Հրատարակություններ ֊ Արամայիս Խալաֆյան

ԶՈՌՈՎ ՉԻ, ԽԵԼՔԻՑ Է…

Գյուղացիների միահամուռ համաձայնությամբ Սավադին վստահում են լոլիկի բանջարանոցը, որը գողերի պատճառով պլանն այդպես էլ չէր կատարել: Սարոյանական փիլիսոփայությամբ առաջնորդվելով («Գողին տուր, որ չգողանա»)՝ բոստանչի Սավադն առաջինը գողին է հյուրասիրում՝ իմաստուն խրատներ տալով ու նրան ճիշտ ճանապարհին դնելով: Ամբողջ ժամանակ բոստանչուն հանդիմանում են իր առատաձեռնության ու լոլիկը սրան-նրան բաժանելու համար, բայց նախ այնքան մեծ է նրա պատասխանատվության զգացումը, որ պատրաստ է անգամ շուկայից գնել ու պակասը լրացնել, իսկ որ ամենակարևորն է՝ մարդը առավել քան համոզված է, որ տվածը ետ է գալու:

ՎԱՅՐԻ ՇՈՒՆԸ

Գյուղացի Արզումանը «Վայրի շունը» պատմվածքի հերոսն է, որը վայրի շան որբացած լակոտին անտառից տուն է բերում և ընտելացնում: Բայց, ավաղ, վայրին մնում է վայրի. շունն սկսում է վնաս հասցնել գյուղացիներին՝ հավերի, ապա գառների կոտորած անելով, որի համար անունը Հովազ են կնքում: Կենդանուն տանել կորցնելու մարդկանց թախանձանքներին Արզումանը հումորով է պատասխանում. «Մորը խոստացել եմ, չեմ կարող»: Նրա պատասխանի մեջ, անշուշտ, խորք կա. չէ՞ որ շան որբանալու «մեղավորը» հենց ինքն էր՝ Արզումանը: Այս պատմության մեջ հակադրվում են մարդու անխախտ կապվածությունը կենդանուն և նույն մարդ արարածի անգթությունն այդ կենդանու հանդեպ. իր քաջությամբ նույնիսկ թշնամու գովասանքին արժանացած շունը անիմաստ պատվախնդրության զոհ է դառնում: Պատմվածքի տխուր ավարտն ու շան հուզիչ մենախոսությունը հենց այդ մասին են խոսում: «Բոլոր մարդիկ վատն են,- մտորում է հիասթափություն ապրած շունը,- մի փոս փորես, լցնես մեջը…»:

ԳԻՆՈՍԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Զանգեզուրցի կատակախոս Գինոսը, ամեն մի դրվագում զվարճացնում է ընթերցողին իր սուր, ինքնատիպ, համով-հոտով հումորով: Պատմվում է, թե ինչպես է հայտնվում քաղաքում ու ամեն բանի վրա զարմանում՝ իրենց գյուղի երեք Դավիթներից մեկին նմանվող Սասունցի Դավթի արձանի, վերուվար անող շատրվանների, բերանները կապած պարկերի՝ խինկալու, թե ինչպես է աղվեսի թակարդի փոխարեն արջի թակարդ առնում, հետո ստիպված վաճառում՝ պարծենալով, թե ամեն բան նախօրոք մտածում է, և թե «Գինոսը թաց տեղ պառկողը չի»: Նրա կերպարը զարդարում են և՛ սրախոսությունը, և՛ գյուղացիական միամտությունը, և՛ հողուջրի մարդու իմաստնությունը: «Մարդը յոթանասուն կիլոգրամ քաշ ունի,- խորհում է Գինոսը,- բայց ամբողջ աշխարհին տիրում է»: Բոլորին ուրախ պահող զվարճախոսը, սակայն, իր հոգում մանկության դառը հիշողություններ ու թաքուն տխրություն ունի, որովհետև շատ հայորդիների նման նա էլ բնավեր հավքի պես տեղահան է եղել իր բնօրրանից: Այնուհանդերձ, ճշմարտախոս Գինոսն այնքան վառ տեսակ է, որ Խալաֆյանը նրան տարբեր պատմվածքներում «ապրելու» իրավունք է տվել:

ԱՐՋԻ ՍԵՐԸ

Ինքնաթիռի տոմսի հերթում մտերմացած հերոսներից մեկը՝ Սմբատը, մի դրվագ է մտաբերում իր մանկությունից: Պատմում է, թե ինչպես երբ փոքր քրոջ հետ մոշի էր գնացել, արջն աննկատ փախցրեց աղջկան, բայց զարմանալիորեն չվնասեց, այլ խաղաց հետը՝ անդադար զննելով փոքրիկին: Գյուղում դա միակ դեպքը չէր, և արջը ոչ մի անգամ վնաս չէր հասցրել իր «զոհին», ինչն էլ սփոփում էր սարսափից լեղին ջուր կտրած Սմբատին: Վտանգը վտանգի ետևից հետապնդում էր երեխաներին, և արջին հաջորդեց գայլերի ոհմակը. այստեղ էլ ճակատագրական եղավ քրոջ բարձր ճչոցը: Խալաֆյանն այնքան տեղին է կողք կողքի դնում ահաբեկված եղբոր ապրումներն ու քրոջ մանկական անվախությունը. «Իսկ քույրս կարծես մանկապարտեզում լիներ. իր համար խաղում էր անվախ»: Հերոսի պատմածի մեջ զգացվում է հեղինակի մեծ սերը այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է գյուղում: «Ինչեր ասես, որ չեն լինում»,- ասում է պատմողը՝ նորածանոթ զրուցակցին գյուղ հրավիրելով: Արջի սիրո մասին այս պատմությունը անչափ հետաքրքիր լինելուց բացի կարևոր գիտելիք է բնությունը ճանաչել տալու մեջ:

ՄԻ ԴԱՌԸ ՊԱՀ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ա. Խալաֆյանին ճանաչելու համար նախ պետք է ընթերցել նրա «Մի դառը պահ իմ կյանքից» ինքնակենսագրական նոթը, որը նրա ստեղծագործության եթե ոչ բանալին, գոնե դուռը կարելի է համարել: Նոթը բացվում է իմաստունի խոսքով. «Ծնվում են ակամա, ապրում զարմանքով, մեռնում կարոտից». այսպես ապրեց նաև Խալաֆյանը, որի կյանքը «դրված էր անհավասար նժարների վրա»: Պատմում է, թե ինչպես փոքր տարիքում ծանր հիվանդություն տարավ, թե ինչպես հարևաններն ու հարազատները մտքով բազմիցս հրաժեշտ տվին նրա մանուկ կյանքին, և թե ինչպես Սադայելի ճանկերից մի կերպ ազատվելու օրվանից Աստված տնօրինեց նրա կյանքը: Երբ թվում էր՝ ամեն ինչ հարթ է, հանկարծ մի չարաբաստիկ դիպված շրջեց նրա ճակատագիրը, ինչի հետևանքը եղավ օրեցօր ահագնացող անբուժելի հիվանդությունը, որն այդպես էլ չլքեց նրան: Փրկությունը եղավ ստեղծագործելը, որի փափագը, թեկուզ այլ դրսևորումով, նա վաղուց ուներ: Ապրելու ցանկությունը կորցրած հորն ամեն կերպ սատարող որդին հերթական անգամ հուսադրեց նրան՝ խորհուրդ տալով կարդալ ու գրել, և հայրը միանգամից պայծառացավ. «Գիր» բառն արթնացրեց ինձ»,- ասում է հեղինակը: Երբ սկսեց գրել, այլևս իր կյանքը չուներ. «Ես ապրում էի իմ ստեղծած հերոսների կյանքով. նրանցով ուրախանում էի, նրանցով տխրում»: Արժե նշել նաև, որ Խալաֆյանն իր մասին պատմելուն զուգահեռ մեր առջև բացում է մի կարևոր ժամանակաշրջանի՝ Հայաստանի անկախացման տարիների ողջ դժվարությունը: Նրա գործերը բացառիկ են երկու իմաստով. նախ զարմացնող է ֆիզիկական ծանր դրության մեջ տառապող մարդու լուսավոր ու ստեղծագործ միտքը, և հետո՝ ազգային թոհուբոհի, վերելքներով ու վայրէջքներով լի այդ խառը ժամանակներում իր մեջ ուժ գտնելն ու մտքինը թղթին հանձնելը: Նոթն ամփոփում են հեղինակի՝ իր իսկ կենսափորձի արդյունքում հասունացած խորհուրդները, որոնք գուցեև շատերին օգտակար լինեն: