ՍԻՐՈ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ

ՍԻՐՈ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ

Հոկտեմբեր ամիսն էր: Ես արձակուրդ վերցրի և որոշեցի մեկնել Մոսկվա՝ գնումներ կատարելու: Երևանի երկաթուղակայարանի կառամատույցին կանգնած՝ սպասում էի գնացքի ճանապարհվելուն: Մի պատկառելի ծերունի եկավ ու մտավ վագոն:

– Վայելչատես ծերուկ է,- նկատեց ուղեկցորդը:

Շուտով լսվեց գնացքի սուլիչի ձայնը, հետո էլ՝ ուղեկցորդինը.

– Բոլորդ գրավե՛ք ձեր տեղերը:

Ես մտա վագոն և ուղղվեցի դեպի իմ խցիկը: Մեծ եղավ ուրախությունս, երբ այնտեղ տեսա ծերունուն: Բարևեցինք:

– Դուք է՞լ եք Մոսկվա մեկնում,- հարցրեց նա:

– Այո: Եկեք ծանոթանանք:

– Ուրախությամբ. Կարեն,- պարզեց ձեռքն ու ներկայացավ նա:

– Շատ ուրախ եմ,- ասացի ես և տեղավորվեցի:

Շուտով ջերմ զրույց սկսվեց: Պարզվեց, որ ընկերս շատ հաճելի մարդ է: Կարենը պատմեց իր կյանքի պատմությունը, որը որոշ փոփոխություններով ներկայացնում եմ ձեզ.

«Մեր թաղամասը գտնվում էր քաղաքի ծայրամասում: Գետի երկու կողմում դասավորված էին առանձնատները: Բոլորն անխտիր տնամերձ հողամասեր ունեին: Ոռոգման համար ջուրը վերցնում էին գետից: Եվ քանի որ նույն տեղից էին օգտվում, ոռոգում էին հերթով: Երբեք չէի լսել, որ մեկը մյուսի հետ վիճեր, կամ որևէ մեկն անպատկառ բառերով վիրավորեր մյուսին: Հողամասերը փոքր էին: Հիմնականում ծառեր էին տնկված, իսկ ազատ տարածություններում լոբի էին աճեցնում: Ծառերը մեծ մասամբ մրգատու էին՝ թթենի, կեռասենի, տանձենի և խնձորենի: Դրանք այնքան շատ էին, որ հեռվից տները գրեթե չէին երևում, կամ էլ՝ մեկի տանիքը, մյուսի մի պատը, երրորդի լուսամուտը և այլն: Աշխատանքից վերադառնալով՝ մարդիկ մտնում էին իրենց այգիները կամ շարունակում տան կիսատ մնացած մասի կառուցումը, մի հավի բուն շինում կամ էլ մի գողտրիկ անկյուն: Մի խոսքով՝ պարապ չէին մնում: Թաղամասի բնակիչները սիրով էին վերաբերվում միմյանց. իրար օգնում էին, իրարից խորհուրդ հարցնում, իրար հետ տխրում, իրար հետ ուրախանում: Բոլորն իրար հինգ մատի պես գիտեին: Այսպես ապրում էին՝ ամեն մեկն իր հոգսով ու ցավով:

Բայց անսպասելի փոփոխությունը խախտեց թաղամասի անդորրը: Բանն այն է, որ այդտեղ բնակվելու եկավ պահեստապետ Դարչոն իր ընտանիքով՝ ինքը, կինը և աղջիկը: Տեղավորվեցին Սերոժի տանը, որը կնոջ հետ երկու տարով մեկնել էր Կուբա՝ աշխատելու: Տունը գտնվում էր ճանապարհից ցած՝ գետի ափին: Երկհարկանի էր, մեծ պատշգամբով: Ինչպես մյուս բոլոր տները, հողամաս էլ ուներ: Տան միայն տանիքն էր երևում, իսկ հարևանի տնից՝ պատշգամբը: Ինչպես բոլոր պահեստապետները, Դարչոն պահեստից արտասահմանյան ապրանքներ էր բերում և իր ուզած գներով վաճառում հարևաններին, որոնք, հանգամանքներից ելնելով, ո՛չ սակարկում էին, ո՛չ էլ դժգոհում: Պատճառն այն էր, որ աշխատանքով զբաղված մարդիկ էին, ժամանակ չունեին: Հետո էլ՝ մեկին շտապ նվեր էր պետք լինում ծննդյան տարեդարձի առթիվ, մյուսը ջահել աղջիկ ուներ, երրորդը շտապ տեղ էր գնում և այլն: Իսկ Դարչոյի կինը՝ տիկին Հազարավարդը, շտապ օգնություն էր մարդկանց համար: Նա մի ժամվա ընթացքում ցանկացած ապրանք հասցնում էր հաճախորդին: Եվ բոլորը գոհ էին մնում: Այսպես թաղամասի անդորրը խախտվեց: Մեկին հարցնում էիր՝ որտեղից ես գալիս, ասում էր՝ Դարչոյենց տնից, մյուսին հարցնում էիր՝ ուր ես գնում, դարձյալ՝ Դարչոյենց տուն: Շատերը սկսեցին խույս տալ իրարից՝ պատասխանից խուսափելու համար: Այդպես Դարչոն դարձավ ժողովրդի սիրելին: Բայց դա խնդրի մի կողմն էր. մեծ էշը դեռ ախոռում էր: Ասում էին, թե Դարչոյի միակ աղջիկը արտակարգ գեղեցիկ է: Թաղամասի երիտասարդ տղաները հերթ էին կանգնում պահեստապետի տան մոտ՝ աղջկան տեսնելու: Բայց ավաղ, նրանք աղջկան երբեք չէին տեսնում: Լավագույն դեպքում վիճում էին հոր հետ, և գործը վերջանում էր ոստիկանության բաժանմունքում: Դարչոյի աղջիկը սովորում էր քաղաքի թիվ երկու դպրոցի տասներորդ դասարանում: Հայրը «Քսանմեկ» մակնիշի վոլգա ուներ, որից այդ ժամանակներում ունեին քաղխորհրդի նախագահը, շրջկոմի քարտուղարը և ոստիկանապետը: Առավոտյան մեքենայով աղջկան տանում էր դպրոց, դասերից հետո ետ բերում: Այնպես որ, աղջիկը դարձել էր «սև աղվես»: Իմ դասընկեր Սաքոն (մենք երկուսս էլ սովորում էինք թիվ մեկ դպրոցի տասներորդ դասարանում) ապրում էր Դարչոյի տան հարևանությամբ: Միակ մարդն էր, որի համար պահեստապետի աղջիկը տեսանելի էր: Ես հիասթափված էի: Չէի սիրում, որ մի աղջկա համար մի քանի հոգի կռիվ էին տալիս: Նման դեպքերում, ինչպես ժողովուրդն է ասում, շան փայ է դառնում: Այս պատճառով էլ ես չէի պատրաստվում մտնել պայքարի մեջ:

Մի օր Սաքոն խոսք բացեց Դարչոյի աղջկա մասին:

– Կուզե՞ս հանդիպել գեղեցկուհուն,- առաջարկեց նա:

Ես չմերժեցի: Հաջորդ օրը ժամը չորսին նրանց տանն էի: Սաքոն դասերն էր սովորում, իսկ մայրը, կարի մեքենայի դիմաց նստած, շոր էր կարում: Ես ներս մտա, բարևեցի ու նստեցի Սաքոյի կողքին: Մորաքույր Արուսյակն իսկույն գլխի ընկավ:

– Եկել ես Լուսինեին տեսնելո՞ւ,- հարցրեց ու չսպասելով պատասխանիս՝ շարունակեց.- Լուսինեն Սաքոյի հարսնացուն է: Այնպես որ, զգույշ մնա:

Ես ձայն չհանեցի, իսկ Սաքոն մորը կշտամբեց.

– Մայրի՛կ, ի՞նչ ես սեփականացրել:

Բոլորս լռեցինք: Ես ու Սաքոն ամեն անգամվա պես նստեցինք շախմատ խաղալու: Ուշադրությունս դռան կողմն էր: Սաքոյի մոր ասածը խոցել էր սիրտս, բայց չուզեցի նեղացած երևալ: Վերջապես դուռը ծեծեցին: Սաքոն շտապեց դիմավորելու: Երբ դուռը բացեց, կարծես արևի շողեր ներս թափանցեցին, ու դիմացի պատին ինչ-որ լույսեր նշմարվեցին: Լուսինեն էր: Միջահասակ, կոկիկ պարանոցով, բարակիրան, սլացիկ կազմվածքով աղջիկ էր. ոսկեգույն մազերը զարդարում էին թիկունքը, աչքերը մուգ կապույտ էին, և դրանց վրա աղեղնաձև իջնում էին շագանակագույն հոնքերը: Ուղիղ քիթն իջնում էր բարակ շուրթերի վրա և լրացնում դեմքի գեղեցկությունը: Ձախ այտին ու պարանոցին երկու շագանակագույն խալ ուներ: Թևերն ու ոտքերը կիսաբաց էին: Մազերին ադամանդաշող ակներով մի փոքրիկ մազակալ էր ամրացված: Ականջները զարդարում էին մարգարտահատիկներով ոսկե ականջօղերը: Վիզն օղակված էր մարգարտե երեք հուլունաշարով: Հագին ուներ ծիրանագույն շրջազգեստ, որի վրա շողշողում էին ոսկեթել վարդերը: Շրջազգեստի եռանկյունի օձիքը կոճկվում էր նույնպես ադամանդակուռ կրծքազարդով: Մեջքին ուներ ոսկեգույն բարակ գոտի: Այդ բոլորին լրացնում էր ձախ ձեռքի միջնամատի՝ զամբյուղ հիշեցնող ոսկյա մատանին: Հագել էր բամբակյա սպիտակ գուլպաներ և օձի կաշվից բարձրակրունկ կոշիկներ: Նրա նուրբ թաթիկները կարծես մոմից շինված լինեին: Մարդկային երևակայությունը տկար է պատկերացնելու համար նրա լիակատար գեղեցկությունը: Նա փայլում էր իր հմայքով ու ականակիտ զարդերով: Ինձ նկատելով՝ մեղմիկ ժպտաց ու առաջացավ: Սաքոն ներկայացրեց.

– Ծանոթացեք խնդրեմ, իմ դասընկերն է:

Ես մի պահ ինձ կորցրի: Լուսինեն շիվար կանգնած էր: Անմիջապես սթափվեցի, զգաստ կանգնեցի և գլուխս խոնարհելով՝ ասացի անունս: Նա նույնպես փոքր-ինչ խոնարհվեց ու ներկայացավ՝ մետաքսե ձեռքը մեկնելով ինձ: Ես նրա մատներն առա ձեռքիս մեջ ու թեթևակի սեղմելով՝ ասացի, որ շատ ուրախ եմ: Մենք շարունակեցինք շախմատը, իսկ Լուսինեն շրջվեց մորաքույր Արուսյակի կողմը՝ հետևելով նրա շարժումներին: Ես կլանված էի նրա գեղեցկությամբ: Մեկ-մեկ ծիկրակում էի, իսկ նա անպատասխան չէր թողնում: Խաղս պարտվում էի, և Սաքոն դա նկատում էր: Չդիմանալով լռության ահեղ ազդեցությանը՝ ես խզեցի այն և հարցրի.

– Դուք ո՞ր դպրոցում եք սովորում:

Նա անսպասելի հարցից թեթևակի շիկնեց.

– Թիվ երկու դպրոցում:

Նրա դեմքը վարդագույն դարձավ, ինչն ավելի էր գեղեցկացնում նրան: Քիչ անց մորաքույր Արուսյակն ասաց.

– Մեզ մենակ թողեք, հարկավոր է շրջազգեստը փորձել:

Մենք դուրս եկանք և դուռը ծածկեցինք:

Սաքոն ժպտալով հարցրեց.

– Հը՛, դուրդ եկա՞վ:

– Վատը չէր, բայց ի՞նձ ինչ,- պատասխանեցի ես:

Սաքոն լուռ էր:

– Գնամ, ուշ է:

Եվ հրաժեշտ տալով՝ դուրս եկա:

Մի կրակ էր ընկել  հոգիս և այրում էր ինձ: Ես սիրահարվել էի առաջին հայացքից: Իսկ ոմանք ասում են, թե հրաշքներ չեն լինում: Բայց Սաքոյի մոր ասածն ինձ ավելի շատ էր տանջում:

Ժամանակն անցավ շատ արագ: Երկու ամսվա ընթացքում ես ոչ մի անգամ չհանդիպեցի Լուսինեին: Դասերը վերջացան: Մենք պատրաստվում էինք քննություններին: Սաքոն հաղորդեց, որ Լուսինեն իր ընկերուհու հետ ուզում է մեզ հետ պարապել: Իմ ուրախությանը չափ չկար: «Գոնե կտեսնեմ»,- մտածեցի ես և համաձայնեցի: Մեզ հետ պարապելու ցանկություն հայտնեց նաև մեր հարևան թաղամասի Ազատը: Ա՛յ դա ցանկալի չէր: Այսպիսով՝ հինգ հոգի էինք: Մենք որոշեցինք գնալ գետափ, որտեղ կանաչ ու ազատ տարածություն կար: Առավոտները հավաքվում էինք և միասին ճանապարհվում: ճիշտն ասած՝ ես պարապելու կարիք չունեի. հանուն ընկերության էի գնում: Լուսինեն կարդում էր հարցերը, մյուսներս հերթով պատասխանում էինք: Ազատը սկսեց սիրահետել Լուսինեի ընկերուհի Մարգարիտային, որը լավ աղջիկ էր և սիրվելու արժանի: Հենց առաջին օրվանից Ազատը խառնակչի դեր էր կատարում: Ես ինձուինձ բարկանում էի, բայց միշտ գերադասում էի լռել: Անցավ մոտ հինգ օր, և մենք հաշտ ու համերաշխ պարապում էինք: Ոչ մի արտակարգ դեպք տեղի չունեցավ: Լուսինեն իրեն շատ համեստ էր պահում: Մի օր մոտակա այգու տերը մեզ հրավիրեց կեռաս ուտելու: Ծերունի Սահակն առաքինի մարդ էր: Ես տղաներին նախօրոք զգուշացրել էի, որ ծերունուն չանհանգստացնեն: Սահակ քեռին մեզ տարավ, ցույց տվեց ծառն ու ասաց.

– Դուք արժանի երեխաներ եք, բարձրացեք, կերեք:

Սաքոն ու Լուսինեն բարձրացան մի ճյուղին, Ազատն ու Մարգարիտը՝ մյուս ճյուղին, և իրար օգնելով՝ սկսեցին ուտել: Ես ընկա անհարմար դրության մեջ: Մոտենալով Սահակ քեռուն՝ ասացի.

– Դույլ չունե՞ս, տուր քեզ համար կեռաս քաղեմ:

Նա շատ ուրախացավ և դույլը տվեց: Ես վերցրի ու բարձրացա ծառը: Ազատը կծեց.

– Դա էլ քո՞ ընկերն է:

Ես չպատասխանեցի: Դույլը լցրեցի և իջա:

Սահակ քեռին շատ ուրախացավ: Նրանք էլ իջան ծառից: Մենք շնորհակալություն հայտնեցինք և դուրս եկանք: Ազատի խոսքերը խոցել էին ինձ: Հաջորդ օրը ես ընկերներիս հետ չգնացի՝ պատճառաբանելով, թե հիվանդ եմ: Հետ գալիս Սաքոն մտավ մեր տուն և տեսավ, որ կարդում եմ:

– Դու հիվանդ չես, ձևացնում ես: Ես գիտեմ. դու Ազատից ես նեղացել:

– Ձեր մեջ ես ավելորդ եմ, Սաքո: Ի՞նչ կարիք կա, որ ձեզ խանգարեմ:

– Քեզանից բաներ մի՛ հնարիր. չես ուզում մեզ օգնել, այդպես էլ ասա:

Հաջորդ օրը նորից միասին գնացինք: Նրանք բոլորը ռուսերենից խեղճանում էին: Հարցերին մեծ մասամբ ես էի պատասխանում:

Մի օր Ազատն անտեղի վիրավորեց Լուսինեին: Սաքոն միջամտեց, և իրար անպատվեցին: Ես հազիվ հանդարտեցրի և Ազատին զգուշացրի, որ այլևս չկրկնի: Խաղաղությունը շարունակվում էր: Մի օր էլ, երբ սովորականի պես նստած կրկնում էինք, հեռվից օգնության կանչ լսվեց: Երևաց մի պառավ կին և ձեռքով հասկացրեց մոտենալ իրեն: Ես առանց հարցնելու վազեցի պառավի կողմը:

– Օգնեցե՜ք, տղա՛ ջան, թոռս կխեղդվի:

Ես վազեցի պառավի ցույց տված կողմը. վեց տարեկանին մոտ մի աղջիկ կառչել էր ձորի պռնկին աճած մի ծառից և ճչում էր: Ինձ տեսնելով՝ խաղաղվեց և օգնություն աղերսող հայացքով վրաս նայեց: Ես իջա քարափից և երեխայի թևից բռնելով՝ բարձրացրի վերև: Պարզվեց, որ աղջիկն ուզել էր հավաքել քարափի լանջին բուսած ծաղիկները և հավասարակշռությունը կորցնելով՝ ընկել ձորը: Պառավը շնորհակալություն հայտնեց: Իմ փրկարար աշխատանքները տևեցին մոտ կես ժամ: Այդ ընթացքում տղաներից ոչ մեկը չհետաքրքրվեց անգամ, թե ինչ կատարվեց: Հետո ես նկատեցի, որ միայն Լուսինեն է հեռվից հետևում ինձ: Երբ ուզեցի հեռանալ, պառավը մոտեցավ ու ասաց.

– Տղա ջան, ես չգիտեմ՝ ով ես, ում տղան ես, միայն հասկացա, որ բարի մարդ ես: Բայց դու ափսոս ես:

– Իսկ ինչո՞ւ ես ափսոսում, տատի,- զարմանքով հարցրի ես:

– Որովհետև այդպիսի անհավատարիմ ընկերներ ունես:

Ես պառավին հանգստացրի և հաջողություն մաղթելով՝ գնացի: Տեղ հասա անտրամադիր և նստեցի իմ տեղը: Ազատը ծաղրական տոնով հարցրեց.

– Հը՛, պառավին օգնեցի՞ր: Տո բո՛ւթ, որ ամեն պառավի կանչին գնանք, բա մեր դա՞սն ով սովորի:

Լուսինեն զայրացավ.

– Նա երեխային փրկեց, իսկ դուք խրտվիլակի պես տեղներիցդ չշարժվեցիք:

Ազատը հեգնական նայեց Լուսինեին և գոռաց.

– Դե ձայնդ կտրի՛ր, լրբի մեկը:

Այս լկտի արտահայտությունը լսելով՝ ես առանց խոսքի բռունցքով խփեցի Ազատի բերանին. ամբողջ բերանն արյունլվա եղավ: Ազատը վեր թռավ տեղից և ուզեց հարձակվել ինձ վրա, բայց Սաքոն ընկավ արանքը: Ազատին հանգստացրինք և ստիպեցինք, որ Լուսինեից ներողություն խնդրի: Երեկոյան բոլորս անտրամադիր վերադարձանք տուն: Հաջորդ օրը նորից հավաքվեցինք, բայց Ազատը չկար: Իմ մտքով վատ բան անցավ, բայց Սաքոյին չասացի: Մենք սովորականի պես օրն անցկացրինք և վերադառնում էինք տուն: Հենց այստեղ էլ հաստատվեցին իմ կասկածները: Մեր հավաքատեղիից մոտ երկու հարյուր մետր հեռավորության վրա Ազատն իր երկու ընկերների հետ դիմավորեց մեզ: Նա մոտեցավ Լուսինեին և կսմթելով այտը՝ ասաց.

– Հը՛, գերազանցիկնե՛ր, վերջացրի՞ք ձեր սիրային հանդիպումները:

Լուսինեն ետ շպրտեց նրա ձեռքը.

– Ձեռքդ կա՛րճ պահիր:

– Թե չէ ի՞նչ կանես:

Ես համբերությունից դուրս եկա և հարձակվեցի Ազատի վրա: Կատաղությունից չգիտեի ինչ եմ անում. բռունցքներով հարվածում էի, որտեղ պատահի: Ընկերներից մեկը Ազատին պաշտպանելու համար հարձակվեց ինձ վրա և սկսեց հարվածել գլխիս, կրծքիս. երկուսով ծեծում էին ինձ: Երրորդը կպավ Սաքոյի հետ: Տեսնելով, որ դրությունս գնալով վատանում է, Լուսինեն մի քար վերցրեց և ամբողջ ուժով խփեց հակառակորդիս գլխին: Արյունը ցայտեց, և տղան ընկավ: Բոլորը կռիվը թողեցին ու անցան տուժածին օգնություն ցույց տալու: Տղայի գլուխը մի կերպ կապեցինք ու հաշտվեցինք: Նրանցից մեկն ինձ հարցրեց.

– Դու հո Գառնիկի հորեղբոր տղա՞ն չես:

Ես գլխով հաստատեցի:

– Երևում է,- ասաց նա:- Լավ, ինչ եղել է, անցավ գնաց: Գառնիկին չասես:

Մենք վերադարձանք տուն: Դա եղավ մեր վերջին օրը. այլևս չգնացինք: Շուտով սկսվեցին քննությունները: Բոլորս հաջող հանձնեցինք և ստացանք հասունության վկայականները: Մի օր պատահաբար հանդիպեցի Լուսինեին: Նա բարևեց ու հարցրեց.

– Կարեն, դու ո՞ր ինստիտուտն ես տալու:

– Առայժմ ոչ մեկը,- պատասխանեցի ես:- Շուտով բանակ կտանեն:

– Ափսոս, երեք տարիդ կկորցնես:

– Պարտականություն է: Բա ձեզ ո՞վ պիտի պաշտպանի:

– Այո՛, դու լավ կռվող ես, չեմ կասկածում: Ես մանկավարժական կփորձեմ:

– Հաջողություն եմ ցանկանում,- ասացի ես և հրաժեշտ տվեցի:

Մի քանի օրից ստացանք մեր ծանուցագրերը: Սաքոյին ինձանից հինգ օր ուշ էին կանչել: Գնալուս օրը ամբողջ թաղի տղաները ճանապարհում էին ինձ: Նկատեցի, որ հավաքվածներից քիչ այն կողմ կանգնած են Լուսինեն ու Մարգարիտը: Նրանք ձեռքով հրաժեշտ տվեցին ինձ ու մնացին կանգնած: Ես ժպիտով պատասխանեցի և գնացք նստեցի: Երևանից ապրանքատար գնացքով մեկնելու պահից այլևս ոչ մի օր կարգին չքնեցի մինչև տայգա: Գնացքում մի միտք էր տանջում ինձ. «Ինչո՞ւ Լուսինեն ու Մարգարիտը եկան ճանապարհելու, և հատկապես Լուսինեն էր ժպտում»:

Մենք գնացք էինք նստել ամառային հագուստով, բացի դրանից, ուղիղ մեկ ամիս կողերս ջարդել էինք ապրանքատար գնացքի տախտակների վրա: Գնացքը տեղ հասավ առավոտյան ժամը վեցին: Եղանակը սառն էր. բոլորս սկսեցինք դողալ: Մեզ լցրեցին բեռնատար մեքենաների մեջ ու տարան անտառ: Անտառում տեղավորեցին վրանների մեջ: Մի շաբաթ հանգստացանք, այնուհետև զինվորական համազգեստ հագցրին և կացինն ու մեխանիկական սղոցները ձեռքներս տվեցին: Ամբողջ օրն աշխատում էինք. ո՛չ ժամ կար, ո՛չ պատարագ: Ամեն դասակ ուներ իր օրվա առաջադրանքը: Մինչև չկատարեիր, տուն չէիր գնա: Մեզ պահում էին կալանավորի նման. ոչ մի ժամանց չունեինք: Երբեմն պատահում էր՝ դեմ դիմաց արջ էր դուրս գալիս: Ընդհանուր ուժերով կամ հերթապահ զինվորի հրացանով սպանում էինք և զվարճանք կազմակերպում: Երեք ամիս չկարողացանք մի նամակ ուղարկել տուն: Վերջապես փոստատարի հարցը լուծվեց: Հատուկ զրահամեքենայով շաբաթը մի անգամ գնում էինք քաղաք ու փոստը բերում: Վեց ամիս հետո Սաքոյից նամակ ստացա: Պարզվեց, որ ծառայում է Վրաստանում: Տեղը լավ էր, կարող էր մեծ-մեծ խոսել: Ես պատասխանեցի և նկարագրեցի մեր պայմանները: Երբ տարին լրացավ, փոստատարը եկավ ու ստիպեց, որ պարեմ. Մարգարիտն էր նամակ ուղարկել և վերջում գրել էր, որ Լուսինեն էլ է բարևում: Խնդրում էին նաև, որ լուսանկար ուղարկեմ: Նկար էր մնացե՞լ, որ ուղարկեի: Բայց քանի որ Լուսինեի անունը կար, որոշեցի՝ ինչ գնով էլ լինի, նկարվեմ և ուղարկեմ: Շաբաթ օրը հրամանատարին ամեն ինչ բացատրեցի և խնդրեցի կազմակերպել իմ քաղաք գնալը: Կապիտան Իվանովն ինձ հատկացրեց զրահամեքենան և պատվիրեց շուտ վերադառնալ: Ես ու վարորդ Սեմյոնովը նստեցինք մեքենան, և ուր ես, քաղաք: Ամբողջ ծառայության ընթացքում անտառից դուրս չէի եկել: Սեմյոնովը ճանապարհը գիտեր: Վարում էր մեծ արագությամբ և մեկ-մեկ ճանապարհի եզրի ավելորդ ծառերը տապալում: Հանկարծ ճանապարհի վրա մի արջ երևաց. ետևի ոտքերի վրա գալիս էր ուղիղ դեպի մեզ: Սեմյոնովը զրահամեքենայի կողով խփեց արջին ու անցավ: Լսեցինք նրա մռնչոցն ու անհետացանք: Հասանք քաղաքի ծայրամասը: Ավտոտեսուչները մեզ կանգնեցրին և խնդրեցին ավտոմեքենայով գնալ: Մեր մեքենան թողեցինք տեսուչի մոտ և տաքսիով տեղ հասանք: Լուսանկարիչը հայ էր: Նայելով շորերիս՝ ծիծաղեց.

