի. ապարդյուն: Երրորդ անգամ մարմնովս սարսուռ անցավ: Ես բացեցի դուռը և ստուգեցի թշնամուս ինչ լինելը: Պարզվեց, որ հատակ մաքրելու փայտն էր: Տեխաշխատողն այն դրել էր անկյունում, և երբ դուռը փակել էի, ազատվել էր դռան ճնշումից ու ընկել թիկունքիս: Ես սկսեցի ծիծաղել և պատմեցի ընկերներիս: Բայց վախը իր գործն արել էր: Մի որոշ ժամանակ անց զգացի, որ ձախ ոտքս քարշ է գալիս ու քայլելիս ինձ չի ենթարկվում: Սկսեցի անհանգստանալ: Բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել վախ չափողին: Գագիկ անունով մեկը վախ էր չափում: Իմանալով հասցեն՝ ներկայացա և փորձեցի ներս մտնել: Առանձնատան բակում կանգնած էին տարբեր հասակի և գեղեցկության կանայք: Նրանք բացել էին իրենց բամբասանքի տուտը և աշխույժ ծիծաղում էին: Ինձ տեսնելով` զգաստացան, և միջին տարիքի գեղեցկադեմ մի կին դիմեց ինձ.

– Եղբա՛յր, նե՛րս գնացեք:

Ես շնորհակալություն հայտնեցի ու ներս մտա: Ինձ ընդունեց քառասունին մոտ մի տղամարդ  և առաջարկեց նստել: Մոտավորապես իմանալով պատճառը` բերեց ջրով լի թասը, պահեց գլխավերևս և հալած մոմը լցրեց մեջը: Մոմի կտորներն այս ու այն կողմ ցրվեցին և ինչ-որ բանի տեսք ստացան: Գագիկը նայեց պատկերին ու ասաց.

– Խիստ վախեցել ես:

Մոմի պատկերը հանելով ջրից՝ փաթաթեց թղթի մեջ ու տվեց ինձ: Բայց դա գործի մի մասն էր: Նա ասաց, որ ինձ վրա գիր են արել և այն կերցրել շանը. դրա հանելը դժվար կլինի, բայց ոչինչ, կգնամ, մի բան կանի: Ես քսանհինգանոցը դրեցի խաչի մոտ ու դուրս եկա: Քայլում էի ու մտածում` մարդիկ ի՛նչ պատճառով պիտի իրենց գործը թողնեին ու ինձ վրա գիր անեին: Դրանով վերջացավ իմ հիվանդության բուժման առաջին փուլը:

Որոշ ժամանակ անցավ: Մեր քաղաքում՝ Աբովյանում, պայթեցրին զինամթերքի կենտրոնական պահեստները: Երեկոյան կողմ էր. ընտանիքով պատշգամբում կանգնած՝ նայում էինք հրավառությանը: Հետո ավելի ուժեղ պայթյուններ սկսվեցին: Մենք ներս քաշվեցինք և պատսպարվեցինք ճաշասենյակում: Լսվեց բարձրախոսի ձայնը.

– Հարգելի՛ քաղաքացիներ, պայթյունների վտանգից խուսափելու համար խնդրում ենք առանց իրար խառնվելու ներկայանալ քաղաքապետարանի շենքի մոտ՝ ավելի ապահով վայր տեղափոխվելու նպատակով. ավտոբուսները ձեզ են սպասում:

Ես համառորեն հրաժարվում էի տնից դուրս գալուց, բայց կատարվեց անսպասելին: Ուժեղ պայթյունից բացվեցին պատշգամբի դուռն ու լուսամուտը: Ես արթնացա: Մի պահ մտքովս անցավ, որ կարող եմ ընտանիքիս նահատակման պատճառ դառնալ, և իսկույն համաձայնվեցի: Երբ տնից դուրս եկանք, զարմանքով նկատեցի, որ ձախ ոտքս էլի քարշ է գալիս: Շշուկով հայտնեցի ավագ որդուս, և դա մեր մեջ պահեցինք: Ամբողջ գիշեր, իրար վրա թափված, ավտոբուսներով գնում էինք Չարենցավան: Իմ բախտից ընտանիքիս անդամները բոլորը հասուն էին: Իսկ այնտեղ երեխաներ, ծերեր, հիվանդներ կային: Իրար օգնելով՝ լուսադեմին հասանք Չարենցավան: Ծանոթների տանը մի քանի ժամ հանգստանալուց հետո, տեղեկանալով, որ պայթյունները դեռ չեն դադարել, գնացինք Երևան: Հաջորդ օրը զգացի, որ ոտքիս վիճակն ավելի է վատացել: Այդտեղ էլ սկսվեցին իմ շրջագայությունները բժիշկների դռներով:

Վարազդատ անունով մեկը լուր էր տարածել, որ նման հիվանդություններ է բուժում, այն էլ չինական դեղերով, որն էլ գրավեց իմ ուշադրությունը: Երեք սեանս անցնելուց հետո նա հայտնեց, որ այդ դեղերը չեն օգնում, և գնում է Չինաստան՝ նորերը բերելու, որպեսզի բուժումը շարունակի: Տասն օրից վերադարձավ: Մի քանի անգամ ոտքս քարշ տալով փորձեցի հանդիպել, բայց ապարդյուն: Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց: Ձմռանը մի քանի անգամ պոչուկիս վրա ընկել էի. մտածելով, որ այդ հատվածում վնասվածք կարող էր լինել, դիմեցի հին ընկերոջս, որը կոտրված ու խախտված ոսկորներ էր բուժում: Նա ապրում էր Սոլակ գյուղում: Երբ հասա նրա մոտ, պարզվեց, որ նա ինքն օգնության կարիք ունի: Անտրամադիր վերադարձա կառամատույց և սպասում էի գնացքի ժամանմանը: Այնտեղ հանդիպեցի վաղեմի ծանոթներիցս մեկին, որը ցավով նկատեց իմ կաղալն ու հարցրեց, թե ինչ է պատահել: Ես սկսեցի բողոքել, որ ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել: Մեր դիմաց կանգնած ալեհեր մարդը խոսակցության մեջ մտավ և ասաց.

– Ինչո՞ւ եք հոգնակի խոսում, Դուք ինձ դիմե՞լ եք:

Երեք օր անց կանգնած էի նրանց բնակարանի դռան առաջ: Կինը բացեց դուռը և ներս հրավիրեց: Զննելուց հետո բժիշկը հայտարարեց, որ լրիվ բուժել չի կարող, բայց հիվանդության ընթացքը կկանգնեցնի: Նախապես պետք է հազար ռուբլի մուծեի, իսկ մնացածի մասին հետո պիտի խոսեինք: Ես դուրս եկա՝ մտածելով, որ դա ոչ թե բժիշկ է, այլ շառլատան: Հրաժարվելով նման բուժումից՝ այցելեցի բժիշկ Կոշտոյանին, որն էլ շատ ճիշտ արտահայտվեց` ասելով, որ իմ հիվանդությունն իր խելքի բանը չէ, և ուղարկեց նյարդաբան, դոցենտ Դադիվանյանի մոտ: Զննելուց հետո վերջինս ստացիոնար բուժում առաջարկեց: Մենք խնդրեցինք նշանակումները տանը կատարել, քանի որ կինս բուժքույր է: Տասնհինգ օր ընդունեցի բոլոր նշանակումները և ոչ մի փոփոխություն չզգալով՝ մտածեցի, որ բուժումը սխալ է, ուստի հրաժարվեցի շարունակությունից: Լուր ստացա Նոր Հաճնի առողջարանից, թե ոմն էքստրասենս-բժշկուհի՝ Հասմիկ անունով, հենց այդպիսի հիվանդություններ է բուժում: Ահա կանգնած եմ բժշկուհու առաջ և հետևում եմ նրա ցուցումներին. «Հանեք մետաղյա իրերը և նայեք մատներիս ծայրերին, փակեք աչքերը…»: Հետո ձեռքը տարավ մարմնիս զուգահեռ և թելադրեց ախտորոշումը.

– Ճակատի ներվի բորբոքում, կոկորդի բորբոքում, սրտի ձախ նախասրտի անբավարար աշխատանք, լյարդի խիստ բորբոքում, գոտկատեղից մինչև ոտքերի ծայրերը խիստ աղային կուտակումներ:

Ես առարկեցի.

– Մնացածի հետ ինչ-որ չափով համաձայն եմ, բայց լյարդիցս երբեք չեմ բողոքել:

– Դա ճիշտ է, բայց Ձեզ մոտ անբավարար են գործում լյարդը սնուցող օրգանները:

Հարցերը վերջացան: Նա գրեց դեղատոմսը և տվեց ինձ՝ չմոռանալով հիշեցնել, որ պետք է մասնակցեի տասը սեանսի: Սեանսներն անց էին կացվում երեկոյան, ընդհանուր կարգով: Դեղատոմսի բովանդակությունը հետևյալն էր. երեք օր հացադուլ անել՝ խմելով քսան կիլոգրամ խնձորի հյութ, կես լիտր զեյթունի ձեթ և երկու հարյուր գրամ գերչակի յուղ: Երեք օր անց խմել ամենատարբեր մրգերի և բանջարեղենի հյութեր: Հացադուլի պայմանները կատարելուց հետո ներկայացա և մասնակցեցի սեանսին, որի բովանդակությունը սա էր. հանում էինք մետաղյա իրերը, նստում աթոռներին, փակում աչքերը և կրկնում այն, ինչ լսում էինք բժշկուհու բերանից: Նա սկսում էր գլխից և վերջացնում ոտքի ծայրերով: Կրկնելով բոլոր օրգանների անունները՝ ասում էինք. «Իմ օրգանները չեն ցավում և հանգիստ են»: Ես հաճախ ծիծաղում էի՝ նկատողություն ստանալով: Ճակատագիրն առանց ինձ հարցնելու իր պայմաններն էր թելադրում: Երեք սեանսից հետո բժշկուհին հայտարարեց.

– Մոսկվայի հիվանդները պահանջել են… Տասն օրից կվերադառնամ:

Այդ օրը վերջին սեանսն անցկացրինք: Մոսկվայից վերադարձավ վատառողջ վիճակում: Մի քանի անարդյունք այցելությունից հետո ստիպված էի հրաժարվել:

Շուտով սկսվեցին ձմեռային ցրտերը: Ապահովության համար ձեռնափայտ վերցրի: Ձմեռվա կեսին Երևանից լուր եկավ, որ ֆիզիոթերապիայի ինստիտուտի սենյակներից մեկում չինացի ասեղնաբույժները տարբեր բուժումներ են կատարում: Թարգմանչի օգնությամբ բժիշկը խոստացավ տասը սեանսից հետո վերականգնել դրությունս: Ամեն օր սառնամանիքին որդուս ուղեկցությամբ գնում էի սեանսի՝ մեջքիս ու ոտքերիս տասներկուսից տասնյոթ ասեղ ստանալով: Տասներորդ սեանսից հետո ասաց.

– Քո հիվանդությունը բարդ է, հարկավոր է ամռանը բուժել:

Մենք հրաժեշտ տվեցինք և վերադարձանք տուն՝ այնտեղ թողնելով մեկ տարվա աշխատավարձս: Հիվանդությունս քանի գնում, բարդանում էր: Դպրոցում աշխատանքի ուսուցման դասաժամեր էլ ունեի: Երեխաները հետաքրքրվում էին իմ առողջությամբ: Պարզվեց, որ աշակերտներիցս մեկի հայրը բուժումներ է անում:

Ահա և նրա՝ Վարոյի առանձնասենյակում ենք: Նա հարցուփորձ արեց և ասաց.

– Դուք անվախ եք: Դա ուրիշ հիվանդություն է: Ձեր ներվը կպել է: Մենք պետք է աշխատենք բացել այն:

Ըստ Վարոյի` ինքն արևից ճառագայթներ էր ստանում և հաղորդում մարմնին: Ի տարբերություն մյուս բժիշկների` Վարոն որոշ ճիշտ բաներ ասում էր: Սեանսի ժամանակ մարմնիս որոշ մասերում կծկծոց էի զգում: Նա առանց ինձ հարցնելու ասում էր, թե որ մասն է կծկծում: Հենց այդ երևույթն էլ ինձ խաբեց: Երկուսուկես ամիս հաճախելուց հետո ստիպված հրաժարվեցի, իսկ վիճակս ավելի վատացավ: Ամենասարսափելին այն էր, որ աջ ոտքս նույնպես սկսեց թուլանալ: Բանը հասավ նրան, որ մերոնք համոզեցին պառկել հիվանդանոցում:

«Էրեբունի» հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում ենք: Բաժնի վարիչն ու բուժող բժշկուհին զննեցին ինձ և գրեցին ընդհանուր եզրակացությունը. «Տարածված սկլերոզ, աղային կուտակումներ, նյարդերի բորբոքում, կասկածներ ուղեղի վերաբերյալ…»: Ստուգումներից պարզվեց, որ բոլոր կասկածներն անհիմն են, դրա համար էլ բուժում էին, ինչպես ուզում էին: Մեկ ամիս բուժվելուց հետո վիճակս ավելի վատացավ: Ստիպված դուրս գրվեցի: Բժշկուհին ինձ համոզում էր.

– Մի քիչ լավացել ես, չէ՞:

Ես բարկացած պատասխանեցի, որ ավելի եմ վատացել: Մենք  իրարից դժգոհ բաժանվեցինք: Տուն վերադարձա խիստ անտրամադիր և չգիտեի ինչ անել: Մտածում էի առողջարան գնալ: Սակայն դրությունը վատ էր, ճանապարհները՝ փակ: Տեղեկացանք, որ Հայաստանի գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Ժամկոչյանը հիվանդների իննսունինը տոկոսին բուժում է. առողջ են ու գոհ: Դժբախտաբար ես մտա այն մեկ տոկոսի մեջ:

Պրոֆեսորի առանձնասենյակում ենք: Բուժող բժիշկ, դոցենտ Ժորեսի հետ զննեցին ու ցավոք ասացին.

– Ավելի լավ չէ՞ր՝ գլխիդ մեջ ուռուցք լիներ. կհանեինք, կվերջանար:

Մեկ ամիս բուժվեցի, դարձյալ ապարդյուն: Պատերից բռնվելով էի քայլում: Ստիպված դուրս գրվեցի, և ինձ տուն բերեցին: Ծանոթներից հենակներ խնդրեցինք, ու սկսեցի տան մեջ պատից պատ քայլել: Լուր ստացանք, որ Հոկտեմբերյան քաղաքի հիվանդանոցում Էրիկ անունով մի բժիշկ տարբեր հիվանդություններ է բուժում: Հեռախոսով կապվեցինք. խոստացավ բուժել: Եվ ահա Հոկտեմբերյանում ենք: Մեկ շաբաթ մեջքս ջարդուխուրդ անելուց հետո պարզվեց, որ էլի իզուր անցավ: Քսաներկու հազար մուծեցինք ու վերադարձանք: Վերադարձի օրը իմ հիշողության մեջ մնաց որպես ամենավատը կյանքիս օրերից: Աշխարհում հրաշքներ շատ են լինում: Այդ օրը նույնպես եղավ: Ըստ տեղի բնակիչների՝ Հոկտեմբերյանում ձյունը գաիս է դեկտեմբերին կամ հունվարին, բայց այս անգամ էլ ճակատագիրը դավաճանեց ինձ: Նոյեմբերի ութին ձյունը նստեց: Հիվանդանոցից մինչև ավտոբուսի կանգառ ձգվող հիսուն մետրի համար վճարեցինք հինգ հարյուր ռուբլի: Դժվարությամբ հասանք Երևանի ավտոկայան: Այնտեղ տրանսպորտի ոչ մի միջոց չկար: Մի կերպ կանգնեցի կրպակի մոտ, իսկ որդիս փորձեց մեքենա վարձել: Կես ժամ հետո մեկը կանգնեց ու մինչև Շրջանային տասներկու հազար ռուբլի պահանջեց: Մեզ մոտ հենց այդքան էր մնացել. ստիպված հրաժարվեցինք: Բայց աշխարհն առանց բարի մարդկանց չի լինում: Հաջորդ մեքենան կանգնեց և առանց սակարկելու վերցրեց: Մենք, փոխելով մեր փոխադրամիջոցը, հասանք Աբովյան: Կանգառից մինչև մեր տուն երկու հարյուր մետր էր: Ոտքով չէի կարող, իսկ մեքենա չկար: Կես ժամ սառչելուց հետո մեկին համոզեցինք տանել: Ես կանգնած տեղս դողում էի: Շենքի մոտից որդիներս ինձ բարձրացրին և դրեցին բազմոցին: Հենց այդտեղ էլ ես փլվեցի, և աչքերիցս արցունքներ հոսեցին: Չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ զրկվել եմ քայլելու ունակությունից: Այդպիսով՝ ես տուն ընկա և փակվեցի: Տանը ինքս ինձ համար քայլում էի հենակներով: Դրությունս փրկելու համար սկսեցի տարբեր մարզանքներ կատարել: Հասել էի այն աստիճանի, որ ցորենի հատիկի վրայով անգամ չէի կարողանում անցնել: Ամեն հասարակ խոչընդոտից կորցնում էի հավասարակշռությունս և ընկնում: Գլուխս էր վնասվում, կողերս, ատամներս և այլն: Երեխաները հետևիցս ընկած հսկում էին, իսկ ես բարկանում էի: Ընկնելուց հետո թույլ չէի տալիս, որ բարձրացնեն`ասելով. «Ես ինքս ոտքի կկանգնեմ»: Միակ հաջողությունն այն էր, որ սիրտս առողջ էր, դրա համար էլ կարողանում էի տանել բոլոր ցավերը: Ձմեռվա ընթացքում անընդհատ կարդում էի:

Մի օր ինձնից անկախ բողոքեցի իմ վիճակից: Մեծ որդիս ինձ հուսադրելու համար ասաց.

– Հայրիկ, ինչո՞ւ ես հուսահատվում, ամեն ինչ լավ կլինի: Դու դեռ կբուժվես: Գրիր, կարդա, թող օրդ անցնի:

Որդուս բառերն ինձ վրա ուրիշ ազդեցություն թողեցին: «Գիր» բառն ինձ արթնացրեց: Ես մտածեցի ստեղծագործելու մասին: Այստեղ ակամայից մի դեպք հիշեցի: Դպրոցում թանգարան էին բացել: Թանգարանի պատասխանատուն` տիկին Հովսեփյանը, ինձ հրավիրեց դիտելու: Հետո խնդրեց, որ գրեմ իմ տպավորությունը: Ես կատարեցի խնդրանքը և տետրը մեկնեցի տիկին Հովսեփյանին: Նա հետաքրքրությամբ կարդաց և արտահայտեց իր հիացմունքը.

– Դուք հիանալի եք արտահայտել Ձեր մտքերը:

Ես մտածեցի. ուրեմն կարող եմ ստեղծագործել: Մարդկային ուղեղի մեջ միլիոնավոր վանդակներ կան. պետք է արթնացնել ստեղծագործելու վանդակները: Սա նկատի առնելով` անցա գործի, և դա ինձ հաջողվեց: Որոնելով ու վերհիշելով կյանքումս հանդիպած դեպքերն ու դեմքերը՝ ի մի բերեցի և ստեղծեցի պատմվածքներ: Չմոռանամ ասել, որ բուժվելու գործը երբեք չէի թողնում: Բժշկական հանձնաժողովը որոշեց ինձ առաջին կարգի հաշմանդամների ցուցակի մեջ գրանցել: Ես կորցրեցի ապաքինվելու իմ վերջին հույսը:

Անցավ երկու տարի: Ես ապրում էի իմ ստեղծած հերոսների կյանքով: Նրանցով ուրախանում էի, նրանցով տխրում և օր օրի փոփոխվում ու կատարելագործվում: Այս զբաղմունքի մեջ էի, երբ կինս հիվանդանոցից զանգեց ու տեղեկացրեց, որ ներվապաթոլոգ, պրոֆեսոր Զոհրաբյանը եկել է և ինձ է սպասում: Որդիներս շուտափույթ կերպով մեքենա վարձեցին և ինձ տարան պրոֆեսորի մոտ: Բժիշկ Աբրահամյանի հետ զննեցին և նշումներ կատարեցին: Երկու ամսվա ընթացքում ընդունեցի հինգ հարյուր դեղահաբ և հարյուր սրսկում: Այդ ընթացքում ձախ թևս նույնպես սկսեց թուլանալ: Պատահեց այնպես, որ ուրախ առիթով մի բաժակ գինի խմեցի: Հաջորդ օրը ձախ թևս լրիվ թուլացավ. չէի կարողանում նույնիսկ հացը ձեռքս վերցնել: Այս հարվածը խիստ ազդեց ինձ վրա: Ես մտածեցի, որ շղթայի ծայրերը միանում են, և շուտով բոլորովին կզրկվեմ վերջույթներիս աշխատանքից: Հաճախակի փայփայում էի այն միտքը, որ այդ տանջանքներից կարելի է ազատվել միայն ինքնավերացմամբ: Ներքոհիշյալ դեպքը ավելի համոզեց ինձ:

Այդ ընթացքում կարդացել էի «Տաիս Աֆինսկայա» հունական վեպը, որում պատմվում է մի հնդիկ քանդակագործի մասին: Երբ նա ավարտում է իր գլուխգործոցը, լրանում է նրա վաթսուն տարին: Հավաքում է ընկերներին, և նստում են խնջույքի: Այդ ժամանակ խմում է գինով լի բաժակը, որի մեջ թույն էր լցված: Մահանալուց առաջ նա կենաց ճառ է արտասանում. «Մենք գերադասում ենք արժանի կերպով ապրել կյանքը: Երբ մարդը զրկված է կյանքի հաճույքներից, այլևս չարժե ապրել»: Ես այդ մտքի հետ համաձայն էի: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի համոզել կնոջս՝ երեխաներից գաղտնի ինձ մի բաժակ թույն տա, և ամեն ինչ վերջանա: Բայց պարզվեց, որ ես մեռնելու իրավունք չունեմ: Կինս խայտառակ արեց ինձ և հայտարարեց.

– Ես մարդասպան չեմ: Դու պետք է ապրես:

Այն, ինչ ինձ շատ հեշտ էր թվում, դարձավ ամենադժվարը: Ես ստիպված պետք է քարշ տայի իմ դրությունը: Ինձ մնում էր միայն պայքարել: Ես վարժությունների կոմպլեքս մշակեցի և սկսեցի պարապել: Օրական չորսից հինգ ժամ պարապում էի, միաժամանակ ուսումնասիրում, թե որ վարժությունից ինչ ազդեցություն եմ ստանում: Այս ամենից հետո մտածում եմ, թե Աստված երբ հոգիս կառնի: Առայժմ սողում եմ ոտքերի տակ և աղաչում Աստծուն՝ կա՛մ առողջություն տա, կա՛մ հոգիս առնի: Քանի որ ճակատագիրն անողոք է մարդկանց հանդեպ և անում է, ինչ ցանկանում է, ուստի անխուսափելի չէ, որ ձեզ հետ էլ նույնը կարող է պատահել, ինչ որ ինձ հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստորև շարադրում եմ իմ կյանքի փորձից ստացած հետևյալ խորհուրդները.

1. Կազմել օրվա սննդի հաստատուն ռեժիմ և անպայման հետևել դրան: Ցանկալի է նախաճաշել ժամը 7-9-ը, ուտել լրիվ ստամոքսով, ճաշել ժամը 12-14-ը, ուտել լրիվ ստամոքսով, ընթրել ժամը 19-21-ը, ուտել թեթևակի և խմել մեկ բաժակ մածուն:

2. Քնել մութն ընկնելուց անմիջապես հետո՝ նախօրոք օդափոխելով սենյակը: Հագնել ազատ գիշերանոց և ավելորդ վերմակով չծանրաբեռնվել: Առավոտյան վեր կենալ լույսը բացվելուց անմիջապես հետո: Դուրս գալ պատշգամբ և մարզանքներ կատարել:

3. Գիշերը ջուր չխմել. ջուրը լճանում է ստամոքսում և կատարում իր ավերիչ գործը:

4. Ցերեկը չքնել: Բնությունն այնպես է ստեղծված, որ բոլոր կենդանի օրգանիզմները քնեն գիշերը, քանի որ այդ ժամանակ աշխարհը զրկվում է արևի լույսից ու մթնում է: Վերանում են կենդանական ու արտադրական բոլոր տեսակի աղմուկները: Դրա համար էլ գիշերվա քունը հանգիստ է:

5. Հնարավորինս քիչ ուտել հացատեսակներ. դրանց չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար:

6. Երբեք չհետաձգել հոգնածությունից ազատվելը, թեկուզ հինգ րոպեով, այլապես հետևանքը կլինի այն, որ օրգաններից մեկը կհիվանդանա և շարքից դուրս կգա:

7. Խիստ չափավոր օգտագործել խմիչքը:

8. Չծխել, իսկ ծխելու դեպքում՝ հետևյալ չափաբաժնով. օրական 8 գլանակ, ընդ որում՝ երկու ժամում մեկ գլանակ:

9. Տարվա ընթացքում մեկ ամիս անպայման մեղր օգտագործել, որն իր մեջ պարունակում է ամենատարբեր ծաղիկների հյութ, որը և կօգնի վերացնելու օրգանիզմում պահ մտած գաղտնի հիվանդությունների օջախը:

Հետևելով այս խորհուրդներին՝ կյանքում չեք զղջա:

Ահա սրանից հետո ձեր ուշադրությանն եմ հանձնում իմ պատմվածքները, որոնք, կարծում եմ, ձեզ չեն ձանձրացնի:

3 կարծիքներ
  1. Միքաել
    Միքաել says:

    Վերջին անգամ ինչվոր բան կարդացել եմ 35 տարի առաջ :)
    ի դեպ ես 74 տարեկան եմ, փառք աստծո առեղջությունս դեռ
    շատ չի անհանգստացնում:
    հաճույքով կարդացի լավ է ստացվել, թեպեդ կարդացի ընդամենը
    ՄԻ ԴԱՌԸ ՊԱՀ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ: Կարծու եմ մյուս պատմվածքները
    ոչ պակաս հաճույքով կկարդամ:

  2. Parandzem Poxosyan
    Parandzem Poxosyan says:

    Անչափ շնորհակալ եմ այս պատմվածքներն ինձ ուղարկելու համար: Շատ հետաքրքիր են:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։