Խալաֆյան Արամայիսի աշխատանքները

ԶՈՌՈՎ ՉԻ, ԽԵԼՔԻՑ Է…

Կոլտնտեսության ժողով էր: Ամեն վարիչից հետո գյուղի կատակասեր Գինոսը խոսում էր: Առաջինը զեկուցեց ֆերմայի վարիչ Գուրգենը: Կարճահասակ, լիքը մարմնով, ծանրակշիռ ու բարեսիրտ մարդ էր:

– Ամեն ինչ լավ է, պլանը կատարել ենք,- կմկմալով ասաց Գուրգենը:

Գինոսը լրացրեց.

– Խոտն առատ էր, անձրևները քիչ էին, գյուղից հեռու էր, այդ պատճառով պլանը կատարվել է:

Հաջորդը զեկուցեց մեղվաբուծականի բրիգադիրը` Բագրատը: Միջահասակ, չաղ, կարմրաթուշ, խիստ մարդ էր:

– Պլանը չեմ կատարել:

– Պատճառն ի՞նչն է:

– Մի քիչ ինքն է կերել,- լրացրեց Գինոսը,- մի քիչ շրջկոմից են տարել, մի քիչ մեղվաբույծներն են գողացել, կշիռը լրացել է:

Հաջորդը հավաբուծական ֆերմայի վարիչ Քրիստափորն էր` մի բարձրահասակ, բարեսիրտ մարդ:

– Պլանը չի կատարվել:

– Պատճառն ի՞նչն է,- զայրացավ նախագահը:

Գինոսն ասաց.

– Աղվեսը տանում է, շրջկոմից տանում են, բայց սրանք հեչ. գլխավոր պատճառն այն է, որ Քրիստափորի մատները երկար են. ո՛ր հավը փորձում է, ձվից կտրում է:

Մարդիկ ծիծաղեցին:

Գլխավորը երկու բրիգադներն էին` ցանող, հնձող, և խոտհարքը: Առաջինը խոսեց Գևորգը` միջահասակ, ժիր, արագախոս, բարեսիրտ մի մարդ.

– Պլանը չենք կատարել … Ես մենակ չեմ…

Գինոսը լուռ էր:

– Բրիգադն էլ…

– Խոսի՛ր,- զայրացավ նախագահը:

Աշոտը տասը տեղից ծալմլվելով վեր կացավ ու ասաց.

– Բրիգադը պակաս է, դրա համար պլանը չի կատարվել:

Գինոսը լրացրեց.

– Շուտ վեր կաց, լվացվիր, արագ քայլիր, շորերդ մաքուր պահիր, բարեսիրտ եղիր, մարդիկ կգան քեզ մոտ:

Մարդիկ մեկումեջ փռթկացին:

– Քորելը մոռացա,- նկատեց Գինոսը:

Հաջորդը զեկուցեց բանջարաբոստանայինի բրիգադիրը. բարձրահասակ, լրջախոհ, սրամիտ մարդ էր:

– Պլանը կատարվել է, բացի պոմիդորից:

– Ո՞րն է պատճառը:

– Այն, որ կեռասները գողացան, անցան պոմիդորին,- ասաց Շախմալը:

– Սեփական վերմակը վառեց,- լրացրեց Գինոսը:

Մարդիկ ծիծաղեցին: Շախմալն ուղղեց.

– Երիտասարդները կատակ են արել:

– Կեռասը կատակով գողացան, պոմիդորը գողացան, քիչ մնաց իրեն էլ գողանան,- նկատեց նախագահը:

– Մարդ մի քիչ բարեսիրտ կլինի,- ասաց Գինոսը:- Շախմալը լաչառ է, դրա համար մարդիկ չեն հարգում:

– Ի՞նչ ես առաջարկում:

– Սավադին ուղարկեք. խելոք է, բարի է, գյուղացիները հարգում են, ընտանիքը բարոյական է, երեխեքը խելոք են, մի բան է պակաս, կարճահասակ է, չի խանգարի, պոմիդորը կտեսնի:

Մի պահ ժողովուրդը լուռ էր, հաջորդ րոպեին բոլորը միասին ասացին.

– Մենք կողմ ենք:

Հայրս լուռ եկավ տուն: Մայրս նկատեց ու հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

– Պոմիդորի բոստանչի նշանակեցին,- հառաչելով պատասխանեց հայրս:

– Քեզնից քարավան գնացող դուրս չի գա, տեղդ նստիր,- ասաց մայրս:

Հայրս նեղացավ.

– Կտեսնես՝ ինչ կանեմ:

Գարունը բացվեց, հայրս ինչ պետք է բարձեց էշին և գնաց պոմիդորի բոստան: Պահակատունը վերանորոգեց, մի բարձր թախտ շինեց, տեղաշորը փռեց, օջախը սարքեց և սկսեց ճաշի պատրաստություն տեսնել: Այդ միջոցին բրիգադիրն անցնում էր բոստանի մոտով:

– Ընկեր Գալստյան, համեցեք ճաշի:

– Վռազ ուտելու մասին ես մտածում:

– Բա ի՞նչ անեմ:

– Աշխատիր:

– Սոված մարդը չի կարող մտածել,- նկատեց հայրս,- նշանակում է՝ չի էլ կարող աշխատել:

Գալստյանը հառաչելով հարցրեց.

– Գինոսը կողմ էր, կոլեկտիվը կողմ էր, դու էլ հույս ունես, որ պլանը կկատարե՞ս:

Հայրս մտածեց ու պատասխանեց.

– Տարին հաջող լինի, Աստված կամենա, կկատարենք:

– Աստծո հետ ի՞նչ գործ ունես:

– Որ կարկուտ լինի, անձրևային լինի, սածիլը կտրի, ի՞նչ անեմ, չհաշված գողը:

Գալստյանը լռեց:

– Ճաշդ կեր, մի բան կանեմ:

Ճաշից հետո հայրս արագ հավաքեց և գնաց բոստանը մաքրելու: Գալստյանը մտորելով հեռացավ:

Հաջորդ օրը սածիլը բերեցին, տնկեցին, և կանայք ժպիտով ասացին.

– Աստված հաջողի:

Տարին հաջող եղավ. կարկուտը մանր էր, անձրևը բավարար էր, մի խոսքով՝ Աստված հորս կողմից էր: Ամեն ինչ լավ էր, բացի միջատներից. սածիլները կտրում էին, թույն էր պետք: Հաճախ էի գնում բոստան, հայրս բողոքում էր: Գալստյանին ասացի, դեղ տարա: Երբ հաջորդ անգամ գնացի, հայրս ուրախ էր:

– Օղորմի դեղ մտածողի հորը, միջատները սատկեցին, մնաց ջրելը:

Շուտով պոմիդորը հասավ: Առաջինը կերավ գողը: Արկադիան անցնում էր բոստանի մոտով:

– Համեցեք, պոմիդորը հասել է,- առաջարկեց հայրս:

– Ո՞ւմ ես կանչում,- զարմացավ գողը:

– Քեզ, արի պոմիդոր կեր:

Արկադիան կասկածանքով մտավ ներս:

– Առաջինն է, փորձիր:

– Շախմալը ներս էր մտնում, աչքի տակով նայելով՝ հանկարծ կբարևեր:

– Հացով կեր, մորդ համար էլ տար:

– Սավադ քեռի,- մտահոգ ասաց Արկադիան,- ուզում եմ աշխատել, ոչ մեկը չի վերցնում:

– Արի մի տեղ ուղարկեմ, գնա աշխատիր, շատ եմ խնդրում: Եղբայրս հյուսն է: Գնա մոտը, իմ անունից ասա, թող վերցնի աշխատանքի:

Արկադիան ուրախացած գնաց տուն: Հաջորդ օրը ժպտալով եկավ և ուրախ-ուրախ ասաց.

– Աշխատանքի մտա. հյուսնի աշակերտ եմ:

– Շնորհավորում եմ,- ասաց հայրս և բաժակները հանեց,- խմենք քո հաջողության կենացը:

Արկադիան վերցրեց բաժակն ու ասաց.

– Այսօրվանից քո բարեկամն եմ: Այլևս գողություն չեմ անի:

– Ապրես,- ասաց հայրս ու խմեց:

Արկադիան փափկեց ու սկսեց պատմել.

– Անցյալ տարի եկա, Շախմալին խնդրեցի. «Երկու պոմիդոր տուր, ուտեմ»: Ծիծաղելով ասաց. «Ամեն պատահած մարդու որ տամ, պլանը ո՞նց կատարեմ»: Ես զայրացա: Գիշերը եկա և պոմիդորներն արմատից հանեցի. հասածները տարա, խակերը փչացան: Տասն օր չեկա, վերջապես տասնմեկերորդ օրն եկա: Շախմալը բոստանից դուրս եկավ, հարցրեց. «Դու ե՞ս պոմիդորներն արմատից հանել»: «Ապացուցիր»,- ասացի: Շախմալը սկսեց զայրանալ: «Հանգիստ եղիր, հաջորդ անգամ ամբողջը կհանեմ: Բռնիր, տար դատի տուր»,- ասացի ու շարունակեցի քայլել: Շախմալը մնաց հետևիցս նայելով:

Հայրս մի պահ մտածեց ու ասաց.

– Արկադիա, լավ մտածիր, Շախմալը չկերավ, բայց գյուղացիներն էլ չկերան:

– Գյուղացիներն ի՞նչ կապ ունեն պոմիդորի հետ,- զարմացած հարցրեց Արկադիան:

– Դու ամբողջը գյուղացիներից խլեցիր,- հանգիստ պատասխանեց հայրս:- Գողն ուտում է, բայց դու գողից վատն ես. դու փչացրեցիր: Ինձ որ հարցնես, փչացնողին կախաղան պիտի հանես:

– Այն ժամանակ չհասկացա, կներես,- կակազելով ասաց Արկադիան:

Հայրս Արկադիայի համար երկար մեկնաբանեց աշխարհի բաները:

– Մարդը անասունից տարբերվում է. մարդը մտածում է, հետո է գործում:

Արկադիան երկար մնաց: Մութն ընկավ:

– Գնամ, մայրս կանհանգստանա:

– Գնա,- ասաց հայրս:

Արկադիայի գնալուց հետո հայրս ընկավ մտածմունքի մեջ. գուցե չհասկացավ, և սկսեց կռվել իր մտքերի հետ: Հանկարծ այգուց ձայն լսվեց: Շունը հարձակվեց: Դուրս եկավ ու ինչ-որ բան նկատեց: Գնաց տեսավ՝ մարդ է: Իրենց գյուղացի Մակիչն էր: Տարավ պահակատուն ու սկսեց ամոթանք տալ: Մակիչն իրեն չկորցրեց.

– Անմեղ ե՞ս ձևանում: Արկադիայի միջոցով գործ ես անում, ամբողջ գյուղը խոսում է:

– Լա՛վ եմ անում,- զայրացավ հայրս,- չուզողի աչքն էլ հա՛նում եմ: Ով որ խոսում է, թող ապացուցի. ես հանգիստ եմ, տարե՛ք դատի տվեք:

Մակիչը փափկեց.

– Ուզում էի վախեցնել:

– Զուր:

– Սավադ քեռի, խնդրում եմ, նախագահին չասես, կատակ էի անում: Ամբողջ գյուղը օրհնում է քեզ, մանավանդ Արկադիայի մայրը:

Հետո Մակիչը պարզաբանեց.

– Անցյալ տարի Շախմալը պոմիդոր էր տալու, վաճառելու էի, կեսը՝ ինձ, կեսը՝ իրեն: Հիմա դու ուզում ես տուր, չես ուզում, քո գործն է:

Հայրս քմծիծաղ տվեց.

– Հայրդ ամբողջ կյանքում գողություն արեց, ի՞նչ ստեղծեց, որ ես ի՞նչ ստեղծեմ: Հորս խոսքն էր. «Գողություն անողը երդիկից դուրս կգա»: Ես գող չեմ, աշխատում եմ, դու էլ փորձիր: Աշխատողը գիշերը հանգիստ քնում է, իսկ գողը չի քնում: Խորհուրդ կտամ՝ անեծքից հեռու լինես. գիշերը քնիր, ցերեկն աշխատիր և անեծքից հեռու կլինես:

– Ես գնամ,- ասաց Մակիչը:

– Պոմիդոր լցրու, տար տուն, վերջին գողությունդ լինի:

Մակիչի գնալուց հետո հայրս փորձեց քնել: Կեսքուն-կեսարթուն էր, շունը նորից հարձակվեց: Նա փնթփնթալով դուրս եկավ պահակատնից և գնաց հաչոցի կողմը: Ի՜նչ վատ գիշեր էր: Հասավ շանը, տեսավ՝ դունչը քսում է ոզնու փշերին, հետ ցատկում: Փշերի վրա երկու պոմիդոր էր խրված:

– Արի, Ջեկո ջան, թող տանի, գուցե ձագերի համար է:

Սկսեց լուսանալ: Ժամը չորսը կլիներ: Հայրս պատմում էր, որ գողերը լուսադեմին են գնում ոչխար գողանալու, որովհետև շներն այդ ժամանակ քնում են:

Ջեկոն էլ քնեց: Հայրս ստիպված արթուն մնաց: Շուտով բոստանի մոտով անցան հանքի բանվորները: Ոմանք «բարի լույս» ասացին, ոմանք անցան առանց բարև տալու: Վերջապես վերջին մարդն էլ բարևեց ու անցավ: Բոստանչի հայրս հիշեց, որ մի ժամանակ ինքն էլ էր գնում հանքում աշխատելու: Մտամոլոր ուզեց մտնել պահակատուն, տեսավ՝ շունը խռմփալով քնած է. շանը նախանձելով ներս մտավ: Շուտով Ջեկոն արթնացավ. նշանակում է՝ քաղցած էր: Տերը կեր տվեց ու ասաց.

– Ջեկո ջան, դու բոստանին նայիր, ես քնեմ:

Շան հաչոցի վրա արթնացավ ու դուրս եկավ: Արևը հասել էր մոտակա ընկուզենու գագաթին. նշանակում է՝ կեսօր էր: Հեռվում մի ձիավոր երևաց. երևի նախագահն էր:

– Ապրես, Ջեկո ջան:

Ձիավորը եկավ ու իջավ բոստանի ցանկապատի միակ դռան մոտ: Հայրս իսկույն դուրս եկավ ու բռնելով ձիու սանձից՝ քաշեց, ծառից կապեց այնպես, որ ձիու դունչը հասնի խոտին: Նախագահը բարևեց ու ներս մտավ:

– Ներեցեք, ես գնամ բանջարեղեն քաղեմ:

Շուտով բեռնավորված եկավ, պահարանից հանեց կագոր գինին և երկու թեյի բաժակ:

– Տնաշեն, կհարբենք,- վախեցավ նախագահը:

– Կեսը խմիր,- ասաց հայրս,- ես բյուրեղապակյա բաժակներ որտեղի՞ց գտնեմ:

Նախագահը լռեց:

– Ես մտածում եմ, որ եթե պոմիդորներն այսպես բաժանում ես գյուղացիներին, պլանը ո՞նց կկատարես:

– Ես կկատարեմ և կգերակատարեմ, քո մասի՛ն մտածիր,- զայրացավ հայրս:

Նախագահը կմկմալով ասաց.

– Ինձ համար ուշ է:

Հորաքույրս նախագահի կինն էր: Երիտասարդ տարիքում մահացավ՝ թողնելով երկու երեխա՝ մի աղջիկ, մի տղա: Փեսան չամուսնացավ: Նրա մայրը խնամեց ու մեծացրեց երեխաներին:

– Դու հիսուն տարեկան ես, ցանկացած կին կգա քեզ մոտ ու ոտքերդ ջուր կանի, կխմի: Օրինակ, մեր գյուղացի Մարոն համեստ, սիրուն, կուլտուրական կին է. ա՛ռ:

– Մարոն ամուսնուն է սպասում: Ինքս եմ ստուգել. անհայտ կորած է:

– Ասեմ. մեր հարևան Դավթի կինը քույր ունի, ամուսինը զոհված է: Գնա ա՛ռ:

– Կմտածեմ,- հառաչելով ասաց նախագահն ու դուրս եկավ, ձի նստեց, գնաց:

Բոստանչի հայրս երկար նայեց փեսայի ետևից, հիշեց քրոջը, երեխաներին ու մտածեց. «Աստված ի՛նչ է անում. մեկին պահում է հարյուր տարի, մյուսի հոգին քսան տարեկանում առնում է: Աստված ինչե՜ր է ստեղծել. կենդանական աշխարհն ստեղծել է, մարդկանց տեր կարգել վրան»:

– Արի, Ջեկո ջան, Աստված արդար չի,- ասաց նա ու նստեց դրսի աթոռին:

Ննջեց: Շատը, քիչը չէր իմանում, շունը հաչեց: Արթնացավ, նայեց բոստանին, մարդ չկար: Նայեց ճանապարհին, տեսավ՝ մի մարդ սնկսնկալով գալիս է:

«Սա մեր բրիգադիրն է»,- ասաց ու գնաց դռան կողմը: Մարդը դանդաղ եկավ ու մտավ ներս:

– Ասում են՝ ամբողջ գյուղին բավարարել ես:

– Չուզողի աչքն էլ հանել եմ,- հանգիստ պատասխան տվեց հայրս,- մեր այգին, մեր անդամները: Ուզում են, թող այգում ուտեն, չեն ուզում, տարեք վաճառեք:

Բրիգադիրը զայրացավ.

– Քո ուզելով չի, կարգ կա. ամեն ուզողի որ տալիս ես, պլանը ո՞նց ես կատարելու:

– Կգնամ շուկայից կառնեմ, կբերեմ, պլանը կկատարեմ:

Վեճը վերջացավ:

– Ներս արի, սոված կլինես, հաց կեր: Երեխաներին պոմիդոր տար:

– Վաղը կասես՝ ամբողջը կերան, պլանը ո՞նց կատարեմ,- ասաց բրիգադիրն ու գնաց:

Հայրս դիմեց շանը.

– Ջեկո ջան, Աստված բրիգադիրի նման մարդուն ո՞նց է պահում:

Շունն ականջները սրեց և նայեց ուղիղ աչքերին:

– Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ի ծնե երեսիս կաշին բարակ է: Գյուղացիներ են, բոլորին էլ ճանաչում եմ, ո՞նց չտամ: Է,՜ դու էլ ինձ չհասկացար: Գնամ մի քիչ բանջարեղեն քաղեմ, երեկոյան ուտեմ:

Երեկո էր: Որոշեց ընթրել: Ներսից ոսկորներ բերեց, լցրեց շան առաջը: Հանկարծ շունը հարձակվեց դռան վրա: Չարչարվեց, որ շանը հետ պահի, նայեց. Քրիստափորն էր՝ հավաբուծական ֆերմայի հավապահը:

– Շանը պահիր, որ ինձ չուտի:

Միասին ներս մտան: Քրիստափորը տոպրակը դրեց սեղանին և ասաց.

– Դու չեկար, ես եկա. Աստված վկա՝ մի հավ է, մի քանի ձու:

– Ինչո՞ւ ես բերել: Մենք հավ էլ ունենք, ձու էլ: Քեզ նկատողություն կանեն:

– Ես մտածել եմ: Աղվեսը փախցնում է, սատկում են, գողը տանում է. հաշվապահը ձվերը չի հաշվի:

– Մերսի բերածի համար:

– Տնաշեն, ֆրանսերեն ե՞ս սովորել,- ծիծաղեց Քրիստափորը:

– Հիշում ե՞ս ախպարներին…

Շատ խոսեցին, մինչև որ մութն ընկավ:

– Գնամ տոպրակը լցնեմ,- ասաց հայրս:

Միասին գնացին: Տոպրակը լցրեց, Քրիստափորը վերցրեց, գնաց:

Ամառն աննկատ անցավ, եկավ աշունը: Ծառերի տերևները ծիածանի գույներ ստացան, ջուրը սառեց, արևի ջերմությունը սկսեց պակասել, աշունը մտավ իր պարտականությունների մեջ: Խուստուփ սարի կողմից կռունկների երամը եկավ, կտրուկ իջավ հավաբուծական ֆերմայի մարգագետիններին: Կես ժամ չանցած՝ առաջնորդող կռունկը կռնչաց, մյուսները զինվորների նման երկու կողմից իսկույն շարվեցին: Կռունկը թռավ՝ երամը տանելով դեպի արևելք: Ակամայից բերանդ բաց նայում էիր: Երամը կամաց-կամաց փոքրացավ և չքացավ օդում՝ ասես մի հուշ էլ տանելով: Հաջորդ օրը Խուստուփ սարը ծածկվեց ամպերով, հետո դրանք իջան ձորերը, հետո անտառները և եկան ուղիղ բոստան: Օրը ցերեկով մթնեց. մատով բզեիր, աչք դուրս կգար: Անձրևը սկսեց շաղել: Բոստանը մերկացավ: Կանաչ պոմիդորն ստիպված քաղեցին ու թթու դրին: Մոտակա ընկուզենին էլ մերկացավ, ընկույզները մնացին ճյուղերի վրա: Ամեն առավոտ ծեգին հայրս գնում էր հավաքելու: Շուտով քսակը լցվեց՝ մոտավորապես տասը կիլոգրամ: Մի օր էլ լուր ուղարկեց տուն: Էշին տարա, աման-չամանը, տեղաշորը հավաքեց, բարձեց ու եկավ տուն: Երեխաները միանգամից ժխոր բարձրացրին: Նա գրպանների պարունակությունը թափեց, երեխաները վերցրին ու հեռացան: Կինը ժպտալով մոտեցավ ու ասաց.

– Բոստանչին եկավ:

Ժպիտով նայեց կնոջն ու բեռն իջեցրեց:

Հաջորդ օրվանից սկսվեցին սովորական օրերը: Առավոտը գնում էր անտառ, երեկոները գալիս էր տուն, մինչև որ պահեստը փայտով լցրեց:

Հոկտեմբերի վերջն էր: Ցերեկներն արևոտ էին. ծերունիները հավաքվում էին պատերի տակ, պատմում էին հին արկածների մասին, իսկ թոռները նրանց շուրջը պահմտոցի էին խաղում: Երեկոները հերթը փոխվում էր. երիտասարդները խաղում էին, ծերերը՝ քնում: Գյուղը բարձունքի վրա էր, երկնակամարը ուղիղ գյուղի վրա էր իջնում: Լուսինը պողպատի նման սառն էր, իսկ աստղերը շրջապատում էին նրան, կարծես ուզում էին լույս գողանալ:

Երիտասարդները խաղում էին, մինչև ստամոքսները շան պես գռմռում էին, գալիս էին մածնի բրդոշ անում, ուտում ու մեռածի պես քնում:

Տարին խաբուսիկ էր: Աշխարհը միանգամից լցվեց ձյունով: Անտառում արջերն աճապարեցին մտնել որջերը, ամեն կենդանի մտավ իր բունը. մնացին խեղճ նապաստակները, որոնք խրվում էին ձյան մեջ ու սառչում կամ էլ որսորդի գնդակից ձյան ճերմակը ներկում սեփական արյունով: Գյուղի հակառակ լանջի անտառում գայլերը ոռնում էին՝ սպառնալով խեղճ գյուղացիների ոչխարը տանել կամ գոմերը քանդել: Գյուղը տնքում էր հոգսերի մեջ: Միանգամից բազմաթիվ ծխնելույզներ պարզվեցին գյուղի վրա՝ գալարվելով օձի նման: Մարդիկ հագնում էին հնուց մնացած բաճկոնները կամ մնում էին տաք վառարանների մոտ՝ չրթելով ընկույզը, պնդուկը կամ դդումի կորիզը: Անասունները մնացին գոմերում, հավերը մնացին բներում. գյուղացու օրը տանն էր: Գիշերը լուսինը սառչում էր: Շրջապատի ջրերը ցերեկվա արևը չէր հասցնում տաքացնել:

Դեկտեմբերի քսանն էր: Հայրս առավոտ շուտ արթնացավ ու փորձեց լվացվել: Լվացարանը սառել էր: Շարժեց, չեղավ: Գնաց, որ տաք ջուր բերի, լցնի լվացարանը: Կատարածուն կանչեց: Իսկույն թողեց ջուրն ու գնաց բակ: Կատարածուն նորից կանչեց, լսեց.

– Երեկոյան ժամը յոթին ակումբում ժողով է, բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հետո հանգիստ իջավ կոլտնտեսության գրասենյակի կողմը:

Օրը շուտ անցավ: Ակումբը լեփ-լեցուն էր: Բեմում նստել էին նախագահը, հաշվապահը և շրջկոմի տեսուչը: Հաշվապահը կոտրատվելով վեր կացավ, մատյանը ձեռքով ուղղեց ու կարդաց.

– Հարգելի՛ հասարակություն, տարին լավ, վատ, անցավ: Եղան լավ օրեր, անձրևային օրեր:

Գինոսը չդիմացավ.

– Կա՛րճ խոսիր:

Հաշվապահն աչքի պոչով նայեց Գինոսին և շարունակեց.

– Պլանները իննսուն տոկոսով կատարել ենք. դաշտավարական բրիգադները՝ հարյուր տոկոսով, հավաբուծական ֆերման՝ հարյուր տոկոսով, բանջարաբոստանային բրիգադը՝ հարյուր տոկոսով…

Բոստանչի հայրս նայեց բրիգադիրին ու ասաց.

– Քո վատությունը մնաց, պոմիդոր չկերա:

Մոտիկ նստած մարդիկ ծիծաղեցին:

Հաշվապահը շարունակեց.

– Մեղվաբուծական ֆերման կատարել է (մի պահ նայեց մարդկանց) իննսուն տոկոսով:

Գինոսն իսկույն վեր կացավ և գոռալով ասաց.

– Հարգելի՛ հասարակություն, շրջկոմի տեսուչին կաշառել է. տարին լավն էր, անձրև էր, ծաղիկները շատ էին, ինչո՞ւ պլանը չկատարեց:

Ժողովրդի մեջ ժխոր բարձրացավ: Տեղից վեր կացան և քայլեցին դեպի բեմը: Տեսուչը շառագունեց.

– Սպասե՛ք, ես կպատմեմ:

Մարդիկ բարձրացան բեմ և տեսուչին սեղմեցին պատին: Տեսնելով՝ ուշ է, ելք չունի, սկսեց պատմել: Ժողովուրդը մի քայլ ետ գնաց և պատրաստվեց լսելու:

Տեսուչը դողդողալով պատմեց.

– Երբ գնացի պահեստ, հաշվապահը, բրիգադիրն ու պահեստապետն այնտեղ էին: Իսկույն վեր կացան ու գրկեցին ինձ:

– Ղուլյան ջան, լավ է՝ քեզ են ուղարկել:

– Ինչո՞ւ:

– Հիմա կասեմ:

Ես նստեցի: Սեղանի վրա մի թուղթ կար: Բրիգադիրը քաշեց մոտս ու ասաց.

– Եթե ուզում ես մեղր ուտել ու տանել, ստորագրիր:

Ես կարդացի թուղթը: Սպիտակի վրա սևով գրված էր. «Գիշերն արջը եկել է և մեղվանոցում երեք փեթակ փչացրել, որը կազմում է 120 կիլոգրամ»: Եվ երեքով ստորագրել էին: Չորրորդն էլ ես էի, ստորագրեցի: Պահեստապետն ամանը բերեց, լցրեց ու ասաց.

– Հինգ կիլոգրամ է, վաղը կտանես:

Գինոսն իսկույն խառնվեց.

– Արջը անխելք չի, որ երեք փեթակ խառնի: Մեկը բացում է, մի շրջանակ է հանում, տանում է ջրի մոտ ու լցնում մեջը: Մեղուները թռչում են կամ սատկում, հետո արջը վերցնում է, ուտում:

Մարդիկ Գինոսին պաշտպանեցին: Նախագահը զայրացավ.

– Վաղվանից երեքն էլ աշխատանքից ազատված են:

Գինոսը վեր կացավ ու հանգիստ ասաց.

– Հարգելի՛ հասարակություն, ես ասեմ, դուք պաշտպանեք: Հարությունյան Արամայիս՝ հաշվապահ, Հովհաննիսյան Իսկուհի՝ պահեստապետ, Մկրտչյան Մարո՝ բրիգադիր. երեքն էլ զոհվածի ընտանիքներից են, թող ապրեն:

Մարդիկ իսկույն ձեռք բարձրացրին: Ժողովը վերջացավ: Ըստ թաղամասերի բաժանվեցին և վիճելով գնացին տուն: Հայրս, Դավիթն ու Հարությունը վիճելով եկան մեր թաղամասը: Հարությունը Ղուլյանին ասաց.

– Մատնելու եմ:

– Բավական է,- միջամտեց հայրս,- թող մարդիկ ապրեն և իրենց սխալն ուղղեն:

– Մինչև մտածեն, ուշ կլինի:

Հայրս հոգոց հանելով ասաց.

– Աստված տեսնում է և ամեն մեկին իր չափով է պատժում:

– Մեզ մատներից զրկեցին, տղայի ոտքը կտրեց, ուզում ես մեծ տղային էլ մատնե՞ս:

Հարությունը լռեց:

Հայրս մտավ բակ: Երեխաները շրջապատեցին նրան: Մայրս հեռու էր. տեսավ զայրացած է, հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

Ամուսինն ամբողջը պատմեց և ասաց.

– Հարությունն ուզում է մատնել:

Կինը հապճեպ պատասխանեց.

– Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա: Քո մասին պատմիր:

– Ինձ հետ ամեն ինչ լավ է: Ամբողջ գյուղը օրհնում է ինձ: Պլանը կատարել եմ, էլ ի՞նչ ես ուզում:

– Ոչինչ,- ասաց ու սկսեց տեղաշորը փռել:

Շուտով քնեցին: Երազում տեսավ՝ իբր Ղուլյանին աշխատանքից հեռացրին, տեսավ նաև մեղվանոցի պահակին: Արթնացավ ու բոթեց կնոջը: Կինը փնթփնթալով վեր կացավ.

– Ի՞նչ է պատահել:

Երազը պատմեց:

– Գարունը կբացվի, կտեսնենք, քնիր,- ասաց կինն, ու երկուսն էլ քնեցին…

Բարին ընդ ձեզ…

ՎԱՅՐԻ ՇՈՒՆԸ

Գյուղացի Արզումանը միջին կարողության տեր մարդ էր: Ամուսնացավ մեծահարուստի՝ Ավագի քրոջ հետ: Արզումանն ուրախ էր: Վեց զավակ ունեցավ` երեք տղա, երեք աղջիկ: Չմոռանամ ասել, որ փոքր ժամանակ նրան «Բալաջա» էին ասում: Մայրը շատ էր սիրում «բալա ջան»-ով դիմել, և գյուղացիներն այդպես էլ կնքեցին՝ «ն» տառին որբ թողնելով: Արզումանն ուներ հիսուն ոչխար, քսան կով, տասը այծ, ձի և հարյուր ընտանի թռչուն: Ուներ նաև վարելահող ու այգիներ: Մի խոսքով՝ կարգին ապրում էր: Զավակները մեկը մյուսի հետևից մեծացան: Արզումանը երջանիկ էր:

Մի անգամ ձիով գնաց, Գլգլան աղբյուրից ջուր խմեց, գնաց հասավ Ծղեր կոչվող հանդամասը, անտառում մի քիչ ման եկավ, մի բացատ գտավ ու որոշեց արտ ցանել: Հաջորդ օրը տղաներին վերցրեց, ձի նստեցին ու գնացին բացատ: Տղերքը բացատի ծառերն արմատահան արեցին՝ թողնելով միայն լանջի վերևի տանձենին: «Շիվ է. ո՞վ իմանա՝ համե՞ղ է, թե՞ թույն է»: Արտը ցանեցին, իսկ շիվը թողեցին՝ մեծանա:

Շուտով միրգը քաղեցին. շատ համեղ էր: Ծառը հսկա դարձավ: Ամեն տարի երկու ջվալ բերք էին վերցնում: Հերթական անգամ, երբ միրգը հասունացավ, տղերքին ասաց.

– Վաղը գնանք, տանձը թափենք:

Հաջորդ օրն ինքն ու ավագ որդին ձի նստեցին ու ճանապարհ ընկան: Հասան Գլգլան աղբյուրին:

– Թևան ջան, կուլան լցրու, ճաշին կխմենք:

Հասան բացատ. տանձենու վրա մի հատ չկար: Ծառատակինը հավաքեցին, տեղավորեցին: Թևանն ասաց.

– Ես ասում եմ՝ Մեսրոպի գործն է:

– Ի՞նչ իմանաս:

– Գյուղի գողը Մեսրոպն է, գնում եմ խփեմ:

– Մի՛ տաքացիր, առաջ իմացիր, նոր ասա:

Արզումանը հոգու խորքում գիտեր, որ Մեսրոպն է, բայց փորձեց տղային համոզել, որ արյուն չթափվի:

– Տղա ջան, քանի՞ թուրք ես խփել:

– Չեմ հաշվել:

– Միգուցե մեկի հարազատն իմացել է ու ոխ է պահում:

– Հայրիկ ջան, ես Մեսրոպի բերանի գոլը կիմանամ:

Հայրը հառաչելով ասաց.

– Գնանք Գլգլան աղբյուրի վերևի անտառից փայտ կտրենք, բարձենք ձիերին ու տանենք տուն: Համ գյուղացիների ասեկոսեներից կփրկվենք, համ էլ բուխարիկի համար վառելիք է:

– Այստեղ մոտիկ անտառ չկա՞: Ձիերը մեղք են. մինչև վերևի անտառը երկու կիլոմետր է:

– Հասկացա: Գնացինք:

Այդ միջոցին մի եղնիկ դուրս եկավ անտառի կողմից և բացատում կանգնեց: «Ճակատագիր է»,- մտածեց Արզումանը: Տղան կրակեց. եղնիկն ընկավ: Բերեցին վիզը կտրեցին, արյունը քամեցին, որ միսը չփչանա, բարձեցին ու գնացին: Հասան աղբյուրի մոտ, մտան անտառ և սկսեցին կտրել: Տղան հիսուն մետր հեռու էր: Հանկարծ Արզումանը շան լակոտի ծվծվոց լսեց: Կացինը վերցրեց ու գնաց ձայնի կողմը: Ծառի փչակում մի քոթոթ տեսավ ու կռացավ, որ վերցնի: Այդ միջոցին ծառերի արանքից ճյուղերը ջարդոտելով դուրս եկավ մի հսկա շուն` նապաստակը բերանին: Մի պահ Արզումանի մարմնով սարսուռ անցավ: Շունը նրան տեսավ թե չէ, նապաստակը շպրտեց ու հարձակվեց: Արզումանն ակամայից կացինը բարձրացրեց ու թափով խփեց, շան գլուխը կիսեց: Շունը փռվեց: Արզումանը դողդողալով կռացավ լեշի վրա ու տնտղեց:

Շունը սատկել էր: Վերցրեց լակոտին ու բերեց ձիու մոտ: Թևանը եկավ ձին բարձած, լակոտին տեսավ ու զարմացավ.

– Այս ի՞նչ բան է:

– Արի,- ասաց հայրն ու տարավ, լեշը ցույց տվեց:

– Կարող ես գյուղում պարծենալ,- ասաց որդին:

– Գյուղում չասես, կսկսեն ծաղրել, թե Արզումանը շուն է սպանել:

Հայր ու տղա ծիծաղեցին և նայեցին լակոտին:

– Ի՞նչ անենք, տանենք տուն, մեծացնենք:

Գնացին աղբյուր, բեռներն իջեցրին ու կրակ վառեցին: Արզումանը եղնիկը քերթեց, փորոտիքը թափեց ու ասաց.

– Թևան ջան, կրակին նայիր, ես գնամ ճիպոտներ կտրեմ, ավելորդ բաներն էլ ջրից հեռացնեմ:

Այդ պահին երևաց Մեսրոպը. Թևանն ուրախացավ:

– Բարև, Թևան:

– Քո բարևն էլ գնա գրողի ծոցը, դու էլ:

– Ի՞նչ է պատահել,- կմկմաց Մեսրոպը:

– Ինչո՞ւ ես տանձը թափել,- և դանակը դրեց կոկորդին:

– Ազնիվ խոսք, ե՛ս չեմ արել:

Արզումանը հեռվից տեսավ Մեսրոպին և քայլերն արագացրեց:

Թևանը դանակը պահեց:

– Հայրս չիմանա:

– Երեխա ե՞ս:

Միսը քաշեցին ճիպոտներին ու դրեցին կրակին: Շուտով շուրջը լցվեց բուրմունքով: Թևանն սկսեց կիսահում ուտել: Հայրը նկատեց.

– Քո տունը չշինվի, միսը հում է:

– Խորովածն արյունոտ պիտի ուտես,- խոսքի տակ չմնաց տղան:

Հայրը լռեց: Կուշտ կերան, լավ ջուր խմեցին ու վեր կացան: Ձիերը բարձեցին ու մի շնչով հասան գյուղ: Ով տեսավ, հարցրեց.

– Շան լակոտը որտեղի՞ց է…

Մի կերպ հասան տուն և դրեցին շան բնում: Կաթ տվեցին, չկերավ, ստիպված միս տվեցին: Ուրիշների շներն ամսով էին մեծանում, իրենցը` օրով: Երեք ամսում հասավ մոր հասակին: Շանը կոչեցին Չամբար: Շուտով նա սկսեց հարևաններին «օգնել». հավերի կոտորած էր անում: Արզումանը տուգանք էր տալիս: Հետո հավերից անցավ գառներին: Հարևանների համբերությունը հատավ, եկան բողոքի.

– Ա՛յ Արզուման, շանդ տար վերացրո՛ւ:

– Մորը խոսք եմ տվել, չեմ ուզում մեղքի տակ մնամ:

Շունը շարունակեց կոտորածը: Գյուղացիներն անունը փոխեցին, դրեցին Հովազ:

Այդ ժամանակ թուրքերը հարձակվում էին սահմանամերձ գյուղերի վրա: Ներսի գյուղերից գնում էին օգնելու: Մեր գյուղից խումբ կազմեցին և խմբապետ նշանակեցին Գերասիմին: Թևանը որպես թիկնապահ հաճախ էր մարտի գնում: Խումբը փոխվում էր, Թևանը միշտ մնում էր: Մի անգամ ասաց.

– Հայրիկ, շանը տանեմ. կապրի, մերն է, կսատկի, հարևաններից կպրծնենք:

Տարավ: Մարտի թեժ պահին ասաց.

– Չամբա՛ր, բռնի՛ր:

Շունը հասավ թուրքերին և սկսեց բզկտել: Թշնամիները տեսան, որ սովորական շուն չի, հրացանները թողեցին ու փախան՝ իրար ասելով.

– Վայ դեդե հարամի գալդի:

Շունը ողջ ու առողջ հետ եկավ: Թուրքերը երկու ամիս չեկան: Շանն ուղարկեցին նախիրը հսկելու: Ամեն օր մի նապաստակ բերանին գալիս էր: Մի անգամ էլ, ձմեռ ժամանակ էր, հինգ գայլ հարձակվեցին նախրի վրա: Նախրապանի չոքերը թուլացան: «Մի շունն ի՞նչ անի»,- հառաչեց նա ու կանչեց.

– Չամբա՛ր, բռնի՛ր:

Այս ասելն էր: Մի գայլը նստել էր ամենանվազ մոզու մեջքին: Շունը հասավ նրան և թափով խփեց մոտակա ժայռին: Գայլը` այսօր ես սատկել, թե երեկ: Մյուսը հեծնել էր սպիտակ երինջին: Շունը վզից բռնեց ու ցած իջեցրեց: Գայլը սկսեց շնչասպառ լինել: Նախրապանը հասավ, որ դագանակով խփի, ուշացավ. գայլը սատկել էր: Մյուսները տեսան ու փախան: Մոզու վզից արյուն էր գալիս: Նախրապանը փաթաթեց վիրավոր մասը: Երբ մարտը վերջացավ, նա մոտեցավ շանն ու շոյելով ասաց.

– Սիրելիս, գայլ կեր, հորթ կեր, նապաստակ կեր, միայն թե նախիրը պաշտպանիր գայլերից:

Քանի որ Թևանը հաճախ էր գնում մարտի, մայրը դողում էր: Մի անգամ ասաց.

– Գյուղում էլ տղա չկա՞, որ ամեն անգամ դու ես գնում թուրքերի դեմ:

– Մայրիկ, ես ու Գերասիմն ամեն անգամ պիտի գնանք:

Մայրը, ճարը կտրած, հրացանը տվեց փոքր որդուն ու ասաց.

– Տար սարը, Թևանն էլ ստիպված թուրքերի դեմ չի գնա:

Բայց Գերասիմը կանչեց.

– Թևա՛ն ջան, թուրքերը մտել են Եղվարդ, օգնություն են պահանջում:

Թևանը եկավ տուն, որ հրացանը վերցնի, չգտավ:

– Մա՛յր, ո՞ւր է հրացանս… Թորոսն ի՞նչ բերան ունի, որ իմ հրացանը տարել է սար:

– Ես եմ ասել:

Թևանը լռեց, գնաց Գերասիմի մոտ ու պատմեց: Խմբապետը բացեց պահարանը.

– Որն ուզում ես, վերցրու:

– Իմ հրացանը մոսին էր, չկա:

Թևանը ստիպված պատահական հրացան վերցրեց.

– Գնացինք:

Թևանի վերջին մարտն էր: Թուրքերը շրջապատեցին. նա զոհվեց, իսկ Գերասիմը հազիվ փրկվեց: Արզումանի ընտանիքում սուգ էր: Մայրը մազերը պոկում էր.

– Ես եմ մեղավոր, ես…

Արզումանը որոշեց որդիների քանակը լրացնել: Բայց աղջիկ ծնվեց, այն էլ գաճաճ: Արզումանի օրը սևացավ. գիշեր-ցերեկ մտածում էր…

Մեծահարուստ Գաբրիելի յոթանասունամյակն էր: Բոլոր հարուստներին կանչել էր. Ավագն էր, Նեյտրոնը, Թևանը, Էլզիբեկը, Խաչատուրը, Անդրոսը, Աթաջանը, Սավադը, փոքր Թևանը: Բոլորի տները երեքհարկանի էին, տանիքները՝ թիթեղապատ, ներսը՝ գիպսե նախշերով: Միայն Արզումանի տունն էր երկհարկանի ու տափակ տանիքով: Բոլորի տների թիթեղները վաճառական Խաչատուրն էր Բաքվից բերել, բացի Սավադի ու Թևանի տներից, որոնց տանիքները կաղնու տախտակից էին: Գաբրիելը տարվա ինն ամիսն ապրում էր անտառում, երեք ամիսը` գյուղում: Նա անտառի բացատում երեքհարկանի տուն ուներ, գյուղում էլ՝ միհարկանի:

Դեպքը տեղի էր ունենում գյուղում: Նեյտրոնի ծառաներն իրար հերթ չտալով սեղան էին պատրաստում. մսի տհալ, լավաշ, հոնի օղի, որ «կայծակ» էր կոչվում, թթի օղի, մոշի հյութ, ապխտած միս, մատաղատեղի աղբյուրի ջուրը, եղնիկի խորովածն էլ կրակի վրա էր: Գաբրիելը դուրս գնաց և բամբ ձայնով ասաց.

– Հարգելի՛ հյուրեր, համեցե՛ք:

Մարդիկ ներս եկան ու նստեցին: Թառն ու քամանչան նվագեցին: Բոլորը գոչեցին.

– Էլզիբե՛կ թամադա…

Էլզիբեկը վեր կացավ խոսեց.

– Այսօր լրանում է պարոն Գաբրիելի յոթանասուն տարին: Նրան առողջություն եմ ցանկանում և բարի համբավ:

Հնչեց ուրախ երաժշտությունը, երիտասարդները տեղ բացեցին, ու պարն աշխուժացավ: Հյուրերը տաքացան ու դուրս եկան բակ: Զուռնան նվագը զլեց, և մարդիկ շուրջպար բռնեցին. այնքան պարեցին, մինչև հոգնեցին ու նստեցին զրույցի: Գաբրիելը մոտեցավ Էլզիբեկին.

– Հիշո՞ւմ ես՝ վաթսունամյակիդ ոնց էին երեխաները հումոր արել:

Դեպքն այսպես էր եղել: Էլզիբեկի երեխաները՝ կրտսեր տղան ու աղջիկը, երեկոյան փսփսում էին: Հայրը հարցրեց.

– Ի՞նչ է պատահել:

– Հայրիկ ջան, ուզում ենք քեզ համար նվեր առնել, փող չունենք,- իսկույն պատասխանեց աղջիկը:

– Ինչքա՞ն է պետք:

– Հինգ ոսկի:

Հայրը գրպանից հանեց ու տվեց:

– Լավ պրծանք,- ասաց քույրը:

Հաջորդ օրը երեխաներն առան նվերը և տվեցին հորը՝ ասելով.

– Հայրիկ ջան, գոտիդ պինդ կապիր, որ արտաքնոց չգնաս:

Հայրը մտածեց. ի՞նչ է նշանակում՝ արտաքնոց չգնաս: Գլխի չընկավ, բայց զգուշության համար խնջույքի ժամանակ ոչինչ չկերավ: Երեխաները գնացին խոհանոցի կողմը: Տղան քրոջն ասաց.

– Դու խոհարարին զբաղեցրու, ես շիշը դատարկեմ ճաշի մեջ:

Գործն արված էր: Երեխաները, միամիտ ձևանալով, գնացին խաղալու: Շուտով պարզվեց, որ կերակուրի մեջ լուծողական էին լցրել: Ով կերավ, ասաց.

– Ներողություն, ես գնացի:

Արտաքնոցի դռան մոտ հերթ գոյացավ…

Հիշեցին ու մի կուշտ ծիծաղեցին:

– Մի շուն լիներ, կռվացնեինք,- ասաց Գաբրիելը:

– Որտեղի՞ց:

Այդ պահին փոքր Թևանը, որ լսում էր, մոտեցավ ու ասաց.

– Կա:

– Ո՞ւմն է:

– Արզումանինը:

Գաբրիելը վստահ մոտեցավ Արզումանին ու կեսկատակ ասաց.

– Արի շներին կռվացնենք:

– Տրամադրություն չունեմ:

– Գուցե վախենո՞ւմ ես:

Արզումանը ոտից գլուխ չափեց Գաբրիելին.

– Կզղջաս:

– Տո աղքա՛տ, հոտերիս հաշիվ չկա, կզղջա՞մ: Տասը ոչխար:

– Քսան ոչխար… Չէ, երեսուն ոչխար:

– Տո՛ ուզում ես ոչխարներս վերցնե՞ս:

– Վերջին անգամ եմ զգուշացնում,- ասաց Արզումանը:

Գրազ բռնեցին. երեսուն ոչխար: Փոքր Թևանն ուրախ էր. գիտեր, որ Արզումանը կհաղթեր: Մարդ ուղարկեց, շանը բերեցին: Գաբրիելը զարզանդեց, բայց ուշ էր: Երեսուն ոչխարն էլ կորավ, շունն էլ: Գրազվորների հայացքները խաչաձևվեցին: Արզումանը զգաց, որ Գաբրիելը զղջացել է, ասաց.

– Գուցե պե՞տք չի:

Շներին կենտրոն բերեցին: Դատավորը վերցրեց հրացանն ու մեջտեղում կանգնեց: Շներին բաց թողեցին: Չամբարը հաղթական եկավ ու կանգնեց կենտրոնում, Մուխտառը հեծնեց մեջքին ու վզից բռնեց: Չամբարն արհամարհելով գնաց մոտակա ձորը և Մուխտառին մտցրեց ջուրը: Շունը սկսեց թպրտալ, մինչև որ շունչը փչեց: Գաբրիելը փորձեց խանգարել, բայց դատավորը հրացանը դեմ արեց: Չամբարը զգաց, որ հակառակորդը չի շարժվում, բաց թողեց: Մարդիկ մոտեցան ու շանը հանեցին ջրից: Արզումանն ստացավ ոչխարները և իր շանն առավ գնաց:

– Գնա: Գաբրիելը չմեռնի, մի շաբաթից Չամբարը չի ապրի:

Գաբրիելն ամբողջ շաբաթ չքնեց: Կանչեց հովվին ու ասաց.

– Մի բույս գտիր, որ թունավոր լինի:

– Հեշտ է,- ասաց հովիվը:

Երկու օրից եկավ: Գաբրիելը ցնծությամբ ընդունեց լրաբերին:

– Դեղաբույսը կոչվում է «Գայլահատ մահացու»: Կեղևից ու պտուղներից քսան գրամ քսան րոպե եռացնում ես, մի կտոր միսը  մի ժամ պահում մեջը, և պատրաստ է:

– Հենց դու էլ կանես:

Հովիվը մի քիչ մտածեց ու ասաց.

– Ես չեմ կարող. Արզումանը լավ մարդ է:

– Նշանակում է՝ ես վա՞տ մարդ եմ:

– Վատն ես,- հառաչեց հովիվը,- Արզումանը չխնդրեց, դո՛ւ ուզեցիր:

– Այսօրվանից ազատ ես: Գնա, ուր ուզում ես, ուզում ես՝ մինչև Հունաստան… Երբ սովածանաս, կխելոքանաս:

– Ես էլ խելք ունեմ: Կգնամ Արզումանին կասեմ, ամբողջ գյուղով խայտառակ կանի:

– Ի՞նչ ես ուզում:

– Խելոք լինես, չեմ ասի:

Գաբրիելը մտածեց ու որոշեց. «Արի կաշառեմ»:

– Քսան ոսկի. գնա գործն արա:

dogՀովիվը լուսաբացին գնաց Արզումանենց փողոցը և մսի կտորը շպրտեց նրանց բակը: Շունը հոտոտեց ու կերավ: Մի ժամից պառկեց ու սկսեց վնգստալ: Տնեցիք ուշ արթնացան, տեսան՝ շունն աչքերը փակել է: Արզումանն իսկույն գլխի ընկավ, բայց արդեն ուշ էր: Շունն ինքն իրեն մտածում էր. «Տերս սոված չէր պահում, ես էլ սոված չէի, ի՞նչ պատահեց. խելքից է: Ա՜խ, լավանամ, ինչ մարդ պատահի, պիտի սպանեմ. առաջինը՝ Արզումանին, որ մորս սպանեց: Բոլոր մարդիկ վատն են. մի փոս փորես, լցնես մեջը, վառես»: Շունը սատկեց:

Արզումանը գնաց Գաբրիելի մոտ ու զայրացած ասաց.

– Բա դու չե՞ս սատկում: Տասն անգամ ասացի՝ չեմ ուզում:

Գաբրիելն անցավ ինքնապաշտպանության.

– Ի՞նչ է պատահել:

– Դու չես իմանո՞ւմ:

Գաբրիելն անմեղ ձևացավ.

– Լուր չունեմ:

Արզումանը սրտնեղած տուն եկավ: «Գուցե ինքը չի արել, ի՞նչ իմանաս…»:

Շուտով դարդից մեռավ՝ վեց երեխաներին թողնելով միջնեկ տղայի հույսին…

ԳԻՆՈՍԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Գյուղացիներն առավոտը շուտ ոչխարը տանում են Գրիգորի տան հետևի ճանապարհը: Նախիրը քշում են հիսուն մետր հեռու` Դավթի տան ճանապարհի մոտ: Նախրապան Գինոսը վեր կացավ, շորերը հագավ, լվացվեց ու նստեց հացի: Երեխաները հերթով վեր կացան ու կպան հորը:

– Հայրի՛կ, ինձ համար տետր առ,- ասաց մեկը:

– Ինձ համար էլ կոշիկ առ, իմը մաշված է,- պահանջեց մյուսը:

– Կնիկ ջան, հացս կապիր, ես գնամ,- պատվիրեց Գինոսը,- երեխաներն ուզում են եղած շորերս էլ հանեն:

Գինոսը հացը վերցրեց ու գնաց նախիրն արածեցնելու: Քիչ հետո հանդիպեց հովիվ Խաչատուրին, որին գյուղացիները Խաչիկ էին ասում:

– Բարի լույս, Խաչիկ, ո՞նց ես:

Խաչիկը պատասխանի փոխարեն ասաց.

– Այսօր գալու ե՞ս Սևաքոլի գետը, անասուններին էնտեղ թողնենք արածելու…

Անասուններն արածելով գնացին ու անջատվեցին իրարից. հոտն անցավ աջ կողմի բացատը, նախիրը՝ ձախ կողմի: Հովիվն ու նախրապանը մնացին մեջտեղում՝ ծառերի տակ: Մի քիչ դեսից-դենից խոսեցին, մեկ էլ Գինոսը նկատեց, որ ոչխարը չկա: Նայեց շան կողմն ու հոգոց հանեց.

– Բողար ջան, հասիր:

Շունը բազմանշանակ նայեց տիրոջն ու վազեց անտառի կողմը: Րոպեներ անց եկավ՝ աչառն առաջն արած: Նախրապանը քնքշորեն շոյեց շանը.

– Ապրես:

Շունը գոհ նայեց տիրոջն ու նստեց: Ընկերները շարունակեցին զրույցը: Շունը մի քանի անգամ գնաց աչառի հետևից: Հոգնած նստեց, գլուխը դրեց առջևի ոտների արանքում ու քնեց:

– Շունը հոգնեց,- ասաց Խաչիկը:

Ստիպված Գինոսը գնաց աչառի հետևից: Հերթական անգամ գնալուց հոգնեց ու նստեց:

– Մի խորհուրդ տամ,- ասաց Խաչիկը:

– Խնդրեմ,- հոգոց հանեց Գինոսը:

– Շուտով կեսօր է: Երբ տանենք գետը՝ ջուր խմելու, նստելու են: Ինձ մոտ պարան կա: Վերցրու աչառի առջևի ոտից կապիր, հետո էլ ծառից կապիր: Երբ անասունները քշենք, արձակիր, տար ուրիշ ծառից կապիր, մի քիչ էլ դնչին ծեծիր, կխելոքանա:

Այդպես էլ արեցին: Խաչիկը վեր կացավ ու սկսեց դեղին ծաղիկ քաղել:

– Ի՞ նչ ես անում,- հարցրեց Գինոսը:

– Քաղում եմ, որ պանիր անեմ:

– Ո՞նց պիտի անես,- նորից հարցրեց Գինոսը:

– Մի քիչ դիմացիր, կասեմ,- պատասխանեց Խաչիկը:

Կեսօրից հետո անասուններին տարան գետը: Անասունները ջուր խմեցին, հետո նստեցին ծառերի տակ: Գինոսը պարանը վերցրեց, զգուշությամբ մոտեցավ աչառին, առջևի ոտից կապեց, հետո էլ ծառից կապեց. դե թող փախչի: Խաչիկը գրպանից հանեց տիկը, մի չոփ դրեց մեջը այնպես, որ թասի պես տնկվեց: Հետո տարավ ոչխարների մոտ ու սկսեց կթել: Շուտով տիկը լցվեց: Մոտ երեք լիտր կլիներ: Կաթը լցրեց մի փոս ընկած քարի մեջ, գրպաններից հանեց ծաղիկներն ու մի մատնոց: Ծաղիկները զոխերից հանեց ու սկսեց մզել: Շուտով մատնոցը լցվեց: Սա էլ շուռ տվեց կաթի մեջ, լավ խառնեց ու եկավ Գինոսի մոտ: Նախրապանը թաշկինակը հանեց, տափակ քարի վրա փռեց, ուտելիքը լցրեց թաշկինակի վրա, ու փորձեցին ուտել:

– Սպասի՛ր, կարող է խեղդվեմ,- ասաց Խաչիկը:

Գինոսը վերցրեց տափաշիշը, մոտակա աղբյուրից լցրեց ու բերեց:

– Հանգստացա՞ր, դե կեր:

Եվ սկսեցին ախորժակով ուտել: Խաչիկը հաճախակի ջուր էր խմում:

– Շաքար ունե՞ս,- հարցրեց Գինոսը:

Խաչիկը ծիծաղեց.

– Երբ ուտելու հետ խմում եմ, կերածս նստում է:

– Քեզնից շատ բան կսովորեմ,- հոգոց հանեց Գինոսը և աչքի տակով նայեց կաթին, որը կամաց-կամաց սեր էր բռնում:
Ուտելուց հետո էլ նայեց. կաթը պանիր դարձավ:

– Պանիրը պատրաստ է,- ասաց Գինոսը:

Խաչիկը ծաղրեց.

– Չես դիմանո՞ւմ. մեջը փուչ է, թող պնդվի:

Մի ժամ հետո Խաչիկը գրպանից հանեց ծալովի դանակը, պանիրը կտրեց: Մի կեսը տվեց Գինոսին, մյուս կեսն էլ թաշկինակով կապեց նրա մեջքին ու ասաց.

– Վե՛ր կաց, ժամանակն է:

Անասուններին նորից վերև տարան արածեցնելու: Գինոսն աչառին կապեց փոքր բացատում և շանն ասաց.

– Բողար ջան, հսկիր:

Շունը նայեց տիրոջը, նայեց աչառին ու նստեց տեղը: Նշանակում է՝ համաձայն էր: Գինոսն ու Խաչիկն սկսեցին զրուցել և շուտով հոգնեցին:

– Զարմանում եմ, Աստված այսքան կենդանություն ո՞նց է ստեղծել,- ասաց Գինոսը:- Մարդը յոթանասուն կիլոգրամ քաշ ունի, բայց ամբողջ աշխարհին տիրում է: Պալատներ է կառուցում, տներ է շինում, ինքնաթիռին ստիպում է ձայնային արագությամբ սավառնել ամպերի միջով, փղին ստիպում է իրեն ծառայել… Ո՞ր մեկն ասեմ. հրաշագործ է:

– Մենք հասարակ մահկանացուներ ենք,- ասաց Խաչիկը,- Աստված ոնց ստեղծել է, այնպես էլ կպահի:

Այդ ժամանակ լսեցին աչառի բառաչն ու շան կաղկանձը: Գինոսը գոչեց.

– Արջը աչառին բռնե՜ց:

Եվ մահակներն առած՝ երկուսով հասան արջի հարային: Արջն ուզում էր աչառի մեջքից բռնել, սա պտտվում էր պարանի շուրջը և փորձում պաշտպանվել: Շունն էլ մեկ-մեկ փորձում էր արջի վրա հարձակվել, բայց գազանը թաթով խփում էր դնչին… Ոնց որ կինո լիներ: Ընկերները հարձակվեցին ու սկսեցին արջին ծեծել: Սա տեսավ՝ շատ ծեծող կա, գլուխն առավ ու փախավ: Աչառը սուսուփուս գնաց նախրի մոտ: Այդպիսով աչառը խելոքացավ: Խաչիկը պարանը ծառից արձակեց, ծալեց, դրեց գրպանը: Ընկերները նորից նստեցին ծառի տակ և սկսեցին զրուցել պատահածի մասին: Օրն անցավ, շառն էլ հետը: Խաչիկն ասաց.

– Ընկեր ջան, վեր կաց անասուններին տուն տանենք, ուշ է:

Ադամամթին անասունները հասան գյուղ: Ամեն մարդ իրենը տարավ: Մնացին հովիվն ու նախրապահը: Խաչիկը Գինոսին ասաց.

– Գնա քնիր, գիշերը կարճ է:

Եվ ընկերները բաժանվեցին: Գինոսը հասավ տուն, աթոռի վրա նստեց, կիսապառկած հենվեց սեղանին ու քնեց: Կինը եկավ տեսավ՝ քնած է, անցավ խոհանոց՝ ճաշ եփելու: Կես ժամից նորից եկավ, էլի տեսավ՝ քնած է, զգուշորեն մազերը շոյեց: Գինոսը քնած տեղից վեր թռավ ու գոչեց.

– Բողա՛ր, բռնի՛ր:

Կինը ծիծաղելով ասաց.

– Քո տունը շինվի, քնած ժամանակ էլ ես նախրի հետ:

Գինոսը վեր կացավ, երեսին ջուր շփեց ու գնաց նստեց սեղանի մոտ: Երեխաները շրջապատեցին:

– Հայրիկ, ի՞նչ ես բերել,- հարցրեց փոքր աղջիկը:

Գինոսը մեջքի կապոցից հանեց պանիրն ու դրեց սեղանին:

Երեխաներն ամեն կողմից ուզում էին վերցնել: Վերջապես մեծ տղան` Սերոժը, թաշկինակը բացեց ու ասաց.

– Պանիր է՞:

Երեխաները վրա եկան ու սկսեցին խժռել: Գինոսը մի կտոր պանիր զավթեց ու դրեց իր առջև` կնոջ համար: Երբ կինը եկավ սեղանը գցելու, Գինոսը պանիրը դրեց նրա առաջ:

– Որտեղի՞ց է,- հարցրեց կինը:

Գինոսն ամեն ինչ պատմեց:

– Քսան տարվա հովիվ է, պանիր սարքել է՞լ չիմանա,- զարմացավ կինն ու գնաց խոհանոց:

Քիչ հետո մի հավ բերեց ու դրեց Գինոսի առջև: Գինոսը զարմացած հարցրեց.

– Ինչո՞ւ եք ձու ածող հավը մորթել:

– Աղվեսն է խեղդել,- տեղեկացրեց Սերոժը:- Երեք հատ էր. երկուսը կերել ենք, մեկը քեզ համար ենք պահել, չորրորդն էլ աղվեսն է տարել:

Գինոսը զայրացած ուզեց կնոջը խփել, բայց նա խույս տվեց ու անցավ խոհանոց: Սերոժն իսկույն մորը պաշտպանեց.

– Հայրի՛կ ջան, մայրիկը մեղավոր չի, ամբողջ օրը զբաղված էր, մեղավորը ես եմ:

– Երեխե՛ք,- ասաց հայրը,- բնի դուռը փակեիք, չորս հավ կենդանի կլինեին, ձու կածեին, ձվածեղ կանեիք, կուտեիք, հերիք էր:

– Սրանից հետո կփակեմ,- մեղավորի պես ասաց Սերոժը:

Երեխեքն աչքի տակով հորն էին նայում: Հայրը նկատեց:

– Երկու հավ կերել եք, ուզում եք երրորդն էլ ուտե՞լ,- հանդիմանեց նա:

Երեխաները գլխիկոր շարունակեցին հաց ուտել: Գինոսն աչքի պոչով նայեց երեխաներին, հավը մասերի բաժանեց ու նրանց տվեց: Մի բուդ էլ ինքը վերցրեց ու խժռեց: Ուտելուց հետո ընտանիքը սկսեց օրվա պատահարը մեկնաբանել: Հետո քնեցին: Գինոսը երկար ժամանակ անքուն էր: Վերջապես աչքերը փակեց ու երազ տեսավ. աղվեսին բռնել էր: Հարևանները եկել էին, ամենքն էլ, մի-մի մահակ ձեռքներին, աղվեսին ծեծում էին: Գինոսի կինը գոռում էր.