– Տո՛ այդպիսի շորերով նկարը կուղարկե՞ն սիրածին:

Նա հանեց կրտսեր սերժանտի տոնական համազգեստը և ինձ հագցրեց:

– Ա՛յ հիմա ուրիշ է:

Մենք նկարվեցինք և դուրս եկանք:

– Լսիր, հազիվ եկել ենք, մի կտոր հաց չուտե՞նք:

Մտանք մոտակա ռեստորանը և ուտելիք պատվիրեցինք: Դեռ համը չառած՝ մի սպա ներս մտավ ու կտրուկ ասաց.
– Այստեղ զինվորներին չի կարելի:

Մենք ներկայացանք և խնդրեցինք թույլ տալ մի կտոր հաց ուտել: Տեսնելով, որ անտառից ենք, սպան թույլատրեց: Մենք կերանք և արագ վերադարձանք զրահամեքենայի մոտ: Շնորհակալություն հայտնելով տեսուչին՝ ճանապարհ ընկանք: Սեմյոնովը վարում էր առանց մտածելու: Շուտով շարժիչի ձայնը փոխվեց, ու մեքենան կանգ առավ: Ըստ Սեմյոնովի՝ մեքենայի ծնկաձև լիսեռը տաքացել էր ու ծռվել: Մենք մնացինք անտառի մեջ. դա ծանր փորձություն էր: Արդեն մութն ընկնում էր:

– Գազանները մեզ կհոշոտեն,- ասաց Սեմյոնովը:

– Նկարս կմնա հիշատակ,- կատակեցի ես:

– Այդպիսի աղջկա համար արժե մեռնել…

Բայց կատակի ժամանակ չէր: Մենք մտանք մեքենայի մեջ և ռադիոընդունիչը միացնելով՝ կապվեցինք զինմասի հետ:

– Սպասեք շտապ օգնության,- պատասխանեցին մեզ:

Անհամբեր սպասում էինք: Շուտով գայլերը շրջապատեցին մեքենան և սկսեցին ոռնալ ու ատամները չխկչխկացնել: Նույնիսկ մի կարգին դանակ չունեինք: Ճանապարհվելուց առաջ երկու երկաթե ձող էի դրել մեքենայի մեջ՝ պաշտպանության համար, իսկ տնից հետս մի գեղեցիկ ֆիննական դանակ էի բերել, որը միշտ գրպանումս էի պահում: Այս էր մեր զենքը: Մեքենայի մուտքի կափարիչները պինդ փակեցինք: Գայլերը բարձրանում էին մեքենայի վրա, կռվում իրար հետ և մեր հոգու հետ խաղում: Ձայներից որոշում էինք, թե ինչ է կատարվում: Երկու գայլ կպան իրար, և սկսվեց մենամարտը: Մեքենայի լույսերը վառեցինք և ի՜նչ տեսնենք. մի գայլ ընկած էր գետնին, իսկ մյուսները հոշոտում էին՝ իրար ձեռքից խլելով: Լույսերը մարեցինք և սպասեցինք մեր ճակատագրին: Գիշերն անցավ, բայց ոչ ոք չեկավ: Առավոտվա կողմ քունը մեզ հաղթեց, ու երբ արթնացանք, արդեն լուսացել էր: Գայլերը սկսեցին ցրվել: Համոզվելով, որ բոլորը հեռացել են, բացեցինք մեքենայի կափարիչը և ուզեցինք դուրս գալ: Սեմյոնովը ձեռքը մեկնեց, որ դուրս գա, գայլը բռնեց նրա թևն ու սկսեց կրծել: Ես վայրկենական վերցրի երկաթե ձողը և սկսեցի խփել գայլի գանգին: Մի քանի անգամ խփելուց հետո հազիվ բաց թողեց: Սեմյոնովի ձեռքը համարյա ծամել էր: Կափարիչը մի կերպ փակեցինք և փորձեցինք վիրակապել: Լավ էր, որ դեղատուփի մեջ յոդ կար: Ես հանեցի շապիկս և յոդը քսելով՝ թևը կապեցի: Սեմյոնովն ուշագնաց եղավ: Տափաշշի ջրով մի կերպ արթնացրի և սկսեցի սրտապնդել: Ձեռքը ուռչում էր, դրությունը՝ վատանում, իսկ շտապ օգնությունը չկար: Ես կապվեցի զինմասի հետ և զեկուցեցի Սեմյոնովի վիճակի մասին: Ժամը տասներկուսին շտապ օգնությունը եկավ: Գայլն այդքան ժամանակ մնացել էր մեքենայի վրա: Լավ է՝ տղաները ավտոմատ էին վերցրել: Գայլին սպանեցին: Անմիջապես փոխելով վիրակապը՝ Սեմյոնովին տարան քաղաքի հոսպիտալ: Տեխօգնության մեքենայով տեղափոխեցինք մեր մեքենան և հանձնեցինք վերանորոգման: Ես մի նամակ գրեցի Լուսինեին և փոստատարին խնդրեցի լուսանկարիս հետ ուղարկել: Սեմյոնովը մի ամսից առողջացավ և վերադարձավ զինմաս: Ես այլևս նամակ չստացա. իմ կապը միայն ընտանիքիս հետ էր: Դրությունս նախանձելի չէր: Դժբախտ դեպքեր էլ էին պատահում: Ճանապարհից մոլորված զինվորը կամ ընկնում էր արջի բերանը, կամ էլ խորտակվում ճահճում: Մի ավելորդ քայլը դառնում էր ճակատագրական: Տունդարձի մասին էինք երազում: Երկրորդ տարվա վերջում վերջապես Սաքոյից երկրորդ նամակն ստացա: Այն, ինչ կարդացի, ցնցեց ինձ: Սաքոն գրում էր, որ Լուսինեն ամուսնացել է, և ինքը հուսահատ դրության մեջ է: Խե՜ղճ Սաքո. ինչ իմանար, որ մենակ ինքը չի տանջվում: Ստանալով տխուր լուրը՝ ես հիասթափվեցի կյանքից և սկսեցի հավատս կորցնել մարդկանց հանդեպ: Երբեմն գիտակցաբար ուզում էի ընկնել արջի բերանը և ազատվել այդ տանջանքներից: Ընդհանուր առմամբ ես խելոք էի ծառայում և ոչ մի կարգ ու կանոն չէի խախտում: Այս դեպքից հետո սկսեցի աջ ու ձախ խախտումներ անել: Կապիտանը կանչեց և ամոթանք տվեց: Դա ինձ դաս եղավ, և նորից սկսեցի կարգին ծառայել: Երրորդ տարում ինձ նշանակեցին դասակի հրամանատար: Իմ հոգեվիճակը լավացավ, և սկսեցի հույսով ապրել: Վերջապես ծառայությանս ժամանակը լրացավ, և ինձ մի խումբ զինվորների հետ բերեցին կայարան ու վերջին խրատները տալով՝ ճանապարհեցին: Ես ողջ ու առողջ հասա հայրենի տուն. աչքերիս չէի հավատում: Նորից տեսնելով մեր լեռներն ու անտառները՝ կարծես քնից արթնացա և դուրս եկա դարավոր անդունդից: Մայրս դիմավորեց մեր բակում. ուրախությունից քիչ էր մնում ուշագնաց լիներ:

Լուսինեն իր ամուսնու հետ ապրում էր մեր թաղում և միշտ անցնում էր մեր տան մոտով: Դա ինձ համար յուրօրինակ պատիժ էր: Առաջին անգամ տեսա ամուսնու հետ. անցնելիս գլխի շարժումով բարևեց ինձ: Սիրտս տեղից դուրս էր գալիս. կարծես ինձ անտես թելերով կապած տանում էին: Մնացել էի շիվար կանգնած: Հորս երևալը սթափեցրեց ինձ: Սաքոն նույնպես եկավ, և միասին լաց ու շիվան էինք անում: Սաքոն այդպես էլ չիմացավ իմ սիրո մասին: Ասացին, որ Դարչոյին դատել են և տասը տարով ազատազրկել:

Ես ու Սաքոն նույն տարում բուհ ընդունվեցինք: Հինգ տարվա ընթացքում բազում գեղեցիկ ու համեստ աղջիկներ եկան ու անցան, բայց ոչ մեկն ինձ չէր գրավում: Իմ սրտում միայն Լուսինեն էր: Սաքոն ամուսնացավ իրենց կուրսից մի աղջկա հետ: Վարձով էին ապրում: Ամեն արձակուրդի Լուսինեին տեսնում էի: Նրա դուստրն արդեն վազվզում էր: Մի անգամ դեմառդեմ հանդիպեցի ու հարցրի.

– Ո՞նց ես ապրում:

– Ոչինչ,- դժգոհ պատասխանեց նա և շարունակեց ճանապարհը:

Վերջացրի ուսումս և վերադարձա մեր քաղաքը: Շինարարության ինժեներ էի: Ծնողներս արդեն տրտնջում էին.

– Փոքր չես, հարկավոր է ամուսնանալ:

Ես ստիպված ամուսնացա մեր թաղի համեստ աղջիկներից մեկի հետ: Նարինեն շատ սիրուն էր և սիրում էր ինձ, բայց իմ սիրտը չէր կպչում: Ես նրա հետ ապրում էի ի միջի այլոց: Նա խելոք էր, հավատարիմ և հոգատար: Բայց ես միայն հարգանքով էի փոխադարձում: Իմ ետևում միշտ Լուսինեի ստվերն էի զգում և չէի կարողանում նրան մտքիցս հանել: Ծնվեց մեր առաջնեկը՝ տղա. անվանեցինք Արմեն: Կինս կամաց-կամաց զգաց իմ սառնությունը և մի օր էլ բացահայտ արտահայտվեց.

– Կարեն, քեզ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում: Ես քո զգացմունքների վրա չեմ բռնանա: Մենք կարող ենք մարդավարի բաժանվել:

Կնոջս կշտամբանքն ինձ վրա շատ ազդեց: Նա ոչ մի մեղք չուներ, և չէի կարող նրան թողնել: Մի օր, երբ Արմենը քնած էր, իսկ մենք նստած զրուցում էինք, ես առաջարկեցի.

– Նարինե, արի տեղափոխվենք Երևան:

– Իսկ ի՞նչն է քեզ խանգարում,- զարմացած հարցրեց նա,- տուն ունես, աշխատանք ունես, ապրի՛ր էլի: Երևանում անհամբեր քեզ ե՞ն սպասում, ինչ է:

Մեկ ուրիշ կին, Երևանի անունը լսելով, կուրախանար, բայց Նարինեն խոհեմ էր: Նա զգաց, որ մի պատճառ կա:

– Խնդրում եմ, Կարեն, պա՛րզ եղիր ինձ հետ,- ասաց նա:

Ես ստիպված պատմեցի իմ անմար սիրո մասին:

– Այո, ճաշակդ վատը չի,- ասաց Նարինեն,- լսել եմ՝ ամուսինն էլ անպետքի մեկն է: Դե ինչ, ես չեմ կարող քո վզին փաթաթան լինել. արա այն, ինչ խելքդ թելադրում է:

Մենք տեղափոխվեցինք Երևան, բնակարան ստացանք: Շուտով ծնվեց մեր երկրորդ որդին՝ Կամոն: Սակայն Լուսինեի սերն առաջվա պես սատանայի պես կրծում էր հոգիս: Այդպես ապրեցինք, մինչև լրացավ մեծ որդուս քսան տարին: Ես արձակուրդ վերցրի և որդուս հետ մեկնեցի ծննդավայրս: Տասնհինգ օրվա ընթացքում ոչ մի անգամ չկարողացա հանդիպել Լուսինեին: Հուսահատված ուզեցի վերադառնալ, բայց որդիս ցանկացավ մնալ. ես չառարկեցի: Երեկոյան կանգնած էի կայարանի կառամատույցին և սպասում էի գնացքի ճանապարհվելուն: Ինձ սթափեցրեց ուղեկցորդի ձայնը.

– Գնացքը ճանապարհվում է, խնդրում եմ տեղավորվել:

Առանց շտապելու բարձրացա գնացք և ուղղվեցի դեպի իմ խցիկը: Այս անգամ ինձ թևատարած սպասում էր երջանկությունը. խցիկում նստած էր Լուսինեն: Նրա գեղեցկությունը գրեթե չէր խաթարվել. միայն ոսկեթել մազերի մեջ սպիտակ թելեր էին երևում, ինչն ավելի էր գեղեցկացնում նրան: Շունչս պահած՝ մի կերպ արտաբերեցի.

– Բարև, Լուսինե:

– Բարև,- շիկնելով պատասխանեց նա:

Գնացքը շարժվեց: Պարզվեց՝ խցիկում երկուսով ենք. դա ուրախացրեց ինձ: Ինչպես կարգն էր, ես առաջինը սկսեցի հարցուփորձ անել: Լուսինեի ամուսինը մահացել էր, իսկ ինքը գնում էր Երևան՝ ամուսնացած աղջկա տուն: Տարբեր բաների շուրջ զրուցելուց հետո վերջապես որոշեցի անցնել գլխավոր հարցին:

– Լուսինե, դու կարո՞ղ ես այս քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ ինձ լսել:

– Իհարկե կարող եմ,- պատասխանեց նա:- Քեզ հետ խոսելուց միշտ հաճույք եմ ստացել:

Այս խոսքերը սրտապնդեցին ինձ, և սկսեցի.

– Ես դժբախտ եմ: Իմ ամբողջ կյանքն անիմաստ է անցել: Ես ամուսնացել եմ իմ կամքին հակառակ: Սիրել եմ քեզ մեր հանդիպման առաջին իսկ օրից և սիրում եմ առ այսօր: Իմ հոգու կողքին միշտ զգացել եմ քո արդար հոգին և հույսս չեմ կտրել: Գոնե կարո՞ղ եմ հույսս դնել քո բարի վերաբերմունքի վրա:

Լուսինեն գլուխը բարձրացրեց, նայեց ինձ և ասաց.

– Դու դաժան մարդ ես, Կարեն:

Եվ սկսեց հեկեկալ: Հազիվ հանգստացրի նրան և ներողություն խնդրեցի իմ հիմարության համար: Լուսինեն պատմեց.

– Ես նույնպես սիրել եմ քեզ մեր հանդիպման առաջին օրից և ամբողջ կյանքս քո սիրով եմ ապրել: Ես Սաքոյին չեմ սիրել. իմ հույսը միայն դու էիր: Երբ դու ինձ պաշտպանում էիր, ես մտածեցի, որ շուտով առաջարկություն կանես, բայց դու լռում էիր, իսկ ես չէի կարող ինձ թույլ տալ, չնայած մի քանի անգամ քիչ էր մնում արտահայտվեի:

Ես իսկույն արդարացա.

– Մեր հանդիպման օրը Սաքոյի մայրն ասաց. «Լուսինեն Սաքոյի հարսնացուն է»: Դե ես ո՞նց դավաճանեի ընկերոջս:

Լուսինեն շարունակեց.

– Հայրս մի օր եկավ տուն ու մորս ասաց. «Պատրաստվիր հարսանիքի. մի լավ տղա եմ գտել, հարուստ էլ հայր ունի»: Ես անմիջապես գունատվեցի և գնացի իմ սենյակը: Քիչ հետո մայրս եկավ մոտս. սիրտս բացեցի ու ասացի, որ սիրում եմ քեզ, բայց երբ նա իմացավ, որ դու ինձ առաջարկություն չես արել, ասաց. «Կարող է՝ նա էլ քեզ նման մեկ ուրիշին է սիրում: Այդ դեպքում դու տանը կմնաս»: Այսպես ինձ համոզեցին և ամուսնացրին Պողոսի հետ: Գոնե մի կարգին անուն ունենար: Ես մտածում էի՝ գուցե մեր մեջ սեր առաջանա և փորձեմ մոռանալ քեզ, բայց սխալվում էի: Պողոսի սառը վերաբերմունքն ավելի ջերմացրեց իմ սերը: Երբ բանակից եկար, խույս էի տալիս քեզնից. մտածում էի, որ մեղավոր եմ, ինչո՞ւ իմ մեղքը կապեմ այս անմեղ մարդու վզին: Պողոսն ինձ համար անտանելի էր դառնում: Քո ամուսնությունը շատ ծանր տարա: Հիմնավորապես որոշեցի, որ իմ նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, և հաշտվեցի իմ դժբախտ ճակատագրի հետ:

Լուսինեն երկու դուստր ուներ. մեկն ամուսնացած էր, իսկ մյուսի տասնվեց տարին նոր էր բոլորել. ըստ պատմելու՝ Սվետլանան իր կտորն էր: Այդտեղ էլ կազմեցի իմ ծրագիրը և հայտնեցի Լուսինեին: Նա իր երեքսենյականոց բնակարանը փոխանակելու էր երկուսի հետ և դստեր հետ տեղափոխվեր Երևան: Մենք ամուսնացնելու էինք մեր երեխաներին, և այդպիսով իրար հանդիպելու հնարավորություն էր ստեղծվելու:

– Կնոջդ չեմ դավաճանի,- ասաց Լուսինեն,- նա լավ և հավատարիմ կին է:

– Միայն կհանդիպենք, ուրիշ ոչինչ,- խոստացա ես:

Լուսինեն փափկեց, այնուհետև սկսեցինք կազմել մեր ապագայի ծրագրերը: Շուտով նա հոգնեց, և աչքերը սկսեցին փակվել: Գլուխը դրեց ուսիս ու քնեց: Քիչ հետո գլուխն զգուշությամբ իջեցրի ծնկներիս և թողեցի՝ քնի: Նայում էի նրա խաղաղ ու անմեղ դեմքին և մտքով վայելում իմ երջանկությունը: Վերջապես քունն ինձ էլ հաղթեց: Մեջքս հենեցի խցիկի պատին ու քնեցի՝ չհամարձակվելով խախտել Լուսինեի անդորրը: Գիշերվա կեսին երեսիս փաղաքշական համբույրներ զգացի: Ես դիտմամբ աչքերս չբացեցի: Ուզում էի, որ դա անընդհատ շարունակվեր: Լուսինեն զգաց և գրկելով ուժեղ սեղմեց կրծքին: Ինձ էլ դա էր հարկավոր: Աչքերս բացեցի, գրկեցի նրան և զգուշությամբ պառկեցրի անկողնուս վրա:

– Այդ ի՞նչ ես անում,- նեղացավ Լուսինեն:

– Ոչինչ, ուզում եմ, որ մարդավարի քնես:

Նա հանդարտվեց:

– Կարելի՞ է Ձեր կողքին պառկել,- հարցրի ես և առանց պատասխանի սպասելու այդպես էլ արեցի:

Ես գրկեցի նրան և առա իմ քսանհինգ տարվա կարոտը: Այնուհետև ամեն ինչ իր հունով գնաց: Մենք առաջին անգամ վայելեցինք սիրո գերագույն հաճույքը: Հետո խաղաղվելով գրկեցինք իրար ու քնեցինք: Առավոտյան լսեցինք ուղեկցորդի ձայնը.

– Տասնհինգ րոպեից հասնում ենք Երևան, պատրաստվե՛ք իջնելու:

Մենք արագ լվացվեցինք, հագնվեցինք և պատրաստվեցինք: Գնացքը փնչացրեց ու կանգ առավ: Կառամատույցի ժողովուրդը թափվեց գնացքի վրա. ամենքն իրենց հարազատներին էին փնտրում: Մենք վերցրինք մեր ճամպրուկներն ու դուրս եկանք: Ուղեկցորդը նկատեց.

– Լավ էլ քնել էիք, դուռը ծեծեցի, չլսեցիք:

Մենք շնորհակալություն հայտնեցինք նրան և իջանք: Մարդկանց ժխորի միջով ուղղվեցինք դեպի պահասենյակ: Հանձնեցինք ճամպրուկները և դուրս եկանք զբոսնելու: Ես զգում էի Լուսինեի շունչը և ուզում էի անվերջ շարունակել ճանապարհը: Մենք հասանք հրապարակ: Հիանալով շատրվանների վճիտ ջրերով՝ վայելում էինք առավոտյան թարմ օդը:

– Դու թանգարանում եղե՞լ ես,- հարցրի ես:

– Ես միայն մեր լեռներում ու անտառներում եմ եղել:

Մենք տոմս գնեցինք և բարձրացանք թանգարան: Լուսինեն հափշտակված նայում էր բոլոր նմուշներին և արտահայտում իր հիացմունքը: Հասանք այն մարմարե աղջկա քանդակին, որի գոգնոցը լիքն է ծաղիկներով:

– Ահա և քո արձանը,- նկատեցի ես:

– Ես այդքան չարժեմ,- ծիծաղելով պատասխանեց Լուսինեն:

– Դու դրանում ոչ մի ջանք չունես:

Լուսինեն նեղացավ իմ խոսքից: Ես պատճառաբանեցի.

– Մի՛ նեղացիր, ճշմարտությունը միշտ դառն է լինում: Քո գեղեցկության համար դու պարտական ես ծնողներիդ:

Մենք մտանք թեյարան և մի փոքր պատվեցինք մեր ստամոքսներին: Դրսում արդեն շոգ էր: Առաջարկեցի բարձրանալ Հաղթանակի զբոսայգի: Երբ յոթ ցայտաղբյուրից ջուր էինք խմում, մի երեխա ջուր ցանեց Լուսինեի վրա ու փախավ: Մոտակա կանգառից տաքսի նստեցինք և բարձրացանք այգի: Վարորդն ինձ ճանաչում էր:

– Համա թե լավն է,- նկատեց նա ու վճարից հրաժարվեց:

Այգին մարդաշատ էր ու աղմկոտ: Բոլոր զբոսուղիներով երիտասարդ զույգեր էին քայլում՝ իրար գրկած: Երեխաները դեսուդեն էին վազվզում՝ խանգարելով անցուդարձին: Մենք քայլեցինք դեպի ջրավազան: Ճանապարհին պաղպաղակ վերցրինք և առաջ անցանք: Մի փոքր տղա, կլիներ վեց տարեկան, մոտեցավ ու փող խնդրեց: Նա վատ էր հագնված, շորերն էլ կեղտոտ էին: Ես հինգ ռուբլի տվեցի:

– Տեսնես այս երեխան ծնող չունի՞,- հարցրեց Լուսինեն:

– Ո՞վ գիտի,- պատասխանեցի ես:

Հասանք նստարաններին ու նստեցինք:

– Արի լողանք. համ կմաքրվենք, համ էլ կթարմանանք:

– Ես լողալ չգիտեմ, համ էլ մեծ կին եմ, երեխաները կծիծաղեն վրաս: Դու լողա, ես էլ շորերդ կհսկեմ:

Ես մտա ջուրն ու մի քիչ թարմանալուց հետո դուրս եկա:

– Լավ ես լողում,- նկատեց Լուսինեն:

– Մեր գետերում եմ սովորել:

Մենք վեր կացանք ու թևանցուկ արած գնացինք դեպի այգու խորքը: Նստեցինք միակ նստարանին ու սկսեցինք զրուցել: Հանկարծ ծառերի ետևից երկու փոքր տղաներ դուրս եկան և խաղալիք ատրճանակներն ուղղելով մեզ՝ գոռացին.

– Կյա՛նքդ կամ դրամապանա՛կդ:

Ես հանեցի դրամապանակս և մի երեքանոց դրամ մեկնեցի երեխաներին: Նրանք հրաժարվեցին և ծիծաղելով հեռացան: Մենք նույնպես ծիծաղեցինք: Մոտեցավ մի տղա՝ շոկոլադե սալիկներ ձեռքին:

– Վաճառո՞ւմ եք,- հարցրի ես:

– Այո:

Երկու սալիկ գնեցի, ուտելով դուրս եկանք այգուց: Արդեն ժամը տասնհինգն էր:

– Կարեն, չլինի՞ մտադիր ես ինձ քաղցից սպանել,- կատակեց Լուսինեն:

– Ներողություն անուշադրության համար,- ասացի:

Ահա և հասանք ու մտանք «Կռունկ» ռեստորանը, որտեղ զով էր ու հաճելի: Մատուցողը մոտեցավ մեզ և ներկայացրեց ճաշացանկը:

– Բերեք խնդրեմ տապակած հավ, սալաթ և կանաչեղեն: Չմոռանաք շամպայնն ու հանքային ջուրը:

Երբ ուզում էինք փակել հաշիվը, մատուցողը ժպտալով նայեց մեզ և մի թղթի կտոր մեկնեց՝ ասելով.

– Ձեր հաշիվը փակված է:

Թղթի վրա գրված էր. «Ներեցեք համարձակությանս համար: Ազատ»:

– Այդ մարդը այստեղ էլ փչացրեց մեր տրամադրությունը,- նկատեցի ես:

Մենք դուրս եկանք ռեստորանից: Դրսում՝ ծառի տակ, սպասում էր Ազատը: Դրամները բարկացած շպրտեցի երեսին:

– Վերցրո՛ւ ողորմելի դրամներդ, ես դրա կարիքը չունեմ:

Ազատն աղերսող հայացքով նայեց ինձ և ասաց.

– Մի՛ բարկացիր, Կարեն, ես մաքուր սրտով եմ արել: Այն ժամանակ երիտասարդ էինք և շատ բան չէինք հասկանում:

Ազատի աղերսական բացատրությունն ինձ փափկեցրեց:

– Հիմա՞ ինչը ստիպեց քեզ անտեղի ծախսել փողերդ:

– Ես դժբախտ եմ, Կարեն, զավակ չունեմ: Կինս հիվանդ է, և մենք զրկված ենք զավակ ունենալու հաճույքից: Կյանքս դարձել է աննպատակ: Չգիտեմ ինչ անեմ. մի բարի խորհուրդ տուր ինձ:

– Ես դա կանեմ, միայն խոսք տուր, որ մարդ կմնաս:

– Խոստանում եմ,- երդվեց Ազատը:

– Էջմիածնում մի պառավ կա: Նա քո կնոջը կբուժի, և դուք զավակ կունենաք:

Նա վերցրեց հասցեն և ուրախ հեռացավ:

– Ուշ է,- ասաց Լուսինեն,- տանը մեզ են սպասում:

Մենք վերադարձանք կայարան: Վերցրինք ճամպրուկները և բաժանվեցինք իրարից: Հրաժեշտից առաջ ես հեռախոսահամարս տվեցի և բացատրեցի՝ ինչպես գտնի ինձ:

Անցավ մի ամիս՝ իր տագնապալից օրերով: Լուսինեից ոչ մի լուր չունեցա:

Մի օր էլ, երբ  խիստ զբաղված էի և քարտուղարուհուս պատվիրել էի, որ ոչ ոքի ներս չթողնի, հանկարծ նա մտավ ու զեկուցեց.

– Ընկեր Արզումանյան, մի գեղեցիկ կին համառորեն ուզում է Ձեզ տեսնել. չընդունելը մեղք է:

Ես հիշեցի Լուսինեին և խնդրեցի ներս հրավիրել: Չէի սխալվում. նա էր:

– Քեզ մոտ մտնելը շատ դժվար է. գուցե խանգարեցի՞:

– Ներիր, աշխատանք է:

Երբ դուրս էինք գալիս, քարտուղարուհուս ասացի.

– Այսօր ընդունելություն չկա:

Նա հեգնական նայեց ինձ ու ասաց.

– Այդպիսի գեղեցկուհուն տեսնողը ամեն ինչ կթողնի:

Մենք դուրս եկանք: Լուսինեն կարճ ժամանակում փոխանակել էր բնակարանը և տեղափոխվել Երևան: Միասին գնացինք այնտեղ: Ճանապարհին նվեր գնեցի: Դուռը բացեց Սվետլանան: Աստվա՜ծ իմ, նույն Լուսինեն էր: Նա հաճույքով մեզ ներս հրավիրեց և նստեցրեց սեղանի կողքին՝ իրար դիմաց: Սուրճ հյուրասիրեց և իր պատրաստած տորթը: Հետո մեզ մենակ թողեց ու ներողություն խնդրելով՝ դուրս գնաց: Նայում էինք իրար ու մտածում. ի՜նչ լավ է, որ աշխարհում կա հաջողություն, բարի մարդիկ, ուրախ կյանք, միայն հարկավոր է վայելել: Քիչ հետո Լուսինեն վեր կացավ, դրամապանակից հանեց լուսանկարս ու դրեց սեղանին: Նկարը խնամքով առել էր շրջանակի մեջ ու պահել:

– Ահա թե ինչով եմ ապրել իմ ամբողջ կյանքը:

Լուսանկարը պահում էր դրամապանակի գաղտնի գրպանիկում:

– Կարող ես ընդհատակից հանել,- կատակեցի ես ու պատմեցի նկարի հետ կապված պատմությունը:

Արցունքները հոսում էին Լուսինեի աչքերից:

– Աստվա՜ծ իմ, ուրեմն ես կարող էի պատճառ դառնալ քո կյանքի դժբախտ վերջաբանի՞ն:

– Սիրող սիրտը չի մեռնում: Սերն Աստված է պահպանում,- ասացի ես ու համբուրեցի Լուսինեին:- Սերը զոհողություն է պահանջում. միշտ պետք է պատրաստ լինել վատին և երազել լավի մասին:

Այս հաջողությամբ արբեցած՝ հրաժեշտ տվեցի Լուսինեին ու դուրս եկա: Տուն հասա բարձր տրամադրությամբ: Նարինեն նկատեց այդ և ասաց.

– Փառք Աստծո, որ մի անգամ ժպիտ երևաց դեմքիդ: Չե՞ս բարեհաճի ասել, թե ում ենք պարտական դրա համար:

– Չեմ թաքցնի, ես քեզ հետ միշտ պարզ եմ եղել: Այսօր հանդիպել եմ Լուսինեին: Նա մի գեղեցիկ աղջիկ ունի: Կարծում եմ՝ մեր Արմենի համար հարմար զուգընկերուհի կլինի:

– Մտքինդ ասա,- կշտամբեց Նարինեն:

– Ես առանց դրա էլ կարող եմ հանդիպել, բայց որ դու Սվետլանային տեսնես, ամբողջ հոգով կուզենաս, որ քո հարսը լինի:

– Եթե Լուսինեի նման է, ես դեմ չեմ:

– Հենց նրա կրկնօրինակն է:

– Դե ուրեմն որոշված է: Ինչ վերաբերում է քեզ, չեմ արգելում, կարող ես ազատ վայելել քո սերը:

– Շնորհակալ եմ այս տարիների համար, որ զոհաբերել ես:

– Ես քեզանից դժգոհ չեմ. արել ես, ինչ կարողացել ես: Քեզանից երկու հիանալի որդիներ ունեմ, որոնցով կարող եմ ապրել իմ կյանքի մնացած մասը: Այժմ դու ազատ ես. ով սիրել է, գիտի՝ ինչ բան է սերը: Սվետլանայի համար ես համաձայն եմ. գոնե պատճառ կունենաս այնտեղ գնալու, թե չէ հարևանները կսկսեն բամբասել:

Հաջորդ շաբաթ օրը գնացինք հարսնատես: Դուռը բացեց Սվետլանան: Արմենը քարացավ: Այդ պահին հիշեցի ինձ և նախանձեցի որդուս: Լուսինեն համեստաբար ընդունեց մեզ: Մենք նստեցինք բազմոցին և սկսեցինք զրուցել: Նարինեն ամենևին ցույց չէր տալիս, թե թշնամանք ունի Լուսինեի հանդեպ: Դա ինձ ուրախացնում էր: Արմենը հայացքով ուտում էր Սվետլանային: Նա չդիմացավ, վեր կացավ և սկսեց օգնել աղջկան: Մենք մնացինք երեքով: Լուսինեն իրեն մեղավորի պես էր զգում: Լռությունը խզեց Նարինեն.

– Արժե քո աղջկան առնել, սիրուն աղջիկ է, մնում է՝ մեջը մարդկություն լինի:

– Ես ոչինչ չեմ կարող ասել, կյանքը ցույց կտա,- պատասխանեց Լուսինեն:

– Դու էլ լավն ես,- նկատեց Նարինեն,- դրա համար է Կարենը գժվել:

– Ես ձեզ ոչ մի բանով չեմ խանգարի, միայն թե աղջիկս բախտավոր լինի,- ասաց Լուսինեն:

– Ես Կարենին քեզ եմ նվիրում, միայն թե պետք է իր երեխաների հետ ապրի:

Մի ամսից կայացավ Արմենի հարսանիքը: Որդիս շատ ուրախ էր: Նա հոլի պես պտտվում էր շուրջս ու կրկնում.

– Հայրիկ, համա թե ճաշակ ունես, հա՜:

Ես հազվադեպ էի գնում Լուսինեի մոտ: Նա ի՛նքը թույլ չէր տալիս:

– Դու իրավունք չունես դավաճանել այն կնոջը, որը սիրում է քեզ:

– Հիմա ես կարծես ֆուտբոլի գնդակ լինեմ. Նարինեն քեզ է նետում, դու՝ Նարինեին՝ առանց իմ կամքը հարցնելու:

– Ոչինչ, դիմացիր, կյանքում ամեն լավ բան իր վատ կողմն էլ ունի: Ես միայն տեսնելով էլ կհագենամ քեզանից, միայն թե ընտանիքդ չքայքայվի. թե չէ ի՞նչ կասեն իմ աղջկան:

Ամեն ինչ լավ էր: Արմենի հարսանիքը ցնցել էր ամբողջ թաղամասը: Հարևանները հերթով գալիս ու շնորհավորում էին մեզ: Բոլորը համբուրում էին Սվետլանային ու չէին մոռանում կրկնել.

– Բախտավոր լինես:

Մեր թաղում մի չարաչք կին կար. պատին նայեր, պատը կճաքեր: Վերջապես նա էլ բարեհաճեց: Դռան անցքից նրան նկատելով՝ Նարինեն հարսին ասաց.

– Իսկույն հանվի՛ր ու անկողի՛ն մտիր:

Սվետլանան առանց առարկելու կատարեց սկեսրոջ պատվերը: Նարինեն դուռը բացեց:

– Աչքներդ լույս լինի, ասում են՝ գեղեցիկ հարս ունեք, թող բախտավոր լինի: Բա ո՞ւր է, բեր երեսը համբուրենք:

«Սատանի երեսը համբուրես»,- մտքում հանդիմանեց Նարինեն, ապա ասաց.

– Հիվանդացել է, Զանի ջան, մի ուրիշ անգամ կտեսնես:

– Վա՜յ, քոռանամ ես, աչքով են տվել,- ասաց Զանին:- Դե լավ, Նարինե ջան, մի ուրիշ անգամ կգամ,- և դուրս եկավ:

– Գնալդ լինի, գալդ չլինի,- ասաց կինս ու շունչ առնելով՝ փակեց դուռը:

Զանին գնում էր կաթվածահարի պես. «Լա՜վ, Նարինե աղջիկ, դու դեռ կիմանաս, թե ով է Զանին»:

Ամիսներն անցան աննկատ: Արմենս արու զավակ ունեցավ: Անունը դրեցինք Վարդան: Նարինեն ու Լուսինեն միասին պատրաստում էին երեխայի շորերը, վերմակը, ներքնակը, ծածկոցը և այլ մանրուքներ: Օրորոցը հատուկ ընկուզենու փայտից պատվիրեցի. շատ գեղեցիկ էր: Երբ երեխային պառկեցրինք մեջը, Նարինեն հրճվանքով նայեց, ապա բացականչեց.

– Վա՛յ, քոռանամ ես, աչքուլունքը մոռացել ենք:

Լուսինեն դրամապանակից մի ուլունք հանեց. պռշնու փայտից էր:

– Սվետլանայիս սրանով եմ մեծացրել,- ասաց ու կախեց օրորոցից:

Տատիկները նայեցին իրար ու ժպտացին: Ես նույնպես ուրախացա, որ անմեղ կանանց շղթայի ծայրերը միացան:

Որոշ ժամանակ հետո ամուսնացավ նաև փոքր որդիս: Երեկոյան, երբ բոլորը քնած էին, ես ու Նարինեն նստած զրուցում էինք նոր խնամիների մասին:

– Չէ՜, սրանք Լուսինե չեն դառնա:

– Երկու երանին մի տեղ չի լինի,- ասացի ես:

– Կարեն, ես սիրում եմ քեզ, բայց Լուսինեն էլ սիրո արժանի կին է: Ես հասել եմ իմ նպատակին և այլևս մտածելու բան չունեմ. քեզ ազատություն եմ տալիս: Կարող ես ընտրություն անել. կամ մեզ հետ մնալ, կամ գնալ Լուսինեի մոտ:

– Ես չեմ պատրաստվում իմ ընտանիքից բաժանվել, Լուսինեն էլ չի նեղանում. մնում է՝ դու դրամա չսարքես:

Այդպես էլ մեր զրույցը վերջացավ:

Օրերն անցնում էին աննկատ: Նարինեն ու Լուսինեն հաշտվել էին իրավիճակի հետ: Մեկը մյուսից չէր նեղանում, և ամեն ինչ կարգին էր: Բայց ամեն բարեբախտություն էլ իր վերջն ունի: Եվ ահա անսպասելի դժբախտությունը բոլորիս իրար խառնեց: Առհասարակ մորը նեղություն չտալու համար գնումները Արմենն ու Սվետլանան էին անում: Սակայն այդ օրը՝ աշխատանքից վերադառնալիս, Նարինեն որոշում է շուկա մտնել և որոշ գնումներ կատարել: Շուկայում էլ, ինքներդ գիտեք, առատություն է: Նարինեն բավականին գնումներ է անում և դուրս է գալիս տաքսու կանգառ: Հենց այդտեղ էլ կատարվում է անսպասելին: Հերթական տաքսին մոտենում է հաճախորդին վերցնելու, իսկ ծանոթ վարորդներից մեկը, ցանկանալով օգտակար լինել Նարինեին, առանց ազդանշան տալու ավտոմեքենան երթևեկությանը հակառակ է վարում, որպեսզի մոտենա: Հանկարծակիի եկած Նարինեն չի կարողանում խույս տալ և մնում է երկու մեքենաների արանքում: Շտապ օգնությունը նրան տեղափոխում է հիվանդանոց: Ես լուրը ստացա երկու ժամ հետո: Երբ մտա հիվանդասենյակ, որդիներս այնտեղ էին և սպասում էին բժիշկների հրահանգներին: Նարինեն ուշքի չէր եկել: Բժիշկները տագնապով նայում էին իրար: Իմ խնդրանքով կանչեցին պրոֆեսոր Հովսեփյանին: Ոչինչ չօգնեց: Դեպքից հինգ ժամ հետո Նարինեն բացեց աչքերը: Նայում էի որդիներիս, աչքերս լցվում էին: Վերջապես սկսեց խոսել: Նրա խնդրանքով թոռներիս բերեցին: Ես հասկանում էի դրության ծանրությունը, բայց հույսս չէի կտրում: Լուսինեն նույնպես եկավ: Նարինեն խնդրեց մեզ մենակ թողնել: Երբ բոլորը դուրս եկան, նա նայեց աչքերիս ու ասաց.

– Տեսնո՞ւմ ես, ճակատագիրն ինքը լուծեց մեր հարցերը: Այժմ դու ազատ ես, ասպարեզը մնաց Լուսինեին: Միայն խնդրում եմ՝ երեխաներին անտեր չթողնես: Համբուրիր ինձ վերջին անգամ:

Ես համբուրեցի նրան և արցունքախառն աչքերով բարձրացրի գլուխս: Նա փակեց աչքերը և հեռացավ այս աշխարհից: Հարվածն ուժգին էր և անտանելի: Նարինեին հողին հանձնեցինք: Կյանքն իր իմաստը կորցրեց: Ինչքա՜ն հաշտ ու խաղաղ էինք ապրում: Նարինեն ոչ մի բանով մեզ չէր խանգարում, ընդհակառակը, նրա ներկայությունն անհրաժեշտ էր: Ես գլուխս ծեծում էի. մտածում էի՝ գուցե ե՞ս եղա նրա մահվան պատճառը: Ըստ հայկական սովորույթի՝ կատարեցի իմ ամուսնական պարտականությունը: Մի տարվա ընթացքում ընդամենը չորս անգամ հանդիպեցի Լուսինեին: Վերջինս հույսը կտրել էր ինձանից: Վերջապես սթափվեցի: Իմ պահվածքով անհանգստություն էի պատճառում երեխաներիս: Որդիներս իրենց ընտանիքների հետ ապրում էին խաղաղ ու համերաշխ: Միայն ես էի անմիտ թափառում:

Մի օր էլ որոշեցի հավաքույթ կազմակերպել: Բոլորը ներկա էին: Լուսինեն նստած էր Սվետլանայի կողքին: Նրանք հատուկ վստահություն էին ներշնչում: Ես բարձրացրի բաժակն ու ասացի.

– Սիրելի՛ որդիներ, Աստված մեզնից տարավ մայրիկին, և այժմ ես մենակ եմ մնացել: Կարծում եմ՝ դա ձեզ համար էլ է վատ: Ամեն մի թռչուն ուզում է իր երամի հետ թռչել: Կարծում եմ՝ Լուսինեն դեմ չի լինի, որ ես տեղափոխվեմ իր մոտ: Ե՛վ մենք գոհ կլինենք, և՛ դուք:

– Հայրիկ,- խոսեց ավագ որդիս,- դու քո պարտքը կատարեցիր մեր և մայրիկի նկատմամբ: Մենք քեզ տանջելու ցանկություն չունենք: Բոլորի անունից օրհնում եմ ձեր միությունը: Բոլորս խոստանում ենք ուշադիր և հոգատար լինել ձեր հանդեպ:

Խորհուրդը վերջացավ. ես դարձա տնփեսա: Տարիները կանգ չէին առնում: Մենք քառասունյոթ տարեկան էինք: Իմ աչքում Լուսինեն քանի գնում, ավելի էր գեղեցկանում: Քսանյոթ տարվա սերն իր անջնջելի հետքն էր թողել: Մենք արդեն երիտասարդ չէինք: Ամեն ինչ պետք էր մտածված անել: Լուսինեն թառամում էր, ես էլ երիտասարդ չէի, բայց սրտումս մի ցանկություն էր փոթորկվում. մի՞թե մեր սիրո պտուղն աշխարհ չի գալու: Երբ առաջին անգամ լիիրավ պառկեցինք միասին, գիշերը բուռն ու խոստումնալից եղավ, և լուսինը վկա էր մեր մեղսանքին: Առավոտյան արթնացանք անուշ երազներով: Օրերն անցնում էին անխռով և ուրախ: Լուսինեն տխրելու առիթ չէր տալիս: Թոռներս ամեն կիրակի մեզ մոտ էին: Մենք էլ նրանց էինք այցելում: Այնպես որ, ամեն ինչ կարգին էր:

Մի օր սովորականի պես աշխատանքից տուն եկա, ընթրեցի և նստեցի հեռուստացույց դիտելու: Լուսինեն հանգիստ էր երևում: Վերջապես ասաց.

– Կարեն, ուզում եմ քեզ ուրախացնել: Կրծքիս տակ խաղում է մեր սիրո պտուղը:

Սիրտս ուրախությունից թրթռաց: Ես գրկեցի նրան և սրտանց համբուրեցի: Նա ազատվեց իմ գրկից ու հարցրեց.

– Իսկ ի՞նչ կուզեիր՝ տղա՞, թե՞ աղջիկ:

– Աղջիկ:

– Իսկ եթե տղա լինի՞:

– Ուրեմն մեզնից մեկը կուրախանա:

– Իսկ ես կարծում եմ՝ երկուսս էլ կուրախանանք:

– Նշանակում է՝ զո՞ւյգ է:

– Այո, կրծքիս տակ երկու խփոց եմ զգում, միայն մնում է, որ տարասեռ լինեն:

– Եթե Աստված երեխա է տվել, դա էլ կտա:

Մենք վեր կացանք և բարձր տրամադրությամբ հանձնվեցինք անկողնու անդորրին: Այդ օրվանից սկսեցի ավելի ուշադիր լինել Լուսինեի նկատմամբ: Հաճախ էի տանում զբոսանքի և ապահովում էի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր պտղի աճման համար: Մի անգամ զբոսնում էինք այգում, երբ անսպասելի լսեցի իմ անունը: Ոտնաձայներն արագ մոտենում էին մեզ: Ազատն էր: Նա շնչասպառ մոտեցավ՝ մի երեք տարեկան տղայի ձեռքից բռնած: Հետո փաթաթվեց ինձ և սկսեց խելագարի պես համբուրել: Հազիվ պոկվելով նրանից՝ գրկեցի տղային ու հարցրի.

– Անունդ ի՞նչ է:

– Կարեն,- պատասխանեց փոքրիկը:

Պարզ էր. Ազատի կնոջը բուժել էին: Նա արագ-արագ պատմեց ամեն ինչ և վերջում ինձ նվեր խոստացավ:

Համբերությամբ լսելուց հետո ասացի.

– Կյանքն առևտուր չէ, այլ փոխօգնություն: Մարդիկ պետք է անշահախնդիր օգնեն իրար: Այդ դեպքում բոլորը կապրեն երջանիկ և հոգսեր չեն ունենա: Քո նվերն ինձ պետք չի: Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Լուսինեն ծննդաբերության է սպասում. հաջողություն մաղթիր, դա էլ կլինի մեր նվերը:

Ազատն այս ամենը լսեց և հոգոց հանեց.

– Իմ գլխում միայն փողն է պտտվում: Այն, ինչի մասին մտածում ես, ես երազել չեմ կարող: Ուրեմն իմ պարտքը մնում է հավիտյան:

– Դու արդեն վճարել ես քո պարտքը:

– Ո՞նց,- զարմացավ Ազատը:

– Քո տղայի անունով,- պատասխանեցի ես:

– Իմ մտքով չէր անցնի, կինս առաջարկեց:

– Ուրեմն կինդ քեզանից խելոք է,- ասացի ես և գլխով Լուսինեին նշան արեցի, թե՝ գնացինք:

Մենք շարժվեցինք դեպի ծառուղու խորքը, իսկ Ազատը հեռացավ հակառակ կողմով: Երեկոյան տուն դարձանք բարձր տրամադրությամբ և հանձնվեցինք անկողնու խաղաղությանը:

Մարտ ամսվա կեսերն էին: Աշխատանքից տուն եկա և Լուսինեին խոհանոցում նստած տեսա: Նա հազիվ բարձրացրեց գլուխը և դժվարությամբ արտասանեց.

– Շտապ օգնություն կանչիր:

Լուսինեին տեղափոխեցին հիվանդանոց: Սպասասրահում նստած՝ լուրի էի սպասում: Անկյունում երկու պառավ կին զրուցում էին: Խոսակցությունից որոշ բաներ ականջիս հասան.

– Վարսենիկ ջան, գոնե տղա լինի. հա՛մ Արթուրը կուրախանա, հա՛մ էլ դուշմանի աչքը հանող կլինի:

Մյուս նստարանին մի երիտասարդ էր նստած և անընդհատ ծխում էր: Տեսավ՝ իրեն կարեկցող չկա, վեր կացավ ու դիմեց ինձ.

– Հայրիկ, թո՞ռ պիտի ունենաս:

– Ոչ, կինս է ծննդաբերում:

Կարծելով, թե լավ չլսեց, անտրամադիր հեռացավ: Աստիճանների կողմից ոտնաձայներ լսվեցին: Բոլորս զգաստացանք: Դուռը բացվեց, և ներս մտավ բուժքույրը:

– Ովքե՞ր են Հասմիկի հարազատները:

Անկյունում նստած պառավները վեր թռան և ականջները լարեցին:

– Աչքներդ լույս, աղջիկ ծնվեց:

Պառավները, կարծես կորցնելով հավասարակշռությունը, ընկան նստարանի վրա: Բուժքույրն առանց նվերի հետ գնաց: Մնացինք ես ու երիտասարդը: Շուտով եկան Արմենն ու Սվետլանան:

– Բարև, հայրիկ, ի՞նչ նորություն կա:

– Առայժմ ոչ մի:

Նորից եկավ բուժքույրը.

– Լուսինեի հարազատներն ովքե՞ր են:

Արմենն ու կինը մոտեցան, իսկ ես տեղումս կանգնած մնացի:

– Աչքներդ լույս, տղա է:

Արմենը տվեց բուժքրոջ նվերը, իսկ Սվետլանան վազեց ու փաթաթվեց վզովս:

– Ապրես, հայրիկ, ես եղբայր ունեցա:

Երիտասարդը զարմացած մեզ էր նայում:

– Հայրիկ, կարծում եմ՝ քո այստեղ մնալն ավելորդ է,- ասաց Արմենը,- մնացածը մենք կհոգանք:

Դեռ խոսքը չավարտած՝ շնչասպառ ներս մտավ բուժքույրը.

– Լուսինեն աղջիկ էլ ունեցավ:

– Ուռա՜,- բացականչեց Արմենը,- ես քույրիկ ունեցա:

Սվետլանան մոտեցավ բուժքրոջը և ձեռքը տարավ գրպանը:

– Նվերդ ինքդ կառնես,- ասաց ու վերադարձավ մեզ մոտ:

Երիտասարդը, տեսնելով այս «ներկայացումը», հարցրեց.

– Ասացեք խնդրեմ, ո՞ւմն են այդ երեխաները:

– Իմը,- ասացի ես:

– Իսկ այս տղան ու աղջի՞կը:

– Տղաս ու հարսս են:

– Էլի չհասկացա:

– Բանն այն է, որ հարսիս մայրը իմ երկրորդ կինն է: Ես աղջիկ չունեի, իսկ նա՝ տղա: Հիմա ունեցանք և՛ աղջիկ, և՛ տղա: Որդիս քույր ունեցավ, իսկ հարսս՝ եղբայր:

– Շատ բարդ է… Ես էլ եմ շնորհավորում,- ասաց երիտասարդն ու մի կողմ քաշվեց:- Երկու աղջիկ ունեմ, տեսնես այս մե՞կն ինչ կլինի:

Երբ բուժքույրը նորից եկավ, տղան անհամբեր մոտեցավ.

– Հը՛, ի՞նչ է:

– Աչքդ լույս, դե պարիր, որ ասեմ:

Տղան սկսեց թռչկոտել սպասասրահում, ապա մոտեցավ բուժքրոջը.

– Դե ասա, թող բոլորը լսեն:

– Տղա՜ է, տղա՜,- երկարացրեց նա:

Մենք տեղեկացանք Լուսինեի առողջության մասին և գնացինք տուն: Մնացածն իրենց վրա վերցրին Արմենն ու Սվետլանան:

Անցավ անհանգիստ մի շաբաթը: Հիվանդանոցի դիմաց երկու վոլգա էին կանգնած. մեկը՝ սև, մյուսը՝ սպիտակ: Մեկում ավագ որդիս էր կնոջ հետ, մյուսում՝ կրտսեր որդիս: Նրանք կարծես մրցման մեջ էին: Ամեն հարսիս ձեռքին մի մեծ ծաղկեփունջ կար: Մի քանի րոպեից դռների մեջ երևացին երկու բուժքույր՝ երեխաներին գրկած: Լուսինեն հետևում էր նրանց: Նա մի քիչ նիհարել էր, բայց ավելի էր գեղեցկացել: Հարսներս վերցրին երեխաներին, իսկ որդիներս գրկախառնվեցին Լուսինեի հետ և ծանրաբեռնեցին ծաղիկներով: Լուսինեն գողտուկ հայացքով ինձ էր փնտրում: Վերջապես մոտեցա և համբուրելով ուղեկցեցի սպիտակ վոլգայի կողմը: Տղայիս տարանք սև վոլգայով, աղջկաս՝ սպիտակով: Հիվանդանոցի ողջ անձնակազմը մեզ էր նայում: Երբ շքախումբը շարժվեց, բոլորը ծափահարեցին և այդպես հրաժեշտ տվեցին մեզ: Իսկ շենքի մուտքի մոտ մեզ դիմավորեց նվագախումբը: Մարդկանց ծափերի ներքո տուն բարձրացանք և հասնելով ծանր նստեցինք բազմոցին ու շունչ առանք: Ի՜նչ ուրախ էինք. երկու երեխա՝ մի տան մեջ, երկու օրորոց. մեկը՝ ընկուզենու փայտից, մյուսը՝ հաճարենու: Սեղանի շուրջ նստած հյուրերի մի մասին չճանաչեցի: Մի պատկառելի ծերունի վերցրեց բաժակն ու ասաց.

– Պարոն Արզումանյան, Դուք երջանիկ մարդ եք. Ձեր որդի Արմենը մեր գործարանի պատիվն է: Նա ջանում էր, որ պատվով կատարեր նորածիններին դիմավորելու արարողությունը: Այդ իմանալով՝ կոլեկտիվը միացավ նրան: Սրտանց շնորհավորում ենք Ձեզ և ցանկանում առողջ կյանք:

Երեխաներին կնքեցինք Լուսիկ և Լևոն անուններով: Բոլորը ծափահարեցին, և սկսվեց ուրախությունը, որ ձգվեց մինչև ուշ գիշեր: Հետո մնացինք երկուսով նորածինների հետ: Լուսինեն փռվեց անկողնում և անմիջապես քնեց: Ես մտածում էի, թե այդ տարիքում ոնց ենք խնամելու փոքրիկներին: Տագնապով նայում էի նրանց անմեղ դեմքերին, բայց և ներքուստ հրճվում ապագայի երազանքներով: «Բա որ հիմա սկսեն լացել, ի՞նչ պետք է անեմ»: Բայց ոչ, նրանք խղճով էին. քնեցին մինչև ժամը չորսը: Հետո Լուսինեն արթնացավ, ես քնեցի:

Հաջորդ օրը զավակներս նորից հավաքվեցին և աշխույժ խոսում էին ինչ-որ հարցի շուրջ: Ժամը քսանից հինգ էր պակաս, երբ հեռուստացույցը միացրին և սուսուփուս նստեցին: Այդ ժամանակ հնդկական ֆիլմերը հարգի էին. մտածեցի՝ գուցե ֆիլմ են ցուցադրում: Բայց ոչ, սխալվեցի: Ժամը քսանին եթերը բացվեց, և հաղորդավարը սկսեց.

– Հարգելի՛ հեռուստադիտողներ, այսօր ձեզ կներկայացնենք մի արտակարգ դեպք: Կարեն Արզումանյանը և Լուսինե Դավթյանը երիտասարդ հասակում սիրել են իրար: Դեպքերի անհաջող ընթացքը թույլ չի տվել, որ նրանց սերն արժանանա միության: Բայց նրանք հույսը չեն կորցրել: Վերջապես պատկառելի տարիքում իրականացել է նրանց երազանքը: Այժմ նրանք երկվորյակ երեխաներ են ունեցել՝ Լևոնն ու Լուսիկը: Ահա և նրանք:

Այս ասելուց հետո ցուցադրեցին նախորդ օրվա ամբողջ տեսարանը:

– Ամուսինները շատ երջանիկ են: Նրանք վայելում են իրենց սիրո աշնանային անուրջները: Բայց մի՛ շտապեք հեռանալ էկրաններից: Կարծես թե նրանք մենակ չեն: Նույն օրը մեկ ուրիշ հիվանդանոցում ծնվել են երկրորդ երջանիկ երկվորյակները՝ Արտակն ու Արևիկը: Ահա երեխաներին հանձնում են հարազատներին:

Լրագրողներն ասես մրցակցում էին:

– Ուռա՜,- գոչեցին երեխաներս,- մերը հիանալի է:

Պարզվեց, որ այդ ամենը նախօրոք էր կազմակերպված: Բոլորը գնացին, և մենք դարձյալ մնացինք երկուսով:

– Կարեն, բայց երեխաները լավ էին մտածել, չէ՞: Կանցնեն տարիներ, և մենք հաճույքով կհիշենք մեր երկրորդ երիտասարդությունը:

Ես գլխով հաստատեցի և անմիջապես էլ ընկա մտածմունքի մեջ: Փոքրիկներին դեռ հարկավոր էր մեծացնել, ամուսնացնել: Դեռ հարկավոր էր մի դար ապրել:

Ժամանակն անցնում էր աննկատ: Երեխաները մեծացան ավելի արագ, քան կարծում էինք: Արդեն հինգ տարեկան էին: Մի օր, երբ մենք հանգիստ նստած հեռուստացույց էինք նայում, իսկ երեխաները խաղում էին դրսում, Լուսիկն անսպասելի ներս վազեց ու լացակումած ճչաց.

– Հայրի՜կ, Լևոնին սպանում են: Մի անպետք տղա նրան գցել էր գետնին ու ծեծում էր, ես էլ քարով խփեցի նրա գլխին. արյուն է գալիս:

Շտապ դուրս վազեցի և ի՛նչ տեսնեմ. երեխաները հավաքվել էին մի փոքրիկ տղայի շուրջը և թաշկինակով սրբում էին երեսի արյունը: Լևոնը վազեց մոտս և սկսեց արդարանալ.

– Հայրիկ, ես մեղավոր չեմ: Նա ուրիշ թաղից է եկել: Լուսիկի մազերը քաշեց ու ասաց՝ լաչառ, ես էլ ծեծեցի:

Տղային բերեցինք տուն, վիրակապ դրեցինք և ճանապարհեցինք: Լուսինեն կշտամբեց աղջկան.

– Դու անհաշտ ես, բոլորի հետ կռիվ ես անում, իսկ Լևոնը քո պատճառով ընկնում է կռվի մեջ: Ավելի լավ է՝ խելոք մնաս:

Լուսիկը գլուխը կախեց և մեղավոր հայացքով ներողություն խնդրեց:

– Ներիր, մայրիկ, խելոք կմնամ:

Մի քանի րոպե հետո նորից դուրս գնացին: Կես ժամ չանցած՝ լուր եկավ, որ Լուսիկը նորից կռիվ է անում: Եվ այդպես ամեն օր. երեխաները միշտ բողոքում էին նրանից: Նա ստացավ «ամբարիշտ» մականունը: Չնայած դրան՝ բոլորն ուզում էին նրա հետ խաղալ, որովհետև նա արդարամիտ էր:

Այդպես երեխաները մեծանում էին, իսկ մենք՝ ծերանում: Մի օր աշխատանքից վերադառնալիս անցա «Մոսկվա» կինոթատրոնի մոտով՝ ազդագիր նայելու: Մի գեղեցիկ ազդագիր գրավեց իմ ուշադրությունը: Այն ներկայացնում էր նկարիչ Սարգիս Հովհաննիսյանի գործերի ցուցահանդեսը և տեղեկացնում՝ «Մուտքը ժամը 9-20-ը»: Ես սթափվեցի. չէ՞ որ դա մեր Սաքոն էր: Շտապ եկա տուն և Լուսինեին խնդրեցի պատրաստվել: Մենք ճաշեցինք ու դուրս եկանք: Սրահի դռների մոտ մեզ դիմավորեց մի գեղեցիկ աղջիկ.

– Տոմսերը ստացեք և անցեք դիտելու:

Սրահի պատերի ամբողջ երկայնքով կախված էին կտավները: Մարդիկ հիացմունքով նայում էին և աշխույժ զրուցում: Մի տեղ հավաքված վիճում էին: Կարգը չխանգարելու համար սկսեցինք հերթով նայել: Հիանալի տեսարաններ էին:

– Սա մեր քարակապն է, ջրվեժն է: Ինչքան ենք լողացել այստեղ:

Լուսինեն առաջ անցավ:

– Կարեն, մո՛տ արի: Տես, մենք ենք, պատրաստվում ենք քննություններին:

Անցանք սրահի աջ մասը: Մի կտավում սուր և ազդու բեղերով ծերունին փայտ էր տաշում:

– Վարպետ Աբգարն է,- ճանաչեցի ես:

Հաջորդում մի պառավ էր՝ աչքերը հառած հեռվում երևացող հույսի ամպին, իսկ կողքին խաղում էր մի փոքրիկ աղջիկ. երևի թոռն էր: Մենք հազիվ ճեղքեցինք մարդկանց շարքերը: Ա՛յ քեզ զարմանք. նկարում Լուսինեն էր: Նա հպարտ կանգնել էր իր զարդարանքների մեջ և նայում էր հեռվում կանգնած երիտասարդ տղային, իսկ մեջտեղում վեր էր ելնում մասրենին:

– Լավ է պատկերել,- նկատեց Լուսինեն:- Չի էլ պատկերացնում, որ մասրենին ինքն է եղել:

Տոմսերը ստուգող աղջիկը մոտեցավ մեզ և հայացքն ուղղեց Լուսինեին:

– Տիկին, ի՜նչ նման եք այս նկարին,- ասաց:- Նա հեղինակի սիրած աղջիկն է եղել: Միշտ հիացմունքով է խոսում նրա մասին:

Լուսինեն լուռ ժպտաց:

– Դու հիմա նկարչի կին կլինեիր,- նկատեցի ես:

– Սերը նկարիչ ու ինժեներ չի տարբերում: Ես իմ սիրած մարդու կինն եմ:

Մենք նայեցինք վերջին կտավը և մոտեցանք գեղեցկադեմ աղջկան:

– Իսկ հեղինակին կարո՞ղ ենք հանդիպել,- հարցրինք:

– Նա ներսում է: Այցելուներ շատ կան. չգիտեմ՝ կընդունի՞, թե՞ ոչ:

Մենք ներս մտանք: Փոքրիկ նախասրահում նստած էին մի քանի պատկառելի մարդիկ և սպասում էին հրավերի: Երևաց քարտուղարուհին.

– Հաջորդը:

Շուտով մեր հերթն էլ հասավ: Երբ ուզում էինք ներս մտնել, քարտուղարուհին առարկեց.

– Մե՛կ-մե՛կ:

– Մենք միասին ենք,- ասացինք:

Նա հետ քաշվեց:

Գրասեղանի մոտ նստած էր մորուքավոր, պատկառելի մեկը: Նա քրքրում էր սեղանին թափված թղթերը և առանց գլուխը բարձրացնելու և մեզ վրա նայելու առաջարկեց նստել: Մենք մնացինք կանգնած: Նա ստիպված գլուխը բարձրացրեց և ապշեց:

– Կարե՜ն, Լուսինե՜, երբեք չէի պատկերացնի, որ կհանդիպեմ:

Նա վեր կացավ, աշխույժ գրկախառնվեց ու հրավիրեց նստելու:

– Ազատը պատմել էր ձեր մասին:

– Ուրեմն լրտե՞ս ես պահում:

– Դե ոչ, պատահական հանդիպեցի: Կարեն, դու միշտ ուղիղ, արդար ու բարի ես եղել, դրա համար էլ Աստված պարգևատրել է քեզ: Այ տեսնո՞ւմ ես, Լուսինեին սիրում էի ես, իսկ տիրացար դու:

Այստեղ Լուսինեն միջամտեց.

– Սարգիս, քեզ՝ որպես տաղանդավոր նկարչի, շատ եմ հարգում, բայց երբեք չեմ սիրել: Ներիր ինձ, բայց հանդիպման օրից ի վեր Կարենին եմ սիրել:

– Մենք միշտ ազնիվ ընկերներ ենք եղել և հարգել ենք իրար,- ասացի ես,- այժմ էլ թող նույնը լինի: Եթե քո մեջ մի փոքր հարգանք է մնացել մեր ընկերության հանդեպ, նվիրիր մեզ Լուսինեի նկարը:

– Դու շատ դժվար բան խնդրեցիր: Որպեսզի նկարը տամ, պետք է նորը նկարեմ: Նորը նկարելու համար էլ տրամադրություն չունեմ, մանավանդ որ Լուսինեն հերքեց իր սերը իմ նկատմամբ: Ամբողջ կյանքս այդ հույսով եմ ապրել:

– Կներես, որ քեզ տհաճություն պատճառեցինք: Մնաս բարով,- ասացի ես, և ուղղվեցինք դռան կողմը:

– Սպասեք, այլևս կարիք չկա պահելու նկարը. այն միայն կդառնացնի ինձ:

Սեղմեց կոճակը, և ներս մտավ քարտուղարուհին:

– Լուսինեի նկարը բերեք այստեղ:

Քարտուղարուհին զարմացած նայում էր նկարչին:

– Բերեք, բերեք,- կրկնեց Սարգիսը:

Երբ փաթաթում էին կտավը, նա շշուկով ասաց.

– Չէ՞ որ դա Ձեր սիրելին էր:

– Դժբախտաբար ոչ: Նրանք սիրում են իրար:

Քարտուղարուհին նոր հասկացավ, որ իր առջև հենց ինքը՝ առասպելական Լուսինեն էր կանգնած: Մենք հրաժեշտ տվեցինք և ուրախ տրամադրությամբ դուրս եկանք:

– Ճիշտ վարվեցինք,- նկատեց Լուսինեն,- անհույս սպասումներն ավելի վատ են:

Նկարը կախեցինք հյուրասենյակի պատից: Հարևանները հիացմունքով նայում էին ու հարցնում.

– Սվետլանայի նկա՞րն է:

Իսկ Լուսիկն աղերսող հայացքով ասաց.

– Հայրիկ, իմ նկարն էլ կպատվիրե՞ք:

– Անպայման, միայն թե մի քիչ մեծացիր…

Երեխաները մեծացան: Հասավ ատեստատ ստանալու ժամանակը: Նրանք ստացան, և երկուսն էլ բուհ ընդունվեցին: Ինչպես ասում են՝ հաջողությունն ու անհաջողությունը հետապնդում են իրար: Դրանք մարդկանց պատահում են այն ժամանակ, երբ բոլորովին չեն սպասում: Այդպես էլ եղավ մեզ հետ: Երեխաների ընդունելության լուրը ցնցեց Լուսինեին: Նա պտտվում էր երջանիկ դեմքով և պատրաստվում խնջույքի: Գերդաստանով հավաքվեցինք ու նշեցինք: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Երբ բոլորը գնացին, ու պառկեցինք քնելու, Լուսինեն ժպտադեմ նայեց ինձ և հաղթականորեն ասաց.

– Սրանից հետո որ մեռնեմ էլ, հոգ չէ:

Այդպես էլ եղավ: Մենք երջանիկ համբուրվեցինք՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ դա վերջին համբույրն էր: Գիշերը կարծես մեկը հրեց ինձ: Արթնացա և տնտղեցի Լուսինեին. նա քնած էր խաղաղ քնով: Շուռ եկա, որ նորից քնեմ, բայց սիրտս կասկած ընկավ: Ուշադիր նայեցի նրան. շնչառություն չկար: Սկզբից չհավատացի, բայց ճշմարտությունը դառն էր. Լուսինեն մահացել էր: Բժիշկներն ախտորոշեցին սրտի կաթված: Չէր փոխվել անգամ նրա դեմքը, որի վրա խաղում էր խաղաղ ժպիտը: Նրան հողին հանձնեցինք, նրա հետ էլ՝ իմ ապրելու հույսը: Աշխարհը գլխիս մթնեց: Այլևս ոչինչ ինձ չէր հետաքրքրում: Մահը դարձել էր անժխտելի պահանջ: Որդիներս անընդհատ սիրտ էին տալիս ինձ և շրջապատում ջերմությամբ: Սվետլանան ավելի ուշադիր էր դարձել իմ նկատմամբ, իսկ Լևոնն ու Լուսիկը թիկնապահների պես պտտվում էին շուրջս: Նրանք ամեն ինչ անում էին, որ չզգամ Լուսինեի պակասը: Բայց ես օր օրի հալվում էի: Վերջապես ինձ հավաքեցի և սկսեցի պայքարել: Անցան երկու տարվա տանջալից օրերը: Առողջությունս կորցնում էի և պատրաստվում հոգիս ավանդելու Աստծուն: Շուտով անկողին ընկա: Որդիներս, հույսները կորցրած, շրջապատել էին ինձ: Մի պահ ննջեցի և անցա երազների գիրկը: Մի մարդ՝ ոտից գլուխ սպիտակ հագած, եկավ ու հրամայեց հետևել իրեն: Ես անտրտունջ ենթարկվեցի նրան: Հասանք երկու ստորգետնյա դռների. մեկի վրա գրված էր «Դժոխք», մյուսի վրա՝ «Դրախտ»: Յուրաքանչյուր դռան մոտ հսկիչ կար՝ ժանգոտ երկաթի մի կտոր ձեռքին: Ինձ մեղավոր համարելով՝ ես գնացի դժոխքի դռան կողմը: Հսկիչն ինձ հրեց դեպի դրախտի դուռը և ասաց.

– Քո ուղեգիրն այն կողմն է:

Ինձ ներս տարան: Դիմացից գալիս էր մարդկանց մի մեծ ամբոխ՝ զինված աշխատանքային գործիքներով: Նրանց առաջնորդում էր գեր կազմվածքով, միջին տարիքի մի մարդ: Նա ինձ առաջարկեց վերցնել քլունգը և միանալ ամբոխին: Ես հրաժարվեցի: Նայելով շուրջս՝ փրկություն էի որոնում: Բարձրադիր թախտի վրա երևաց մի վրան՝ շրջապատված երկնագույն թափանցիկ վարագույրներով: Ներսում նստած էր Լուսինեն՝ ադամանդներով զարդարված: Նրա գլխին ոսկյա թագ էր՝ ադամանդե բազմաթիվ ակներով: Նա բարձրացնում էր մատանիներով զարդարված ձեռքը և տարբեր նշաններ անում: Շուրջը պտտվում էին սիրունատես կանայք և կատարում նրա հրամանները: Նրանց մեջ էր նաև Նարինեն: Սիրտս կծկվեց. ուրեմն Նարինեն ծառայում էր Լուսինեին:

– Սա անարդարություն է,- գոռացի ես:

Լուսինեն բարձրացրեց ձեռքը և նշան արեց: Կառավարիչը բարկացած ասաց.

– Բախտդ բերեց՝ թագուհին ուշադրություն չդարձրեց, թե չէ հոգիդ կհանեինք:

– Իսկ ո՞ւր է թագավորը:

– Նա երկնքում է և միայն գիշերն է գալիս, երբ ողջ աշխարհը քնած է: Դե գնա՛ և միացի՛ր այն անբաններին:

Պատի տակ նստած մարդիկ տարբեր խաղեր էին խաղում և անհոգ ծիծաղում: Ես մնացի կանգնած:

– Է՞լ ինչ ես ուզում,- գոռաց կառավարիչը:

– Ես ուզում եմ հետ գնալ, դեռ կիսատ գործեր շատ ունեմ:

– Դա արդեն Աստծո գործն է: Նա շուտով կգա:

– Իսկ Աստվա՞ծ այստեղ ինչ գործ ունի:

– Աստված է կառավարում երկինքը, երկիրը և ստորերկրյա աշխարհը: Ահա և նա:

Լուսինեի վրանին էր մոտենում պատկառելի տարիքով մի մարդ՝ երկար մորուքով, ոսկեկար հագուստով և ադամանդազարդ թագով: Թագի վրա շողշողուն աստղեր էին բոցկլտում՝ լույս սփռելով շուրջբոլորը: Լուսինեն խոնարհվեց ու համբուրեց աջը: Կառավարիչը հայտնեց իմ ցանկությունը և նայեց Լուսինեին: Վերջինս խոնարհեց աչքերը. դա համաձայնության նշան էր:

– Թող գնա. երկու տարի ժամանակ եմ տալիս,- ասաց Աստված ու բազմեց գահին:

Ինձ դուրս վռնդեցին և դուռը փակեցին: Դռան դիմաց շիվար կանգնած մնացի: Հենց այստեղ էլ աչքերս բացեցի: Որդիներս, դեմքները խոժոռած, շրջապատել էին ինձ: Նրանց տագնապալից հայացքներից երևում էր, որ երկար են սպասել: Շտապ օգնության բժշկուհին համարյա փլվեց աթոռին ու հոգոց հանեց.

– Կրիզիսն անցավ:

Ես հասկացա՝ ինչ էր կատարվել, և ժպտալով ասացի.

– Մի՛ անհանգստացեք, երազի մեջ էի:

Այն օրվանից ապրում եմ խաղաղ ու հանգիստ: Մի տարի անցել է, մի տարի էլ դեռ ունեմ»:

Կարենը վերջացրեց իր պատմությունն ու ժպտաց.

– Ահա և հասանք:

Լսվեց ուղեկցորդի ձայնը.

– Ժամանեցինք Մոսկվա, պատրաստվե՛ք իջնելու:

Կարենը վերցրեց ճամպրուկը և շարժվեց դեպի դուռը: Մենք հետևեցինք նրան: Կառամատույցին կանգնած՝ երկար ժամանակ հետևում էի նրան: «Ա՛յ քեզ հրաշք,- մտածում էի ես,- մարդը գիտի իր մահվան օրը և հանգիստ քայլում է իր համար»: Մարդիկ դուրս թափվեցին վագոններից և ինձ էլ խառնելով իրենց հոսանքին՝ տարան դեպի տաքսու կանգառ…

1 պատասխանել կարծիքին

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։