– Բավական է, մորթին կփչանա:

Հարևանները մահակները վերցրին ու գնացին տները: Գինոսի կինը մոտեցավ ու ասաց.

– Մաշկը զգուշությամբ հանիր, դիր տանը, պետք է:

Գինոսը դանակը վերցրեց ու սկսեց մաշկել: Հանկարծ աղվեսը ճվաց, և Գինոսն արթնացավ:

– Ափսոս, որ երազ էր,- ախ քաշեց նա:

Գինոսն աչքերը բացեց, տեսավ՝ լույս է, վեր կացավ ու հագնվեց: Նախաճաշելուց հետո Սերոժին կանչեց.

– Վեր կաց գնա, նախիրը տար: Ես գնում եմ քաղաք՝ թակարդ առնելու:

Սերոժն իսկույն վեր կացավ՝ մտքում ուրախանալով. «Լավ է, դպրոց չեմ գնա»:

Գինոսը ճանապարհվեց քաղաք: Երբ հասավ թուրքի գյուղի տակը, մեքենայի ձայն լսեց: Շուտով մեքենան կանգնեց Գինոսի կողքին, և վարորդ Արմենակն ասաց.

– Նստիր, տանեմ:

Գինոսը քահ-քահ ծիծաղեց, մորը նախշեց ու ասաց.

– Երազում մորդ տեսել եմ, ասաց՝ տղայիս կարող ես վստահել:

Մարդիկ ծիծաղեցին, իսկ վարորդը քշեց գնաց: Գինոսը հետևից կանչեց.

– Շտապիր է՜, քեզնից շուտ քաղաք կհասնեմ:

Մարդիկ ծիծաղեցին: Մեքենան ձորն անցավ, սկսվեց վերելքը: Տասը մետր անցավ, սկսեց խռխռալ: Զգուշորեն իջավ ձորը, և շարժիչը հանգավ: Գինոսը հետևից հասավ ու վարորդին ասաց.

– Մի՛ նեղանա, ես գիտնական եմ, ափսոս դիպլոմ չունեմ:

Մարդիկ քոռ ու փոշման իջան մեքենայից ու քայլելով շարունակեցին: Գինոսը խառնվեց ժողովրդին, և զրույց անելով գնացին:

– Ոչ մեկը չմնաց ինձ օգնելու,- անիծելով թոնթորաց Արմենակը և սկսեց քանդել:

Ժողովուրդը հասավ քաղաք տանող զառիթափին, և լսվեց մեքենայի ձայնը:

– Սպասի՜ր, սպասիր նստե՜նք,- գոռացին ուղևորները:

Բայց վարորդը զայրացավ, «Ձեր մայրիկն անիծեմ»,- ասաց ու քշեց:

– Ոչ մեկը չմնաց օգնելու. չի կանգնի,- համոզված ասաց Գինոսը:

Ավետիս անունով մեկը հաստատեց.

– Ճիշտ ես ասում:

Եվ քայլեցին: Հասան սպիտակ տնակին, այսինքն՝ երկաթուղու պահակատանը: Շոգեքարշն ամբողջ երկարությամբ փակել էր ճանապարհը: Ժողովուրդը կես ժամ սպասեց, որ ճանապարհը բացվի, բայց իզուր: Ոմանք վագոնի տակով անցան, ոմանք էլ բարձրացան, վագոնի արանքով անցան: Գինոսը մտածեց.

– Տակով անցնեմ, վատ է. հանկարծ շոգեքարշը կշարժվի, ոտքերս տակով կանի: Ամբողջ կյանքում անդամալույծ կմնամ: Ի՞նչ անեմ:

Վերջապես որոշեց բարձրանալ, արանքով անցնել: Գինոսը բարձրացավ, բայց հենց ուզեց իջնել, շոգեքարշը շարժվեց: Գինոսը շիվարած կանգնեց. «Երևի կկանգնի»: Այդ ժամանակ ինչ-որ մեկը գոչեց.

– Տեղերո՜ւմ:

Գնացքը շարժվեց, և այդ նույն մարդն ասաց.

– Քաղաքացի՛, ներս անցիր նստի՛ր:

Գինոսը մտահոգ ներս գնաց և պատահական տեղում նստեց: Խցիկում երկու հոգի էին. մեկը տասնհինգ տարեկան տղա էր, մյուսը` տարեց տղամարդ, որ գլուխը գրքի մեջ թաղած՝ կարդում էր: Գինոսը «բարի լույս» ասաց և նստեց ազատ տեղում՝ բարձրաձայն մտածելով.

– Գնամ Երևան, Անուշավանին կտեսնեմ, թակարդ էլ կառնեմ ու կվերադառնամ գյուղ:

Տղան զարմացած ասաց.

– Իմ կարծիքով դու Անուշավան անունով տղա չունես:

– Դու Առուշանյանին չգիտե՞ս,- կմկմաց Գինոսը:

Տղերքը ծիծաղեցին:

– Դե այդպես էլ ասա, հե՛ր օրհնած:

Քիչ անց այն նույն մարդը եկավ.

– Քաղաքացինե՛ր, տոմսերը ցո՛ւյց տվեք:

Տղաները ցույց տվեցին, հասավ Գինոսին:

– Քաղաքացի՛, տոմսդ ցո՛ւյց տուր:

– Տվել ե՞ս, որ ցույց տամ:

– Կատակ անելու ժամանակ չունեմ, ցո՛ւյց տուր:

– Ժամանակ չունես, գնա՛:

Այդ ժամանակ տղամարդը գուխը գրքից բարձրացրեց ու ասաց.

– Արի մոտս, մի բան պիտի ասեմ:

Ուղեկցորդը մոտեցավ: Տղամարդն ականջին շշնջաց.

– Այդ մարդը Գինոսն է` զանգեզուրցի կատակախոսը:

Մարդը զարմացած նայեց Գինոսին, ինքն իրեն ասաց. «Հասարակ մարդ է», ու գնաց: Ուղեկցորդի հեռանալուց հետո տղան բացեց տոպրակը և սկսեց սեղանիկը սարքել: Մի քանի րոպե անց ասաց.

– Համեցեք հաց ուտելու:

– Շնորհակալ եմ, ես կուշտ եմ,- գլուխը գրքից բարձրացնելով՝ հրաժարվեց տղամարդը:

– Գրքի մեջ հաց չկա. կեր, որ ուղեղդ աշխատի,- ասաց Գինոսը:

Տղամարդը վեր կացավ, գիրքը ծալեց դրեց մի կողմ ու մոտեցավ սեղանին: Գինոսն ասաց.

– Խելոքացա՞ր: Շնորհակալություն ասածիդ համար:

Եվ երեքով ճաշեցին: Սեղանին մի շիշ գինի կար, վարունգ, եփած հավ, լավաշ, պանիր և երեք շիշ լիմոնադ: Տղամարդը բացեց գինին, բաժակները լցրեց, մեկը վերցրեց ու տղային օրհնեց.

– Սեղանդ լիքը լինի:

Խմեցին: Գինոսը մտքում ասաց. «Տանը հավ, գնացքում հավ, շուտով աղվես կդառնամ»: Հանկարծ մտածեց աղվեսի մասին և հավի մեջքից պոկելով՝ խրթխրթացնելով կերավ: Ուտելուց հետո մարդիկ սովորաբար լիմոնադը լցնում են բաժակներն ու այդպես խմում: Երբ Գինոսն ուտելը վերջացրեց, լիմոնադի շիշը վերցրեց, կափարիչը ձեռքով բացեց ու շշով խմեց: Տղերքը երեսները փակեցին ու սկսեցին ծիծաղել:

– Ինչո՞ւ եք ծիծաղում, ետևս բաց է՞,- նեղացավ Գինոսը:

Տղամարդը ներողություն խնդրեց և ասաց, թե իբր թուրքի վրա էին ծիծաղում: Այդ միջոցին թուրքը, գլուխն այս պատին, այն պատին խփելով, հասավ ու հրամայեց.

– Տոմսերը ցո՛ւյց տվեք:

– Առաջին հերթին քաղաքավարի խոսիր,- ասաց տղամարդը,- երկրորդն էլ՝ նոր ենք ցույց տվել:

Թուրքը կմկմաց, թե ինքը տեսուչ է: Գինոսը քմծիծաղ տվեց.

– Շունը եկել է՝ տրխամաշը ձեռքին:

Բոլորը ծիծաղեցին: Թուրքը կպավ տղային.

– Տոմսդ ցո՛ւյց տուր:

Գինոսը զայրացավ, թուրքին տարավ ու դուրս շպրտեց:

– Սպասի՛ր, Մինջևանում կտեսնես,- սպառնաց թուրքը:

– Հայրս տասը թուրք սպանեց, ես չեմ կարո՞ղ մեկին սպանել,- ասաց Գինոսը:

Թուրքը մտածեց. «Երևի բնածին է», ու գնաց: Գինոսը ներս մտավ ու մի քիչ ամաչելով տղային հարցրեց.

– Արտաքնոցը որտե՞ղ է:

Տղան տարավ, ցույց տվեց: Երբ Գինոսը շորերը վար քաշեց, նստեց ու փորձեց հանգստանալ, հանկարծ դուռը բացվեց, ներս եկավ մի սիրուն կին ու համարյա նստեց Գինոսի վրա:

– Քո տունը շինվի, քիչ է մնում գլխիս նստես,- բողոքեց Գինոսը:

– Դուռը փակիր, որ իմանամ՝ մարդ կա,- հանդիմանեց կինը, որ ամենևին էլ շփոթված չէր, ու դուրս եկավ:

Գինոսը վեր կացավ, դուռը սողնակով փակեց ու նորից նստեց: Վերջացնելուց հետո, երբ շորերը վեր էր քաշել, գոտին էլ պնդացրել, փորձեց սողնակը բացել, չկարողացավ: «Ի՞նչ անեմ»,- մի պահ շիվարեց Գինոսը: Հետո ինչ որ մտածեց, դա էլ արեց: Սողնակը բացվեց, և նա ուրախացած դուրս եկավ: Այդ օրվանից Գինոսն ասում է. «Մինչև այսօր մտածում եմ, նոր գործում»: Գինոսը հասավ իր խցիկն ու տեղավորվեց: Տղան կարմրելով հարցրեց.

– Ո՞նց ես:

Գինոսն ուրախ-ուրախ պատմեց եղածը, ու տղերքը ծիծաղեցին: Շուտով հասան Արաքս գետին: Գինոսը մտքով հիշեց իր գյուղը` Ղարադաղը, և արցունքներն իրենք իրենց հոսեցին: «Արև օր էր,- մտաբերեց Գինոսը:

– Հաց կերեք, գնացեք խոտ քաղելու,- պատվիրեց հայրը:

Այդ միջոցին հարևանը ներս մտավ, «Թուրքերը մտան գյուղ, փախե՛ք…»,- ասաց և իսկույն դուրս եկավ:

– Հանգի՛ստ մնացեք,- ասաց հայրը:- Առաջին հերթին զե՛նք վերցրեք, ինչ պատահի՝ դանակ, մանգաղ, փոցխ, գերանդի և այլն: Զինվե՛ք: Թուրքը չի խղճա:

Եվ ինքն էլ հրացանը վերցրեց: Ավագ եղբայրը` Մակարը, չուխա հագավ, փամփշտակալը կապեց, սուրը խփեց պատյանի մեջ, մոսին հրացանը վերցրեց ու դուրս եկավ: Գինոսը նայեց նրա ետևից և ախ քաշեց. «Երանի ես էլ ունենամ»:

Մեկ էլ հայրն ասաց.

– Գինոս ջան, սուրը վերցրու, ես պահել եմ:

– Որտե՞ղ է,- ուրախացած հարցրեց տղան:

– Ամբարում:

– Ֆիննական դանակը վերցրու և մորդ պաշտպանիր թուրքերից,- ասաց մյուս եղբայրը՝ Արմենակը,- մենք գնացինք:

Ամբողջ օրը թուրքերի դեմ կռվեցին: Ոմանք վիրավորվեցին, ոմանք զոհվեցին: Երեկոյան կողմ թուրքերը ստիպված փախան: Խմբապետ Կարապետը հրամայեց.

– Բոլոր երիտասարդները պահակ պիտի կանգնեն: Տղամարդիկ չքնեն: Պահակների կրակոցից գյուղը պիտի կանգնի:

Առավոտը ծեգին թուրքերը նորից վրա տվին: Ամբողջ օրը կռվեցին: Ոմանք զոհվեցին, մյուսները վիրավորվեցին: Իրենց գյուղից ինը հոգի զոհվեցին, ութ հոգի վիրավորվեցին: Թուրքերից՝ հաշիվ չկար: Երրորդ օրը նորից եկան: Թիվ կար աստղերին, թիվ չկար թուրքերին: Երեխա, մեծ, կին, տղամարդ՝ բոլորին սրի քաշեցին: Ծնողներն էլ զոհվեցին: Կարապետը մնացածներին ասաց.

– Փախե՛ք:

Մնացածները փախան լեռները: Գյուղից մնացին ութսուն հոգի՝ տասնմեկ տղամարդ, մնացածը՝ կանայք ու երեխաներ:

Մթնեց: Կարապետն ասաց.

– Գնանք գյուղ, տեսնենք ի՞նչ կա:

Մի ժամ հետո հասան գյուղ: Գյուղը ծխի մեջ կորած էր: Կարապետը հրամայեց.

– Թուրք, հայ՝ բոլորին նայե՛ք: Զենք, փող, շորեր, ինչ կա, բերե՛ք մոտս:

Տղամարդիկ իսկույն կատարեցին հրամանը և ամեն ինչ մեջտեղ բերեցին: Կարապետը մեկ-մեկ նայեց և բաժանեց բոլորին:

– Բոլոր դիակներին թաղե՛ք: Տներում հա՛ց փնտրեք:

Եղբայրներով գնացին իրենց տուն: Տունը վառվել էր, մնացել էր խոհանոցը:

– Լավ է, հաց կա,- ասաց ավագը:

Մտան խոհանոց, հատուկ կախիչի մեջ դարսված լավաշը վերցրին ու հեռացան: Մի ժամ հետո հավաքվեցին. ոմանք լավաշ էին բերել, ոմանք՝ պանիր, ոմանք՝ յուղ և այլն: Կարապետը հրամայեց.

– Դեպի Արա՛քս:

Լուսադեմին հասան Արաքս գետը: Կարապետն ասաց.

– Թող տղամարդիկ մեկումեջ բռնեն երեխաներին ու գետն անցնեն:

Մի քիչ հետո շարք կազմեցին ու մտան գետը: Այդ միջոցին հինգ թուրք երևացին՝ զինված: Կարապետը շարքից դուրս եկավ:

– Դուք գետն անցեք, ես դիրքավորվեմ,- ասաց նա ու մաուզերը հանեց:

Թուրքերը շտապեցին: Կարապետը սպասեց, մինչև նրանք մոտեցան, ու կրակեց: Նրանցից մեկն ընկավ, մյուսներն իջան ձիերից ու դիրքավորվեցին: Այդ միջոցին Կարապետի մաուզերը նորից կրակեց: Երկրորդ թուրքը քնեց ու վերջացավ: Մյուսները վեր կացան և ուզեցին ձի նստել: Երրորդն ընկավ, հետո չորրորդը, իսկ վերջինը փախավ: Կարապետը մաուզերը հանգիստ դրեց տեղը և մտավ գետը: Այդ ընթացքում շարքն անցավ գետը, և սկսեցին շորերը թափ տալ: Կարապետն ասաց.

– Շորերը հանեք, մզեք ու հագեք, շոգ է:

Իսկույն ենթարկվեցին: Մի ժամ հետո շարժվեցին դեպի Կապան: Արաքս գետը վերջացավ, հաջորդեց Ողջին:

– Չուտե՞նք,- հոգոց հանելով առաջարկեց Կարապետը:

Արագ նստոտեցին:

– Երեխաները սոված են, եկեք հաց ուտենք,- հաստատեց իրենց հարևան Պայծառը:

Հաց ուտելուց հետո ճանապարհ ընկան դեպի Կապան: Արաքս գետը վերջացել էր: Գնում էին Ողջի գետն ի վար, որպեսզի հասնեին Կապան. այդպես էր բացատրում Կարապետը: Ժողովուրդն ուրախ էր: Գիշերը հասան այնտեղ և նստեցին հսկա ծառի տակ: Գինոսը Կարապետին հարցրեց, թե դա ինչ ծառ է:

– Ծառը չգիտեմ, բայց երեխեքին ուշադիր եղեք. լուսանա, մի բան կմտածենք:

Երբ լուսացավ, Կարապետն ասաց.

– Դուք հաց կերեք, ես գնամ Թևանի մոտ:

– Ի՞նչ պաշտոնի է,- հարցրեց մեծ եղբայրը:

– Կապանի շրջանի խմբապետն է:

Երկու ժամ հետո եկավ ու կարգադրեց.

– Պատրաստվե՛ք գնալու:

– Ո՞ւր:

– Գյուղերը: Ընտանիք-ընտանիք բաժանվե՛ք ու կանգնե՛ք:

– Բարեկամներ ունե՞ք,-հարցրեց Կարապետի կողքին կանգնած մարդը:

Բոլորը լռեցին: Այդպես բաժանվեցին ըստ գյուղերի`Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Ճակատեն…

– Չորս հոգի թող սպասեն,- ասաց,- Մարտիրոսը, Մակարը, Գինոսը և Արմենակը: Գնացե՛ք Գյուտկում, ես էլ երեկոյան կգամ:

Գինոսը Կարապետին հարցրեց, թե ով է:

– Գյուտկումի խմբապետ Գերասիմն է:

Իրենք գնացին գյուղ, տուն շինեցին, ամուսնացան և ապրեցին…»:

Գինոսը նայեց պատանու կողմը և հոգոց հանեց.

– Երանի ջահել լինեի:

Տղան նայեց նրա արցունքոտ աչքերին և զարմացած հարցրեց.

– Ինչո՞ւ ես լացում:

Գինոսն ասաց.

– Ջահելությունս հիշեցի:

– Դու անընդհատ նայում էիր Արաքսին ու լացում էիր,- նկատեց տղան:

– Ես Ղարադաղից եմ,- հանգիստ ասաց Գինոսը:

Տղամարդը գլուխը գրքից բարձրացրեց ու զարմացած կրկնեց.

– Ղարադաղից ե՞ս:

– Այո:

– Ինչպե՞ս ես ընկել Գյուտկում:

– Երկար պատմություն է,- պատասխանեց Գինոսը:

– Պատմիր էլի,- խնդրեց տղամարդը:

Տղաները նայեցին Գինոսին ու ծիծաղելով ասացին.

– Նշանակում է՝ դու ախպար ես:

– Նշանակում է՝ այո:

Ու միասին ծիծաղեցին:

Այդ ժամանակ ուղեկցորդը հայտարարում էր.

– Հարգելի՛ քաղաքացիներ, մեկ ժամից հասնում ենք Երևան, բոլորդ հանձնե՛ք տեղաշորը:

Մարդիկ իրար հրմշտելով տարան ու կիտեցին ուղեկցորդի դռան մոտ: Վերջինս զայրացավ.

– Ձեր տունը շինվի, մե՛կ-մեկ բերեք:

Մի ժամից շոգեքարշը փնչալով կանգնեց կայարանում: Ժողովուրդն իրար անցավ: Գինոսը գլուխը կախ իջավ և կայարանի միջանցքով դուրս եկավ: Հանկարծ նրա դիմաց մի արձան կանգնեց: Գինոսը շրջվեց, գնաց մոտակա ցայտաղբյուրից ջուր խմեց և գլուխը բարձրացնելով՝ ինքն իրեն հարց տվեց. «Տեսնես ո՞ւմ արձանն է»: Այդ պահին մի ծերունի շտապելով անցնում էր արձանի կողքով: Գինոսը հարցրեց.

– Ո՞ւմ արձանն է:

– Չես ճանաչո՞ւմ, ձեր գյուղացի Դավիթն է,- կատակեց ծերունին և շտապեց ավտոբուս նստել:

Գինոսն ապշած նայեց ծերունու հետևից, ապա նայեց արձանին ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի կատակ էր անում: Ենթադրենք ճիշտ է. մեր գյուղում երեք Դավիթ կա՝ Ավետիսենց Դավիթը, Հեթանենց Դավիթը և Սաքոյենց Դավիթը»: Գինոսը մտածեց, մտածեց ու գտավ, որ երրորդը կլինի: Հետո ճանապարհվեց դեպի խանութները՝ թակարդ առնելու: Փողոցը զգույշ անցավ ու մտածեց.

– Արի ձախ կողմով գնամ, աջ կողմով կվերադառնամ:

Այդպես էլ արեց: Մի քիչ գնալուց հետո գլուխը բարձրացրեց, տեսավ՝ իր դիմաց խինկալիանոց է: «Երևի որսորդական է»,- կարծեց Գինոսն ու մտավ: Մարդիկ եռուզեռի մեջ կանչում էին.

– Արմե՛ն, այս կո՛ղմը տուր, այն կո՛ղմը տուր…

Կենտրոնում չորս սեղան կար՝ շուրջը չորս աթոռ, պատի կողմում մի սառնարան կար, աջ կողմում՝ մի պատուհան, որի դիմաց իրարանցում էր: Սեղանների վրա` ափսեների մեջ, խմորներ էին. ոնց որ բերանները կապած պարկեր լինեին: Գինոսը զգուշությամբ նայեց, տեսավ՝ խմորը հանում են, միսն ուտում:

– Ինչո՞ւ եք խմորը հանում,- մոտիկ նստածին զարմացած հարցրեց Գինոսը:

– Որ շատ ուտենք,- ծիծաղեց մարդը:

Այդ պահին մի կին մոտեցավ Գինոսին:

– Ի՞նչ ես ուզում,- հարցրեց:

– Քո ի՞նչ գործն է,- հանդիմանեց Գինոսը:

– Ես պարտավոր եմ եկած մարդուն հարցնել՝ ինչ է ուզում,- ժպտալով ասաց կինը:

– Եթե այդպես է, այն պարկերից բեր ինձ համար:

Կինը քմծիծաղ տալով հարցրեց՝ խինկալի՞:

– Պարկ է, խինկալի է, բեր, սոված եմ,- պատասխանեց Գինոսը:

Կինն ասաց.

– Քանի հատ ուզում ես, գնա վճարիր, արի նստիր, ես կբերեմ:

– Այդքան բան ես անեմ, պարկերն էլ կբերեմ,- հեգնեց Գինոսը:

– Փողը տուր ու նստիր աթոռին, ես կբերեմ,- կրկնեց կինը:

Գինոսը վճարեց՝ պատվիրելով.

– Մի շիշ լիմոնադ, հարյուր գրամ օղի և պարկերից մի թաս:

– Թիվն ասա:

– Թասն ինչքա՞ն կլցնի…

Կինը լիմոնադն ու օղին բերեց:

– Տասը րոպե սպասիր, խինկալին էլ կբերեմ,- ասաց:

Ոմանք տրտնջացին.

– Նոր եկավ, արդեն նրա համար է տանում:

– Հորդ համար եմ տանում,- ասաց մատուցողը:

Մարդիկ նայեցին սեղանի կողմը, տեսան նստած ծերունուն ու լռեցին:

– Սեղանի վրա աղ ու կծու բիբար կա, ինչքան ուզում ես, խառնիր,- Գինոսին ասաց կինն ու գնաց:

Գինոսը բիբարն ու աղը խառնեց և սկսեց ուտել: Նա գողեգող նայում էր ուրիշներին: Մարդիկ հանում էին խմորը, նոր ուտում: Գինոսը մտածեց. «Ես կշտանամ, թող ծիծաղեն», և շարունակեց ուտել: Շատ չանցած՝ կողքի մարդը ժպտալով դիտողություն արեց.

– Խմորը հանիր, նոր կեր, այդպես չես կարող ուտել:

– Քո ափսեին նայիր, ես կուտեմ,- ասաց Գինոսը՝ խեթ-խեթ նայելով հարևանին:

Մարդը սսկվեց: Գինոսն ամբողջը կերավ, ափսեի հյութը խմեց ու քրտնեց: Գրպանից հանեց մի տրորված շոր, երեսը մաքրեց ու ախ քաշեց.

– Լավ բան է:

Մի քիչ սպասելուց հետո օղին խմեց, ապա լիմոնադը քաշեց գլխին: Հարևանը նորից նկատեց.

– Օղին սկզբից պետք է խմեիր, որ ախորժակդ բացվեր:

– Իմ ախորժակը միշտ բաց է, քո մասի՛ն մտածիր,- զայրացած ասաց Գինոսը:

Բոլորը ծիծաղեցին: Մարդը կարմրեց ու դուրս գնաց: Աջ կողմի հարևանը կյանքը կերավ. շուտ գնար, թողներ՝ մարդ հալալ հաց ուտեր: Գինոսը վերջացրեց, մատուցողին կանչեց ու ականջին փսփսաց.

– Արտաքնոցը որտե՞ղ է:

– Արտաքնոցն ի՞նչ է,- զարմացավ կինը:

– Փորս ցավում է, ուզում եմ հանգստանամ,- ասաց Գինոսը:

– Դե ասա զուգարան:

Գինոսը բացատրեց, որ դա կանանց համար է. շուրթերը ներկեն, մազերը սանրեն, շորերը սարքեն և այլն:

Կինը, որի անունը Սոնա էր, մտքում ասաց. «Ես քաղաքի աղջիկ եմ՝ արդեն քառասուն տարեկան, դպրոց եմ գնացել, բայց կյանքումս «արտաքնոց» բառը չեմ լսել: Քեզ համար ամոթ է, Սոնա»:

– Արի տեսնեմ:

Գինոսը հետևեց կնոջը:

– Անտեր արտաքնոցն այնտեղ է, մտիր,- կշտամբելով ասաց կինն ու հեռացավ:

Գինոսը մտավ ու սողնակով փակեց: Ուզեց նստել, տեսավ՝ կափարիչը չկա: Ստիպված նստեց կոնքաթասին ու ննջեց: Հիշեց գյուղի ծաղիկները, անտառի մաքուր օդը, սառը աղբյուրները և այլն: Հանկարծ դուռը ծեծեցին: Գինոսը վեր թռավ: Դրսից մի տղամարդ աղերսում էր.

– Խնդրում եմ, շուտ դուրս արի, երեխայի փորը ցավում է:

Գինոսն արագ-արագ շորերն ուղղեց, գոտին պնդացրեց ու դուրս եկավ: Տղամարդը շնորհակալ եղավ:

Գինոսը մինչև կեսօր տարբեր խանութներ մտավ, տեսավ սիրուն կոստյումներ, վերնաշապիկներ, ոսկեղեն և այլն: Ոտքերը մի կերպ քարշ տալով հասավ հրապարակ և զարմացած չորս կողմը նայեց. հսկայական սիրուն շենքեր, ջրավազան, շատրվաններ, Լենինի արձանը և այլ բաներ: Գինոսը հայացքով զննեց շուրջը. մարդիկ հանգիստ նստած նայում էին շատրվաններին ու հիանում ջրերով: Մի քանի երեխա տկլոր խաղում էին ջրավազանում, որտեղ հինգ շատրվան կար. չորսը՝ անկյուններում, իսկ հինգերորդը՝ ամենաբարձրը, մեջտեղում: Շատրվանները մեկ-մեկ բարձրանում-իջնում էին: Գինոսը կողքի կնոջը հարցրեց, թե շատրվանները ո՛նց են իջնում, նորից բարձրանում: Կինը ժպտաց:

– Մարդու երգելու նման է,- բացատրեց նա:- Ո՞նց է մարդու ձայնը իջնում ու բարձրանում, նույնը շատրվանների հետ է կատարվում:

Գինոսը զարմացած ասաց.

– Տերը մեռնի Ավետի, արջի մորթով աղվես է բռնում:

– Սուր խոսքեր ունես,- նկատեց կինը, և միասին ծիծաղեցին:

– Այստեղ խմելու ջուր չկա՞,- հարցրեց Գինոսը:

Կինը մի պահ մտածեց ու ասաց.

– Երկար շենքի մոտով գնա, յոթ ցայտաղբյուր կտեսնես. որից ուզում ես, խմիր:

Գինոսը շնորհակալ եղավ ու գնաց:

Շուտով հասավ ցայտաղբյուրներին՝ յոթը մի հիմքի վրա: Մարդիկ խմում էին ու գնում: Գինոսն էլ, մտնելով շենքի արանքը, ուզեց խմել:

– Շարք կանգնիր,- ասաց մի ծերունի:

Գինոսը նեղացած մրթմրթաց.

– Փոքր-մեծ չկա՞:

– Ջուրը փոքրինն է,- հիշեցրեց ծերունին:

Գինոսը ստիպված ենթարկվեց: Շուտով հերթը հասավ, կուշտ խմեց ու շարքից դուրս եկավ: Մի քիչ հետո սովածացավ: Երանի ճաշարանը մոտիկ լիներ:

– Ճաշարանը որտե՞ղ է,- հարցրեց նա մի տղայի:

– Լիքը ճաշարան է,- պատասխանեց տղան,- օրինակ՝ «Արարատ» ռեստորանը. կամարով ներս մտիր, աստիճաններով իջիր, այնտեղ է:

– Նկուղու՞մ,- զարմացավ Գինոսը:

Տղան հաստատեց, իսկ Գինոսը մտորելով գնավ դեպի կամարը, աստիճաններով իջավ, և զուգված-զարդարված մի մարդ նրան ասաց.

– Քաղաքացի՛, բաճկոնդ հանիր, կախիր, նոր ներս գնա:

– Որ գողանա՞ս,- կատակեց Գինոսը:

– Մի լավ բաճկոն էլ լինի՞,- հեգնեց տղամարդը:

– Ամեն մարդու համար սեփական մաշկը իր մարմնին է մոտիկ:

Տղամարդը կոպտեց.

– Շատ ես խոսում, նե՛րս գնա:

«Գյուղում լավ էի, քաղաքում ոնց որ խեղճ եմ»,- եզրակացրեց Գինոսն ու ներս մտավ: Մի սիրուն կին ընդառաջ եկավ.

– Քեռի ջան, ցուցակը կարդա և ասա՝ ինչ է պետք:

– Ես չեմ կարող կարդալ, դու կարդա, ես կասեմ,- կմկմաց Գինոսը:

Մատուցողուհին դանդաղ կարդաց ու նորից հարցրեց.

– Ի՞նչ ես ուզում:

– Դու սիրուն կին ես, ինչ ուզում ես, բեր,- կարդացածը չհասկանալով՝ պատվիրեց Գինոսը:

«Ուտելուց հետո կիմանաս՝ սիրուն եմ, թե չէ»,- ինքն իրեն ասաց կինը:

Քիչ անց նա սկուտեղը բերեց ու դրեց սեղանին. մի շիշ կոնյակ, մի շիշ պեպսի-կոլա, խորոված միս, խորոված սմբուկ, լոլիկ, կծու պղպեղ, խառնած կանաչի, սալաթ ու ևս մի քանի բան: Գինոսը կերավ, խմեց, վեր կացավ պարեց, քրտնեց: Հոգնած նստեց աթոռին ու հոգոց հանեց. «Կյանքումս այսքան անուշ բաներ չէի կերել»:

Մատուցողուհին մոտեցավ, թղթի վրա հաշվեց և ասաց.

– Քառասուն ռուբլի:

Գինոսը սփրթնեց ու մտքում հաշվեց. երեխաների ամբողջ ամսվա ուտելիքն էր:

– Կգաս մեր գյուղ, մեղր կուտես,- ասաց նա կմկմալով:

– Կատակ ե՞ս անում, ինչ է,- զարմացավ մատուցողուհին,- բոլորն ինձ են սպասում:

Գինոսը տեսավ՝ կատակի ժամանակ չի, ասաց.

– Անուշավանը կտա:

– Գի՞ժ ես, ինչ է, Անուշավանն ո՞վ է: Փողս տուր, գնամ, կատակի ժամանակ չունեմ:

Գինոսը տեսավ՝ ճար չկա, ասաց.

– Զանգիր ձեր թագավորին, ասա՝ Գինոսը կերել է, փողը չի տալիս, արի փակիր:

«Երևի Առուշանյանի հայրն է»,- մտածեց կինն ու մեղմ տոնով ասաց.

– Երևի Առուշանյանը Ձեր տղա՞ն է:

Հետո գնաց բուֆետապանի մոտ.

– Այս ծերուկը կերել է, ասում է՝ Առուշանյանը պիտի փակի:

– Շատ է՞ կերել,- հարցրեց բուֆետապանը:

– Քառասուն ռուբլու:

– Շատ է, ստիպված ենք զանգել,- որոշեց տղամարդը:

Նա զանգեց հերթապահին և զեկուցեց.

– «Արարատ» ռեստորանից է: Մի գյուղացի մարդ կերել-խմել է, ասում է՝ Առուշանյանը պիտի փակի:

– Անունն ի՞նչ է,- հարցրեց հերթապահը:

– Գինոս:

Հերթապահը զանգեց քարտուղարին.

– Ոմն Գինոս «Արարատ» ռեստորանում կերել-խմել է, ասում է՝ Առուշանյանը կմուծի:

Քարտուղարը մտավ ներս ու զեկուցեց: Առուշանյանը վարորդին կարգադրեց.

– Տար փողը տուր:

Վարորդն այդպես էլ արեց:

– Գինոսն ո՞ւր է,- մտնելով ռեստորան՝ հարցրեց նա:

– Այստեղ է,- Գինոսի կողմը ցույց տվեց մատուցողը:

– Արի, Առուշանյանը կանչում է:

– Փողը տուր, հետո տար,- պահանջեց մատուցողուհին:

Վարորդը զայրացած ասաց.

– Թող ռեստորանի հաշվին լինի:

Տնօրենն ասաց՝ թող տանի:

– Դո՛ւրս արի, նստի՛ր մեքենան,- Գինոսին հրամայեց վարորդը:

Գինոսը վախեցած դուրս եկավ ու նստեց մեքենան: Երբ հասան օպերայի մոտ, Գինոսը, երկաթե ցանկապատն ու հսկա շենքը տեսնելով, գունատվեց. «Երևի բանտ են տանում»: Բայց երբ մեքենան սուրալով անցավ կողքով, Գինոսը հանգստացավ և երեսին խաչ հանեց. «Տեր Աստված, այս անգամ պրծա»:

Մեքենան ճռռալով կանգնեց երկու մետր բարձրություն ունեցող երկաթե ցանկապատի դիմաց: «Առուն անցա, մտա գետը»,- ինքն իրեն ասաց Գինոսն ու սրթսրթալով ուզեց իջնել մեքենայից: Վարորդը չթողեց:

– Ո՞ւմ ես տանում,- հարցրեց հերթապահը:

– Զանգեզուրի կատակախոս Գինոսն է:

Բոլորը դուրս եկան տեսնելու: Վարորդը քշեց, և շուտով մեքենան կանգնեց երեքկողմանի շենքերի մեջտեղում: Վարորդը դուրս եկավ ու կարգադրեց հետևել իրեն: Գինոսն այդպես էլ արեց: Հասան երկրորդ հարկը: Վարորդն ասաց.

– Մի քիչ սպասիր, հարցնեմ, նոր ներս գնա:

Հերթապահի թույլտվությամբ երկուսով ներս գնացին:

Առուշանյանը տեղից վեր կացավ, մոտեցավ և փաթաթվեց Գինոսին:

– Նստիր,- առաջարկեց նա, իսկ վարորդին, թե՝

– Դու ազատ ես:

Եվ սկսեց Գինոսին հարցուփորձ անել:

– Ես բոլորն ասեմ, պակասը դու հարցրու,- ասաց Գինոսը:- Նախագահը Խորենի ավագ որդի Դերիկն է: Գևորգը և Աշոտը վարելահողերի բրիգադիրներն են: Բագրատը մեղրի բրիգադիրն է: Ֆերմայի վարիչը Գուրգենն է: Հավերի տերը Քրիստափորն է, պահեստապետը նույնն է, հաշվապահը Անդրեասի թոռ Արամայիսն է, հովիվը Խաչիկն է, նախրապանը ես եմ… Հիմա դո՛ւ հարցրու:

Առուշանյանն ասաց.

– Շնորհակալ եմ, միայն մի բան խնդրեմ:

– Հրամայիր:

– Բագրատին իմ անունից ասա՝ թող հինգ կիլոգրամ մեղր ուղարկի ինձ համար:

– Աչքիս վրա,- ասաց Գինոսը:- Դե հարցրու:

Առուշանյանը ծիծաղեց.

– Բոլորի մասին ասացիր, բան չմնաց:

Գինոսի զեկուցելուց հետո Առուշանյանն սկսեց.

– Երանի գյուղում լինեի, գնայի անտառ, սառը աղբյուրներից ջուր խմեի, ամբողջ ձայնով երգեի, կանաչ խոտերի վրա անտարբեր նստեի…

– Նշանակում է՝ մենք թագավորից լավ ենք ապրում,- սրամտեց Գինոսը:

– Այո: Թագավորն ի՞նչ է. արտաքնոց գնալիս ծառաներս հետևում են, գնում եմ լողանալու, հետևում են, գնում եմ առողջարան, հետևում են:

Մի խոսքով՝ վատ է:

– Դու էլ թող,- ասաց Գինոսը:

– Չեմ կարող, ժողովուրդը պիտի համաձայնվի:

– Նշանակում է՝ ես եմ թագավորը,- ուրախացած ասաց Գինոսը,- ուզում եմ, երգում եմ, ուզում եմ, խմում եմ, ուզում եմ, լողանում եմ: Մի խոսքով՝ ինչ ուզում եմ, անում եմ:

– Այո:

Դեսից-դենից մի քիչ զրուցեցին, մեկ էլ Առուշանյանն ասաց.

– Պլենումից ուշացա:

– Ես եմ թագավո՞ր, թե՞ դու,- կատակեց Գինոսը:

Թագավորը սեղմեց կոճակը: Քարտուղարն իսկույն ներս մտավ ու ասաց.

– Լսում եմ:

– Երկու մեքենա պատվիրիր. մեկը՝ ինձ համար, մյուսը…,- ու ցույց տվեց Գինոսին:

Հինգ րոպե հետո երկու վարորդներ ներս մտան ու զգաստ կանգնեցին: Մեկը Գինոսի ճանաչածն էր, մյուսը նոր էր: Առուշանյանը գրպանից հանեց երկու հազար ռուբլի և տվեց ծանոթ վարորդին.

– Առաջին հերթին թակարդ առ, հետո Գինոսի ու նրա ընտանիքի համար նվերներ առ՝ ոտքից գլուխ նոր: Երեկոյան կողմ Զանգեզուրի շոգեքարշի տոմս վերցրու, նրան ճանապարհիր և ինձ զեկուցիր, որտեղ էլ լինեմ:

Մյուս վարորդին էլ ասաց.

– Ինձ հետ կգաս:

Եվ Գինոսին գրկեց:

Ծանոթ վարորդը Գինոսին տարավ, մյուսը մնաց ու սպասեց թագավորին: Երբ հասան որսորդական խանութ, վարորդն ասաց.

– Իջի՛ր:

– Թագավորի պես ես հրամայում,- նկատեց Գինոսը:

Վարորդը ծիծաղեց.

– Ես եմ թագավորը:

– Դո՞ւ ես թագավորը: Իրականում Առուշանյանն է թագավորը:

Եվ երկուսով ծիծաղեցին: Մի րոպե անց մտան որսորդական խանութ: Գինոսը զարմացած նայեց գիշատիչ թռչուններին, աղվեսին, գայլին, արջին, զարզանդելով նայեց վագրին ու հետ-հետ գնաց:

– Մի՛ վախեցիր, խրտվիլակ է,- ասաց վարորդը:

Խանութպանը հարցրեց.

– Ի՞նչ եք ուզում:

Գինոսը մտածեց. «Մեծը վերցնեմ, թող աղվես բռնի», և ասաց.

– Արջի թակարդ տուր:

– Տոմսդ տուր,- պահանջեց խանութպանը:

– Ի՞նչ տոմս,- զարմացավ Գինոսը:

Վարորդն իսկույն միջամտեց.

– Ինձ համար է:

Ու գրպանից հանեց տոմսը: «Լավ փրկեց ինձ»,- մտքում ուրախացավ Գինոսը: Վարորդն ամեն ինչ առավ, դրեց վագոնի մեջ, տեղաշորը փռեց, երեք հարյուր ռուբլի տվեց ու «Բարևիր բոլորին» ասելով՝ դուրս եկավ:

Գինոսը նվերների, տոմսի, թակարդի, տեղաշորի և այլնի գումարը հաշվեց. ռեստորանի չհաշված փողը՝ հինգ հարյուր ռուբլին, տակով էր արել. երևի դրանով էր ապրում:

Շոգեքարշը փնչալով շարժվեց: Վարորդը դրսից ձեռքով արեց, որ նշանակում էր՝ բարով գնաս: Գինոսը մեկնվեց տեղաշորի մեջ ու խռմփալով քնեց: Առավոտը ծեգին շոգեքարշը կանգնեց: Խառնաշփոթից Գինոսը վեր թռավ ու տեսավ՝ կայարանում է: Հանգիստ վեր կացավ, սպասեց՝ բոլորը իջան, նվերները վերցնելով՝ դուրս եկավ ու ճանապարհվեց գյուղ: Երբ հասավ պահակատանը, մի վիլիս եկավ ու կանգնեց դիմացը: Գինոսն ուզեց նստել, տեսավ՝ վարորդը Փարավոնն է, չնստեց:

– Ինչո՞ւ չես նստում,- նեղանալով հարցրեց Փարավոնը:

Գինոսն ասաց.

– Դու վատ մարդ ես: Ինչ որ ստեղծում ես, ո՞ւմ վրա ես գրում:

Մի քանի ծերունի, պատի տակ նստած, զրուցում էին: Ծերունի Բաղդոն ասաց.

– Ժողովրդի ստեղծածն իրենց վրա են գրում:

Մյուսները ծիծաղեցին: Գինոսը նստեց մեքենան: Փարավոնը քշեց: Կես ժամ հետո մեքենան հասավ գյուղ: Մարդիկ առանց շնորհակալություն ասելու իջան գնացին:

– Մեկը չասաց՝ արի տուն, մածուն կեր,- մրթմրթաց Փարավոնը և ուզեց քշել:

Նույն պահին պահեստապետն ասաց.

– Արի մեր տուն, մածուն կեր:

Երկուսով գնացին: «Երբ եմ տուն հասնելու»,- հոգոց հանեց Գինոսը:

Նրա տունը գյուղի վերևում էր, ճանապարհն էլ զառիվեր էր: Մեքենա չէր հասնում, միայն էշն էր գնում: Գինոսը մտածեց՝ երեխեքին կանչի, բայց տանը չէին լինի, ստիպված շալակեց ու կամաց-կամաց բարձրացավ: Ճանապարհին մի քանի անգամ հանգստանալով՝ վերջը հասավ տուն:

– Երեք օր է՝ որտե՞ղ ես,- դժգոհ հանդիմանեց կինը:

– Շալակս վերցրու, հաց տուր, կպատմեմ,- ասաց Գինոսն ու գնաց լվացվելու:

Ճաշից հետո սկսեց պատմել գլխով անցածը: Կինը շտապ-շտապ բացեց նվերները և սկսեց քրքրել: Այդ ամենը տեսնելով՝ զարմացած հարցրեց.

– Այսքան բան որտեղի՞ց ես առել:

– Առուշանյանի փողերով եմ առել,- պատասխանեց Գինոսը:

– Առուշանյանին տեսել ե՞ս:

– Ոնց որ հիմա քեզ:

Կինը զարմացած ասաց.

– Ես էլ եմ ուզում տեսնեմ:

– Ամեն մարդու բան չի Առուշանյանին տեսնելը, հետը զրուցելը, այսքան նվերներ առնելը,- իրենից գոհ և ուրախ ասաց Գինոսը:

– Արջի թակա՞րդն ինչի համար է,- հարցրեց կինը:

– Փող է,- բացատրեց Գինոսը,- աղվեսը չի մտնի, կվաճառեմ որսորդներին. փող է:

– Ամեն բան մտածում ես,- ասաց կինը:

– Քեզ նման չեմ:

Գինոսը սկսեց թակարդը սարքել:

– Այս գիշեր աղվեսին պիտի բռնեմ: Ա՛յ կնիկ, մի քիչ մի՛ս գտիր:

Կինը հարցրեց, թե ինչի միս:

– Շան միս, խոզի միս, հավի միս:

Կինն ուրախացած ասաց.

– Այսքան նվերների համար արժի, որ մի գառ մորթես:

– Արժի,- նույնպես ուրախ հաստատեց Գինոսը:

Երեկոյան, երբ անասունները եկան, Գինոսը մի գառ մորթեց: Երեխաները մեկ-մեկ եկան, ու վերջապես բոլորը լրացան: Կինը նվերները բերեց ու սկսեց բաշխել: Շատ ուրախացան: Ընթրիքից հետո Գինոսն արջի թակարդը վերցրեց, տարավ հավանոցի դիմաց լարեց: Առավոտը շուտ Գինոսը ստուգեց թակարդը, տեսավ՝ մեջը աղվեսի թաթ: Գինոսն շտապ գնաց դեպի դուռը, և մարմինը փշաքաղվեց: Աղվեսի արյունը չռռալով հոսեց դեպի դուռը: Բնի դուռը բաց էր: Գինոսը մտավ ու զարմանքից քար կտրեց. բոլոր հավերը խեղդած էին, աղվեսն էլ գնացել էր: Գինոսը քոռ ու փոշման վերցրեց թակարդն ու տուն գնաց: Կինն ու երեխաներն էլ շտապեցին տեսնելու:

– Ուժեղ աղվես է եղել,- ասացին զարմացած,- թաթը կտրած, արյունլվա գնացել է: Բոլոր հավերին խեղդել է, մեկին էլ առել, գնացել է:

– Աղվես չէ, լուսան,- ասաց կինը:

– Քո տունը շինվի, աղվեսի թաթը թակարդի մեջ էր,- հանդիմանեց Գինոսը:

– Ուրեմն մեծ աղվես է եղել:

– Այդպես էլ ասա:

Եվ բոլորը լռեցին:

Մի ամիս անցավ: Գինոսը գնաց կոլտնտեսության գրասենյակի բակը: Մարդիկ կատակ էին անում, ծիծաղում: Գինոսը, մի կողմ կանգնած, մտածում էր: Որսորդ Ռոմիկը նկատեց և մոտեցավ Գինոսին.

– Ի՞նչ ես մտածում:

Գինոսը հոգոց հանեց և ասաց.

– Մի արջի թակարդ առա, դրեցի հավանոցի դիմաց, որ աղվեսին բռնի: Աղվեսը մտավ, թաթը կտրվեց, բայց բոլոր հավերին կոտորեց: Հիմա մտածում եմ՝ ո՛նց բռնեմ:

– Ես խփել եմ,- ասաց Ռոմիկը:

– Թաթը կտրա՞ծ էր,- զարմացած հարցրեց Գինոսը:

– Այո,- ասաց որսորդը,- կտրած թաթը կտաս և վերջ:

– Ի՞նչ պիտի անես:

– Միությունը մորթին առանց թաթի չի ընդունի:

– Թակա՞րդն ինչ անեմ,- ասաց Գինոսը:

– Տուր ինձ, ի՞նչ պիտի անես: Արջ կբռնեմ:

Ռոմիկը սակարկեց, և համաձայնության եկան:

– Որ արջ բռնես, ի՞նչ կտաս:

– Տասը կիլոգրամ արջի միս, մի թեյի բաժակ էլ արջի յուղ:

Գրազը կտրեցին և գնացին Գինոսի տուն: Թակարդն էլ տվեց, աղվեսի թաթն էլ, և վերջացավ:

Մի ամիս էլ անցավ: Գինոսը սովորականի պես գնաց գրասենյակի բակը՝ զրույց անելու: Երբ տեղ հասավ, տեսավ՝ գյուղացիք բոլորը գնում են դեպի Ռոմիկի տուն:

– Ո՞ւր են գնում,- զարմացած հարցրեց Գինոսը մեղվաբույծ Բագրատին:

– Գնում են արջի միս առնելու:

Գինոսն էլ ուզեց գնալ:

– Ո՞ւր ես գնում,- հարցրեց Բագրատը:

– Գնում եմ միս առնելու:

– Մեղր կեր,- առաջարկեց Բագրատը,- տեսնում ե՞ս ինձ. կյանքում չեմ հիվանդացել:

– Մեղր որտեղի՞ց, որ ուտեմ,- ասաց Գինոսը:

– Ա՛ռ:

Գինոսը տեսավ՝ խոսելն իզուր է, ճանապարհվեց Ռոմիկի տուն ու երեք րոպեից հասավ: Բացի իրենից, բոլորն այնտեղ էին ու բոլորը գոռում էին.

– Ռոմի՛կ, ի՛նձ տուր…

Խեղճ Ռոմիկը փորձում էր հանդարտեցնել.

– Սպասե՛ք, բոլորին կտամ:

Շտապում եմ հիշեցնել, որ մեջքի ու ոտքերի ցավի միակ դեղը արջի ու խլուրդի միսն է:

– Ինձ չմոռանաս,- կանչեց Գինոսը:

Ռոմիկը դիմեց հավաքվածներին.

– Հարգելի՛ ժողովուրդ, արջին բռնեցի Գինոսի օգնությամբ. թակարդը տվեց, ես էլ բռնեցի: Առաջինը պետք է տամ Գինոսին, խոսք եմ տվել:

Կշռեց, տասը կիլոգրամ միս և մի թեյի բաժակ յուղ տվեց Գինոսին:

– Ես պրծա,- ասաց Ռոմիկը:

Գինոսը վերցրեց ու գնաց տուն: Ճանապարհին հանդիպեց հարևան Վառինկային:

– Հարևան ջան,- ասաց,- գիտեմ՝ մեջքդ ցավում է: Արի հինգ կիլոգրամ արջի միս տամ, փողը տուր:

Վառինկան «ապրես» ասաց ու փողը տվեց:

Գինոսը երգելով գնաց և ինքն իրեն ասաց. «Գինոսը թաց տեղ պառկողը չի: Թող աղվեսը սատկի. ես վնաս չեմ արել…»:

Ահա սրանք էին զանգեզուրցի կատակախոս Գինոսի արկածները:

ԱՐՋԻ ՍԵՐԸ

Մի ժամանակ ինքնաթիռի տոմս հայթայթելը դժվարացավ: Պատահում էր, որ ժամերով հերթ էինք կանգնում և տոմսի սպասում: Ինձ հարկավոր էր թռչել Դոնեցկ: Վաղ առավոտյան հասա քաղաքային ավիաընկերության շենքին և մնացի զարմացած. բոլոր ուղղություններով արդեն հերթեր էին գոյացել: Ես տեղ զբաղեցրի հիսուն տարեկան մի տղամարդու կողքին: Երևում էր, որ մեր հերթը ուշ կհասնի: Մենք գերադասեցինք մի կողմ քաշվել ու զրուցել: Ծանոթացանք և նստելով սպասասրահի նստարանին՝ սկսեցինք մեր զրույցը: Նա ներկայացավ.

– Սմբատ:

– Շատ ուրախ եմ,- ասացի ես և նույնպես ներկայացա:

Դրսում ուժեղ անձրև սկսվեց: Սմբատը լուսամուտից դուրս նայեց և ասաց.

– Կարճ է տևելու:

– Ինչի՞ց իմացաք,- զարմացած հարցրի ես:

-Այսքան տարի գյուղում ապրել եմ, դա էլ չիմանա՞մ: Մեզ մոտ ամեն ինչ կիմանաս. մեր անտառը հատուկ է, ամեն ինչ կա՝ տարբեր գազաններ, թռչուններ, տարբեր տեսակի պտուղներ, հատապտուղներ և այլն: Դրանցից ամենակարևորը մոշն է, և հենց մոշից էլ վախենում եմ:

– Իսկ ինչո՞ւ եք վախենում:

– Պատճառ կա վախենալու:

Եվ սկսեց պատմել. «Խաղաղ ու հանգիստ է մեր գյուղը, որ փռված է սարից իջնող ձորի ձախ լանջին: Ռելիեֆն անտանելի խորդուբորդ է ու քարքարոտ: Գյուղը բաժանվում է մի քանի փոքր ձորակների, որոնց լանջերին էլ կառուցված են գյուղացիների տները: Դրանք կառուցված են առանց նախագծերի ու խառը. ով որտեղ ցանկացել է կամ կարողացել: Մեծ մասը տնամերձ հողամաս չունի, որոշ մասն էլ, մեծ ծախսեր անելով, պատ է շարել, հող լցրել և մի կերպ մի քանի քառակուսի մետր հող ստեղծել: Տնամերձ հողամասում տնկում են թթենիներ, որոնց պտուղը և՛ ուտում են, և՛ օղի են թորում, իսկ ավելի խելոքները դրանից մուրաբա են եփում կամ դոշաբ. մի խոսքով՝ շատ եկամտաբեր է: Գյուղից ներքև՝ անմիջապես ձորում, մի վարար աղբյուր կա: Բխում է հսկա ժայռի տակից և հոսում դեպի մեծ գետը: Աղբյուրի ջրերը ժամանակ առ ժամանակ վարարում են կամ դանդաղում: Հնում մարդիկ պատճառաբանում էին, թե վիշապ կա ընդերքում. երբ ջուր է խմում, պակասում է, երբ հագենում է, շատանում է: Ավելի երիտասարդները կապում էին ծովի մակընթացության ու տեղատվության հետ: Այնտեղ մինչև հիմա էլ ջուրը հոսում է, իսկ գաղտնիքը մնացել է անհայտ: Աղբյուրը կոչվում է «ներքին»: Գյուղի արևելյան մասում գտնվում է Պետրոսենց աղբյուրը, որը կառուցել է գյուղի մեծահարուստ Պետրոսը: Աղբյուրի վրա կառուցված է բարձր կամարաձև ծածկ, որտեղ ծորակ կա և նավակաձև տաշտ` անասուններին ջուր տալու համար: Մեր տունը գտնվում է գյուղի արևելյան մասում: Մեր բակից հիասքանչ տեսարան է բացվում: Գյուղի դիմաց անտառներ են, որոնք շարունակվում են մինչև սարերը, իսկ բարձունքից այդ ամենը հսկում է Խուստուփ լեռը: Անտառները հարուստ են ամենատարբեր պտուղներով` տանձ, խնձոր, սալոր, զկեռ, հոն, իսկ բացատներում մոշի թփեր են աճում: Մոշից ստանում են գինի, հյութ, մուրաբա, նաև թարմ վիճակում ուտում են: Այդ է պատճառը, որ գյուղացիներն անընդհատ կրում են դույլերով կամ հենց տեղում գործած զամբյուղներով: Մոշի հասնելու ժամանակը հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսն է: Այդ ընթացքում հասնում են նաև տանձը, խնձորը, սալորն ու հոնը:

Մեր ընտանիքում չորս հոգի էինք` հայրս, մայրս, ես և փոքրիկ քույրս: Հայրս աշխատում էր պղնձի հանքում: Նա առավոտը ծեգին գնում էր և վերադառնում, երբ մութն ընկած էր լինում: Մայրս կոլտնտեսությունում էր աշխատում և տան գործերն էր անում: Ես ընդամենը տասը տարեկան էի, օգնում էի մորս, ինչով կարողանում էի, իսկ քույրս` Ծաղիկը, վեց տարեկան գեղեցկուհի էր. նրա գործը խաղն էր:

Մի արևոտ օր, երբ արևը թեքվեց, մայրս ասաց.

– Սմբա՛տ, դույլերը վերցրու, գնա մի քիչ մոշ բեր, ուտենք. հայրդ էլ կուրախանա:

Ես վերցրի դույլերը և ուզում էի ճանապարհվել, նույն րոպեին քույրս եկավ` քրտնած ու թափթփված: Տեսնելով, որ մոշի եմ գնում, սկսեց քրթմնջալ, թե՝ «Ես էլ եմ գալիս»: Տեսա՝ ճար չկա, ասացի, որ շորերը շուտ փոխի և առաջ անցնի: Մի քանի րոպեից մարտական վիճակում էր: Մայրս տագնապով նայեց քրոջս և զգուշացրեց.

– Սմբա՛տ, զգույշ մնա, հազար ու մի փորձանք կա, աչքդ քրոջդ վրա պահիր:

Մենք ճանապարհվեցինք, իսկ մայրս ինքն ասաց, ինքը լսեց: Գյուղից դուրս եկանք և շուտով հասանք անտառ: Սկզբից թփուտներ էին, հետո՝ խիտ անտառ: Ճանապարհի եզրերին լիքը զկեռի ծառեր էին, բայց զկեռը դեռ չէր հասել: Ծաղիկը քաղում էր և խեղդվելով դեն շպրտում:

– Մի՛ քաղիր,- սաստեցի ես,- դեռ հասած չեն:

Մենք առաջացանք: Ճանապարհի ձախ կողմում՝ փոքրիկ բացատի կենտրոնում, մի տանձենի կար. վրան հատուկենտ տանձ կար, բայց լավ հասած չէր, իսկ ավելի հասածները թափվել էին ծառի տակ: Մենք հավաքեցինք և ուտելով առաջացանք: Հասանք մի մեծ բոխի ծառի, որի ճյուղերը կախվել էին ճանապարհի վրա:

– Իսկ ինչո՞ւ այս ծառի վրա տանձ չկա,- հարցրեց Ծաղիկը:

– Սա տանձենի չի, այլ բոխի. սա վառելու համար է:

Այսպես երեխայի նազուտուզով գնում էինք: Ճանապարհի ձախ կողմից բխում էր մի փոքր աղբյուր, որ կտրում-անցնում էր ճանապարհը: Աղբյուրին չհասած՝ նկատեցի եղնիկի փոքրիկ ձագին. նա զգուշությամբ ջուր էր խմում: Ես շշուկով ցույց տվեցի քրոջս, իսկ նա ասաց. «Ի՜նչ սիրուն հորթ է»: Մեզ նկատելով՝ եղնիկն իսկույն խլշեց ականջները և անհետացավ անտառի կողմը: Մենք ջուր խմեցինք, լվացվեցինք և անցանք առաջ: Արդեն հասնում էինք մոշի բացատը, աղվեսը կտրեց-անցավ ճանապարհն ու կանգ առավ: Նա հետաքրքրությամբ նայում էր մեզ: Ես շվացրեցի, և նա անհետացավ` քարշ տալով իր երկար պոչը: «Տեսնես ո՞ւմ շունն է: Ի՜նչ երկար պոչ ունի»,- նկատեց Ծաղիկը: Հասանք բացատ, որտեղ իրար հետևից շարված էին մոշի փարթամ թփերը: Հասած ողկույզները կախված էին և սպասում էին «հաճախորդի»: Թփերից այն կողմ մի տանձենի կար, որի տակ լիքը հասած տանձ էր: Մոշի թփերի արանքում տեղ-տեղ պնդուկի թփեր էին բարձրանում: «Իսկական արջի տեղ է. արջը տանձ ու մոշ է սիրում»,- մտածեցի ես և սկսեցի մոշ քաղել: Աչքի տակով զննում էի թփերը. մի հայացք ձգեցի տանձենու կողմը և վստահ, որ արջ չկա, շարունակեցի քաղել: Մտածում էի՝ դույլերը կլցնեմ, հետո կհանեմ վերնաշապիկս, տակը կկապեմ և տանձ կլցնեմ: Ծաղիկն օգնում էր ինձ: Հանգիստ էի, որ չի հեռանա ինձնից: Մի դույլը լցրեցինք, անցանք երկրորդին, Ծաղիկը սկսեց նվնվալ: Խնդրեցի, որ խաղա, միայն թե ինձ չխանգարի: Հենց այդտեղ էլ պատահեց դժբախտությունը: Ես չնկատեցի, թե Ծաղիկը ոնց անհետացավ: Մեկ էլ նայեցի, արդեն չկար: Սկսեցի տագնապով կանչել. արձագանք չկար: Մոշը թողեցի ու վազեցի փնտրելու: Ճակատագիրը չէր ժպտացել: Քույրս նստած էր տանձենու տակ՝ առաջը լիքը տանձ, իսկ արջը պտտվում էր շուրջը: Մարմնովս սարսուռ անցավ: Մազերս ոզնու փշերի պես կանգնեցին: Ուզում էի գոռալ, բայց ձայնս դուրս չեկավ: Լավ էր, որ դուրս չեկավ, թե չէ արջը քրոջս էլ կքրքրեր, ինձ էլ: Ինձ հավաքեցի, պահ մտա թփերի հետևում և սկսեցի մտածել: Մեր գյուղում այդպիսի դեպքեր շատ էին պատահում: Արջը փախցնում էր աղջիկներին կամ կանանց և տանում անտառ: Օրերով ման էին գալիս, բայց չէին գտնում. կամ էլ գտնում էին կիսախելագար վիճակում: Միակ սփոփանքն այն էր, որ չէր ուտում, ուղղակի սիրում էր նրանց հետ խաղալ: Դա ինձ սրտապնդեց: Իմ թաքստոցից սկսեցի հետևել արջի շարժումներին: Մեկ էլ նա կանգ առավ ու սկսեց նայել քրոջս: Ոտքերս թուլացան: Մտածեցի. «Հիմա կվերցնի ու կմտնի անտառը. դե արի ու ձեռքից առ»: Իսկ քույրս կարծես մանկապարտեզում լիներ. իր համար խաղում էր առանց վախի: Արջը հավաքեց ծառի չոր ճյուղերը և սկսեց ցանկապատել քրոջս շուրջը: Հետո մի քանի ծաղիկ պոկեց և անկանոն կերպով շպրտեց նրա առջև: Ծաղիկը փնջեց ծաղիկները և արջի դիմաց պահելով՝ սկսեց հիանալ դրանցով: Արջը, առջևի թաթերի վրա նստած, անթարթ հետևում էր քրոջս շարժումներին: Մութն ընկնում էր, և իմ մատաղ հոգին սկսում էր վախով պատվել: Քրոջս թողնելն անմտություն էր, չթողնելն էլ անհնար էր. ի՞նչ անեի, գոնե հրացան լիներ, կամ մի մեծահասակ պատահեր: Լրիվ մթնեց: Միայն բացատի լույսն էր մի քիչ պահպանվում: Լուսինը դուրս եկավ և լուսավորեց ողջ աշխարհը: Քույրս քնել էր, արջի աչքերն էլ սկսեցին կամաց-կամաց փակվել: Իմ մտքում մի հույս ծագեց. արջը կքնի, ու ես կփախցնեմ քրոջս: Արջը քնեց: Համոզվելով, որ քնած է, ես զգուշությամբ մոտեցա, վերցրի քրոջս և ետ նայելով անհետացա: Իմ բախտից էր. քույրս ոչ մի ձայն չհանեց: Երբ հասա բացատի ծայրին, կանգ առա և մտածեցի՝ ուղիղ գնա՞մ, թե՞ կարճ ճանապարհով: Իմ հաշվարկով անկյունագծային ճանապարհը ձեռնտու էր: Ես մտա անտառ: Հենց այդտեղ էլ սխալվեցի: Մոտ հինգ հարյուր մետր անցնելուց հետո պետք է դուրս գայի գլխավոր ճանապարհը, բայց ավաղ, դուրս չեկա: Հարյուրավոր արահետներ են մտնում անտառ, որոնք նորից վերջանում են անտառում: Հազվագյուտ ճանապարհ, որ դուրս գա մյուս կողմից: Այսպիսով՝ ինձ հետ կատարվեց վատթարագույնը. ես մոլորվեցի: Երեխան ուսիս՝ մնացի շիվար կանգնած: Հաշվի առնելով, որ ջուրը դեպի ցած է հոսում, իսկ գյուղը գտնվում է ցածում, սկսեցի քայլել ձորակի կողքով, որտեղով մի քիչ ջուր էր հոսում: Ձորի երկու կողմը ցեխ էր, որը դժվարացնում էր քայլելը: Անցա ձորը, փորձեցի բարձրանալ դեպի գլխավոր ճանապարհը, բայց իզուր: Հաճախ ընկնում էի ցեխի մեջ, դրան էլ ավելացավ արթնացած քրոջս լացը: Ես ստիպված վերադարձա ձորի ձախ կողմը և սկսեցի քայլել ձորին զուգահեռ: Քույրս լացում էր և ուտել էր ուզում: Մի կերպ հանգստացրի, թե շուտով կհասնենք տուն, կուտենք: Հայտնի չի, թե ինչքան անցանք, բայց ճանապարհ դուրս գալու ոչ մի նշան չերևաց: Չորս կողմը մութ անտառ էր: Անտանելի հոգնեցի և քրոջս մի կերպ համոզեցի, որ իջնի, ոտքով գա: Ձեռքից բռնած քայլում էի և պատկերացնում մորս դրությունը: Միաժամանակ ականջս ձայնի էր. թե հայրս գործից եկել էր, ուրեմն փնտրում էր մեզ և ուր որ է անպայման կկանչեր: Այս մտքերով քայլում էի ձորն ի վար՝ հաստատ համոզված, որ դուրս կգամ անտառից: Բայց դրությունս ավելի վատացավ: Քույրս նորից քնեց, ստիպված գրկեցի ու սկսեցի դժվարությամբ առաջ գնալ: Լույս չլինելու պատճառով գնում էի ջրի ձայնին զուգընթաց: Հասա մի մեծ կաղնու: Ջուրն իննսուն աստիճանի տակ թեքվում էր դեպի ձախ: Ընկա մտածության մեջ՝ ուղիղ գնա՞մ, թե՞ ջրի հոսքի հետ: Ընտրության համար ժամանակ չեղավ: Ջրի մյուս կողմից ճրագներ երևացին: Լսել էի, որ գիշերը գայլերի աչքերը ճրագների պես լույս են տալիս: Նրանք գալիս էին դեպի մեզ: Իսկույն անցա ծառի ետևը և սկսեցի դողալ: Գայլերը հասան ու շուռ եկան ջրի կողմը: Ես այլևս ելք չունեի: Եթե գնայի ջրի ուղղությամբ, կարող էի գայլերին հանդիպել, ուրիշ ճանապարհ էլ չգիտեի, դրա համար գերադասեցի մնալ տեղում, մինչև լուսանար: Քրոջս դրեցի ծառի տակ, իսկ ես արթուն պահակի պես սկսեցի հսկել նրան: Գիշերվա մի ժամի բուի կռնչոց լսեցի, որ տարածվեց անտառով մեկ և խախտեց լռությունը: Վախից կուչ եկա և կպա քրոջս: Տեսա, որ քունս հաղթում է, նստեցի գետնին, երեխային դրեցի ծնկներիս ու քնեցի: Շատ էի քնել, թե քիչ, միայն Աստված գիտի, մեկ էլ մի ձայն ինձ արթնացրեց: Ինձանից ներքև ծառերի արանքից գռմռոց էր գալիս: Լեզուս կապվեց, չէի կարողանում ձայն հանել: Գայլերն ինչ-որ կենդանու հետ կռիվ էին տալիս: Գայլերի գռմռոցն էր լսվում և այդ կենդանու մռլնգոցը, որ նման էր կովի կամ մոզու ձայնի: Շուտով կենդանու ձայնը կտրվեց, միայն ատամների չխկչխկոց էր լսվում: Դողալով սպասում էի մեր վերջին: Փորձեցի քրոջս բարձրացնել, բայց թևերս չէին ենթարկվում: Գայլերը լռեցին. նշանակում էր՝ մեր հերթն էլ հասավ: Գիշերվա խավարի մեջ խարխափելով մի փայտ գտա ու ձեռքիս պինդ բռնած՝ սպասում էի գայլերին: Քիչ հետո շողշողացին գայլի աչքերը: Ես տեղում քարացա: Նա գալիս էր ուղիղ ինձ վրա: Փայտը բարձրացրի ու անկախ ինձանից՝ խփեցի գլխին: Գայլը կաղկանձեց ու բռնեց փայտի ծայրից: Ես աշխատում էի փայտի ծայրն ազատել նրա բերանից: Այդ պահին քրոջս մոռացել էի: Նա արթնանալով տեսավ մեր կռիվը և այնպես ճչաց, որ գայլը բաց թողեց փայտն ու փախավ: Մենք փրկված էինք:

– Այդ անպետք շունն ո՞ւմն էր,- սարսափն աչքերին՝ հարցրեց Ծաղիկը:

Ես նրան հանգստացրի, և այլևս չքնեցինք: Բախտներս բերեց, որ գայլերը սոված չէին: Իսկ թե ինչ եղավ մյուս գայլը, գաղտնիք մնաց: Սկսեց լուսանալ: Ծառերի արանքից շողացին արևի ճառագայթները: Քույրս սկսեց թնգթնգալ.

– Սոված եմ, համ էլ մրսում եմ:

Առավոտվա սառը օդը նեղում էր: Ես գիտեի, որ արևը ծագում է մեր գյուղի հարավային կողմից: Արևի շողերով որոշեցի գյուղի ուղղությունը, և սկսեցինք քայլել այդ ուղղությամբ: Շուտով անտառից դուրս եկանք: Արդեն պարզ երևում էր գյուղի ճանապարհը: Ես խոր հոգոց հանեցի և ինքս ինձ համար կրկնեցի. «Ուրեմն փրկվեցինք»: Դուրս գալով գլխավոր ճանապարհը՝ նկատեցի, որ գյուղի կողմից մի խումբ մարդիկ են գալիս: Առջևից հայրս էր. մեզ տեսնելով՝ տեղում մեխվեց: Մենք ընդառաջ վազեցինք և փաթաթվեցինք հորս: Նրա աչքերը թացացել էին. երբեք չէի պատկերացնի, որ հայրս կարող է լացել: Ծաղիկը կցկտուր պատմեց մեր գլխով անցածը: Հայրս գրկեց ինձ և համբուրելով ասաց.

– Ապրե՛ս, տղա՛ս, դու իսկական տղամարդ ես:

– Սմբա՛տ, բա մեր մոզին չտեսա՞ր,- հարցրեց Մովսես քեռին:

Ես պատմեցի գիշերվա դեպքը և ասացի.

– Երևի ձեր մոզին փրկեց մեր կյանքը:

Վերադարձի ճանապարհին հայրս պատմեց.

– Աշխատանքից եկա, տեսա՝ մայրդ լաց ու շիվան է անում: Պարզվեց, որ դուք չեք եկել: Մեր հարևան Գաբրիելին խնդրեցի՝ հրացանը վերցնի, և միասին շնչակտուր հասանք բացատ, որտեղ գտանք ձեր ոտնահետքերը: Մենք սկսեցինք բարձր ձայնով կանչել ձեզ, մեկ էլ զգացի՝ ուսիս վրա մի ծանր թաթ է: Գաբրիելն իսկույն նկատեց և կրակեց ուղիղ բերանի մեջ: Արջն ընկավ և ինձ էլ հետը տարավ: Գաբրիելի օգնությամբ հազիվ պոկվեցի արջի ճանկերից ու վեր կացա: Արջը շունչը փչեց: Դա մի քիչ մեզ հուսադրեց: Մտածեցինք՝ ուրեմն երեխաները արջին տեսել են ու փախել. նշանակում է՝ կենդանի են: Երկար փնտրելուց և կանչելուց հետո ոչ մի հետք չգտնելով՝ վերադարձանք տուն՝ այն հույսով, որ լույսը բացվի, նորից գանք փնտրելու:

Հայրս վերջացրեց և խոր հոգոց հանեց: Մենք վերադարձանք տուն: Մայրս դիմավորեց մեզ ու սկսեց արտասվախառն համբուրել: Ծաղիկը նայեց մորս ու հարցրեց.

– Մայրի՛կ, ինչո՞ւ ես լացում, մենք հո չե՞նք մեռել:

Բոլորը ծիծաղեցին: Հայրս անմիջապես ոչխար մորթեց, և սկսվեց ուրախությունը…»:

Սմբատը վերջացրեց պատմությունը և հոգոց հանեց. ինչեր ասես, որ չեն պատահում գյուղում: Մենք վեր կացանք և մոտեցանք տոմսարկղին: Արդեն մեր հերթն էր. տոմսերն առանք ու հրաժեշտ տվեցինք իրար: Սմբատն ասաց.

– Ժամանակ ունենաս, համեցիր: Գյուղում հետաքրքիր բաներ շատ են լինում…

ՄԻ ԴԱՌԸ ՊԱՀ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ես` Արամայիս Սավադի Խալաֆյանս, ծնվել եմ Ղափանի շրջանի Գեղանուշ գյուղում։ Ոմն իմաստուն ասել է. «Ծնվում են ակամա, ապրում զարմանքով, մեռնում կարոտից»։ Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես ծնվել եմ ակամա, դեկտեմբերին, որը տարվա ամենադաժան ամիսն է։ Այդ է պատճառը, որ ամբողջ կյանքս դրված է եղել անհավասար նժարների վրա։ Մայրս պատմում էր, որ երբ երեք տարիս լրացել է, հիվանդացել եմ կարմրուկով, որը տևել է քառասուն օր, և շատ ծանր եմ տարել։ Հարազատներս ու հարևանները մի քանի անգամ մտքով հուղարկավորել են ինձ։ Վերջապես Սադայելը բացել է մատները և թողել կոկորդս։

Այն օրվանից Աստված ձեռքը դրեց ինձ վրա և սկսեց տնօրինել իմ կյանքը՝ տանելով ինձ կյանքի ամենատարբեր, խորդուբորդ ճանապարհներով։ Կյանքի հորձանքներն ինձ իրենց մեջ առան և սկսեցին ափից ափ նետել` զարկելով ժայռերին։ Ամեն մի ալեկոծությունից հետո շունչ էի առնում և նորից պատրաստվում պայքարի։ Մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը կյանքն այս կերպ է պատկերել. մի խոր փոս լիքն է օձերով, իսկ փոսի պատն ի վեր բարձրանում է մասուրի թուփը։ Մարդը մի ձեռքով կառչել է թփից, մյուսով ձգտում է վեր բարձրանալ, որպեսզի փրկի իր կյանքը: Ցած իջնել չի կարող: Մնում է սպասել ճակատագրի քմահաճույքներին…

Ես վայելում էի իմ անորոշ դրությունը: Ճակատագիրը հրամայաբար ուղեկցում էր ինձ՝ տանելով իր ուզած ճանապարհով: Ես հնարավորություն չունեի ընտրելու իմ նախասիրած մասնագիտությունը և գնում էի միայն հաց հայթայթելու ճանապարհով: Այդպես էլ չիմացա, թե Աստված ինչ ընդունակություններ է տեղադրել իմ ուղեղի վանդակներում: Ես անցա սևագործ բանվորից մինչև շինարարության ավագ ինժեների ճանապարհը: Չեմ պատրաստվում պատմել իմ կյանքի ողջ պատմությունը, քանզի շատ երկար է, և ձեր համբերությունը չի բավարարի կարդալու այն: Ժամանակի պահանջներն ինձ տարան դպրոց և նետեցին երեխաների ժխորի մեջ: Եթե մեկն ուզում է անիծել իր թշնամուն, թող այսպես արտահայտվի. «Անիծում եմ՝ դպրոցում աշխատես»:

Դպրոց գնալուս պատճառը հետևյալն էր: Տիրապետելով տարբեր մասնագիտությունների՝ անմասն չէի մնացել նաև ստեղծագործելուց: Իմանալով, որ դպրոցում արհեստանոցներ կան, համաձայնվեցի ստանձնել դպրոցի տնօրենի՝ տնտեսական գծով տեղակալի պաշտոնը` այն հույսով, որ ազատ ժամանակ կունենամ արհեստանոցում զբաղվելու: Բայց դա ինձ չհաջողվեց: Դպրոցը նորակառույց էր, և աշխատանքն այնքան շատ էր, որ ուրիշ զբաղմունքի մասին երազել անգամ չէի կարող: Ամեն ինչ հաջող էր ընթանում: Ցավոք, հաջողությունն ու անհաջողությունն ընկերներ են և իրար հրմշտելով՝ մարդկանց վզով են ընկնում:

Վատ ժամանակներ էին: Հայ ժողովուրդը ոտքի էր կանգնել իր անկախության համար: Թողնելով առօրյա հոգսերն ու գործերը՝ բոլորը վազում էին Ազատության հրապարակ` անկախության պահանջով: Չպատկերացնելով հետագա բարդությունները՝ մարդիկ լքում էին գործարանները՝ դրանք անտերության մատնելով, ոմանք էլ, օգտվելով առիթից, քանդում էին հաստոցների կարևոր մասերը և վաճառում հանուն իրենց շահի: Չմոռանանք նաև Ղարաբաղի հարցը: Անկախության շրջանակները քանի գնում, նեղանում էին՝ իրենց հետ բերելով շրջափակում, սով և կյանքի այլևայլ անբարենպաստ պայմաններ: Շուտով կանգ առան գնացքները, դադարեցին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջեռուցումը և գործարանների աշխատանքը: Հետո վրա հասավ ձմեռը և առանց հաշվի նստելու մարդկանց հետ՝ փռեց ձյունն ու մտավ իր պարտականությունների մեջ: Բոլոր շենքերի խողովակաշարերը սկսեցին սառչել ու պայթել: Բնակարանները տաքացնելու համար ստիպված կտրտում էին շրջակայքում աճած հարյուրավոր ծառեր: Պակասեցին բոլոր տեսակի մթերքները: Մարդիկ կորցրին իրենց կյանքի երբեմնի բարվոք պայմանները: Տեղին է հիշել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին. «Սովը եկավ, սովի հետ ցավ, ծաղկած երկիրն ամայացավ…»: Այս ամենից անմասն չմնացի նաև ես: Այն դեպքում, երբ մարդիկ զբաղվում էին միայն իրենց ընտանիքի հոգսերով, ես ստիպված էի հոգալ նաև յոթ մասնաշենք ունեցող դպրոցի հոգսը: Ջեռուցման բացակայության պատճառով շարքից դուրս էին եկել խողովակաշարը, մարտկոցները և սառը ջրի գծերը: Զոդող վարպետի օգնությամբ ստիպված էինք նորոգել վնասված մարտկոցները: Սառնամանիքն ավերիչ ազդեցություն թողեց իմ առողջության վրա: Դրան գումարվեց նաև այն պատահմունքը, որը կներկայացնեմ ձեր ուշադրությանը:

Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դպրոցում լուսավորություն չկար: Մի գեղեցիկ օր մտա դպրոցի միակ փակ ունեցող զուգարանը՝ կարիքս հոգալու: Զուգարանում լույս չկար: Խարխափելով մտա, դուռը ծածկեցի և կանգնեցի կոնքաթասի առջև: Մի մարմին փափուկ ընկավ մեջքիս: Մտածելով, որ մուկ է կամ առնետ, թափ տվեցի, որ վրայիցս ընկնի, բայց չընկավ: Երկրորդ անգամ փորձեցի. ապարդյուն: Երրորդ անգամ մարմնովս սարսուռ անցավ: Ես բացեցի դուռը և ստուգեցի թշնամուս ինչ լինելը: Պարզվեց, որ հատակ մաքրելու փայտն էր: Տեխաշխատողն այն դրել էր անկյունում, և երբ դուռը փակել էի, ազատվել էր դռան ճնշումից ու ընկել թիկունքիս: Ես սկսեցի ծիծաղել և պատմեցի ընկերներիս: Բայց վախը իր գործն արել էր: Մի որոշ ժամանակ անց զգացի, որ ձախ ոտքս քարշ է գալիս ու քայլելիս ինձ չի ենթարկվում: Սկսեցի անհանգստանալ: Բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել վախ չափողին: Գագիկ անունով մեկը վախ էր չափում: Իմանալով հասցեն՝ ներկայացա և փորձեցի ներս մտնել: Առանձնատան բակում կանգնած էին տարբեր հասակի և գեղեցկության կանայք: Նրանք բացել էին իրենց բամբասանքի տուտը և աշխույժ ծիծաղում էին: Ինձ տեսնելով` զգաստացան, և միջին տարիքի գեղեցկադեմ մի կին դիմեց ինձ.

– Եղբա՛յր, նե՛րս գնացեք:

Ես շնորհակալություն հայտնեցի ու ներս մտա: Ինձ ընդունեց քառասունին մոտ մի տղամարդ  և առաջարկեց նստել: Մոտավորապես իմանալով պատճառը` բերեց ջրով լի թասը, պահեց գլխավերևս և հալած մոմը լցրեց մեջը: Մոմի կտորներն այս ու այն կողմ ցրվեցին և ինչ-որ բանի տեսք ստացան: Գագիկը նայեց պատկերին ու ասաց.

– Խիստ վախեցել ես:

Մոմի պատկերը հանելով ջրից՝ փաթաթեց թղթի մեջ ու տվեց ինձ: Բայց դա գործի մի մասն էր: Նա ասաց, որ ինձ վրա գիր են արել և այն կերցրել շանը. դրա հանելը դժվար կլինի, բայց ոչինչ, կգնամ, մի բան կանի: Ես քսանհինգանոցը դրեցի խաչի մոտ ու դուրս եկա: Քայլում էի ու մտածում` մարդիկ ի՛նչ պատճառով պիտի իրենց գործը թողնեին ու ինձ վրա գիր անեին: Դրանով վերջացավ իմ հիվանդության բուժման առաջին փուլը:

Որոշ ժամանակ անցավ: Մեր քաղաքում՝ Աբովյանում, պայթեցրին զինամթերքի կենտրոնական պահեստները: Երեկոյան կողմ էր. ընտանիքով պատշգամբում կանգնած՝ նայում էինք հրավառությանը: Հետո ավելի ուժեղ պայթյուններ սկսվեցին: Մենք ներս քաշվեցինք և պատսպարվեցինք ճաշասենյակում: Լսվեց բարձրախոսի ձայնը.

– Հարգելի՛ քաղաքացիներ, պայթյունների վտանգից խուսափելու համար խնդրում ենք առանց իրար խառնվելու ներկայանալ քաղաքապետարանի շենքի մոտ՝ ավելի ապահով վայր տեղափոխվելու նպատակով. ավտոբուսները ձեզ են սպասում:

Ես համառորեն հրաժարվում էի տնից դուրս գալուց, բայց կատարվեց անսպասելին: Ուժեղ պայթյունից բացվեցին պատշգամբի դուռն ու լուսամուտը: Ես արթնացա: Մի պահ մտքովս անցավ, որ կարող եմ ընտանիքիս նահատակման պատճառ դառնալ, և իսկույն համաձայնվեցի: Երբ տնից դուրս եկանք, զարմանքով նկատեցի, որ ձախ ոտքս էլի քարշ է գալիս: Շշուկով հայտնեցի ավագ որդուս, և դա մեր մեջ պահեցինք: Ամբողջ գիշեր, իրար վրա թափված, ավտոբուսներով գնում էինք Չարենցավան: Իմ բախտից ընտանիքիս անդամները բոլորը հասուն էին: Իսկ այնտեղ երեխաներ, ծերեր, հիվանդներ կային: Իրար օգնելով՝ լուսադեմին հասանք Չարենցավան: Ծանոթների տանը մի քանի ժամ հանգստանալուց հետո, տեղեկանալով, որ պայթյունները դեռ չեն դադարել, գնացինք Երևան: Հաջորդ օրը զգացի, որ ոտքիս վիճակն ավելի է վատացել: Այդտեղ էլ սկսվեցին իմ շրջագայությունները բժիշկների դռներով:

Վարազդատ անունով մեկը լուր էր տարածել, որ նման հիվանդություններ է բուժում, այն էլ չինական դեղերով, որն էլ գրավեց իմ ուշադրությունը: Երեք սեանս անցնելուց հետո նա հայտնեց, որ այդ դեղերը չեն օգնում, և գնում է Չինաստան՝ նորերը բերելու, որպեսզի բուժումը շարունակի: Տասն օրից վերադարձավ: Մի քանի անգամ ոտքս քարշ տալով փորձեցի հանդիպել, բայց ապարդյուն: Այդ ժամանակ գլխումս մի միտք ծագեց: Ձմռանը մի քանի անգամ պոչուկիս վրա ընկել էի. մտածելով, որ այդ հատվածում վնասվածք կարող էր լինել, դիմեցի հին ընկերոջս, որը կոտրված ու խախտված ոսկորներ էր բուժում: Նա ապրում էր Սոլակ գյուղում: Երբ հասա նրա մոտ, պարզվեց, որ նա ինքն օգնության կարիք ունի: Անտրամադիր վերադարձա կառամատույց և սպասում էի գնացքի ժամանմանը: Այնտեղ հանդիպեցի վաղեմի ծանոթներիցս մեկին, որը ցավով նկատեց իմ կաղալն ու հարցրեց, թե ինչ է պատահել: Ես սկսեցի բողոքել, որ ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել: Մեր դիմաց կանգնած ալեհեր մարդը խոսակցության մեջ մտավ և ասաց.

– Ինչո՞ւ եք հոգնակի խոսում, Դուք ինձ դիմե՞լ եք:

Երեք օր անց կանգնած էի նրանց բնակարանի դռան առաջ: Կինը բացեց դուռը և ներս հրավիրեց: Զննելուց հետո բժիշկը հայտարարեց, որ լրիվ բուժել չի կարող, բայց հիվանդության ընթացքը կկանգնեցնի: Նախապես պետք է հազար ռուբլի մուծեի, իսկ մնացածի մասին հետո պիտի խոսեինք: Ես դուրս եկա՝ մտածելով, որ դա ոչ թե բժիշկ է, այլ շառլատան: Հրաժարվելով նման բուժումից՝ այցելեցի բժիշկ Կոշտոյանին, որն էլ շատ ճիշտ արտահայտվեց` ասելով, որ իմ հիվանդությունն իր խելքի բանը չէ, և ուղարկեց նյարդաբան, դոցենտ Դադիվանյանի մոտ: Զննելուց հետո վերջինս ստացիոնար բուժում առաջարկեց: Մենք խնդրեցինք նշանակումները տանը կատարել, քանի որ կինս բուժքույր է: Տասնհինգ օր ընդունեցի բոլոր նշանակումները և ոչ մի փոփոխություն չզգալով՝ մտածեցի, որ բուժումը սխալ է, ուստի հրաժարվեցի շարունակությունից: Լուր ստացա Նոր Հաճնի առողջարանից, թե ոմն էքստրասենս-բժշկուհի՝ Հասմիկ անունով, հենց այդպիսի հիվանդություններ է բուժում: Ահա կանգնած եմ բժշկուհու առաջ և հետևում եմ նրա ցուցումներին. «Հանեք մետաղյա իրերը և նայեք մատներիս ծայրերին, փակեք աչքերը…»: Հետո ձեռքը տարավ մարմնիս զուգահեռ և թելադրեց ախտորոշումը.

– Ճակատի ներվի բորբոքում, կոկորդի բորբոքում, սրտի ձախ նախասրտի անբավարար աշխատանք, լյարդի խիստ բորբոքում, գոտկատեղից մինչև ոտքերի ծայրերը խիստ աղային կուտակումներ:

Ես առարկեցի.

– Մնացածի հետ ինչ-որ չափով համաձայն եմ, բայց լյարդիցս երբեք չեմ բողոքել:

– Դա ճիշտ է, բայց Ձեզ մոտ անբավարար են գործում լյարդը սնուցող օրգանները:

Հարցերը վերջացան: Նա գրեց դեղատոմսը և տվեց ինձ՝ չմոռանալով հիշեցնել, որ պետք է մասնակցեի տասը սեանսի: Սեանսներն անց էին կացվում երեկոյան, ընդհանուր կարգով: Դեղատոմսի բովանդակությունը հետևյալն էր. երեք օր հացադուլ անել՝ խմելով քսան կիլոգրամ խնձորի հյութ, կես լիտր զեյթունի ձեթ և երկու հարյուր գրամ գերչակի յուղ: Երեք օր անց խմել ամենատարբեր մրգերի և բանջարեղենի հյութեր: Հացադուլի պայմանները կատարելուց հետո ներկայացա և մասնակցեցի սեանսին, որի բովանդակությունը սա էր. հանում էինք մետաղյա իրերը, նստում աթոռներին, փակում աչքերը և կրկնում այն, ինչ լսում էինք բժշկուհու բերանից: Նա սկսում էր գլխից և վերջացնում ոտքի ծայրերով: Կրկնելով բոլոր օրգանների անունները՝ ասում էինք. «Իմ օրգանները չեն ցավում և հանգիստ են»: Ես հաճախ ծիծաղում էի՝ նկատողություն ստանալով: Ճակատագիրն առանց ինձ հարցնելու իր պայմաններն էր թելադրում: Երեք սեանսից հետո բժշկուհին հայտարարեց.

– Մոսկվայի հիվանդները պահանջել են… Տասն օրից կվերադառնամ:

Այդ օրը վերջին սեանսն անցկացրինք: Մոսկվայից վերադարձավ վատառողջ վիճակում: Մի քանի անարդյունք այցելությունից հետո ստիպված էի հրաժարվել:

Շուտով սկսվեցին ձմեռային ցրտերը: Ապահովության համար ձեռնափայտ վերցրի: Ձմեռվա կեսին Երևանից լուր եկավ, որ ֆիզիոթերապիայի ինստիտուտի սենյակներից մեկում չինացի ասեղնաբույժները տարբեր բուժումներ են կատարում: Թարգմանչի օգնությամբ բժիշկը խոստացավ տասը սեանսից հետո վերականգնել դրությունս: Ամեն օր սառնամանիքին որդուս ուղեկցությամբ գնում էի սեանսի՝ մեջքիս ու ոտքերիս տասներկուսից տասնյոթ ասեղ ստանալով: Տասներորդ սեանսից հետո ասաց.

– Քո հիվանդությունը բարդ է, հարկավոր է ամռանը բուժել:

Մենք հրաժեշտ տվեցինք և վերադարձանք տուն՝ այնտեղ թողնելով մեկ տարվա աշխատավարձս: Հիվանդությունս քանի գնում, բարդանում էր: Դպրոցում աշխատանքի ուսուցման դասաժամեր էլ ունեի: Երեխաները հետաքրքրվում էին իմ առողջությամբ: Պարզվեց, որ աշակերտներիցս մեկի հայրը բուժումներ է անում:

Ահա և նրա՝ Վարոյի առանձնասենյակում ենք: Նա հարցուփորձ արեց և ասաց.

– Դուք անվախ եք: Դա ուրիշ հիվանդություն է: Ձեր ներվը կպել է: Մենք պետք է աշխատենք բացել այն:

Ըստ Վարոյի` ինքն արևից ճառագայթներ էր ստանում և հաղորդում մարմնին: Ի տարբերություն մյուս բժիշկների` Վարոն որոշ ճիշտ բաներ ասում էր: Սեանսի ժամանակ մարմնիս որոշ մասերում կծկծոց էի զգում: Նա առանց ինձ հարցնելու ասում էր, թե որ մասն է կծկծում: Հենց այդ երևույթն էլ ինձ խաբեց: Երկուսուկես ամիս հաճախելուց հետո ստիպված հրաժարվեցի, իսկ վիճակս ավելի վատացավ: Ամենասարսափելին այն էր, որ աջ ոտքս նույնպես սկսեց թուլանալ: Բանը հասավ նրան, որ մերոնք համոզեցին պառկել հիվանդանոցում:

«Էրեբունի» հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում ենք: Բաժնի վարիչն ու բուժող բժշկուհին զննեցին ինձ և գրեցին ընդհանուր եզրակացությունը. «Տարածված սկլերոզ, աղային կուտակումներ, նյարդերի բորբոքում, կասկածներ ուղեղի վերաբերյալ…»: Ստուգումներից պարզվեց, որ բոլոր կասկածներն անհիմն են, դրա համար էլ բուժում էին, ինչպես ուզում էին: Մեկ ամիս բուժվելուց հետո վիճակս ավելի վատացավ: Ստիպված դուրս գրվեցի: Բժշկուհին ինձ համոզում էր.

– Մի քիչ լավացել ես, չէ՞:

Ես բարկացած պատասխանեցի, որ ավելի եմ վատացել: Մենք  իրարից դժգոհ բաժանվեցինք: Տուն վերադարձա խիստ անտրամադիր և չգիտեի ինչ անել: Մտածում էի առողջարան գնալ: Սակայն դրությունը վատ էր, ճանապարհները՝ փակ: Տեղեկացանք, որ Հայաստանի գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Ժամկոչյանը հիվանդների իննսունինը տոկոսին բուժում է. առողջ են ու գոհ: Դժբախտաբար ես մտա այն մեկ տոկոսի մեջ:

Պրոֆեսորի առանձնասենյակում ենք: Բուժող բժիշկ, դոցենտ Ժորեսի հետ զննեցին ու ցավոք ասացին.

– Ավելի լավ չէ՞ր՝ գլխիդ մեջ ուռուցք լիներ. կհանեինք, կվերջանար:

Մեկ ամիս բուժվեցի, դարձյալ ապարդյուն: Պատերից բռնվելով էի քայլում: Ստիպված դուրս գրվեցի, և ինձ տուն բերեցին: Ծանոթներից հենակներ խնդրեցինք, ու սկսեցի տան մեջ պատից պատ քայլել: Լուր ստացանք, որ Հոկտեմբերյան քաղաքի հիվանդանոցում Էրիկ անունով մի բժիշկ տարբեր հիվանդություններ է բուժում: Հեռախոսով կապվեցինք. խոստացավ բուժել: Եվ ահա Հոկտեմբերյանում ենք: Մեկ շաբաթ մեջքս ջարդուխուրդ անելուց հետո պարզվեց, որ էլի իզուր անցավ: Քսաներկու հազար մուծեցինք ու վերադարձանք: Վերադարձի օրը իմ հիշողության մեջ մնաց որպես ամենավատը կյանքիս օրերից: Աշխարհում հրաշքներ շատ են լինում: Այդ օրը նույնպես եղավ: Ըստ տեղի բնակիչների՝ Հոկտեմբերյանում ձյունը գաիս է դեկտեմբերին կամ հունվարին, բայց այս անգամ էլ ճակատագիրը դավաճանեց ինձ: Նոյեմբերի ութին ձյունը նստեց: Հիվանդանոցից մինչև ավտոբուսի կանգառ ձգվող հիսուն մետրի համար վճարեցինք հինգ հարյուր ռուբլի: Դժվարությամբ հասանք Երևանի ավտոկայան: Այնտեղ տրանսպորտի ոչ մի միջոց չկար: Մի կերպ կանգնեցի կրպակի մոտ, իսկ որդիս փորձեց մեքենա վարձել: Կես ժամ հետո մեկը կանգնեց ու մինչև Շրջանային տասներկու հազար ռուբլի պահանջեց: Մեզ մոտ հենց այդքան էր մնացել. ստիպված հրաժարվեցինք: Բայց աշխարհն առանց բարի մարդկանց չի լինում: Հաջորդ մեքենան կանգնեց և առանց սակարկելու վերցրեց: Մենք, փոխելով մեր փոխադրամիջոցը, հասանք Աբովյան: Կանգառից մինչև մեր տուն երկու հարյուր մետր էր: Ոտքով չէի կարող, իսկ մեքենա չկար: Կես ժամ սառչելուց հետո մեկին համոզեցինք տանել: Ես կանգնած տեղս դողում էի: Շենքի մոտից որդիներս ինձ բարձրացրին և դրեցին բազմոցին: Հենց այդտեղ էլ ես փլվեցի, և աչքերիցս արցունքներ հոսեցին: Չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ զրկվել եմ քայլելու ունակությունից: Այդպիսով՝ ես տուն ընկա և փակվեցի: Տանը ինքս ինձ համար քայլում էի հենակներով: Դրությունս փրկելու համար սկսեցի տարբեր մարզանքներ կատարել: Հասել էի այն աստիճանի, որ ցորենի հատիկի վրայով անգամ չէի կարողանում անցնել: Ամեն հասարակ խոչընդոտից կորցնում էի հավասարակշռությունս և ընկնում: Գլուխս էր վնասվում, կողերս, ատամներս և այլն: Երեխաները հետևիցս ընկած հսկում էին, իսկ ես բարկանում էի: Ընկնելուց հետո թույլ չէի տալիս, որ բարձրացնեն`ասելով. «Ես ինքս ոտքի կկանգնեմ»: Միակ հաջողությունն այն էր, որ սիրտս առողջ էր, դրա համար էլ կարողանում էի տանել բոլոր ցավերը: Ձմեռվա ընթացքում անընդհատ կարդում էի:

Մի օր ինձնից անկախ բողոքեցի իմ վիճակից: Մեծ որդիս ինձ հուսադրելու համար ասաց.

– Հայրիկ, ինչո՞ւ ես հուսահատվում, ամեն ինչ լավ կլինի: Դու դեռ կբուժվես: Գրիր, կարդա, թող օրդ անցնի:

Որդուս բառերն ինձ վրա ուրիշ ազդեցություն թողեցին: «Գիր» բառն ինձ արթնացրեց: Ես մտածեցի ստեղծագործելու մասին: Այստեղ ակամայից մի դեպք հիշեցի: Դպրոցում թանգարան էին բացել: Թանգարանի պատասխանատուն` տիկին Հովսեփյանը, ինձ հրավիրեց դիտելու: Հետո խնդրեց, որ գրեմ իմ տպավորությունը: Ես կատարեցի խնդրանքը և տետրը մեկնեցի տիկին Հովսեփյանին: Նա հետաքրքրությամբ կարդաց և արտահայտեց իր հիացմունքը.

– Դուք հիանալի եք արտահայտել Ձեր մտքերը:

Ես մտածեցի. ուրեմն կարող եմ ստեղծագործել: Մարդկային ուղեղի մեջ միլիոնավոր վանդակներ կան. պետք է արթնացնել ստեղծագործելու վանդակները: Սա նկատի առնելով` անցա գործի, և դա ինձ հաջողվեց: Որոնելով ու վերհիշելով կյանքումս հանդիպած դեպքերն ու դեմքերը՝ ի մի բերեցի և ստեղծեցի պատմվածքներ: Չմոռանամ ասել, որ բուժվելու գործը երբեք չէի թողնում: Բժշկական հանձնաժողովը որոշեց ինձ առաջին կարգի հաշմանդամների ցուցակի մեջ գրանցել: Ես կորցրեցի ապաքինվելու իմ վերջին հույսը:

Անցավ երկու տարի: Ես ապրում էի իմ ստեղծած հերոսների կյանքով: Նրանցով ուրախանում էի, նրանցով տխրում և օր օրի փոփոխվում ու կատարելագործվում: Այս զբաղմունքի մեջ էի, երբ կինս հիվանդանոցից զանգեց ու տեղեկացրեց, որ ներվապաթոլոգ, պրոֆեսոր Զոհրաբյանը եկել է և ինձ է սպասում: Որդիներս շուտափույթ կերպով մեքենա վարձեցին և ինձ տարան պրոֆեսորի մոտ: Բժիշկ Աբրահամյանի հետ զննեցին և նշումներ կատարեցին: Երկու ամսվա ընթացքում ընդունեցի հինգ հարյուր դեղահաբ և հարյուր սրսկում: Այդ ընթացքում ձախ թևս նույնպես սկսեց թուլանալ: Պատահեց այնպես, որ ուրախ առիթով մի բաժակ գինի խմեցի: Հաջորդ օրը ձախ թևս լրիվ թուլացավ. չէի կարողանում նույնիսկ հացը ձեռքս վերցնել: Այս հարվածը խիստ ազդեց ինձ վրա: Ես մտածեցի, որ շղթայի ծայրերը միանում են, և շուտով բոլորովին կզրկվեմ վերջույթներիս աշխատանքից: Հաճախակի փայփայում էի այն միտքը, որ այդ տանջանքներից կարելի է ազատվել միայն ինքնավերացմամբ: Ներքոհիշյալ դեպքը ավելի համոզեց ինձ:

Այդ ընթացքում կարդացել էի «Տաիս Աֆինսկայա» հունական վեպը, որում պատմվում է մի հնդիկ քանդակագործի մասին: Երբ նա ավարտում է իր գլուխգործոցը, լրանում է նրա վաթսուն տարին: Հավաքում է ընկերներին, և նստում են խնջույքի: Այդ ժամանակ խմում է գինով լի բաժակը, որի մեջ թույն էր լցված: Մահանալուց առաջ նա կենաց ճառ է արտասանում. «Մենք գերադասում ենք արժանի կերպով ապրել կյանքը: Երբ մարդը զրկված է կյանքի հաճույքներից, այլևս չարժե ապրել»: Ես այդ մտքի հետ համաձայն էի: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի համոզել կնոջս՝ երեխաներից գաղտնի ինձ մի բաժակ թույն տա, և ամեն ինչ վերջանա: Բայց պարզվեց, որ ես մեռնելու իրավունք չունեմ: Կինս խայտառակ արեց ինձ և հայտարարեց.

– Ես մարդասպան չեմ: Դու պետք է ապրես:

Այն, ինչ ինձ շատ հեշտ էր թվում, դարձավ ամենադժվարը: Ես ստիպված պետք է քարշ տայի իմ դրությունը: Ինձ մնում էր միայն պայքարել: Ես վարժությունների կոմպլեքս մշակեցի և սկսեցի պարապել: Օրական չորսից հինգ ժամ պարապում էի, միաժամանակ ուսումնասիրում, թե որ վարժությունից ինչ ազդեցություն եմ ստանում: Այս ամենից հետո մտածում եմ, թե Աստված երբ հոգիս կառնի: Առայժմ սողում եմ ոտքերի տակ և աղաչում Աստծուն՝ կա՛մ առողջություն տա, կա՛մ հոգիս առնի: Քանի որ ճակատագիրն անողոք է մարդկանց հանդեպ և անում է, ինչ ցանկանում է, ուստի անխուսափելի չէ, որ ձեզ հետ էլ նույնը կարող է պատահել, ինչ որ ինձ հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ստորև շարադրում եմ իմ կյանքի փորձից ստացած հետևյալ խորհուրդները.

1. Կազմել օրվա սննդի հաստատուն ռեժիմ և անպայման հետևել դրան: Ցանկալի է նախաճաշել ժամը 7-9-ը, ուտել լրիվ ստամոքսով, ճաշել ժամը 12-14-ը, ուտել լրիվ ստամոքսով, ընթրել ժամը 19-21-ը, ուտել թեթևակի և խմել մեկ բաժակ մածուն:

2. Քնել մութն ընկնելուց անմիջապես հետո՝ նախօրոք օդափոխելով սենյակը: Հագնել ազատ գիշերանոց և ավելորդ վերմակով չծանրաբեռնվել: Առավոտյան վեր կենալ լույսը բացվելուց անմիջապես հետո: Դուրս գալ պատշգամբ և մարզանքներ կատարել:

3. Գիշերը ջուր չխմել. ջուրը լճանում է ստամոքսում և կատարում իր ավերիչ գործը:

4. Ցերեկը չքնել: Բնությունն այնպես է ստեղծված, որ բոլոր կենդանի օրգանիզմները քնեն գիշերը, քանի որ այդ ժամանակ աշխարհը զրկվում է արևի լույսից ու մթնում է: Վերանում են կենդանական ու արտադրական բոլոր տեսակի աղմուկները: Դրա համար էլ գիշերվա քունը հանգիստ է:

5. Հնարավորինս քիչ ուտել հացատեսակներ. դրանց չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար:

6. Երբեք չհետաձգել հոգնածությունից ազատվելը, թեկուզ հինգ րոպեով, այլապես հետևանքը կլինի այն, որ օրգաններից մեկը կհիվանդանա և շարքից դուրս կգա:

7. Խիստ չափավոր օգտագործել խմիչքը:

8. Չծխել, իսկ ծխելու դեպքում՝ հետևյալ չափաբաժնով. օրական 8 գլանակ, ընդ որում՝ երկու ժամում մեկ գլանակ:

9. Տարվա ընթացքում մեկ ամիս անպայման մեղր օգտագործել, որն իր մեջ պարունակում է ամենատարբեր ծաղիկների հյութ, որը և կօգնի վերացնելու օրգանիզմում պահ մտած գաղտնի հիվանդությունների օջախը:

Հետևելով այս խորհուրդներին՝ կյանքում չեք զղջա:

Ահա սրանից հետո ձեր ուշադրությանն եմ հանձնում իմ պատմվածքները, որոնք, կարծում եմ, ձեզ չեն ձանձրացնի: